Տափաստան։
Շեկ ավազներին գալարվում է մի բոժոժավոր օձ, հեզասահ մարսում մի սկյուռ։ Օսթինը հառել է հորիզոնի պռնկին։ Նեղ ջինսը ձգվել է փաչեքի արանքի միջնասեպի շուրջը. իսկական կովբոյի շալվարը հենց սենց քիփ պիտի լինի։ Կաշվե ատրճանապանակի կողքից աննշմար կծկվում է արևախանձ ճկույթը՝ լարված, քաջահոժար, ինչպես Ստեթսոնի եզրերը։
Մի սխալ շարժում, ու փամփուշտը կդատարկի ճակատիդ. նենց մի ակոս կբացի, որ սուլոցով Էնիո Մարիկոնեի էն վեստեռնի երգը1 թափած գլխուղեղիդ արանքներով կսուրա դեպի մեռնող արևի տակ թխված հորիզոնը։ Երկու դեզագնդեր կգլորվեն տապից ալիքվող օդերում, մինչ դու կյանքից խորթացած հայացքով կլոշվես գետնին։ Մեռար։ Այսքանը։
«Էդ չի՞ Տեխասը»,-մտածում էի Երևանից Դալաս թռնելիս։
«Էդ չի՞ Տեխասը»,- մտածում էր ուկրաինացի Վերան, բելգիացի Ժյուլին, ռուս Ալեքսը, արգենտինացի Խուանը, գերմանացի Աննան, ղազախ Ծիմուռը, վիետնամցի Դոնգը, ադրբեջանցի Մուրադը… ու սենց մի հիսուն աղջիկ, տղա։
Պարզվեց՝ միակ բանը, որ մեր գլխում ֆռռացող Տեխասին չէր զիջում, քրտինքից ալիքվող բուղն էր։ Դրա համար էլ, երբ ուկրաինացի Վերայի ընդունող ընտանիքի2 տան ետնաբակում լողավազանով փարթու հրավեր ստացանք, բոլորս մեկի պես ներկայացանք Փլեյնոյի դարպասապատ մի համայնք։ Էստեղ խոտն ավելի կանաչ էր, երկինքն՝ ավելի կապույտ, տները՝ ժամանակին նավթ հայտնաբերած գերդաստանային ժառանգությամբ փոխանցվող ապարանքներ։
– Հայաստան-Ադրբեջան-Գերմանիա՝ մի խումբ։ Արգենտինա-Վիետնամ-Բելգիա՝ մյուս խումբ։
Փոխանակման ծրագրերի ղեկավարը՝ Սթեֆընին, մեզ մեր երկրների անունով էր դիմում, քանի դեռ մեր անունները չէր հիշում։ Բացի վիետնամցի Դոնգից։ Դոնգի անունը շատ էր սիրել։
Արդեն մի լավ բտվել էինք էինք Վերայի նոր «ծնողների» սարքած բիզոնի մսով բուրգերներով, խմել էինք ոչ ալկոհոլային սառցե «Մարգարիտա» ու հասցրել էինք խմբովին նախանձել Վերայի բախտին. ամեն ուսանող չէր էս կարգի շքեղ տանը տեղավորվել3։
Հատուկ մեզ տպավորելու համար սրանք սառցաճռռան «Մարգարիտա» սարքելու ապարատ էին առել-բերել-դրել։ Չէի տեսել սենց բան։ Ոչ էլ եղունգները կապույտ մանիկյուր արած պուդել շոյած կայի։ Իսկ երկրորդ մասիվի Հայկանուշ Դանիելյանի երաժշտական դպրոցն ավարտելուց ի վեր ֆորտեպիանո չէի նվագել։ Էնպես որ «Ֆերրարի» մակնիշի «Տրանսլուսիդ» ռոյալը տեսնելուն պես լոզերս թափվեցին։ Վերջապես Դոնան՝ Վերայի նոր մաման, մոտեցավ, թե բա.
– Գա՛յընե, կարող ա ուզում ես նվագե՞լ։ Վաղուց ծպտուն չի հանել մեր ֆորտեպիանոն։ Ոչ մեկս չի նվագում։
– Հա, վախ, շատ եմ ուզում, Դո՛նա… ո՜նց, ոչ մեկդ չի նվագո՞ւմ։
– Կուզենայի, վայ ո՜նց կուզենայի…, – միջին տարիքի տեխասուհու անկեղծությամբ նվաղեց Դոնան։ – Մի օր։ Մի օր։ Բայց հիմա ո՛չ ես եմ նվագում, ո՛չ Ֆրեդին։
Ֆրեդին Դոնայի ամուսինն էր՝ իրենից քսանութ տարով մեծ։ Ժուժկալ ուռող էր Ֆրեդին՝ պատերազմի վետերան:
– Տանը զենք ունե՞ս, Ֆրեդի,- հարցնում էինք։
Տանը զենք ուներ Ֆրեդին։ Մեկի տեղը երկուսը։ Մի «Վինչեսթեր»՝ չգիտեմ-ինչ կալիբրի ու մի «Քոլթ.38»։ «Քոլթը» հիշում եմ, որովհետև էս մեկն էն քնքշությամբ էր ձեռքն առնում, ինչպես Դոնայի պարանոցը, էնպիսի գորովանքով էր պատմում ցիլիդնրի, ձգան-մգանի մասին, որի մեկ երրորդին թե Պետրարկան ունակ լիներ, Լաուրային միանգամից իրենով կաներ, ու թերևս չլինեին պետրարկյան սոնետներ։
– Քանի՞ վիետնամցի ես սպանել, Ֆրեդի՛, – հարցնում էին պոստ-սովետցի մի քանի անտաշ4, հիմնականում հենց վիետնամցի Դոնգը շրջակայքում էր լինում։
Շատ։ Շատ Վիետնամցի էր սպանել Ֆրեդին։ Նույնիսկ երբ պահի տակ քրիստոնեությունը բռնում էր, «Կամ մենք իրանց, կամ իրանք՝ մեզ»՝ ասես դողերոցքի մեջ կրկնում էր քսանմեկ տարեկան Ֆրեդին, երբ մի օր մտան Վիետ Կոնգի մի գեներալի տուն ու վերացրին գեներալին էլ, գեներալի կնոջն էլ, գեներալի երկու երեխեքին էլ՝ մեկը մի ութ տարեկան աղջիկ, մյուսը Դոնգի տարիքի՝ մոտ տասնյոթ տարեկան տղա։ Քսաներեքը նոր էր լրացել, երբ Ֆրեդին, հերոսի կոչում ստացած, հետ վերադարձավ տուն՝ Ամերիկա՝ «ազատ հոգիների երկիր, խիզախ մարտիկների օրրան»5։
Գիտեր՝ գլխին դափնիներ էր, որ դնելու էին։ Էն էլ մինչև սա հետ եկավ տուն, գրողի տարած հիպիներն իրենցով էին արել երկիրը։ Ու թքեցին հիպիները Ֆրեդիի ճակատին։ «Ո՛չ պատերազմին», – ասեցին, – «Զբաղվե՛ք սիրով», – ասեցին ու, Ֆրեդիի վրա երրորդ մատ թափ տալով, գնացին նորից սիրով զբաղվելու։
Երեսունհինգ տարի անցել էր, ինչ Ֆրեդին Նյու Յորքից տեղափոխվեց Տեխաս, որտեղ իր նման ազգային հերոսներին ավելի գրկաբաց ընդունեց արևմուտքի արևմուտքը։ Երեսունհինգ տարի էր, ինչ Ֆրեդին՝ որպես վետերան, օգտվում էր անվճար բժշկական ապահովագրությունից, հատուկ ծառայածների համար հատկացված հարմարավետ կայանատեղերից, իսկ վերջերս նաև Վիետ Կոնգի գեներալի ութնամյա աղջկան իր խրոնիկ մղձավանջների խրվածքից դուրս անելու համար ամեն օր պետությունից հասնող բժշկական մարիխուանա էր ծխում՝ fluoxetine կուլ տալուց առաջ, թե չէ էլ քնողը չէր։
– Դե, Գա՛յընե, ի՞նչ կնվագես, – անհամբեր հարցրեց Դոնան, քանի խուտուտ էի տալիս «Ֆերարիի» փղոսկրե ատամները։
Մի երկու սեպտակորդ, սեքստակորդ սեղմեցի։ Ահա՜ թե ինչ։ Մամայիս օժիտից եկած Պետրովը մի խղճուկ բուտաֆորիա էր էս գազանի դիմաց։ Դե որ տենց ա.
Կլոդ Դեբյուսի։
«Գոլիվոգի Տորթաքայլը»։
Մի քանի տակտից բոլորը բոլորեցին շուրջս։ Բոլորը, բացի ադրբեջանցուց։ Հենց սկզբից ամբողջ էությամբ արհամարհել էի բաքվեցի Մուրադին, ինչպես և կարգն է, չնայած կողային տեսողությամբ լավ էլ գիտեի՝ ոնց էր րոպեն մեկ աչքերը պլշում վրաս։ Ինչորայա։ Կարևորը միջազգային հանրության մոտ Դեբյուսին ռազմավարական «աչոկներ» էր հավաքում։ Սա կենսական նշանակություն ունի, երբ բոլորը քեզնից մի տեսակ ամեն հարցում բիթի են ու անխուսափելիորեն ավելի բոյով։
Վերջապես ֆինալի եռահարկ դոյերը դրամատիկ ստակկատո-մարկատտո մխեցի ու ձեռքերս երեք վայրկյան հաղթական պահեցի օդում մինչև ծնկներիս դնելը։
«Օհ մայ գադ», «Գայա՜», «Ուաու»։
Հիմա կիմանան՝ ինչով տպավորվեն, թե չէ կապույտ եղունգներով պուդելը, արդեն որերրորդ անգամ միզում էր ակացե հատակին։
Քիչ անց, երբ արդեն բոլորս փոխվել էինք, այսինքն հոգու խորքում ըստ էության նույնն էինք, բայց լողազգեստ էինք հագել, Սթեֆընին մաքրեց կետչուպ-մայոնեզը պռոշներից ու գոռաց.
– Հայաստան-Ադրբեջան-Գերմանիա՝ մի խումբ։ Արգենտինա-Վիետնամ-Բելգիա՝ մյուս խումբ։
Մի բոլ դեռահասների պայթյունավտանգ մարմինները լցվեցին լողավազան ու դիրքավորվեցին։ Պահն էր ջրային վոլեյբոլի։ Բոլորս պատրաստ էինք իրար ապացուցելու։ Բոլորս, բացի Մուրադից։ «Սա լրիվ ադրբեջանցի ա», – մտածեցի, երբ բաքվեցի Մուրադը դուրս եկավ լողավազանից ու գնաց, խռով կույսի պես կանգնեց ետնաբակի մյուս կողմում։
Բաքվեցի Մուրադը բոլորից ավելի մեծ քիթ ուներ, ավելի մգոտ էր, ավելի փռչոտ։ Մի տեսակ բոյ-բուսաթն ու ընդհանուր տեսքը հորեղբորս տղային էին հիշեցնում, որ Հ1-ում ժուռնալիստ էր աշխատում։ Ու չնայած բոլորս ամենատարբեր երկրներից եկել-լցվել էինք Փլեյնոյում մի փառահեղ ջրափոսի մեջ, բաքվեցի Մուրադը մեկ է՝ տարբերվում էր մյուսներից։
Օրինակ, Ալեքսն իր սլավոնական գունային գամմայով առանձնապես բելգիացի Սեդղիկից չէր տարբերվում, չնայած բնավորությամբ Սեդղիկը հուշիկ սրտակեր էր, իսկ Ալեքսը՝ նեոռուսական չոբան։ Կամ արգենտինացի Խոսեն, ում պարապած ուսերի պեպենների տակից վարդի խամրած տատուի փշերին գրված էր «Natalia Oreiro», ինչ-որ առումներով նման էր իտալացի Ջիովաննիին, հատկապես իրիկնաշաղին, երբ Ջիովաննիի խուճուճներն անհասկանլի կերպով առոգանվում էին մեր՝ աղջիկների բաց ատամնաշարերի հետ, ճիշտ այնպես, ինչպես Խոսեի ուսերը։ Մի խոսքով։ Բաքվեցի Մուրադն ուրիշ էր։ Ու հերիք չի ուրիշ էր, մի բան էլ շատ լուրջ սխալ էր թույլ տվել լողազգեստի ընտրության հարցում։ Նա վրաքաշ էր արել մի նարնջագույն «պլավկի», որի գոյությունը միջազգային երիտ-հանրույթը չէր ներելու։
Ինչորայա։ Պետք է խաղալ ջրային վոլեյբոլ, հատկապես, երբ հակառակորդ թիմում է Սեդղիկը։ Ամեն անգամ, երբ կատաղի բզում էի Դոնգին, Սեդղիկը կանչում էր.
– Լես վիոլենս, Գայա՜, իզ իթ պյոսիբյո՞լ6…
– Նո վիոլենս, նո վիկտողի, Սեդղիկ։ Գիվ ապ7, – ասում էի ու հույս ունեի՝ Սեդղիկը վաղ թե ուշ կխփնվեր վրաս, գոնե էնքան, ինչքան ես էի իր վրա խփնված։ Իհարկե, ցանկալի էր՝ մի փոքր ավելի շատ, բայց դա քիչ հավանական էր, որովհետև լողավազանում ամեն ճաշակի ինտերնացիոնալ դեռահաս հավերժահարսերի պակաս չկար՝ մեկը մյուսից ուկրաինացի, բելգիացի, ռուս, գերմանացի… Այդուհանդերձ, որպես ընդաբույս հայ՝ թեև շանսերս աննշան էին, հավակնություններս մնում էին վիթխարի։
Թիմս պարտվեց։
Երբ դուրս եկանք լողավազանից, բացօթյա բուխարու մոտ մարշմելոուներ խորովելու, այլևս ոչ ոք ի վիճակի չէր բաքվեցի Մուրադին անտեսել։
Էստեղ կներե՛ք, արդեն չեմ կարող չպատմել՝ «ինչումն էր» բանը։ Կոնկրետ էս դեպքում՝ Մուրադի։ Առաջին հայացքից, Սևանի ափին էսպիսի «պլավկիներ» հագած տղաների տեսել եմ, ու միշտ, միշտ մտածել եմ. «Ինչու՞, բայց ինչու՞»։ Սակայն Փլեյնոյի մենատան ետնաբակի լողավազանում հավաքվածները բնավ չէին մտածում՝ ինչու, այլ քլնգում էին բաքվեցի Մուրադի մեջտեղում կատարվողը։
–Մուղադի բղիֆեղին նայե՛ք։ Զիս իզ տեղիբլը։
– Իոււււ՜, քմ’օն, Ժյուլի՛։ Հաց եմ ուտում։
– Սթեֆընիին ասենք՝ մի բան անի։
– Ի՞նչ պիտի ասես։ «Փրկի՛, Սթեֆընի, ասա Ադրբեջանին՝ տռուսիկը փոխի, թե չէ ախորժակս փակվում ա՞»։
– Հա էլի։ Ասի էդ իրա օռանժ տռուսիկի տեղը մի շորտանման բան հագնի, բոլոր նորմալ մարդկանց պես։ Թե չէ սաղ տակից թափանցում ա։
– Հերիք չի թափանցում ա, մի հատ էլ էնքան քիփ ա, երկու կողմից ամեն ինչ երևում ա։
– Ինքը չի ջոկո՞ւմ, չեմ հասկանում։
– Բայց եթե Խոսեն հագներ էս օրանժ «բրիֆիկը», դեմ չէի լինի։
– Աաաա՜, Վերա՜։ Հարյուր տոկոս։
– Հռհռհռհռ։
Աղջիկների չարտաբերված եզրակացությունն արդեն միանշանակ էր. Մուրադի հետ ոչ մեկը չէր շփվելու։ Իրենց ճաշակով չէր թխամաշկ, մեծ քթով ու փռչոտ ադրբեջանցին էլ, հագի եռանկյունաձև, նարնջագույն «պլավկին» էլ։
Այլ էր տղաների արձագանքը բաքվեցի Մուրադի «պլավկուն»։ Ավելի կոնկրետ, մի քանի ռուս-չեչեն-ղազախ կենտրոնացան, շատ կենտրոնացան Մուրադի վրա։ Սկզբում մի լավ ղժժացին էնպիսի բառերով, որ չեմ կարող էստեղ գրել, չեն տպի։ Հետո ստիպեցին, որ սա գնա փոխվի։ Իսկ հետո, երբ բաքվեցի Մուրադը շորեր հագած հետ եկավ, գցեցին ջուրը։
Դե լավ հիմա, կատակ էր, հա ինչ անենք՝ դիմադրում էր, հա ինչ անենք՝ շորերը մի քիչ էլ պատռվեցին, քիթ-մռութից էլ մի քիչ արյուն եկավ։ «Մեծ բան չի», – ասում էր մոսկվացի Ալեքսը, բայց նա նաև սիրում էր կրկնել՝ «Մոսկվան տիեզերքի կենտրոնն է»8։ Թե ինչու էր Սթեֆընին լրջին տալիս, ղազախ Ծիմուռն էլ չէր հասկանում։ Հենց ջոկեցին, որ հեսա Սթեֆընին կպատժի իրենց ամերիկյան դեմոկրատական արժեքները ոտնատակ անելու համար, Մուրադին շուտ հանեցին ջրից։
Ուշ էր։ Սթեֆընին տղերքին քսան ժամ համայնքային ծառայության տվեց՝ աֆրո-ամերիկացի անապահով տատի-պապիների տներ ու ցանկապատեր ներկելու։ Բաքվեցի Մուրադից պաշտոնապես ներողություն խնդրեցին, բավարարեցին ամերիկյան արդարադատության պահաջներն ու հետո Մուրադին ցեխը կոխելու ամեն պատրվակ բռնում, բաց չէր թողնում էս խումբը, բայց արդեն Սթեֆընիից թաքուն։ Հո չէ՞ր գնալու լացեր, ասեր. «Սթեֆընի՛, ցախատանն ինձ քոթուկներով քոթակել են… Սթեֆընի՛, բոլոր տռուսիկներս ճամպրուկիս մեջից հանել են, տեղը աղջիկների տռուսիկներ են դրել… Սթեֆընի՛, օրապահիկս գողացել են, սոված եմ մնացել…»։ Չէ։ Էլ չէին խնայելու ադրբեջանցուն։
Առաջին բանը, որ բաքվեցի Մուրադն ինձ ասեց մի ամբողջ օր իրար գոյությունը մերժելուց հետո, սա էր.
– Բա դու ի՞նչ ես մտածում մեր հարցի մասին։
***
Աղջամուղջ։
Շեկ ավազների վրայով քայլում է Օսթինը դեպի քո դին։ Երկար տարիներ ձի քշելուց զրոյացած ոտքերը կանգնում են լոշվածքիդ գլխին. ստուգողական քացով՝ երիկամներիդ։ Դիակդ չի արձագանքում։ Օսթինը հանգիստ ետ է դնում «Քոլթը» ատրճանապանակի մեջ։ Չէ՛, մի րոպե։ Սկզբում նա երեք շրջան ֆռռցնում է «Քոլթը» աջ ձեռքում ու հետո խցկում ատրճանապանակի մեջ։ Չէ-չէ։ Սկզբում նա մի թեթև գռմռում է, նետաձիգ թքում լեշիդ վրա, հապա երեք շրջան ֆռռցում է «Քոլթը» ու խցկում ատրճանապանակի մեջ։ Ըհը՛։ Սե՛նց։
Պիտի որ գոհ լիներ։ Շարժվեր դեպի մոտակա պոռնկատուն՝ կյանքը վերավավերացներ իրեն ծանոթ միակ հնարավոր ձևերով։ Հետո պիտի եգիպտացորենի վիսկի կոնծեր ու ամեն կումից ծռեր ստորին շրթունքի ձախ անկյունը։
Բայց կյանքի միջնարևի ճգնաժամը բույն է դրել Օսթինի հոգու վայրի-վայրի-արևմուտքում։ Արդեն երկրորդ շաբաթն է մահվան անխուսափելիությունը տրոհում է խեղճ կովբոյի հոգին։ Ի՜նչ արագ անցավ կյանքը։ Չնկատեց՝ ոնց աշունն իջավ աչքատակերին։ Ինչքան սուր էր գուժում սրտի մոտալուտ դադարը, էդքան ուրիշների վերջն ուզում էր տալ։ Տես, սկի կարիք էլ չուներ քեզ սպանելու, բայց տվեց-սպանեց։ Ու պոռնկատների ամենափարթամ տարփուհիներն անգամ չեն լցնում Օսթինի անկանոն ունայնությունը։
Հերիք է։
Ժամանակն է մանր-մունր կռիվներից անցնել կարգին յաթաղանին։ Այո՜։ Խաղաղ օվկիանոսյան կենտրոնական ուղևորատար գնացքներ կողոպտելու պահը հասունացել է։ Կամ միգուցե… միգուցե գնար «Ջարդված Անիվ» պանդոկ, պոռացող հոնքի-թոնքի ամենակեսից բարձրանար սեղանին ու ցեխոտ Ֆրայերի տակացուները խփեր խմողների էշացած քթի տակ. մի քանի վալսե կրունկ-թաթ-թաթ, «Յիպի-յա-յեյ», «Յիպի-յա-յոու»։ Հետո՞։ Հետո Քոլթը խցկեր բերանն ու կրակեր։
Հոնքի-թոնքի ատոնալ թերմացքը կմնար օդում՝ ճիշտ էնպես, ինչպես բաքվեցի Մուրադի «Բա դու ի՞նչ ես մտածում մեր հարցի մասին»-ը մնաց օդում, երբ հանկարծ տեսանք՝ ոնց էր Ալեքսը կիսաուշագնաց Ժյուլիին գրկած տանում երկրորդ հարկի զուգարան։ Անտեր ոչ «ոչ-ալկոհոլային» մարգարիտայից թունավորվել էր բելգիացի աղջիկը։
Էստեղ էր, որ առաջին անգամ ես ու բաքվեցի Մուրադն ուղիղ նայեցինք իրար։ Մի քանի վայրկյան երկուսս ընդհատվեցինք. էս տարիքում, երբ հայտնվում ես անկանխատեսելի իրավիճակներում, պահի տակ սառում-մնում ես։ Պահի տակ, օրինակ, չես պատկերացնում վիետնամցի գեներալի աղջկա վրա կրակելուց հետո անդառնալիության աստիճանը. քո անդառնալիության, աղջիկը՝ հեչ, տենց երեխեք ե՞ն քո ձեռով գնացել։ Պատերազմ գնալուց արդեն զրոյացել էիր, Ֆրեդի՜։ Հիմա զրոն անհասանելի բարձր ջրհորի բերանն է, դու՝ ջրհորի հատակին քունդ կորցրած նայում ես ինքդ քո արտացոլանքին՝ ջրհորի գլխից քեզ բերանը բաց ներքև նայելիս. Էս ու՞ր ընկար, Ֆրեդի՛, ո՞նց զրոյից ներքև ընկար։ Ինչքա՞ն հաց ու պանիր պիտի ուտես, որ գոնե զրոյանաս հիմա։ Ու՞ր ա խարիսխդ, Ֆրեդի՛։ Ու՞ր ա, արա՜։ Սթեթսընիդ մե՞ջ։
Ես ու ադրբեջանցին տեղից վեր թռանք ու, Սթեֆընիին առած, վազեցինք դեպի երկրորդ հարկի զուգարանը։ Մի քանի թակոցից հետո, Ալեքսը դուռը բացեց.
– Ի՞նչ եք գոռգոռում, – չսպասեց մեկը մի բան ասի դեմագոգ լակոտիկը, – լավ չի, չեք տեսնու՞մ, բերել եմ` օգնեմ։
Զուգարանի գետնին պառկած էր Ժյուլին՝ ուշագնաց։ Աչքերի սպիտակները կիսախուփ կոպերի տակից դիվահարի տեսք էին տվել բելգիացի աղջկան։ Բերանը դեպի ներքև էր շրջվել ու լոզերը թափվում էին արևից ոսկեհալ վիզն ի վար։
– Դուռն ինչի՞ ես փակել, Ալե՛քս, – հարցրի, – դուռն ո՞վ ա փակում սենց վախտ, – ու դարձա Ալեքսի աչքի գրողը։ Հենց էդ պահից Ալեքսը որոշում էր՝ ոնց հախիցս գար։
– Զանգե՛ք ինը-մեկ-մեկ,- գոռաց Սթեֆընին, հետո ինչ-որ բան հասկացավ, միտքը փոխեց ու ասեց, – չէ՛, մի զանգեք։ Նաշադիր ու շաքարաջուր… շու՜տ։
Թռա նաշադիր, շաքարաջուր գտնելու, բայց աստիճաններին գլուխս պտտվեց, «Մարգարիտան» սկսում էր խփել, քիչ էր մնում ընկնեի, էն էլ բաքվեցի Մուրադը թևիցս բռնեց.
– Լավ ե՞ս, Մուրադյա՛ն։
– Հա լավ եմ, Ադրբեջան, դու քե՛զ նայի, – ասեցի բիրտ հոպարի պես…,- գնա՜ շուտ, Դոնայից նաշադիր գտի՛, ես շաքարաջուրը սարքեմ։
Սա վազեց, մի րոպեից վերևի հարկում էինք, նաշադիրով, շաքարաջրով ու հիմա արդեն նաև լեղապատառ Դոնայով9։
Ժյուլին, նաշադիրի հոտն առավ թե չէ, աչքերը բացեց ու շաքարաջուրը բացակա հայացքով դանդա՜ղ կոնծեց մինչև վերջ։
– Ուշքդ գնացել էր, Ժյուլի, հիմա ո՞նց ես զգում։ Շտապ օգնություն կանչե՞նք, – վախվորած հարցրեց Սթեֆընին։ Մենակ թե Ժյուլին ասի «չէ», թե չէ անչափահասների հավաքը ինչպես հարկն է չվերահսկելու համար աղետալի վիճակում էր հայտնվելու Սթեֆընին։ Ալկոհոլ, անչափահասի թունավորում, հնարավոր սեռական ոտնձգության գործ, էն ադրբեջանցու քաշքշոցն էլ վրան, էլ չեմ ասում փոխանակման ծրագրի շրջանակներում աղմուկն ու աշխատանքային լիցենզիայից զրկվելը։
– Չէ-չէ, լավ եմ, – ասաց Ժյուլին։
Սթեֆընին էլ, Դոնան էլ մտովի խաչակնքեցին։
Քանի երկու տեխասուհի որոշում էին՝ ինչպես են արագի մեջ եզրափակելու էս պայթուցիկ երեկոն, ես Ժյուլիին տարա երկրորդ հարկի պատշգամբ՝ մաքուր օդ շնչելու ու աչքի պոչով տեսա՝ ինչպես Ալեքսն ու մի հինգ տղա բաքվեցի Մուրադին խցկեցին ետնաբակի ծայրում տնկած ցախատուն, ու մի հինգ րոպեից բոլորը դուրս եկան հևիհև, հետևներից Մուրադը՝ փորը բռնած, զխկված ու կիսակաղ։
Տեսա ու ձեն չհանեցի…
Օրվա վերջում գունավոր հեղուկներ լցրած փուչիկներ էինք իրար վրա պայթեցնում, եզրափակիչ մի լավ իրար Պոլլոքի կտավ սարքեցինք, հրաժեշտ տվեցինք ու գնացինք տներով։
Տեսնես ի՞նչի բաքվեցուն քացու տակ տվեցին։ Իմ ի՜նչ գործն ա, կարող ա հասնում էր։ Ադրբեջանցի էր ի վերջո։ Դրանցից ամեն ինչ կարելի ա սպասել։ Հետո մի երկու շաբաթից, երբ Ալեքսին էլ, իր նեղ ընկերօղակին էլ փոխանակման տարին չսկսած հետ ուղարկեցին իրենց երկրներ, Սթեֆընին ինձ պատմեց ինչն ինչոց էր։
Ալեքսն իմ մասին սկսել էր ամբախ-զամբախ խոսել։ Սա, ինչպես ասում են ամերիկացիք, բաքվեցուն սխալ կողմից էր քերել. Մուրադը հորդորել էր Ալեքսին թարգել։ Ալեքսն, իհարկե, շիրա էր տվել, Մուրադը կարգադրել էր սրան հետ վերցնել իմ մասին ասածները, իսկ Ալեքսի մտքով չէր էլ անցել, որ չլսելու դեպքում էս ադրբեջանցին հարձակվելու էր վրան ու մի երկու անգամ հասցնելու էր զխկել կողերին։
Արդյունքում Փլեյնոյի մեծահարուստների ետնաբակի ցախատանը մի քանի պոստ-սովետցի քյառթ քացու տակ տվեցին մի ադրբեջանցու, որը չգիտես խի որոշել էր նորածանոթ հայուհու պատվի համար կռիվ տալ։
Քսան տարի դրանից հետո, Ֆեյսով գրեցի բաքվեցի Մուրադին՝ «Բա դու ի՞նչ ես մտածում մեր հարցի մասին», երբ դեռ Շուշին չէին վերցրել, երբ դեռ #հաղթելուենք։ Ասեց՝ էլ չի մտածում։ Ասեց՝ արդեն ուշ ա։ Ասեց՝ շատ բան չեմ կարա գրեմ, ու կյանքից պատմեց մի քիչ։ KPMG-ում աուդիտոր էր աշխատում։ Երկուսս էլ ութ տարեկան աղջիկ ունենք, ինքը շուտով տղա պիտի ունենար ու ձև էր գտել Ադրբեջանից գնալու, տղուն Ամերիկայում ունենալու, ընտանիքով էս ամեն ինչից հեռու նոր կյանք սկսելու, բայց պատերազմն ու կորոնան պլանները քաքմեջ էին արել՝ չնայած դեռ հույսը չէր կորցնում, դեռ մի չորս ամիս ժամանակ ուներ մինչև երեխու ծնունդը։ Հետո մի քանի օրից էլ ջնջվեց ՖԲ-ից ու էլ չիմացա տղային որտեղ ունեցավ բաքվեցի Մուրադը։
***
Հաջորդ օրը, Փլեյնոյի դարպասապատ համայնքում ասես ոչինչ չէր էլ եղել։ Դոննան առավոտյան դուրս եկավ իր երկու մղոնը վազելու դեպի մոտակա կաֆեն, որտեղ պատանի բարիստան իրեն յուղազրկված կաթով «լատտե» կտար՝ մեկի փոխարեն երկու դոզա «էսպրեսոյով», վերջում մի պտղունց դարչին ու դդմափոշի։
Իսկ օրվա վերջին Ֆրեդին դուրս կգար զբոսնելու, ինչպես և հիսուն-վացուննանց մյուս հարևանները։ Նրանք իրենց վազածը վազել էին ժամանակին, դանդաղել, ու հիմա քայլում էին, մինչև մի օր վերջնական չկանգնեին։ Նրանցից ամեն մեկին տեսնելիս, Ֆրեդին գլուխն աննշան իջեցնում էր, Սթեթսոնի դիմացի եզրը բռնում-բաց էր թողնում՝ որպես ողջույնի ու ցտեսության կրկնանշան։ Ասեմ ձեզ, դրանից ավելի յանկի մեկ էլ ամերիկյան երազանքն է ու պաքսիմատի մեջ ժարիտ արած հավի սթեյքը։
1. լյա-ռե-լյա-ռե-լյաաաա՜, ֆաա՜ սոո՜լ ռեեեեեեե՜
2. Էսպես էին կոչում ամերիկյան ընտանիքներին, որոնք մեկ տարով փոխանակման ծրագրով գնացած ուսանողներ էին իրենց տանը հյուրընկալում, խնամում, հոգ տանում, դարձնում ընտանիքի անդամ։ Երբեմն, շատ հազվադեպ (օրինակ, իմ դեպքում) անտեսում, օգտվում անփորձությունից ու ոտի տակ տալիս, բայց դրա մասին հաջորդ անգամ։ Երկու դեպքում էլ ընդունողները դառնում էին մի տարով ամերիկյան ծնողներ, մենք` իրենց ժամանակավոր դուստրերն ու որդիները։
3. Ես, օրինակ, մի ընջոտ թրեյլերում էի ապրում, բայց իմ ու «սպիտակ աղբ»-ի հետ պատմությունների մասին՝ մեկ ուրիշ հեքիաթում։
3.1. Սպիտակ աղբ /թրգմ/ – white trash։ Ամերիկյան հարավի սպիտակ աղքատները`սիստեմիկ դասակարգային անհավասարության արդյունքում սերնդե սերունդ բլած «թրաքերի» ղեկին փտող, սկյուռներից ապուր սարքող արևմտյան ժեխը։ «Սպիտակ աղբ»-ը ռասայական ու սոցիալական խտրականություն սերմանող տերմին է։ Չօգտագործեք այն։ Լուրջ եմ ասում։
4. Նույն տղերքը, ում փոխարեն հաճախ ամաչում էին իրենց համերկրացիները։ Նույն տղերքը, որոնք ոչ ալկոհոլային «Մարգարիտայի» մեջ թեքիլա էր, որ խառնում էին։ Նույն տղերքը, որոնց փոխանակման տարին չսկսած հետ էին ուղարկելու իրենց տներով․ Օլեգին՝ գողության, Ծիմուռին՝ ծեծկռտուքների մեջ ընկնելու, Ալեքսին՝ բռնաբարության փորձի համար։
5. “The land of the free, and the home of the brave”, ամերիկյան օրհներգից։
6. Ավելի քիչ բռնություն, Գայա՜, հնարավո՞ր է։
7. Չկա բռնություն, չկա հաղթանակ, Սեդղիկ։ Հանձնվի՛ր։
8. Ամեն անգամ մշակութաբանական բանավեճերի մեջ հայտնվելիս Ալեքսը հաճախ որպես անբեկանելի փաստարկ սիրում էր կրկնել՝ «Вы чё? Москва – центр Вселенной»։
9. Դոնան կյանքում ամենաշատը վախենում էր ծերանալուց ու հարևանների մոտ խայտառակ լինելուց։ Իսկ եթե ինը-մեկ-մեկի կարիք լիներ, Դոնան հաստատ խայտառակ էր լինելու։ Ամերիկայում ինը-մեկ-մեկ որ զանգում ես, գալիս են հա՛մ շտապը, հա՛մ ոստիկանությունը, հա՛մ հրշեջ ծառայությունը, մի այլ կարգի ղալմաղալով. դե արի հետո բացատրի հարևաններին՝ մարդ էր վատացե՞լ, հանցագործությո՞ւն էր տանդ, թե՞ հրդեհ էր, դե արի բացատրի՝ բելգիացի անչափահասը խմել, թունավորվել էր տանդ…
Ձեզ կարող է դուր գալ
1 thought on “Լուսինե Շահնազարյան/Բաքվեցի Մուրադը”
Comments are closed.
Լուսինե Շահնազարյան
Շնորհակալություն, հայտնություն եղաք իմ համար