ՊԱՏԵՀԱՊԱՇՏ ՄԱՀԱՐԻԱՊԱՇՏՈԻԹՅՈԻՆ

         

Հոդվածը տպագրվել է 1994 թվականին («Վարուժան», №3) եւ անդրադառնում է Մահարու վեպի շուրջ վերսկսված խոսակցությանը։ Գուրգեն Մահարու «Այրվող այգեստանների» շուրջ ծավալված բանավեճի մասին կարող եք մանրամասն կարդալ Հասմիկ Հակոբյանի «Բանավեճ Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» վեպի շուրջ» հոդվածում։

  Սեյրան Գրիգորյան                    

 Անցյալ տարվա՝ 1993-ի գրական աղքատիկ կյանքի գլխավոր դեպքերից մեկը եղավ Գուրգեն Մահարու 90-ամյակի նշումը։ Անկախության շրջանի հայաստանյան մշակույթի մեջ հազվադեպ են հոբելյանները. տոնական հանդիսությունները կարող են թվալ  խնջույք՝ ժանտախտի ժամանակ։ Այդուհանդերձ՝ հոգեվարքի մեջ հայտնված գրական միտքն իր մեջ ուժ գտավ ոգեկոչելու հայոց խոսքի վարպետներից մեկի հիշատակը։ Ինքնին ուրախալի այդ իրադարձությունը մի փոքր աշխույժ ներարկեց երկու ձմեռների արանքում առժամաբար վերակենդանանալ փորձող մեր գրականությանը։

Գուրգեն Մահարու երրորդ արդարացումը  (ռեաբիլիտացիան)՝ նաև այսպես կարելի է բնորոշել հուշագիրների և երիտասարդների, գրողների և քննադատների բազմաթիվ ելույթների գլխավոր մոտիվը։ Վերջինիս արծարծումը ամենից հաճախ կրքոտ էր, դրամատիկ լիցքերով, երբեմն՝ նույնիսկ մելոդրամատիկ։ Ցավալին այն է միայն, որ մարգարեի քղամիդ հագած որոշ մահարիասերներ և մահարիապաշտներ գրական կրքի մեջ կորցնում են սթափ դատումը, ողջախոհությունը և իրենց իսկ մեջբերած հարցերին  պատասխանելիս ասպարեզ նետում նորանոր հարցականներ ու առեղծվածներ։

Մինչև հոբելյանը գիտեինք, օրինակ, որ Մահարին  Հայաստանի նորագույն ( այսպես կոչված խորհրդահայ)  գրականության  գլխավոր դեմքերից մեկն է, երկրորդ մեծության գրող՝ Չարենցից և Բակունցից հետո։ Կարդացել էինք նրա մեծ ու փոքր բոլոր գործերը, որոշակի ուշացումով՝ թերևս միայն «Ծաղկած փշալարեր» վիպակը, որը խորհրդային գրաքննության քմահաճույքով երկար ժամանակ չէր տպագրվում հայրենիքում։ Ծանոթ էինք Մահարու ստեղծագործության գրականագիտական ընթեր-ցումներին՝ ամփոփված գրքերի և հոդվածների մեջ։ Հրապարակի վրա եղած «հայ խորհրդային գրականության պատմության»՝ մենագրությունների և ձեռնարկների հիմնական բաժիններից մեկը կազմում էր «Գուրգեն Մահարի» գլուխը։

Եվ ահա զարմանքով իմանում ենք, որ Գուրգեն Մահարու գրական ժառանգությունը ենթակա է  պարտադիր վերագնահատության, քանի որ «ըստ պատշաճի չի արժևորվել»։ Անակնկալի եկած, բայց նաև զուսպ հետաքրքրությամբ շարունակում ենք հետևել հրապարակումներին, որպեսզի իմանանք մեր չիմացածը և վայելենք անծանոթ գրանյութի ճանաչման հրճվանքը։

Հայտնություններից գլխավորն այն է, թե անկախության նվաճումով եկել է Մահարու ժամանակը, նրա երազած ազատությունն ու ազգային տենչանքները վերջապես մարմին են առել։ Ընդհանուր այս դրույթը, սակայն, ենթարկվում է բավական յուրատեսակ փաստարկումների։ Դրանցից մեկը արտահայտվեց հոբելյանից դեռևս մեկուկես տարի առաջ՝ ներկայումս Հայաստանի գրական շրջանակների մեջ ոչ անհայտ Աբգար Ափինյանի մի հոդվածում[1]։

«Այրվող այգեստանները» գնահատելով իբրև  քաղաքական վեպ՝ հոդվածագիրը նրա գաղափարական ելակետը համարում է իրատեսությունը։ Մահարուն վստահորեն վերագրվում է քաղաքական հիմքի վրա դրված «գործնական մտածողություն»։ Հավատացած լինելով, թե «ազգի ճանապարհի, ազգային ճակատագրի համար ազգն է պատասխանատու», Մահարին մի «տարօրինակ» հայրենասիրությամբ մերժել է թե՛ դարասկզբին գործված ահավոր սխալները, թե՛ իր ժամանակի ռոմանտիկ հովերը։

Մերօրյա երիտասարդ մեկնաբանը բավական ինքնավստահ կեցվածքով քամահրում է վեպի առաջին քննադատների կարծիքները և հետին թվով համերաշխում «շեֆերի» և «կոմիտաճիների» արկածախնդրության, «խմբակային միջամտության» և «բազմակուսակցական գործելակերպի» շուրջը հյուսած ըմբռնումներին։ Եվ ահա հենց այս պահին Ափինյանը թույլ է տալիս շատ կոպիտ մի վրիպում։ «Շեֆերի»՝ հեղափոխական գործիչների թեմայից անմիջապես հետո անդրադառնալով Արամ Մանուկյանի կերպարին, նա գրում է. «Այս մեծ քաղաքական գործչին գնահատալիս Մահարին, պետք է ընդունել, շատ հարցերում պարզապես անարդար էր»։ Ամենաքիչը զարմանք է հարուցում այս վերջին մտադրույթը։ Չէ՞ որ Արամ Մանուկյանը (կամ Արամ Փաշան) «Այրվող այգեստաններում» պատկերված գործիչներից գլխավորն է։ Որքան էլ Մահարին ակնարկով և հպանցիկ խոսում է Իշխանի, Վռամյանի, Փարամազի, Բուլղարացի Գրիգորի, Արմենակ Եկարյանի և այլոց մասին, հենց Արամ Մանուկյանն է, որ բարձրացված է գրական կերպարի աստիճանի։ Վեպի առաջին հրատարակության մեջ (մեղմացված՝ նաև երկրորդում) Մահարին «շեֆերի» պսակազերծման դրույթը վիպականորեն մարմնավորում է հենց Արամի կերպարի մեջ։ Արդ, ինչպե՞ս կարող է հեղինակը լիովին ճիշտ լինել դրույթի մեջ և լիովին սխալ՝ այդ դրույթն արտահայտող կերպարի գնահատության մեջ։ Բայց, որքան էլ տարակուսելի է, այդ քննադատի վերջնական եզրահանգումը. «Ինչպես էլ գնահատելու լինենք այդ կերպարն ու հեղինակային դիրքորոշումը, պետք է ընդունենք, որ Մահարին սխալվելով մասնավոր դեպքում, արդար է հիմնական հարցադրման մեջ, պնդելով, թե օրհասի պահին աղետ է կուսակցական նեղմտությունը»։

Տեսական առումով գործ ունենք բովանդակության և ձևի փոխպայմանավորվածության հանրահայտ օրենքի կատարյալ անտեսման հետ։

Պատմական առումով՝ ակնհայտ է տրամաբանության խախտումը։ Հուշագիրների և պատմաբանների գրեթե միահամուռ հաստատումով՝ Արամ Մանուկյանը եղել է դարասկզբի հայ այն եզակի գործիչներից մեկը, որը լինելով դաշնակցական՝ լիովին զերծ էր «կուսակցական նեղմտությունից»։ Թե՛ Վանի ինքնապաշտպանության կազմակերպիչ ու «նահանգապետ» և թե՛ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար եղած ժամանակ նա համախմբել է բոլոր կուսակցությունների, ամբողջ ժողովրդի ուժերը։

Պատմական փաստերի անողոք պնդումով՝ Արամ Մանուկյանը պետական մտածողություն և կամք ունեցող հազվագյուտ դեմք է ամբողջ հայոց պատմության ընթացքում։ Եվ ահա այս բացահայտ ճշմարտությունը իմացողի համար շատ ավելի զարմանալի պիտի թվա, որ ըստ Ափինյանի՝ Մահարին երազում է ազատագրական պայքարի ծավալումը պետականության պայմաններում։ Արամ Մանուկյանի նման պետական գործչին պսակազերծած գրողը, պնդում է նա, իր հերոսների միջոցով երազում է, «որ գա վերջապես պետության ժամանակը և այն այրը, այն քաղաքական գործիչը, որ խմբապետ չի լինելու, արցունքոտ հայրենասեր չի մնալու, այլ պետություն է ստեղծելու սառն ու վստահ կորովով. «մի Պետրոս մեծ հայ ժողովրդին էր հարկավոր»»։ Փոխանակ խորհելու, թե այդ գաղափարը Մահարին ինչ մեծ հաջողությամբ կարող էր լուծել հենց Արամ Մանուկյանի՝ ոչնչից հայոց պետականություն կերտած «այրի» միջոցով, Ափինյանը հանկարծ մոռանում է վիպասանի մեծ վրիպումը ( մասամբ սրբագործված երկրորդ տարբերակում) և հրճվանքով  իբրև կատարելատիպ ընդունում օտար քաղաքական գործչին՝ ցարին։

Զարմանքս, սակայն, ավելի շատ հռետորական երանգ ունի։ Միամիտ չենք և շատ լավ հասկանում ենք նորօրյա պետականության գաղափարախոսի՝ այսօր արդեն «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր մեկնաբան Աբգար Ափինյանի խոսքի ենթատեքստը՝ այն, ինչ ոչ այնքան վարպետորեն թաքցված է տողերի արանքում կամ հետևում։ Ահա նրա տրամաբանությունը. եթե Մահարին երազում էր սառնասիրտ ու ինքնավստահ պետական այրի հայտնությունը, և եթե, մյուս կողմից,  արդեն հաստատապես եկել է Մահարու երազած  ժամանակը, ուրեմն վերջապես հայտնվել է այդ երազած այրը, որը Պետրոս Մեծի նման պետություն է ստեղծում (ի դեպ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թվերից մեկում Ա. Ափինյանը հանդես եկավ Պետրոս Մեծին նվիրված բավական ծավալուն հոդվածով, որի մեջ զուգահեռները շատ ավելի թափանցիկ էին)։

Քիչ է մնում մտածես, որ Հոմերոսը երգել է Աքիլլեսին, Ֆիրդուսին՝ Ռուստամ-Զալին, Նաիրի Զարյանը՝ Ստալինին, իսկ Գուրգեն Մահարին՝ …։ Այդպես է լինում, որ պատեհապաշտ ու կամայական մտածողությունը հեշտությամբ փոխարկվում է համակարգի։ Ծնվում է այսպես ասած «ափինյանական մեթոդը», որի թելադրանքով հայ գրողը մարդկանց աչքին երևում է լավագույն դեպքում խամաճիկի, իսկ վատթարագույն դեպքում՝ քաղաքական աղախինի նշանակությամբ։ Նմանօրինակ «գործնական մտածողությամբ» Ա.Ափինյանը շուտով սկսեց «հավաքագրել» ուրիշ գեղագետների, և մասնավորապես Ա. Ծառուկյանն ու Ալ. Շիրվանզադեն նրա ձեռքին գործիք դարձան իր և իր տերերի հակադաշնակցական մոլուցքի արծարծման գործում։

Ընդհանուր գծերով այս է նորօրյա մահարիապաշտության առաջին վնասակար արդյունքը։ Կարծեցյալ վերագնահատության նման ֆիասկոյի առկայությամբ արդեն բնավ էական չէ, որ գրողի ծառայեցումը այս կամ այն քաղաքական գաղափարախոսությանը արվում է ենթատեքստով, տողամեջի տրամաբանությամբ։

Այլ պարագայում Մահարու գրքում արտահայտված գաղափարները առաջ են մղում հայ դատի մերժման, թուրքերի հետ բարեկամության  և հարակից դրույթների առնչությամբ, որոնք նույնպես չափազանց հարգի են մեր ժամանակների որոշ պետական այրերի և գաղափարախոսների մեջ։ Այդ է պատճառը, որ նման աշխարհայացքի կրողները համառորեն սրբագործում են «Այրվող այգեստանների» հատկապես առաջին՝ 1966 թվականի հրատարակությունը՝ համապատասխան մոլեռանդությամբ արհամարհելով հեղինակի կողմից երկրորդ հրատարակության համար կատարած բազմաթիվ և էական փոփոխությունները։ Նույն Աբգար Ափինյանի կարծիքով, օրինակ, «1979 -ին Երկերի ժողովածուի 4-րդ հատորում զետեղված երկրորդ հրատարակությունը անփոփոխ պնդում էր նույնը՝ այն, ինչ ասվել էր 1966 -ին։ Սա գրողի սովորական համառությունը չէր, այլ հավատ, որ վեպը՝ հենց այդ վիճակում, հասկացվելու է ապագայում»։

Հիրավի, Մահարուն հատուկ չէր նման համառությունը։ Արվեստագետի նրա աշխարհը իրականում շատ ավելի բարդ էր, դրամատիկ, տատանումներով լեցուն։ Համառությունը նորաթուխ մահարիագետինն է, որը միտումնավոր կերպով չի ուզում տեսնել հեղինակի կատարած հարյուրավոր  շտկումները՝ կրճատումներ, հավելումներ, խմբագրված հատվածներ և այլն։ Այս պարագայում, իհարկե, տեղը չէ «Այրվող այգեստանների» երկու հրատարակությունների (կամ «տարբերակների», ինչպես համոզված է «հին» մահարիագիտությունը) մանրակրկիտ համեմատության և արժեքավորման։ Խնդիրը մատնանշումն է այն իրողության, որ գաղափարական միտումնավոր տեսանկյունի ուժով առ ոչինչ է դիտվում էականը՝ այն, որ Մահարին իր կամքով, իր ձեռքով, արտաքին գործոնների ազդեցությամբ, բայց ի վերջո ներքին սեփական գեղագիտական պահանջով փորձել է բարեփոխել աղմուկ հանած վեպը։ Հենց այս պարզ, բայց դեռ ամբողջովին չպարզաբանված իրողությունն է ենթարկվում կասկածի։

Նույն տեսակետի մեկ այլ, արդեն շատ ավելի կտրուկ տարբերակին հանդիպում ենք «Հոգեվա՞րք, թե՞ նահանջ» հոդվածում. «Մահարին, ցավոք, մասամբ ընկրկեց, իր բարձրարժեք վեպը փոփոխեց հալածիչների մեղադրանքները նկատի առնելով։ Ոմանք դրան ասում են մշակում։ Բայց երկի մշակումը բոլորովին այլ բան է, այն, որ հեղինակն իր տաղանդի թելադրանքով, իր ներքին մղումով բարելավում է երկը։ Իսկ գաղափարական ահաբեկման ներքո գեղարվեստական երկում փոփոխություններ մտցնելը ոչ թե երկը մշակել է, այլ փչացնել[2]»:

Ստիպված եմ նորից զարմանալ, այս անգամ արդեն տարեց բանասերի գրական ու նաև բարոյական ըմբռնումների վրա։ Թե ինչու է նա սևեռուն կերպով ուզում սրբագործել հատկապես առաջին տարբերակը, ուրիշ, թեև ոչ այնքան դժվար կռահելի խնդիր է։ Զարմանալին նախ հետևյալն է։ Մարդը, որը հիացմունք ունի Մահարու նման արվեստագետի հանդեպ և նրա «Այրվող այգեստանները» համարում է հայ գրականության հինգ լավագույն վեպերից մեկը, ինչպե՞ս կարող է պատկերացնել, որ նման մեծ արվեստագետը ոչ թե իր կամքով («ներքին մղումով»)  է փոփոխել վեպը, այլ ուրիշների։ Չէ՞ որ դրանով ակամա անբարոյականություն է վերագրում պաշտելի գրողին, նրան մեղադրում պատեհապաշտության ու հարմարվողականության մեջ։ Եթե մի պահ անգամ ճիշտ համարենք հոդվածագրի կարծիքը, դրանով վստահորեն կընկնի Գուրգեն Մահարու եթե ոչ գրական, ապա գոնե բարոյական վարկը։

Բարեբախտաբար, Մահարու արարքի մասին ունենք նաև այլ վկայություններ, որոնք հաստատում են ճիշտ հակառակը։ «Գրական թերթի» անցյալ տարվա օգոստոսի 20-ի համարում գրողի այդ օրերի վկաներից մեկը՝ Հր. Հովհաննիսյանը, ասում է . «Մահարին այդ օրերին հեռացավ Երևանից և, հավանաբար, զգալով անսպասելի քննադատության ճշմարտությունը, շտկեց վեպը, գրեց նոր տարբերակ, և այն դարձավ մի հիանալի, հոյակապ ու կուռ վիպասք…»։ Մեկ ուրիշ վկա՝ Լևոն Հախվերդյանը, նույն թերթում, ճիշտ հիշված հոդվածի վերևում տպագրված նյութի մեջ գրում է. «Մահարին, որ ամեն ինչ հասկանում էր ամենքից էլ լավ, լսում էր հազիվ նկատելի ժպիտը դեմքին։ Լսում էր, մտմտում, միտք էր անում։ Կասկած չունեմ, իր մյուս բարեկամներին էլ լսում էր, և նրա մեջ խմորվում էր վեպին անդրադառնալու միտքը։ Ուժ և ծրագիր էր որոնում։ Եվ ուժահատ, կես մարդ դարձած արվեստագետը վերին մի հրաշքով իր մեջ գտավ այդ ուժը»։

Իսկ վերջակետը դնում է ոչ այլ ոք, քան ինքը Մահարին։ Նույն հոդվածում Լ.Հախվերդյանը մեջբերում է Պալանգայից 1968 –ի հուլիսի 13-ին Մահարու գրած նամակի տողերը. «… «Այգեստանների» մասին. – քո բոլոր նկատողությունների հետ համաձայն եմ (զարմացա՞ր…), ես չեմ մշակել վեպը, վերամշակել եմ և ներկայացրել հատորային հրատարակության։ Ես ոչ մի կասկած չունեմ, որ դու շատ գոհ կլինես[3]»։ «Գրական թերթի» հոդածի հեղինակին այսպես է պատասխանում … Գուրգեն Մահարին։ Համաձայնելով նկատողություններին ( և ոչ թե «ահաբեկման ներքո») նա ինքնակամ, իր տաղանդի թելադրանքով վերամշակել է վեպը։ Շրջանը կարծես թե փակվում է, և մասնագետին մնում է ոչ թե անտեսել կամ վարկաբեկել հեղինակի կամքով ու ստորագրությամբ կնքված նոր տարբերակը, այլ ուսումնասիրել այն։ Անշուշտ՝ չմոռանալով նախօրինակն իբրև ստեղծագործական աշխատանքի կարևոր փուլ։

Ուրեմն, փրկենք Մահարուն մահարիապաշտներից և նրան չպարտադրենք մի նույնպիսի «տարբերակային թնջուկ», ինչպիսին ծանրացած է Կ. Զարյանի «Նավը լեռան վրա»  վեպի ուսերին։ Նույն տրամաբանությամբ ու մտահոգությամբ արժե ջանք թափել՝ փրկելու նաև Գուրգեն Մահարու մարդկային, քաղաքացիական- բարոյական նկարագիրը։

Բանն այն է, որ նորահայտ մահարիապաշտների գրչի տակ այդ կենդանի, խաղացկուն, բարդ ու դինամիկ կերպարը երբեմն դալկանում է,  վերածվում խունացած սրբապատկերի։ Այսպես, «Հայաստանի Հանրա-պետություն» օրաթերթի հոբելյանական իր հոդվածում[4]   Ալմաստ Զաքարյանը այնպիսի «հայտնություններ» է անում, որ Մահարի հերոսի փոխարեն ստանում է կատարյալ հակահերոս։

Մահարու մարդկային և գրողական խառնվածքի հաստատուն  մեծությունները Զաքարյանը համարում է ասպետականությունն ու անչարությունը։ Ոչ մի բիծ և ոչ մի շեղում՝ նրա դիմապատկերում ու վարքի մեջ։ «Այնպես որ հայ ժողովուրդը բացարձակապես ոչ մի հիմք չունի խղճի և արդարության շավիղը ծռելու և ծուռ աչքով նայելու իր ասպետորեն վեհ մեծատաղանդ գրողին…»,- ի վերջո պարտադրում է հոդվածագիրը։ Մեծատառված Անչարությունը իբրև բանաձև լիովին անկիրառելի է հատկապես «Այգեստանների» նկատմամբ, քանզի նրանում գոնե նախապես առկա էր ընդգծված չարությունը և՛ քաղաքական ( «գործիչ-ների» նկատմամբ) և՛ անձնական առումով (Միհրանի կերպարի նկատ-մամբ, որի նախատիպը հորը սպանած քեռին է)։ Մինչդեռ Ա. Զաքարյանը, որքան էլ տարակուսելի է, հենց «Այգեստանների» առիթով է մեջտեղ բերում այդ անհող Անչարությունը։

Առահասարակ Գ.Մահարու գրական ճանապարհը, հատկապես դրա վերջին՝ հետաքսորյան հատվածը չի հանդուրժում պարզունակ բանաձևեր։ Մեծ ու փոքր բազմաթիվ մեղքեր, զանցանքներ աղավաղում են դիմապատկերը։ «Ավերակված դեմքս»՝ մի նամակում իր մասին ասում է Մահարին, և դա հեշտությամբ կարող ենք հասկանալ նաև փոխաբերական առումով։ Այս առնչությամբ շատ չծավալվելով՝ հիշենք թեկուզ իր կյանքը ավերած ոճրագործ կուսակցությանը վերստին անդամագրվելու ամոթալի քայլը, որը նույնպես նյութ դարձավ հոբելյանական հրապարակումներում (Անտոնինա Մահարի, Սերո Խանզադյան)։ Տարբեր են աղավաղումի պատճառները՝ այսպես թե այնպես դառնացած հոգի, վրիպած լինելու զգացողություն, յուրատեսակ օտարացում։ Ամեն պարագայում էականը Մահարու կենդանի, բազմանիստ կերպարի ամբողջականությունն է, որի դեմ էլ հենց առաջին հերթին մեղանչում է մեկնաբանը։

Այս հարցի կապակցությամբ ստիպված եմ դիմել հակադրույթի հնարքին՝ մեկընդմիշտ հերքելու համար Մահարու ասպետականության առասպելը։ Սրանից չորս-հինգ տարի առաջ Պարույր Սևակի հուշագիրներից մեկն իր գրքում Մահարու մասին պատմում է հետևյալը։ Երբ 60-ական թվականների կեսերին լուրեր են տարածվում, թե Պ. Սևակի «Մարդը ափի մեջ» գրքում հայտնաբերվել են գրագողություններ Պոլ Էլյուարից, սկսում են խաթարվել Սևակի և Մահարու խիստ բարեկամական հարաբերությունները։ Պատճա՞ռը։

«Այս և նման բամբասանքներով» որոշ մարդիկ կարողանում են հրահրել Մահարուն Սևակի դեմ, հասնել նրան, որ նա հոդված գրի «Մարդը ափի մեջ» գրքի դեմ։ Դրանից հետո «նրանց մտերմական հարաբերությունները խզվեցին»։ «Չեմ կարողանում մոռանալ, – շարունակում է հուշագրողը, – հատկապես Մահարու պահվածքը գրողների տանը «Մարդը ափի մեջ»-ի քննարկմանը (1964 թ., փետրվարի 15) … Միջին կարգերում նստած էր Մահարին, և նման քննարկումներում, հավաքներում սովորաբար լուռ իմ շատ սիրելի Մահարին այդ օրը տեղից երբեմն-երբեմն ռեպլիկներ էր թողնում, ձայնակցելով կողքին նստած չափից ավելի մարտական մի կին արարածի, որը եկել էր եռանդով մասնակցություն բերելու գրքի դատափետմանը…»։

Այսպիսով, Մահարին իր գրական բարեկամին դավել է նենգ մարդկանց դրդմամբ, ինքն իրեն  դեմ գնալով՝ սիրած գիրքը ջախջախել ինչպես մամուլում, այնպես էլ դահլիճում, այն էլ խուլագինավարի ընկերակցելով լաչառ մի կնոջ: Ա՞յս է ասպետականությունը: Բայց միգուցե Ա. Զաքարյանը կասի, թե ազնիվ չէ հուշագրողը, և հավաստի չեն նրա վկայած միջադեպերը: Բայց նման արդարացումը բացառված է, քանի որ Գուրգեն Մահարու հակաասպետական  պահվածքի մասին պատմող այդ հուշը գրել է ոչ այլ ոք, քան ինքը … Ալմաստ Զաքարյանը[5]։

Այս էլ այսպես։

 Պատեհապաշտության հոբելյանական արշավանքը, այսպիսով ասպարեզ է հանում նաև Գուրգեն Մահարի – Պարույր Սևակ խիստ ուշագրավ խնդիրը։ Այն ևս, ինչպես Մահարու կերպարն ինքնին, բարդ, տարաշերտ, ոչ միանշանակ երևույթ է, մինչդեռ մահարիապաշտների միահամուռ ջանքերով ենթարկվում է խիստ պարզունակ, կամայական, երբեմն էլ՝ ուղղակի զազրելի գնահատականների։ Անդրադառնամ դրանցից ամենակարևորներին, որոնց պարզաբանումը, կարծում եմ, խիստ էական նշանակություն ունի գրական պատմության, երկու գրողների գործի համար հավասարապես։

Ա. Զաքարյանի «մոռացկոտության» կողքին պակաս տպավորիչ չեն Սերո Խանզադյանի հուշերում բերված գունազարդումները[6]։ Տպավորությունն այն է, որ Մահարու և Սևակի միջև առաջացել է ինչ-որ «սառը դառնություն», բայց առանձին պատճառ չի եղել։ Ավելին՝ գրողների համագումարում Սևակը հատուկ ելութով պահանջել է, որ Գ. Մահարին ևս համարվի վարչության անդամ։ Երբ այդ մասին Խանզադյանը պատմել է հիվանդ Մահարուն, սա հուզվել է․ «Պարույրը հզոր բանաստեղծ է, ազնվական մարդ։ Մեր միջև եղած անախորժությունը նա մոռացել է։ Աստված երկար կյանք տա նրան»։ Իսկ ըստ էության ի՞նչ անախորժություն նկատի ունի Մահարին։ Այդ էլ կարծես թե իմանում ենք Խանզադյանի հուշերից. «Մոսկվայում ապրող բանաստեղծ, թարգմանիչ, դասախոս Աբրահամ Ալիքյանը բանսարկություններ սկսեց Պարույր Սևակի դեմ։ Իմացա, որ սա Պարույրի դեմ հոդված է գրել և ուղարկել Գուրգեն Մահարուն։ Այդ Ալիքյանը փորձում էր Մահարուն ընդգրկել իր կեղտոտ կռվի մեջ։

Գնացի Մահարու մոտ։

– Գուրգեն խան, – ասացի, -խանությունիցդ չիջնես այդ Ալիքյանի մակարդակին։ Նրա գրածը ամբողջովին հերյուրանք է մեր Պարույրի  դեմ։ Դու քեզ վեհ պահիր, մի լսիր, մի հավատա նրան։ Պարույր Սևակին հոր աչքով նայիր, ինչպես մինչև հիմա ես նայել։

Ի պատիվ Մահարու ասեմ, որ նա Ալիքյանի ամբաստանագիրը Պարույրի դեմ հետ տվեց նրան, բանի տեղ չդնելով։ Սակայն, ավաղ, Պարույրի և Մահարու միջև սառը դառնություն առաջացավ»։

Երևի նկատեցիք, որ վերջին երկու հեղինակն էլ Մահարի – Սևակի խզման հիմքում  դնում են «գրագողության» խնդիրը։ Համընկնումը պատահական լինել չի կարող, ինչ-որ բան, այնուամենայնիվ, կա։ Տարօրինակ կերպով համընկնում են նաև մոտեցումները։ Եթե Ա. Զաքարյանը դիտավորյալ շրջանցում է դիպվածը, ապա Խանզադյանը, դարձյալ Մահարուն «փրկելու» համար, նրան հատկացնում է բավական կասկածելի անմեղություն։ Այդ դեպքում ինչո՞ւ այնուամենայնիվ փչացան Սևակի և Մահարու հարաբերությունները։ Ըստ Խանզադյանի խոսքի տրամաբանության՝ կամ Սևակը պարզապես նեղացկոտություն է դրսևորել, կամ ինչ-որ բամբասանք է լսել  Մահարու մասին և հավատացել։ Անհիմն … Այս դեպքում էլ, ինչպես տեսնում ենք, զոհ է տրվում, և զոհի դերում դարձյալ Սևակն է։ 

Բայց չթուլանանք ոգով, որովհետև բարեբախտաբար աշխարհում միայն զաքարյաններն ու խանզադյանները չէ, որ խոսում են: Մեջբերված հատվածի մեջ հիշատակված ու արդեն բացահայտորեն անվանարկված Աբրահամ Ալիքյանը դեռ Խանզադյանի հուշերից շատ առաջ պնդում էր, որ Գուրգեն Մահարին ոչ միայն «բանի տեղ» է դրել իր հայտնաբերած «բանագողություններին», այլև պրպտել, փնտրել է նոր օրինակներ, խորհրդակցել ուրիշ գրական այրերի հետ և «ամեն ինչ ստուգելուց հետո միայն» գրել հատուկ մի հոդված՝ Սևակի կարծեցյալ բանագողության մասին, որը հետո առեղծվածային ձևով կորել է[7]։

Դարձյալ միամիտ չձևանանք և հիշենք իր՝ Պ. Սևակի սիրած մեկ խոսքը. «Եթե մենք ստորություն չենք անում, չի նշանակում, թե չենք էլ հասկանում»։ Պարույր Սևակի բարեկամներին, ինչպես նաև որոշ մասնագետների շատ բաներ են հայտնի գրական այդ նողկալի միջադեպի, ինչպես նաև դրանում Գ. Մահարու դերակատարության մասին։ Որոշ բաներ լսել ենք նաև ուրիշ դերակատարների մասին, գիտենք անուններ. մեկին Մահարին հանձնարարել է նոր «արտագրություններ» պեղել, մյուսին ցույց է տվել արդեն «հայտնի»-ն՝ իբր թե ամբողջովին արտագրված հինգ բանաստեղծություն և այսպես շարունակ։ Բայց մարդիկ, ովքեր մասնակիցն ու ականատեսն են այդ անցուդարձի, ձեռքերը լվալով մի կողմ են քաշվել, և այսպես ժամանակ առ ժամանակ հայտնվում են կարծիքներ, որոնք անվանարկում են մերթ Սևակին, մերթ Մահարուն։ Իսկ ճշմարտությունը խեղդվում է ոմանց անբարո խոսքերի և մյուսների  անբարո լռության միջև։

Պարույր Սևակի անունը Մահարու հիշատակին մատաղ անելու ստոր փորձերին դեռ կհանդիպենք։ Իսկ մինչ այդ վերադառնամ վեպին և ընդհանրացնելով ասեմ, որ հոբելյանի ամենագլխավոր հարցը դարձավ «Այրվող այգեստանների» վերագնահատության փորձը։ Իմաստունի խոսքերով ասած՝ կարծես թե տառացիորեն եկել էր «քարերը հավաքելու ժամանակը»։ Գրեթե բոլոր հրապարակումներում միահամուռ դատապարտվում էին վեպի հին քննադատները՝ նրանք, ովքեր 1967 -ի քննարկումների ժամանակ քարեր էին նետել նշանավոր գրողի վրա։

Իրերին անծանոթ ընթերցողը այդ էջերից այն տպավորությունը կքաղի, թե ընդամենը 25 – 26  տարի առաջ Հայաստանի գրական կյանքում եղել է մի բազմագլուխ հրեշ, որ լլկել է գրողին, կամ մի անգութ դահիճ, որ «լինչյան դատաստանի» է ենթարկել նրան։ Այնինչ այդ մարդիկ գրողներ ու քննադատներ են, բոլորն էլ լավ հայտնի, որոնց կարելի է ուղղակի դիմել կամ, եթե շատ է պետք, հաշիվ պահանջել (Գառնիկ Անանյան, Էդուարդ  Ջրբաշյան, Հրանտ Թամրազյան, Կառլեն Դանիելյան և ուրիշներ)։ Բայց հավանաբար անանուն քննադատությունն ավելի տպավորիչ է և ապահով։ Եվս մեկ պատեհապաշտություն։ «Անուններ չտալու» բարոյականը, երևում է, խորհրդային շրջանից խնամքով պահվող ժառանգություն է մեր գրական աշխարհում։

Կոմունիստական երանգ ունեցող ևս մեկ գիծ՝ գրեթե բոլոր նորահայտ մահարիապաշտները լիովին սխալ են համարում Մահարու հին քննադատներին։ Եվ այսպիսով խեղճ Մահարին կատարում է «դարձ ի շրջանս յուր»՝ քարկոծվող մեղապարտից հասնելով իր համար ատելի պաշտվող անձի վիճակին։

Նկատված ընդհանուր օրինաչափությունները ծնունդ են տալիս մասնակի կարծիքների, որոնք տատանվում են զավեշտի և գրական ողբերգության միջև։ Դրանցից ծանրագույնը, դժբախտաբար, նորից առնչվում է Պարույր Սևակի չարչրկված անվանը։ «Անշառ կյանքի» օրենքներին կառչած մարդիկ, չտալով շատ լավ հայտնի քննադատներից և ոչ մեկի անունը, չտեսնված մեռելահարցությամբ պարզում են, որ Մահարու դեմ մղված արշավանքի կազմակերպիչներից մեկը, եթե ոչ միակը, Պարույր Սևակն է։

Զգույշ, այլախոսությամբ, այդ «գյուտը» առաջինը անում է Մահարու ամենամերձավորը՝ Անտոնինա Մահարին։ Պատմելով ամուսնու դեմ սանձազերծված հալածանքի մանրամասները, այրին վերջում հանկարծ որոշում է. «Կյանքից հեռացավ (խիստ հանելուկային հանգամանքներում)  և հենց այդ վայրենի հալածանքի կազմակերպիչը… Վաղուց չկա նաև մեծ ու տառապյալ Գուրգեն Մահարին[8]»։

Մասնագիտական բնազդս հուշում է, որ ես էլ իմովսանն զգույշ վարվեմ փաստի հետ։ Բայց եզովպոսյան լեզուն այս պարագայում խիստ թափանցիկ է։ Դիվանագիտորեն ասած՝ այրին հավանաբար նկատի ունի Պարույր Սևակին։ Այս անգամ արդեն մնում է ուղղակի հարցապնդում անել։ Նախ՝  ի՞նչ հիմքեր կան նման կտրուկ դատավճռի համար։ Ապա՝ հայտնի է, որ հակամահարիական պայքարը  ձևով և բովանդակությամբ խիստ բազմազան է եղել՝ գրողների միության քարտուղարության որոշումից մինչև սպառնալից հեռախոսազանգերը, տպագրված վերլուծականից մինչև գիրքը այրելը, համալսարանի գիտական նստաշրջանից մինչև տպաքանակը ոչնչացնելու կոչերը։ «Վայրենի հալածանքի կազմակերպիչը» այս ամենի՞ կազմակերպիչն է, թե՞ մի մասի։ Ո՞ր մասի և ինչպե՞ս։

Դեռ լավ է, որ վշտաբեկ այրին զսպում է հականե – հանվանեի գայթակղությունը։ Բայց վտանգ, պարզվում է, կա։ Մասնավորապես բանն այն է, որ ինչպես շատերին հայտնի է, Անտոնինա Մահարու անունով տպագրվող նյութերը քաղված են նրա անտիպ հուշագրությունից։ Դրանց քաղումն ու հայացումը անում են որոշակի մարդիկ, որոնք ըստ երևույթին իրենց ընկալման դրոշմն են հաղորդում փաստերին։ Այս իմաստով առնվազն զարմանալի է այն աղաղակող «բնագրային տարբերությունը», որ կա Անտոնինա Մահարու վերոհիշյալ և մեկ ուրիշ, ավելի վաղ Ա. Ափինյանի կողմից պատրաստված հրապարակման միջև։ Վերջինիս մեջ հիշյալ հատվածը հետևյալ տեսքն ունի. «Բոլոր նրանք, ովքեր այն ժամանակ անգթորեն հալածում էին Մահարուն, այժմ արդեն կենդանի չեն, քանզի դեռ այն ժամանակ տարեց մարդիկ էին… Վաղուց չկա և Գուրգեն Մահարին[9]…»։ Անհասկանալի է, թե ուր և ինչպես է անհետացել «կազմակերպիչը»  կամ, որ նույնն է, որտեղից է հայտնվել նա «Արի» հրապարակման մեջ։

Նման անորոշությունը հիմնավոր կասկածների տեղիք է տալիս։ Ամեն դեպքում՝ Անտոնինա Մահարու ձեռքով ևս մեկ քար է նետվում բանաստեղծի ուղղությամբ, և հետևանքները չեն ուշանում։ Երկու ամիս անց «Ազգ» օրաթերթում տպագրվում է Ռուզան Խաչատրյանի հոբելյանական հոդվածը, ուր նշվում է ոչ մի հիմք չունեցող կարծիք այն շրջադարձի մասին, թե Պարույր Սևակը իբր նախ վեպի պաշտպանների մեջ էր, ապա՝ հակառակորդների[10]։ Փոքրածավալ լրագրային հոդվածի մեջ արված պստիկ ակնարկը իրականում բազմա-նշանակ խայթոց է ՝ լուսաբանում է Անտոնինա Մահարու փոքր-ինչ մութ ակնարկը, ենթատեքստով Սևակին մեղադրում է անսկզբունքայնության մեջ և այլն։

Պատահականորեն գրականագետի դերում հայտնված լրագրողի խոսքին, սակայն, անիմաստ է լուրջ արժեք վերագրելը։ Հատկապես՝ մի հոդվածում, ուր իբրև Մահարու երկրորդ աքսորման տարեթիվը նշվում է… 1943 –ը, ինքնակենսագրական եռագրության ( և ոչ թե միայն «Երիտասարդության սեմին» մասի) ստեղծումը վերագրվում է աքսորի շրջանին, Վաղարշակ Նորենցը դարձել է Արշակ Նորենց և այլն։

Բայց այ, ուրիշ բան է, երբ Անտոնինա Մահարու կանացի – այրիական զեղումին կամա թե ակամա ձայնակցում է այնպիսի մի հմուտ գրագետ, ինչպիսին հավասարապես Մահարու և Սևակի բարեկամ Լևոն Հախվերդյանն է։ Վերը արդեն հիշված հոբելյանական հոդվածում, հիշատակելով Հայաստանի գրողների միության քարտուղարության՝ Մահարու վեպը դատապարտող հայտնի որոշումը, նա գրում է. «Դրա նախաձեռնությունը պատկանում էր Պարույր Սևակին՝ միության քարտուղարներից մեկին, որ մերժելով մերժում էր վեպն իրեն հատուկ անզիջում կրքով[11]»։

Լևոն Հախվերդյանը ոչ գրողի այրի է, ոչ էլ սկսնակ լրագրողուհի։ Բանիմաց ու շրջահայաց գիտնական է, 60-ականների գրական կյանքի կենդանի մասնակիցը։ Եթե ասում է, ուրեմն մի բան գիտի։ Եվ այնուհանդերձ, կասկածի որդը հանգիստ չի տալիս նաև այս դեպքում։ Նախ՝ նորից նույն հարցը. ո՞րն է հիմքը։ Ի՞նչ փաստերի վրա է հենվում քննադատը։ Գրողների միության քարտուղարության որոշումը փաստորեն պետական մակարդակի հասնող պաշտոնական վավերագիր է, և նրա նախաձեռնողին անվերապահորեն իմացողը պետք է որ նույնքան պաշտոնապես նշի աղբյուրը։ Որոշման բնագրում առհասարակ որևէ անուն չկա նշված[12]։

Դժբախտաբար, ինձ չհաջողվեց պետական դիվանատներում գտնել գոնե քարտուղարության նիստի արձանագրությունը, որից միգուցե հայտնի կդառնար հաստատող կամ հերքող ինչ-որ փաստ։

Սակայն այս վիճակով էլ հաստատապես պարզ է, որ Պարույր Սևակին գրողների միության որոշման նախաձեռնող կամ կազմակերպիչ համարելու հիմքեր չկան, և Լևոն Հախվերդյանի կարծիքը անպատեհ վերագրում է։  Փակագծում, կարծես թե իմիջիայլոց նետված այդ պնդումը անհաճո է թե՛ բարոյական և թե՛ գրական տեսակետներից։

Բարոյական տեսակետից՝ այն պատճառով, որ Լևոն Հախվերդյանը Սևակին նվիրված «Պարույրը» խոհագրության մեջ արդեն բավական ծավալուն անդրադարձով խոսել էր «Այգեստանների» մասին Պ. Սևակի ունեցած կարծիքների, դրանց հիմնավորման և արտահայտման ձևերի մասին և չգիտես ինչու ոչ մի խոսք չէր ասել նրա այս «նոր» դերակատարության մասին։ Պատճառն անհայտ է, բայց ինչ-որ բան հիշեցնում է Ալմաստ Զաքարյանի պահվածքը. Սևակին նվիրված գործում՝ մի բան, Մահարուն նվիրվածի մեջ՝ մեկ ուրիշ բան։

Գրական տեսակետից պնդումը առավել ևս անհարմար է։ Բանն այն է, որ հոբելյանական բազմաթիվ հրապարակումներում հիշյալ որոշումը որակվում է իբրև վերին աստիճանի արատավոր փաստաթուղթ («ստոր որոշում» և այլն)։ Իսկ հոբելյանական նիստի ժամանակ ՀԳՄ նախագահ Վ. Դավթյանը տեղեկացնում է, որ «ԳՄ քարտուղարության առաջիկա նիստում պաշտոնապես քննության կառնվի «Այրվող այգեստաններ» վեպին վերաբերող՝ նախկինում ընդունված անարդարացի որոշումը, քանզի այն եղել է ճշմարտության ոտնահարում, ամոթալիորեն կամայական[13]»։

Ցերեկույթին մասնակցել ու ելույթ է ունեցել նաև Լևոն Հախվերդյանը (ըստ նույն հաղորդման)։ Խոսել է, իսկ վերջում նստած տեղից լսել նախագահ բանաստեղծի կարծիքը, որը մի որոշ իմաստով թերևս ամփոփումն էր նիստի և ամբողջ հոբելյանական մարաթոնի։ Եվ ահա նա, Լևոն Հախվերդյանը՝ Պարույր Սևակի երդվյալ բարեկամը, խիղճը հանգիստ գնացել է տուն և հրատարակության պատրաստել հոդվածը՝ «չմտածելով», որ ահավոր մեղք է բարդում հանգուցյալ ընկերոջ, մեծ բանաստեղծի վրա՝ նրան համարելով ճշմարտությունը ոտնահարող, ամոթալի ու կամայական այդ ստորության նախաձեռնողը։ Ահավասիկ պատեհապաշտության, «քստմնելի գրական միջավայրի»  (Պ. Սևակ) և սովետական կոդեքսի տառով սնված գրական հաշվապահության ևս մեկ պտուղը։

Գուրգեն Մահարու և Պարույր Սևակի մարդկային – գրողական փոխհարաբերության լրիվ ու ճշմարտացի պատկերը տալը առաջիկայի գործ է։ Ապագային (որքան մոտ, այնքան լավ) է վիճակված նաև իսկական ճշմարտությունը «Այրվող այգեստաններ» վեպի ծննդյան, ընդունելության և հետագա ճակատագրի մասին։

Հոբելյանական – պատեհապաշտ մահարիապաշտները առայժմ  ընդամենը շինծու և անհիմն խոսքեր են ասել, «վերագնահատություններ» արել առանց վերլուծության, հայտնություններ՝ առանց փաստերի վկայակոչման։ Առանց որևէ անուն տալու նրանք «ոչնչացրել են» Մահարու երբեմնի բոլոր քննադատներին, իսկ «նախաձեռնողին»  ու «կազմակերպչին» անվերապահորեն  հայտնաբերել են ու հայտարարել։

Բայց կա նաև ամենավերջին հարցը, որ հնչում է ահեղ դատաստանի նման և որի մեջ է թաքնված ամենամեծ պատեհապաշտությունը։ Այսպիսով պայծառ ապագա մաղթենք հատուկենտ երիտասարդներին, որից հետո բռնենք տարեց մահարիապաշտների օձիքն ու բաց չթողնելով հարցնենք. իսկ դո՞ւք ինչ էիք անում 1967 թվականին։ Ձեր աչքերի առաջ տանջում էին ձեր սիրելի գրողին, որը մաքուր էր և արդար՝ սրբի նման, և դուք մկան նման քաշվել էիք ձեր ծակը և ականջ էիք դնում։ Ինչո՞ւ մի հոդվածով, ելույթով, նամակով մեջտեղ չէիք գալիս, պաշտպանում անբիծ Մահարուն ու վեպը։

Կմերժեի՞ն, չէի՞ն տպագրի, կիջեցնեի՞ն ամբիոնից։ Ոչինչ, այսօր գզրոցից կհանեիք մերժված հոդվածի խունացած էջերը և կտպագրեիք։ Քննարկման ժամանակ դահլիճից հօգուտ Մահարու մի բացականչություն անելու և նստարանի տակ արագ թաքնվելու փոխարեն մոտենայիք ամբիոնին, թող ուժով լռեցնեին ու սուլեին։ Այսօր կունենայիք այդ ասպետությունը հաստատող տասնյակ վկաներ։

Այ դա կլիներ իսկական գրական սխրանք, խոսելու արժանի բան։ Թե չէ 25 – 30 տարիների ապահով հեռավորությունից սրեր ճոճելը, մեռած բանաստեղծին բամբասելն  ու թղթի մի կտորի որոշումը քննարկել – վերանայելը մեծ հերոսություն չեն։ Դրանք պարզապես դատարկ անցյալը լցնելու, դժգույն կենսագրության էջերը գունազարդելու մահամերձ փորձեր են։

Մահարիասիրության ու մահարիագիտության վարագույրը դեռ իջած չէ, և տա Աստված՝ երբեք չիջնի։ Երազենք սակայն, որ շուտափույթ իջեցվի մահարիամերձ պատեհապաշտության վարագույրը։


[1] ««Այրվող այգեստաններ» կամ Մահարու մերժված վեպը», «Ավանգարդ», 1992, 11 հունվարի:

[2] «Գրական թերթ», 1993, 12 նոյեմբերի:

[3] «Գրական թերթ», 1993, 12 նոյեմբերի։

[4] «Մեր ասպետական, մեր հրաշագործ Գուրգեն Մահարին…», 1993, 31 հուլիսի։

[5] Տե՛ս նրա «Գրականության և պատմության ընթացքները» գիրքը, Ե. 1989, էջ 503-504 :

[6] Տե՛ս «Դաշնակցություն», 1993 թ., հոկտեմբեր։

[7] «Ուրբաթ», 1993, 7 մայիսի:  

[8] Ա. Մահարի, «Այրվող այգեստանների» ոդիսականը, «Ար» շաբաթաթերթ, 1993, 18 – 24 մայիսի։

[9] Ա. Մահարի, Ինձ երևի կհասկանան, բայց ես արդեն չեմ լինի, «Գրական թերթ», 1991, 24 մայիսի։

[10] Տե՛ս «Ազգ», 1993, 24 օգոստոսի։

[11] Մահարու գրական դրաման , «Գրական թերթ», 1993, 12 նոյեմբերի։

[12] Տե՛ս  «Գրական թերթ», 1967, 19 մայիսի։

[13] «Գրական թերթ», 1993, 17 սեպտեմբերի։ 

Please follow and like us:

1 thought on “ՊԱՏԵՀԱՊԱՇՏ ՄԱՀԱՐԻԱՊԱՇՏՈԻԹՅՈԻՆ

Comments are closed.