Գևորգ Թումանյանի «ՎՐԻՊՈՒՄՆԵՐ»-ը/Վարդան Ջալոյան

Ինչի՞ մասին է այս գիրքը. «Հակոբյանի թեթև ձեռամբ էսօր ծնվեց վեցերորդ, հավանաբար, նախավերջին գիրքս։ Ինձ համարյա էլ բան չմնաց ասելու, բայց ոնց էլ լինի՝ յոթերորդը, վերջինը, տարիներ հետո մի կերպ կբստրեմ»։

Այսպես է գրում Գևորգ Թումանյանն իր նոր գրքի մասին: Ո՞նց կընկալեիք՝ կոկետությո՞ւն, թե՞ հարց:

Որպես հարց այն խնդիր է գրելու մասին: Մեր լավագույն բանաստեղծներից է Աշոտ Խաչատրյանը: Ընկեր էինք, ու գիտեմ, որ իրեն հարց էր տալիս ԷԼԻ ԳՐԵԼՈՒ մասին:

Երբ ունես տաղանդ, էներգիա, զգացումներ, ցանկություն և ասելիք, ո՞նց կարող է առաջանալ այդ հարցը՝ Էլի գրել:

Լռելը, ինչո՞ւ է լռում բանաստեղծը, գիտի Արթյուր Ռեմբոն: Արթյուր Ռեմբոյի և Աշոտ Խաչատրյանի հարցադրումները մոտիկ են. նույնիսկ երբ կարող ես գրել, պետք է լռես: Լռելը այստեղ այնքան խոր իմաստ ունի: Այն նշանակում է լսել պոեզիան:

Համարվում է, որ պոետը պիտի ԱՐՏԱՀԱՅՏՎԻ, այսինքն էլի պիտի գրի: Գևորգ Թումանյանը գրում է՝ մի քիչ էլ կգրեմ, ու … նախավերջ, ինքնարտահայտումը սահման ունի: Հաջորդ գիրքը վերջն է. գուցե վերջը չի, իմաստը հենց դա է. ինքնարտահայտումը սահման ունի:

Մի օր ամեն մի բանաստեղծ կամ արվեստի հավակնություն ունեցողը պիտի ասի.

ավե Բանաստեղծություն
մահվան գնացողները
ողջունում են քեզ
ախ

կամ, կոնկրետացնում է.

արհեստական շնչառության
ոչ մի սարք
այլևս չի փրկի
իմ զառամյալ մուսային
ախ

«Ախ»-ը ափսոսանքի բացակակայությունն է, բայց կենցաղային՝ ի՞նչ պոետական բան կարելի է գտնել այդ բացականչության մեջ՝ միգուցե, նախավերջին, այդպես է կոչված իր գիրքը:

Ինչո՞ւ պոետները պետք է լռեն։ Ադոռնոն գրում է. «Աուշվիից հետո արվեստը լռում է»: Ափսոս չէր կարդացել Տերյանին, որ հարց էր տալիս. «Մի՞թե վերջին պոետն եմ ես …»։

Երբ համեմատում ես Գևորգ Թումանյանի ընկալումը մոդեռնիզմի բարձր ընկալման հետ, չես կարող տեսնել պոստմոդեռնիստական հեգնանքը. վերջինը դառնում է նախավերջին:

Մի տեսակ, զգալով պոեզիայի զգացման անկումը, հոռետեսությամբ եմ վերաբերվում Գևորգի հեգնանքին. վերջին գրքերը հաճախ են լինում նախավերջին, բայց նախավերջինները ևս անորոշ ճակատագիր ունեն:

Հետևաբար, երբ խոսում ենք նախավերջին գրքի մասին, հասկանում ենք, որ խոսքը պոետական խոսքի մասին է՝ վերջինի և նախավերջինի մասին: Ընդհանրապես ի՞նչ է այդ միջակայքը:

Դա պոեզիա գրելու անհնարին հնարավորությունն է: Երբ արդեն հնարավոր չէ գրել, բայց դեռ հարավոր է ԷԼԻ ԳՐԵԼ:

Ինչի մասին է Գևորգ Թումանյանի այս գիրքը. Էլի գրելու ջանքի մասին: Որ այդ ջանքը վերջին, անհնարին գիրքը դարձնում է նախավերջին:

Կուզենայի ավելի վերլուծել, ժամանակ չկա: Նախավերջին գիրքը, այն այնքան քիչ տեղ է թողնում վերջինի համար:

Please follow and like us: