Գրականագետ Սուրեն Աղաբաբյանի՝ Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» վեպի երկրորդ տարբերակին նվիրված հոդվածը լույս է տեսել 1980 թվականի սեպտեմբերին, «Գրական թերթում»։ «Գրողուցավը հրապարակում է այն «Գրամարտ» նախագծի շրջանակներում, որպես Գուրգեն Մահարու «Այրվող այգեստանների» շուրջ մամուլում ծավալված բանավեճի կարեւոր հոդվածներից մեկը։ Բանավեճի մասին մանրամասն տես գրականագետ Հասմիկ Հակոբյանի «Բանավեճ Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» վեպի շուրջ» հոդվածում։ «Գրամարտ» խորագրի մյուս հետաքրքիր բանավեճերի պատմությանը կարող եք ծանոթանալ այստեղ։
Սուրեն Աղաբաբյան
1
«Այրվող այգեստաններ» վիպասքի ստեղծագործական կենսագրությունը թեեւ սկսվեց երեսնական թվականներին «Գուրգեն խանի տոհմը» պատումի հատվածներով, բայց ակամա լռության տարիները խափանեցին գոծի կազմավորման բնական ընթացքը եւ Գուրգեն Մահարու մտահղացումը գեղարվեստական փաստ դարձավ միայն վաթսունական թվականներին։
Պատումի տասնութերորդ Ասքում (սա բազմաթիվ «լիրիկական անտրակտներից» մեկն է) Գուրգեն Մահարին վաղուց ի վեր իրեն պարտադրված «բեռի» մասին գրել է․«Ի տվնջյան եւ ի գիշերի, առանց հաշվի առնելու հանգտի օրն ու կիրակին, եթե ոչ հինգ, ապա ապահովաբար չորս տասնամյակ է, ինչ նրանք անձամբ ծեծում են իմ դուռը եւ խնդրում են, հրամայում, հարկադրում, կարգադրում, որ ես գրեմ իրենց մասին, որ արձանագրեմ նրանց գործերն ու անունները փառաց մատյանում։ Նրանք փնտրել եւ գտել են իմ հասցեն, անկախ նրանից ես տա՞նն եմ, թե՞ ճամփորդության մեջ, հարո՞ւստ եմ, թե՞ աղքատ, աշխատունա՞կ եմ, թե՞ անդամալույծ․․․
Այսպես հետեւեցին նրանք ինձ տարիներ ու տասնամյակներ շարունակ եւ հետեւում են մինչեւ այսօր․․․»։
Ըստ տարեցույցի, այս խոստովանությունը վերաբերում է 1956 թվականին, երբ Գուրգեն Մահարին մի քանի տարվա «արարման վայելքից» եւ հոգնությունից հետո ( դա են վկայում իր բարեկամներին առաքած նամակները), վերջապես (բայց ոչ վերջնականապես) մարեց պարտամուրհակը՝ ձեւավորեց Վանի վիպասանությունը։
Մինչ Մահարին վերջակետ էր դրել Վանի իրական պատմությանը եւ իրեն այլեւս օրորում էր մեռած քաղաքի վերակենդանացման «հեքիաթով»՝ պարտքը համարելով մարած, «Այրվող այգեստանների» տպագրությունը հրահրեց հասարակական ու գրական մեծ աղմուկ։
Վիպասքի հրապարակային (եւ բանավոր, եւ գրավոր) քննություններում արտահայտվեցին միանգամայն սկզբունքային, արդարամիտ տեսակետներ հեղինակի վրիպումների վերաբերյալ։
Սուր քննադատության արժանացավ «եկվորների» եւ «տեղացիների» հակադրության գիծը, անճիշտ համարվեց պատմական առանձին գործիչների գեղարվեստական բնութագրությունը, էական պահանջներ ներկայացվեցին Վանի 1915 թվականի հերոսական ինքնապաշտպանության դրվագները անտեսելու կապակցությամբ։
Եվ այլն, եւ այլն։
Վեպի քննություններում թեեւ տեղ գտան նաեւ անձնական կրքերին հենվող տպավորություններ (ամենասարսափելին՝ իբրեւ թե թուրքերի կատարած ոճիրը․․․ Մահարին վերագրում է զոհերին), մակերեսային, ոչ գրական հայացքներ («Մահարին աղավաղել է Վանի կենցաղը», «Մահարին սխալ է ներկայացրել» այսինչ կամ այնինչ փաստը), բայց «պատահարի» զգաստ վերլուծությամբ գրողը կարեւորություն տվեց մի ամբողջ շարք դիտողությունների, մահվանից առաջ հասցրեց դրանց ուղղությամբ վերախմբագրել Վանի ասքապատումը՝ առանձին հատվածների հապավումների եւ առանձին դրվագների հավելումների ճանապարհով։
1979-ին, հեղինակի մահվանից տասը տարի անց, տպագրվեց «Այրվող այգեստանների» նոր տաբերակը (Երկերի ժողովածուն 4-րդ հատորում) հետեւյալ Առաջաբանով («Երկրորդ հրատարակության առթիվ»)։ «Միակ կատարյալ գիրքը ես կգրեի, եթե միայն կարողանայի»,- այսպես է ասել, եթե չեմ սխալվում, ֆրանսիական (-ացի) գրող Ժյուլ Ռենարը։ Հայ գրողին մնում է կրկնել Ռենարի այս ասույթը։
«․․․ Եվ ո՞ւմ, ո՞ւմ մտքով կանցնի, իր զավակի դագաղի վրա ողբացող մոր ողբասացության մեջ քերականական կամ հնյունական սխալներ որոնել, գտնել կամ չգտնել․․․ Կամ վշտից ծամածռված նրա դիմագծերում ժպիտ հիշեցնող նշույլներ փնտրել, տեսնել կամ չտեսնել․․․
Գ․ Մահարի
25 հունվարի, 1968 թ․»։
Հեղինակային այս խոսքը բնավ էլ դիմադրություն չէ քննադատությանը եւ ոչ էլ «մեղքերի արդարացում։ Մահարին ընթերցողին պարզապես հուշում է գեղարվեստական գնահատման այն ճշմարտությունը, որ ամեն մի ստեղծագործության պետք է մոտենալ իրեն իսկ բնորոշ օրենքներով եւ ապա շեշտերը գցել ամենակարեւոր կետերի վրա։
Արդեն առաջին տարբերակի «Վերջաբանը՝ որպես նախաբան» մուտքի մեջ Գ․ Մահարին տվել էր իր վիպասքի ճշգրիտ ընթերցման բանալիները՝ դառնալով «Երկիր Նաիրի» համայնաքանդակին, որի միջով «անցնում են մեր վաղվա վեպի ճանապարհները»։
Ելակետային այ դրույթը հաստատելիս Մահարին նկատի ունի, առաջին հերթին, Չարենցի վեպի ողբերգական-երգիծական շունչը՝ հակառակ ազգային ռոմանտիզմի ողբասացական ուղղության, որն իրականությանը նայում էր գույնզգույն ապակիների դիտակով եւ կենդանի մարդկանց դարձնում սրբապատկերներ։
Հրաժարվելով լուսապսակի գունազարդման եւ սրբացման գեղագիտությունից՝ Մահարին հակվում է դեպի ռեալիզմի հոգեբանական-կենցաղային տարատեսակի գեղագիտությունը, որի տրամաբանությամբ, ինչպես ինքն է վկայում, որոշ հանգամանքներում ստիպված էր տրվել ծիծաղի տարերքին՝ ողբալացի փոխարեն։
Նորից, ինչպես Չարենցի դեպքում, ասպարեզ է գալիս Վահան Տերյանի դառնակսկիծ դարձվածքը՝ իբրեւ բնաբան․
Մի՞թե ես պետք է երգեմ քեզ օրոր
Եվ արքայական դնեմ գերեզման․․․
Տերյանական այս զգացողությունն է նաեւ «Այրվող այգեստանների» ներքին շաղախը։ Իսկ ողբերգական անցքերի մասին Մահարին չէր կարող պատմել ոչ այլ կերպ, եթե ծիծաղի-հումորի մեծ քանակով, ինչպես վարվել է նաեւ մանկության ու պատանեկության սքանչելի պատումներում։
«Վերջաբանը՝ որպես նախաբան» նույն Առաջաբանում Մահարին իր պատումի նպատակի մասին գրել է․ «Եղել է մի քաղաք- բազմահազար բնակիչներով, որոնք սիրել են իրենց ծննդավայրի հողն ու ջուրը, հնամենի վանքերն ու հուշարձանները։ Ու մի օր ավերվել է այդ նաիրյան կախարդական ոստանը, իսկ նրա խաղաղասեր ժողովուրդը ցրվել է աշխարհով մեկ։ Այս եմ ես երգել, երգել ի խորոց սրտի․․․»։
Պատահական չէ այստեղ «երգի», սրտի երգի հիշատակությունը։
Մահարին, արդարեւ, երգում է Վանը, վերակենդանացնում է ծննդավայրի գծերն ու գույները՝ բոլոր ընթերցողներին ներշնչելու «վանեցիության» զգացմունք։
Այս սլաքով «Այրվող այգետանները» միանում է ծննդավայրի անհանգչելի սերն ու կարոտը ծրարող մահարիական արձակ եւ բանաստեղծական ներշնչանքներին։
2
Վասպուրական-Վանը համաշխարհային առաջին պատերազմի տարիներին, այդ պատերազմի անմիջական նախօրյակին եւ ծավալման ընթացքում, մանավանդ 1915 թվականին վերապրում է իր դարավոր գոյության ամենաողբերգական շրջանը, երբ «անբոց ու անկրակ, իրենց ծխի մեջ խեղդվելով, այրվում են աղետավոր այգեստանները»։
Պատումի գեղարվեստական տարածությունը Մահարին հատկացնում է կործանվող Վանի պատմությանը՝ մինչեւ վերջին ճակատագրական գիշերը, երբ հնադարյան ոստանը դատարկվում է վանեցիներից, երբ խուճապի մատնված բնակիչներն իրենց քաղաքի վրա կամար կապած սեւ ծիածանի տակով բռնում են գաղթի՝ բյուրերի նահանջի ճամփաները։ Դա, ինչ խոսք, բարդից էլ բարդ, ծայրահեղ շիկացած կետերի աստիճանին հասցված իրադրություն էր, որն իր անբեկանելի հրամայականն էր դրել առանձին անհատների, սոցիալական առանձին խմբերի, գործող ազգային կուսակցությունների առաջ՝ որոշելու իրենց դիրքը ընթացիկ եւ գալիք իրադարձությունների հանդեպ։
Այդ իսկ «հրամայականով» «Այրվող այգեստանների» էջերում ասպարեզ է գալիս Վանի համայնաքանդակը՝ բնակչության սոցիալական, դավանանքային, ազգային, կուսակցական ամբողջական կազմով։
Այո, Մահարու գրվածքը եւս համայնաքանդակ է, ինչպես Չարենցինը։
Բայց կան նաեւ էական տարբերություններ։
Մինչ «Երկիր Նաիրին» քաղաքական, ավելի ստույգ՝ տարբեր գաղափարախոսությունների գոտեմարտը ներկայացնող պատում է՝ Կարսի հասարակական անցուդարձի եւ կենցաղի ֆոնի վրա, «Այրվող այգեստանները» հոեբանական-կենցաղային վեպ է՝ Վանի «պատմական անցքերի» ներդիրներով։
«Ես չեմ սնել իմ գործը արխիվների փոշով»,- առաջաբանում Մահարին տալիս է նաեւ այս բացատրությունը՝ ընթերցողներին հուշելով, որ ինքը չի սուզվել պատմական հիշատակարանների խորքերը, այլ ծննդավայրի «դեպքերն ու դեմքերը» վերարտադրել է ականատեսի անմիջական տպավորությունների ուղիներով»։ Վանի կառուցվածքի մեջ տեղադրելով իր տպավորությունների եւ հիշողությունների հարուստ ավարը՝ Մահարին «պատմության ձայնը» վստահում է Ասքի հերոսներին, որոնք եւ իրենց արարքներով բնութագրում են ժամանակի այս կամ այն եզրը։
Հոգեբանական նկարագրով է ընթերցողին ներկայանում նախ եւ առաջ Վանի համբավավոր վաճառականներից մեկը՝ Օհանես աղա Մուրադխանյանը (համաքաղաքացիների խոսվածքով՝ Ախանես աղան), հայ գրականության մեջ երբեւէ ստեղծված ամբողջական կերպարներից մեկը, որի հետ կապվում են վիպական հանգույցների հիմնական թելերը։ Օհանես աղան, այսպես ասած, Վանի «առանցքն է» (իհարկե, ոչ Մազութի Համոյի Կարսի «առանցքի» իմաստվ), նա է մարմնացնում տոհմական-պատմական վանեցիությունը՝ հոգեբանական գալարումներով, ներքին զիգզագներով եւ կերպարանափոխություններով։
Ասքապատումը Մահարին բացում է նրա կենցաղի որոշ կողմերի նկարագրությամբ՝ խորհրդանշանի արժեք տալով դրանց։ Լինելով Վանի «դրախտի» կերտողներից մեկը՝ Օհանես աղան այդ պատճառով էլ թերեւս չափազանց սուր է վերապրում ծննդավայրին սպառնացող վտանգները։
Իրականությունից առաջ նրան խոր անհանգստություն են պատճառում չար երազները։
Թեեւ Վանը դեռեւս իր ամենօրյա գեղեցիկ կերպարանքի մեջ է՝ զվարթ առավոտներ, թոնիրներից բարձրացող ծխի քուլաներ, շուկայական եռուն անցուդարձ, թեեւ Վանը դեռ ապրում է հին օրերի բարի հիշատակներով, բայց մթնոլորտը արդեն շնչում է վերահաս աղետի նախազգացողություններով։
Դրանք առաջին հեթին բեկվում են Օհանես աղայի էության մեջ, իր կյանքի ամենատոնական օրն իսկ («լաճ ի ծնվի») տեսած երազները (Խուրձ-խուրձ կանաչ օձեր», ամբարից դուրս պրծած մկներ) նա մեկնաբանում է իբրեւ վերահաս «սեւ գիշերների» ստույգ նշաններ։
Վիպական առաջին իսկ դրվագներից Օհանես աղան երեւում է տխուր-ողբերգական եւ զրնգուն-կատակերգական գույների շաղախի մեջ։ Դա ցայտուն արտահայտությունն է նրա հեթանոսական խենթ պարը իր տոհմի սկզբնավորող Մուրադխանյան նախահոր մեծադիր նկարի առջեւ։ Այդ պարի անսանձ, հախուռն ռիթմը խորհրդանշում է պարտվող մարդու, պարտվող քաղաքի անփարատելի տագնապները։
Շուտով Օհանես աղայի առաջ ամբողջ հասակով մեկ ծառանում են մեկը մեկից բարդ, ճակատագրական առեղծվածներ, որոնց առաջին պատասխանները կոչված է տալու ինքը՝ հիմնադիր եւ համբավավոր տոհմի շառավիղը։ Օհանես աղան հոր «Կտակի» համաձայն ժառանգել է մեծ հարստություն, ստեղծել իր դիրքին վայել վաճառական ընկերների շրջապատ, որոնց հետ սովորաբար կիսում է իր մտքերը ոչ միայն առեւտրական գործերի, այլեւ Վանի անցուդարձի շուրջ։
Դեռ երեկ նշանավոր եռյակի մյուս անդամներին՝ Սիմոն եւ Փանոս աղաներին, նա հանգստացնում էր «արուն ջուր չի դառնա, սրտներդ բաց պահեք» խոսքով, իսկ այսօր նրան նույնպես հասնում են «քոլոզների» սպառնագրերը եւ իր իսկ այգուց լսվում են ահաբեկիչ կրակոցները։
Շատ ժամանակ չի անցել, բայց մեկը մյուսի հետեւից մարմնանում են Օհանես աղայի չարագուշակ երազները․ իր այգու պայթյուններին հետեւում է «կոնախների» («սեւ ակնոցավորի», «կարճահասակի») գիշերային անակնկալ հայտնությունը փոքր եղբոր՝ Մխոյի, գեղջկական հարկի տակ, ապա Աղթամարի վանքի կողոպուտի եւ վանականների սպանության լուրը՝ մյուս եղբոր (վարժապետ Գեւորգի) մանակցությամբ, այնուհետեւ ավագ եղբոր՝ Համբարձումի մահվան լուրը Կոստանդնուպոլսից․․․
Նշանավոր վանեցին- այլեւս թողած քունն ու հանգիստը, մոտորում է Վանի հեռանկարի շուրջ՝ դրա հետ կապելով նաեւ իր գոյության հեռանկարը։
Ծավալվող դեպքերի հանդեպ նրա վերաբերմունքի առումով բնորոշ է զրույցը Սիմոն եւ Փանոս աղա-համախոհների հետ, ապա եւ մյուս զրույցը՝ դարբին Արաբոյի հետ։ Վանի նշանավոր վաճառականները, նստած երկարականջ անասուններին (ի դեպ, տարեց վանեցիներն ասում են, որ իրենց ծննդավայրի վաճառականները երբեք ավանակ չեն նստել – Ս․Ա․), դուրս են եկել քաղաքամեջ՝ «ճանապարհորդության»։
Թեեւ արտաքուստ հանգիստ, բայց ներքուստ երեքն էլ հուզված են այն աստիճան, որ հարմար են գտնում իրենց օրն անցկացնել «Ասկերան» կազինոյում։
Նրանց, բնականաբար, ամենից ավելի մտատանջում են իրենց ոսկիների շուրջը մոլեգնող «ազգափրկիչ» գործողությունները։ «Սա կյանք չէ, սա ազգային գործ չէ, սա ավազակություն է»,- բնութագրում է Փանոս աղան ստացված «թղթերի» բովանդակությունը։ Նրան համամիտ են նաեւ Սիմոն եւ Օհանես աղաները։ Երեքն էլ զգուշաբար «ո՞րն է ելքը» հարցի պատասխանը թողնում են օդից կախված, մինչեւ որ Օհանես աղան իր վերաբերմունքը շարադրում է դարբին Արաբոյին՝ մեջտեղ բերելով «դզեզի բնի» պատմությունը։
Օհանես աղայի եւ Արաբոյի մտքերի զուգահեռ վերաշարադրանքից երեւում է, որ Մահարին ճիշտ ուղղությամբ սրբագրել է «Այրվող այգեստանների» առաջին տարբերակի մեծ վրիպումը։ Դարբին Արաբոն 1896-ի «մեծ դեպքերի» առասպելական քաջերից մեկը, այն Արաբոն, որի «անունն ու համբավը դիրքից-դիրք էր անցնում», Օհանես աղայի առաջ շարադրում է իր տեսակետը Վանին սպառնացող «նոր դեպքերից» առաջ․ «Օհանես աղա, ես միտք չունեմ քեզ պես մարդուն օր-ցերեկով խելք սովորեցնել կամ խորհուրդ տալ։ Ես՝ ներողություն։ Դու կասես դզեզի բուն է, որ դզեզի բնի հետ չխաղաս, դզեզներին հանգիստ թողնես, դզեզները շերամի ո՞րդ կդառնան, աբրշո՞ւմ կշինեն, թթռնեկի՞ կփոխվին․․․չէ․․․ դզեզների բան-գործ կծելն է․․․ Էս էն մեղր շինող արհեսավոր մեղրի դզեզը չի, վայրենի դզեզ է․․․ որ բունի հետ չխաղաս, չի՞ կծի․․․կասես՝ Արամ Իշխան է, երթանք քեզ հետ Կիլիկիա, Օհանես աղա։ Կիլիկիայի մեջ Իշխան Արա՞մ կար, որ բռնեցին, մեր-մանուկ սրի քաշեցին․․․ Օհանես աղա, լավ հիշի, ինչո՞ւ դու, մե մատ երեխա, թշնամացել ես դզեզների հետ, ոտնատակ ես արե․․․ Կա-չկա անմեղ անմեղ քեզ բռներ, կծե՞ր են, դու էլ քո վրե՞ժն ես հանի․․․ թե չէ՝ ինչո՞ւ դու թթռնեկների հետ խաղալու տեղ ընկեր ես դզեզների հետեւից․․․»։
Հետագա դեպքերը Օհանես աղային (ինչպես եւ նրա համխոհներին) կանգնեցնում են նորանոր «հանելուկների» առաջ․ ինչո՞ւ ոստիկանապետ Ագյահը եկավ իր տուն, ինչո՞ւ Արամը եւ Իշխանը «նեւս արին» Մուշեղ Բալդոշյանին, ինչո՞ւ ստեղծվեց Դհերցի Դավոյի գործը։ Ինչուներ, ինչուներ, ինչուներ։ «Շատ վեր-դիր, ծանրութեթեւ արին եւ եզրակացությունը նույնն էր․- դրությունը լուրջ է։ Փանոս աղան ասաց՝ ջհանդամ, մի օր ծնվեր ենք, մի օր պիտի մեռնենք․- այսպես ասաց, բայց աչքերի մեջ եւ վախ կար, եւ վիշտ։ Սիմոն աղան ասաց՝ այսինքն, որ գլուխներս խփենք պատին, ի՞նչ կլինի, ինչ լինի, գլխին կլինի,- այսպես ասաց, բայց աչքերից երեւում էր ,որ պատրաստ է առնել գլուխը եւ խփել պատին, ինչ կուզե, թող լինի․․․ Ինքը լսեց, ոչինչ չասաց, թե՞ ասաց՝ արյուն ջուր չի դառնա, որին Սիմոն աղան պատասխանեց,- այո, արյուն ջուր չի դառնա, բայց ջուր կարող է արյուն դառնա․․․»։
Բնական հունից դուրս ընկած կյանք ստեղծում է, ահա, նման անելանելի ծուղակներ՝ մարդկանց դատապարտելով ապրելակերպի ողբերգա-կատակերգական ձեւերի։ Ամենացայտուն օրինակը դարձյալ Օհանես աղան է։ Ծննդավայրի հանդեպ նրա սերն այնքան ուժեղ է, որ կարող է հասնել ողբերգական չափերի, բայց դաժան հանգամանքների բերումով նա դառնում է ընդամենը․․․ այգու ծառերի տակ թաքցրած ոսկիների գերին, իսկ ազգային հերոսի լուսապսակը կրում է ոչ այլ ոք, եթե․․․ իր գինեմոլ, արկածախնդիր, ամենքից լքված եղբայրը, Գեւորգը։
Լինելով վեպի «առանքային» հերոսը՝ Օհանես աղան բնավ էլ գաղափարակիր հերոսը չէ, ուստի եւ իրավազոր չեն հեղինակի եւ հերոսի վեաբերմունքները հավասարւթյան նշանով ներկայացնելու փորձերը։ Այս կետում քննադատությունը ճիշտ չէր նաեւ առաջին տարբերակի պայմաններում։
Օհանես աղայի «ներքին մտքերը», ազգային կուսակցությունների, հատկապես «մայր կուսակցության» ընդդիմադրական վարքագիծը դատապարտող նրա փլիպիկաները արտահայտում էին հասարակական որոշակի շերտերի կենսահայացքը՝ այդ շերտերին (վաճառականությանը) բերելով «չեզոքության»՝ «միջին գծի» դիրքերը։ Իր տեսակետը ավելի որոշակի Օհանես աղան շարադրում է Վան-Տոսպ» շաբաթաթերթի ամենօրյա ընթերցող Գաբրիել աղա Դեմիրճյանին՝ հիշելով «պատմւթյան դասերը»,- «Սահմանադրությունից ի՞նչ խեր տեսանք, որ հեղափոխությունից ինչ տեսնենք․․․»։ Եվ մեկը, եւ մյուսը շատ լավ գիտեն, որ միանգամայն արդար են իրավունքների եւ ազատության իրենց պահանջները, բայց նորից, «դառը փորձը հիշելով» գալիս են «պետություն եւ հպատակ» անլուծելի հանգույցին։ Նրանց տրամաբանությունը նահանջում է «պետության դեմ ի՞նչ կարող ենք անել․․․» համակերպության քարոզների առաջ։ Անտրտունջ, անկռիվ գոյության «փիլիսոփայությունը»՝ Օհանես աղայի եւ համախոհների դավանանքը, իրականում նշանակում էր ճակատագրին հանձնել Վանի հեռանկարը։ Իսկ «ճակատագիրը» ի դեմս թուրքական բարբարոսության (Ջեւդեթ փաշայի եւ այլոց), իր ձեւով է տնօրինում Վանի ապագան, հնադարյան քաղաքը․․․ դատարկելով նրա տոհմական բնակիչներից։
Մինչեւ վերջին, ճակատագրական «սեւ գիշերը», մինչեւ Վանի ողբերգության ամենավերջին հիշողությունը, Օհանես աղան ականատես է լինում «նանավոր» ու աննշան շատ դեպքերի, ատիճանաբար փլուզվում են նրա դեիրքերը՝ ավարտին հասցնելով կերպարի ողբերգա-կատակերգական էությունը։
Օհանես աղան, ըստ ամենայնի, Վանի ողբերգությունը կրող հերոսն է, որին, սակայն, վիճակված է իր կյանքը ավարտել կատակերգական «կոլորիտի» մեջ։
Ճիշտ հակառակն է տեղի ունենում «վարժապետ» Գեւորգի հետ, որը կատակերգական դերից վերաճում է Վանի հերոսամարտի ողբերգական հերոսի՝ անցնելով«մաքրագործման» ուղիներով։
Վանապատումի մեջ մեծ տեղ տալով «երգիծական ոգեշնչման» ոճաբանությանը,- ծիծաղի ուղեծրի մեջ են շատ կերպարներ,- Գ․ Մահարին բնավ էլ չի նվազեցնում իրականության ողբերգական ծավալները։
«Այրվող այգեստանները» այնպիսի զտարյուն երգիծական պատում չէ, ինչպիսին է, ասենք, Սալտիկով- Շչեդրինի «Մի քաղաքի պատմությունը»։ Դա ավելի շուտ բանաստեղծական-հուզախռով ասք է ողբերգական անցքերի մասին, որոնց ծանր տպավորությունը թեթեւացնելու համար Մահարին «ակամա» դիմել է երգիծական՝ հեգնական բնութագրումներին, իր հանրածանոթ հումորի շռայլ աղբյուրներին։
3
Ազգային ողբերգության գլխավոր գծին զուգահեռ «Այրվող այգեստանների» գեղարվեստական տարածությունը գրավում են գործող կուսակցությունների (արմենականներ, հնչակներ, դաշնակներ) վարքագծի բացահայտումները։
Եթե առաջին տարբերակում Գ․ Մահարին հանդես էր գալիս «ետին թվով մարգարեի» դերով («չպետք է այս անեին, այն անեին»), ապա նոր խմբագրության մեջ կատարել է շեշտերի տեղափոխություններ՝ դատապարող մարգարեից դառնալով անկողմնակալ ժամանակագիր։
Դրանից բնավ չի նվազել Վանի ղեկավար գործիչների սխալների եւ ավանտյուրաների քննադատական թափը (Աղթամարի վանքի դեպքերը, Միհրան Մանասերյանի գործարքները, «քոլոզների» կամայականությունները հայոց գյուղերում, եւ այլն, եւ այլն), ոչ էլ սրբապատկերի կերպարանք են առել ազգային ապստամբության կազմակերպիչները։
Հրաժարվելով պլակատի սխեմատիզմից՝ Գ․ Մահարին քաղաքական գծի հերոսներին եւս (ինչպես Վանի շարքային բնակիչներին) ներկայացնում է իրենց կյանքի դրամատիկ բովանդակությամբ։
Այս առումով բնորոշ են Արամ փաշայի անքուն գիշերվա տագնապի մտորումները եւ նրա հուշատետրային մեկնաբանությունների քաղվածքները։ Ինչպես՝ «Ստեղծված այդ կացության առաջ կանգնել եւ մտածել, թե ո՞վ է եղել չափավոր, ո՞վ ծայրահեղ, ո՞վ է ճիշտ կամ ո՞վ է սխալվել այս կամ այն կոնկրետ գործում, նշանակում է զբաղվել ծիծաղելի ժամավաճառությամբ․․․ Թող պատմությունը ջոկի հատիկն ու մղեղը»։ Ինչպես՝ «Չհամոզենք մեզ եւ ժողովրդին, թե մեզ խաբեցին։ Մենք մեզ խաբեցինք․․․»։ Ինչպես՝ «ժողովուրդն արցունք էր թափում, երբ մենք չկայինք, եկանք մենք եւ ասացինք՝ հիմարությամբ եք զբաղված, պետք է ոչ թե արցունք, այլ արյուն թափել»։ Ինչպես՝ «Եվ եղավ արյուն ու չեղավ ազատություն»։
Վանի նահանգապետը թեեւ չի «մաքրազարդվել» ոչ իր կենցաղային նկարագրից, ոչ էլ գործունեության ճակատագրական սխալներից, այդուհանդերձ վեպի նոր տարբերակում երեւում է իբրեւ ազգային տառապանքի կրողներից մեկը։
Դրա փաստումն են Վանի վերջին գիշերվա աղետավոր ժամի իր մենախոսությունները, ուր պարտված հերոսը, հանրագումարի բերելով չարչարանաց ուղին, դառնագին ապրումներով է ողողում պատումը․ «Եվ ո՞ւր, ո՞ւր է դիմում մոլորված, տեղահան, խուճապահար ժողովուրդը, ո՞ր լուսավոր ափերի կարոտով լողում է փոթորկահույզ կյանքի ծովում նրա մութ ճակատագրի խարխուլ առագաստանավը եւ սպասո՞ւմ է նրան մի փրկարար նավահանգիստ․․․»։
Արամի կերպարը սրբագրելով «ողբերգական հերոսի» պլանով՝ նոր տարբերակում Մահարին ընդառաջ է գնացել մեմուարային գրականության եւ արխիվային վավերագրերի տվյալներին, որոնց համաձայն Արամը իր զգաստ մտածելակերպով «եզակի բացառություն էր» «մայր կուսակցության» գործիչների մեջ եւ չէր բաժանում «դաշնակցական խմբապետների անսանձ արարքները» (տես Ա․ Հարությունյան, Վանի ինքնապաշտպանությունը 1915 թվականին, «Բանբեր Հայաստանի արխիվների», 1977 №3)։
Վերախմբագրված տարերակում Արամի ողբերգության ընդգծման պատճառով որոշ չափով ստվեի տակ է մնացել ռամկավար Արմենակ Եկարյանը, որը բուլղարացի Գրիգորի եւ Կայծակ առաքելի հետ միասին, իբրեւ Վանի ինքնապաշտպանության զինվորական շտաբի անդամ, ականատես անձնավորությունների վկայությամբ, մեծ դեր է խաղացել հերոսամարտի ժամանակ։
Հերոսամարտի հիմնական ծանրությունը Մահարին արդարացիորեն դրել է ժողովրդական տարերքի վրա։ Նոր տարբերակի հավելումներում կարմիր թելի պես անցնում է այն միտքը, որ անկախ կուսակցության շահերից, ծննդավայրի եւ հայոց հայրենիքի սիրով կրակված Վանի ժողովուդրը տարերային մոլեգնությամբ ոտքի է կանգնում ճակատագրական պատերազմի՝ ընդդեմ Ջեւդեթի արյունահեղության։
1915 թվականի համազգային ողբերգության շղթայի տպավորիչ օղակներից մեկը Վանի ինքնապաշտպանությունն է, որի մի շաք կարեւոր դրվագներին դիմելով (բերդաքաղաքի կռիվները, Փոլադ բեյի սպանությունը, թուրքական զինանոցի հրդեհումը, հայդուկների կրակոցները եւ այլն)՝ Մահարին «Այրվող այգեստաններին» հաղորդեց հերոսականության, հետեւաբար եւ պատմական ճշմարտության այն շունչը, որի նվազ քանակի համար արդարացիորեն քննադատում էին առաջին տարբերակը։
Վերախմբագրման ընթացքում Մահարին, ըստ երեւույթին, ավելի ուշադիր է եղել 1915 թվականի ապրիլ-մայիսյան դեպքերի մասին վկայող պատմական հիշատակարանների հանդեպ (օրինակ, Ա-ԴՕ-ի «Մեծ դեպքերը Վասպուրականում 1914-1915 թվականներին» գրքի), որոնց մեջ բազմաթիվ տեղեկություններ կան ժողովրդական ապստամբության մարտիկների առասպելական քաջությունների մասին։
***
Հայ արձակի պատմության մեջ «Այրվող այգեստանները» գեղարվեստական հուշարձան է՝ արժանի բազմակողմանի եւ խոր հետազոտության։
Դա համադրական (սինթեզների) արձակի իսկական նմուշ է կառուցվածքային-պատումային անկախ նկարագրով, ոճային բազմատեսակ գույների շաղախով, վերին աստիճանի կենդանի, անդիմակ բառաձեւերով, արտիստականության աստիճանին հասցված գրելակերպով։
«․․․Այգեստաները» կարող է պատիվ բերել ամեն մի հարուստ, զարգացած գրականության, ուստի եւ հրամայական խնդիր է դրա թարգմանությունը՝ ռուսական արձակի վարպետներից մեկի մասնակցությամբ։
1 thought on “Վիպասքի նոր տարբերակը”
Comments are closed.