Հասմիկ Հակոբյան
Գաղտնիք չէ, որ Թումանյանը ստեղծագործելիս մեծապես սնվել է ժողովրդական բանահյուսության առատ պաշարից, ինչը տարընկալումների և բանավեճերի առիթ է դարձել։ 20-րդ դարասկզբին եվրոպական և ռուսական քննադատության ազդեցությամբ հայկական մամուլում ևս հայտնվում են նյութեր, որոնցով փորձեր են արվում զատորոշել ստեղծագործ մտքի և դրա բառացի վերարտադրության սահմանները։ Բավականին թույլ հիմքերի վրա էր հեղինակային իրավունքների պաշտպանվածությունը։
Լինելով հեղինակային իրավունքի պաշտպանության ակտիվ ջատագովներից՝ Թումանյանը բազմիցս ներգրավվել է հեղինակային իրավունքների խախտման առիթով ծագած բանավեճերի մեջ, նույնիսկ հանդես է եկել առանձին հոդվածներով՝ ի պաշտպանություն տարբեր հեղինակների խախտված իրավունքների։ 1897 թ․ Շիրվանզադեի հեղինակային իրավունքների պաշտպանությամբ հանդես գալով՝ Թումանյանը «Մշակ»-ի աշխատաոճը անվանում է «խուժանական լոգիկայի» արտահայտություն, ինչի համար «Մշակում» տպված անանուն հոդվածում սկզբունքային բանաստեղծին հասցվում են անձնական վիրավորանքներ և նյութական վնաս, ոտնահարվում է նրա արժանապատվությունը։ «Մշակը» Թումանյանին մեղադրում է պարտք լինելու և այն չորս տարի շարունակ չվերադարձնելու մեջ, մինչդեռ հեղինակը այն վերադարձրած է լինում1։
Հեղինակային իրավունքի հարցերին առնչվող հաջորդ սուր բանավեճը 1904 թ. աշնանն է եղել: Հեղինակն իր դժգոհությունն է հայտնել այն առիթով, որ վերցրել և իր մանկական ստեղծագործությունները փոփոխություններով զետեղել են դասագրքերում՝ առանց իրենից թույլտվություն ստանալու։ Թումանյանը 1904 թ. նոյեմբերի 27-ին «Մշակում» գրում է. «Կան մի տեսակ շփոթողներ էլ, որ ինձ շփոթում են… իրանց հետ… Վերցնում են իմ ոտանավորները, փոփոխում են, ինչպես քեֆներն է տալիս… արգելում եմ այսուհետև օգտվելու իմ ոտանավորներից առանց իմ համաձայնությունն առնելու» (6, 137)։
Հեղինակային իրավունքների պաշտպանության համար նման համառ ու նախանձախնդիր պայքար մղող Թումանյանը, սակայն, չի խուսափում գրագողության մեղադրանքներից։ 1909 թ․ «Մշակ» թերթում տպագրվում է Ռ․ Դրամբյանի ««Գրական մեծությունները» բանագող» վերտառությամբ հոդվածը2, որտեղ հայ հեքիաթագրության գեղարվեստական մակարդակը նոր աստիճանի հասցրած Թումանյանին կոպիտ տոնով համարում է ժողովրդական ստեղծագործությունների սոսկական արտագրող։ Ընդ որում, Դրամբյանը սլաքներն ուղղում է ոչ միայն Թումանյանի, այլ նաև նրա գրչակից ընկերների դեմ (մասնավորապես, «Քաջ ճամփորդները» և «Լուսաբեր» ստեղծագործությունները հեղինակած Ստ․ Լիսիցյանի)։ Դրամբյանը պնդում է, որ հեղինակներն արտագրել են Ս․ Հայկունու աշխատություններից, մինչդեռ մասնագետների կարծիքով դրանք պարզապես բանահյուսությունից արված գրառում-մշակումներ են եղել։ Հուզական երանգ հաղորդելով հոդվածին՝ Դրամբյանը հիշում է, թե ինչ թշվառ վիճակում է ապրել Հայկունին իր կյանքի վերջին տարիները, ապա մեղադրում է թիրախավորած հեղինակներին նրա ստեղծագործություններն առանց վերջինիս թույլտվության վերցնելու և յուրացնելու մեջ։ Այս հոդվածը բացում է լայն բանավիճային քննարկում։ Թումանյանն այս հոդվածին համապատասխան անբարյացակամ ու խիստ տոնով պատասխանում է նախ «Ոչ գրական ոչնչությունները քննադատ» վերտառությամբ հոդվածով3, որը ոչ միայն պատասխան էր Դրամբյանին, այլև բանահյուսական և գեղարվեստական գրականության հարաբերության հարցի շուրջ թումանյանական գաղափարախոսության փայլուն արտահայտությունն էր։ Թումանյանը փորձում է ցույց տալ գրողի և ժողովրդական ստեղծագործության փոխառնչության սահմանները։ Նա գրում է․ «Հեքիաթները գրական մարդիկ չեն հորինում, այլ առնում են ժողովրդականը ու պատմում։ Եվ շնորհքը հենց էդ պատմելու մեջն է, որ իմանան ինչը փոխեն, ինչը դուրս գցեն, ինչը պահեն, ինչ լեզվով, ինչ ոճով ու ինչպես պատմեն, որ և՛ գեղեցիկ դուրս գա, և՛ ժողովրդական համն ու հոտը չկորցնի»։
«…Գողությունը շարունակվում է և երևի վերջ չի ունենայ… Բավական է,– գրում է Դրամբյանը: -Պետք է վերջ դնել այդ ավերիչ ժանտախտին… մեր մանուկ սերունդը կը հրաժարվեր ձեր տվածից սրտի խորին դառնությամբ, եթե իմանար, թե բանն ինչումն է»: Թումանյանը պատասխան հոդվածում խոսում է իր տարակուսանքի մասին․ «Եվ, անշուշտ, ձեզ հետ վեճի բռնվելը շատ ավելի տգեղ է ու անպատվաբեր, բայց պատասխանեցի, որովհետև… դուք մեր կյանքում, դժբախտաբար, «սովորական երևույթ» եք, թեև միաժամանակ «միանգամայն ոչնչություն»» (6, 168)։
Անդրադառնալով ժողովրդական ստեղծագործության անբավ պաշարից օգտվելու իր միտումին՝ Թումանյանը գրում է․ «․․․Ես լոռեցի եմ, ու էն գլխից ոչ «դիպվածով» սիրել և հետաքրքրվել եմ հեքիաթներով, լեգենդներով, առակներով, և շատերն անգիր դիտեմ դեռ մանկուց4»։ Նա տրամաբանված և բանասիրական հիմնավոր փաստարկներով փորձում է ցույց տալ, որ ժողովրդական նյութից ծնված գեղարվեստական գործի արժեքը պայմանավորված է ստեղծագործողի շնորհքով ու տաղանդով, քանզի «ծաղիկը դրած է մեջտեղը և նույն ծաղկից մեղուն մեղր է շինում, օձը` թույն» (6, 167)։
Թումանյանի խիստ ու սուր հոդվածին արձագանքում է մեկ այլ քննադատ՝ Մուշեղ Բագրատունին։ Նույն թվականի օգոստոսի 16-ին դարձյալ «Մշակում» լույս է տեսնում Մուշեղ Բագրատունու «Գրական էթիկան գրական մեծությունների ձեռքում5» հոդվածը։ Մ. Բագրատունին «ջենտլմենության դասեր» է տալիս Թումանյանին՝ նրան քննադատելով «կոպիտ» արտահայտություններ ու զազրելի ոճ կիրառելու համար։ Նա հորդորում է բանաստեղծին լինել «մեծահոգի, լայնսիրտ և կորեկտ»: Բագրատունին քննադատության սլաքներն ուղղում է նաև Ռ. Դրամբյանին՝ նրան անվանելով «կրիտիկոս դառնալ» ցանկացող անփորձ մեկը, որն անզգուշորեն իր ուժից վեր և «լրջության սահմանից» խիստ հեռու գործ էր ստանձնել և բանագող անվանել «մեր գրականության մեջ պատվավոր տեղ բռնած այնպիսի մեծության, որպիսին է Հովհ. Թումանյանը»։ Նույն տեղում օգոստոսի 27-ին լույս է տեսնում Ռ. Դրամբյանի «Իմ վերջին խոսքը Հովհաննես Թումանյանին» հոդվածը:
Թումանյանը Բագրատունուն պատասխանել է «Զայրույթի պատճառը», իսկ Դրամբյանին` «Չարության ու կեղծավորության դեմ» հոդվածներով, որոնց միայն սևագրերն են պահպանվել: Գրողը դրանք գրեթե ավարտին է հասցրել, սակայն չի հանձնել տպագրության6:
1913 թվականին նոր բանավիճային արշավ է սկսվում Թումանյանի դեմ՝ դարձյալ բանագողության մեղադրանքով։ Ապրիլի 28-ին «Հովիտ» ամսագրում տպագրվում է Սիմեոն Համալյանի «Հովհ. Թումանյանի «Գառնիկ ախպերը» վերտառությամբ հոդվածը։ Հոդվածագիրը գրում է․ «Հով. Թումանյանը տեղ-տեղ ազատ կերպով փոխադրել է և տեղ-տեղ էլ ստրկորեն թարգմանել ռսերենից… ի՞նչ իրավունքով հրատարակել է այն որպես ինքնուրույն գրվածք: Մի՞թե Հով. Թումանյանի համար այնքան գրավիչ է եղել գրական թալանի զզվելի՜…ու կեղտոտ ուղին7»։
Այս հոդվածին Թումանյանը պատասխանում է ««Հովիտի» Ս. Հ.-ի քննադատականի առիթով» վերտառությամբ հոդվածով՝ գրելով հետևյալը․ «Ես ռուսականը չեմ թարգմանել, տիրացու Ս. Հ կամ պարոն Ս. Հ., այլ հայկականն եմ առել ու մշակել: Եվ հայկականն էլ մի հատ չի, տիրացու Ս. Հ. կամ պարոն Ս. Հ., Արարատյան տարբերակը կա, Վասպուրականինը կա, Տարոնինը կա, Շահրիարինը կա, Թիֆլիսինը կա՝ տպված … էդ ամենը զուտ հայկական են – Էսպես կխոսեի ու կպատասխանեի: Բայց որովհետև նրա ոճից ու շնչից տգիտության հետ կաթում է հոգու վատությունը, չարությունը, ստիպված եմ պատասխանելու. – Տիրացու Ս. Հ. կամ պարոն Ս. Հ., … իմացած եղեք ու միշտ միտներդ պահեցեք,, որ եթե աստված ձեզ բերան է տվել՝ նրա համար հո չի տվել որ էդպես անմիտ ու անքաղաքավարի կերպով լեն-լեն բաց անեք, ձեր խելքիցը դուրս բաներից խոսեք ու գրողներին քննադատեք, այլ նրա համար, որ հաց ուտեք» (7, 54): Այս հոդվածը լույս է տեսնում «Հորիզոն» թերթի մայիսի 3-ի համարում։
«Հովիտում» հաջորդիվ լույս է տեսնում Ս․ Համալյանի «Հայտնի բանաստեղծ կամ անհայտ բանագող8» հոդվածը, որտեղ հոդվածագիրը Թումանյանի հիմնավորումներն անվանում է «մասխարություններ», իսկ նրան՝ «անհայտ բանագող», ում բանագող լինելու հանգամանքին չեն հավատում, քանզի նա շատ ճարպիկ ու հմուտ է։ Թումանյանի պատասխանը «Հայոց դրամբյանիզմն ու ես» բանավիճային հոդվածով է լինում, որը տպագրվում է «Հորիզոնում»։ Պատասխանում Թումանյանն ի մի է բերում նախորդ հոդվածներում տեղ գտած մտքերը՝ անհիմն մեղադրանքների տխուր իրողությունը բնորոշելով «հայոց դրամբյանիզմ» եզրույթով, որին բնորոշ է մարտնչող ու հավակնոտ տգիտությունը։ «Իհարկե, էդ բոլորն ինձ ի՜նչ պետք է անեն, ոչինչ… բայց երևույթը, երևույթը շատ է գարշելի, հոգին շատ է ցած ու վատ» (7, 66),- եզրափակում է գրողը։
Այս բանավեճը ցույց է տալիս, որ 20-րդ դարասկզբի գրողն ու քննադատը ստեղծագործական որոնումների մեջ էր։ Այն նպաստել է, որպեսզի որոշակիորեն զատորոշվեն ժողովրդական և հեղինակային ստեղծագործությունների սահմանները, հստակեցվեն բանահյուսությունից օգտվելու սկզբունքները։ Բանավեճը և գրականության զարգացման հետագա ընթացը ցույց տվեցին, որ Թումանյանին ուղղված մեղադրանքները մակերեսային էին, իսկ մեղադրողները՝ խոսքի խորքային արժեքը չընկալող հավաքական մտածողության խորհրդանիշներ։
1 Հարությունյան Գ․, Մի «պարտք»-ի պատմություն, «Էջմիածին», 1948, 3–4, էջ 68–73։
2 Դրամբյան Ռ․, «Գրական մեծությունները» բանագող, «Մշակ», Թիֆլիս, 1909, N 162, 28 հուլիսի։
3 Թումանյան Հ․, Ոչ գրական ոչնչությունները քննադատ, «Մշակ», 1909, N 169, 5 օգոստոսի։
4 Թումանյան Հ․, Երկերի ժողովածու, հատոր IV, էջ 98։
5 «Մշակ», 16. VIII. 1909
6 Տե՛ս՝ Հովհաննիսյան Ս․, Թումանյանի գրական բանավեճերի պատմությունից, Պատմա-բանասիրական հանդես, 2012 թ, N 2, էջ 89-112։
7 «Հովիտ», 1913, թիվ 16,եէջ 252–253:
8 «Հովիտ», 1913, թիվ 22, էջ 345: