Նալբանդյանի թարգմանության տարածությունը/Հասմիկ Հակոբյան

Հասմիկ Հակոբյան

Թարգմանական արվեստ: Ժողովուրդների, քաղաքակրթությունների և մշակույթների երկխոսությունը, շփումը և փոխներգործությունը կարևոր նշանակություն ունի ազգերի մշակույթների զարգացման և հարստացման գործում: Այս առումով մեծ է թարգմանական գրականության դերն ու նշանակությունը:

Հայ իրականության մեջ մշտապես կարևորվել է թարգմանության նշանակությունը: Հայ թարգմանական դպրոցի հիմքը դրել է Մեսրոպ Մաշտոցը: V դարում հայոց գրերի ստեղծումից հետո լայն թափ առավ թարգմանական գործունեությունը. նախ թարգմանվեց Աստվածաշունչը, հետո՝ այնպիսի կարևոր խոհա-խրատական գործեր, որոնց մի մասի բնագրերը ժամանակի ընթացքում կորան, և պահպանվեցին միայն դրանց հայերեն թարգմանված տարբերակները, որոնք էլ բացառիկ արժեք ձեռք բերեցին:

Հենց դրա հետ է կապված այն հանգամանքը, որ դեռ վաղնջական ժամանակներից Հայաստանում սահմանվել է թարգմանչաց տոն, որը նշվում է նաև մեր օրերում՝ ինչպես եկեղեցու, այնպես էլ ժողովրդի կողմից:

19-րդ դարում թարգմանական արվեստը վերստին նորոգվեց և լայն տարածում գտավ հայ իրականության մեջ: Ընդ որում, այն զարգացավ երկու ուղղությամբ՝ գիտական և գեղարվեստական:

Գեղարվեստական թարգմանություններով հանդես եկան ինչպես տվյալ լեզվին տիրապետող մասնագետ-թարգմանիչներ, այնպես էլ գեղարվեստական գրականության հայտնի ստեղծագործող անհատներ, ովքեր չէին կարողանում անտարբեր անցնել հոգեհարազատ և գաղափարակից որևէ ստեղծագործության կողքով: Այդպիսի օրինակները բազում են (Խաչատուր Աբովյան – Հոմերոսի, Վ. Գյոթեի, Ֆ. Շիլլերի, Ն. Կարամզինի որոշ երկեր, Ղևոնդ Ալիշան – Ջ. Բայրոնի «Չայլդ Հարոլդ» պոեմի չորրորդ երգը, «Իտալիա»-ն, Միլտոնի «Դրախտ կորուսյալ»-ը, Շիլլերի «Երգ ի զանգակն», Լոնգֆելոյի «Հնձողն ու ծաղկունք»-ը, Գաբրիել Պատկանյան – Դիոդորոս Սիկիլիացու «Պատմութիւն Մեծին Աղեքսանդրի Մակեդոնացւոյ» գիրքը, Ռափայել Պատկանյան – Եզոպոսի առակները, Դ. Դեֆոյի «Ռոբիզոն Կրուզո»-ն և այլն):

Նալբանդյանական թարգմանությունները: Թարգմանական արվեստին և համաշխարհային մշակույթին առանձնակի կարևորություն է տվել նաև 19-րդ դարի ականավոր դեմքերից մեկը՝ Միքայել Նալբանդյանը: Նրա թողած գրական-գեղարվեստական ժառանգությունը բազմաժանր է ու բազմաբնույթ: Նա հայ գրականությունը հարստացրեց ոչ միայն ժամանակակից համաշխարհային ստեղծագործողների լավագույն գործերի թարգմանություններով, այլ նաև հայ գրականություն ներմուծեց այնպիսի գրական ժանրեր, ինչպիսիք են պամֆլետը, ֆելիետոնը, հիմք դրեց հայ գրաքննադատությանը (կրիտիկային), զարգացրեց հրապարակախոսական գրականությունը:

Նալբանդյանի թարգմանությունների տարածությունը միևնույն ժամանակ և՛ լայն է, և՛ նեղ. լայն է ժանրերի (վեպ, վիպակ, պատմվածք, բանաստեղծություն, պոեմ (հատված), պամֆլետ), թարգմանվող հեղինակների (Պուշկին, Լերմոնտով, Բերանժե, Էժեն Սյու, Հայնե, Սենեկովսկի) և ստեղծագործությունների (արձակ և չափածո) առումով, նեղ է թեմատիկայի տեսակետից (հայրենասիրություն, մարդկային հարաբերություններ, որոնք համահունչ են հեղինակային գաղափարներին):

Առավել քան խոսուն է այն փաստը, որ Նալբանդյանը նախ թարգմանություններ է կատարել, ապա նոր միայն հանդես եկել սեփական աշխարհաբար չափածո ստեղծագործություններով (մինչ այդ նա գրում էր գրաբար, իսկ դրանից հետո այլևս չանդրադարձավ գրաբարին), որոնք բովանդակային առումով օրգանապես կապված են իրար և լրացնում են միմյանց: Ժամանակակից աշխարհի հանճարեղ մտավորական միտքը սինթեզելով սեփական մտքի և հայ իրականության հետ՝ Նալբանդյանը թողել է բազմաբովանդակ և բազմաբնույթ գրական հարստություն՝ թարգմանությունների, նմանությունների, փոխադրությունների, պարոդիաների, վիպակների, բանաստեղծությունների, ֆելիետոնների, պամֆլետների, հրապարակախոսական և կրիտիկական ստեղծագործությունների տեսքով:

Ձեռնարկելով հանրահռչակ համաշխարհային գրական ստեղծագործությունների հայերեն թարգմանությունները՝ Նալբանդյանը նպատակ է ունեցել ոչ միայն մատչելի, աշխարհաբար լեզվով ընթերցանության նյութ տալ ժամանակակից հայ հասարակությանը, այլև ցանկացել է նրան ևս մեկ անգամ իր ասելիքը, մտահոգությունը հայտնել, խորհելու առիթ տալ, ուստի թարգմանության համար ընտրված գործերը պատահական չէին: Դրանք պատճառաբանված էին, ինչպես որ պատճառաբանված էր նրա ողջ գրական ժառանգությունը: Այսինքն՝ նրա թարգմանությունները նպատակային էին և մտածված: Այդ մասին է վկայում նաև Նալբանդյանի տված խիստ բացասական գնահատականը Խորեն Գալֆայանի թարգմանությամբ 1859թ.-ին լույս տեսած Լամարթինի «Դաշնակներ» բանաստեղծությունների ժողովածուին: Նալբանդյանը նախ քննադատել է թարգմանության լեզուն՝ խրթին գրաբարը, ապա՝ պոեզիայի կրոնա-միստիկական ոգին ու տրամադրությունը: Նրա կարծիքով միստիցիզմը արգելք է հանդիսանում ճշգրիտ լուսավորությանը՝ մղելով կյանքն անշարժության և անզգայության1: Մինչդեռ ժամանակակից կյանքի հրամայականն էր պայքարել միստիցիզմի դեմ, դադարել վերացական բաների մասին մտածել և ապրել ու պայքարել լիարժեք կյանքով ապրելու համար: Նալբանդյանի կարծիքով՝ ժամանակակից գրականությունը պետք է ունենար լավատեսական ոգի, հավատ ապագայի նկատմամբ և սերտ կապ իրականության հետ:

Նալբանդյանը միշտ մատը դնում էր արյունահոսող վերքի վրա. շատ լավ էր գիտակցում ժամանակի մարտահրավերները, հայ ժողովրդին ապառնացող վտանգները, խորությամբ զգում էր ժողովրդի վիճակի ողջ ծանրությունը և փորձում էր որոշակի ելքեր, լուծումներ գտնել ստեղծված ծանր վիճակը թեթևացնելու համար: Նա դա անում էր և՛ գրիչով, և՛ գործով:

Ասվածի վառ ապացույցներից է 1857թ.-ին (Աբովյանի «Վերք…»-ի տպագրությունից մեկ տարի շուտ) Նալբանդյանի թարգմանությամբ լույս տեսած Էժեն Սյուի «Թափառական հրեա» վեպի առաջին հատորի աշխարհաբար թարգմանությունը, որին կցված էր Հառաջաբան և «Հիսուսյանք» խորագիրը կրող պատմական ակնարկ: Դա առաջին աշխարհաբար տպագրված վեպն էր, որի թարգմանությունը Նալբանդյանը այդպես էլ չկարողացավ ավարտին հասցնել: Հետագայում վեպի չորս հատորները թարգմանեց և ամբողջական տեսքով հանրությանը ներկայացրեց «Մասիս» թերթի՝ 1852-1884 թթ. խմբագիր Կարապետ Ութուճյանը: Նալբանդյանի թարգմանությանը կցված «Հառաջաբան»-ում պարզ է դառնում, որ հայ գրականության ճակատագրի, զարգացման և ապագայի հետ կապված թարգմանիչն ունի նույն այն մտորումներն ու մտավախությունները, ինչ նրանից մոտ մեկ տասնամյակ առաջ ունեցել էր նաև Աբովյանը: Շատ ընդհանուր եզրեր կան գրեթե ժամանակակից այս երկու մտավորականների հայացքների միջև:

«Հառաջաբան»-ում Նալբանդյանը մեկնաբանում է իր՝ հատկապես Էժեն Սյուի «Թափառական հրեա» վեպի և թարգմանական լեզվի ընտրության շարժառիթները:

Թարգմանության լեզվի խնդիրը Նալբանդյանը լուծել է հօգուտ ժողովրդի սրտին մոտ ու հասկանալի աշխարհաբարի: «…Ինձ քաղցր եղավ դուրս տալ Եվժեն Սյու պարոնի «Թափառական հրեա» անունով վիպասանության հայ թարգմանությունը այն լեզվով, որ ժողովրդին հասկանալի էր»2: Նա ևս զգում էր ժամանակի և հասարակության պահանջը, մտահոգ էր ստեղծված խրթին գրականության նկատմամբ հասարակության լայն զանգվածների անտարբերությամբ: «Տեղիք չունինք ամենևին ժողովրդի անգրասիրության վերա զարմանալու. պատճառ, մեր մատենագրությունը մինչև այսօր աբեղայական մատենագրություն է. չկա նորա մեջ կյանք և կենդանություն»3: Ժամանակի պահանջներին համապատասխան փոխվել էր հասարակությունը, փոխվել էր նրա մտածելակերպը, մինչդեռ ժամանակի գրականության հայրերը ժողովրդին շարունակ ստիպում էին ետ գնալ, գնալ դեպի V դար, ապրել անցյալով՝ մոռանալով ներկայի հանգամանքներն ու 19-րդ դարի իրականությունը, իսկ ժամանակն առաջ էր վազում, և ժողովուրդն էլ պետք է վազեր նրա ետևից. նա ժամանակ և ցանկություն չուներ 14 դարի ճանապարհ ետ գնալ. նա ժամանակի մշտական ուղեկիցն է: Հրապարակում եղած գրքերն իրենց մեջ ոչ մի նորություն չունեին:

Թարգմանության համար ընտրված գործը բովանդակային առումով ևս մեծ խորհուրդ ուներ. ֆրանսիացի հեղինակի վեպը ժամանակին ծանոթ է եղել ֆրանսերեն, գերմաներեն և ռուսերեն լեզուներին տիրապետող հասարակության լայն շրջանակներին, բայց ոչ ոք չի համարձակվել այն հայերեն թարգմանել և հրատարակել: Պատճառը կարոտություն չունի մեկնության, բայց Նալբանդյանն այնուամենայնիվ մեկնում է. «Եվժեն Սյու, մարդկության բարեկամ պարոնը, այս աշխատության մեջ նկարագրում է հիսուսյան աբեղաների անքրիստոնյա և բարբարոս վարքն ու բարքը. Մխիթարյան գերապատիվ հարք ինքյանք ևս կրոնակից և ջատագով լինելով հիսուսյաններին, հավանական և շատ բնական է, որ նոցա ձեռքը չէր համարձակվելու այսպիսի գործ կատարել, մանավանդ, որ տեր պապը նզովել է այս աշխատության հեղինակը և կարդացողը, ուրեմն և թարգմանողը: Գո՛հ եմ աստծուց, որ պապական չլինելով՝ ունիմ ազատություն գրել և թարգմանել այն բանը, որ ջատագով էր ճշմարտության, որ պախարակում էր քրիստոսի օրենքին ընդդեմ գործերը»4:

Նալբանդյանը հստակ նշում է նաև իր աշխատանքի նպատակը. «Այս վիպասանությունը, առանց ամենևին կողմնապահության կարո՛ղ էր ըմբռնելի կերպով հասկացուցանել մեր հայերին, թե ինչպես էր հիսուսյան կարգի ուղղությունը, որ պապականության հարազատ զավակներն էին»5: Այսինքն, նա Սյուի վեպի հերոսների կոնկրետ օրինակներով կաթոլիկ-ճիզվիտային հասարակարգի մեջ ապրող, կազմալուծվող, երբեմն դրա դեմ պայքարող հայ հասարակությանը առկա սպառնալիքների մասին ավելի խորը խորհելու, իմաստասիրաբար քննելու առիթ է տալիս:

Դեռ մանուկ լեզվի թերությունների գիտակցումով (ինչպես Աբովյանը), բայց իր կատարած աշխատանքի օգտակարության համոզումով՝ Նալբանդյանը կարողացավ հասնել իր նպատակին. հայ հասարակությանը ևս հասու դարձրեց այս հոյակապ վեպին և հիսուսյանների պատմությանը:

Այս աշխատանքից հետո Նալբանդյանը շարունակում է իր թարգմանական գործունեությունը՝ կատարելով ինչպես արձակ, այնպես էլ չափածո ստեղծագործությունների թարգմանություններ:

Հետագա տարիների նրա բազմաբեղուն թարգմանական և ինքնուրույն գրական ստեղծագործությունները շարունակում էին յուրովի բացահայտել ժամանակի կնճռոտ թեմաները և դեպի լույսն ուղղորդել ընթերցողին:

1858թ.-ին «Հյուսիսափայլի» փետրվարյան համարում հրատարակվում է ֆրանսիացի կին գրող, մշակութային գործիչ, թարգմանիչ ԿլեմանսՀենրիետՌոբերտի «ԴքսուհիդըՇևրեոզ» վիպակի՝ ֆրանսերեն բնագրից կատարված աշխարհաբար թարգմանությունը, որը կատարել էր Նալբանդյանը: Այս վիպակում բացահայտվում էին ֆրանսիական վերնախավի արատավոր կյանքի մանրամասները: Թարգմանությունը մեծ հաջողություն ունեցավ և նույն թվականին վերահրատարակվեց նաև առանձին գրքույկով:

Նույն թվականին «Հյուսիսափայլի» հաջորդ համարներում տպագրվում են Լյուդովիկոս Դելատի «Պրոպերցիա Ռոսսի» պատմվածքի և Ֆաբիո դը Օլիվիեի «Թալիսմաններ» վիպակի նալբանդյանական թարգմանությունները: Ընդգծված ռոմանտիկ-արկածային բնույթի այս գործերում ևս Նալբանդյանը գտել էր իր գաղափարների արտահայտությունը և դրանք հասանելի դարձրել իր ընթերցողին:

Սրանց հաջորդում են չափածո թարգմանությունները, որոնք երբեմն հեռանում էին թարգմանության՝ իր ժամանակ շատ տարածված և հասարակայնորեն ընդունված ձևից‚ ստանում գրական նոր և բնագրի համեմատությամբ միանգամայն տարբեր որակ. Նալբանդյանը դրանցից յուրաքանչյուրի մեջ թողնnւմ էր իր կնիքը, ենթարկում էր իր գաղափարական պայքարի պահանջներին: Այդ պատճառով էլ հաճախ նրա կատարած թարգմանությունները դիտվում են որպես ինքնուրույն աշխատանքներ, փոխադրություններ, նմանություններ:

«Հյուսիսափայլի» համարներում մեկը մյուսի ետևից շարունակում են լույս տեսնել Նալբանդյանի թարգմանությամբ Ա. Պուշկինի «Բանաստեղծ», «Չերքեզի երգը»՝ «Կովկասի գերին» պոեմից, Մ. Լերմոնտովի «Մարգարե», «Պալեստինու ոստ», «Վեճ», Պ. Բերանժեի «Վայր ընկնող աստղեր», «Աղքատ կին», «Մեծ մայր», Հ. Հայնեի «Երազ» բանաստեղծությունները, Օ. Սենկովսկու «Սատանայի պաշտոնական մեծ հանդեսը» ստեղծագործության նմանությամբ համանուն սատիրա-վիպակը, «Անթարը» և այլ ստեղծագործություններ, որոնցից յուրաքանչյուրը խոսում է Նալբանդյանի ունեցած թարգմանական մեծ վարպետության մասին: Թարգմանությունների ընթացքում նա պակասեցնում կամ ավելացնում էր մեկից ավելի քառյակներ՝ դրանք ծառայեցնելով իր գաղափարների լրիվ բացահայտմանը:

Օրինակ՝ Բերանժեի «Աղքատ կին» բանաստեղծության բնագրից չի թարգմանում փարիզյան եկեղեցու պատերի որմնանկարների նկարագրության հատվածը, քանի որ դա հայ ընթերցողին ոչինչ չէր տալու: Նույն հեղինակի «Մեծ մայրը» բանաստեղծությունից չի թարգմանում «ստահակ Պիերի» սիրահետումը նկարագրող քառյակը, քանի որ այն կարող էր թուլացնել բանաստեղծության գաղափարական միտվածությունը:

«Վայր ընկնող աստղեր» բանաստեղծության թարգմանության մեջ Նալբանդյանը ոչ միայն գրեթե կրկնապատկում է տողերի քանակը՝ մտցնելով կրկնվող քառյակներ, այլ նաև ավելի է սրացնում սոցիալական գիծը: Եթե Բերանժեի մոտ վայր ընկնող աստղերից իմացվում է մի դեպքում ուրախ և ընկերասեր մարդու, մյուս դեպքում՝ ազնվական հարուստի որդու կամ առատաձեռն հարուստի մահվան մասին, և ափսոսանքով է նշվում նրանց կորուստը, ապա Նալբանդյանը դրանց փոխարեն դնում է ագահ ու անսիրտ մեծատունին, կեղծավոր խաբեբային, ցույց է տալիս նրա անմարդկային ու անխիղճ արարքները, դրական կերպարները փոխարինում է բացասականներով: Իսկ բանաստեղծության վերջում ավելացնում է 28 ինքնուրույն տող՝ պատմելով հոր և աղջկա տխուր վախճանի մասին: Բերանժեի ստեղծագործությունների նկատմամբ Նալբանդյանի հետաքրքրությունը պատահական չէր. նրա գործերը հիմանկանում թարգմանում էին ռևոլյուցիոն-դեմոկրատների հետ սերտորեն կապված հեղինակները (Վ. Կուրոչկինը, Մ. Միխայիլովը, Դ. Լենսկին և ուրիշներ)՝ պրոպագանդելով Բերանժեի գաղափարները: Արևելահայ իրականության մեջ Նալբանդյանն առաջինն է թարգմանությունների միջոցով սկսում Բերանժեի պրոպագանդան:

Հայնեի «Երգերի գիրքը» բացող «Երազ» բանաստեղծության թարգմանության մեջ Նալբանդյանը կրկին սկզբում և վերջում ավելացնում է ինքնուրույն 10 քառյակ՝ հայնեական սիրո ռոմանտիկական զգացողությունը փոխելով հայրենասիրականի6:

Նույն տրամաբանությամբ նա հայացնում է Օ. Սենեկովսկու «Սատանայի պաշտոնական մեծ հանդեսը» պամֆլետը (վերջինիս համար էլ իր հերթին հիմք է ծառայել Բալզակի «Սատանայի կոմեդիան» պամֆլետը՝ գրված 1831-ին)՝ ավելացնելով կամ պակասեցնելով մեկից ավելի հատվածներ: Ամբողջ նյութը վերամշակում է՝ ելնելով հայկական իրականության՝ իր ժամանակի թելադիր պահանջներից ու հասարակական-քաղաքական իրադարձություններից‚ իսկ սատիրայի վերջում էլ ավելացնում է երկու բոլորովին նոր գլուխներ։ Եվ մեծ խորաթափանցություն չպահանջվեց ժամանակակիցներից՝ Բուրբանդուսի կերպարի ներքո ճանաչել Գաբրիել Այվազովսկուն‚ հանձին Գրականության դիվանապետի՝ Մսեր Մսերյանին‚ հանձին Մեծ Բրահմինի՝ Ներսես Աշտարակեցուն և այլն7։ Պատահական չէր‚ որ «Սատանայի պաշտոնական մեծ հանդեսը» աղմուկ ու փոթորիկ է բարձրացնում հակառակորդների բանակում‚ պահպանողական մամուլը հեղեղվում է մեծ ու փոքր զանազան հոդվածներով:

Գեղարվեստական գեղեցկությամբ աչքի է ընկնում Պուշկինի «Չերքեզի երգը» բանաստեղծության թարգմանությունը: Երեք տներից յուրաքանչյուրը եզրափակվում է «чеченец ходит за рекой» տողով, իսկ Նալբանդյանի թարգմանության մեջ այդ տողը երեք տարբերակ ունի. 1. Մոտդ չեչեն կա զարթուն, 2. Տես չեչենն է ման գալիս, 3. Ման են գալիս չեչեններ, «красные» ժողովրդախոսակցական բառը (խոսքը աղջիկներին է վերաբերում) թարգմանել է «սիրուն կույսեր», իսկ «казак»-ը դարձրել է «զինվոր», «русские певицы»-ին՝ «ընտիր երգիչներ» և այլն:

Ահա թարգմանությունից մի հատված.

В реке бежит гремучий вал, Գետը վազում է կատաղած

В горах безмолвие ночное, Ու խռոված հորձանքով,

Казак усталый задремал, Սարերի մեջ ահա հոգնած

Склонясь на копие стальное8. Քնեց զինվորը գիշերով,

Թիկն տվեց նա պողպատե

Յուր նիզակին պսպղուն… 9:

Նալբանդյանն ոչ միայն հայ գրականություն է ներմուծել մի շարք գրական ժանրեր, այլ նաև համարվում է ինչպես գրաքննադատության, այնպես էլ քաղաքացիական պոեզիայի հիմնադիրը: Այս առումով նրա քնարերգության գլուխգործոցն է համարվում 1859թ.-ին գրված «Ազատություն» բանաստեղծությունը, որը շատ մերձավոր առնչություն ունի 1858թ.-ին «Պոլյարնայա զվեզդա» ալմանախում (Լոնդոն) լույս տեսած Օգարյովի համանուն բանաստեղծության հետ10:

1859 թ.-ին Նալբանդյանը իտալական հեղափոխության ազդեցության տակ Մերկանտինիի «Սապրի հասկահավաքուհին» լեգենդից փոխադրում է մի հատված՝ «Իտալացի աղջկա երգը» վերնագրով՝ իտալուհու հայրենասիրության նկարագրությամբ փորձելով հայրենասիրություն արթնացնել հայուհու մեջ՝ 19-րդ դարից կամուրջ նետելով 5-րդ դար՝ հիշատակելով Եղիշեի նկարագրած հայ փափկասուն տիկնանց: Նույն լեգենդի ազդեցությամբ 1858 թ.-ին ռուս բանաստեղծ Ն. Օգարյովը գրել էր «Մյուս ափից» պոեմը՝ անմահացնելով գիտակցված մահվան գնացող իտալացիների կյանքի վերջին վայրկյանների ապրումները: Հատկանշական է Նալբանդյանի գաղափարա-գեղագիտական ընդհանրությունը ռուս հեղափոխական Օգարյովի հետ: Մինչ Նալբանդյանը ոչ ոք հայ քնարերգության մեջ այդպիսի կրքոտությամբ չէր գովերգել ազատությունը, այդպես վստահ պայքարի չէր կոչել:

Պետրոպավլովյան ամրոցում անցկացրած ժամանակահատվածում (1862-1865թթ.) Նալբանդյանը շատ ժամանակ էր հատկացնում գրական-գիտական աշխատանքներին: Այնտեղ նա գրում է գեղագիտական, լեզվաբանական, փիլիսոփայական իր լավագույն ուսումնասիրությունները, որոնց միջոցով ձգտում էր նպաստել հայ նորաստեղծ գրականությանը, հայ փիլիսոփայական մտքի կազմավորմանը. առհասարակ գիտական մտքի առաջընթացին: Հենց այս շրջանում նա գրաբարից աշխարհաբար է թարգմանում V դարի պատմիչ ՂազարՓարպեցու «Թուղթը»:

Իր կատարած թարգմանություններով Նալբանդյանը, կարծես, փորձում էր ապացուցել հանրությանը, իր կողմնակիցներին և հակառակորդներին, որ հայ իրականության մեջ առկա խնդիրները լոկ նեղ ազգային չեն. դրանք համամարդկային են, դրանք հյուծում են նաև այլ ազգերի, իսկ հայ ժողովուրդը անմասն չէ համաշխարհային կյանքից. նա Աշխարհ կոչվող մեծ օրգանիզմի մի երակն է, որը գտնվում է անընդհատ շարժման մեջ և հոսում է դեպի Աշխարհի սիրտը՝ դեպի Ապագա: Ցանկանում էր ցույց տալ, որ այդ հոսքի ընթացքում հանդիպող խոցերի և խոչընդոտների հետ կապված իր անձնական ընկալումները, դիրքորոշումները, փիլիսոփայական և քաղաքական հայացքները սուբյեկտիվ չեն. դրանք կիսում են նաև համաշխարհային ժամանակակից մտավորական դեմքերը:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

  1. «Լրաբեր Հասարակական Գիտությունների», № 2, 2000, էջեր 120-131, էջ 127 (Ա. Ժ. Մովսիսյան, «Ա.Ս. Պուշկինի չափածո երգերի առաջին հայերեն թարգմանությունները):
  2. «Պատմա-բանասիրական հանդես», N 2, 67-96 էջեր, էջ 82 (Էդ. Ջրբաշյան, Մ. Նալբանդյանը և արևմտա-եվրոպական գրականությունը):
  3. Մ.Նալբանդյան, Երկեր (Կազմ.՝ Ռ. Մ. Մուրադյան, առաջաբանը և ծանոթ. Ս. Կ. Դարոնյանի.- Եր.- Սովետ գրող, 1985.-632 էջ.-(Հայ դասականների գրադարան)
  4. Մ. Նալբանդյան, Ընտիր երկեր, կազմեցին և ծանոթագրեցին Հ. Մելիքյանը և Գ. Ստեփանյանը, խմբագիր՝ Մ.Մկրյան, Եր., 1953, 683 էջ:
  5. «Երեկոյան Երևան»‚ № 255, Երևան, 1979 (Ս. Շտիկյան, «Նալբանդյանը՝ թարգմանիչ):

1 Պատմա-բանասիրական հանդես», N 2, 67-96 էջեր, էջ 82 (տե՛ս՝ Էդ. Ջրբաշյան, Մ. Նալբանդյանը և արևմտա-եվրոպական գրականությունը)

2 Մ. Նալբանդյան, Ընտիր երկեր / կազմեցին և ծանոթագրեցին Հ. Մելիքյանը և Գ. Ստեփանյանը, խմբագիր՝ Մ. Մկրյան, Եր., 1953, էջ 325:

3 Նույն տեղում, էջ 327:

4 Նույն տեղում, էջ 331:

5 Նույն տեղում, էջ 334:

6 «Պատմա-բանասիրական հանդես», N 2, Եր., 2000, 67-96 էջեր, էջ 82 (տե՛ս՝ Էդ. Ջրբաշյան, Մ. Նալբանդյանը և արևմտա-եվրոպական գրականությունը):

7 «Երեկոյան Երևան», № 255, Եր., 1979 (տե՛ս՝ Ս. Շտիկյան, Նալբանդյանը՝ թարգմանիչ):

8 Հանդես գրական և պատմական,1890, գիրք 3, էջ 17

9 «Լրաբեր Հասարակական Գիտությունների», № 2 . էջեր 120-131. էջ 127 (տե՛ս՝ Ա. Ժ. Մովսիսյան, Ա.Ս. Պուշկինի չափածո երգերի առաջին հայերեն թարգմանություններ):

10 Մ.Նալբանդյան, Երկեր (Կազմ.՝ Ռ.Մ.Մուրադյան, առաջաբանը և ծանոթ. Ս. Կ. Դարոնյանի.- Եր.- Սովետ գրող, 1985.-632 էջ.-(Հայ դասականների գրադարան), էջ՝ 11)

Please follow and like us: