ԱՐԱՐԱՏ ԳՅՈՒԼԲԱՆԳՅԱՆPARACETAMOL

Մի հիվանդության պատմություն
(դրամա մեկ գործողությամբ)

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ
Paracetamol- ընտանեկան բժիշկ, ВТЕК-ի գլխավոր մասնագետ,
Բանաստեղծ- գրողների միջազգային ընկերակցության անդամ, 3 տպագիր ժողովածուների հեղինակ,
Կարո Գասպար- ազգային բարերար, գրաքննադատ, Agora գյուղաքաղաքի պատվավոր քաղաքացի,
Տիկին Նեո- տնտեսագիտության դոկտոր, «Agora գյուղաքաղաքի զարգացմնան օրինակելի STARTUP-ը», «Թվային արժույթը մեկ առանձին վերցրած գյուղաքաղաքում» աղմկահարույց գրքերի հեղինակ,
Գրոսմայստեր- անհատական գործակիցը՝ 2818
Սամուել- SS ոլորտի անվտանգության փորձագետ, բլոգեր


Գործողությունը տեղի է ունենում Facebook սոցիալական ցանցի online տիրույթում փետրվարի 4-ին՝ Գրինվիչի ժամանակով ժամը 16:23-17:56 ժամանակահատվածում: Գործողությանը հետեւում է 11 մլն 84 հազար 78 օգտատեր:


Կարո Գասպար-Հայրենիքին մեջ մեծ ու աղեկ գործեր պիտի ընեմ: 1000000 ոսկի բիզնեսի համար պիտի տեղաշարժեմ: Մանչերուն համար ալ անուշիկ բաներ պիտի ընեմ: Զինվորներուն ալ օգնեմ պիտի: Քանի մը ժամից հայրենիքին երեսը պիտի տեսնիմ: Աստծուն քով պիտի երթամ հարկավ: Բայց կարծեմ՝ Բանաստեղծն ալ հիվանդ է…

Paracetamol- Մեկ ժամից կրկին այցելելու եմ Բանաստեղծին: Ընդհանուր վիճակը եւ ինքնազգացողությունը բավարար է՝ դրական զարգացումով: Սակայն դեռ վաղ է ապաքինվելու մասին խոսել: Գլյուկոզայի քանակն արյան մեջ առավոտյան 18,1 մմոլ/լ էր:

Բանաստեղծ-Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում՝ եթե որեւէ մեկն այս շաքարային լաբիրինթոսը չտեսնի, բանաստեղծ չի դառնա:

Գրոսմայստեր- e2-e4…

Տիկին Նեո- Մենք բացառելու ենք բանկային վաշխառուական տեռորը, վարկառուների ցմահ ստրկացումը մերժելի պետք է լինի մեր ռազմավարական ծրագրերում: Լսել եմ՝ Բանաստեղծը մի քիչ տկար է….

Սամուել- Մեր թիմն արդեն իսկ բացահայտել է այդ անմարդկային ու խորամանկ վիրուսի գործելակերպը: Երբ նա թակում է ձեր դուռը, եղեք զգոն, երբեք չբացեք այն: Նա ունակ է փլուզելու նույնիսկ բանաստեղծական ամբողջական համակարգեր…

Paracetamol- Գլյուկոզայի քանակը՝ 15,5 մմոլ/լ. լավ ցուցանիշ չէ, բայց կա որոշակի դրական տեղաշարժ: Խուճապի մատնվելու կարիք չկա, մենք վերահսկում ենք իրավիճակը: Հասարակությունը, անկասկած, պետք է տեղեկացված լինի, թե ինչ առողջական խնդիրներ ունի իր Բանաստեղծը: Լյարդի ու երիկամների աշխատանքը բավարար եմ գնահատում:
Կարո Գասպար- Հայրենիքին մեջ մարդկանց ուղեղները պիտի մաքրեմ, անոնց մարմինը տեղաշարժ պիտի ընեմ, գործ ընել պիտի հորդորեմ, ոսկին հարգել ու խնայել պիտի դասավանդեմ: Հրապարակին մեջ պիտի պոռամ. «Գործ ընել տալն ալ գործ ընել է…»։

Գորսմայստեր- Ձc3…

Բանաստեղծ- Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում՝ այս հիվանդասենյակը մի զարմանահրաշ պոետական լաբորատորիա է… համար 18, կաթնագույն դռնով… այստեղ բոլորս էլ հաճախամիզում ենք էմալապատ ունիտազի մեջ, եւ մեր ոսկեգույն հեղուկները միահյուսվում են իրար… Հիշում եմ… չը՜շշշշ, այնպես անպատկառ քրքիջով էր միզում այն թխահեր կինը գետափի գորշ ավազների վրա…

Տիկին Նեո- Մենք հրապուրված ենք սմարթ գյուղաքաղաքների բազմազանությամբ, բայց պետք է այնպես անել, որ չվնասվի բազմադարյան բնակավայրերի ինքնատիպ էությունը, չխաթարվի բնակիչների հոգեկերտվածքը, չգաղութացվեն տարածքների էկոհամակարգերը: Ի վերջո Agora-ն հրաշալի գյուղաքաղաք է… Բանաստեղծների օրրան է…

Սամուել- Մեր թիմն առաջարկում է անվտանգության նոր, անդիմադրելի ինովացիոն համակարգ: Ձեր անձնական կյանքն այսուհետ պաշտպանված կլինի վիրուսների ներթափանցումից:

Կարո Գասպար- Հայրենիքին մեջ Բանաստեղծն ալ զինվոր է…

Տիկին Նեո- Agora- այնպիսի մի կենսատարածք է, որտեղ մշտապես զուգորդվում են պատմության հրաշք իրադարձությունները: Պարսկական արշավանքներից հոգնած, տունդարձի ճանապարհին այստեղ են հանգրվանել Հռոմեական Սրբազան Կայսրության զինվորները, խմել աշխարհում առաջինն արարված գարու զարմանահրաշ ըմպելիքը: Որպես կազդուրիչ կերակուր՝ ճաշակել են Ճենաց աշխարհից ներմուծված սպիտակ հացահատիկի եւ տոհմական ցլիկների աղացած մսի համադրությամբ պատրաստված Կոլոլակով ճաշը…

Paracetamol- Ներարկումները կարծես այնքան էլ արդյունավետ չեն: Որպես այլընտրանքային թերապիա՝ կիրառում ենք Udumbara բույսի ծաղկաթերթերից պատրաստված ոգեթուրմը…

Բանաստեղծ- ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում… Փոքր գյուղաքաղաքի անհաղթահարելի թախիծ, մառախլապատ արշալույսներ, շաքարախտով հիվանդ ճնճղուկներ, բարձիթողի պրոստատիտ, անհուսորեն պճնված չվճարվող պոռնիկներ, բռնաբարված աղբարկղեր, կիրք, սեր, լաց, քնքուշ համբույր, փողի խրոնիկական անբավարարվածության սինդրոմ…

Գրոսմայստեր- Թf3…

Սամուել- Մերր թիմը, իհարկե, կառավարում է, մենք մշտապես կառավարում ենք, մենք կառավարում ենք նույնիսկ անկառավարելին: Վիրուսն անվտանգ է, երբ նրան կառավարում ենք մենք:

Կարո Գասպար- Հայրենիքին մեջ նոր, աղվոր ու փափուկ կնիկ պիտի առնիմ…

Paracetamol- Բանաստեղծին որպես հաշմանդամ ճանաչելու հարցը վաղն առավոտյան կներկայացնեմ հանձնաժողովին…

Տիկին Նեո- Արդյունաբերական չորրորդ հեղափոխության նախաշեմին Agora-ն ներկայանում է իր անգնահատելի մարդկային ռեսուրսով.
Բնակիչների թիվը՝ 2785
որից 2584-ը՝ agoraciner
161-ը՝ armenoidner
40-ը՝ evropoidner

Գրոսմայստեր- Փc4…

Սամուել- Մեր թիմն այս տարին հայտարարում է որպես վիրուսի դեմ պայքարի համազգային համախմբման տարի: Թիրախային ճիշտ արված ծրագիրն արդեն իսկ սկսել է գործել…

Կարո Գասպար- Հայրենիքին մեջ 3 բան կսիրեմ… Պաղ ջուրերը կսիրեմ… Ծիրանափողին անուշիկ դայլայլը կսիրեմ… Աղվորիկ կիներու հետույքը կսիրեմ…

Տիկին Նեո- Agora-ի զարգացման լավագույն STARTUP կարող է դառնալ գյուղաքաղաքային տուրիզիմի առաջնահերթությունը: Անչափ կարեւոր է հավաքագրել մրցունակ թիմ, որը կհամակարգի ամբողջ աշխատանքը: Անգնահատելի ներդրում կմատուցի ֆիլատելիան՝ Agora վարդագույն նամականիշների թողարկումը՝ համաշխարհային փոստային ծառայության մեջ բաժնեմաս ունենալու հավակնությամբ: Գյուղաքաղաքային ֆիլատելիան հրաշալի գովազդ կլինի տուրիզմի եւ նրա բաղադրիչների հանրահռչակման ու տարածաշրջանային տուրիզմի մենեջմենթի գործում: Գյուղաքաղաքային տուրիզմի բացառիկ այցեքարտ պետք է դառնան նաեւ Agora բրենդային գարեջուրը, Կոլոլակով ճաշը եւ Բանստեղծի ստեղծագործական լաբորատորիան: Այս ամենը վերակերտելու է Agora-ի անշփոթելի դիմագիծը: Իսկ Agora-ի ամենամյա տնտեսական համաժողովը կհամախմբի մասնատված գյուղաքաղաքները:

Paracetamol- Ուղղափառ բժշկությունը երբեք չի արձանագրել նման իրավիճակ: Երբ մենք փորձում ենք բարելավել Բանաստեղծի հոգեսոմատիկ ցուցանիշները եւ նրան հաղորդել բնականոն կյանքի որակ, այդ իսկ պահից սկսվում են անմեկնելի տարօրինակություններն ու քմահաճույքները: Նա կերպարանափոխվում է թոթովախոս երեխայի, դառնում է կամակոր եւ նույնիսկ Բանաստեղծին ոչ հարիր արարքներ է գործում: Այսօր առավոտյան, երբ բուժքույրը ցանկացել էր չափել մարմնի ջերմաստիճանը՝ ջերմաչափը փորձելով տեղադրել թեւատակում, Բանաստեղծը նրա ձեռքից խլել էր ջերմաչափը եւ անասելի արագությամբ այն մտցրել անակնկալի եկած բուժքրոջ հեշտոցն ու բացականչել.
-Երբեք մի՛ չափիր անչափելին:
Ուղղափառ բժշկությունն անկասկած ճշգրիտ գիտություն է, բայց երբ Աստված չի ցանկանում այլեւս կառավարել որեւէ մեկին, այդ մարդը կարծես թե դառնում է բանաստեղծ…

Բանաստեղծ- Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում…
Հանիր ձեռքդ գրպանիցս
եւ լկտի մի եղիր…
ձվերս թող,
թող գոնե մեկը քեզնից հեռու փախչի…
ցավում է,
Agora՝ բոզի աղջիկ…*

Սամուել- Մեր թիմը հորդորում է Ձեզ… Ապահովագրեք Ձեր եւ Ձեր մտերիմների կյանքը, կենսատարածքն ու կեցությունը… Վիրուսը չի հապաղում…

Գրոսմայստեր- Թ: f7x

Գրինվիչի ժամանակով 17:56-ին ինտերնետ-մատակարարների կողմից անսպասելի անջատվում է կապը:

ՎԱՐԱԳՈՒՅՐ

Առաջին անգամ հրապարակվել է «Երկունք» թերթում։

Please follow and like us: