Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» վեպի այս գրախոսությունը լույս է տեսել 1967 թվականին «Լրաբեր հասարակական գիտությունների» պարբերականում եւ ստեղծագործության շուրջ գրական մամուլում ծավալված բանավեճի մասն է կազմում։ Այդ մասին առավել մանրամասն կարող եք կարդալ գրականգետ Հասմիկ Հակոբյանի «Բանավեճ Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» վեպի շուրջ» հոդվածում։ Հայ մամուլում տեղ գտած այլ ուշագրավ բանավեճերին կարող եք ծանոթանալ «Գրողուցավի» «Գրամարտ» բաժնում։
Մարգո Մխիթարյան
լրագրող, բանասեր
Արձակագիր Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» վեպի բնաբանը՝ «Մի՞թե ես պետք է երգեմ քեզ օրոր, եւ արքայաբար դնեմ գերեզման․․․» թելադրում է այն միտքը, թե Մահարու ասքը հայ ժողովրդի մի լավագույն հատվածի հերոսամարտի, նրա հայրենի հողի ողբերգական կորստի նկարագիրն է, հայ ժողովրդի ապրելու կամքի եւ ազատատենչ ոգու ներբողումը։ Ենթադրվում է նաեւ, թե հեղինակը պատմական իր վեպը շարադրելուց առաջ ուսումնասիրել է հարցի շուրջ ստեղծված հսկայական գրականությունը, արխիվային փաստաղթղերը, ծանոթացել պատմության կեղծարարների այսպես կոչված դրույթներին։
Այս դեպքում անշուտ հեղինակի մշակած պատմագիտական ճշմարիտ ելակետը հնարավոր կդարձներ գեղարվեստական ընդհանրացումների օգնությամբ անմահացնել 20-րդ դարի իր պատմության ամենաողբերգական պահին հայ ժողովրդի ցուցաբերած անվեհերության պատմությունը։
Սակայն, երեսուն երկարաձիգ տարիների ընթացքում ստեղծված եւ1966 թվականին հրապարակ իջած վեպը հանգեցնում է երկու տխուր հետեւության։ Կամ հեղինակը հենվելով իր մանկական հիշողությունների եւ ընկալումների վրա թերագնահատել է պատմական գրականությունը եւ, մեղմորեն ասած, գրել մի անբարեխիղճ վեպ, եւ կամ լավատեղյակ պատմական գիտության փաստերին, ստեղծել է իր ուրույն կոնցեպցիան, եւ դարձյալ մեղմ աած՝ կեղծել պատմությունը։
Բոլոր դեպքերում մենք գործ ունենք պատմական կոնկրետ իրադարձություններից հյուսված հսկայածավալ մի ասքի հետ, որը (ուզում է այդ հեղինակը, թե ոչ) պետք է քննարկվի պատմական ճշմարտացի փաստերի հետ ունեցած իր հարաբերության հաշվեկշռով։ Ուրեմն դառնանք պատմական հանրահայտ փաստերին։ Անցյալ դարի վերջին քառորդում, առանձնապես Բալկանյան երկրների ժողովուրդների ազատագրությունից հետո հայ ժողովրդի արեւմտահայ հատվածի կյանքի ապահովությունը հասել էր մի աստիճանի, որը լրջորեն անհանգստացնում էր բոլորին։ Այդ օրերի մեր պարբերական մամուլի էջերը լի են ժողովրդի ունեցվածքի, պատվի ու կյանքի դեմ թուրք բռնապետության վայրագ ոտնձգությունների պատմություններով։ Որքան ավելի հաճախ է դիվանագիտական շրջաններում արծարծվում «Հայկական հարցը», սուլթան Համիդի կառավարությունն այնքան ավելի սեստգմատիկ է դարձնում հալածանքը ժողովրդի նկատմամբ։ Դեռ անցյալ դարի վերջին հայ հրապարակախոսները տպագրել են թուրքական կառավարության պարագլուխների խոսովանությունները՝ հայ ժողովրդին բնաջնջելու ճանապարհով «Հայկական հարցը» լուծելու իրենց դիվային ծրագրի մասին, սկզբում այդ քաղաքականությունն իրականացվում էր գավառներում հարկահանության ձեւով, համիդիեկանների ջոկերի ստեղծման միջոցով, հայերի նկատմամբ մահմեդական տգետ տարրերի ֆանատիզմը բորբոքելու ճանապարհով։ Արդեն 90-ական թվականներին հայ մամուլը շարունակաբար հրապարակում է օր-ավուր սաստկացող բռնությունների, սպանությունների, ունեցվածքի բացահայտ հափշտակության եւ ձերբակալությունների բազմաթիվ փաստեր։ Սա դեռ նախօրյակն էր․ մի շրջան, երբ սուլթան Համիդը մի ձեռքով սանձազերծում էր ավազակ Մուսա բեկին, մյուս ձեռքով կազմակերպում նրա դատական հանդեսի խայտառակ ֆարսը։ Մուսա բեկը արդար է ճանաչվում․ պարզաես դատական այդ ցույցը հարկավոր էր՝ խաբելու եվրոպական համառ ժուռնալիստներին եւ ոչ այնքան համառ դիվանագետներին։ Սրանք իրենց երկրների քաղաքական նպատակների թելադրանքով միայն՝ երբեմն-երբեմն քաղաքավարությամբ հիշեցնում էին սուլթանին, թե հարկավոր է կատարել նաեւ 61-րդ հոդվածով ստանձնած պարտավորությունները։ Դարավերջին վիճակն ավելի քան որոշ էր։ Արեւմտյան դիվանագիտությունն ապացուցում է իր նենգությունը։ Բոլորի համար պարզ էր արդեն, որ «Հայակական հարց» կոչվածը լոկ ողորմելի մի խայծ էր՝ «Արեւելյան հարցով» նախատեսվող եվրոպական պետությունների նվաճողական ծրագրերի իրականացման օպերացիաներում։ Սուլթան Համիդը սանձարձակ է դառնում․ էլ հարկ չկար ֆարս խաղալու․․․ 1894-96 թվականներին արեւելահայ պարբերականների էջերը (եւ գրաքննական արխիվները) լցվում են արեւմտահայ թղթակիցների տագնապալից հաղորդումներով։ Թուրքական կանոնավոր զորաբանակը Զաքիր փաշայի գլխավորությամբ բնաջնջում է Սասունը։ Դրան հաջորդում են կոտորածները ողջ Արեւմտահայաստանում։ Եվրոպական ժուռնալիստների հարցումներին ի պատասխան թուրք զինվորականները պատմում են, որ իրենց ուղարկել են հարձակման, նախապես սուլթանի ֆերմանի հետ ծանոթանալուց հետո։ Այնտեղ ասված էր, թե հայերին անխնայորեն պետք է ոչնչացնել սուլթանական կառավարության դեմ ապստամբություն բարձրացնելու համար։ Սուլթան Համիդի բռնությունների հետքերով հայ մտավորական գործիչների մի խումբ անցնում է արեւմտյան Հայաստան՝ օգնելու իր եղբայրներին։ Դարասկզբին այդ գործիչները, հրապուրված երիտասարդ թուրքերի սահմանադրական խաղով, լուսավորական գործունեություն են ծավալում տեղի բնակչության մեջ, բայց վրա հասած Ադանայի ջարդերը զգաստացնում են բոլորին։ Բոլորին, ովքեր ծանոթ էին պատմության դասերին։ Այդ արդեն այլ հարց է, որ ազգային կուսակցությունները, չկարողանալով ճիշտ կողմնորոշվել պատմական համապատասխան իրադրության մեջ, իրենց գործունեության այլ հատվածներում թույլ տվեցին մի շարք կոպիտ սխալներ, որոնք տաճկական կառավարությունն օգտագործում էր նոր պրովոկացիաների եւ բռնությունների համար։ Կոնկրետ Վասպուրականում նրանց ծավալած գործունեությունը թելադրված էր հայ ժողովրդի գլխին կախված երկրորդ եղեռնին դիմադրելու պաշտպանական նպատակնեով։1 Ո՛չ,- ասում է Գուրգեն Մահարին,- պետական քաղաքականությունը սնվել է հայ հեղափոխականների ավանտյուրաներով միայն։ Այդ արեւելահայ «անխոհեմ» եկվորներն են, որ Արեւմտահայաստանում «քաղաքական եղանակ» են ստեղծել։ Կառավարությունն ստիպված էր զենքի դիմել, որովհետեւ՝ «Ծովն իր գույնը երկնքից է ընդունում»։ Այնուհետեւ գիտակցաբար մերժելով պատմական կոնկրետ պայմաններում ժողովրդի ինքնապաշտպանության կազմակերպման հսկայական նշանակությունը, Մահարին հավատարիմ իր մշակած սկզբունքներին՝ ծաղրում է այդ գործը։ Նրա համոզմունքները համերաշխորեն բաժանում են վեպի բոլոր հերոսները, եթե նույնիսկ իրենց գործողությունների մեջ նրանք համերաշխ չեն իրար հետ։ Այսպես, Ախթամարի վանքի վանահայրն այն կարծիքին է, թե «օտարամուտ բախտախնդիրները» ազգը փրկելու անվան տակ կողոպուտով են զբաղված։ Նրա քարտուղար Միհրանը համոզված է «սինլքորների» գործի եւ նպատակի անմարդկայնության մեջ։ Նրանց նպատակներն արատավոր են, իսկ իրենք՝ «մի արյունոտ բռունցք Վասպուրականի գլխին»։ Թե վանահայրը, թե քարտուղարը վկայակոչում են նախկինում զոհված իրենց սեփական ու ազնիվ ռահվիրաներին, որոնց հակադրում են եկվորներին։2 Դհերցի Դավիթը գտնում է, թե դրանք «եկան ու կեղտոտեցին մաքուր Վանը, անբույն կկուների նման, որոնք բույն են դնում ուրիշ թռչունների հյուսած բներում, վարակելով օդը։ Վանը՝ վանեցիներին։ Թող կորչեն այդ օտարամուտները»։ (էջ 298)
Սիմոն աղան տրամաբանում է․ «Մեր պապերն ասեր են – գող որ տնից եղնի՝ եզն երտսից կխանի»․․․ Չվան երտսից կախեր են․․․ ի՞նչ մնացե․․․ մնացե, որ եզ դուս քաշեն, տանեն մորթեն վասն փառաց ազգի» (էջ 58)։ Փանոս Էֆենդին մոլուցքով գանգատվում է «սրիկաներից»․ «Սա կյանք չէ, սա ազգային գործ չէ, սա ավազակություն է» (էջ 172)։ Որքան էլ արտառոց լինի այդ, միեւնույն մտքերն է զարգացնում եւ ինքը շեֆը՝ Իշխանը։ Նա թերահավատ է դեպի իրենց գործը։ Իշխանը համոզված է, որ ժողովուրդը չի սիրում իրենց, եւ եթե չլինի վախի զգացումը, վանեցիները կասեն․ «Աշխարհում ուժի օրենքն է տիրում, եւ չկան երջանիկ հպատակներ, եւ չկան արդար տիրողներ»։ Մտրակը մտրակ է, անգամ եթե նրա կոթը ոսկեջրած լինի։ Մեկ մտրակի տակ էինք, ձեր գալով երկու մտրակի տակ ընկանք, մեկ լծի տակ էինք, լուծը դարձավ կրկնակի։ Գնացեք, գնացեք ձեր եկած ճանապարհով, ու թող օրհնված լինեն ձեր կրունկները» (էջ 290-91)։ Իշխանի ինքնամերկացման շատ անհաջող հնարանքով Մահարին հավատացնել է ցանկանում, թե ժողովուրդը դառնացած է, որովհետեւ նա հարմարվել էր սուլթանական մտրակին (որի հարվածները գրեթե չէր զգում), մինչդեռ եկվորները պղտորում են նրա անդորրը (նրան սովորեցնելով չմորթվել լռելայն)։ Իշխանը շարունակում է ինքնախարազանումը․ «Նրանք բերին արգելված գրքեր, արգելված զենքեր, արգելված երգեր, ու հիմա․․․ արհավիրքը սպառնում է տարածվել աշխարհով մեկ եւ սպառնում է կլանել ժողովուրդներ ու պետություններ․․․» (էջ 305-306)։ Մնում է հետեւցնել միայն, որ արհավիրքը նախապատրաստում էին ոչ թե Թալեաթ- Էնվեր- Ջեմալ եռյակը, այլ Պեշիկթաշլյանի ու Սիամանթոյի երգերը։ Այս հակապատմական եզրահանգման «տրամաբանական» վախճանն է՝ Քեմալի փիլիսոփայությունը, որն անվերապահորեն բաժանում է վիպասանը։ Քեմալն զգուշացնում է «անխոհեմ» հպատակներին, վկայակոչելով տիրողների եւ հպատակների աշխարհում «սրբագործված» օրենքը։ Հայերը պետք է մեկընդմիշտ հասկանան, որ պետք է լինի պարտականությունների եւ իրավունքների արդար բաշխում եւ փոխադարձ հարգանք։ «Գործը փչացնում է երրոդ ուժը», որը միջամտում էր պետականության եւ նրա սահմաններում ապրող հայության գործերին «․․․Ապրանքներ կան, որոնց ներմուծումը թանկ է նստում, թանկ ու ծանր» (256)։ Բարբարոս տիրոջ եւ հլու ծառայի համերաշխ գոյակցության փիլիսոփայությունը, որը ամբողջ մեկ դար մերժվում էր բալկանյան ազատասեր ժողովուրդների թափած արյամբ ու զեյթունցիների ելույթով, համակողմանիորեն զարգացնում է Մահարու գլխավոր հերոսը՝ վաճառական Օհանես աղան։ Արեւելահայ «կաչաղ-ավազակները» նրա համոզմունքով խաղում են աշխատասեր եւ անվնաս դզեզի բնի հետ․ հատուցումն արդար կլինի, տրամաբանում է Օհանես աղան։ Ըստ նրա՝ կա պետություն, եւ կան հպատակներ։ Որպեսզի տերությունը չմորթի, չպետք է չարություն անել (իսկ այդ ոչ այլ ինչ էր, եթե ոչ՝ ազատություն ուզել)։ Բայց լսենք իրեն՝ Վանի «Մեծ հային»։
– Օհանես աղա, հարցիս պատասխան տուր, ազատություն ուզելու համար մարդուն կբռնեն, վիզ կկտրե՞ն։
– Վիզն էլ կկտրեն, կախաղան էլ կհանեն, աչքն էլ կփորեն։
– Էդ եղավ կառավարությո՞ւն։
– Ապա ի՞նչ կուզեիր, էֆենդի։ ․․․ Դու կառավարության քթի տակ զենքեր բերես եւ տներն ու վանքերը դարձնես ջաբախանա, դու գաղտնի թերթեր, գրքեր ստանաս կառավարության դեմ, ֆեդայիներ սար հանես, փաշա ու կայմակամ սպանես, դու գիշեր-ցերեկ երգեր երգես ու «Ձայն տուր, ով ծովակ» բոռաս, ես քո գլուխ մաժե՜մ, ասեմ աֆերի՜մ․․․ (էջ 234)։ Այնուհետեւ Մահարին համառորեն շարունակում է գծուծ ու շահամոլ, բարոյական արգահատելի նկարագրի տեր ու ծառայի «ուսմունքը»։ Այպես, «Տան մեծ հայրն է, տան կառավարությունը, որդիները նրա հպատակներն են, կանգնել են, թե ազատություն կուզենք, դու հեչ, դու չկաս, տան տերը մենք ենք, խանութի տերը մենք ենք, այգու տերը մենք ենք, համաձայն չե՞ս, կորի գնա անհատակ ծով, կեցցե՝ ազատություն, հեղափոխությունն էլ հետը։ Ո՞ր հայրը կհամաձայնի։ Ի՞նչ սեւ կապի կառավարություն»(235-36)։ «Իրենց գլուխն ուտի իրենց հեղափոխություն,- եզրափակում է իր միտքը Օհանես աղան,- ժողովրդին ապրել է հարկավոր, սեւ օրով, սպիտակ օրով, բայց թող ապրի։ Թող ապրի, ջանըմ, թող ապրի,թող դժվար ապրի, բայց ապրի․․․»։ Նրա հասկացողությամբ ժողովրդի գլխին կախված ամենամեծ աղետը արտասահմանյան գրքեր եւ թերթեր տարածող, կարդացող, բաժանող «անմիտների» վարքագիծն է, եւ տեղը կլինի, եթե տերությունը դրանց «խերն անիծի»։ Նրա մտքերը բաժանում է գործակատարը՝ Սեթը․ հապա ինչպե՜ս, «նստեր են Ժնեւ, երկար գավազանը երկարել են Թուրքիա, օձի բունի հետ կխաղան․ ինչի՞ են եկել, ո՞վ է նրանց հետեւից կարմիր խնձոր ուղարկել, ո՞վ է խնդրել, որ նահատակվեն» եւ ի վերջո՝ հարցերի հարցը․ «ի՞նչ կուզեն խեղճ ժողովրդից»։ Ի դեպ, եթե Վռամյանը հարցնում է Օհանես աղայից, թե քոլոզները հո չե՞ն անհանգստացնում նրան․ «Ձեն չկա,- ասում է անվանի վանեցին,- բայց ի՞նչ օգուտ, պարոն Վռամյան, ապահովություն չկա, ապահովություն» (էջ 228)։ Հայերն ապահովություն չունեն, որովհետեւ նրանց անհանգստացնում են գործիչները, բայց ահա, մեծ եղեռնի նախօրյակին Վանի փողոցներով անցնող զինվորական շարասյունը եւ նվագախմբի աղմուկը նրանց չեն անհանգստացնում, կամ՝ եթե վախենում են, ոչ այնքան․ «մարդ կվախեցնեն»,- քմծիծաղում է Օհանես աղան։ Այս արատավոր փիլիսոփայությունն իր հետ բերում է համապատասխան արտահայտչական միջոցներ։ Ազգային գործիչները բարոյազուրկ ու փառասեր բախտախնդիրներ են, որ սարսափ են ազդում ոչ միայն իրենց հակաժողովրդական գործերով, այլեւ տեսքով․ «Այս տանից ես սաղ սալամաթ դուրս չեմ գա»,- մտածում է Օհանես աղան Իշխանի տանը։ Արամ Մանուկյանի երեսին նա շպրտում է․ «դու խիղճ չունես, դու անխիղճ հեղափոխական ես, դու հեղափոխական չես, դու թուրք ես, թուրքից էլ բեթար։ Ձեր բռնած գործն էլ թուրքի կեղտոտ գործ է։ Թուրքը մի կողմից, դուք՝ մյուս, ժողովրդին կերաք»(217)։ Սակայն միայն գործիչները չեն նկարված մահարիական սարկազմի վրձնով։ Իր ոգեւորության մեջ Մահարին սեւ երանգով է պատել հայկական մեծ եղեռնի նախօրյակին հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության արթնացման եզակի հատվածներից մեկը՝ Վասպուրականը եւ նրա ժողովրդին։ Այս իմաստով ուշադրության արժանի է նրա մի «գյուտը»։ Մսագործ Միսոն մի այծ է տանում սպանդանոց։ Զարմանալի կերպով զոհը չի դիմադրում։ Երբ այծը փռշտում է, պարզվում է, որ նա հարբուխ ունի, որի պատճառով չի զգում արյան հոտը, եւ ահա Մահարին պեղումների մեջ է ընկնում․ եթե Միսոն հրապարակախոս կամ քաղաքական գործիչ լիներ, ապա մի հոդված կգրեր, որտեղ հայ ժողովրդին կհամեմատեր հարբուխ ընկած այծի հետ, որը չի զգում մոտալուտ արյան հոտը։ Հայ ժողովրդին փրկում է այն պարագան միայն, որ Միսոն անգրագետ է եւ բարեբախտաբար՝ սոսկ մսագործ։ Իսկ եթե, աստված մի արասցե, լիներ հակառակը, նա իր հոդվածը կուղարկեր ոչ թե Վանում լույս տեսնող մամուլի օրգաններին (ինչպես ենթադրում է «ոչ թե հարբուխով հիվանդ, այլ իսկապես միամիտ ընթերցողը»), այլ Պոլսի, Թիֆլիսի, Փարիզի, Բոստոնի, Ժնեւի թերթերին, քանի որ, ինչպես գրում է հեղինակը, «Այն ժամանակ հայրենասերները գտնվում էին ահա վերոհշյալ այդ քաղաքներում եւ ներմուծվում էին ի հարկին։ Նրանք այդ քաղաքներում հրատարակում էին թթու-կծու հայրենասիրական թերթեր։ Այս ներմուծվող գործիչներից եւ փորձիչներից շատերը նահատակվեցին հայրենիքի համար՝ հայրենիքը չտեսած»։ «Հրաշք բան,- զարմանում է քաղաքացիական անձնազոհության գաղափարին եւ կենդանի օրինակներին անտեղյակ հեղինակը,- դեռ արձանագրված չէ մարդկային պատմության մեջ մի դեպք, որ մի երիտասարդ սպանվի կամ ինքնասպանություն գործի իր սիրած աղջկա համար, որի դեմքը չի տեսել» (էջ 176)։ Այս հատվածից կարելի է անել այն հետեւությունը, թե արգահատելի է հրապարակախոսը, որը ահազանգում է ժողովրդին վերահաս վտանգի մասին։ Երիցս նշավակելի են այն, այսպես կոչված, արտասահմանյան (իմա օտար) հայ օրգանները, որոնք հայերեն լեզվով խոսում են հայերին սպառնացող անխուսափելի աղետի մասին, եւ երկրորդ, պատմությունը չգիտե մի դեպք, որ մեկն սպանվի սիրածի համար, որին չի տեսել։ Կարելի է ենթադրել, թե թուրք բռնակալության դեմ հույն ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում զոհված Բայրոնը ծնվել ու ապրել էր գեղեցիկ Հունաստանում։ Մահարին զարմանալի անհոգությամբ եւ մարգարեի սառնասրտությամբ (որն իջել է անիծելու Սոդոմ-Գոմորը) ծաղրում է կյանքը հայրենիքին զոհաբերելու մեծագույն խորհուրդը, որն անհիշելի ժամանակներից սրբագործվել է սերունդների կողմից՝ իբրեւ քաղաքակրթության մեծագույն նվաճում։ Նույն ինքնավստահությամբ էլ նա ծաղրում է ազգային սրբությունները, գինարբուքի երգեր դարձնում «Ես երգելով կուզեմ մեռնել», «Կիլիկիա», «Եղբայր եմք մենք» բանաստեղծությունները։ Բայց արդարամիտ լինենք։ «Այրվող այգեստաններ» վեպում կան եւ արտահայտություններ, որոնք վկայում են, թե հեղինակն այնքան էլ անտեղյակ չէր կատարվող անցուդարձին։ Նա, օրինակ, հիշում է 1896-ի «Մեծ դեպքերը», երբ թուրքերը թալանում են սուրբ Գրիգորի վանքը, սպանում վանահորը, կողոպտում վանքի ոսկեղենն ու արծաթեղենը։ Զգուշավորությամբ պատմում է, թե քաղաքի շուկայում պատահաբար արձակված հրազենի պայթյունը ինչպես է սարսափեցնում հայ խանութպաններին, եւ մի այլաբանությամբ նույնիսկ շեշտում է, թե «Մխոն ծով մտածի նման՝ չզգաց անձրեւի գալը»։ Սրանք, սակայն, անցողիկ տպավորություններ են, որոնցից պետք է կռահել միայն, որ հայ ժողովուդրը ծովում էր ապրում։ Բարոյականն այն է, թե ծովում չթրջվելու եւ «դեպքերի» կրկնությունից խույս տալու համար պետք է ներփակվել բարիքներով լի տունտան մեջ, ապրել «խելոք» եւ գոհություն հայտնել աստծուն, որ գլուխդ ուսերիդ վրա է։ Քաղքենու այս ճղճիմ ու տաքուկ կյանքի պատկերը հյութեղ երանգներով գծված է Օհանես աղայի եւ նրա բաժակեղբայրներ Սիմոն աղայի եւ Փանոս Էֆենդու առօրյայում։
Վանի հասարակության փոքրիշատե ամբոջական նկարագիրը ներկայացված է վաճառականության դասի միջոցով։ Սակայն ինչի՞ է հանգում դրանց գնահատականը։ Վաճառականները շատ քիչ բան ունեն մարդկային առաքինություններից։ Օհանես աղայի իսկ խոստովանությամբ (որը շարունակ օգնում է հեղինակին՝ պարզելու նրա հայացքները), քաղաքի վաճառականները գազաններ են, իսկ իր տունը գազանի բուն է։ Իսկապես, Մուրաղխանյան եղբայրները իրենց հավաքական արատաներով գերազանցում են ամեն մի հարուստ երեւակայություն։ Հայ հասարակության մյուս խավերի ներկայացուցիչները ետ չեն մնում սրանցից։ Վանահայրը մարդասպան է եւ անբարոյական, ազգային գործիչները՝ բախտախնդիրներ եւ կնամոլներ, մտավորականները՝ շաղակրատներ եւ ապիկար քաղքենիներ, կանայք սեթեւեթ տիկիններ են, մեծ մասամբ՝ թեթեւաբարո կամ անառակ եւ գող արարածներ։ Ահա այս գորշ եւ գաղափարազուրկ խառնամբոխը ուտում է, խմում, տրամաբանում՝ «բանականի» եւ «բնականի» մասին, զվարճանում, դավեր նյութում, նորից խմում՝ անզուսպ ու անհագ։
Իսկ գրադարանները դատարկ են մշտապես, գրադարանապետը այնքան տգետ, ր «Տարազը» խառնում է Արազի հետ, խմբագրությունը ենթադրվում է զինապահեստ, առաջնորդարան հասկացությունն ընդհանրապես բացակայում է։
Չկա մի ծանրակշիռ փաստ, գեղարվեստորեն հիմնավորված մի պատկեր, որը ցույց տար, թե այդ մարդիկ ապրում են ճնշման ու բռնության պայմաններում, մի ակնարկ՝ հայերի քաղաքական անազատության եւ ազատասիրական բաղձանքների մասին։ Հարց է ծագում, եթե այստեղ ամեն ինչ խաղաղ էր ու բարվոք, դեռեւս անցյալ դարի 90-ական թվականներին «Русский курьер»-ը ի՞նչ հիմքեր ուներ ահազանգելու, թե «Հայաստանում բանտարկվածների մեծամասնությունը շղթայակապ է պահվում», եւ թե՝ «հայերը ինչպես Հայաստանում, նույնպես եւ Կ․ Պոլսում, սարսափի մեջ են»3։ Կաբինի 70 հայ երիտասարդների ձեբակալության առթիվ «Արձագանքի» տեսաբանը ի՞նչ հիմքեր ուներ մեկնաբանելու, թե այդ երիտասարդները զենքի են դիմել այն ավազակների դեմ, «որոնք կառավարությունը ուժ կամ կամք չունի զսպելու»4։ 1888 թվականին Վանից արտասահման ուղարկված մի այլ թղթակցության մեջ հայտնվում էր, թե կառավարությունը խուզարկում է Գարեգին Բաղշեցյանի, Մկրտիչ եւ Հովհաննես Խանիկյանների տունը եւ նրանց ձերբակալում։ Խուզարկում են Խորեն Խրիմյանի տունը եւ գրքերը բռնագրավում, Հովհաննես Թերլեմեզյանի գրքերը գրավում են, իրեն ձերբակալում։ Ձերբակալվում են Կարապետ Գյուլումյանը, Կարապետ Ագրիպասյանը, Ալյուր գյուղից 7 հոգի եւ այլն։ Գարեգին Բաղշեցյանին բանտում պահում են իբրեւ «վտանգավոր հեղափոխական», «վիզեն, ձեռքերեն եւ ոտներեն ծանրածանր շղթաներ կախած»։ Այնուհետեւ՝ «Այսօր Վարագա վանքը խուզարկվել է, շատ մը գիրքեր, որոնց մեջ թանկագին հնություններ ալ կը գտնվին, գրավեր տարեր են։ Մատենադարանը կնքվեր է։ Դանիել վարդապետ, վանքին միաբաններեն մին ձերբակալվելով բանտարկված է»5։ Եթե վանում չեն եղել լուրջ եւ հայրենասեր գործիչներ, ովքե՞ր էին մանակցում 1880 թվականի Վասպուրականի հայերի ներկայացուցչական ժողովին, որի որոշումով ժողովդի անունից դիմում ուղարկվեց Ալեքսանդր 2-րդին։
Ովքե՞ր էին մասնակցում Վան քաղաքի բնակչության 1882 թվականի ժողովին, որի կողմից Ալեքսանդց 3-րդին ուղղված նամակում ասված էր․ «Թուրքական կառավարությունը 61էրդ հոդվածով նախատեսված ռեֆորմները կատարելու փոխարեն, որը վերջ կտար մեր ցավերին ու տառապանքներին, ուժեղացրել է ճնշումները եւ բռնությունները։ Եթե ամեն ինչ մնա անփոփոխ, մենք մինչեւ վերջին մարդը կոչնչացվենք։ Մենք կկործանվենք,- գրում են Վան քաղաքի հայերը,- եթե Ձեր մարդասիրական ներգործությամբ չօգնեք այս հարցի լուծմանը» (ստորագրված է Խրիմյան, Հովհաննիսյան, Խանջյան)6։ Ուրեմն անկաշառ պատմությունը հաստատում է, որ Վանի կազինոյում օղի եւ վարդնոցներում «չայ» խմող էֆենդիներից բացի կային ըմբոստացող հայեր եւ ոստիկանություն, կային «ծանրածանր շղթաներ» եւ հայ բանտարկյալներ։ Այս՝ 1890-ական թվականներին։ Այնինչ, Գուրգեն Մահարին ճգնում է ապացուցել, թե 1910-15 թվականներին Վանում գիտակից վանեցի չկար։ Հիրավի, լայնածավալ այս վեպում Վանը կա, բայց չկա վանեցին, բուն ժողովուրդը, արհեստավորությունը։ Կրկին օրինական հարց է ծագում։ Եթե Վանում չեն եղել ազգասեր ու գիտակից մարդիկ, չի եղել միասնություն ու կամք, ինչպե՞ս է գլուխ եկել Վանի ինքնապաշտպանությունը։ Ովքե՞ր էին կռվում դիրքերում, մարում հրդեհները, գետնափոր ուղիներով մերձենալով հակառակորդի դիրքերին՝ պատուհասում թշնամուն։ Ովքե՞ր էին հրդեհում թշնամու պաշտպանական կետերը, փորձում իրականացնել կապը քաղաքի եւ Այգեստանի միջեւ, վնասազերծում թշնամական ռումբերը եւ կրակի տարափի տակ պարկուճներ հավաքում։ Վեպում իզուր կլինի փնտրել հայ կնոջ եւ մանուկների հերոսական կերպարները, որովհետեւ չկա ինքնապաշտպանության օրերի Վանը, մեկ բռունցքի պես պրկված հերոսական ժողովուրդը, չկա հաղթանակի հավատով առլեցուն պատմական օրերի մթնոլորտը։ Բայց կա այդ ամենի ծաղրանկարը։ Սարդիկ հատուկ լաբորատորիաներում եւ արհեստանոցներում մեծագույն կազմակերպվածությամբ վառոդ են ստանում եւ փամփուշտներ պատրաստում, վանեցի մարտիկները հրճվում են իրենց ձեռքով ձուլված առաջին թնդանոթի երեւույթով, իսկ Մահարին հնարավոր է գտնում ծաղրել այդ թնդանոթը, որի արձակած ռումբը չի հասնում նպատակին, չի պայթում։ Բայց պատմությանը ինչ-որ չափով ծանոթ հեղինակը չի կարող չիմանալ, որ եթե այն չի հասնում նպատակին Վանում, պայթում է Շատախում։ Շատախի զինվորական մարմնի օրագրությունը ապրիլի 20-ին ազդարարում էր․«Մեր շինած թնդանոթները այսօր սկսեցին գործել, թշնամու դիրքերը հրաշալիորեն կքանդեն․․․»։ Ապրիլի 23-ին․ «Այսօր նոր թնդանոթ մը շինվեց, քալիբր 4 սանտիմետր, երկարություն մեկ եւ կես մետր։ Այդ թնդանոթով այսօր չորս ռումբ արձակեցինք»։ Գուրգեն Մահարին ազդարարում է․ «Բուլղարացի Գրիգորը հնարում է առաջին հայկական թնդանոթը, որը ճիշտ է գնդակ արձակելու գործում մի բան չարժե, բայց որոտալու տեսակետից ետ չի մնում իսկական թնդանոթից։ Կարեւորն արդեն որոտն է,- հեգնում է Մահարին,- այս բառերն ընդգծելով՝ ի ցույց եւ ի գիտություն ոչ խորագետ ընթերցողին,- բուլղարացի Գրիգորը, խոհուն զինագետ՝ պահում էր մեծ գործի բնորոշ ոճը։ Այո, կարեւորը որոտն էր»,- շարունակում է չարախնդալ հեղինակը (ընդգծումը հեղինակինն է, տես էջ 532)։
Վանի հերոսամարտի նկարագրությունը «Այրվող այգեստաններ» վեպի ամենախոցելի հատվածն է։ Եթե առաջին հայացքից թվում է, թե այս թեմային ձեռք զարկող հեղինակը գեղարվետական խոսքի օգնությամբ պետք է անմահացներ զեյթունցիների արժանավոր ժառանգորդներին եւ գեթ «Մուսա լեռան» շնչով ջանար ստեղծել Վանի ժողովրդի հավաքական կերպարը, ապա այդ հույսերը հօդս են ցնդում։ Մահարին այնպես է խճճվել կենցաղային մանրուքների, կազինոյի շոգիների, երկու տասնյակի հասնող երկարաշունչ երազների եւ սեքսուալ տեսարանների նկարագրությունների մեջ, որ հերոսամարտի շեմին նրա երեւակայությունն ակնհայտորեն սնանկացել է։ Վեպի միայն մեկ վեցերորդն զբաղեցնող այդ հարցը իր ներսում նորեն սեղմվել է՝ տեղը զիջելով Օհանես աղա- Վերժին- Սաթենիկ եռյակի անկողնու եւ Օհանես աղա- Գեւորգ- Փանոս էֆենդի շարքի կերուխումի արտառոց տեսարաններին։ Ոչինչ որ այդ ամենն ուղեկցվում է՝ այնտեղ, ինչ-որ մի տեղ պայթող ռումբերի ձայներով։ Հերոսները չեն նեղվում, որովհետեւ «վարժության խնդիր է»։ Ճակատագրական այս օրերի նման անբարեխիղճ նկարագրությունը զարմանալի տրամաբանությամբ շարունակ ուղեկցվում է հեղինակի արտակարգ զվարթ, «հանաք անելու» տրամադրության հետ։ Նա ծաղրում է ժողովրդի ազգային-ազատագրական ձգտումները եւ երազանքները (զեղումները Մարինեի չափ սիրուն հայրենիքի մասին), զավեշտի է վերածում զինվորական նվագախումբը, հայերենի բոլոր հոլովներով հոլովելով ֆանֆար բառը եւ հերոսամարտի ընթացքում դրա բարոյական ներգործությունը սարկաստիկ ծիծաղով գերադասելով կուսակցությունների ջանքերից։ Ծաղրում է Պերճ Պռոշյանին, անպատեհ զուգահեռներով վիրավորում Խրիմյանի հիշատակը եւ այլն։ Մի քանի տասնյակ էջերում Մահարին մեծագույն ոգեւորությամբ եւ ինքնահիացումի անթաքույց հրճվանքով նկարագրում է Օհանես աղայի եւ նրա բարեկամների երթը ավանակներով, տարբեր «դասերի» պատկանող ավանակների «հագուստը», «խոր ապրված զռինչը», նրանց քմահաճույքները․ (ի՜նչ փույթ, թե այդ տարիներին Վանում ավանակները վաղուց արդեն փոխադրական միջոց չէին, այդ անմեղ կեղծիքը ավելացնում է զավեշտի տարրը, հետեւապես ընդունելի է)։ Հեղինակը շարունակ պարզունակ ռեբուսներ է առաջարկում, անհարկի եւ անլուրջ կատակներով միջամտում դեպքերի լուրջ ընթացքին։ Արվետի աշխարհում իրեն արտոնյալ զգալով (եւ ոչ գեղարվեստական խոսքի անբավարար զգացողությունից), ձեռնածություններ է թույլ տալիս լեզվի մեջ, գեղարվեստական խոսքը վեր ածում չոր արձանագրության եւ կամ սենտիմենտալ զեղումների․․․ Ավելորդ է ասել, որ չափի զգացման պակասը համապատասխանորեն եթե ավելացնում է վեպի ծավալը, ապա ոչինչ չի ավելացնում դրա գեղարվեստական արժանիքներին։ Սրա հետ մեկտեղ մենք չենք կարող անգիտանալ եւ արձակի ճանաչված վարպետ Գուրգեն Մահարու վեպի հաջողված էջերը։ «Այրվող այգեստաններ» վեպում կան գեղեցիկ պատկերներ, սրամիտ դիալոգներ, հաջող են կերտված Սրբուհի խաթունի եւ Միհրանի մոր կերպարները, լավ է ամբողջ 19-րդ ասքը եւ այլն։ Այս ամենը, սակայն, կրկնապատկվելու դեպքում իսկ չի կարող փրկել վեպը, որը իր հիմքում ձախողված է՝ պատմական փատերի հետ ոչ մի առնչություն չունեցող հեղինակի մտացածին եւ հակագիտական կոնցեպցիայի պատճառով։
Մեր պատմաբանները իրենց մի շարք աշխատություններում ցույց են տալիս, թե ժամանակակից թուրքական պատմագրությունն ինչպիսի ջանքեր է թափում՝ կեղծելու համար մոտ անցյալի պատմական իրադարձությունները։ Նրանց հեղինակները (Էսադ Ուրաս, Ջեմալ Քութայ) հայ ժողովրդի պատմության զանազան շրջաններին նվիրված իրենց ուսումնասիրությունների մեջ նախ փորձում են հաստատել այն միտքը, թե Արեւմտյան Հայաստանի տերիտորիայի բնակիչները եղել են թուրանական ցեղերը, եւ մեկ զարկով ջնջում են պատմական Հայաստանի գոյության փաստը։ Այնուհետեւ, ամեն կերպ փորձում են իրերի դրությունը ներկայացնել այնպես, թե մինչեւ հայկական ազգային կուսակցությունների երեւան գալը Թուրքիայում չեն նկատվել այգային-ազատագրական, հակաթուրքական շարժումներ, եւ որ օսմանյան կառավարությունը երբեւէ չի առաջնորդվել հայ ժողովրդի ֆիզիկական ոչնչացման ծրագրով։ Հայկական ջարդերը եղել են միմիայն ազգային կուսակցությունների կոմիտեների գործունեության հետեւանքը։ Ինչպես այդ հեղինակները, այդպես էլ տխրահռչակ Թալեաթ փաշան իր հուշերում փորձում են առանձնապես 1915 թվականի եղեռնը գնահատել իբրեւ հայկական ապստամբությունները սանձահարելու միջոցառում, դրա ամբողջ պատասխանատվությունը գցելով շարժումներն առաջացնող «ցեղերի» վրա։
Չղեկավարվելով գիտական կայուն սկզբունքներով, «Այրվող այգեստանների» հեղինակը լոկ զեղումների եւ անպատասխանատու հանաք-զրույցի ձեւով քննարկելով Վանի ու վանեցիների հնության հարցը, թերեւս անուղղակիորեն, բայց հաստատում է պատմության վերոհիշյալ կեղծարարների առաջին դրույթը։ 1915 թվականի մեծ եղեռնի նախապատմության դրվագներում հեղինակը հարկ չի համարում գեթ մի խոսքով կանգ առնել երկրում ազգային-ազատագրական շարժումների անցյալի փաստերի վրա, մի բան, որ մեր կարծիքով, պետք է անպայման հենք ծառայեր հետագա էտապի հերոսական իրադարձությունների համար։
Ի վերջո, չկողմնորոշվելով «Հայկական հարցի» պատմական ակունքների եւ դրա զարգացման ընթացքի հետ կապված փաստերի մեջ, «Այրվող այգեստանների» հեղինակը ակամայից կրկնում է Թալեաթի հորինած այն սուտը, որի համաձայն Թուրքիայում հայ տարրի բնաջնջման քաղաքականության համար մեղավոր են եղել միմիայն իրենք հայերը, նրանց կոմիտեներն ու օտարամուտ գործիչները։ Այսպիսիք են փաստերը։
Ասացինք, որ Գուրգեն Մահարու վեպի քաղաքական նպատակադրումը անմիջաբար կապվում է հեղինակի գեղարվեստական մտածողության հետ։ Եվ քանի որ արատավոր է քաղաքական հարցերի մեկնակետը, արատավոր է այդ գաղափարներին ծառայեցված գեղարվեստական մտածողությունը։
Մեծ Չերնիշեւսկին, խոսելով գեղարվեստական երկի գնաատման չափանիշի մասին, գրողի տաղանդի եւ կյանքի ճանաչողական նրա կարողության հետ մեկտեղ պահանջում է առաջավոր աշխարհայացքի առկայությունը։ Միայն առաջավոր աշխարհայացքով տոգորված ստեղծագործությունն է, որ կարող է խոր հետք թողնել գրականության պատմության մեջ,- գրում է Չերնիշեւսկին, «տաղանդի ուժը ճշմարտության մեջ է, եւ սխալ ուղղությունը կարող է կործանել ամենաուժեղ տաղանդն իսկ»7,- շարունակում է նա։ Ինչ վերաբերում է արդեն հրապարակ իջած ձախողված երկին, ապա Չերնիշեւսկին պահանջում է առանց հաշվի առնելու գրողի հեղինակության հարցը, իրերը կոչել իրենց իսկական անուններով, ամենայն վճռականությամբ ասել, որ այդ գործը ողորմելի է եւ վնասակար՝ իր բովանդակությամբ եւ ուղղությամբ։ Որ գաղափարապես, հետեւապես եւ արվեստի առումով ձախողված գրական ստեղծագործության նկատմամբ ռուս հեղափոխական դեմոկրատները որեւէ զիջում չէին ընդունում, այդ շատ ակնառու երեւում է Գոգոլի գրքի փաստից։ 1847 թվականին տպագրվում է Ն․Վ․ Գոգոլի «Ընտիր հատվածներ ընկերներին գրած նամակներից» ռեակցիոն երկը։ Ողջ հետադիմական ուժերը ցնծության աղաղակներով են ընդունում մեծ գեղագետի մոլորությունը, նրա այսպես ասած դարձը՝ դեպի պաշտոնական Ռուսաստան։ Հայտնի է այդ գրքին Բելինսկու տված սպանիչ գնահատականը։ Այդ անձնական հարց չէր․ Բելինսկին չէր կարող լռել, «երբ կրոնի քողի եւ մտրակի պաշտպանության տակ սուտն ու անբարոյականությունը քարոզում են որպես ճշմարտություն ու առաքինություն»։ «Այստեղ խոսքը վերաբերում է ոչ թե իմ կամ ձեր անձնավորությանը,- գրում է Բելինսկին Գոգոլին,- այլ այնպիսի մի առարկայի, որը շատ ավելի բարձր է ոչ միայն ինձնից, այլեւ նույնիսկ ձեզնից․ այստեղ խոսքը վերաբերում է ճշմարտությանը, ռուս հասարակությանը, Ռուսաստանին»։ Ի պատասխան Բոտկինի հանդիմանական նամակին (թե Բելինսկին ինչու այնպես դաժանորեն էր վարվել Գոգոլի հետ, նրա գրքի մասին գրած գրախոսականում), Բելինսկին անձնական նամակում բացատրում է իր ելակետը․ «Հանդուրժողականությունը մոլորության նկատմամբ ես դեռ կարող եմ հասկանալ․․․ Սակայն չեմ կարող հանդուրժողականությունը ներել ստորության նկատմամբ։ Դու վճռականորեն չես հասկացել այս գիրքը, եթե նրա մեջ սոսկ մոլորություն ես տեսնում, եւ դրա կողքին չես տեսնում դերասանությամբ հաշվարկված ստորությունը»8։
Ռուս գրականության պատմության խիստ ուսանելի այս էջը մեզ օգնում է կողմնորոշվել եւ «Այրվող այգեստանների» գնահատման հարցում։ Այստեղ նույնպես խոսքը վերաբերում է ժողովրդին, նրա պատմական անցյալին, ազատագրական պայքարի նրա ազնիվ ավանդներին, եւ հազիվ թե այս հասկացողությունների աղավաղումը սոսկ մոլորության հետեւանք է։ Մեր գրախոսականը շատ միակողմանի եւ պարզամիտ կլիներ, եթե փորձենք պնդել, թե Գուրգեն Մահարին թույլ է տվել որոշ սխալներ եւ անճշտություններ, որոնք շատ կամ քիչ չափով խոցելի են դարձրել վեպը։ Բանն այն է, որ մեղանչելով պատմական ճշմարտության դեմ, Գուրգեն Մահարին մեծ հետեւողականությամբ զարգացնում է խնամքով մշակված իր դրույթները եւ մինչեւ վերջ հավատարիմ մնում դրանց (ոչինչ, որ այդ ճանապարհին նա զոհում է Վանի հերոսամարտը եւ սայթաքում մինչեւ թուրք պատմագրության թեզերի դիրքերը)։ Նա խորապես գիտակցում է, թե ինչ է ուզում, գիտակցում, թե ինչ է ասում։ Ամբողջ գաղտնիքը նրանում է, որ Մահարին շատ պարտավորեցնող խնդիր է առել իր վրա, քան սոսկ Վասպուրական աշխարհի պատմության արտացոլումն է։ Նա փորձում է «մեծ» ընդհանրացումներով պատկերել հայ ժողովրդի նոր դարերի պատմության եղերական վախճանը Արեւմտյան Հայաստանում, եւ մեղադրական իր խոսքն ասել այդ հատվածի հայերի ողբերգական ճակատագրի համար մեղավորներին։ Եվ քանի որ նա այն պատրանքն ունի, թե գտել է մեղավորներին- պատմական վեպի լուրջ ժանրը դարձրել է երգիծական մի պատում, որի 600 էջերում անզուսպ եռանդով կարդում է հայ «ամբարիշտ» կուսակցությունների եւ «շաղակրատ» ու «անբան» մտավորականության դատավճիռը։ (Փառք Օհանես աղային)։ Մահարին շատ հեշտությամբ այդ մեղավորների վտիտ ուսերին է բարդում «Արեւելյան հարցի» մի անլուծելի ճյուղի՝ «Հայկական հարցի» տապալման մեղքը։ Ահա ամբողջը։ Այստեղ տեղին է հիշել անցյալի մեր մամուլի օրգաններում պահպանված մի զրույց։ Եվրոպական դիվանագետներից մեկը աղջկան ամուսնացնում է մի ջահել լրագրողի հետ։ Երբ խոսք է բացվում օժիտի մասին, հայրն ասում է իր ապագա փեսային, թե աղջիկը օժիտ չունի, բայց ինքը նրան ժառանգություն թողնում է «Արեւելյան հարցը», որը դիվանագետների եւ լրագրողների մի քանի սերունդ կերակրելուց հետո դեռ շատ տասնամյակներ կծառայի նրանց հետնորդնեին։ Գուցե սարքված է, բայց այդ հարցի պատմությունը խորհել է տալիս, թե հայ ժողովրդի պատմության նոր դարերի շրջանի այս, թերեւս ամենախրթին պրոբլեմին ձեռք մեկնել ցանկացող բարեխիղջ վիպասանը հազիվ թե իրեն թույլ տար «Հայկական հարցը» կտրել պատմական այն բարդ հանգույցներից, որոնց գամված էր նա ճակատագրի բերումով եւ պատմության (թեեւ ոչ արդարացված) տրամաբանությամբ։ Հավատարմություն պատմական ճշմարտությանը, հավատարմություն ժողովրդի պատմությանը եւ ստեղծած ավանդներին- ահա թե ինչ էր պետք վիպասանին՝ հայ ժողովրդի պատմությանը մերձենալու համար, եւ ոչ կամայականորեն չափված ու ձեւված մի ծրագիր, որը «գործիչների» հետ գերեզման է շպրտում եւ ժողովդին, այն էլ՝ բնավ ոչ «արքայաբար», ինչպես խոստանում է ընթերցողին «Այրվող այգեստանների» բնաբանը։
—————————————————————————————————————————–
1 Պատմական փաստաթղթերը ոչ մի կասկած չեն թողնում այն բանում, որ դեռեւս 1897 թվականին հայ մտավորականները տեսնում էին այդ եղեռնի ուրվագիծը։ «Հայկական հարցի» անլուծելի հանգույցի հանդիման Աբգար Հովհաննիսյանը մարգարեանում էր, գրելով․ հայերը «հարյուր հազարավոր զոհեր տալուց իսկ մնում են իբերւ պահեստի զոհեր տաճկական արյունռուշտության եւ գազանության»(տես «Արձագանք», 1897թ․, թիվ 14)։
2 Թող հայտնի լինի քաղաքական ծավալուն այս վեպի հեղինակ ընկեր Մահարուն, որ նրա թեթեւ ձեռքով «եկվորներին» հակադրված «տեղացի» 3 հերոսներից երկուսը նույնպես «եկվորներ» էին, ժամանակին պարտքի բերումով Վասպուրական եկած Արեւելահայաստանից։
3 Վրացական պետական պատմական արխվ, ֆոնդ № 480 գիրք 1, գ․ 871։
4 «Արձագանք», 1883 թ․,№1։
5 Վրացական պետական պատմական արխիվ, ֆոնդ № 480 գիրք 1-ին, գործ № 871։
6 Մ․ Ներսիսյան, Հայ ժողովրդի ազատագրական պայքարը թուրքական բռնապետության դեմ, էջ 470։
7 Н. Г. Чернышевский, Полн. собр. Соч., т. 2, стр. 240
8 В. Г. Белинский, Собр. Соч. в 3-х томах, т. 3, стр. 894
1 thought on “Գրողը և պատմական ճշմարտությունը”
Comments are closed.