Միխայիլ Բուլգակով/Պողպատյա կոկորդը

Այսպես, ես մենակ մնացի։ Շուրջս՝ նոյեմբերյան խավար ու ձնաբուք, տունը ծածկվել է ձյունով, խողովակներից ոռնոց է լսվում։ Կյանքիս քսանչորս տարին ապրել եմ քաղաքում եւ կարծել, թե բուքը ոռնում է միայն վեպերում։ Պարզվեց՝ այն իսկապես ոռնում է։ Երեկոններն այստեղ աննկարագրելի երկար են, կապույտ  լուսամփոփի տակից երեւացող լամպը ատացոլվում էր մուգ սեւ պատուհանի մեջ, եւ ես երազում էի՝ նայելով ձախ ձեռքիս թրթռացող լուսավոր բծերին։ Երազում էի գավառական քաղաքի մասին, որ ինձնից քառասուն վերստ էր հեռու։ Շատ կցանկանայի փախչել այնտեղ, փախչել իմ բուժկետից։ Այնտեղ էլեկտրականություն կար, չորս բժիշկ, նրանց հետ կարելի էր խորհրդակցել, ամեն դեպքում այսքան սարսափելի չէր։ Բայց փախչելու ոչ մի հնար չկար,  երբեմն էլ ինքս զգում էի, որ դա փոքրոգության դրսեւորում է։ Չէ՞ որ ես հենց սրա համար եմ սովորել բժշկական ֆակուլտետում․․․

«Իսկ եթե ծննդկանի բերեն, եւ նրա մոտ բարդացված ծնունդ լինի։ Կամ, ենթադրենք, հիվանդի, որը ողնաշարի ճմլված ճողվածք ունի․․․ Բարի եղեք, ասեք՝ ինչ անեմ։ Ես ավարտել եմ բժշկականը քառասունութ օր առաջ՝ գերազանցությամբ թեպետ, բայց գերազանցությունն՝ իր համար, ճողվածքը՝ իր։ Մի անգամ տեսել եմ, թե ոնց է պրոֆեսորը ճմլված ճողվածք վիրահատում։ Նա կատարում էր, իսկ ես նստած էի ամֆիթատրոնում։ Եվ միայն այդքանը»։

Մի անգամ չէ, որ սառը քրտինքը ծորացել է ողնաշարս ի վար՝ ճմլված ճողվածքի մասին մտածելիս։ Ամեն երեկո թեյելուց հետո ես նստում էի նույն դիրքով․ ձախ ձեռքիս տակ  վիրահատական մանկաբարձության բոլոր ուղեցույցներն էին, ամենավերեւում՝ փոքրիկ Դոդերլյայնը։ Իսկ աջ կողմում վիրահատական վիրաբուժության տասը տարբեր հատորները՝ նկարներով։ Ես տնքում էի, ծխում, սեւ, սառը թեյ խմում․․․

Եվ ահա քնեցի․ շատ լավ եմ հիշում այդ գիշերը՝ նոյեմբերի 29-ի։ Արթնացա դռան հռնդյունից։ Հինգ րոպե անց, տաբատս վրաս քաշելով, աղերսող հայացքս չէի հեռացնում վիրաբուժության աստվածային հատորներից։ Ես լսում էի սահակողերի ճռռոցը, որ գալիս էր բակից․ լսողությունս անսովոր սրվել էր։ Պարզվեց՝ ավելի ահավոր է, քան ճողվածքը, քան պտղի միջաձիգ դիրքը․ ինձ մոտ՝ նիկոլսկյան բուժկետ-հիվանդանոց էին բերել աղջնակի․․․ Գիշերվա տասնմեկին։ Խնամակալը խուլ ձայնով ասաց․

– Աչոնը թույլ է, մեռնում է․․․Հիվանդանոց եկեք, բժիշկ․․․

Հիշում եմ՝ կտրեցի բակը, քայլում էի՝ նշան բռնած հիվանդանոցի շեմին կախված կերոսինե լամպը, հմայված նայում էի, թե ոնց է լուզը թարթում։ Ընդունարանն արդեն լուսավորված էր, եւ իմ օգնականների ողջ անձնակազմը սպասում էր ինձ կազմ-պատրաստ։ Դրանք էին բուժակ Դեմյան Լուկիչը՝ դեռ երիտասարդ, բայց շատ ընդունակ մարդ, եւ երկու փորձառու մանկաբարձուհիներ՝  Աննա Նիկոլայեւնան ու Պալագեա Իվանովնան։ Իսկ ես ընդամենը քսանչորամյա բժիշկ էի՝ երկու ամիս առաջ ավարտած եւ նշանակված տնօրինելու նիկոլսկյան հիվանդանոցը։

Բուժակը հանդիսավորությամբ բացեց դուռը, եւ հայտնվեց մայրը։  Նա ասես ներս թռավ՝ վալենկաներով սահելով հատակին, նրա գլխաշորի վրայի ձյունը դեռ չէր հալվել։ Նրա ձեռքին կապոց կար, որ շարժելիս շրշում էր։ Մոր դեմքը ծռմռված էր, նա անձայն լացում էր։ Երբ հանեց քուրքն ու գլխաշորը եւ բացեց կապոցը, ես տեսա աղջնակին՝ մոտ երեք տարեկան։ Նայեցի նրան ու մոռացա մի պահ թե վիրահատական վիրաբուժությունը, թե մենակությունը, թե իմ անպետք, համալսարանական բեռը, ամեն ինչ մոռացա բացառապես աղջնակի գեղեցկության պատճառով։ Ինչի՞ հետ համեմատեմ նրան։ Միայն կոնֆետների տուփերի վրա են այսպիսի երեխաներ նկարում․ մազերը մեծ, բնական խոպոպներով, հասած գարու գույնի։ Աչքերը՝ կապույտ, հսկայական, թուշիկները՝ տիկնիկային։ Այդպես հրեշտակներին էին նկարում։ Բայց ինչ-որ տարօրինակ մգություն կար նրա աչքերի հատակում, եւ ես հասկացա, որ դա վախն է․ նա չէր կարողանում շնչել։ «Մի ժամից կմեռնի»,- մտածեցի միանգամայն վստահ, եւ սիրտս ցավոտ ճմլվեց․․․

Յուրաքանչյուր շնչի հետ աղջկա կոկորդի փոսերը ներս էին ձգվում, երակները պրկվում էին, իսկ դեմքը գունավորվում էր վարդագույնից մինչեւ թեթեւ մանուշակագույն երանգներով։ Այդ գույնը ես անմիջապես հասկացա եւ ճիշտ գնահատեցի։ Անմիջապես գլխի ընկա՝ ինչ է, եւ իմ առաջին ախտորոշումը միանգամայն ճիշտ դրեցի, ամենակարեւորը, մանկաբարձուհիների հետ միաժամանակ, չէ՞ որ նրանք փորձառու էին։ «Աղջկա մոտ դիֆտերիայի կռուպն է, կոկորդն արդեն լցված է թաղանթներով եւ շուտով ամուր կփակվի․․․»։

– Քանի՞ օր է, ինչ աղջնակը հիվանդ է,- հարցրի ես՝ խախտելով բուժանձնակազմի վախեցնող լռությունը։

– Հինգ, հինգերորդ օրն է,- ասաց մայրը եւ սառած հայացքով նայեց ինձ։

– Դիֆտերիայի կռուպն է,- կիսաձայն հայտնեցի բուժակին, իսկ մորն ասացի,- բա ինչի՞ մասին էիր մտածում էսքան ժամանակ, ի՞նչ էիր մտածում։

Եվ այդ ժամանակ իմ ետեւում լսվեց մի նվնվան ձայն․

– Հինգերորդ, հեր օրհնած, հինգերորդ։

Ես շրջվեցի ու տեսա կլոր դեմքով, գլխաշոր կապած տատին։ «Լավ կլիներ, որ այս տատերն ընդհանրապես աշխարհի երեսին չլինեին»,- մտածեցի ես վտանգի տխուր կանխազգացմամբ եւ ասացի․

– Դո՛ւ, տատի՛, լռի՛ր, խանգարում ես,- ու մորը նայելով կրկնեցի,- ի՞նչ էիր մտածում, հինգ օր, հը՞․․․

Մայրը հանկարծ մեքենայաբար փոխանցեց աղջնակին տատին եւ իմ առջեւ ծնկի իջավ։

– Նրան կաթիլներ տուր,- ասաց նա ու ճակատը հպեց հատակին,- ես կկախվեմ, եթե նա մեռնի։

– Վեր կաց հենց հիմա,- ասացի,- թե չէ հետդ չեմ էլ խոսի։

Մայրն արագ ոտքի կանգնեց՝ լայն փեշերը շնկշնկացնելով, պառավի ձեռքից վերցրեց աղջնակին եւ սկսեց օրորել։ Պառավը սկսեց աղոթել մեկուսի, իսկ աղջնակը շնչում էր՝ օձի պես ֆշշացնելով։ Բուժակն ասաց․

–  Նրանք բոլորն են այդպես վարվում՝ ժողո-վուրդը,- այդ ասելիս նրա բեղերը կողքի թեքվեցին։

– Եվ ի՞նչ, նշանակում է՝ նա կմեռնի՞,- հանդուգն նայելով ինձ, կատաղած հարցրեց մայրը։

– Կմահանա,- ցածրաձայն եւ հաստատ ասացի։

Տատն իսկույն վեր բաձրացրեց փեշի ծայրն ու սկսեց սրբել աչքերը։ Իսկ մայրը գոռաց վրաս անդուր ձայնով․

– Կաթիլնե՛ր տուր նրան, օգնի՛ր․․․ Կաթիլնե՛ր տուր․․․

Ես պարզ տեսնում էի՝ ինձ ինչ է սպասվում, եւ համբերատար էի։

– Ի՞նչ կաթիլներ տամ։ Խորհուրդ տուր։ Բալիկը խեղդվում է, կոկորդն արդեն փակ է։ Դու հինգ օր շարունակ հյուծում էիր աղջկադ՝ ինձնից ընդամենը տասնհինգ վերստ հեռավորության վրա։ Իսկ հիմա ի՞նչ կհրամայեք անել։

– Դու ավելի լավ կիմանաս, հեր օրհնած,- ձախ ուսիս կողմից կեղծավոր ձայնով նվնված պառավը, եւ ես նրան միանգամից ատեցի։

– Լռի՛ր,- ասացի։ Եվ, դիմելով բուժակին,հրամայեցի, որ աղջնակին վերցնի։ Մայրը մանկաբարձուհուն հանձնեց իր երեխային, որը սկսեց ջղաձգվել, երեւի ցանկանում էր գոռալ, բայց ձայնն էլ դուրս չէր գալիս։ Մայրը ցանկանում էր պաշտպանել նրան, բայց մենք մորը հեռացրինք, եւ ինձ հաջողվեց առաստաղից կախված լամպի լույսի տակ զննել աղջկա կոկորդը։ Մինչ այդ երբեք դիֆտերիտ չէի տեսել, բացի մեկ-երկու թույլ ու արագ մոռացված դեպքից։ Կոկորդում ինչ-որ բան կար՝ խլթխլթացող, սպիտակ, փերթ-փերթ։ Աղջնակը հանկարծ արտաշնչեց ու թքեց դեմքիս, բայց ես չգիտես ինչու չվախեցա աչքերիս համար, այնքան տարված էի մտքերով։

– Ուրեմն, տեսեք ինչ ենք անում,- ասացի՝ զարմացած իմ հանգստությունից,- ուշ է։ Աղջնակը մահանում է։ Եվ նրան ոչինչ չի փրկի, բացի մի բանից՝ վիրահատությունից։

Եվ ինքս էլ սարսափեցի, թե ինչու ասացի, բայց չասել չէի կարող։ «Բա որ համաձայնվե՞ն»,- անցավ մտքովս։

– Էդ ո՞նց,- հարցրեց մայրը։

– Պետք է կոկորդը ներքեւից մի քիչ կտրել եւ արծաթյա փողրակ դնել, աղջկան շնչելու հնարավորություն տալ, այդժամ միգուցե կփրկենք նրան,- ասացի։

Մայրը նայեց ինձ, ինչպես խելագարի եւ աղջնակին ձեռքերով պաշտպանեց ինձնից, իսկ տատը նորից նվնվաց․

– Ի՞նչ ես ասում։ Թույլ չտաս կտրի։ Ո՞նց թե․․․ Էն էլ կոկորդը․․․

– Հեռացի՛ր, տատի՛,- ատելությամբ ասացի ես,- կամֆարա սրսկեք,- հրամայեցի բուժակին։

Մայրը ներարկիչը տեսավ, հրաժարվում էր աղջկան մեզ տալ, բայց բացատրեցինք, որ դա սարսափելի չէ։

– Կարո՞ղ է դա օգնի նրան,- հարցրեց մայրը։

– Բոլորովին չի օգնի։

Այդժամ մայրը հեկեկաց։

– Վերջացրո՛ւ,-ասացի։ Հանեցի ժամացույցն ու ավելացրի,- մտածելու համար հինգ րոպե եմ տալիս։ Եթե չհամաձայնվեք, հինգ րոպե հետո ինքս էլ հանձն չեմ առնի։

– Համաձայն չեմ,- ասաց մայրը։

– Մեր համաձայնությունը չենք տա,- ավելացրեց տատը։

– Դե, ոնց կուզեք,- խուլ ձայնով վրա եկա ես ու մտածեցի․ «Ահա եւ վերջ։ Ինձ ավելի լավ։ Ես ասացի, առաջարկեցի՝ մանկաբարձուհիների զարմացած հայացքների տակ։ Նրանք հրաժարվեցին, եւ ես փրկված եմ»։ Եվ հենց մտածեցի, ինչ-որ ուրիշ մեկը իմ փոխարեն ուրիշի ձայնով ասաց,- դուք գժվե՞լ եք։ Ո՞նց թե համաձան չեք։ Սպանում եք աղջկան։ Համաձայնվեք։ Չե՞ք խղճում։

– Ո՜չ,- նորից գոռաց մայրը։

Մտքումս ասում էի․ «Էս ի՞նչ եմ անում։ Ախր դանակի տակ կմնա»։ Իսկ բարձրաձայն այլ բան էի ասում․

– Դե՛, արագացրե՛ք, արա՛գ համաձայնվեք։ Համաձայնվե՛ք։ Ախր նրա ոտքերն արդեն կապտում են։

– Ո՛չ։ Ո՛չ։

– Դե ինչ, տարեք նրանց պալատ, թող այնտեղ նստեն։

Նրանց տարան կիսամութ միջանցքով։ Ես լսում էի կանանց լացն ու աղջկա ֆշշոցը։ Բուժակն իսկույն վերադարձավ եւ ասաց․

«Համաձայն են»։

Ներսումս ամեն բան քարացավ, բայց արտաբերեցի շատ հստակ․

– Արագ ախտահանե՛ք դանակը, մկրատը, կեռիկները, զոնդը։

Մի րոպեում վազեցի բակի միջով, որտեղ բուքն աղմուկով պատերին էր խփվում, ասես դեւ լիներ։ Մտա իմ աշխատասենյակ եւ, հաշվելով րոպեները, կառչեցի գրքից, թերթեցի, գտա նկարը, որտեղ շնչափողահատում էր պատկերված։ Ամեն ինչ պարզ ու հականալի էր․ կոկորդը բացված է, դանակը՝ խրված շնչափողի մեջ։ Ես սկսեցի կարդալ գրվածը, բայց ոչինչ չէի հասկանում, բառերն ասես թռչկոտում էին աչքերիս մեջ։ Ես երբեք չէի տեսել, թե ոնց են տրախեոտոմիա անում։ «Էհ, արդեն ուշ է»,- մտածեցի, տխուր հայացք նետեցի կապույտ գույնին, վառ նկարին, զգացի, որ ուսերիս ծանր, ահավոր բեռ է ընկել եւ վազքով վերադարձա հիվանդանոց՝ ուշադրություն չդարձնելով բորանին։

Ընդունարանում լայն փեշով մի ստվեր սոսնձվեց ինձ, եւ ձայնը նվնվաց․

– Հեր օրհնած, ախր ո՞նց կլինի այդպես, որ աղջկա կոկորդը կտրեք։ Դա անելու բան չի։ Հիմար կնիկը համաձայնվեց։ Բայց ես իմ համաձայնությունը չեմ տվել։ Կաթիլներով համաձայն եմ, որ բուժեք, բայց կոկորդը կտրել թույլ չեմ տա։

– Էս տատին ռա՛դ արեք,- գոռացի ես եւ գրգռված ավելացրի,- ինքդ ես հիմար կնիկը։ Հենց ինքդ։ Իսկ նա խելացին է։ Եվ ընդհանրապես, ոչ ոք քեզ չի հարցնում։ Ռա՛դ արեք սրան էստեղից։

Մանկաբարձուհին պինդ գրկեց տատին ու պալատից դուրս հրեց։

– Պատրաստ է,- հանկարծ ասաց բուժակը։

Մենք մտանք փոքրիկ վիրահատարանը, եւ ես, ասես մշուշի միջից տեսա ամենը՝ փայլուն գործիքները, կուրացուցիչ լամպը, մոմլաթը․․․ Մի անգամ էլ դուրս եկա մոր մոտ, որի ձեռքից աղջկան զոռով խլեցին։ Լսեցի խռպոտած ձայնը, որ ասում էր․ «Մարդս մեզ հետ չի, քաղաք է գնացել։ Կգա, կտեսնի՝ ինչ եմ արել, կսպանի ինձ»։

– Կսպանի,- կրկնեց տատը՝ սարսափով նայելով ինձ։

– Վիրահատարան չթողնեք սրանց- հրամայեցի ես։

Վիրահատարանում մենակ մնացինք՝ ես, բուժանձնակազմը եւ Լիդկան՝ աղջնակը։ Նա նստած էր աթոռին մերկ ու անձայն լացում էր։ Նրան պառկեցրին սեղանին, սեղմեցին, կոկորդը լվացին, յոդ քսեցին, եւ ես վերցրի դանակը՝ մտքումս ինքս ինձ ասելով․ «Էս ի՞նչ եմ անում»։ Վիրահատարնում լռություն էր տիրում։ Վերցրի դանակն ու ուղղահայաց գիծ քաշեցի սպիտակ, թմբլիկ վզի վրա։ Արյան ոչ մի կաթիլ չերեւաց։ Երկրորդ անգամ դանակը սահեցրի սպիտակ գծի վրայով, որ առաջացել էր մաշկի հեռացած հատվածների արանքում։ Դարձյալ ոչ մի կաթիլ։ Դանդաղ, փորձելով հիշել ատլասներից ինչ-որ նկարներ, սկսեցի բութ զոնդի օգնությամբ առանձնացնել նուրբ հյուսվածքները։ Եվ այդժամ վերքի ներքեւում, ինչ-որ տեղից դուրս հորդեց մուգ արյունը, անմիջապես ծածկեց վերքը ու հոսեց վզի վրայով։ Բուժակը սկսեց վիրախծուծով սրբել այն, բայց արյունը չէր կտրվում։ Հիշելով ամենն, ինչ տեսել էի համալսարանում՝ սկսեցի սեղմակներ հագցնել վերքի եզրերին, բայց բան դուրս չէր գալիս։ Ես սկսեցի ցուրտ զգալ, եւ ճակատս խոնավացավ։ Ես շատ սուր ափսոսանք զգացի, որ բժշկական եմ գնացել եւ որ հայտնվել եմ էս չոլում։ Ջղային հուսահատության մեջ նրբունելին մտցրի աչքաչափով, ինչ-որ տեղ՝ հնարավորինս մոտ վերքին, սեղմեցի այն, եւ արյունն իսկույն դադարեց հոսել։ Վերքը չորացրինք մարլյայի կտորներով։ Այն իմ դեմ էր՝ մաքուր եւ բացարձակապես անհասկանալի։ Ոչ մի շնչափող չէր նշմարվում։ Իմ վերքը ոչ մի նկարի նման չէր։ Եւս երկու-երեք րոպե անցավ, որոնց ընթացքում լրիվ մեքենայաբար ու անիմատ փորփրում էի վերքը մեկ դանակով, մեկ զոնդով՝ փնտրելով շնչափողը։ Այնուհետեւ հույսս կտրեցի։ «Վերջ,- մտածեցի,- ինչո՞ւ արեցի սա։ Չէ՞ որ կարող էի չառաջարկել վիրահատություն, եւ Լիդկան հանգիտ կմահանար պալատում, իսկ հիմա կմահանա ճղված կոկորդով, եւ ես երբեք ու ոչ մի կերպ չեմ ապացուցի, որ նա միեւնույնն է՝ մեռնելու էր, որ ես չէի կարող վնասել նրան»։ Մանկաբարձուհին լուռ սրբեց ճակատս։ «Ցած դնեմ դանակն, ասեմ, որ չգիտեմ, թե ինչ է պետք անել»,- այսպես մտածեցի ու պատկերացրի մոր աչքերը։ Ես նորից բարձրացրի դանակն ու անիմատ, խոր եւ կտրուկ սրածեցի Լիդկային։ Հյուսվածքները շերտատվեցին, եւ հանկարծ իմ առջեւ հայտնվեց շնչափողը։

– Կեռիկները,-խռպոտած ասացի։

Բուժակը մատուցեց կեռիկները։ Մեկը մի կողմից խրեցի, մյուսը՝ մյուս կողմից, եւ դրանցից մեկը փոխանցեցի բուժակին։ Հիմա ես միայն մի բան էի տեսնում՝ կոկորդի մոխրագույն օղերը։ Սուր դանակը խրեցի շնչափողի մեջ ու քարացա։ Շնչափողը վերքից վեր բարձրացավ, մտքումս առկայծեց, որ բուժակը գժվել է՝ նա հանկարծ սկսեց շնչափողը դուրս քաշել։ Իմ հետեւում մանկաբարձուհիներն անհանգիստ ձայնարկություններ արտաբերեցին։ Հայացքս բարձրացրի եւ հասկացա՝ ինչ է կատարվում։ Պարզվում է՝ բուժակը սկսել էր ուշագնաց լինել եւ, ձեռքից բաց չթողնելով կեռիկը, պոկում էր շնչափողը։ «Ամեն ինչ իմ դեմ է, սա ճակատագիր է,- մտածեցի,- հիմա հաստատ սպանեցինք Լիդկային,- եւ էլի մտքումս ավելացրի,- տուն հասնեմ, կրակեմ ինձ․․․»։ Այդժամ ավագ մանկաբարձուհին, որ երեւալով շատ փորձառու էր, մի տեսակ գիշատչի պես նետվեց դեպի բուժակը եւ նրա ձեռքից խլեց կեռիկը եւ, ինքն իրեն զսպելով, ասաց․

– Շարունակեք, բժիշկ․․․

Բուժակը աղմուկով ընկավ, խփվեց գետնին, բայց մենք չէինք նայում նրան։ Ես խրեցի դանակը շնչափողի մեջ, ապա մտցրի արծաթե փողրակը։ Այն հեշտութթյամբ ներս սահեց, բայց Լիդկան անշարժ էր։ Օդը չմտավ նրա շնչափող, ինչպես որ պետք էր։ Ես խոր շունչ քաշեցի եւ կանգ առա․ այլեւս անելու բան չունեի։ Ուզում էի ինչ-որ մեկից ներողություն խնդրել, խոստովանել թեթեւամտությունս, որ զղջում եմ բժշկական ընդունվելուս համար։ Լռություն էր։ Ես տեսնում էի՝ ոնց է Լիդկան կապտում։ Արդեն ուզում էի ամեն ինչ մի կողմ նետել ու լացել, երբ հանկարծ Լիդկան ուժեղ ջղաձգվեց, փողրակից արյան մակադուկներ ցայտեցին, եւ օդը սուլոցով ներխուժեց նրա շնչափող։ Հետո աղջիկը շնչեց ու սկսեց լացել։ Բուժակն այդ պահին վեր կացավ՝ գունատ ու քրտնած, բութ ու սարսափած հայացքով նայեց կոկորդին ու սկսեց օգնել ինձ, որ կարենք այն։

Ասես քնի մեջ լինեի, քրտինքի գոլորշիների միջից, որ շղարշում էին աչքերս, տեսնում էի մանկաբարձուհիների երջանիկ դեմքերը, եւ նրանցից մեկն ասաց․

– Ինչ փայլուն վիրահատություն կատարեցիք, բժիշկ։

Մտածեցի, որ ծաղրում է ինձ, եւ մռայլված նայեցի նրան։ Այնուհետեւ բացվեցին դռները, թարմ օդը ներս լցվեց։ Լիդկային տարան սավանի մեջ փաթաթած, եւ իսկույն դռան մոտ խոյացավ մոր կերպարանքը։ Նա հարցրեց ինձ․

– Ի՞նչ կասեք։

Երբ լսեցի նրա ձայնը, մեջքովս քրտինք հոսեց․ միայն հիմա հասկացա՝ ինչ կլիներ, եթե Լիդկան դանակի տակ մնար։ Բայց պատասխանեցի նրան շատ հանդարտ ձայնով․

– Հանգիստ եղիր։ Ողջ է։ Հուսով եմ՝ կապրի։ Միայն թե դեռ չենք հանի փողրակը, ոչ մի բառ չի ասելու, չվախենաք։

Տատը ծլեց հողի տակից եւ խաչակնքեց դռան բռնակը, ինձ, առաստաղը։ Բայց ես էլ չջղայնացա նրա վրա։ Շրջվեցի, կարգադրեցի, որ Լիդկային կամֆարա սրսկեն եւ հերթապահեն անկողնու մոտ։ Հետո բակի միջով գնացի իմ տուն։ Հիշում եմ, աշխատասենյակումս կապույտ լույս էր վառվում, Դոդերլյայնն էր դրված, գրքեր էին թափված։ Բազմոցին մոտեցա առանց շորերս հանելու, պառկեցի վրան ու անմիջապես դադարեցի տեսնել որեւէ բան, քնեցի ու նույնիսկ երազներ չտեսա։

Անցավ մի ամիս, երկրորդը։ Շատ բան էի արդեն տեսել, եւ նույնիսկ Լիդկայի կոկորդից ահավոր բաներ էլ էին եղել։ Ես կոկորդի մասին արդեն մոռացել էլ էի։ Շուրջբոլորը ձյուն էր։ Ընդունելության եկած մարդիկ ավելանում էին օրեցօր։ Եվ մի օր, արդեն նոր տարում, մոտս ընդունեության եկավ մի կին՝ տաք շորերով փաթաթված մի աղջնակի ձեռքը բռնած։ Կնոջ աչքերը փայլում էին։ Ուշադիր նայեցի, ճանաչեցի։

– Ահ, Լիդկա։ Հը, ի՞նչ կասես։

– Ամեն ինչ լավ է։

Լիդկայի վիզը բացեցին։ Նա վախենում էր ու խրտնում, բայց ինձ հաջողվեց բարձրացնել ծնոտն ու նայել։ Վարդագույն վզի վրա ուղղահայաց դարչնագույն սպի էր եւ երկու բարակ, հորիզոնական գիծ՝ կարերից մնացած։

– Ամեն ինչ կարգին է,- ասացի,- կարող եք էլ չգալ։

-Շնորհակալ եմ, բժիշկ, շնորհակալություն,- ասաց մայրը, իսկ Լիդկային պատվիրեց,- քեռուն շնորհակալություն ասա։

Բայց Լիդկան չէր ցանկանում ինձ ոչինչ ասել։ Էլ երբեք կյանքումս նրան չտեսա։ Ես սկսեցի մոռանալ նրան։ Իսկ ընդունեության եկողների թիվը հա աճում էր։ Հասավ օրը, երբ ես հարյուր տասը մարդ ընդունեցի։ Մենք սկսեցինք առավոտյան իննին եւ ավարտեցինք երեկոյան ութին։ Հազիվ ոտքի վրա մնալով, երերալաով հանում էի խալաթս։ Ավագ մանկաբարձուհի բուժքույրն ասաց․

– Այսքան ընդունելության համար պիտի երախտապարտ լինենք շնչափողատմանը։ Դուք գիտե՞ք՝ գյուղերում ինչ են ասում։ Որ դուք Լիդկայի կոկորդը հանել, տեղը պողպատյա կոկորդ եք դրել։ Հատուկ գնում են այդ գյուղ նրան տեսնելու համար։ Փառքը հո պոզով-պոչով չի լինում։ Բժիշկ, շնորհավորում եմ։

– Էդպես էլ պողպատյա կոկորդով ապրո՞ւմ է,- հետաքրքրվեցի։

– Այդպես էլ ապրում է։ Իսկ դուք, բժի՛շկ, կեցցե՛ք։ Եվ ինչ սառնասրտորեն եք անում, հրաշք։

– Հըմ․․․․ Ես դե երբեք չեմ հուզվում,- ասացի չգիտեմ ինչի համար, բայց զգացի, որ հոգնածությունից նույնիսկ չեմ կարողանում ամաչել, հազիվ հայացքս փախցրի։ Հրաժեշտ տվեցի եւ գնացի տուն։ Խոշոր փաթիլներով ձյուն էր գալիս, ամեն ինչ ծածկում էր, լապտերը վառվում էր, իսկ տունս միայնակ էր, խաղաղ եւ կարեւոր։ Եվ ես, երբ քայլում էի, միայն մի բան էի ուզում՝ քնել։

Թարգմանությունը ռուսերենից՝ Արփի Ոսկանյանի

Please follow and like us: