Նարե Վարուժանի/Տիկնիկը

Նայում եմ խաղալիքների խանութի ցուցափեղկերին, և այնտեղ շարված բոլոր տիկնիկները փշրվում են աչքերիս մեջ։ Ես սեղմում եմ ատամներս, որ զսպեմ նրանց լացը։

***

Տասնամյակիս հորս ընկերները տիկնիկ նվիրեցին։ Այդ ժամանակ մեծ շքեղություն էր երգող ու պարող տիկնիկը։ Աչքերիս առաջ է երջանկությունս․ անվերջ անջատում-միացնում էի, ողջ օրը անուն մտածում։ Իսկ երեկոյան, մեծերի զրույցներից ձանձրացած, տիկնիկս վերցրի ու մտա սենյակս։ Երկար խաղացի, հետո տիկնիկը գետնին թողած՝ վերադարձա հյուրերի մոտ։

-Գնա վերցրու՛ գետնից,-իր մշտական խստությամբ հանդիմանեց մայրս։

-Լավ էլի՜, մա՛մ։

-Կջարդե՛մ,- ասաց ու գնաց։

Սակայն ես տարվեցի հյուրերի զրույցներով ու կատակներով, մայրիկի թխած հեքիաթային ու համեղ կարկանդակներով և, բնականաբար , մոռացա գետնից վերցնել տիկնիկը։

-Սե՜-դա՜,- մորս ձայնը խլացավ ականջումս։ Ես շնչակտուր վազեցի սենյակ, բայց հասցրի միայն տեսնել, թե ինչպես մայրս տիկնիկը գետնով տվեց՝ փշուր-փշուր անելով նրան։ Ծննդյանս օրը ես ունեցա և չունեցա տիկնիկ, և լաց եղա ողջ գիշեր։

***

Քույրս՝ Մարթան, ինձնից մեկ տարով մեծ էր։ Մայրս մեզ միշտ միանման էր հագցնում, մենք դպրոց էինք գնում միանման հյուսերով, նույն գույնի գուլպաներով ու վերնաշապիկներով։ Դպրոցում բոլորը կարծում էին, թե մենք զույգեր ենք, իսկ ընտանիքում մեր միջև երբեք տարբերություն չէին դնում։ Հայրիկի գնած շոկոլադները միշտ երկու տուփ էին, մայրիկի կարած ձեռնոցները՝ երկու զույգ։

Մի օր էլ մայրիկի փորիկը կլորացավ, և մենք սկսեցինք գիտակցել, որ շատ շուտով կլինենք երեք։ Ես և Մարթան սկսեցինք վիճել․ Մարթան կարծում էր, որ եղբայր կունենանք, քանի որ մենք միշտ պիտի մնանք ինչպես զույգ քույրեր, իսկ ես կարծում էի, որ փոքր քույր կունենանք, և մայրիկը նրա մազերն էլ կհյուսի, նրա համար էլ ձեռնոցներ կկարի ու կհագցնի մեզ նման։ Բայց երկար ժամանակ մայրիկն ու հայրիկը չէին խոսում այդ մասին։

-Դեռ ժամանակը չէ,- ասում էր մայրիկը և շոյում մեր երկար մազերը, իսկ մենք շոյում էինք նրա դեռ փոքրիկ փորիկը, և սկսում էինք երեքով զանազան ենթադրություններ անել, կատակել ու ծիծաղել։

Հայրիկը սկսել էր ավելի շուտ տուն գալ ու ավելի շատ կոնֆետներ բերել։ Մի երեկո էլ տուն մտավ՝ քաղցրավենիքի մեծ տոպրակ ձեռքին, մենք ստացանք մեր բաժինը, իսկ մնացածը մայրիկի համար էր․

-Կե՛ր, թող տղաս քաղցր լինի,- ասաց ու զվարթ ծիծաղեց։ Ես և Մարթան նայեցինք իրար․

-Ուրեմն եղբա՞յր:

Մի քանի օր շարունակ ես և Մարթան, արդեն վստահ, որ եղբայր ենք ունենալու, անուններ էինք մտածում։

-Ի՞նչ ես կարծում, Մա’րթա, միգուցե Գո՞ռ։

-Չէ՛, չէ՛, ի՞նչ Գոռ, թող լինի Սուրեն կամ Սևակ, կամ ․․․ իսկ եթե Խորե՞ն։

-Ըըըմ, կարծում եմ Գոռ, չէ’, հաստա’տ Գոռ։

Այսպես օրեր շարունակ գլուխ չէինք հանում և որոշեցինք դիմել մայրիկի օգնությանը։ Մեծ եղավ մեր զարմանքը, երբ մայրիկն ասաց, որ դեռ հայտնի չէ երեխայի սեռը։ Այդ դեպքում ինչու՞ հայրիկն ասաց՝ տղաս․․․

***

Վերջապես եկավ այդքան սպասված օրը։ Մայրիկն ու հայրիկը մեծ տոնախմբություն էին կազմակերպել։ Ամենուր փուչիկներ էին ու ծաղիկներ։ Մայրիկը հագել էր ճերմակ, երկար զգեստ, գրկել էր ավելի մեծացած փորիկն ու պտտվում էր սրահում․ նա նման էր իսկական հրեշտակի․․․ Իսկ հայրիկը․․․ հայրիկը չափազանց անհանգիստ էր, այսուայնկողմ էր գնում, անընդհատ տրորում էր ճակատն ու շփում ձեռքերը։ Ես և Մարթան նույնպես անհամբեր էինք, բայց նաև ուրախ ու գոհ․ մայրիկը մեզ հագցրել էր արքայադստեր նման։ Խնջույքն արդեն սկսվել էր, երբ ներս բերեցին մեծ, շա՜տ մեծ փուչիկը։ Բոլորս շունչներս պահել էինք, հուզմունքից բռնել էի Մարթայի ձեռքը։ Վերջապես մայրիկը վերցրեց ասեղն ու պայթյունի ձայնից աչքերս պինդ, շա՜տ պինդ սեղմեցի։ Իսկ երբ բացեցի , վարդագույն փայլփլիկներ էին ծածանվում օդում։ Հնչեցին ծափեր ու շնորհավորանքներ։

-Աղջի՜կ,- լսվում էր ամեն կողմից։

Մայրս զուսպ ժպտում էր, իսկ հայրս տեսադաշտից ակնթարթորեն կորավ։

***

-Միգուցե Սոնա՞։

-Լավ էլի՜, Մա՛րթա, ի՞նչ Սոնա, գուցե․․․Անգելինա։

-Արի՛ գրազ գանք։

Այսպես, հենց հաջորդ առավոտյան փոխվեց իմ և Մարթայի վեճի բնույթը։ Այդ անգամ ևս, արդեն ավելի վճռական , որոշեցինք դիմել մայրիկի օգնությանը։ Մտանք սենյակ, ու թեև լույսը նոր էր բացվել, մայրիկն ու հայրիկը հագել էին վերարկուները և ինչ-որ տեղ էին պատրաստվում գնալ։

-Մա՞մ, ասա՝ Սոնա՞, թե՞ Անգելինա։

-Դրա ժամանակը չէ,- կիսաձայն ասաց մայրիկը, և հայրս դուռը դրսից փակեց։

Երեկոյան բավականին ուշ վերադարձան։ Բայց ոչ այնպես, ինչպես դուրս էին եկել տնից․ մայրիկի փորիկը էլ չկար․․․ ես և Մարթան լուռ իրար էինք նայում և չգիտեինք՝ ինչ հարցնել։ Մայրիկն ու հայրիկը սուրճ խմեցին, կերան տոնախմբությունից մնացած կարկանդակները, հեռուստացույց դիտեցին և պառկեցին քնելու։

Մինչև հիմա, երբ նայում եմ խաղալիքների խանութի ցուցափեղկերին, այնտեղ շարված բոլոր տիկնիկները փշրվում են աչքերիս մեջ։ Եվ ես սեղմում եմ ատամներս, որ զսպեմ նրանց լացը։

Please follow and like us: