* * *
«Թողեք տանեմ իմ խաչը,- ասում է,- թողեք,
զի դեռ մինչև վերջ չեմ փրկել ձեզ»։ Ասում է
նա, ով հալյուցինացիայի մեջ փրկիչ է իրեն համարում։
Իսկ փողոցում բազմությունն ու
ոստիկանությունը սումո են պարապում ամեն օր –
մեկ սա է հրելով մի կողմ քշում, մեկ մյուսը ․․․
Միայն դուք եք լուռ, միայն դուք,
որ պառկած մնացիք սար ու ձորերում ՝
աչքերներդ՝ զարմացած-բաց, և
փակող չգտնվեց կոպերը ձեր ․․․
Աղաղակներ ոխի, աղաղակներ խռպոտ,
Աղաղակներ անկապ, աղաղակներ հոգեգարի ․․․
Միայն դուք ազատվեցիք այս գեհենից, միայն դուք։
Եվ հիմա մենք ինչպե՞ս ապրենք, ինչպե՞ս,
երբ մեր բախտի աստղն է խամրում երկնքում ՝
ձեր տասնութամյա աչքերի պես՝
բաց-զարմացած-անգոց ․․․
ՏԱՐԵՄՈՒՏ
Ես դեռ էն գլխի՛ց,
դեռ տարին չեկած՝ ասացի՝
սա բանի նման չի,
սա գլխակեր մի բան պիտի լինի –
երկու քսան՝ կողք-կողքի
/ 2020 /։ Ուրիշ բան է՝
հիսուն-հիսուն լիներ / 5050 /,
դա կնշանակեր՝ մի թաս բան ես
խմում մեկի հետ, իսկ քսան-քսանը ․․․
Ու այդպես էլ եղավ։
Նախ փշփշոտ անտեր այդ
վիրուսը հայտնվեց, որ հետապնդում է
քեզ ․․․ թուրքի պես՝ ուր էլ գնաս։
Եվ ապա հենց ինքը՝ թուրքը,
որ 1925թ․ Մոսկվայում տպված
մի քարտեզ թափահարելով՝ ասում է,
թե քո պատմական հողի վրա ապրելով՝
խախտում ես իր տարածքային ամբողջականությունը։
Իսկ ինքը տարածվում է վիրուսի պես
և բազմանում է վիրուսի պես՝
ըստ դիալեկտիկական մատերիալիզմի,
այսինքն՝ իբր թե՝ քանակը որակ է տալիս ․․․
Քսան-քսան։ Մեզ համար ապրում էինք հանգիստ,
կյանք էր՝ խաղաղ ցույցի պես,
բայց երկինքը մեր դեմ
արցունքաբեր գազ կիրառեց։
Հինգ հազար թոշնած ծաղիկ։
Հինգ հազար հողի մեջ խրված ասուպ։
Հինգ հազար արցունքախառն «ախ» ․․․
Եվ հիմա թող գոնե
խոշոր, պտտվող փաթիլներով ձյուն գար
(էն, որ դպրոցական շարադրությունների մեջ գրում էինք,
թե՝ ճերմակ թիթեռների պես ․․․ ),
Թիթեռների պես կամ ․․․ ճերմակ վիրակապի․․․
Երբ այդ փաթիլների միջով
դեպի երկինք ես նայում ,
թվում է՝ փաթիլներն անշարժ են,
այդ դու՛ ես երկինք բարձրանում ․․․
ՄԱՅՐԱՄՈՒՏԸ ԳՐԱՎՅԱԼ ՇՈՒՇԻՈՒՄ
Օրը հալվում էր սարերի վրա,
ինչպես փախլավան՝ Շուշիի բարձունքներում թեյ խմող
Ալիևի բերանում։
Եվ ․․․ չէր հալվում, ինչպես
Մեհրիբան խանումի ժպիտը՝ չկայացած-ձախողված՝
բազմակի տարած պլաստիկ վիրահատությունների հետևանքով։
Մեհրիբան խանումն ուզում էր
շեր-շարբաթ մուղամ լսել,
բայց գետնի տակից անդրշիրիմյան
ահազդու ձայներ էին խառնվում։
Քառասուն հազար հանգած լուսամուտ
նրան էին նայում ՝ ըստ Օսիպ Մանդելշտամի։
Ալիևը թափահարում էր փոքրիկ բռունցքը
և ասում, որ այն երկաթյա է,
բայց խորհրդականներն զգույշ հուշում էին,
թե Դավիթ անունով մի տղա չի հավատում դրան։
Նրա ոտքերի տակ քլթքլթում էր
Երկրի ընդերքը – և նա մտատանջված էր՝
նա՞վթ է դա, թե դժոխքն ինքն է՝ որ կա ․․․
ՊԱՏՄԱԿԱՆ ԷՔՍԿՈՒՐՍ
Ավան հարյուրապետը,
որ ժամանակին ջարդուխուրդ արեց
թուրքական հիսուն հազարանոց զորքը,
երբևէ կպատկերացնե՞ր,
որ գալու է մի օր, երբ թուրքը
Աղդամի հսկիչ կենտրոնից
մետաղյա թռչուններով
հետևելու է արցախցու նիստուկացին –
խոսքի օրինակ՝ նրա ջրվեթին,
կամ նրա հանաքին՝ օրը ցերեկով,
կողակցի հետ, թթենու ծառի տակ ․․․
Ի՜նչ է գալիս մարդու բերան –
մնում է՝ թուրքը միկրոԱԹՍ-ներով
մտնի մարդկանց ննջարաններ
ու դիտարկի տեղվույս
տեղաշարժերը դեմոգրաֆիական ․․․
* * *
Քուռկիկ Ջալալին հիմա
սովորական մի ձի է ձիարշավարանի,
որի վրա խաղադրույք է անում թուրքը,
որի վրա խաղադրույք է անում թուրքանմանը՝
բարեկամ ձևացող ․․․
Որի սմբակների գամերը հանում է
ներքին անասունը, որ լսել է՝
թե հազվագյուտ մետաղի տոկոս կա դրանց մեջ ․․․
Որի ոսկե գարին՝ մեր երազանքը,
դեռ սպասում է, որ մասուրի չափ դառնա։
Որի թամբի համար՝ որպես հնության,
սակարկում են Էրմիտաժը և
թանգարանը բրիտանական։
Որի լկամը փորձում է
համաշխարհային խիղճն՝ իր լռության բերանին ․․․
ՆՈՐ ՍԱՍՆԱՏՈՒՆ
Նորից ձայն տամ Ձենով Օհանի պես,
թե՝ հե՛յ Սանասար, հե՛յ Բաղդասար, ու՞ր եք,
թե՝ եկեք-հավաքվեք, գործ ունենք անելու։
Նորից պիտի շտկենք մեր ուղղալարը,
լվանանք ծեգվան արևի շողերի մեջ։
Ջոջ, անպիղծ քարեր պիտի բերենք մեր լեռներից,
որ նորից Սասնատունը կառուցենք։
Սեր ու միություն պիտի դնենք հիմքում –
ու հեռու պահենք սերունդը պարոն Աստղկա։
Պարիսպները պիտի անենք որձաքարե,
իսկ դիրքապահները՝ կտրիճ որձեղեն։
Քառսուն արմաղան աղջի՜կ, որ ծնեն քաջարի զորապետ,
քառսուն էլ՝ երազկո՜տ, որ ծնեն
մեզ համար պոետ ու գիտնական։
Մեր աղջիկները՝ ծովինար-ջրանույշ,
ծովերում չեն ծնվել, այլ երկնային Արածանիում –
և Կաթնծիրից պիտի խմեն իրենց
մեկուկես բուռ կաթը հղացման։
Եվ հրաման կա ի վերուստ՝ առ այն, որ
մենք հավերժ տեղ ունենք Երկրի վրա։
Եվ նորից՝ հացն ու գինին՝ Տեր Կենդանին,
և նորից՝ Խաչ Պատերազմին՝ մեր աջ թևին։