Հրանտ Մաթևոսյանը գրական ասպարեզ է մտել 1961 թ. «Սովետական գրականություն» ամսագրի 4-րդ համարում հրապարակված «Ահնիձոր» ակնարկով, որով էլ գրական դաշտում տրվել է նրա դժվարությունների և հաջողությունների մեկնարկը։ Ակնարկի գեղարվեստական արժեքը չի վրիպում ժամանակի նշանավոր գրականագետների աչքից։ «Գրական թերթում» լույս է տեսնում գրականագետներ Լևոն Հախվերդյանի ու Սուրեն Աղաբաբյանի համահեղինակությամբ «Թարմաշունչ խոսք» գրախոսությունը1, որտեղ հեղինակները շատ բարձր են գնահատում իրենց բոլորովին անծանոթ, Մանկավարժական ինստիտուտի ուսանող, երիտասարդ հեղինակի գրողական տաղանդը՝ ողջունելով նրա մուտքը։ Արձանագրելով, որ ժամանակի ամենից տարածված և միևնույն ժամանակ տաղտուկ ու միօրինակություն ունեցող գրական ժանրերից է ակնարկը՝ գրախոսության հեղինակներն ուրախությամբ նշում են, որ Մաթևոսյանը բոլորովին նոր ու թարմ գույներով է գրել իր գյուղի մասին՝ վերստին հայտնագործելով Ահնիձորը։
«Հրանտ Մաթևոսյանը զգում է բնությունը, կենցաղը, ժողովրդական դարձվածաբանությունը, գրում է հնարագետ ու հյութեղ։ Այդ ամենը ուրիշներն էլ ունեն։ Նրա առավելությունը կենցաղի ամենահասարակ փաստերի ու երևույթների մեջ նոր պատմության զարկերակն ու շունչը տեսնելն է, հին մարդու, երեկվա մարդու մեջ նոր մարդուն, այսօրվա մարդուն նկատելն է։ Նկատում է ոչ թե արտաքինը, այլ հոգեբանականը, և նվաճում այն արվեստի միջոցներով։ Հրանտ Մաթևոսյանի ակնարկի ուժը ճշմարտության մեջ է, և ոչ թե կառուցվածքային ու ոճական այն հնարագիտության, որ նրան երբեմն տանում է դեպի մաներայնություն ու ոճավորում։ Ձիրքառատ գրողը պետք է զգուշանա սրանցից, ամեն բանից վեր դասի հոգեբանական ու կենսական ճշմարտությունը2»։
Գրականագիտական կարծիքին հաջորդում է քաղաքական կարծիքը, որը ոչ միայն քննադատական էր, այլ նաև լուրջ հետևանքներ է ունենում։ Օրեր անց դարձյալ «Գրական թերթի» արդեն թիվ 25 համարում տպագրվում է «Սովետական գրականություն» ամսագրի և «Գրական թերթի» խմբագրություններում3» վերտառությամբ զեկույց, որտեղ ասվում էր․
«Հեղինակը, քննադատելով Ահնիձորի սովխոզի աշխատանքներում տեղ գտած լուրջ թերությունները, դրանք վերացնելու սխալ դեղատոմս է առաջարկում։ Այսպես, օրինակ, նա ակնարկի «Բաց նամակում», որն ուղղված է սովխոզի դիրեկտոր ընկ․ Գ․ Եղիկյանին, փոխանակ շեշտը դնելու հանրային սեփականության ուժեղացման վրա, որը բանվոր-ծառայողների նյութական մակարդակի բարձրացման ճիշտ ճանապարհն է, հարց է դնում ավելացնել անձնական օգտագործման անասունների գլխաքանակը և ընդլայնել տնամերձ հողամասը4»։
Գրողին սոցիալիստական գաղափարախոսությունից շեղվելու մեջ մեղադրելուց, խիստ դաս տալուց հետո զեկույցում նաև նշվում է, որ նշյալ թերությունները չէին լինի, եթե խստապահանջ գտնվեին և նրա սխալները նկատեին ամսագրի խմբագրությունում, մինչդեռ ոչ խմբագրությունը, ոչ գրախոսությամբ հանդես եկած Լ․ Հախվերդյանն ու Ս․ Աղաբաբյանը չեն նկատել և ուղղել երիտասարդ հեղինակի սխալները։ Արդեն հունիսի 30-ին Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի նիստում ակնարկի, գրախոսականի, ինչպես նաև այն հրապարակած պարբերականի քննարկումից հետո որոշվում է պատժել բոլորին։ Բոլոր թերթերին ու պարբերականներին խստիվ հանձնարարվում է չտպագրել Մաթևոսյանից ոչ մի ստեղծագործություն, իսկ Մաթևոսյանին հեռացնում են ոչ միայն աշխատանքից, այլև Մանկավարժական համալսարանի երկրորդ կուրսից։ Աշխատանքից ազատվում է նաև ակնարկը տպագրած «Սովետական գրականություն» ամսագրի գլխավոր խմբագիր Վազգեն Մնացականյանը։ Նկատողություն է ստանում «Գրական թերթի» խմբագիր Մկրտիչ Սարգսյանը։ Գրախոսներ Լևոն Հախվերդյանն ու Սուրեն Աղաբաբյանը ենթարկվում են կուսակցական պատասխանատվության։ Հրանտ Մաթևոսյանը խոստովանել է, որ իրեն այդ օրերին ուժ ու եռանդ է տվել ժամանակակից սերնդի աջակցությունը։
Քսանհինգամյա գրողի ստեղծագործությունները մեկ տարի շարունակ ոչ մի թերթ ու ամսագիր չի համարձակվում տպագրել, սակայն սառույցը կոտրվում է, երբ 1962 թվականին արտասահմանյան մի բարերար վերստին ապահովում է Մաթևոսյանի գրական վերադարձը։ «Սովետական Հայաստան» ամսագրում լույս է տեսնում Մաթևոսյանի միանգամից երկու պատմվածք՝ «Թռուցիկ համբույրներս» և «Հովսեփը վերադարձավ բանակից»։ Ամսագրի տպաքանակի մի հատվածն էլ արտասահման էր առաքվում՝ ապահովելով հեղինակի հասանելիությունը նաև այնտեղ։ Հաջորդում է հեղինակի հայտնի «Մենք ենք, մեր սարերը» ստեղծագործությունը։
1966 թվականին «Սովետական գրականություն» ամսագրի թիվ 9 համարում տպագրվում է «Ալխո» պատմվածքը։ Չեն ուշանում նաև այս պատմվածքի արձագանքները։ Առաջին արձագանքողներից էր Գուրգեն Մահարին5։ Իր անդրադարձի սկզբում «հրաշք» բառով բնութագրելով պատմվածքի լղարիկ սյուժեի շուրջ ստեղծված գեղարվեստական կառույցը՝ Գ․ Մահարին Ալխոյի կռնակին Գիքոյի դրած բեռի նման ծանր է համարում այս ստեղծագործության մասին գրելը, բայց, այնուամենայնիվ, հոժարությամբ ու ամենայն պատասխանատվությամբ մտնում է այդ բեռի տակ։ «Գիքորի բարձած ծանր բեռից բացի, Ալխոն կրում է իր կռնակին նաև պատումի ամբողջ ծանրությունը։ Մարդացած է Ալխոն, հոգնած մարդու պես, հոգնած, դառնացած մարդու նման դառնացած»,- նկատում է Մահարին։ Անդրադառնալով հեղինակի տեքստի ներքին բովանդակությանը, արտաքին կառույցին, ոճական ինքնատիպ ու ներդաշնակ լուծումներին՝ Գ․ Մահարին բարձր է գնահատում ստեղծագործությունը՝ իր հոդվածը եզրափակելով այսպես․ «-Մի՛ տանջեք Ալխոյին, մի՛ խանգարեք նրան, նա երկար ու մեծ ճանապարհ ունի գնալու6»։
Ասպարեզում շարունակում էր արդիական մնալ ի՞նչ և ինչպե՞ս գրելու խնդիրը, իսկ 1966 թվականին Մաթևոսյանը գրում է «Սպիտակ թղթի առջև» հոդվածը7, որտեղ որպես գրող մտորում էր առհասարակ գրողի ասելիքի ու անելիքների մասին՝ դրանք քննելով խայտաբղետ, օրեցօր զարգացող ու շատացող մարդկության, համաշխարհային հանրույթի գործունեության համատեքստում։ Որպես ամփոփում իր գրողական մտորումների՝ հոդվածի վերջում Հ․ Մաթևոսյանը գրում է․ «Համագումարը գրողի փոխարեն, իհարկե, չի կարող գրել, բայց ի զորու է անելու գրելուն հավասար պատվաբեր մի բան. ստեղծել այն մթնոլորտը, որի մեջ գրողն իրեն կզգա այս երկրի տերն ու պատվախնդիրը, որպեսզի սպիտակ թղթի դեմ գրողը նստի ոչ թե որպես առաջադրանք կատարող աշակերտ, այլ որպես անհայտությունից գրականության ու կյանքի բարդ խնդիրներ բացահայտող ուսուցիչ8»։
1967 թ․ Հ․ Մաթևոսյանի արձակին ուշագրավ ու գնահատողական անդրադարձ է անում Ա․ Բիտովը «Հովվերգություն, XX դար» վերտառությամբ հոդվածում9։ Հոդվածը սկսելով Հ․ Մաթևոսյանի հետ անցկացրած հանրակացարանային առօրյայի ու Մաթևոսյանի մարդկային նկարագրի մասին պատմող դրվագներով՝ հոդվածագիրը հեղինակի մարդկային պարզ ու անպաճույճ կերպարը կապում է նրա ստեղծագործությունների հետ՝ քննելով «Մենք ենք, մեր սարերը», «Նարինջ զամբիկ», «Ալխո», «Օգոստոս» գործերի կառուցվածքը, թեման ու բովանդակությունը։ «Հրանտ Մաթևոսյանի արձակը հեշտ չէ կապել ժամանակակից արձակի որևէ հոսանքի։ Սա ամենից առաջ մաթևոսյանական արձակ է, որը դեռ չի եղել։ Ինքնատիպ է աշխարհը, ինքնատիպ է ոճը։ Նա էպիկ է, նաև ռեալիստ։ Նա անողոքության աստիճանի հեգնող է և թախծող, ինչպես սենտիմենտալիստ10»։
Նույն թվականին ՍՍՀՄ գրողների IV համագումարին ընդառաջ գրված «Ի՞նչն է հուզում ինձ» վերտառությամբ հոդվածում11 գրականագետ Սևակ Արզումանյանը ժամանակակից գրողից ու գրականությունից իր ակնկալիքներն ու սպասելիքները ներկայացնելիս հպանցիկ անդրադառնում է նաև Մաթևոսյանի գրականությանը՝ հարց բարձրացնելով, թե ինչո՞ւ է քննադատությունը հաճախ ընդգծված միտումով դիմում Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությանը։ Իր իսկ հարցադրմանը Ս․ Արզումանյանն այսպես է պատասխանում․ «Անկախ Մաթևոսյանի գործերի թերություններից, նա ձգտում է իրականությունը քննել սոցիալական մեկնակետով, փորձում է սոցիալական հնչեղություն հաղորդել իր պատկերներին։ Եվ թող շատ հեղինակներ չտրտնջան, թե աստվածները երես են դարձրել իրենցից, թե իբր չեն գնահատվում ըստ արժանվույն։ Սոցիալական հնչեղություն, պատմական ժամանակաշրջանին հատուկ քաղաքացիական խիզախություն․ այսօր սրանք կարևոր են, և այն գրողը կարող է արժանանալ հետևորդներ նվաճելու բաղձալի իրողության, ով մարմին ու շունչ կտա այս խնդիրներին, ով չի կանգնի նույնիսկ զոհաբերությունների առջև12»։
Մաթևոսյանական արձակին նվիրված գնահատողական հոդվածով է հանդես գալիս նաև գրականագետ Ա․ Արիստակեսյանը13։ Շատերի նման Ա․ Արիստակեսյանը ևս փաստում է, որ Մաթևոսյանի աշխարհը գյուղն է, սակայն ոչ թե այլ ստեղծագործություններում հանդիպող արհեստածին արտաքին միջամտությամբ ներկայացված գյուղը, այլ գյուղն իր բնական միջավայրով, անկեղծությամբ, թախիծով ու սիրով։ Ա․ Արիստակեսյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, թե Մաթևոսյանն այլ գյուղագիրների նման փորձում է հակադրել քաղաքն ու գյուղը։
«Մաթևոսյանը ներքին լուռ վեճ է մղում նրանց դեմ, ովքեր գյուղը դրել են կթան կովի տեղ և նրանից հնարավորին չափ ուզում են կաթ ստանալ՝ քար անտարբերությամբ անցնելով նրա հոգսերի, կարիքների կողքով, իսկ երբեմն էլ ծիծաղելով նրա վրա14»։
Ա․ Արիստակեսյանի գնահատմամբ Մաթևոսյանի հիմնական մտահոգությունն այն էր, որ չխզվի հողի և մարդու բարեկամությունը։
Մաթևոսյանական գյուղագրության թեմային 1968 թվականին անդրադարձել է նաև գրականագետ Ֆելիքս Մելոյանը՝ Մաթևոսյանի 1967 թվականին լույս տեսած «Օգոստոս» ժողովածուի տպագրության առիթով15։ Ժողովածուում տեղ գտած գործերը քննելով, ներկայացնելով դրանց հերոսներին, հեղինակի միտումներն ու պարզությունը՝ Ֆ․ Մելոյանը գրում է․ «Հեղինակը իսկական արվեստագետ է, և հարկ չկա քաղաքակրթության անունից մեղադրել նրան գյուղով հրապուրվելու մեջ16»։
Ստ․ Թոփչյանը նույնպես 1968 թվականին «Ճանապարհ դեպի Ծմակուտ» գրախոսությամբ17 անդրադառնում է Մաթևոսյանի «Օգոստոս» ժողովածուին, որտեղ քննադատում է հեղինակի պարզ գյուղագրությունը՝ հեղինակին մեղադրելով սահմանափակվածության, մարդկանց քաղաքակրթությունից կտրելու միտումի մեջ և հարց առաջադրելով՝ արդյոք Մաթևոսյանը կկարողանա՞ դուրս գալ այդ սահմանափակվածությունից։ Այս հոդվածն առթում է նոր բանավիճային հոդվածների։ Հոդվածներով են հանդես գալիս Գ․ Անանյանն18 ու Լ․ Հախվերդյանը19՝ իրենց հերթին քննադատելով Ստ․ Թոփչյանի մոտեցումը։ Նրանց է միանում նաև Ս․ Դարոնյանը, ով Ստ․ Թոփչյանի քննադատական հոդվածը վերագրել է ընդհանուր գովեստներին հակադրվելու միտում։ Ստ․ Թոփչյանը պատասխան հոդվածով է հանդես գալիս20։ Այստեղ Թոփչյանը վերահաստատում է իր կարծիքը՝ հակադարձելով իրեն քննադատողներին և Մաթևոսյանին մեղադրելով մարդկանց անձավներ վերադարձնելու միտումի մեջ։ Նա մեջբերում է Բիտովի հոդվածի այն տողերը, որոնք նկարագրում են հայրենի բնակավայրից հեռու գտնվող Մաթևոսյանի ապրումները․ «Բնությունից տխուր նրա աչքերը շնային անձկությամբ էին նայում Ռուսթավելու փողոցին»։ Այսպիսով՝ Ստ․ Թոփչյանը Մաթևոսյանի էությունն անքակտելիորեն կապում է նրա ստեղծագործության էության հետ՝ հայտարարելով, որ «Մաթևոսյանը հետևողականորեն ապավինում է գրականության «բնապաշտական թեքման» փրկարար գաղափարին»։ Ստ․ Թոփչյանը Մաթևոսյանի հարցադրումները համարում է պարզունակ, որոնց պատասխանները կարելի է գտնել գրականության տեսության ամեն մի դասագրքում։ «Իսկ էժանագին «էսսեիզմը», անկազմակերպ մտածողությունը կարող են հիացնել նրան միայն, ով ընդհանրապես ծանոթ չէ ո՛չ գրականության, ո՛չ էսթետիկայի այբուբենին, նրան, ով տարված է ինքնահնար, խախուտ ստեղծագործություններով21»։ Ստ․ Թոփչյանը կարծում էր, որ Մաթևոսյանը որոնում է «անաղարտ մարդու», որը գոյություն չունի իրականում։
Այս թեմայով բանավիճային հոդված է գրում նաև այդ ժամանակ «Գարուն» ամսագրի խմբագիր Վարդգես Պետրոսյանը, ում իրենց հոդվածներում հարևանցի անդրադառնում էին նախորդ հոդվածագիրները՝ ամսագրում երկկողմանի կարծիքներ հրապարակելու առիթով։ «Հավասարում բազմաթիվ անհայտներով22» հոդվածը սկսելով Հայաստանում և արտերկրում իր տեսած բազմաթիվ պարադոքսների, հակասությունների նկարագրություններով՝ Վ․ Պետրոսյանը փաստում է, որ բարդ ու հակասական է ազգային կոլորիտի, բնավորության, հոգեբանության հասկացությունները, հատկապես, երբ ժողովուրդն անցել է այնպիսի անըմբռնելի էտապների միջով, ինչպիսին անցել է մեր ժողովուրդը։ Նա տարբեր ոլորտների ականավոր ներկայացուցիչների միավորմամբ ընդհանուր, միջին ազգային կերպար ստեղծելու հարցն է առաջ քաշում, ինչը բավականին բարդ ու արդի և միևնույն ժամանակ անհնարին խնդիր է համարում։ Շեշտը դնելով ազգային ընկալման վրա՝ Վ․ Պետրոսյանն արձանագրում է, որ նորաձև լինելը, Կաֆկա քննարկելն ու կոկտեյլ խմելը կարող է դիտվել ապազգային, օտար բարքերի կապկում և համարվել անընդունելի, իսկ գյուղական միջավայրի քնարական նկարագրությունը՝ ազգային և ընդունելի։ Ամենևին չպնդելով, թե գյուղի հոգսերն անհետաքրքիր են ու անկարևոր՝ Վ․ Պետրոսյանը ցանկանում է գյուղական միջավայրի նկարագրություններում տեսնել համաշխարհային առաջընթացի հետքերն ու ազդեցությունը, որը իրական կյանքում տեսնում է, իսկ գեղարվեստական գործերում՝ ոչ։ Մինչդեռ իր օրերում Պետրոսյանը գյուղագրության մեջ տեսնում է բակունցյան, իսկ երբեմն էլ պռոշյանական գծի շարունակությունը, որը ժամանակավրեպ է և իմիտացիոն բնույթ է կրում այլևս։ Վ․ Պետրոսյանը մտահոգությամբ կիսում է սփյուռքահայ հրապարակախոս Անդրանիկ Անդրեասյանի այն կարծիքը, որ Հայաստանը համարյա բոլոր բնագավառներում տալիս է միջազգային անուններ, բացի գրականությունից, իսկ դրա պատճառը համարում է ոչ միայն տարազը (ձևը և լեզուն), այլև խորքը (ասելիքը, բովանդակություն) ազգայնացնելու ճիգը։
Վ․ Պետրոսյանի հոդվածին ի պատասխան Գ․ Արշակյանը գրում է «Աշխարհի հետ՝ բանականությամբ» հոդվածը23։ Ի դեպ՝ Վ․ Պետրոսյանն իր հոդվածում անդրադարձել էր նաև Գ․ Արշակյանի գործերին՝ բարձր գնահատելով նրա կերտած ինքնավերլուծությամբ զբաղվող կերպարիներին և հատկապես «Թրաշուշանները» գործը։ Գ․ Արշակյանն իր հոդվածում քննության է ենթարկում Վ․ Պետրոսյանի արտահայտած մտքերն ու հրապարակում առկա գրական պատկերը։ Նա գտնում է, որ պետք է հանգիստ թողնել գյուղագիրներին, քանի որ նրանք գրում են իրենք իրենց մասին՝ փոփոխված հերոսների միջոցով։ Նա գտնում է, որ շատերը գրում են գյուղի մասին ավանդույթի ուժով, քանի որ հրապարակում առկա է գյուղագրության ահռելի պաշար։ Ամեն դեպքում նա համարում է, որ կենցաղային գյուղագրությունը հաջողություն չի ունենա, եթե չբարձրանա հասարակական գործունեության ոլորտը, տեսանելի չդառնա օտար ընթերցողի հոգուն ու մտավոր ընկալմանը, աշխարհի ծուռ տեղը չշտկի մի քիչ իր կյանքով ու արյամբ։ Նա կարծում է, որ գյուղն իր կենցաղով որոշակիորեն մոտեցել է քաղաքին, իսկ այդ ընթացքում բակունցյան գյուղագրությանը հասնող ոչ մի արժեքավոր գործ չի ստեղծվել։ Նա սխալ է համարում Վ․ Պետրոսյանի դիտանկյունը ազգային և համամարդկային գրականության մասին, քանզի այդ երկուսի մեջտեղում մարդու հոգեբանությունն է, որն այդ երկու հասկացությունները կապող օղակն է։
Գյուղագրության այս բանավեճին և մասնավորապես Վ․ Պետրոսյանի հոդվածում արտահայտված մտքերին արձագանքում է նաև Հ․ Մաթևոսյանը՝ 1967 թվականին գրելով «Այսպես կոչված գյուղագրության մասին» հոդվածը24, որտեղ համաձայնում է, որ Վ․ Պետրոսյանի միջին ազգային կերպար ստեղծելու նպատակն այնքան էլ անիրագործելի չէ, բայց միևնույն ժամանակ նշում, որ իր բերած ականավոր կերպարներից յուրաքանչյուրն իրար կապված են ներքին կապերով և այնքան էլ տարբեր չեն։ «Ալիխանյանի մեջ կա արդեն Աթանես պապ, Պերճ Զեյթունցյան, Առնո Բաբաջանյան։ Աթանես պապի կերպարի բացահայտումը բացահայտումն է նաև մնացած բոլոր անհատների25»։ Հ․ Մաթևոսյանը պնդում է, որ իրականությունն արդեն ունի ընդհանրացման օրենքը, որը բացահայտելն ու ներկայացնելն էլ իսկական գրողի գործառույթն է։ Մինչդեռ հրապարակ է նետվել տեսակետ, թե գյուղագրությունը իմիտացիոն բնույթ է կրում և ունի հայ գրական իրականության հենարանը, այնինչ քաղաքագրությունը հենարան չունի։ Այս տեսակետից էլ բխեցվել է հարց․ ո՞րն է հեշտ՝ գյուղագրությո՞ւնը, թե՞ քաղաքագրությունը։ Մաթևոսյանը պնդում է․ «գրելն առհասարակ տանջանք է»։ «Յուրաքանչյուր գրող կանգնում է դատարկ հարթության մեջ ու դառնում այդ հարթության բարձունքը, և կարիք չկա իրեն ձևացնել անպատվանդան, այլև իրեն հռչակել զոհ ու պատվանդան ինչ-որ ապագա իսկական քաղաքագրության համար, ինչպես այդ անում է Վարդգես Պետրոսյանը26»։
Հ․ Մաթևոսյանը պնդում է, որ գրականությունն առհասարակ փնտրում և ներկայացնում է չաղավաղված մարդուն և մարդկային հարաբերությունները, և դա համաշխարհային միտում է։
«Կարիք չկա, կարիք չկա քաղաքակրթության անունից սպառնալ գյուղագրությանը։ Գյուղագրությունը քաղաքակրթության ծնունդ է, գյուղագրությունը քաղաքակրթություն է, համարձակորեն կարելի է պնդել, թե գյուղագրությունը քաղաքագրություն է»։
Եթե Գ․ Արշակյանը բանականությամբ էր քննում գրականությունը, ապա Մաթևոսյանն այն քննում է պարզապես մարդկային հայացքի պրիզմայով։
Հ․ Մաթևոսյանի այս հոդվածն իր հերթին անարձագանք չի թողնում Վարդգես Պետրոսյանը՝ նոր հոդվածով27 դարձյալ հաստատակամորեն հանդես գալով քաղաքագրության շահերի դիրքերից։ Վ․ Պետրոսյանը Հ․ Մաթևոսյանին մեղադրում է իր չասած խոսքերն իրեն վերագրելու մեջ։ Վ․ Պետրոսյանը հրաժարվում է նաև իրեն վերագրված այն գաղափարից, թե ինքն արհեստականորեն գրականությունը բաժանել է գյուղագրության և քաղաքագրության։ Նա պնդում է, որ այդ եզրույթները պայմանականորեն է կիրառել, իսկ իրականում համոզված է, որ կա գրականություն և ոչ գրականություն։ Վ․ Պետրոսյանն էլ իր հերթին համաձայն չէ Հ․ Մաթևոսյանի այն մտքի հետ, թե ամեն գրող նյութ է վերցնում ամայության մեջ՝ առանց օգտվելու նախորդների ավանդույթից։ Նա նոր փաստարկներ է բերում և հերքում մաթևոսյանական գաղափարները։ Ի վերջո, Վ․ Պետրոսյանը գալիս է այն եզրահանգման, որ հոդվածում Մաթևոսյանն այնքան էլ լուրջ չէ, քանի որ նրա ստեղծագործությունները շատ ավելի լուսավոր են, քան այն հոդվածը, որը Վ․ Պետրոսյանը համարում է Մաթևոսյանի ստեղծագործությունների տեսական բացատրությունը տալու փորձ միայն։ Մեջբերելով ու կրկնօրինակելով Ֆ․ Ֆելինիի՝ իր ֆիլմի դեմ գրված մի կինոքննադատին ուղղված պատասխանը՝ Վ․ Պետրոսյանն այսպես է ավարտում իր հոդվածը․ «Սիրելի՛ Հրանտ, հուսով եմ՝ կներես անկեղծությանս համար, բայց քո տեսակետները ինձ համոզիչ չեն թվում28․․․»։
Հ․ Մաթևոսյանը ոչ միայն տեսական հոդվածներով էր պատասխանում իր ստեղծագործությունների շուրջ ծավալված բանավեճերին, իր գործերի մասին հնչած տեսակետներին, այլ նաև գեղարվեստական ստեղծագործություններով էր վերահաստատում իր տեսակետները։ 1978 թվականին լույս տեսավ նրա «Ծառերը» ժողովածուն, որտեղ ընդգրկված էին ստեղծագործություններ, որոնք գրականության բնույթի վերաբերյալ հեղինակային տեսակետների յուրօրինակ արտահայտություններ էին՝ գեղարվեստական հանդերձանքով։ Այս ժողովածուում տեղ գտած «Խումհար» վիպակին է անդրադառնում Սերգեյ Սարինյանը «Տաղանդի ուղղությունը» հոդվածով29, որում զուգահեռ քննում է նաև Մաթևոսյանի նախորդ գործերն ու դրանց առիթով հնչած տեսակետները՝ նկատելով, որ Մաթևոսյանի գրական անհատականությանը տրված գնահատականները տրամագծորեն հակադիր լինելով, էապես նաև միակողմանի են։ Գրականագետը վիպակի վերլուծական քննությամբ բնութագրում է Մաթևոսյանի աշխարհայացքի ու ոճի մի քանի էական առանձնահատկություններ՝ նշելով, որ ստեղծագործությունը ծրագրային է և գեղարվեստական հյուսվածքը հետևողականորեն ենթարկված է հեղինակային բացահայտ միտումնավորվածությանը։ Սարինյանի համոզմամբ «նախնական բնազդի» փիլիսոփայությունն է իր գործերում հայտնաբերում Մաթևոսյանը և վերջավորում ընդհանուր «բնապաշտական» իր հայեցությանը։ «Բնական սկզբի էպիկական ներդաշնակությունը, ուր գրողը որոնում է իր էսթետիկական իդեալը և յուրովի իմաստ տալիս մարդու սոցիալական և բարոյական կեցությանը, դյուրավ պիտի գտներ իր նախնական ատրիբուտը՝ «բնազդական տարերքի» ինքնաշարժումը30»։ Հաջորդիվ Սարինյանը նկատում է, որ «Գոմեշ» պատմվածքում «նախնական բնազդի» արտահայտումը հիանալի գեղարվեստական լուծում է, մինչդեռ «Խումհարում» այն վերաճում է հակադրության։ Ուրբանիզմից դեպի «հայրենի եզերք» աշխարհայացքային անցումը գրականագետը ավանդական և միևնույն ժամանակ արդիական ու համամարդկային է համարում՝ այն մեկնաբանելով որպես համաշխարհային իրադարձությունների դեմ անբավականության անդրադարձ։ Սարինյանի կարծիքով՝ հակասությունն առաջանում է, երբ հեղինակը փորձում է յուրովի լուծում տալ մարդու անհատականության, հոգու արժեքների ու կյանքի ներդաշնակության պահպանման իդեալին։
«Արտաքուստ հստակ տրամաբանությամբ ձևած «ինքնադրսևորման անխուսափելիությունը», սակայն, ոչ միայն չի լուծում առեղծվածը, այլև առավել մթագնում է այն, քանի որ իրերի ընթացքը դարձնում է կանխորոշված, կամքի դրսևորումը՝ տարերային։ Այստեղից էլ ըստ էության սկիզբ է առնում գրողի երերումը, վարանումը, տարակուսանքը և վերջապես կանգառը։ Գտնելով էսթետիկական իդեալի հանգրվանը՝ նա ավարտում է նաև իր հայացքների փիլիսոփայական սիստեմը, որը կարծես կանխում է նոր ճշմարտություններ ու նոր անհայտներ որոնելու ձգտումը։ Բարդ ու հակասական մի հանգույց է սա, որի լուծումը թերևս կուղեկցվի ստեղծագործական լուրջ ջղաձգումներով, բայց որն արդեն քննության առաջ է դրել Մաթևոսյանի գեղարվեստական տաղանդի ուղղությունը31»։
Ժամանակի արձակին անդրադառնում է նաև Հարություն Մկրտչյանը32, ով նկատում է, որ ասպարեզում առկա երիտասարդական արձակի մեծ մասը գյուղագրություն է, իսկ այդ շարժման հեղինակ է համարում Հրանտ Մաթևոսյանին։ Հոդվածի հեղինակն իր գնահատումներում խիստ է ու կտրուկ։ Նա չի ընդունում մինչ այդ Մաթևոսյանին տրված ոչ մի գնահատական, չի համարում, թե Մաթևոսյանի գրականությունը ժամանակի գյուղի ու գյուղացիության իսկական գեղարվեստական պատկերն է, թե կարելի է Մաթևոսյանի արձակը համեմատել բակունցյան արձակի հետ՝ խիստ վիճելի համարելով Մաթևոսյանի ոճը։ Ամենևին խնդիր չդնելով վերլուծել Մաթևոսյանի արձակը՝ Հ․ Մկրտչյանը այն կարծիքն է հայտնում, որ խիստ վտանգավոր է նույնիսկ ամենակատարյալ գրողի ստեղծագործությունը պաշտամունքի վերածելը, քանի որ դա չարիք է ծնում։ Հոդվածագիրը պնդում է, որ «մաթևոսյանական» քննադատությունն արջի ծառայություն է մատուցում թե՛ հեղինակին, թե՛գրականությանը, քանի որ երիտասարդներից շատերը անհաջող կերպով կրկնում են Մաթևոսյանին, ինչն էլ փչացնում է երիտասարդական գրականությունը։ Հաջորդիվ հոդվածագիրն իր խոսքերը հիմնավորում է՝ ներկայացնելով ժամանակի երիատասարդական արձակի ներկայացուցիչներից մի քանիսի գործերը։ Երիտասարդական արձակի մասին ոչ այնքան լավատեսական խոհերով գրված հոդվածը Հ․ Մկրտչյանն ավարտում է այն վստահությամբ, որ իրավիճակը կարող է փոխվել լուրջ քննադատության պարագայում միայն։
