Սկսեմ համացանցի հետ կապված հայտնի օրինակից։ Եթե, օրինակ, «host»-ն» իր լեզվամշակութային համատեքստում նախ «հյուրընկալ»-ն է և «տանտեր»-ը, ապա այս նշանակությունները բառի արտահայտած մյուս իմաստին՝ տեխնոլոգիային, վերագրում են նաև սոցիալական բովանդակություն՝ առնվազն իբրև արմատ, հիշողություն, կապ բառի անվանած նախորդ փորձառությունների հետ։ Իսկ ի՞նչ կարելի է այս տեսակետից ասել փոխառյալ եզրույթների մասին։ Թերևս այն, որ դրանք հաճախ կարծես զուրկ են պատմությունից և սոցիալականությունից, թեկուզ բառի նոր նշանակությանը նախորդած սոցիալականությունից։ Այդ իսկ պատճառով փոխառված եզրույթները խոշոր հաշվով կարող են միայն մակերեսային և կողմնակի նորություն հարանշանակել, ոչ սոցիալական ֆենոմեն։
Հայաստանյան լեզվամշակութային միջավայրում փոխառյալ եզրույթները զուրկ են սոցիալականությունից, քանի որ բացակայում են կամ ազդեցիկ չեն նաև սոցիալականության երկրորդային ներմուծման փորձերը՝ որպես մեկնաբանման աշխատանք։ Եթե այդպիսին կա էլ, ապա շատ սահմանափակ նշանակություն ունի։ Հրաչ Բայադյանի՝ տարիներով գրած բարձրարժեք հոդվածներն ու գիրքը, օրինակ, դեռ մտքեր փոփոխելու ճանապարհի սկզբում են։ Իսկ տեխնոլոգիական ոլորտի համատարած անգլերենում հայերեն համարժեքների ու նշանակությունների մասին միտքը կարող է առավելագույնը գովազդային փոքրիկ հնարք լինել։ Այսպես՝ ոլորտում ներգրավված կազմակերպություններից մեկի կայքը պատմում է․ «Անգլերեն host բառը, որից առաջացել է հոսթինգ բառը, բազմաթիվ բացատրություններ ունի: Այդպիսի բացատրություններից մեկը սեփականատերն է, տերը (մարդ, որը հյուրանոցի սեփականատերն է): Եթե մեկանաբանենք այս տերմինը, ձեր կայք էջը կենդանի օրգանիզմ է, որին անհրաժեշտ է իր տունը, բնակման տեղը»։
Նոր տեխնոլոգիաներ և դրանց հետ կապված ընթացակարգեր անվանող փոխառյալ բառերի հետ հարաբերվելու փորձառությունը սահմանափակվում է գրեթե բացառապես տեխնոլոգիական լավատեսությամբ։ Ապապատմական ու ապասոցիալական նշանակությունները թերևս չափազանց գայթակղիչ են պատմության կարծրությունից ու պատկանելության պարտադրանքից հոգնած մեր հասարակության համար, թեկուզ եթե սա չի էլ գիտակցվում և բնականաբար չի ձևակերպվում։
Հիմնականում անգլերենից արվող նոր փոխառությունները, որ նոր տեխնոլոգիաներ ու երևույթներ են անվանում, միայն նորություն են հարանշանակում՝ չհարցադրելով նորի կոնկրետ մեկնակետերը։ Մոտավոր ընդհանրացմամբ՝ այս նոր բառերն, իհարկե, հետխորհրդային տեխնոլոգիականացման և արևմտականացման հավակնությունների ժամանակակիցն են։ Դրանց կիրառման հակասականությունը, պայմանականություններն ու կիրառման առանձնահատկությունները հասցրել է նկատել և հեգնել նաև զանգվածային մշակույթը։ «Շանթ» հեռուստաընկերության «Վիտամին» նախագծի եթերներից մեկում երգիծվում էր քեֆի վերածումը փարթիի, օրինակ՝ «խաշի փարթի», որտեղ «ներկաներից ոչ մեկի դեմքը փարթիի չէ», շոփինգը, որը տարբեր է առևտրից, որովհետև առևտրի մեջ նաև «խառը կանաչու ու բորշի» իմաստ կա։ Այս օրինակում փոխառված բառերը կարծեք ապապատմական կամ կիսապատմական, նոր սոցիալականության ձգտում են հուշում՝ սպառողականության հայտնի նշանակություններին զուգահեռ։
Նոր տեխնոլոգիաներն ու սոցիալական կյանքի նորամուծություններն անվանող «անպատմական» փոխառյալ եզրույթներն արդյո՞ք նաև ավելի չեն ապառացիոնալացնում դրանք՝ դրանց ընկալումը գոյացնելով գերազանցապես խանդավառության, այն է՝ հուզական դաշտում։ Մի առանձնահատկությամբ․ եթե ապապատմականը հայկական մշակութային համատեքստում հիմնականում էսենցիալի նշանակություններով կարելի է բնութագրել, ապա նոր տեխնոլոգիաներն ու հարաբերություններն անվանող բառերը որոշ իմաստով «պրագմատիզմի պաթոս» են ստեղծում՝ նույնքան անռացիոնալ, որքան որ նախորդ նշանակությունները։ Չչափազանցելու համար բառերի քաղաքացիության և պատմության նշանակությունը՝ սահմանափակվենք հետևյալն ընդգծելով․ նոփ–նոր բառի դրսեկությունը բառին ինչ-որ այլմոլորակային փայլ և դրանով էլ գերակա դիրք է տալիս տեղական համատեքստերի նկատմամբ։ Այսպես՝ «storytelling»-ն ու «fact-checking»-ը դառնում են տարբեր լրատվամիջոցների ու մեդիակազմակերպությունների դասընթացների հիմնական խայծը, դրանցով ոգևորվածության, դրանց մասին բերանացի զրույցների հիմնական աղը։ Այս անունների հմայք-զարդարանքն ուսանողների աչքում միանգամից աստիճանակարգ է ստեղծում համալսարանական գիտելիքի ու արտահամալսարանական գիտելիքի միջև՝ երկրորդի գերադասմամբ։ Ստացվում է՝ բառերի գեղագիտական ընկալումն անկարևոր, առնվազն երկրորդական է դարձնում դրանց տրամաբանական-վերլուծական ընկալումը։
Այնինչ եթե ես «storytelling» անվանեմ պատմություն պատմելը, դա չի նշանակի, որ ես ավելի ժամանակակից եմ կամ գործից ավելի լավ եմ հասկանում։ Դա կնշանակի, որ շատ եմ ջանում ցույց տալ «պատմություն» բառի ուրիշ, ոչ տեղական, գուցե նաև ոչ առօրեական նշանակությունը, և որ այս պատմությունը լրիվ ուրիշ բան է։ Բայց ավելին՝ խորքում դա կարող է նշանակել, որ սթորի թելինգը ես ամենևին էլ չեմ ընկալում իբրև պատմություն պատմել, և դա ինձ համար միանգամայն նոր մի բան է՝ տարբեր ժամանակակից գործիքներ, որոնք նորաձև են տեղեկատվամիջոցների մասին դիսկուրսում։ Եվ ուրեմն, դա կարող է նշանակել նաև ոչ այնքան հաճելի մի բան ինձ համար․ ես նաև լավ չեմ պատկերացնում կամ անտեսում եմ իմ կիրառած հասկացության իմաստային ողջ ծավալը։ Ինձ համար այն միշտ պոկված է հասկացության համատեքստի նշանակություններից։ Իմ ընկալումն առավելագույնը համաժամանակային՝ սինխրոն է և երբեք հաշվի չի առնում տարժամանակային՝ դիախրոն ամբողջականության հարցը։ Փոխառյալ բառը թերևս միշտ ապահամատեքստային է, քանի դեռ համատեքստի բացակայությունը չի լրացվել մեկնաբանական աշխատանքով կամ չի լրացվել/փոխարինվել տեղական համատեքստերով։
Բայց ինձ թվում է՝ կա մի առանցքային հնարավորություն՝ պահպանել կամ լրացնել հայերեն եզրույթների նշանակությունը (եզրույթի արժեք չունեցող բառերի դեպքում անվերապահորեն գերադասել հայերենը)՝ որոշ դեպքերում կիրառելով դրանց միջազգային համարժեքները։ Այստեղ, սակայն, պայման կա․ մտավոր հասունություն, ջանք և կամային արարք չէ՞ այդ բառերի կոշտությունը, օտարությունը, օտարություն-բնականությունը պահպանելը, այնպես, որ օտար բառն առանց հիմնավորման քաղցր ու գայթակղիչ չլինի։
Ինձ հրապուրիչ է թվում այս հեռանկարը․ հայերենը՝ զուգահեռ կիրառությունների լեզու։ Չհրաժարվել օտար եզրույթներից՝ ըստ ճաշակի և առիթի կիրառելով և խրախուսելով դրանց հայերեն համարժեքները։ Սա հայերենն ու հայկական մշակութային համատեքստն անգամ մեկ քայլ առաջ կարող է դնել՝ ամեն անգամ ասելիքին գումարելով տեղական և փոխառյալ բառերի միջև ընտրության հանգամանքը։ Օրինակ՝ ե՞րբ կկիրառեմ «էսթետիկա» բառը, ե՞րբ՝ «գեղագիտությունը», երբ՝ «փոխաբերությունը» և երբ՝ «մետաֆորը»։ Միայն թե ամեն անգամ ես այս ընտրությունն իբրև հնարավորություն ընդունեմ, միայն թե լինի այդպիսի համաձայնություն լեզվակիրների շրջանում, որ երկու բառը բառարանային հոմանիշներ են, և կիրառողն ինչ-որ իմաստ է դնում դրանց նուրբ տարբերությունների մեջ։
Սկսում եմ իմ դեպքի քննությունից․ սկզբնական շրջանում ասվածը կարող է նշանակել, որ օտար բառին դիմում եմ, որովհետև այդ պահին ինձ գոհացնում է, բավականացնում է հասկացության մակերեսը՝ այն, ինչ թվում է ինքնըստինքյան հասկանալի, որ անվանվում է միջազգային բառով։ Որ այդ պահին դիմում եմ չներքնացրածս հասկացությանը կամ որ նպատակահարմար եմ համարում առհասարակ անտեսել բառի մշակութային համատեքստը։ Կամ մեկ այլ դեպք՝ ցանկանում եմ ընդգծել բառի կոշտությունը, ավելի թանձրացնել բառը, որովհետև օտար բառը հարթ շարք չի կազմում իմ մայրենի բառերի հետ։ Շարույթին էլեկտրասրտագրության պատկերի տեսք է տալիս։ Այսինքն՝ որ այս դեպքում ես ընտրություն եմ կատարել իր նշանակության կոշտ և մասնավոր ներկայությունը հավելյալ անգամ հուշող բառի և նշանակությունների փոխլրացում-դաշինք կազմող բառի միջև։ Կամ հակառակը։ Սկզբում հենց հայերեն եզրույթը կխոչընդոտի իմաստաբանական սահուն անցումներին, և դա իմ սրտով կլինի, երբ կցանկանամ բառով նաև կիրառման կամ ընկալման բարդություն հարանշանակել։
Հայերենում բառերի գործաբանական ինչպիսի՜ շերտեր կավելանան։ Եվ ոչ միայն գործաբանական։
Հարցն ավելի հեռուն է տանում՝ նկարագրել մասնավորապես հունական-լատինական ծագում ունեցող կամ նորաստեղծ անգլերեն միջազգային եզրույթների և դրանց հայերեն համարժեքների կազմած հարացույցը։
Նոր հասկացություններն իրենց սեփական բառերով անվանող լեզուներում, որ հաճախ հենց տվյալ հասկացությունը բացահայտող/ստեղծող միջավայրի լեզուներն են, սեփական բառերը կարող են լայնանալ, ձեռք բերել նոր նշանակություններ՝ անվանելու համար նորույթը։ Մեկ այլ դեպքում էլ նորույթներն անվանվում են տվյալ լեզվական համատեքստում գործածման չընդհատվող ավանդույթով բնորոշվող կամ անմիջապես կիրառման ու մեկնաբանության բազմակիությամբ բնականացվող միջազգային հին բառով կամ արմատով։ Իսկ նշանակությունների և ընկալումների ի՞նչ հնարավոր ձևափոխություններ կարող են լինել կիրառման ու մեկնաբանության ավելի փոքրաթիվ ատյաններ ու մշակութային առավել ընդհատ ավանդույթներ ունեցող փոխառող լեզվում, ինչպիսին հայերենն է։
Հիմնական բառապաշարի փոխառվող բառերին, հասկանալի է, ի թիվս այլ ձևափոխությունների՝ հաճախ նոր, տեղական նշանակություններ են գումարվում։ Իսկ չե՞ն ձևափոխվում արդյոք եզրույթները, որոնց համար հիմնարար է ճշգրտությունը։ Կարծում եմ՝ այստեղ կարևոր հարցերի թվում է հոմանիշության հարցը։ Եթե տվյալ լեզուն, ինչպիսին նաև հայերենն է, հակված է բառաշինության, ապա սեփական պաշարների միջոցով ստեղծվող նորակազմություններն անմիջապես փոխառյալ բառի հետ հարացույց են կազմում տվյալ նշանակությունն անվանելիս։ Իսկ եթե կա հարացույց, կա նաև ընտրության հանգամանք, կա նաև տարբերելու և ընտրելու գործաբանական կողմ, ուրեմն և ավելի են թանձրանում նույն հասկացություններն անվանող բառերին վերագրվող տարբերությունները։ Իսկ եթե դրանց կիրառությունն ամեն անգամ իսկապես ընտրության հարց դառնա՝ գիտակցված և հոդավորված, ապա ի՜նչ ուղիներ կարող են բացվել քնած հումանիտար մտքի համար․․․
Մեր մշակութային ամենախոշոր փոխակերպումները թարգմանությունից են սկսվել։ Երկու նշանակությունների նույնության ու անմիանշանակության միջակայքը նրբագույն անցումների ասպարեզ է, ուրեմնև թեկուզ զուտ մեթոդական լավ լուծում՝ հղկելու աչքաչափից բթացած միտքը։
Ու ավելին՝ առաջ անցնելու հնարավորություն է։
Ասենք, հայերեն ու օտար բառերի լարման մշտական առկայությունը եզրույթի կիրառության յուրաքանչյուր առանձին դեպքում ի՞նչ պակաս հնարավորություն է՝ Բոդրիարի նման կասկածելու կոդի և ուղերձի կայունությանը։ «Կոդի հնարավոր երկվալենտության» մասին միտքը կիրառելու ինչպիսի՜պատշաճ առիթ։ Կամ Դըլյոզի նախնակա՛ն տարբերության ըմբռնումը․․․ Մեր լեզվի խնդիրները կարող էին նույնաբար հնչել համաշխարհային խորագույն հարցադրումների հետ։ Ինչպե՞ս կշարվի նաև այսպես դիտված հայերենը և ի՞նչ շարելու լիցք կստանա․․․
Այսպես բառերի կիրառության գործաբանական կողմը գուցե նաև անցում կհղկի դեպի մտածելի սոցիալականություն։ Աշոտ Ոսկանյանն ասում է՝ մեր հասարակության դիֆերենցումը շատ դժվար է կատարել։ Հումանիտար հետազոտությունների կենտրոնն, ըստ նրա, երկու տարի է՝ չարչարվում է սոցիալական խմբերի սոլիդարության խնդրի վրա, բայց իրենք՝ խմբերը, շատ դժվար են նույնականացվում։ Կարելի է ավելացնել, որ մեր երկրում բոլոր կառուցվածքներն են դժվար տրոհելի ու բնութագրելի։ Քննարկածս հարցի առնչությամբ այստեղ կարելի է հարցնել՝ իմաստների արտադրության համատեղ գործընթացներին, ուրեմնև սոցիալական կառուցվածքների զարգացմանը որքանով կարող է նպաստել եզրույթների շինարարությունը, որը ստիպված կլինի ստեղծվող կամ փոխառվող ամեն նոր բառի առիթով տեղական բառերի ու դրանց կիրառման ավանդույթների գույքագրում կատարել՝ բառերի պատմական զարգացումը կամրջելով նոր իրականության հետ, այն է՝ պատմականացնելով հին ու նոր նշանակությունները, և կատարել պրագմատիկական ընտրություն՝ ռացիոնալացնելով նոր սոցիալական կյանքի հոդավորված և չհոդավորված թելադրանքները։
Ահավասիկ, վերջին նախադասության մեջ «գործաբանական»-ի փոխարեն օտար բառը կիրառեցի՝ «պրագմատիկական»-ը՝ նկատի ունենալով նաև այն, որ բառի կիրառության տեղական ավանդույթի բացակայության պայմաններում սոցիալական վարքի մասին միտքն ավելի արժանահավատ, որոշակի ու նպատակային կհնչի օտար բառով՝ մի տեսակ միջազգային «հոսթ», միջազգային բանկային պահոց, միջազգային դաշնակից, միջազգային երաշխավոր, որ ծառայության ու մասնակցության մանդատ ունի։ Այսպիսով՝ այս բառի ընտրությունը պայմանավորված է նաև հայաստանյան սոցիալականության անհստակության ու անհիմնավորության կանխադրույթով։ Ես գնում եմ այս զիջմանը գիտակցաբար՝ տուրք տալով հասարակական ընկալումները հաշվարկող սոցիալական դրական նպատակիս։ Տեղական փորձառությունների առնվազն անբավարար մտածվածությունը հանգեցնում է նրան, որ ավելի հավաստի սոցիալականությունն արևմտյան բառի, ուստիև արևմտյան փորձառությունների հետ է կապվում։
Կարծում եմ՝ մեկ այլ էական հանգամանք էլ կա․ մենք՝ հայերեն գրողներս և մեզանից կազմված հասարակությունը, առաջին հերթին հաղորդակցային արժեք ենք վերագրում միջազգային բառերին, այնինչ դրանց հայերեն համարժեքների կիրառության դեպքում առաջնահերթ է լեզվամշակութային համատեքստի մասին հոգսը։ Բայց նախապատվություն տալով այդ հաղորդակցային արժեքին՝ ես այստեղ չեմ կարող զանց առնել նաև ինքնին հարացույցի հարցը՝ հաղորդակցային արժեքի և լեզվամշակութային արժեքի բաղադրիչներով։ Այս հարացույցը պոտենցիալ առկա է այս մասնավոր ընտրության մեջ, և իմ կիրառած միջազգային բառը թերևս միշտ որոշակիորեն առկախված է կամ ընդհակառակը՝ կանխադրված ու տեղականացված, քանի որ գործաբանական ընտրությունն ընկալվում է նախ իբրև հիմնարար ընտրություն հաղորդակցային արժեքի ու լեզվամշակութային արժեքի միջև։ Սա հայերենի համատեքստի մշակութային դրոշմն է, որ կարծում եմ՝ դեռևս չի ընկալվում իբրև ազդեցության գործոն և առավել ևս իբրև հնարավորություն։ Ամեն մի առանձին բառ ուղիղ հղում է հայաստանյան հասարակական իրողություններին։
Իբրև ամփոփում
Անցյալի հրեշների հետ կռիվ տալու դոնկիխոտային տրտմության մեջ չընկնելու համար պետք է տեղի ունեցած փոփոխությունների երեսին նայել։ Ինձ դրամատիկ են թվում ինձ նման մարդիկ, որոնք շարունակ կանոններ են հիշում այնտեղ, որտեղ տեսնում են, որ այդ կանոններն արդեն սխալների առջև տեղի են տալիս՝ քիչ-քիչ տեղը զիջելով նոր օրինավորությանը։ Ես լեզվական նման բազմաթիվ ձևերի պահապաններից եմ, թեև հավանաբար չունեմ Դոն Կիխոտի միամտությունը։ Եվ այնուամենայնիվ, այս պահպանողականությունս հետևողական նվիրվածություն է լեզի հարաբերականորեն մաքուր, հանգրվանային ձևերին, որ մղում է մտածելի դարձնելու նաև դրանց սահմաններն ու առնչությունները։ Ժամանակակից հայերենի խնդիրների մասին հարցեր տալու և հայերենի հետևողական կիրառումը խթանելու անհրաժեշտությունը կասկած չի հարուցում։ Սակայն ոչ պակաս կարևոր է տեղի ունեցող տեղաշարժերի հետ հաշվի նստելը։ Այս անդրադարձով փորձեցի ուսումնասիրել հայերեն և փոխառյալ եզրույթների ու եզրույթի նշանակությամբ կիրառվող բառերի գործածման մի շարք հանգամանքներ և դրանց զուգահեռ գործածության բացած հնարավորությունները։ Հիմնական դրույթս այս առումով հետևյալն էր․ հայերենը՝ զուգահեռ կիրառությունների լեզու՝ խզումներ մտածելով այնտեղ, որտեղ երևույթի անունն է։
Երկրորդ դրույթս վերաբերում էր միջազգային եզրույթների ու դրանց հայերեն համարժեքների հոմանիշային-հարացուցային հարաբերությունների հարցադրմամբ դրանց ընկալման գործաբանական դիտանկյունն ակտիվացնելուն և դրանով բառերի ու սոցիալական փորձառությունների մտածելիությունը խթանելուն։ Այն է՝ սոցիալական խորք՝ էսենցիալիստական պաթոսի կամ պրագմատիզմի պաթոսի փոխարեն։
Եզրույթների ու եզրույթի նշանակությամբ կիրառվող բառերի սոցիալականացման աշխատանքն այստեղ կածես թե վերագրեցի մտավորական փորձառություններին, իսկ խզվածքների վերագրումը, կարծում եմ, չհոդավորված ձևով արդեն որոշակիորեն առկա է հասարակական գիտակցության մեջ և այս անդրադարձում հասցեագրվեց դարձյալ մտավորական վերամշակումներին՝ Բոդրիար կամ Դըլյոզ ստեղծելու երկչոտ հավակնությամբ․․․