Շուշի, Հադրութ, Մեհրիբան, Լաչինը՝ Քարվաճառ, Նիկոլ,
բայրաքթար, Հայաստան, Էրդողան, Ջեբրայիլ, չէ՛՝ Ջրական,
Պուտին, Բաքու, զգետնել, Ալիև, ԵԽԽՎ, Մոսկվա, Աննա,
բանակցություն, Ադրբեջան, Արծրուն, Արայիկ, Լեռնային
Ղարաբաղ, չէ՛՝ Արցախ, Վահրամ, Միշիկ, Թուրքիա,
բանակցություններ
Հաստատ ջարդել են: Չէ, չեն ջարդել էջը: Ճիշտ ա: Ընկել ա: Բայց կարող ա… Չէ՛, չի կարող: Տակտիկական նահանջ ա՝ աչքիս: Ի՞նչ ես խոսում, մեռա ասելով՝ պարտվում ենք: Բերանդ խերով բաց արա, հերիք ա կռռաս: Բայց ասում են՝ գողացել են, տարել փակել են, ինչ-որ բաներ են ստիպում: Լսի, բայց ո՞նց ա հնարավոր: Ասում են, հա: Տարել, փակել, ստիպել են: Ախր ո՞նց կարար ընկներ: Հնարավոր չի: Բարձունքում ա, գրավել չէր լինի: Ոչխարներին որտեղի՞ց էդքան խելք: Քիչ մնաց, եթեր կմտնի, հիմա ամեն ինչ կիմանանք: Հեսա, ասում են՝ լավ չի, տեղափոխել են հիվանդանոց: Ինքն ա գրել, ասում ա՝ սիրտս լավ չի: Էս ի՞նչ ա կատարվում: Ինչ-որ բան ա կատարվում: Եթե չմտավ, ուրեմն, իրոք, բռնել-փակել են: Բայց ախր ի՞նչ ա նշանակում՝ բռնել-փակել են: Ո՞վ ա բռնել: Ո՞վ ա փակել: Դավաճանները: Էս ազգի տականքները: Ինչն ա շատ՝ դավաճանությունը: Կարող ա սպառնացել են, որ եթեր չմտնի: Մերոնք հաստատ ուժեղ հակահարձակման են անցնելու: «Սմերչը» պիտի խփեն: Չեմ հասկանում, ինչի՞ն են սպասում: Իրենք էլ կխփեն: Բայց որ խփեն, էդ արդեն ուրիշ տարածք ա, սոխերը կխառնվեն: Երրորդ համաշխարհայինն ա սկսվելու: Աստված ջան: Ի՞նչ ա կատարվում: Էս ի՞նչ ա կատարվում: Այ քեզ բան: Սրանք էս ինչե՞ր են գրում՝ իբր սաղ վերցրել են: Սրանք լրիվ գիժ են: Հա-հա-հա-հա… Պատերազմից հետո հոգեբուժարաններ են բացելու դրանց ֆրուստրացիայից բուժելու համար: Մի րոպե արի: Արի նստի: Նստի կարդա: Կարդա: Էս ի՞նչ ա: Ռուսերեն ա… էս ի՞նչ ա, մամա ջան… Մի՛ գոռա: Հերիք ա: Ասում եմ՝ ձենդ կտրի՛: Ի՞նչ ես պոկում մազերդ: Դանակը տեղը դիր: Ապուշ բաներ մի՛ արա: Մի՛ գժվի: Մի՛ ապուշացի:
Շուտ էին ուղարկել: Խնդալու սմայլիկներ դրեցի: Վազեմ, շուտ տուն հասնեմ, արագ ուղարկեմ, ինքը հաստատ կիմանա՝ ճիշտ ա՞: Դրանք էլ՝ զընգ հա զընգ… Միացրել եմ, ոռնում են… անջատում եմ: Գրում ա՝ հա, ճիշտ ա… Նորից զանգում են, միացնում եմ՝ ոռնում են… Ես էլ եմ ոռնում, ինքն էլ ա ոռնում, էրեխեքն էլ են ոռնում, հարևաններն էլ են ոռնում…
Քնած եմ: Սիրտս ճմլվում ա: Վեր եմ թռնում, զգում եմ, մի բան կատարվել ա: Գնում եմ հյուրասենյակ, տեսնեմ՝ մեջքով ա կանգնած, ուսերը ցնցվում են, լացում ա: Ասում եմ՝ ի՞նչ ա եղել՝ Կարենը՞, Աշոտը՞, Հարութը՞… Ասա… Ասա, խնդրում եմ… Գրկել ա էրեխուն՝ «Կներես, տղես, կներես, պարտվել ենք»:
Ես չեմ պարտվել, դու՛ ես պարտվել: Դու չես պարտվել, նրա՛նք են պարտվել: Նրանք չեն պարտվել, մե՛նք ենք պարտվել: Մենք բոլորս ենք մեղավոր: Բայց ես ի՞նչ եմ արել: Հենց ես՝ ի՞նչ սխալ բան եմ արել: Չգիտե՞ս: Լու՞րջ: Լավ մտածի: Մտածի: Մտածի: Գլխիդ զոռ տուր: Ես չեմ կարա հիմա մտածել, ես հիմա պիտի լացեմ, գոռամ, մեղադրեմ, ողբամ:
***
Ա՛յ իմ նախշած Շուշի, ղադրդ չգիդացինք, թորքի բաժին տառած Շուշի, հու՞ քեզ քիցեց թորքին ռեխը: Տրան ծերքերը կուտրատվեն, թիքա-թիքա տառնան: Իմ Կայանա տատիկս ծիին վիրա նստած՝ անց ա կըցալ քու դաշտերավդ, թորքին խաբս ա տվալ, տարալ Շուշվա ծուրերումը խեղդալ: Բա ես հիմա շտե՞ղ եմ սաս անում, բա ես խե՞ կրացի վեչ տանեմ թորքին ծորումը խեղդեմ, խոր-խոր ծուրերիդ մատաղ, ա՛յ իմ նախշած Շուշի…
Իմ ջահել բալեք, սաս եմ տամ ծեզ: Ծեր սասին մատաղ, տուք ինձ էլ լսում չեք: Քուռընայի, տըսնայի վեչ ծեր հոպ կալած աշկերը, այ մեր խոխերք, մեր մատղաշ խոխերք, մեր կուճի խոխերք:
Բալա, բալա՜, վե՞ր ծորին տակին ես, վե՞ր քըրծին տակին ես, սաս եմ տամ՝ սաս չես հանում: Բոյ-բուսաթիդ մատաղ, մեծ-մեծ ըշկերիդ մատաղ, քու մատղաշ կյանքիդ մատաղ, բա ես մըհեկ հու՞նց եմ կիլոխս տինելու պարցին, վեր տու՛ մատաղ քացիր, մեր բալեք, մեր քյորփա բալեք:
Իմ վիրավոր, խոցված բալա, քոռ գյուլլան քեզ հու՞նց ճարեց: Սարեր՝ ծեզ եմ կանչում, քարեր՝ ծեզ եմ ձեն տամ, խե՞ կրացիք վեչ խուխիս կյաղեք, գյուլլան ճարեր վեչ իմ մադարիս: Նամարդ մնաք տուք, սարեր-ծորեր, վեր իմ խուխիս պըհեցիք վեչ:
Ա՛յ իմ առյուծ բալա, ա՛յ իմ ասլան բալա, ա՛յ իմ արծիվ բալա, յեր կաց, աշկերդ պացի,բոյավդ մին կաղնի, տես հինչ սև ա եկալ կըլխներիս:
Սևը եկալ, աշխարհն ա լցվալ, մեր երկիրն ա լցվալ, մեր տոնն ա լցվալ, կիլոխս ա լցվալ: Էլ վեշ մի պյան հըսկանում չեմ, կիլոխ չեմ ինգում:
***
Սիրուն աշուն է: Ծառերն իրենց արևին է՛լ բողբոջեցին, է՛լ ծաղկեցին, է՛լ կանաչեցին՝ կատարները՝ քամիներին. հիմա էլ քիչ-քիչ շեկ են ցնդում: Փոշոտ տապին արևը խեղդեց, հիմա հատած՝ անձրևի արանքներում, սուտի շողում է: Անցյալ տարվա ցեխը կիջնի գլխիս՝ սառն ու սպիտակ, օրոր-շորոր: