Կինն է այն առանցքը, որի շուրջը
Պտտվում է քաղաքակրթությունը:
Րաֆֆի
Հասարակության մշակութային և հոգևոր զարգացվածության չափանիշներից է կնոջ գրաված դիրքն այդ նույն հասարակության մեջ:
Հայ կնոջ կերպարին անդրադարձել են թե՛ գեղարվեստական, թե՛ փաստագրական գործերում՝ յուրաքանչյուրը յուրովի: Հայ կինն իր ազգային և հոգեբանական առանձնահատկություններով բազմակողմանիորեն ներկայացված է մեր ժողովրդական էպոսում: Խ. Աբովյանը ևս անդրադարձել է հայ կնոջ կերպարին, նիստ ու կացին, կենցաղին: Նա իր «Վերք Հայաստանի» վեպում ներկայացնում է քանաքեռցի կանանց և աղջիկների առօրյան ու կենցաղը, արտաքին տեսքը, անգամ շրջապատի վերաբերմունքը նրանց հանդեպ: Աբովյանական նկարագրություններում գարնան վարդի նմանվող, ընտանիքին նվիրված հայ կնոջը տղամարդը վերաբերվում է ծաղկի նման: Շքեղ զգեստներ, սամուր քուրք, թանկարժեք մաշիկներ, ճակատին ոսկիներ շարած, մեջքին ոսկե քամար․ ահա այդ կանանց արտաքին պատկերը: Ժամանակակից կնոջ կերպարը Աբովյանը «բեկզադա կամ խանզադա» բնորոշում-ձևակերպումով է ընդհանրացնում[1]։
Սա՝ գեղարվեստական տիրույթում, իսկ փաստավավերագրական գործերում իրականությունը ներկայացվում էր այլ կերպ: Վիճակն անմխիթարական էր հայ ժողովրդի պատմության մեզ հետաքրքրող ժամանակաշրջանում (19-20-րդ դդ.) և հատկապես գյուղական միջավայրում: Պատահական չէր, որ ժամանակի հայ առաջավոր մտածողները (Մ. Նալբանդյան, Ս. Տյուսաբ, Տ. Կամսարական, Զ. Եսայան և այլք) սոցիալ-քաղաքական հարցերի հետ մեկտեղ մեծ ուշադրություն էին դարձնում նաև կնոջ ազատագրման և ընտանիքում ու հասարակության մեջ նրա դերի հարցերին՝ պահանջելով կնոջը դիտել որպես հասարակության իրավահավասար անդամ, պայմաններ ստեղծել նրա ընդունակությունների դրսևորման, զարգացման ու ծավալման համար։ Նրանք առաջարկում էին լրջորեն զբաղվել աղջիկների կրթության հարցով, ուշադրություն դարձնել նրանց զարգացվածությանը, ինքնուրույնությանը և հոգեբանական առանձնահատկություններին:
«Վեպերում կարելի է տեսնել մեր գյուղական աղջիկների սիրահարությունները, բայց կյանքի մեջ դա սակավ է պատահում: Եվ եթե լինում են դեպքեր, ապա գործը վերջանում է առևանգությունով[2]»,- փաստում է Րաֆֆին:
Առաջադեմ մտավորականների՝ կնոջ դերի և նշանակության գնահատման, կրթության և աշխատանքի վերաբերյալ հարցերը տեղ էին գտնում ժամանակակից մամուլի էջերում՝ առաջ բերելով պահպանողականների զայրույթն ու քննադատությունը: Վեր հանելով առկա բազմաթիվ հիմնախնդիրներ աղջիկների կրթության և դաստիարակության վերաբերյալ՝ մտավորականները փորձում էին իրենց ձայնը լսելի դարձնել հասարակության լայն զանգվածներին՝ հուսալով, որ դրանք կստանան համապատասխան լուծումներ:
Կնոջ վիճակին իր հրապարակախոսական ու ազգագրական հոդվածներում և գեղարվեստական ստեղծագործություններում բազմիցս անդրադարձել է Րաֆֆին:
1879 թ. «Մշակի» համարներում տպագրվում է Րաֆֆու «Հայ կինը» ուսումնասիրությունը: Հատուկ ուսումնասիրության նյութ դարձնելով հայ ընտանիքն ու կնոջ վիճակը՝ Րաֆֆին գալիս է այն եզրակացության, որ հասարակությունը դարերով մշակել է այնպիսի սովորություններ, որոնք երկաթի օրենքի զորություն են ստացել և միանգամից խորտակել անհնար է։ Մանրամասն ու ռեալիստորեն նկարագրելով նահապետական ընտանիքի խիստ բարքերը, կնոջ կրած անլուր տառապանքներն ու չարքաշ կյանքը՝ Րաֆֆին անընդունելի էր համարում այն կեցությունը, որ կնոջն արգելվում է անգամ խոսել, որ ընտանեկան խիստ պայմանները աղջկան երկաթի վանդակի մեջ են պահում: Եվ մեծագույն ողբերգությունն էլ հենց այն է, որ դեռ վաղ հասակից աղջիկը հաշտվում է իր վիճակի հետ. «նա մանկությունից հասկանում է, թե ինքն իրավունք չունի պահանջել, որ իր հետ մեղմ լինեին, քաղցրությա՛մբ վարվեին, որովհետև նա աղջիկ է»: Տանը նա ավելորդ բեռ է[3]։
«Աղջկա երեսը պինդ կլինի, — ասում է գյուղացին, — նրան եթե ջրաղացի քարի տակն էլ գցես, էլի ողջ կդուրս գա»: Այս պատճառով նրան համարյա թե թողնում են բախտի կամքին: Աղջկա խնամատարությունը սկսյալ ծնունդից այն չէ, ինչ որ տղաներինը: Նրան շատ անգամ ձգում են տանը բոլորովին մենակ, կապած օրորոցի մեջ. մայրը չէ վեր առնում իր հետ, որ չխանգարեր դաշտային գործերում, ողորմելին ամբողջ օրը ճչում է, աղաղակում է, մինչև ձայնը իսպառ կտրվում է: Պատահում է ևս, որ փոքրիկ երեխան օրորոց էլ չունի, նրան թողեցին տանը քնած մի շորի կտորի վրա, հանկարծ նա զարթնում է և լաց է լինում. մայրը չկա. նա սկսում է սողալ հատակի վրա, կարծես թե պտրելու մորը, և այսպես հասնում է թոնրի մոտ, մի շարժում բավական է, որ նա ընկնի այդ կրակի խորի մեջ… Ընկնողները մեծ մասամբ ածուխ են դառնում: Բայց աղջկա մահը, ինչ կերպով և հասնելու լիներ, պատճառում է ծնողներին ներքին բավականություն: Ավելորդ բեռը հեռացվում է ընտանիքից[4]:
«Մեր պատմության մեջ մոռացված է և մեր ժողովրդի մի նշանավոր տարրը` կինը: Մենք ծանոթ ենք մի քանի կանանց անունների հետ միայն, իսկ նրանց կյանքը յուր բոլոր մանրամասներով մեզ անհայտ է: Ի՞նչ էր հայ կինը, որպես ամուսին, ի՞նչ էր նա, որպես մայր, ի՞նչ դեր էր խաղում, որպես ընտանիքի և հասարակության անդամ, – այդ մենք չգիտենք: …Իսկ առանց կնոջ վեպը կարող չէ լինել. կինն է նրա ոգին և կենդանությունը[5]»:
Այս հարցերի պատասխանները փորձել են գտնել շատ մտավորականներ, որոնցից մեկն էլ այս հարցում Րաֆֆու գաղափարակից Ա. Ահարոնյանն էր:
Բազմաշերտ, լայն ու բազմաբովանդակ է եղել Ա. Ահարոնյանի գործունեության ոլորտի ծիրը. քաղաքականություն, հրապարակախոսություն, ազգագրություն, մանկավարժություն, գրականություն…
Լայն էր նաև Ահարոնյանի ճանաչողության և մտահոգության սահմանը: Մանկությունը, պատանեկությունն ու երիտասարդությունն անցել էր Հայաստանի արևելյան և արևմտյան հատվածների սահմանագծին տարածված Սուրմալուի գավառում. նրան հոգեհարազատ էին հայության երկու կեսին էլ հուզող կենսական երևույթներն ու խնդիրները: Գրողը լավ էր ճանաչում իր հայրենի գավառի ու շրջակա գյուղերի իրականությունը, բնակիչներին, նրանց կենցաղը, սովորույթները, բնավորության հիմնական գծերն ու բարոյահոգեբանական առանձնահատկությունները: Հայ մարդու պատվի, ազգային արժանապատվության, խիզախության, ազնվության և մարդկային բարձր այլ հատկանիշների կրողները Ահարոնյանի ստեղծագործություններում պատկերված են իրենց հոգեբանական բարդույթներով, բացառիկ հայրենասիրությամբ և այլ բարձր արժանիքներով: Նա տալիս է անցյալի և ներկայի իրականության, դեպքերի ու դեմքերի և նրանց ունեցած փոխհարաբերությունների ճշմարտացի վերարտադրությունը, ընդ որում, տարբեր հանդերձավորմամբ՝ գեղարվեստական, ուղեգրական, փաստագրական: Այս գործերում տղամարդկանց կողքին իրենց ուժերի չափով աչքի են ընկնում նաև կանայք:
Նա 1880-ական թվականների երկրորդ կեսին «Արձագանքի» էջերում տպագրում է Արարատյան դաշտի, Սուրմալուի գավառի հայ գյուղացի աղջիկների ու կանանց մասին ազգագրական բնույթի հոդվածներ, որոնք առավել հանգամանորեն մշակել ու 1894 թ. «Հռօ կինը» վերնագրով նախ հրատարակել է «Ազգագրական հանդեսում», ապա՝ 1897 թ. առանձին գրքով[6]:
Ահարոնյանը կարևորում էր կանանց և աղջիկների դերը, նրանց կրթության ու դաստիարակության խնդիրը, քանի որ նրանք են «սերունդներ առաջացնում» և «նրանք աւելի յարմարութիւն եւ աւելի պարտականութիւն ունին իրանց մանուկների դաստիարակութեանը հետեւելուն[7]»:
Սուրմալուի գավառում ապրող աղջիկը, կինը, որին Արարատյան բարբառով հռո (նախատական մականուն, որ տալիս էին գաղթականներին[8]) էին անվանում, ընտանիքում գտնվում էր ստրկական կախման մեջ տղամարդկանցից: Մինչդեռ նա կարող էր ունենալ ներքին մեծ պոտենցիալ, ստեղծագործական հակումներ, գեղեցիկ երազանքներ…
Կանանց վիճակը ծանր էր հատկապես գյուղերում, ուր գյուղական կյանքի անմխիթար ֆոնի վրա ավելի մռայլ երանգներ էր ստանում ընդհանրապես գյուղացու կեցությունը: Ահարոնյանին անհանգստացնում էր ոչ միայն կնոջ կրթության խնդիրը և ընտանիքում ու հասարակության մեջ նրա զբաղեցրած կարգավիճակը, այլ նաև ամբողջ հասարակության կրթության և լուսավորության հարցը: Կինը, ապրելով տգիտության շղարշով պատված հասարակության մեջ, չուներ զարգացման ոչ մի հնարավորություն: Դա համակարգային խնդիր էր, որը պահանջում էր համակարգված լուծում: Ե՛վ գեղարվեստական ստեղծագործություններում, և՛ ազգագրական, հրապարակախոսական, ուղեգրական բնույթի գործերում Ահարոնյանը գյուղացու կրած դժվարությունների մեծ մասը բացատրում է նրանց տգիտության, համատարած խավարի մեջ լինելու հանգամանքով: «Խավարի մեջ» ժողովածուում ընդգրկված պատմվածքներում ու վեպերում կարմիր թելի նման ձգվում է խավարամտության, սնահավատության, տգիտության գիծը: Այնտեղ մարդը խարխափում է տգիտության և խեղճության անթափանց խավարի մեջ: Մրրիկը, խավարը, որ մշուշվել, պատել էր հայ գյուղի և գյուղացու վրա, շարունակ տանջում էր նրան՝ մղելով դեպի անհայտ հորիզոններ՝ հանգեցնելով անդառնալի կործանման:
«Գյուղն անիծած է… Միշտ տրորված ու իրավազուրկ, նա էլ կատաղաբար տրորում է ու զրկում իր ծոցում եղած թույլերին, անզորներին, անճարներին[9]»: («Անդունդ»)
Եվ այս փոխկապակցված «շղթայի» տրամաբանական շարունակությունն էլ գեղջուկի կողմից գեղջկուհուն ճնշելն ու տրորելն էր: Գեղջկուհին զրկված էր այնպիսի տարրական իրավունքներից, ինչպիսիք են՝ խոսելն իրենից ավագների հետ, արտահայտել իր զգացմունքներն և ապրումները: Նա դատապարտված էր մշտական լռության: Իսկ թե ինչ էր կատարվում կնոջ հոգում լռության մեջ, ոչ ոքի չէր հուզում.
«Կնոջ կյանքը հենց մեծ լռություն է: Սիրել խորը և անզուսպ սիրով, հոգու մեջ կրել մայրությունը, սրտի մեջ զգալ կյանքը իր ալեկոծ ու փոթորկոտ խորհուրդներով, վառ երազներով. և այս բոլորը լռության ու խավարի մեջ մաշել ու ոչնչացնել կամաց-կամաց` ահա շատ կանանց ճակատագիրը[10]»: («Լռություն»)
Իսկ երբեմն էլ այդ լռությունը պոռթկում էր խելագարության տեսքով:
Հայ գեղջկուհին պարտավոր էր բոլորից շուտ արթնանալ և բոլորից ուշ քնել, ողջ օրը բանել՝ կատարելով ֆիզիկական ծանր աշխատանքներ, որի պատճառով էլ կորցրել էր իր կանացի հմայքն ու նրբագեղությունը՝ ձեռք բերելով տղամարդուն հատուկ կոպիտ կեցվածք ու բնավորություն: Նա այնքան էր կոփվել և կոպտացել ծանր ֆիզիկական աշխատանք կատարելոու ճանապարհին, որ կորցրել էր բնությունից տրված կանացի քնքշությունը, զգացականությունը, ու հուզվելու ունակությունը: Նման կանացի կերպար է նկարագրված «Ֆալագ վուրղունի» պատմվածքում: Իր բնօրրանից տեղահանված, անբնական տանջանքների ենթարկված գաղթական գեղջկուհին ամուսնու մահից հետո, իրավիճակի զգացողությունը կորցնելով, այսպես է դիմում մեռած ամուսնուն. «Հիլի վե՛ր, հիլի վե՛ր, քա մա՛րդ, չուն ե՞փ քնիս, հիլի վե՛ր, քելա ա՛րտ, քելա դա՛շտ, արտը քաղի, հորի՞ կը քնիս, հիլի՛»:
Իր ու ամուսնու կյանքն առանց աշխատանքի չպատկերացնող կնոջ ենթագիտակցության մեջ նստվածք է տվել անցյալի նիստուկացի վիճակի զգացողությունը, որը պոռթկում է նման ողբի տեսքով: Կնոջ ենթագիտակցական շերտում թաքնված այս պոռթկումի նկարագրությունն առավել քան պատկերավոր նկարագրում է, թե ինչպիսի փոխադարձ կապ կար կնոջ և տղամարդու միջև. նրանք միմյանց մեջ միայն աշխատանքային ընկեր, օգնական էին տեսնում. չկար ներքին հուզական կապը, որը ենթադրվում է սիրող սրտերի դեպքում:
Տղամարդն էլ կնոջ կրած դժվարությունների հանդեպ էր անտարբեր և անողոք. նա ոչ միայն չէր փորձում թեթևացնել կնոջ հոգսը, այլ նաև նրան անգամ մի քաղցր ժպիտի չէր արժանացնում:
Իսկ ո՞րն էր այս իրողության պատճառը, որտեղի՞ց էր գալիս նման անհարգալից, անտարբեր և անխիղճ վերաբերմունքը կանանց նկատմամբ:
Այս հարցերի պատասխանը տվել է հենց ինքը՝ Ահարոնյանը: Առկա խնդիրները նա փորձում էր դիտարկել պատճառահետևանաքային կապի դիտարկումով՝ փորձելով գտնել հարցի խորքային, արմատական լուծում: Նման վերաբերմունքը գալիս էր վաղ մանկությունից. երեխայի դաստիարակության հարցում ծնողների տգիտությունը խոր ու անջնջելի հետք էր թողնում մանկան վրա: Դեռ մանկուց տղա երեխային սովորեցնում են հայհոյել մորը, ծեծել քրոջը, և ուրախանում են դրա վրա՝ դա համարելով նրա զարգացման, հասունացման ու կայացման ամենախոսուն գրավականը: Պարադոքսալն այն է, որ մայրն էլ էր ուրախանում զավակի նման պահվածքի համար, ավելին՝ նպաստում էր, որ նրա մեջ նման որակներն ավելի խոր արմատներ գցեն: Լինելով անկիրթ՝ նա ոչ միայն չէր կարողանում օրինակելի վարք դրսևորել ընտանիքում (կոպիտ արտահայտություններ և արարքներ էր թույլ տալիս, զավակներին հաճախ անվանում էր կռո՝ որբ և այլն), այլ նաև չէր կարողանում պատշաճ պատասխաններ տալ զավակների հետաքրքրության, աշխարհաճանաչողության պահանջից ծնված հարցերին. դրանք հիմնականում անպատասխան էին մնում, կամ հանդիմանության էին արժանանում: Արդյունքում վերարտադրվում էր նախորդ սերնդի թերությունները ժառանգած, նրանից ոչնչով չտարբերվող մի սերունդ, որի մոտ բացակայում էր խորին հարգանքն ընտանիքի և իգական սեռի հանդեպ:
Գտնվելով խեղճ ու ճնշված վիճակում՝ կինը ոչինչ չէր ձեռնարկում իր վիճակը թեթևացնելու համար: Նրանք նույնիսկ գաղափար չունեին այն մասին, որ կարող են ուրիշ ապրելակերպ ունենալ: Ովքեր համարձակվում էին շեղվել ընդունված կանոններից, արժանանում էին մեծամասնության հալածանքներին: Կնոջ խեղճությունը, անհարկի ամոթը ասոցացվում էր նրա խելքի հետ. նմաններին «խելոք» էին անվանում:
Ուսումնասիրելով և դետալային մանրամասնություններով ներկայացնելով հայ գեղջկուհու կենցաղավարությունն ու կենսակերպը՝ Ահարոնյանն ոչ միայն հասարակության լայն զանգվածներին հաղորդակից է դարձնում նրանց խնդիրներին և նպաստում դրանց լուծմանը, այլ նաև հարուստ ազգագրական նյութ է տալիս հայ գյուղի սովորույթների, ազգային տոների խորհուրդների, ծիսակատարությունների ու տոնակատարությունների անցկացման, գյուղացու ապրելակերպի, արտաքին տեսքի, գյուղատնտեսական և կենցաղային գործիքների ու պարագաների, ճաշատեսակների, հագուստների և այլնի մասին, որոնց միջոցով ամբողջանում է հայ գյուղի պատկերն ամենայն մանրամասնություններով:
Բացի արտաքին, տեսանելի հանգամանքների նկարագրությունների՝ հեղինակն անդրադառնում է նաև գրքի ուսումնասիրության նյութի՝ կնոջ, աղջկա հոգեբանությանը, ներաշխարհին:
Իսկ ինչպե՞ս է նա կարողացել թափանցել անթափանց խավարի մեջ ընկղմված այդ խեղճ ու տանջված արարածների հոգու խորքերը, ինչպե՞ս է կարողացել հասկանալ նրանց ցավն ու ուրախությունը:
Նա դա արել է՝ ուսումնասիրելով ժողովրդական երգերը, որոնց մեծ մասը ստեղծվում էին հենց կանանց, և հատկապես աղջիկների կողմից. նրանցով էր վառ պահվում ժողովրդի հոգու բանաստեղծական կայծը.
«Հռօ աղջիկն ունի իւր երգը, երգ՝ լի սիրով, խանդով եւ իդիլլիական սքանչելի պարզությամբ. երգ, որի մէջ արտափայլում են նրա աշխարհայացողութիւնը, նրա յոյսերը, վշտերը, իդէալները, ուրիշ խօսքով՝ նրա ամբողջ բարոյական աշխարհը: Իւրաքանչիւր հռօ աղջիկ անպատճառ երգել գիտէ[11]»:
Այդ երգերում արտահայտվում են նրանց բողոքը ծնողների կամայականությունների, եղբայրների խստասրտության և այլ հանգամանքների դեմ: Երբեմն երգերը հավաքական բնույթ էին կրում. ստեղծվում էին մի քանի հոգու մասնակցությամբ, և կոնկրետ հեղինակ չունեին: Երգերը ծնվում էին հիմնականում աշխատանքի, զվարճանքի կամ հանգստի ժամերին, երբ նրանք հնարավորություն էին ունենում ականջալուր լինել իրենց ներքին զգացողություններին:
Ընդ որում, Սուրմալուի գավառում Ահարոնյանին այնքան են հետաքրքրում ժողովրդական և աշուղական ստեղծագործությունները, որ նա, դրանց մի մասը հավաքելով և ուսումնասիրելով, 1897թ. «Ազգագրական հանդեսում» տպագրում է «Սուրմալուի ժողովրդական երգերը» հոդվածը[12]:
Իր ստեղծագործություններում հանդես գալով մե՛րթ որպես գեղարվեստական մեկնաբան-գրող, մե՛րթ որպես ականատես-պատմող, մե՛րթ որպես տվյալ իրականության մեջ գտնվող անհատ, ով թղթին է հանձնում իր հիշողությունները՝ Ահարոնյանը ստեղծագործության նյութը ներկայացնում է տարբեր կողմերից, տարբեր դիտանկյուններից՝ հիմնավորելով և ավելի պատկերավոր դարձնելով խոսքը:
Ահարոնյանի ազգագրական ուսումնասիրություններն ակնառու հետք են թողել իր իսկ մի շարք ստեղծագործությունների, մասնավորապես «Խավարի մեջ» ժողովածուում ընդգրկված երկերի վրա, ինչպես ժամանակին ծավալված ազգային ազատագրական պայքարը՝ «Ազատության ճանապարհին» ժողովածուում ընդգրկված պատմվածքների վրա:
Հայ գյուղի, գեղջուկի և գեղջկուհու կեցության դժվարություններն ու խնդիրները ներկայացնելով՝ Ահարոնյանն ունի նաև հայ գյուղի իր իդեալը, որը հանդիպել էր Շվեյցարիայում:
Ահարոնյանն առհասարակ երկրի ամրության և կայացման հարցում կարևորում էր գյուղի բարեկեցությունը.
«…երբ մի երկրում գիւղը իր աշխատաւոր ժողովրդով երջանիկ է, քաղաքների երջանկութիւնն ակներեւ է, մինչդեռ հակառակը միշտ չի կարող ճիշտ լինել»[13]:
Հայկական գյուղերի թշվառության պատճառներից մեկն էլ այն էր, որ այնտեղ, ի տարբերություն շվեյցարական գյուղի, չկար միասնական մտածելակերպ.
«Մեզանում իւրաքանչիւրն ապրում է իր համար, իր ցաւի մեջ տապակուած, համայնական գործակցութեան ոգին շատ թոյլ է դեռ[14]»:
Միայնակ էին նաև Ահարոնյանի գեղարվեստական ստեղծագործությունների հերոսները՝ Ասոն, Գսպեն, Ապրոն, Շողերը, կույս Գուլեն, Նավոն, Թաթուլը, Գևոն, Արութը…
Նրանցից յուրաքանչյուրը գտնվում էր իր սեփական անզորության, միայնության և դրանից ծնված տառապանքի ճիրաններում: Նրանք ճակատագրի մտրակի հարվածների դեմ պայքարում էին միայնակ, իրենց ուժերի ներածին չափով՝ ի վերջո խեղդվելով կյանքի ամենակուլ օվկիանոսում:
Այսպիսով, Ահարոնյանը երկրի զարգացումը կապում էր նախևառաջ գյուղի և գյուղացու, մասնավորապես գյուղացի կնոջ զարգացման հետ, քանի որ հենց կինն է ծնում, սնում, կրթում և դաստիարակում սերունդներ: Նա ուներ գյուղի զարգացման իր տեսլականը, որը մեծ մասամբ համընկնում էր շվեյցարական գյուղի զարգացվածության հետ: Արծարծելով հայկական գյուղի կնճռոտ խնդիրները՝ նա միաժամանակ տալիս է դրանց լուծման բանալին՝ նկարագրելով քաղաքակիրթ աշխարհում առանձին հետաքրքրության և ուսումնասիրության առարկա հանդիսացող շվեյցարական գյուղը: Եվ պատահական չէ, որ Ահարոնյանի որդին՝ Վարդգես Ահարոնյանը, հոր երկերի ժողովածուի տասնհատորյակը կազմելիս «Հռօ կինը» ազգագրական աշխատությունը և «Շվեյցարական գյուղը» ուղեգրությունը զետեղել է միևնույն գրքում՝ երրորդ (Գ) հատորում:
Տարիների հեռվից գնահատելով Ահարոնյանի բազմաշերտ ու հարուստ գրական ժառանգությունը՝ այնուամենայնիվ պետք է փաստենք, որ նրա արծարծած մի շարք խնդիրներ ցայսօր մնում են կնճռոտ և չլուծված: Ասվածի վառ ապացույցներից է նաև երեխայի սեռով պայմանավորված հղիությունների ընդհատումները և կանանց իրավունքների հաճախակի ոտնահարումը: Սակայն այս ամենի կողքին կան նաև դրական միտումներ, ինչպես օրինակ՝ տեղեկատվության և առկա խնդիրների բարձրաձայնման մատչելի հարթակների առկայությունը, ինչը հայկական միջավայրում Ահարոնյանի համար պարզապես երազանք էր:
Ի մի բերելով՝ հարկ է նշել, որ Ահարոնյանը՝ ինչպես Զապել Եսայանն է բնութագրել՝ Հայ գրականության Թուխ Արամազդը, ամբողջ հոգով և գործունեությամբ նվիրվեց իր հայրենիքին և հայրենակիցներին. նրա անձնվեր քաղաքական, հասարակական գործունեության հայելին եղան նրա ստեղծագործությունները: Նա երբեք չկորցրեց իր լավատեսությունն ու հավատը հայրենիքի պայծառ ապագայի նկատմամբ.
«…Ես հաւատում եմ, հա՛յ ժողովուրդ, քո դարձին, ինչպէս հաւատում եմ, որ ամէն առաւօտ արշալոյսը կը բացուի։ Հաւատում եմ, վասնզի կամրջընկեց Արաքսի ափերին Մասիսի խորհրդաւոր հայեացքի տակ մեր հայրենիքը կայ, որ մեր թրթռացող հոգին է բռնել իր մայրական քնքոյշ ձեռների մէջ եւ ակնդէտ ու խռովայոյզ՝ նայում, նայո՜ւմ է ճամբաներին։ Եւ հեռու չէ այն օրը, երբ բազուկները տարածած, նա կընդունի հեռաւոր հորիզոնների տակ յածող ու հեծող իր զաւակների կարօտակէզ բազմութիւնները, եւ բիւրաւոր ձայներ կը թնդան Մայր Արաքսի ափերին[15]»:
[1] Տե՛ս Աբովյան Խ., Ընտիր երկեր, հ. I, Երևան, 1939, էջ 31:
[2] Րաֆֆի, Երկերի ժողովածու 12 հատորով, հ. 11, Եր., 1991, էջ 109:
[3] Գևորգյան Ս. Զ., /Րաֆֆին և կնոջ ազատագրման հարցը,/ Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 10 . 1974, էջ 39:
[4] Րաֆֆի, Երկերի ժողովածու 12 հատորով, հ. 11, Եր., 1991, էջ 102:
[5] Րաֆֆի, Երկերի ժողովածու 10 հատորով, հ. 7, Երևան, 1956, էջ 6:
[6] Խաչիկյան Գ. Վ., Ավ. Ահարոնյանի գեղարվեստական արձակը, Գյումրի, 2013, էջ 242:
[7] Ահարոնյան Ա., Երկերի ժողովածու, հհ. 1-10, հատոր Գ, Բոսթըն, Հայրենիք տպարան, 1948թ., 406 էջ, էջ 115:
[8]Հայոց լեզվի բարբառային բառարան, Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ։ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիա, Երևան, 2004, էջ 309:
[9] Ահարոնյան Ա., Խավարի մեջ: Գիրք Ա.-Պատմվածքներ, վիպակներ և այլն:-Եր.: Լույս, 1991. – 494 էջ, էջ 369:
[10]Նույն տեղում, էջ 306:
[11]Ահարոնյան Ա., Երկերի ժողովածու, հհ. 1-10, հատոր Գ, Բոսթըն, Հայրենիք տպարան, 1948թ., 406 էջ, էջ 122:
[12] Խաչիկյան Գ. Վ., Ավ. Ահարոնյանի գեղարվեստական արձակը, Գյումրի, 2013, 287 էջ, էջ 243:
[13] Ահարոնյան Ա., Երկերի ժողովածու, հհ. 1-10, հատոր Գ, Բոսթըն, Հայրենիք տպարան, 1948թ., 406 էջ, էջ 205:
[14] Նույն տեղում, էջ 233:
[15] Նույն տեղում, էջ 286:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
- Աբովյան Խ., Ընտիր երկեր, հ. I, Երևան, 1939, 528 էջ:
- Ահարոնյան Ա., Երկերի ժողովածու, հհ. 1-10, հատոր Գ, Բոսթըն, Հայրենիք տպարան, 1948թ., 406 էջ:
- Ահարոնյան Ա., Խավարի մեջ: Գիրք Ա.-Պատմվածքներ, վիպակներ և այլն:-Եր.: Լույս, 1991. – 494 էջ:
- Գևորգյան Ս. Զ., /Րաֆֆին և կնոջ ազատագրման հարցը,/ Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 10, 1974, 38-45 էջեր:
- Խաչիկյան Գ. Վ., Ավ. Ահարոնյանի գեղարվեստական արձակը, Գյումրի, 2013, 287 էջ:
- Հայոց լեզվի բարբառային բառարան, Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ։ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիա, Երևան, 2004:
- Րաֆֆի, Երկերի ժողովածու 12 հատորով, հ. 11, Եր., 1991, 508 էջ:
- Րաֆֆի, Երկերի ժողովածու 10 հատորով, հ. 7, Եր., 1956, 510 էջ: