Հատվածներ «Իմ լեզուն» վեպ-էսսեից
Մտքի աճը նշանակալիորեն տարբերվում է բույսի
աճից: Բույսերն արմատներից են բռնված և
իրենց հետ քարշ են տալիս իրենց ողջ անցյալը:
Միտքն աճում է, ասես տիեզերանավ, որը դեն է նետում
այրված վառելիքի կտորները:
Բրոդսկի
Մաս 1
Ըստ Բախտինի՝ Վոլոշինովի անվան տակ գրված գրքի, տերմիններն օտար մեռյալ լեզվից (լատիներեն, հունարեն) են մտել եվրոպական լեզուներ, որպեսզի պահպանվի նրանց՝ կոնտեքստից դուրս լինելը, անկապությունը՝ մարդու իմացած աշխարհի հետ, և այդպիսով ընդգծվի նրանց նշանակության «մոգական» ուժը, մի կողմից, ինչպես նաև՝ ամրապնդվի նրանց իմաստն իմացողների իշխը: Ըստ այդ մոտեցման, տերմինն օգտագործվել է որպես ախալայ-մախալայ, քրմերին-կախարդներին (տերմինները հասկացողներին) սովորական մահկանացուներից առանձնացնելու համար: Իհարկե, եթե ասում ես «միտում»՝ պարզ է, որ «միտք» արմատը կա, -ում ածանցն էլ շարժում է ցույց տալիս: Իսկ եթե ասում ես «տենդենց»՝ դե արի ու հասկացիր, ինչ ասոցիացիա է առաջացնում լեզվիդ մեջ – տենդի՞ հետ: Հենցնենցի՞ հետ: Տրնդեզի՞: Նորենցի՞:
Կաթոլիկների Աստվածաշունչը լատիներեն էր, որ ժողովուրդը չհասկանա: Ինչու և ապստամբեցին և թարգմանեցին, և աշխարհն առաջ զարգացավ: Սակայն մնաց և կաթոլիկությունը: Աշխարհն այդպես է զարգանում. ինչը որ կարողանում է պահել, ինչը որ հնարավոր է՝ չի վերանում, պարզապես «վրան» ավելանում է նորը: Որպեսզի հինն ու նորը շարունակեն մրցել, հինն էլ նորանա՝ այլ կերպ: Ստեղծվում է երկու նոր. հինը հերքած նորն ու հնի նորացած տեսակը, որոնք էլ մրցում են նորովի: Համացանցը և կինոն: Հայերենում՝ միջազգային տերմինն ու թարգմանածը:
Մյուս, ավելի լիբերալ մեկնաբանությամբ՝ տերմինները մտան լեզու, որպեսզի միայն մի բան նշանակեն, ի տարբերություն բառերի, որոնք բազմիմաստ են: Այս մեկնաբանությունը պրոգրեսիվ-լուսավորչական է, հավատում է, որ մարդիկ ինչ-որ բաներ անում են լավ նպատակներով, ո՛չ թե միայն իշխի և շահագործման: Գիտությունն ուզում է, որպեսզի իր հասկացությունները միանշանակ հասկացվեն, որպեսզի ինքը ստուգվելի լինի: Եթե 2 թիվը ամեն մշակույթ կամ ամեն մարդ տարբեր կերպ մեկնաբանի՝ չեն կարողանա ապացուցել, որ 2 անգամ 2 չորս է: Տերմինները, այսպիսով, մարդկային լեզվի մեջ մտած բառեր են, որոնք պիտի նույնքան միանշանակ լինեն, որքան «կոշտ» գիտության նիշերն ու բանաձևերը:
Դա է՛լ չի ստացվում:
Տերմինները բազում տարբեր հեղինակներ տարբեր իմաստներով են օգտագործում, թեև, թվում է (կամ՝ այդպես է ասվել, այդպիսին է նրանց մասին միֆերից մեկը), հենց նրա համար են, որ միայն մեկ հստակ իմաստ ունենան: Միշտ օգուտ եմ ստացել, երբ որևէ այդպիսի տերմին ինչ-որ մեկն ի վերջո նվաստիս բացատրել է: Օրինակ՝ հենց նույն անտինոմիաները – երկար ժամանակ ուզել եմ հասկանալ, հակադրվող հասկացություններից որո՛նք են անտինոմիա, որո՛նք՝ ոչ: Ինչ-որ մեկնաբանի օգնությամբ եկա եզրակացության, որ՝ ցանկացած երկու իրար հակադրվող բառ՝ հականիշ, անտինոմիա են – աջ և ձախ, սեր և ատելություն, ուժ և թուլություն և այլն: Պարզապես դրանք այդ պահին պետք է ոչ թե որպես բառ դիտարկել, այլ (կարճ ասած) որպես հասկացություն: Եթե ավելի խորքայնորեն ասեի, կասեի «նրանց օնթոլոգիական իմաստը դիտարկել»: Նույն կերպ էլ երկար տառապեցի, որ հասկանամ, որոնք են կատեգորիաները – անտիկներից Կանտի միջոցով ինձ հասած այդ հասկացությունը: Այսինքն ինչպես են դրանք տարբերվում ոչ կատեգորիաներից: Ի վերջո, եկա եզրակացության, որ ցանկացած բառ կատեգորիա է: Գուցե՝ երբ հավակնում ես այն օգտագործել իր ռեֆերենտի օնթոլոգիական իմաստով: Այդ մասին նույնիսկ բավական մանրամասնել եմ մի հոդվածում, կարծեմ: Ցանկացած բառ, որը նիշ է մի շարք իրենից մի աստիճան «ներքև» գտնվող հասկացությունների ընդհանրացման՝ կատեգորիա է: Ասենք՝ նստելու հարմարանքը կատեգորիա է աթոռի, բազկաթոռի, նստարանի և այլն: Բայց աթոռն էլ է կատեգորիա՝ միոտանի, երկոտանի, ճոճաթոռի, մեջքով կամ առանց մեջք աթոռների: Նույնիսկ «Աշոտը» կատեգորիա է բոլոր Աշոտների: Քանի որ ամեն բառ ընդհանրացում է՝ ամեն բառ էլ կատեգորիա է:
Բայց հիմա դե արի ու հասկացիր, թե ինչու՛ է, այդ դեպքում, ստեղծվել «կատեգորիկ» բառը: Էլ նույնիսկ իմպերատիվ-ի մեջ չխորանաք, բայց երբ ասում են՝ «Նա կատեգորիկ կերպով դա ասաց»: Սա էլ, երևի, նշանակում է՝ այնպե՛ս ասաց, ասես իր կարծիքի բոլոր մեկնաբանությունների համահանրությունն օնթոլոգիական է, այսինքն չկա տարբերակ, որում իր ասածն օնթոլոգիապես կասկածելի լիներ, – պնդում է նա այդ իր խոսքով, – կամ՝ արգելված է (փորձում է արգելել, կանխել) այդ պնդմանը կասկածելը: Իր ասածը կատեգորիկ է՝ այսինքն կատեգորիաների մակարդակի, ո՛չ թե դրանց ենթա-ների (չնայած տեսանք, որ ամեն ենթա- իր հերթին էլի կատեգորիա է):
Այն, որ տերմինները, ասենք, բազմիմաստ են, ճիշտ և ճիշտ «սովորական» բառերի պես, ի տարբերություն իրենց մասին եղած միֆի՝ հաճելի հայտնագործություն էր, նույն շարքից, ինչ՝ որ ցանկացած հականիշ անտինոմիա է կամ բառ՝ կատեգորիա: Խափանվում էր սուտը, կեղծիքը, իշխական՝ տերմինական բարձրաբերձությամբ՝ փոքրիկ ինձ խաբել, ապակողմնորոշել փորձելն այդպիսի հայտնագործություններով, – ցույց տալը, իբր՝ հիմար եմ, բան կա՝ չեմ հասկանում:
Երբ սկսեցի պրոֆեսորներին ասել, որ տերմինը՝ եզրը, բազմիմաստ բան է, ի հեճուկս նրա, ինչ սովորեցնում են՝ որ, իբր, տերմինը հենց այն է, ինչ ունի մեկ և միակ իմաստ, ստացա շա՜տ թույլ և խղճուկ պատասխան, իբր՝ «այո, բայց պետք է աշխատել, որ այն մեն-միակ իմաստ ունենա»: Ի՞նչ օգուտ, երբ դու, ասենք, կաշխատես, իսկ աշխարհի մնացած մարդկությունից ով որ այն օգտագործեց՝ ինչ իմաստ ուզի, կդնի մեջը: Ավելի լավ չէ՞ հենց սկզբից էլ այդպես վարվել, ընդունել իրականությունը: Դա՛ է ճշմարտությունը: Ինչու՞ եք փորձում իրական աշխարհը ճխտել ձեր ճղճիմ նորմավորվածության մեջ, որն ունի հետևյալ հատկանիշները. ա. այն իշխային է, այսինքն՝ անարդար կերպով մարդկանց ոչ ճշմարտություն պարտադրելով՝ թույլ չտալ, որ նրանք ազատ և ստեղծագործաբար մտածեն և, ուրեմն, բարգավաճեն և բ. աղավաղում է իրականություն/ճշմարտությունը և այդ իսկ պատճառով երբեք ո՛չ թե միայն բացարձակ, նույնիսկ հարաբերակա՛ն հաջողության չի հասնելու: Այսինքն նույնիսկ նրանք, ովքեր անկեղծորեն կուզեն ենթարկվել այդ պարտադրանքին՝ հանդիպելու են անհաջողության:
«Սահմանում» ընդհանրապես նշանակում էր գալ սահմանին մոտ, ցույց տալ, որտեղ է ավարտվում տվյալ երևույթի կամ հասկացության տիրույթի գլխավոր մասը՝ տվյալ տեսանկյունից (տվյալ քրոնոտոպում), ինչպե՛ս է այն առանձնանում այլ երևույթների տիրույթներից: Նույն կերպ էլ տերմին՝ եզր, նշանակում էր այդ սահմանը նշող որևէ նշաձող, այսինքն «մարդ բանականը» սահմանում էր, իսկ «բանականը»՝ տերմին, և այլն:
Պատկերավոր կարելի է ասել՝ մետալեզուները՝ տերմինները, ևս մեկ բարբառ էին, և հատկապես՝ ի՛մ բարբառը, քանի որ որևէ այլ բարբառի ես չէի տիրապետում: «Մետալեզու» բառն էլ մազալու էր. չէ որ լեզուն ունի նաև քերականություն, ո՛չ միայն բառապաշար: Փաստորեն «մետալեզու» էր անվանվում տերմիններով հարուստ լեզուն, թեև այն օգտագործում էր նույն քերականությունը, ինչ՝ սովորական մահկանացուներս: Այստեղ ես պիտի որոշեի՝ մետալեզու տերմինն արդյոք մետաֆո՞ր է, թե՞ մեկ այլ բան: Եթե «լեզու» արմատն օգտագործվում է մի բան նշանակելու համար, որը լեզվի միայն մի փոքրիկ մասն է ընդգրկում, դա մետոնի՞միա է, մետաֆո՞ր, թե՞…
Իսկ կարելի՞ է արդյոք երևակայել իսկական մետալեզու, որն ունի նաև այլ քերականություն, քան մեր, հաճախ «բնական» կոչվող, թեև իրականում արհեստականի և «բնականի» խառնուրդ՝ կենտավրոս լեզուն:
Տերմինները մետաֆոր են, որոշեցի ինքս իմ ներսում և հենց այդպես էլ սկսեցի դրանք օգտագործել: Ինչպես և՝ ամեն բառ: Իսկ ինչու՛ ամեն բառ նույնպես մետաֆոր է՝ շատ պարզ. որովհետև այն նույնական չէ այն բանի հետ, որը ցուցանում է: Ս-ե-ղ-ա-ն տառերով ստեղծված բառը զուտ ցույց է տալիս սեղանը, նույն բանը չէ (թեև շատերը սխալմամբ կարծում են, թե նույնն է): Հենց դա՛ է լեզվի պոեզիայի գաղտնիքը:
Ինչու՞ պիտի տերմինները՝ այդ գեղեցիկ բառերը, ավելի պակաս պատկերավոր լինեն, քան մեր լեզվի սովորական բառերը: Ինչու՞ է համարվում, որ տերմինը հենց բազմանշանակությունից լեզուն զրկելու համար է, երբ այն օբյեկտիվորեն ավելացնում է լեզվի բազմանշանակությունը: Տերմինը պոեզիա է: Կարելի է նաև ասել՝ պոետիկ ամեն մետաֆոր տերմին է, տերմինանում է, տերմինացվում (ավարտացվու՞մ, վերջացվու՞մ), երբ սկսում է օգտագործվել տվյալ տեքստից դուրս՝ ավելի լայնորեն: Ինչպես որ մետաֆորը երկու բանի համեմատության հիման վրա է կառուցված, այդպես էլ տերմինը. «տերմին» տերմինն, օրինակ, ուզում է անել անհնարինը, անկարելին՝ սահմանել որոշ բառեր այնպես, ասես իրենք միայն մեկ բան են նշանակում: Դա երբևէ չի հաջողվելու, բայց հենց դա՛ է գեղեցիկ, միֆ, եթե, իհարկե, չի պարտադրվում իշխի կողմից, չհամաձայնելը՝ պատժելի: Չի՛ հաջողվելու, ճիշտ ինչպես որ չի հաջողվելու վաղորդյան ցողով ծարավ հագեցնել ֆիզիկապես: Բայց դա գեղեցիկ է: «Մետալեզու» տերմինը հավակնում է նշել մի բան, որն ընդամենը բառերի շարաններ են՝ տերմիններ, սակայն իրեն հայտարարում է լեզու: Ճիշտ ինչպես որ կրակը՝ ջունգլիների լեզվում, իրեն հայտարարում է «կարմիր ծաղիկ», հավակնում է լինել մի բան, որը չէ՝ ոչ արմատ ունի, ոչ բույր և՝ կծան է, ի տարբերություն ծաղիկների գերագույն մեծամասնության, նաև՝ արթնանում և մեռնում է փչելուց, ի տարբերություն ծաղիկների, բացի, ասենք, խատուտիկից, որը նույնպես մեռնում է փչելուց: Եվ այլն:
Սուտ և սխալ է կարծելը, թե տերմիններն ունեն միմիայն մեկ նշանակություն: Բայց շատերն էին և են այդպես կարծում և վիճում են: Ասում են՝ ինչպե՞ս, այլապես, մարդիկ միմյանց կհամաձայնեն, եթե ամեն մարդ տերմինի մեջ իր իմաստը դնի, կամ եթե ամեն մարդ ամեն բառի բառարանային սահմանումը չընդունի որպես վերջնական և միակ:
Չխորանամ, սակայն համաձայնելն այլ տիրույթի մեջ է, ո՛չ թե բառերին նույն իմաստ տալու, ինչ՝ խոսողը: Դա է՛լ կարող է պետք գալ, սակայն՝ ինչպես որ մետալեզուն զարգացած ու համապարփակ լեզու չէ, այնպես էլ բառերի իմաստների վերաբերյալ թվացյալ համաձայնությունը հերիք չէ համաձայնության համար, հաճախ նույնիսկ՝ վնաս է: Հաճախ մարդիկ կարծում են, որ համաձայն են բառերի իմաստին, սակայն դա լոկ կարծեցյալ համաձայնություն է, օրինակ՝ երբ խոսում են «ազգ» կամ «մշակույթ» բառերն օգտագործելով: Ավելին. կան բառեր՝ անվանենք դրանք գաղափարախոսականացված, որոնց օգտագործողները հաճախ նույնիսկ ձգտում են արգելել, որպեսզի դիմացինն այլ իմաստով դրանք մեկնաբանի, քան իրենք են մեկնաբանում: Տերմինների հանդեպ նաչոտնիկական այդ վերաբերմունքը հենց այդ դեպքերից է: Բայց և՝ իրականում չեն բացատրում, թե իրե՛նք ինչ նկատի ունեն, համարելով, որ բոլորը նույն իմաստն են հասկանում և պարտավոր են այն հասկանալ, իսկ ով որ չի համաձայնում, որ նույն իմաստն է հասկանում՝ «դավաճան է»: Կատեգորիկ են: Դավաճան. էլի մի այդպիսի բառ, որն ավելի շատ հռետորական և գաղափարախոսական պիտակ է, քան հասկացված բառ:
**
Հնարավոր չէ ո՛չ բոլոր տերմինները թարգմանել, ո՛չ էլ հրաժարվել արտասահմանյաններից: Ամեն բառ իր շուրջ ունի իր կոնտեքստը՝ իր նախկին օգտագործումների շողափայլը, և, ասենք, «լուսանցքայինը» լրիվ այն չէ, ինչ «մարգինալը», որովհետև վերջինս եկել է այն մշակույթից, որտեղ մակերեսորեն համարվում էր, որ լուսանցքում անկարևորն է թողնվում, մինչդեռ լուսանցքում սովորաբար ամենակարևորն է թողնվում – ենթագիտակցորեն, էլ չասած, որ հայերենի լուսանցքում երեխան սովորում էր դպրոցում (համենայն դեպս, ես սովորում էի) գրել ամենակարևորը՝ ամիս-ամսաթիվը: Եվ այդ margin-ից ռուսերեն տարբերակ-տերմինը՝ маржа, ամբողջ հետսովետական բիզնեսի գլխավոր հասկացությունն է դարձել: Լուսանցքն անցնել չէր թույլատրվում, սակայն երբ չէիր կարողանում գիրդ կառավարել և անցնում էիր՝ ինչի՞ց էր դա – մտքիդ հոսքի անկանգ, հուժկու թափից, – և ուրեմն, եթե խոսքը մարգինալ, «աղբամանային» բանի մասին է՝ կասես «մարգինալ», իսկ եթե էդ մարգինալը դառնալու է ամենակարևորը, ինչպես որ փոքրամասնությունը, որն էլ հենց կառավարում է աշխարհի կերպը, ինքը դառնում է լուսանցքային: Ախր էդ «լույսն» էլ էնտեղ նշանակություն ունի:
Եթե իշխային հրովարտակ է տասը հազար մարդու գլխատելու վերաբերյալ՝ տեքստը լուսանցքից դուրս չպիտի լինի, լուսանցքն էլ՝ հաստ, գույնզգույն մանրանկար՝ իշխին գովերգող: Բայց կա կլյաքսան՝ թանաքաբիծը՝ լուսանցքից դուրս մնացած և չորացած, տասը հազարի 1-ը սևացնող, – որի համար էլ հենց գլխատեցին տասը հազարմեկերորդին՝ գրչին, – և ո՛րն է միայն, որ այդ զարդանախշ հրովարտակը դժոխքից հանում է:
Էդ խնդիրը – աշխատանքի բաժանման արդյունքում, աշխարհը մասնագիտությունների բաժանելու արդյունքում աշխարհայացքի տրոհումը, սինկրետիկ, բայց ամբողջական աշխարհից՝ անալիտիկ, բայց կտոր-կտոր աշխարհի առաջանալը՝ սահմանված, եզերված, լուսանցքված, – և սինթեզի դժվարությունը: Հրանտ Մաթևոսյանը մի անգամ ասաց՝ քիչ ենք, թուրքերից տասն անգամ ավելի քիչ ենք, ուրեմն ամեն հայըս պիտի տասը թուրքի չափ լինի, որ կարողանանք դիմակայել: Հիմա կատակով ասեմ. ես էլ տասը թուրքի չափ հոմանիշ եմ օգտագործում, իրար հետևից շարում, որպեսզի բառն ամբողջությամբ հասցնեմ իր հասկացությանը կամ գոնե դրա մոդելը հիմնադրեմ, բառի՝ իր հասկացությանը հասցնելու այդ ուղղությունը ցուցադրեմ: Ուրեմն կա ոչ կառուցողական, բյուրոկրատական կրկնություն և կա կառուցողական կրկնություն: Ահա վերջերս պատահական հայտնաբերածս՝ բյուրոկրատական ոճի օրինակ: Իհարկե, օրինակները շատ-շատ են, հատկապես փաստաթղթերում, հաճախ՝ իբր անմեղ, բայց իրականում բոլորն էլ, ու էդ ամբողջ ոճն էլ՝ իշխականությամբ թունավոր: Իսկ այս մեկը՝ հատուկ հենց այդպես էլ ծրագրավորված. «Եվ այդ համատեքստում հնարավոր քրեական օրենսգրքով արգելված արարքների դրսևորումների մասին մեզ հասու տեղեկությունների առկայության պայմաններում անպայման հետևելու է քրեաիրավական գնահատական տալուն ուղղված կոնկրետ ներգործության միջոցների ձեռնարկումը»:
Պլեոնազմը (ավելորդաբանություն-ը կամ երկարաբանություն-ը շատ երկար են, իրենք է՛լ են պլեոնազմ) թևածում է այստեղ, տվեց-անցավ և՛ «վերանորոգում»-ին, և՛ «նմանատիպ»-ին, և՛ «հետնահանջ»-ին, և՛ «գրականությունը դա»-ին (երբ ավելորդ «դա»-եր են շարվում – ես էլ ունեմ այդ հակումը, հետո դրանք կրճատում եմ): Սրանք գոնե կարելի է բացատրել լեզվի իներցիայով՝ մանավանդ բանավորում: Երբ ուզում ես շունչ քաշել հաջորդ բառն ասելուց առաջ, մտածել, թե ի՛նչ պիտի ասես՝ «նման»-ի փոխարեն կասես «նմանատիպ», «որ»-ի փոխարեն անտեղի տեղը՝ «որպեսզի», չնայած խոսքը նպատակի մասին չէ, – բայց գրավորին էլ այդ «նմանատիպ»-ն ու նմանատիպ դեպքերը հանդիսավորություն, «պաշտոնականություն» են հաղորդում, արդեն բնավորվել են, որպեսզի ասածիդ ճղճիմությունը ծպտես այդ պաշտոնականությամբ ու հանդիսավորությամբ, ասելիք չունենալդ կամ դրանում կասկածելը քողարկես իշխի պարոդիայով (ծաղրանմանակում – հարմար բառ չէ) թե ստվերով՝ բարձրաբերձ լեզվի հեղինակությամբ:
Չէ որ համարվում է, որ հարուստն ու իշխը հանդիսավոր են, շտապելու տեղ չունեն, դրա համար կարող են այդպես անշտապ խոսել, երկարաշունչ, ժամանակից դուրս, իբր աշխարհի տերն են իրենք, – ինչը մեր լեզվի և ոճի հատկանիշներից է, ներառյալ մեդիա տեսահաղորդումների լեզուն, – մի համեմատե՛ք, ի՜նչ դանդաղ են խոսում մեր «խոսող գլուխները» անգլերենի «խոսող գլուխների» համեմատ, որոնք միայն վայրկյաններ ունեն, որ իրենց ասելիքը հասցնեն ասել: Մենք անշտապ ենք՝ հետամնաց, շտապելու տեղ չկա, դարեր եղել ենք՝ դարեր էլ կլինենք, հետո՛ ինչ, եթե թույլ ու հալածված: Կյանքը քաղաքում սկսվում է ժամը տասի կողմերը, և որքան ավելի ենք գլորվում աշխարհի ծայրի գիրկը, այնքան ավելի անշտապ ենք դառնում, պսակաժահրն է՛լ ավելի անշտապ ու դատարկ դարձրեց կյանքը, պատերազմը՝ այն գրեթե սառեցրեց, ձգտելու բան չկա: Անշտապ են ծայրահեղ հարուստներն ու ծայրահեղ աղքատները, Իրանը, Արաբական Էմիրատներն ու Հայաստանը, էն էլ եթե պետք է՝ Էմիրատները լավ էլ կշտապեն, քանի որ նավթ ունեն, իսկ դա շտապեցնում է: Իսկ Իրանը չի էլ շտապի՝ չնայած նավթ ունի, քանի որ համարում է, որ ուժեղ է: Բայց չշտապելուց այդ ուժը կարող է աներևութանալ:
Մենք ժամանակից դուրս ենք ընկած: Իհարկե, դրանում կա նաև լավ բան, կայֆ, ամերիկյան այդ թափը՝ ամեն ինչ հասցնել, անընդհատ մրցել ժամանակի հետ, այո, նոր տեսակի մարդ է կերտաձուլում (ահա, հորինեցի), բայց նաև շանս չի տալիս, ինչ-որ իմաստով, աշխարհը տեսնել, ընկալել, փորձել հասկանալ, ձուլվել աշխարհին: Ինչպես այն պատմության մեջ. Նյու Յորքի բորսայից երկու շաբաթ արձակուրդ է ստացել միլիոնատերը, եկել Իսպանիա թե Պարսկաստան, ծովափին անգյալ պառկած է, կողքը ձկնորսն է պառկած, իրար հետ խոսում են՝ սա ասում է տարեկան ընդամենը երկու շաբաթ արձակուրդ ունեմ, գալիս եմ էստեղ անգյալ-անգյալ ըմբոշխնեմ, մնացած ժամանակն օրուգիշեր աշխատում եմ: Սա էլ ասում է «է արի հետս ձկնորսություն արա, ողջ տարին էսպես հաճույք կստանաս»:
**
Էդ ավելորդ բառերի հետ պայքարս շատ ավելի անմեղ իրադրություններում անվերջ է, և՛ իմ գրածում՝ «որովհետև»-ները, «իհարկե»-ները, «հետևաբար»-ները կրճատելը, և՛ ուրիշների, ասենք՝ երբ իմակի տեքստում սկսում են, թե «Հարգելիներս, այս իմակով ուզում եմ ձեզ հայտնել, որ…», փոխանակ միանգամից հայտնեն, կամ որ «սուրհանդակով» գրում են «կարելի՞ է ձեզ մի բան հարցնել» և սպասում պատասխանի… Հոգեբանական խնդիր է, իհարկե, դիմացինիդ և աշխարհի ժամանակը, հոգեբանությունը չհասկանալու խնդիր:
Կրկնությունը՝ աշխարհի պլեոնազմը, նաև դիտարկում էի մասնագիտությունների և գիտությունների շարունակական տրոհման արդյունք – երբ մեկ և նույն բանը մի տեղ մի ձևի են ձևակերպում, մեկ այլ տեղ՝ այլ, ասենք՝ եվրոպակենտրոնությունը Էդվարդ Սաիդն անվանեց օրիենտալիզմ, չնայած նույն բանի մի փոքրիկ այլ կողմն է, կամ երբ էկլեկտիզմը, հուլունքախաղը, պոստմոդեռնիզմը բրիկոլաժ է անվանվում: Ամեն բառ, ամեն հոմանիշ մի քիչ ավելի է իմաստ հաղորդում հասկացությանը, բայց կա՛մ, ուրեմն, մարդիկ, մեկն իմանալով, մյուսը չիմանալով, կկարծեն՝ հայտնագործություն է արվել, կա՛մ՝ կիսատ կիմանան ողջ հասկացության տարողությունը: Դրա համար էլ հենց իրար հետ, իրար հետևից է պետք օգտագործել այս բառերը, քանի դեռ աշխարհն ու մարդկությունը մտել են տվյալ ճգնաժամի՝ բառերի կատաստրոֆի՝ բառերի շատության և միաժամանակ՝ իրար չճանաչելու վիճակ: Կամ՝ ֆրոյդյան «վրիպասացությունը» «պարապրաքսիս» անվանելը: Այսօրվա աշխարհը լի է այդպիսի պլեոնազմներով՝ երբ որևէ գիտության տարբեր ճյուղերում կամ տարբեր գիտություններում նույն երևույթը քննարկվել է, և իրար շատ մոտիկ հասկացություններ են դուրս բերվել, առանձին, տարբեր անուններ ստացել: Եվ պլեոնազմը ծնում է պլեոնազմ, պլեոնազմի պլեոնազմ, ու այդպես անվերջ, ու, ասենք, օրիենտալիզմը հետազոտողն էդպես էլ չի իմանում, որ դրան կից է եվրոպացենտրիզմը, և աշխարհն ավելի ու ավելի է անալիտիկորեն մասնատվում, ու մարդը կորցնում է իր ամբողջականությունը, կարծում է՝ նոր է այն, ինչ հին է, գիտի մի նեղ բան, իսկ կողքինը չգիտի, օտարվում է կյանքից և դրա իմաստից, տառապում է՝ որպես ոչ լիարժեք, սխալներ գործում, – և այդ ամենը շարժվում է դեպ գեշ անվերջություն, – մինչև որ չգա մեկը և չհավաքի աշխարհի մասնատման գոնե մի մասը մի փնջի մեջ կրկին:
Ես շատ քիչ գիտեմ տերմիններ, թեև, թվում է, շատ գիտեմ: Իմ իմացած տերմինների հիմնական մասը յուրացրել եմ մինչև 1996-երը, դրանից հետո մոդայից հետ եմ ընկել: Դրա համար ես չեմ փորձում մրցել ամենաժամանակակից տերմինակոխ բերձատեքստերի հետ (բառ հորինեցի), «գիտական» չեմ գրում. որպես փինաչի՝ որ իր անձնական պատվերով իր կոշիկն է կարում, ֆաբրիկա չէ՝ գրում եմ իմ գիրը՝ ինչպես տեսնում եմ աշխարհը: «Օբյեկտիվն» անձնականացնել – դա՛ է իմ գլխավոր կիրառուկն այստեղ:
Այլ է, երբ գիտակցված է, որ պլեոնազմը, թեկուզ փոքրիկ, ոճական նշանակություն ունի, ինչպես, օրինակ, խոսակցական կատակային. «Ուրիշ այլ հարցեր կա՞ն»-ում: Էլ չասած՝ Հրանտի կամ Տոլստոյի՝ գովերգված կրկնությունը: Սա ուրիշ է, այլ: «Հաղթած բանակների գեներալները պարտված բանակների գեներալներին չեն կախում, այլ նստում են նրանց հետ հացի և որովհետև բանակային օրապահիկը չի բավականացնի խնջույքին՝ հաղթած բանակի գեներալները շանսատակ են անում իրենց բանակի բանաստեղծներին»: Էստեղ փաստորեն կա և՛ հայոց լեզվի հանդիսավորությունը, և՛ բանակը, ոչ թե բանակի մասին-ը՝ գրված – էդ բանակային կրկնությունների ղողանջը, – և՛, սակայն, այդ ամենը ոչնչացնելը՝ ցույց տալը, որ բանակը բանակի դեմ՝ չկա, այլ կա՝ իշխը պոետի դեմ կամ սովորական մարդու դեմ, և բոլոր իշխերը միավոր են (մեղքը, թշնամուն քո մեջ փնտրիր): Թվում է, առանձին վերցրած՝ երկու միտքն էլ տրիվիալ են, սակայն կոնտեքստում և իրար հյուսվելով՝ աշխարհ են ուռուցիկացնում, քանի որ թվացյալ «հաղթած/պարտված բանակների և գեներալների» «մասին» նաղլը, դու մի ասա, փոխարինվելու է բանաստեղծումը սպանելու՝ Մեծ Պրոյեկտին խանգարելու՝ բոլորիս չափից դուրս լավ հայտնի անսփոփելի տրագիկ անարդարությամբ, բացելով բանակներ կազմելու, ունենալու, իրար դեմ քշելու, մսաղացելու աբսուրդն ու դավադրությունը՝ դա անել զուտ բանաստեղծումները ոչնչացնելու նպատակով: Իսկ որ Հրանտի աշխարհում բանաստեղծը ժողովուրդն էր՝ հայտնի է:
**
Լեզվական միջոցների բազմափոխարինելիությունը բազում դեմքեր, երեսակներ, նիստեր, թրաշներ, կտրվածքներ ունի: Քննենք դրանց մի քանի դեպքը: Տերմինների բազմափոխարինելիությունը հայերենում ունիկալ է: Մի կողմից, տենդենց կա տերմինները թարգմանել: Եվ դա նորմալ է: Եզրերը թարգմանելու միտումով է օժտված հայերենը: Սակայն դա ստեղծում է օգտագործման խնդիր. ո՞ր տարբերակն օգտագործել ո՛ր դեպքում:
Կան դեպքեր, երբ հայերեն տերմինը ոչ միայն ավելի երկարաշունչ է և բարդ բառ, բայց նաև՝ լրիվ չի փակում միջազգայինի իմաստային տիրույթը, տիրույթի մաս բաց է թողնում, իր տիրույթն էլ միջազգայինի սահմաններից դուրս է գալիս: Օրինակ՝ շատ անհաջող՝ երբ share-ն առաջարկում են թարգմանել «համօգտագործում»: Կամ՝ էսքի՞զ, թե ճեպանկար: Իսկ եթե էսքիզ չէ, սքետչ է, որը կարող է նաև ներկայացում լինե՞լ: Ճեպա… բա՞ն… Հայերեն շատ տերմիններ այդպես ավելի նեղ իմաստ են ձեռք բերել, քանի որ ստեղծվել են «արհեստականորեն»՝ միջազգայինի «ամենատարածված» օգտագործումը թարգմանելով: Դա նաև, իհարկե, բացատրվում էր ինքնահաստատվելու, ինքզինք լինելու միտումով: Վրացերենը, օրինակ, հանգիստ վերցնում է բոլոր միջազգային տերմինները, քանի որ որոշել է, որ այբուբենն ու քերականությունը հերիք են ինքնությունը պահելու համար: Իսկ հայերենը խաղում է, խաղացկուն է: Identity բառն ունի երկու համարժեք՝ ինքնություն և նույնականություն: Կոստյում բառը, գրողը տանի, հայերեն չկա: Մինչդեռ ի՜նչ բառ է… Սկզբնապես նշանակում է՝ տվյալ մշակույթի սովորույթներին համապատասխան զգեստ, իսկ այսօր հաճախ նշանակում է հատկապես տղամարդու զգեստ՝ «կաստում-շլվար» կամ նաև «տռոյկա»:)) Դե, հասկացաք: Լավ է, որ բաճկոնը գոնե կա, մենակ պիջակը չէ: «Նորմալ» բառը հայերեն չկա և նորմալ ընդունվել է: «Էֆեկտ» բառը՝ իր հազար ու մի իմաստով, կարող է մնալ նույնը կամ թարգմանվել «տպավորություն», «ազդեցություն», «հետևանք», «արդյունք»…
Տեսանք, որ կան դեպքեր, երբ հայերեն տերմինը թերի է. կա՛մ շատ երկար է, ծանրաշունչ, կա՛մ՝ չի արտահայտում կոնտեքստից զուրկ միջազգայինի ողջ տարողությունը, կա՛մ՝ ա՛յլ տարողություն է արտահայտում: Կա՛մ էլ՝ այդ ամենը միասին: Պրոբլեմի փոխարեն՝ հիմնախնդիր: Չես ասի. «հիմնախնդիր չկա»: Միայն՝ հումորի երանգով: «Պրոբլեմ» բառն այնքան է մտած մեր լեզվի մեջ, որ այն չօգտագործելը բթացնում է լեզուն: Չէ՛ որ այն ասոցացվում (զուգորդվում) է մտահոգության հետ, գուցե՝ վատ տրամադրության, խորհելու, կնճռոտ ճակատի: Չնայած տերմին է և, իբր, պիտի զուրկ լիներ ասոցիացիաներից, սակայն այնքան շատ է օգտագործվել մեր կյանքում՝ որ արդեն շատ ավելի ասոցիացիաներ ունի, քան հիմնախնդիրը: Պրոբլեմը կյանքի բառ է այս պահին, հիմնախնդիրը՝ անկյանք, տեսական, օֆիցիալ, իշխային: Այդպիսով, հենց հիմնախնդիրն է, որ կատարում է, Բախտին-Վոլոշինովի իմաստով, քրմային տերմինի դերը՝ իշխը ճառագելու, լեզվի կենդանությունը փոքր-քիչ սպանելու, – եթե անտեղի չարաշահվում է:
Նշանակու՞մ է արդյոք, որ պետք է հրաժարվել այդ բառից: Իհարկե, ոչ: Ամեն բառ իր տեղը կգտնի: Որոշակի կոնտեքստներում՝ կօգտագործվի: Գուցեև հենց իր այդ «նիհար աբստրակտությունը» խաղարկելու ոճական միջոցն իմաստավոր լինի այս կամ այն կոնտեքստում, օրինակ՝ երբ ուզում ես ծաղրել «բարձրահոնք» (high-brow) գիտնականներին:
Հետաքրքիր խնդիր կա, այդ առումով, անգլերենի «սահմանափակության» կապակցությամբ՝ մի շարք տերմինների հետ կապված: Նախ և առաջ, իհարկե, «օբյեկտ» բառի: Փիլիսոփայական մի երկար ավանդույթ տարբերակում է օբյեկտն առարկայից: Օբյեկտը «լրիվ բանն է», «լրիվ իրը», «ինքնին իրը», «տրասնցեդենտ (անդրանց) իրը», իսկ առարկան՝ նրա որոշակի կտրվածքը: Ճիշտ ինչպես որ «առարկա» է կոչվում նաև դասավանդման առարկան – քանի որ որոշակի մեծ օբյեկտ (բնությունը) դասավանդվում է որևէ առարկայի դիտանկյունից (կենսաբանություն կամ ֆիզիկա), այսինքն՝ այդ մեծ օբյեկտի միայն մի մասն է արտահայտվում այդ առարկայով:
Անգլերենում «առարկա» բառն այդ իմաստով չկա: Այն արտահայտվում է subject` սուբյեկտ բառով, որը, բնականաբար, լրիվ ուրիշ իմաստ ունի հայերենում և ռուսերենում, իսկ անգլերենում նաև թեման կարող է անվանվել subject (կամ topic), թեև սուբյեկտ իմաստով՝ մարդն էլ, երբեմն, ասենք՝ հետախուզման սուբյեկտ կամ՝ հպատակ, այսինքն՝ այն «յեկտ»-ը, որը ենթա- է կամ անդր- է՝ ենթա-կան, անդր-կա-ն:
Եվ առարկա ու օբյեկտ / սուբյեկտ բառերի տարբերակման բացակայությունն անգլերենում խառնաշփոթ է ստեղծում գիտական տեքստեր թարգմանելիս: Էլ չասած հենց «ենթակա»-ի՝ սուբյեկտի առեղծվածը. թվում է, նա՛ է գործող անձը, կամք ունեցողը, որոշողը՝ անել, թե չանել, մինչդեռ՝ ենթակա է: Ու՞մ: Անհայտ է: Եթե արաբերեն լիներ, կասեինք՝ բային, բայց ոչ- սեմական, գոնե հնդեվրոպական լեզուներում «տերը» ենթական է, նրանից են «պարել սկսում», մինչդեռ… ենթակա է: Գուցե սեփական պատասխանավությա՞նը: Կատեգորիկ իմպերատիվի՞ն: Սրամիտ կլիներ: Իսկ գուցե սխա՞լ է ենթակայից «պարել սկսելը»… Պետք է, այնուամենայնիվ, գործողությունի՞ց «պարել սկսել»…
Անգլերենում չկա նաև գործունեություն (деятельность) բառը: Action, acting, activity, activism, actionism, deed և այլն՝ նույնը չեն, իսկ actism չկա: Մեծ բարդություն է ստեղծում: Դրա հակառակ խնդիրն էլ կա. հայերենի ու ռուսերենի ակտիվ-ն էլ անգլերենում նույն իմաստը չունի:
Հետաքրքիր են նաև տերմինների բազմիմաստությունից առաջացող խառնաշփոթները: Մի հարցազրույցում ասացի «դիսցիպլին»՝ նկատի ունենալով գիտակարգը կամ դպրոցական առարկան: Թարգմանեցին «կարգապահություն»: Ստացվեց՝ «Տրամաբանությունը, որպես կարգապահություն, չեն դասավանդում մեր դպրոցներում»: Իհարկե, ժուռնալիստի և խմբագրի անգրագիտությունից էր գալիս, ինչպես և լինում է հաճախ, երբ այսպես կոչված «բանասերները» պարզապես անկարող են հասկանալ միտքը, և հետևում են իբր-նորմերի զսպաշապիկներին, քանի որ սովորել են լինել ստրկամիտ, ո՛չ թե ազատամիտ և պրպտող: Սովորել են չհասկանալ: Չփորձել իսկ: Համատարած երևույթ է այսօր Հայաստանի գրագիտության ճգնաժամում:
Բայց կան նաև այլ կարևոր դեպքեր, երևի՝ ամենահաճախականը. և՛ հայերեն, և՛ միջազգային տերմինն օգտագործելի է: Ո՞րն ընտրել: Ես ընտրում եմ փոխնիփոխ, հաճախ՝ լեզվի (տվյալ կոնտեքստի, նախադասության) մուզիկային՝ երաժշտությանն ունկնդրելով (մուզիկային՝ երաժշտությանը): Երբեմն, ինչպես ասացի, իրար հետ եմ օգտագործում, երբեմն՝ մեկ մեկը, մեկ՝ մյուսը: Ինտերպրետացիա թե մեկնաբանություն: Ռեդուկցիա թե կրճատում: Թեորիա թե տեսություն: Պրակտիկա թե… Լավը չկա, նայած կոնտեքստի՝ գործնականություն: Պրագմատիկա…
Շատ տերմիններ, թարգմանվելիս, որոշակի իմաստ տանուլ են տալիս, գուցեև այլ իմաստ ձեռք բերելով: Օրինակ՝ absolut բառը լատիներենից եկել է բառից, որ նշանակում է – ինքնաբաժանվողը առանձնացնել, ինքնաբաժանվողից հեռվանալ/հեռու լինել: Հասկանում եմ, որ՝ հեռվանալ/հեռու լինել այն ամենից, ինչ աբսոլյուտ չէ, նյութական է, հարաբերական, վերլուծվող, այսօր կա՝ վաղն այլ է կամ չկա: Եվ ինչը որ հեռու է այդ ամենից՝ աբսոլյուտ է: Չմոռանանք նաև դրա այլ իմաստը՝ absolution – (հանգուցա) լուծում, ավարտ, ազատագրում-փրկություն: Այսինքն, երբ մարդ մահանում է՝ նրա կյանքը հանգուցալուծվում է, նա ազատագրվում, փրկվում է կյանքից, հանգստություն ստանում և բացարձակին միանում:
Հայերեն, ուրեմն, թարգմանվել/ում է «բացարձակ»: Բացի հեռվանալու գաղափարից՝ մնացած ասոցիացիաներն ու թեզաուրուսները լրիվ այլ են: Բաց է ու արձակ, ի՜նչ ինքնալուծվող, ի՜նչ «հակավերլուծվող»: Ինչը որ բաց է ու արձակ անսահմանորեն, հեռու՝ այստեղից, իր «արմատի՞ց», ինչպես հերարձակ կնոջ մազերի ծայրերը՝ գլխից:
Վատ թարգմանություն / համապատասխանություն չէ, իհարկե, բայց մեկ է – կարիք է ստեղծում երկու տերմինն էլ պահպանելու և ըստ կոնտեքստի նպատակահարմարության օգտագործելու:
Ինչը և հաճախ ամենաճիշտն է, քանի որ հայերեն տերմինները, հաճախ ունենալով ներկայիս կյանքի հետ ուղղակի աղերսներ, ի տարբերություն շատ միջազգայինների, պահպանում են հավելյալ անալոգիաներ, որոնք կարելի է օգտագործել, իսկ երբեմն՝ խանգարում են, ավելորդ ասոցիացիաներ ստեղծելով իրենց կազմության մեջ եղած բառիմաստների հետ:
Անալիզի համար վերլուծել բառը վատը չէ (ուշադրություն դարձնենք լուծելու-լուծույթի աղերսին՝ absolute-ի solut-ion-ի հետ), անալիզը և վերլուծելը հեշտորեն փոխարկելի են: Բայց սինթեզը՝ ոչ: Սինկրեզը՝ ընդհանրապես չկա: Տրանսցենդենտը անդին-ն է, գուցե, եթե հասկանան: Օնթոլոգիան այն իմաստով, որով ես եմ օգտագործում՝ «օբյեկտների «իրական» տեսք՝ տվյալ խմբի կոնտեքստի համար», «գոյաբանություն» թարգմանելը մի լավ կարող է շեղել:
Հսկայական խնդիր է բազում հաճախ օգտագործվող նոր հասկացությունների թարգմանելն անգլերենից: Ինչպե՞ս թարգմանել evidence, եթե փաստ բառը չէ, evidence-based թարգմանում են փաստահեն (կամ՝ ապացույցահեն), բայց փաստը բարդ բան է, իրականում evidence-ն ավելի շատ «քո աչքով տեսածին» է կապված, ակներև-ին (vid – vision արմատն է), ճիշտ ինչպես որ ես որոշել էի պատանի ժամանակ, որ չեմ հավատալու ոչնչին, ինչ չեմ տեսել իմ աչքով, այսինքն ոչ թե չեմ հավատալու՝ այլ, եթե կարիքը չկա, կարծիք չեմ կազմելու, ճշմարտություն է, թե ոչ, էդպես առկախված եմ թողնելու:
«Փաստահեն» բառի «-հեն»-ն էլ է պատմություն. ասում են, թե, չգիտես ինչու, ինչ-որ լեզվաբաններ որոշել են, որ այդ արմատը ծովահեն-ի «հեն»-ի հետ կարող է շփոթվել, որտեղ հեն-ը հին գրաբարյան բառով թալանչին է, բանդիտը, ավազակը: Փոխանակ թալանչի-ի կամ բանդիտ-ի փոխարեն իրոք օգտագործեն: Մինչդեռ հայերենի քերականական տրամաբանությունը հուշում է, որ հենք-ը գոյական է, այսինքն փաստահենք-ը հենք է դառնում, ոչ թե ածական: Ճիշտ ինչպես որ քարաշեն-ի դեպքում՝ «քարաշենք» չեն ասի: Այսինքն կանոնը դա է. որ այդ -ք-ն պիտի դուրս գա: Այդպես փորձում ենք, ինչպես և հաճախ այլ հարցերում, «մեյնսթրիմին» հակառակ գնալ և գրել «փաստահեն»», «իրավունքահեն» (թե ես լինեի՝ էդ –ունք-ն էլ կհանեի, կասեի «իրավահեն». որքան կարճ, այնքան լավ): Մեյնսթրիմ-ն էլ՝ մեկ այլ խնդիր. առաջարկել եմ «մեյնսթրիմինգ»-ի փոխարեն՝ մայրուղացում – բառացի չէ, բայց իմաստը հաղորդում է: Մեյնսթրիմ-ը, դե, գլխավոր հոսք է նշանակում, իսկ մեյնսթրիմինգ-ը՝ մեկ այլ բան. երբ որևէ բան վերցնում են և ոչ թե որպես առանձին ճյուղ, ընթացք, ուղղություն, հոսք դնում՝ այլ ընդգրկում բոլոր ճյուղերի, ընթացքների, ուղղությունների, հոսքերի մեջ, այդպիսով դարձնելով կարևոր շեշտերից մեկը ցանկացած գործի՝ «կարմիր թելի» պես: Երբ «առանձինը» «մոդուլավորում» են ամբողջի միջով: Ինչպես, օրինակ, եթե փոխանակ քննես տեքստի առանձին՝ պոետիկությունը, առանձին՝ ոճը, առանձին՝ քերականությունը, առանձին՝ բառաապաշարը, առանձին՝ պատկերավորությունը, առանձին՝ սյուժեն, գործող անձանց կերպարները և այլն, – դիտարկում ես պոետիկան ոճում, քերականությունում, պատկերավորությունում, բովանդակությունում և այլն, – «մայրուղացնում ես» պոետիկան:
Կլինի, իհարկե, դեպք, երբ վերցնում ես պոետիկան և նրա մեջ էլ դիտարկում պոետիկան (պոետիկայնությունը – պոետիկայի պոետիկայնությունը, չեմ կատակում), քանի որ ֆորմալիստների «թեթև ձեռքով» (իմ սիրելի ռուսիզմներից) պոետիկան ո՛չ թե առանձին մաս է, «գիտակարգ», այլ պոետիկայնությունը՝ հատկանիշ է գեղարվեստական (և ընդհանրապես) խոսքի / տեքստի / լեզվի:
Ի միջի այլոց, դա շատ օգտագործելի կիրառուկ է և կարող է օգտագործվել ցանկացած երևույթ ավելի լավ հասկանալու համար. ո՛չ թե մայր հետազոտել, այլ՝ մայրության հատկանիշները, դրսևորումները, թեկուզ՝ հայրերի կամ որդիների մեջ ներառյալ, ո՛չ թե «իրը» կամ «երևույթը», այլ՝ այդ երևույթի արտահայտումները:
Դժվար թարգմանելի է policy բառը, որպես մեկ այլ օրինակ. և՛ հայերենում, և՛ ռուսերենում կա միայն մեկ բառ և՛ policy-ի, և՛ politic(s)-ի համար՝ «քաղաքականություն»: Երկար կարելի է ասել՝ «ոլորտային քաղաքականություն»: Իսկ ասենք, policies and procedures թարգմանելը «քաղաքականություններ և ընթացակարգեր» անհաջող է հնչում: Կարելի է պատզապես թարգմանել «ընթացակարգեր» և հույս ունենալ, որ այդ բառն իր իմաստի մեջ ընդգրկեց («ներառավ») նաև policies-ը տվյալ կոնտեքստում:
Բայց այդ բառի չգոյությունը ռուսերենում, օրինակ, թույլ տվեց պուտինյան վարչակազմին՝ խորամանկորեն, ձև թափելով, իբր չեն հասկանում ինչումն է բանը՝ արգելել հասարակական կազմակերպություններին զբաղվել policy-ների ասպարեզներում բարեփոխումներ առաջարկելով: Հայտարարեցին, որ դա քաղաքականությամբ զբաղվել է նշանակում, իսկ վերջինս արգելեցին օրենքով: Այսինքն խորհուրդ տալը, ինչպե՛ս բարեփոխել կառավարման այս կամ այն ոլորտ՝ քաղաքականությամբ զբաղվել հայտարարեցին: Մազալուն այն է, որ դա, իհարկե, քաղաքականությամբ զբաղվել է նշանակում, սակայն խնդրի էությունն այն է, որ… ես էլ եմ համարում, որ հասարակական կազմակերպությունները չպիտի զբաղվեն քաղաքականությամբ՝ իշխական պաշտոնի ձգտելու իմաստով: Իսկ պուտինյան Ռուսաստանը բոլոր տեսակի «քաղաքականությամբ զբաղվելն» արգելեց և՛ անազնիվ կերպով (ասածս՝ բառի իմաստի բացակայությունը չարաշահելով), և՛ հակաժողովրդավարորեն, էլ չասած՝ որ ոչ սկզբունքորեն. պարզապես ու՛մ ուզում, ո՛վ դուրները չի գալիս՝ արգելում են, ու՛մ «կարելի է»՝ ոչ: Իսկ հասարակական ցանկացած գործունեություն և նույնիսկ անձնական կյանք՝ ըստ համեմատաբար «նոր» հովերի՝ քաղաքական է, անկախ նրանից, այդ բառը գործածվում է, թե ոչ: Այսինքն այդ իմաստով Պուտինը փորձեց արգելել ապրելը, բայց, իհարկե, սին հրաման է, ապրելը հնարավոր չէ արգելել, միայն՝ ուղղակիորեն սպանելով:
Այն, որ ամենը քաղաքականություն է, վերջերս՝ մոտ մեկ դար առաջ հստակորեն սահմանվեց, թեև գալիս էր, երևի, առնվազն կլասիկներից, եթե ոչ անտիկներից. ասենք, արդյոք ես առավոտյան գերադասում եմ թեյ թե սուրճ՝ դա էլ է քաղաքականություն, գուցե փոքր, բայց՝ քաղաքականություն: Այսինքն, երևի՝ ես կանխորոշում եմ աշխարհում թեյ կամ սուրճ խմելու հաճախականությունը, այդպիսով մասնակցելով «մեծ» պրոցեսների: «Քաղաքականություն» բառն ամենադժվար սահմանելի բառերից է, ինչպես և՝ «տեքստը» (դե արի ու որոշիր, որտե՛ղ է այն ավարտվում – նրա էսենցիալիստական սահմանում գրեթե հնարավոր չէ), – բացի այն դեպքից, երբ խոսքը կամայական որոշման մասին է՝ իշխի ձգտելիս կամ այն ամրապնդելու նպատակով, ձեռքից բաց չթողնելու:
Իսկ այդպիսի «միկրո» քաղաքականությունը, ինչպես թեյ թե սուրճ գերադասելը, թեև էլի ազդում է «մեծ աշխարհի» վրա, սակայն քաղաքականություն մեկնաբանվելու համար հատուկ հավատ է պահանջում մարդուց՝ որ ինքն անիշխ չէ և իր նույնիսկ միկրոարարքները մեծ նշանակություն ունեն: Լեզվի ու արժեքային համակարգերի, սոցիումների մեջ դա արտացոլվել է, օրինակ, «քաղաքական կոռեկտություն / պարկեշտություն» կապակցության՝ հսկայական նշանակություն ձեռք բերելում՝ վերջին դարի ընթացքում: Դրա էությունն է՝ «մի՛ անվանիր դիմացինիդ այնպես, ինչպես նա չի ցանկանում անվանվել, եթե չես ուզում, որ քեզ հետ վարվեն նույն կերպ»:
Այստեղ կրկնեմ նաև իմ «սիրելի» մեկ այլ դեպք պուտինյան Ռուսաստանի կողմից ճշմարտությունն աղավաղելու. երբ ասում են, որ ԱՄՆ-ը տասնյակ միլիարդավոր դոլարներ են հատկացրել (դեմ եմ այստեղ «Նահանգները» հոգնակի չնշելու նոր սովորությանը) Ուկրաինայում «գունավոր հեղափոխության» իրականացման համար (Պուտինն անձամբ էլ է ասում)՝ ճշմարտության խորին աղավաղում է տեղի ունենում: Հղում են անում ԱՄՆ այն հայտարարությանը, որ արվեց Մայդանի օրերին (2014), որ ԱՄՆ-ը հատկացրել են տասնյակ միլիարդավոր դոլարներ Ուկրաինային՝ իր անկախացման օրվանից: Այսինքն հատկացվել է ամեն ինչի համար. տնտեսական զարգացման, ինստիտուցիաների կառուցման և այլն: Ստացվում է, քանի որ Մայդան եղավ՝ ուրեմն ամբողջ այդ փողը դրա համար էր: Գումարը և Մայդանի փաստը վերցնելով որպես իրական փաստեր՝ Պուտինը խորապես խճճում է գործի էությունը: Եթե այդպես վերցնենք, պետք է հաշվել, թե որքա՛ն փող է հատկացրել «միջազգային հանրությունը» Ռուսաստանին մինչև Պուտինը և Պուտինի օրոք – և կարող ենք պնդել, որ այդ ամենը եղել է իր իշխն արմատավորելու և ամրապնդելու համար: Իրոք. արժույթային հիմնադամի հերթական «տրանշի» գալով կազինոների շուրջ աժիոտաժն (ինչպե՞ս թարգմանել այս համով բառը – ագիտացիան էլ նույն արմատն է, բայց ինչքա՜ն տարբեր իմաստներ… աշխուժություն է նշանակում, սակայն շա՜տ ավելի արտահայտիչ է – խժդժությու՞ն) ինքս եմ հիշում Մոսկվայում՝ 1990-ականների վերջում և 2000-ականների սկզբում:
Բայց վերադառնանք տերմինների թարգմանության խնդրին. շատ դժվար է թարգմանել advocacy, թեև, թվում է, ադվոկատ բառը վաղուց կա: Եվ երբեք չեմ հասկացել, ինչ կապ ունի ավոկադոյի հետ: Սա՝ կատակ, բայց այդ համընկնումները հետաքրքիր են. արդյո՞ք Աֆրոդիտեն կապ ունի Աֆրիկայի հետ, իսկ Եվրոպան՝ եվրեյների (հրեաների):
Բայց դառնանց ադվոկասի-ին. քանի որ ադվոկատը դատապաշտպանն էր, ադվոկասի-ն թարգմանել չէր ստացվում: Եթե ադվոկատը փաստաբանն է, ապա ադվոկասի-ն կդառնար փաստաբանություն, որը հնարավոր է, բայց էլի կխառնվեր դատական պրոցեսներին, եթե կոնտեքստը հստակ չլիներ: Բայց դարձավ «ջատագովություն» (վատ չէ) կամ ավելի երկար տարբերակով՝ շահերի պաշտպանություն:
Vision-ը «տեսլական» են թարգմանում, քանի որ տեսիլ(ք)-ը լրիվ այլ իմաստ ունի, հեռատեսիլ-ը չկպավ, հաղթանակեց հեռուստացույցը, որտեղ -ուստ-ը լրիվ ավելորդ է թվում, և ռուսերեն էլ կա видение-ի խնդիրը, իսկ, տարօրինակաբար, vision-ը հազար ու մի իմաստ ունի և հանգիստ հասկացվում է անգլերենում իր բոլոր իմաստներով՝ կոնտեքստից: «Տեսլական»-ի դեմ մեծ ելույթներ են լինում, չգիտեմ, նրանից է արդյոք, որ բառն է տգեղ կամ արհեստածին թվում, թե այդ «հկ-ական» լեզվից հոգնածությունն ու հիասթափությունը, երբ թվում է, թե տեսլականներ մոգոնելու պատճառով կյանքն ու աշխարհն են բաց թողել/թողնում, ինչը, իհարկե, հաճախակի երևույթ է, բայց, ի վերջո, հասկացությունն այդքան էլ մեղավոր չէ: Ընդհակառակը. դա ոչ թե «հկ-ական», այլ՝ ընդհանրապես պրոյեկտային պարադիգմի և կազմակերպչական մենեջմենթի, պրոատկիվ (առաջանցի՞կ – դուրըս չի գալիս) կյանքի բառ է. մարդիկ, հասարակությունները պիտի տեսլական ունենան: Չէ որ աշխարհը կազմակերպություններից է բաղկացած. ամեն կազմակերպություն և ամեն պրոյեկտ պիտի ունենան իրենց տեսլականը: Ուրիշ բան, որ պրոյեկտ անել չիմացող (կամ չհասկացող, որ ինչ անում են՝ պրոյեկտ է) մեր հասարակության հետամնաց մասը տեսլականը խառնում է սին երազանքների հետ: Կամ էլ՝ վատ ու սին տեսլականներից զզվածներն են քննադատում, ինչը լեգիտիմ է: Լևոն Տեր-Պետրոսյանը լեգիտիմ-ը թարգմանեց օրինակարգ. պետա-քաղաքական դեպքերում՝ հնչում է, իսկ իմ վերը բերած կոնտեքստում՝ ոչ այնքան: Կարելի է ասել, գուցե, օրինավոր, ոչ թե այն իմաստով, որ կա այդպիսի օրենք, որին դա համապատասխանում է, այլ այն իմաստով, որ խոսողի «ներքին» օրենքը դա ընդունում է, արդար համարում: Կարելի է ասել, կարծես թե, պարզապես «արդար»: Հայերենը միշտ հնարավորություն կտա իմաստի ճշգրիտ համարժեքը գտնել, թեկուզև այլ բառերով:
Ի թիվս այլ բազում տերմինների, շատ դժվար է թարգմանվում «կոնֆլիկտ» բառը: Բառացիորեն կարող էր թարգմանվել «փոխհարում»: «Բախում»-ը քիչ է, քանի որ ֆիզիկական՝ մարմիններով հանդիպում է նշանակում բառացիորեն, մինչդեռ կոնֆլիկտի ժամանակ հաճախ կարող են միմյանց հարել՝ «հարված» արմատից, առանց բախվելու: Լատենտ կոնֆլիկտ-ը թարգմանել «գաղտնի բախում»՝ լրիվ աբսուրդ է ստացվում, գոնե՝ «աներևույթ» կամ «չարտահայտված»: Կոնֆլիկտը բաժանել մասերի՝ հակամարտությունը մի դեպք, բախումը՝ մեկ այլ, էլի խնդրահարույց է: Փաստորեն, եթե «փոխհարում» կամ այլ հարմար բառ ընտրված-գտնված չէ, մենք չունենք այդ բառի համապարփակ համարժեքը, ինչպես և շատ այլ դեպքերում: Այդ է պատճառը, որ հարմար է օգտագործել բոլոր դեպքերը՝ նայած հանգամանքների: Երբ ընդհանրականի կամ անստույգի մասին է խոսքը՝ կոնֆլիկտ, երբ ռազմական կամ աշխարհագրական՝ հակամարտություն: Կնոջ և ամուսնու կոնֆլիկտի մասին չես ասի «հակամարտություն», և նույնիսկ «բախում» գուցե դժվար է ասել. բախումը, կարծես, կարճ է տևում, եղավ՝ և վերջացավ, երբ բախվեցին արդեն: Հանգավ: Բախվեցին ու կանգ առան, բը՛մփ: Արդեն բախվել են: Իսկ կոնֆլիկտը երկար բան է սովորաբար:
Ոչ միայն տերմինների, այլև բառերի այդպիսի պակասներ շատ ու շատ կան, հաճախ էլ՝ ամենատարածված բառերի: Օրինակ, հայերենում չկա great կամ великий բառի համարժեքը: «Մեծ»-ն է օգտագործվում, բայց շատ նույնական է big ու большой-ին: Մեկ այլ անհարմարություն՝ չկա ехать բառը. գնալ, ընթանալ, ճանապարհորդել, ճամփի լինել և այլն, բայց՝ ехать ու идти բառերի միջև հստակ տարբերակում չկա՝ գնալ… Փոխարենը՝ կան բառեր, որոնք հայտնի չեն և գրեթե չեն օգտագործվում, թեև հաճախ են պետք գալիս, օրինակ՝ մտոց «լյուկ» իմաստով: Прищепка-ն էլ սեղմակ կարող է լինել հանգիստ:
Դժվար է թարգմանել capacity-building` կարողությունների կառուցում, և ընդհանրապես, և՛ capacity բառը՝ որ բառացիորեն նշանակում է տարողություն, ոչ թե կարողություն, և՛ building բառով կառույցները՝ peace-building և այլն, դժվար թարգմանելի են: Այդ մտածողությու՛նն է պարզապես բացակայել հայոց լեզվից՝ խորհրդային և դրան նախորդող ժամանակներում (իսկ այդ հասկացությունները հիմնականում ստեղծվել և ստեղծվում են Երկրորդ համաշխարհայինից ի վեր), հիմա էլ հեշտ չէ այն իրավահավասար կերպով «տեղադրել» լեզվում: «Խաղաղաշինության» պես՝ կարելի էր ասել «տարողաշինություն» (կատակում եմ – իսկույն ծնվեցին «խաղաղաշեն», «տարողաշեն» կատակա-ծաղրական ձևերը), բայց կա նաև գռեհիկ լեզվի ազդեցության խնդիրը. քանի որ «շինելը» շատ բան է նշանակում, նաև՝ քանդել (ոչ միայն «տունդ շինվի» իմաստում, այլև «մայրիկդ շինվի» իմաստում, այսինքն այնքան կենակցել՝ որ մարդը քանդվի – արժանապատվությունը ոչնչացնել), էդ բոլոր բառերը, մանավանդ, որ չարաշահվել են մեր աշխարհամասում (խաղաղաշինությունը՝ հատկապես զոհ է գնացել չարաշահող դիսկուրսների), – թեկուզ կատակային, բայց նաև ա՛յլ իմաստ են ձեռք բերում, ուրեմն և «կառուցել»-ը «շինել»-ու փոխարեն ավելի հարմար է:
Շինել-ն ու քանդել-ը շատ հետաքրիր են այդ առումով. նույն բանն են նշանակում, քանդ-ը՝ քենդ (Տաշ-քենդ) – էլի նույն շեն-ն է: Կերտ-ն էլ է այդ բառը: Այսինքն տարբերություն չկա շինել-ու և քանդել-ու միջև, դրա համար էլ Երևանը շինել-ով՝ քանդ-ում են, քանդակ-ում:
**
Հայերենի տերմիններն ընդհանրապես, ինչպես նշեցի, այդ խնդիրը հաճախ ունեն, նույնիսկ խորապես ընդունվածները. ասոցիացիաներ (զուգորդումներ) են ծնում մարդու գլխում, օրինակ՝ «քաղաքացի» տերմինը. ինչպե՞ս անվանել գյուղացու հակառակին՝ քաղաքի բնակչին, քաղաքաբնակին, ոճը ցածրացնել, ասել «քաղքացի՞», ինչպես որ ասում են «քաղքի տղա» (կամ «գեղցի»): Նույն պատճառով ես խորապես դժգոհ էի, երբ անկախության գալով դեպուտատին անվանեցին ոչ էլ երեսփոխան այլ՝ պատգամավոր, այսինքն՝ դելեգատ: Դեպուտատ բառը լատիներենից գալով, նշանակում է փոխարինող, այսինքն երեսփոխանը ճիշտ է՝ ժողովրդին ներկայացնող, նրա ձայնը փոխարինող այն բանից հետո, երբ ընտրվել է: Գուցե «փոխան» բառի հետ ասոցիացիան էր, որ իշխի ինչ-որ ներկայացուցիչների ստիպեց գերադասել պատգամավոր բառը, գուցե՝ երեսպաշտ բառի հետ ասոցիացիան, չգիտեմ: Նշենք նաև, որ deputy անգլերեն նշանակում է նաև ղեկավարի փոխարինող՝ փոխտնօրեն, և այդ առումով էլ է հանդիսանում «թարգմանչի կեղծ օգնական», ինչպես և, ասենք, անոտացիա բառը (սեղմագի՞ր), որն անգլերեն չի կարելի նույնությամբ ասել, այլ մեծ մասամբ պետք է ասել՝ abstract: Час от часу не легче, ինչպես կասեն ռուսախոսները – աբստրա՞կտն ինչ կապ ունի: Բնական է՝ այստեղ աբստրակտ նշանակում է խոշոր տեքստից «աբստրահվել» (վերացարկվել)՝ ու նրա կարճ իմաստը վերարտադրել: Նույն կերպ էլ աբրեվիատուրա՝ հապավում չի կարելի անգլերեն ասել abbreviation, եթե խոսքը մի արտահայտության (երկար անվան) առաջին տառերի՝ իրար բերելու մասին է, այլ պետք է ասել՝ acronym: «Դելեգատ» բառն էլ լատիներեն «լեգատ» հիմքով՝ հանձնաժողով (-մարդ) «ինչ-որ տեղ ուղարկելու» գաղափարից է («հանձնամարդ» բառն էլ չունենք – գործակա՞լ, ագե՞նտ. գոնե հանձնակատար-ն ու հանձնախումբ-ն ունենք), այսինքն ինչ-որ իշխի անունից և նրա մանդատով գործուղված մեկը կամ մի քանիսը: Բայց մեր ԱԺ-ն նստում է նստաշրջանների, իսկ գործուղվում հիմնականում՝ որ արտասահմանում կոֆե խմի: Ժողովրդի պատգամն է տանում, իբր – ու՞ր: Ու՞մ:
Նույն կերպ էլ բարկացա, երբ պրեզիդենտին վերանվանեցին նախագահ՝ պրեդսեդատել, թեև արմատը նույնն է և՛ պրեզիդենտ-ի, և՛ պրեդսեդատել-ի՝ «նախանիստ, նախանստող», և իրոք նախագահ իմաստին հարիր է, սակայն իսկույն, ասենք, որևէ հանձնաժողովների նախագահողներին ու երկրի ղեկավարին նշող տերմինների միջև անհարկի խառնաշփոթ հիմնադրվեց: Ի միջի այլոց, անգլերենը (լատիներենից)՝ president, նույն ռուսերենի նախագահն է՝ председатель, pre-ն пред-ն է, sid-ը՝ сед-ը, նստուկը: Բայց անգլերենում էն՝ հանձնաժողովների նախագահողներին անվանելու հարցը լուծել են՝ իրենց «բնածին» chair՝ աթոռ բառն են վերցրել: Ու մոռացել են պրեզիդենտ-ի նախնական իմաստը, ինչպես և պետք է վարվել տերմինների հետ, և, ահա, պրեզիդենտը դարձել է առաջնորդ, որը ոչ մի հանձնաժողովի նախագահող էլ կարող է չլինել, այլ՝ հառա՜ջ, դեպ հաղթանակներ: Հրամաննե՛րս կատարեք: Իսկ հայերենում երբ քննարկում են, նախագահական թե կիսանախագահական՝ ի՛նչ տարբերություն, մեկ է ինչ-որ բանի, խմբի նախագահող է լինելու, իսկ գահը մնում է դատարկ: Որովհետև նախապես արդեն գահողը խառնվում է դատարկ գահից առաջ, մինչև դատարկ գահը գտնվողի՝ նախ-ա-գահ-ի հետ: Իհարկե, կարելի է փաստարկել, թե դատարկ գահին սիմվոլիկ կերպով ժողովուրդն է նստած, ընտրողները: Լավ փաստարկ է: Առաջներում՝ աստված էր նստած, բայց այդ ժամանակներն անցել են:
**
Իհարկե, մարդիկ հեշտությամբ են կոնտեքստից տարբերակում բառի իմաստը, ոչ ոք, ասենք, «կադր» բառը կինոյի կոնտեքստում կադրերի բաժնի կոնտեքստի հետ չի խառնում, բացի եթե որոշի պատկերավոր կամ փոխաբեր վարվել, – բայց վերանվանումների չափից դուրս շատ քանակը մարդկանց գցում է հունից, նրանց դարձնում որոշ իմաստով՝ մանկուրտ, այսինքն ասում՝ որ դուք ձեր անցած նախորդի վրա խաչ քաշեք, եկել է նոր ժամանակ, ձեր անցած նախորդը բանի պետք չէր, կորցրե՛ք ձեր հիշողությունը, սովորեք նո՛ր հիշողություն: Նույնն է, երբ տեղանուններն են վերանվանում: Աբսուրդ է, երբ Շորժան վերանվանում են Շողակաթ, էն էլ չես հասկանում, գյուղը, թե խոշորացված համայնքը, ու ո՛րը ո՛րն է այսուհետ: Հայրս նույնիսկ Ծաղկաձորն էր մինչև վերջ Դառաչիչակ ասում, Հրազդանը՝ Ախտա: Հիշողությունն ինքնության հիմքն է, և վերանվանելը մարդու ինքնությունից մի խոշոր կտոր է ջնջում, – և շահավետ է զուտ անարդար իշխին, որն այդպիսով մարդուն ավելի խեղաթյուրված, խոտորված, աղավաղված է դարձնում: Այդպես ծաղրել եմ դա, ասենք, գրելով «Մաշտոցի, մինչ այդ՝ Լենինի, մինչ այդ՝ Ստալինի, մինչ այդ Թումանյանի պողոտա»: Մազալուն Բաղրամյանն է. սկզբում, երբ նա դեռ կենդանի էր, անվանեցին Բաղրամյան, հետո Ստալինի պաշտամունքը քանդելու հետ՝ որոշեցին, որ անձերի անուններ չեն տալու, քանի դեռ մարդիկ սաղ են, – կամ Բաղրամյանը Խրուշչովի հետ վատացավ, չգիտեմ, – և վերանվանեցին Բարեկամության: Բայց բոլորը գիտեին, որ երբ Բաղրամյանը մեռնի՝ էլի վերանվանելու են: Սպասում էին, որ մարդը մեռնի՝ որ վերանվանեն: Գուցեև ինքն էլ էր դրան սպասում: Հետո մեռավ՝ վերանվանեցին: Բայց մազալուն այն է, որ երբ Բարեկամության էր՝ ես անընդհատ խառնում, տաքսու վարորդին ասում էի «քշիր Բաղրամյան», իսկ երբ Բաղրամյան է՝ խառնում-ասում եմ «Բարեկամության»: Ուղեղն ապստամբում է վերանվանումների դեմ, ուզում է պահպանել իր ինքնությունը:
Նույնն էլ՝ արդեն նշածս հապավումները: Դրանք նույնպես ձև են՝ իշխելու, որպեսզի մարդիկ կտրվեն այդ բառերով արտահայտված իմաստների հետ ասոցիացիա անելու կարողությունից: Կոմունիստական կուսակցությունը դեռ կհասկանային, ինչ էր ուզում եղած լինել, ՍՄԿԿ-ն կամ ԽՄԿԿ-ն՝ արդեն օտա՜ր, անհասանելի՜: Էլ չասած՝ ՍՍՀՄ-ԽՍՀՄ-ը: Լրիվ նույն ընթացքի դրսևորումն է հապավումների հաղթարշավը Սովետի կոլապսից հետո, օրինակ՝ Ռուսաստանում (МОУ СОШ նշանակում է «դպրոց»): Բայց մեզանում էլ վատ չէ՝ ԿԳՄՍՆ, և հատկապես ես հավանում եմ ԱԳԼՃԿ-ն: Տեսնես ո՛վ է նստել և խորապես մտածելու արդյունքում այդ հանճարեղ բառակապակցությունն արծարծել. «ավտո-գազա-լիցքա-ճանապարհային կայան», կամ «ավտոմոբիլները (պաշտոնական բառը դա է) գազով լիցքավորելու ճանապարհային կայան»:
Բայց նույնիսկ սովետական (խորհրդային, գրողը տանի, էստե՞ղ որն ընտրենք. երբ արհամարհանքով եմ լեցուն, երանգավորում եմ՝ ասում եմ սովետական, երբ չեզոք իմաստով՝ խորհրդային) գործիչների կամ այդ ժամանակվա անունների վերանվանումները հետևանքային են (consequential), մանավանդ որ վերանվանումների տարափը չի հասնում փոփոխվող իրականության հետևից: Հետաքրքիր էր Ամիրյան փողոցի դեպքը, երբ սկզբում վերանվանեցին, հետո ետ բերեցին՝ արդեն մյուս եղբորը նկատի ունենալով, ասես Սարոյան եղբայրներ. մեկը բոլշևիկ էր, մյուսը՝ դաշնակցական:
Շարունակելի