Մաթևոսյանի «Օգոստոս» ժողովածուին հաջորդում են հեղինակի մյուս՝ «Մեր վազքը» և «Տերը» ժողովածուները, որոնք առթել են հեղինակի ձևի ու ոճի, ընտրած գրական ուղու հաստատունության ու սկզբունքայնության մասին վկայող նոր գրականագիտական անդրադարձների, վերլուծական ու քննադատական հոդվածների։ Մաթևոսյանի ստեղծագործությունների նկատմամբ մշտական հետաքրքրությամբ, քննարկումների առատությամբ հանդերձ՝ հեղինակն իր հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ Ահնիձորի և իր գրականության շուրջ ծավալված բանավեճերը հաճախ իրենից շատ գրողական էներգիա են խլել, ինչը կարող էր ավելի ծավալուն գրականության վերածվել, քանի որ ասելիքն ավելի շատ է եղել։
1 Լևոն Հախվերդյան, Սուրեն Աղաբաբյան, «Թարմաշունչ խոսք» գրախոսությունը «Գրական թերթում», 1961 թ., թիվ 21, մայիսի 21։
2 Նույն տեղում, էջ 2։
3 «Սովետական գրականություն» ամսագրի և «Գրական թերթի» խմբագրություններում- «Գրական թերթ», 1961 թ., թիվ 25, հունիսի 16։
4 Նույն տեղում։
5 Գուրգեն Մահարի, «Ալխո»-ն, «Գրական թերթ», 1966 թ., № 48, նոյեմբերի 25։
6 Նույն տեղում։
7 Մաթևոսյան Հ․, «Սպիտակ թղթի առջև» հոդվածը- «Գրական թերթ», 1966, № 42, հոկտեմբերի 14։
8 Նույն տեղում։
9 Բիտով Ա․, Հովվերգություն, XX դար, «Գրական թերթ», 1967, հունիսի 30, № 27։
10 Նույն տեղում։
11 Արզումանյան Ս․, Ի՞նչն է հուզում ինձ- «Գրական թերթ», 1967, թիվ 20, մայիսի 12։
12 Նույն տեղում։
13 Արիստակեսյան Ա․, Արձակագրի աշխարհը դառնում է մերը, «Սովետական գրականություն», 1968, № 4, էջ 116-120։
14 Նույն տեղում։
15 Մելոյան Ֆ․, Բեռնաձիեր, «Գրական թերթ», 1968, հունիսի 28, № 26։
16 Նույն տեղում։
17 Թոփչյան Ստ․, Ճանապարհ դեպի Ծմակուտ, «Գարուն», 1968, № 7, էջ 87-91։
18 Անանյան Գ, Կրկին Ծմակուտ տանող ճանապարհի մասին, «Երևանի համալսարան», 1968, նոյեմբերի 6։
19 Հախվերդյան Լ․, Հրանտ Մաթևոսյանի արձակը՝ ինչպես որ մեզ ներկայանում է, «Գարուն», 1968, էջ 45-49
20 Թոփչյան Ստ․, Վերադարձ դեպի անձավները, «Գրական թերթ», 1969, թիվ 21, մայիսի 23։
21 Նույն տեղում։
22 Պետրոսյան Վ․, Հավասարում բազմաթիվ անհայտներով, «Գարուն», 1968, № 3, էջ 18-24։
23 Արշակյան Գ․, Աշխարհի հետ՝ բանականությամբ, «Գրական թերթ», 1968, օգոստոսի 30, № 35։
24 Մաթևոսյան Հ․, Այսպես կոչված գյուղագրության մասին- «Գրական թերթ», 1968, № 37, սեպտեմբերի 13։
25 Նույն տեղում։
26 Նույն տեղում։
27 Պետրոսյան Վ․, Հուսով եմ՝ կներես անկեղծությանս համար, բայց…, «Գրական թերթ», 1968, № 44, նոյեմբերի 1։
28 Նույն տեղում։
29 Սարինյան Ս․, Տաղանդի ուղղությունը, «Գրական թերթ», 1971, № 17, ապրիլի 23։
30 Նույն տեղում։
31 Նույն տեղում։
32 Մկրտչյան Հ․, Խոհեր երիտասարդական արձակի մասին, «Սովետական գրականություն», 1972, № 7, 101-116