Ալմաստի դավաճանության երեք վարկածները կամ դավաճանության հայտնագործությունը/Վարդան Ջալոյան

Դավաճանության հայտնագործությունը, եթե այն իսկապես եղել է, մեծագույն հայտնագործություններից մեկն է։ Առաջին հերթին այն պատճառով, որ մենք կարող ենք ցուցադրել մեր մեծահոգությունը` ներելով դավաճաններին եւ ինչ-որ տեղ դավաճանությունը համարելով նրանց ինքնավարության ձգտման պաթոլոգիկ արտահայտություն:  Այսպիսով՝ մենք ներում ենք նաև մեզ՝ մեր դավաճանությունները համարելով մեր ինքնավարության ձգտման չարաղետ և անխուսափելի հետևանքներ:

«Եվ դո՞ւ, Բրուտո՛ս»,– հարցնում է Հուլիոս Կեսարը: Հավանաբար նույնը կարող էր ասել Հիսուսը` Հուդային: Դավաճանությունը անբացատրելի է, որովհետև անսպասելի է: Դավաճանությունը սկսվում է դավադրությունից, հետևաբար այն նաև գաղտնիք է: Հնարավոր է, որ եթե մենք կարողանանք բացահայտել այդ անբացատրելի գաղտնիքը, դավաճանությունը կդադարի դավաճանություն լինել, իսկ դավադրությունը ուրվականի նման կտարրալուծվի եթերի մեջ: Հարոլդ Փինթերի «Դավաճանություն» պիեսում դավաճանության գաղտնիքը իրար է կապակցում գործող անձերին, և երբ այդ գաղտնիքը բացահայտվում է, նախկին ընկերներին և սիրեցյալներին կապող ոչինչ այևս չի մնում: Ջերրին առաջին տեսարանում ասում է Էմմային. «Տարօրինակ բան է: Երբ ես լսեցի, չարացա, միայն չարացա: Պարզապես չարացա, որ նախկինում մեր մասին ոչ ոք չէր փսփսում: Անընդհատ ուզում եմ ասել՝ դե ի՞նչ եք ինձ պատմում, դե, նստել է նա մի քանի անգամ այդ Քեյսիի հետ, ո՞ւմ ինչ գործն է, իսկ ահա ամբողջ յոթ տարի մենք սիրավեպ ենք ունեցել, իսկ դուք, գրողը տանի, ոչ ոք ձեզանից գլխի չէր ընկնում»: Էմման մեղմ հակաճառում է, որ հնարավոր է՝ ինչ-որ մեկը գիտեր: Ինչպես պարզվում է՝ գիտեր նա, ով չպետք է իմանար՝ Էմմայի ամուսինը:  Հերոսը կարծում է, որ եթե դավաճանությունը բացահայտված չէ, այն դադարում է լինել դավաճանություն:

Մեր ռազմավարությունը այլ է լինելու. հետաքննելու ենք դավաճանության մի դեպք՝ համոզված լինելով, որ այն իր մեջ գաղտնիք ունի, որը կարելի է բացահայտել: Ստիպված պետք է սկսենք բավական հեռվից՝ միջնադարից:

Միջնադարում դավաճանությունը եւ խոստումը դրժելը համարվում էին ամենասովորական արարքներ: Օրինակ, որպեսզի հակառակորդ կողմը չդրժի իր խոսքը, սովորաբար նրանից պատանդներ էին վերցնում: Դա չի նշանակում, որ հավատարմությունը չէր գնահատվում, բայց դավաճանության համար էլ արդարացում գտնում էին: Ուժեղները կարող էին վարվել կամայականորեն, թույլերը պետք է հետևեին իրենց: Եթե վասալը թողնում էր իր սյուզերենին և անցնում ավելի հզոր տիրոջ մոտ ծառայության, ապա դա շահավետ էր, ուրեմն՝ ճիշտ, արդարացված: Օրինակ. հայ իշխաններից ոմանք այդպես են վարվել արաբական արշավանքների ժամանակ՝ մերթ անցնելով արաբների, մերթ՝ բյուզանդացիների կողմը: Միակ ոլորտը, որտեղ դավաճանությունը սկզբունքորեն դատապարտվում էր, կրոնն էր: Ընդհանրապես, այլ կրոնի ներկայացուցիչները ոչ միայն դիտարկվում էին որպես այլահավատներ, այլեւ այլահավատությունը արդեն իսկ դավաճանություն էր: Միայն ավելի ուշ, երբ հայտնագործվում է ժամանակակից պետությունը, ապա՝ ժողովրդի ինքնիշխանության վրա հիմնված ժամանակակից ազգերը, հայտնագործվում է նաև դավաճանությունը՝ մերօրյա իմաստով: Կա պետական գաղտնիք, կա պետական դավաճանություն. օրինակ՝ ազգային-ազատագրական պայքարի ժամանակ չէր կարելի մատնել հեղափոխականներին նույնիսկ մահվան սպառնալիքի տակ և այլն:

Համարյա նույն իրադրությունն էր ամուսնական դավաճանության առումով: «Դեկալոգում»  չկա «Մի՛ դավաճանիր» պատվիրանը, իսկ Ավետարանում Հիսուսին երեք անգամ ուրացած Պետրոսը դառնում է քրիստոնեական եկեղեցու հիմնադիրը: Ինքը՝ Հիսուսը, ներում է անառակ կնոջը՝ հորդորելով թողնել իր նախկին զբաղմունքը: Ղուրանը պահանջում է կնոջ դավաճանությունը ապացուցելու համար չորս անբիծ վկաներ, իսկ ցուցմունքների հակասության դեպքում՝ նրանք բոլորը խիստ պատժի են ենթարկվում: Սա համարյա անիրագործելի պայման է դավաճանությունը բացահայտելու համար:

Դժվար է պատկերացնել, թե ինչպես միջնադարում կինը կարող էր դավաճանել ամուսնուն: Իհարկե, եթե ամուսինը ասպետ է և ուղևորվել է հեռավոր արշավանքի, ապա ասպետը չէր կարող վստահ լինել կնոջ վրա, և կինը պարտավոր էր կրել «հավատարմության գոտին»: Բայց ագրարային հասարակությունում սովորաբար տղամարդու աշխատատեղին և բնակարանը համընկնում էին, և կինը տղամարդու մշտական հսկողության տակ էր, ուրեմն դավաճանելու համար կնոջը հարկավոր էր դեկամերոնյան խորամանկությունների դիմել: Ագրարային հասարակությունում դավաճանության արգելքը հաղթահարող ուժը կրքոտ սերն էր՝ աներևակայելի գրավիչ զգացում պոետների երևակայությունը գրգռելու համար: Կրքոտ սերը ենթադրում է ոչ թե հասարակ դավաճանություն, այլ Մեծ դավաճանություն: Հարյուր տարի առաջ ռուս մտածող Վասիլի Ռոզանովը գրել է. «Մեծ դավաճանություններից սկիզբ են առնում մեծ վերածնունդները: Նա է իսկապես հիմնում նոր այգի, ով դավաճանում է, դավաճանում հին, քարացած, թառամած այգուն…Հին ոգու մարդիկ շփոթվում, անիծում և հանդիմանում են նրանց անբարոյականության մեջ»։[1]

Հայկական երկու Մեծ դավաճանություններն են հիգերորդ դարի գործիչ Վասակ Սյունիի դավաճանությունը և Թմկաբերդի տիրուհու՝ Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի գրական հերոսուհու դավաճանությունը: Երկրորդը՝ երևակայական դավաճանությունը, կարծում եմ, ավելի ուշագրավ է: Հերոսուհու անունը պոետը չի տալիս, բայց հետագայում, երբ Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը կոմպոզիտոր Ա. Սպենդիարյանը ցանկացավ վերածել օպերայի, հեղինակը առաջարկեց հերոսուհու համար Գոհար անունը, բայց ի վերջո կոմպոզիտորը և լիբրետոյի հեղինակը՝ Սոֆիա Պարնոկը, ընտրեցին Ալմաստ անունը՝ սոսկ բարեհնչունության համար: Անվան գաղտնիքը կարելի է բացահայտված համարել: Սա հույս է տալիս:

Պոեմի ֆաբուլան հետևյալն է: Թմկաբերդի իշխանը Թաթուլն է, որը հաջողությամբ կարողանում է ետ մղել պարսից Նադիր շահի հարձակումները: Բերդի տիրուհու մոտ Նադիրը ուղարկում է աշուղների, որոնք վկայում են, որ շահը սիրահարված է նրան և ցանկանում է նրան դարձնել իր  թագուհին: Ագահ և փառասեր գեղեցկուհին մինչև անգիտակից վիճակը հարբեցնում է Թաթուլին և նրա զինվորներին և ապա դավաճանաբար բացում դարպասները: Նրանց բոլորին սպանում են: Կասկածամիտ և նենգ բռնակալը խորհում է.

Նայում է Շահը անտեր գահույքին,
Մտքովն անցնում է աշխարհքի բանը։

Աշխարհում հաստատ չըկա ոչ մի բան,
Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին,
Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության,
Ոչ սիրած կնկա տըված բաժակին…

Ապա տեղի է ունենում երկխոսություն.

Ու լի դառնությամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.
— Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա,
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…

— Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…

Այս խոսքերը խիստ զայրացնում են շահին, և Նադիրը հրամայում է Ալմաստին նետել անդունդը.

Տարան անտակ էն ժեռ քարից,
Որ կանգնած է մինչ էսօր,
Էն ահավոր քարի ծերից
Գըլորեցին դեպի ձոր։

Գել ու աղվես եկան հանդից
Ագահ սիրտը լափեցին,
Ցին ու ագռավ իջան ամպից,
Սև աչքերը հանեցին։

Անցավ անտես ու աննըման
Էն սիրունը աշխարհից,
Ինչպես ծաղիկն անցած գարնան,
Որ չի ծաղկիլ էլ նորից։

Ինչու՞ Ալմաստը չարեց վերջին քայլը դեպի ցանկալի գահը տանող ճանապարհին: Ինչո՞ւ այդ վերջին քայլը՝ Նադիրին հաճոյանալը, նրան թվաց ավելի մեծ դավաճանություն, քան հայրենիքի և ամուսնու դավաճանությունը: Ավելի պարզ. ի՞նչ է փորձում պահպանել դավաճանը, ինչի՞ն է մնում անդավաճան, երբ դավաճանում է:

Ալմաստի արարքը կարելի է հասկանալ որպես ձգտում ատել և լինել ատված, չնայած հոգու խորքում, անկասկած, ցանկանում էր սիրել և լինել սիրված: Ինչպես ամեն մի դավաճան՝ նա ևս վախենում է ամուր և մշտական կապից, ցանկանում  ավերել հաստատված կապվածությունը: Եթե նրա համար սիրելը անհնար է, իսկ Ալմաստը հասկացավ, որ չի կարող սիրել նաև Նադիրին, ապա նրան մնում է ատելություն հարուցելու հաճույքը, այն միակ բավականությունը, որ նա կարող է իրեն տալ: Վերջին անգամ և ընդմիշտ:

Դավաճանի և հեղափոխականի միջև կա հայտնի նմանություն: Միայն թե հեղափոխականի համար ատելությամբ ավերումը անընդունելի է՝ նա ավերում է հանուն սիրո. եթե սերը իր մեջ ներառնում է ատելությունը, ապա գերադասելի  է ավերել հանուն սիրո, որը ստեղծագործ ավերում է:

Հ. Թումանյանը ռոմանտիկ բանաստեղծ է և, կարծում եմ՝ հազիվ թե կիսում է աշուղի անեծքները և հանդիմանությունը: Պոեմի սևագիր տարբերակներից մեկում ասվում է. «Ահա ձեզ պատմեմ, թե ինչու համար /Փախչում Է աշուղն Էն լավ սարերեն/ Եվ դեպի Աճառն ու իրեն աշխարհ/ Անեծք է ղըրկում երգի փոխարեն»։ Այսինքն՝ նախնական մտահղացմամբ պետք է դատապարտվեր գեղեցկուհուն երգով գայթակղած աշուղը, բայց գրողը չի կարողացել հաղթահարել իր մտահղացումը և վերադարձել է նահապետական տարբերակին։ Նրա թղթապնակներից մեկում առկա է հետևյալ գրառումը. «Երբոր մարդը հաղթվել է, միշտ կինը խորհրդակից է եղել թշնամուն»: Սա կարելի է հասկանալ նաև որպես ակնարկ, որ «դավաճանություն» հղացքը ռոմանտիկ պոետների ստեղծածն է:

«Թմկաբերդի առումը» կրքոտ սիրո մասին է, Ալմաստի սիրո Նադիրի հանդեպ: Կրքոտ սերը՝ ստենդալյան amour passion-ը, միշտ ուղված է կյանքի առօրեականության դեմ, կոնֆլիկտային է, հակասոցիալական: Կրքոտ սերը համառ է ու պահանջկոտ: Կրքոտ սերը պահանջում է ոտնհարել հայտնի պարտականությունները և պարտավորությունները: Կրքոտ սերը խարիզմատիկ է, այն կտրում է առկա ինքնությունից և ծնում  հեղափոխական պատրաստակամություն՝ արմատական արարքների և զոհողությունների համար:

Մեկ այլ հայ դասական Ե. Չարենցը իր «Խմբապետ Շավարշը» պոեմում  ներկայացնում է հետևյալ բախումը։ Խմբապետ Շավարշը իր զինյալների հետ գալիս է պատժելու և ոչնչացնելու թուրքական գյուղը: Նրան ընդառաջ է վազում գթություն խնդրող գեղեցիկ թրքուհին: Թվում է՝ նրա հոգում առաջանում է կրքոտ սիրո սաղմը, բայց խմբապետը ճզմում է այդ սաղմը, և թրքուհին զոհվում է: Իր ինքնությանը չդավաճանած հայրենասերը, ինչպես պարզվում է, ոչնչացրել է իր մեջ մարդկայինը, որ իր մեջ պահպանեց Թմկաբերդի տիրուհին:

Ռոմանտիզմը կրքոտ սիրո մեջ աշխարհիկի տիրույթում անդրանցականի հետ հաղորդակցվելու ընտրյալ միջոց է տեսնում և չի մերժում այն: Բայց ռոմանտիզմը մերժում է կրքոտ սիրո ամբողջական ոչնչացման մղումը: Այն ձևափոխում է կրքոտ սերը ռոմանտիկ էթոսի, որպեսզի պահպանելով հին՝ ավատատիրական ինքնությունը մերժող ուժը, ինքն իրեն հաստատի իբրև նոր ինքնությունների հիմնանյութ, երբ անձնական ինքնությունը սպասում է իր հաստատմանը ուրիշի բացահայտման միջոցով: Կրքոտ սերը և դավաճանությունը փոխկապակցված են, բայց ռոմանտիկ սիրո մեջ կրքոտ սերը դառնում է պատճառ հավատարմության համար՝ հիմնված ազատության և ինքնավարության սկզբունքների վրա: Եթե amour passion-ը վստահորեն հանգում է ողբերգության և կործանման, ապա ռոմանտիկականը բացահայտում է հարաբերությունների ապագան:

Ռոմանտիկ սիրո և կրքոտ սիրո տարբերությունը վերլուծել է Էնթընի Գիդենսը իր «Մերձության վերափոխումը» գրքի երրորդ գլխում:[2] Նշենք, որ ըստ Է. Գիդենսի, արական սեռը պասիվ մասնակցություն է ունեցել կրքոտ սերը ռոմանտիկ սիրո վերափոխելու այդ գործընթացում. «Տղամարդիկ սիրահարվում են, ինչպես և կանայք, և այդպես է եղել նաև անցյալում: Վերջին երկու դարերի ընթացքում նրանք ևս իրենց վրա զգացել են ռոմանտիկ սիրո իդեալները, բայց այլ կերպ, քան կանայք: Այն տղամարդիկ, որոնք չափից ավելի են ընկել սիրո այդ ընկալման ազդեցության տակ, առանձնացել են հասարակությունից որպես «ռոմանտիկներ»՝ այդ բառի հատուկ իմաստով: Նրանք ներկայացել են որպես թեթևամիտ, դատարկ երազողներ, որոնք իշխանությունը զիջել են կանանց: Այդ տղամարդիկ հրաժարվել են բաժանել կանաց «անաղարտների» և «կեղտոտների», ինչը այդքան բնորոշ է եղել արական սեռականությանը: Բայց այնուամենայնիվ, ռոմանտիկը չի կարող վերաբերվել կնոջը որպես հավասարի: Նա գերվում է կոնկրետ կնոջով (կամ հաջորդաբար մի քանիսով) և դրա շուրջ կառուցում է իր կյանքը, բայց նրա ենթարկվելը հավասարության ժեստ չէ: Նա ոչ այնքան մերձության խոր  հետազոտության մասնակիցն է, որքան նախկին ժամանակների ատավիզմների: Ռոմանտիկը այս դեպքում այնպիսի մեկը չէ, ով հասկանում է սիրո բնությունը՝ որպես անձնական կյանքի կազմակերպում՝ հանուն ապագայի գաղութացման և ինքնանույնության կառուցման»:[3] : Տվյալ դեպքում ավելի կարևոր է, որ «ռոմանտիկ» տղամարդը «ատավիզմների», օրինակ՝ դավաճանության հետազոտության լավագույն սուբյեկտն է: «Թմկաբերդի առումը» պոեմի սկզբում աշուղը, ապա շահը, խորհրդավոր են դարձնում կանացի բնությունը. այն փոփոխական է և անճանաչելի, այն գաղտնիք է դառնում: Պետական գաղտնիքի կամ հեղափոխական ընդհատակի գաղտնիքի համարժեքը ինքը կինն է, նրա բնությունը: Բայց «ռոմանտիկ» տղամարդու համար կինը գաղտնիք չէ, կամ ինչպես պնդում է Է. Գիդենսը՝ դեռևս գաղտնիք չէ, և այդ պատճառով նա չի պատրաստվում «բաժանել կանաց «մաքուրների» և «կեղտոտների», ինչը այդքան բնորոշ է արական սեռականությանը»: Այս դեպքում, հավանաբար, գաղտնիք է դառնում ինքը՝ «ռոմանտիկ» տղամարդը՝ այդ բառի «հատուկ իմաստով», իհարկե:

Դավաճանությունը համարվում է չարիքներից մեծագույնը: Դավաճանում են ընդհանուր գործին, համերաշխությանը, կրոնական, բարոյական, ազգային կամ դասակարգային շահերին: Դավաճանում են վախկոտությունից, շահամոլությունից, եսամոլությունից դրդված, լավագույն դեպքում՝ մոլորված են լինում: Բայց ո՞վ է որոշում՝ ի՞նչն է դավաճանություն. այս հարցը պատասխան չունի, ամեն ինչ որոշում է կոնտեքստը: Որոշիչը հասարակական կամ պետական շահն է. իսկ այն, ինչը վնասում է այդ շահին՝ դավաճանություն է: Այս չափանիշը այնքան հեղհեղուկ և հարաբերական է, որ ի վերջո մնում է միայն վերջին չափանիշը՝ ինքն իրեն չդավաճանելը: Ո՞վ է որոշում դավաճանության եղելությունը, ո՞վ է դավաճանը կամ ի՞նչ է դավաճանությունը «Թմկաբերդի առումը» պոեմում. ակնհայտ է՝ դա աշուղն է, ում անունից տարվում է պատումը, և ի վերջո՝ դա ինքը հեղինակն է՝ Հ. Թումանյանը: Ձերբազատվելով նրանց պարտադրող մեկնաբանությունից՝ կարող ենք այս պատմության դեռևս անհայտ ծալքեր բացել:

«Թմկաբերդի առումը» պոեմում հիշատակվում է բազմաթիվ տղամարդկանց մահվան մասին, բայց ոչինչ՝ կանանց և երեխաների մահվան մասին: Կարելի է առաջարկել ֆեմինիստական բացատրություն՝ Ալմաստը ատում է տղամարդկանց. Թաթուլը ձանձրալի է, Նադիրը՝ նենգ: Հիշենք Պենտեսիլեայի մասին առասպելը: Նա, պատերազմելով տրոյացիների կողմից, զոհվում է: Զոհված թագուհուն սիրահարվում է Աքիլլեսը: Սա հիշեցնում է հայկակական «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելը, ուր ամազոնուհու վարքուբարք ունեցող Շամիրամը սիրահարվում է մեռած Արա Գեղեցիկին և հրամայում արալեզ շներին վերակենդանացնել իր սիրեցյալին: Կա ավելի հազվագյուտ տարբերակ, երբ Պենտեսիլեան չի զոհվում: Այս տարբերակը օգտագործել է Հայնրիխ ֆոն Քլայսթը իր «Պենտեսիլեա» ողբերգության մեջ: Պենտեսիլեան կրքոտ սիրով սիրահարվում է Տրոյան պաշարած հույների հերոս Աքիլլեսին: Զուգահեռը Թմկաբերդի հետ ակնհայտ է, բայց ամազոնուհիների թագուհին մոռացել էր, որ  կարող է իրեն ամուսին վերցնել միայն նրան, ում պատերազմում հաղթել է: Աքիլլեսը, սակայն, հաղթել է ամազոնուհիներին, բայց խաբեությամբ համոզում է, որ գերի է ընկել նրանց: Հասկանալով, որ խաբեբայությունը բացվել է, նա փորձում է ուղղել սխալը և անզեն մարտի է հրավիրում Պենտեսիլեային: Զայրույթից կուրացած թագուհին նրա վրա բաց է թողնում կատաղած շներին, որոնք պատառոտում են Աքիլլեսին: «Թախիծը դառնում է դաշյուն» , ըստ ֆոն Քլայսթի, Պենտեսիլեայի համար, և նա մեռնում է: Ալմաստը Պենտեսիլեա կամ Շամիրամ չէ. շահին՝ շների պատառոտելու փոխարեն , ինչը համապատասխանում է հին հայկական արդարության պատկերացումներին, հակառակն է կատարվում. «Գել ու աղվես եկան հանդից/ Ագահ սիրտը լափեցին»: Ակնհայտ է, որ արխայիկ սյուժեն ագրարային-նահապետական միջավայրում գաղափարախոսական վերամշակման է ենթարկվել:

Ժամանակակից գերմանական հեգեվերլուծող Փիթեր Կուտտերը (Peter Kutter) այսպես է մեկնաբանում Հ. ֆոն Քլայսթի դրաման. «Պենտեսիլեան անկարող է սիրել, և նշանակում է՝ անկարող է զգալ իր կախվածությունը այլ մարդուց: Նա մերժել է տղամարդու հետ հարաբերությունը՝ գերադասելով միայնակությունը, այնքան մեծ էր նրա ատելությունը և տղամարդկանցից կախված լինելու դժկամությունը: Պենտեսելեայի դիրքորոշումը այն սկզբունքային դիրքորոշման ծայրահեղ արտահայտությունն է, որին հետևելով կինը գտնում է բազմաթիվ վերապահումներ, որպեսզի կարողանա խուսափել տղամարդկանցից կախվածությունից, այդ բռի  արուներից՝ «մաչոներից»՝ դրանով իսկ լրացնելով ֆեմինիստական շարժման շարքերը:

… Կան մարդիկ, որոնք ամենուր վեճեր  և գժտություն են սերմանում, տանել չեն կարողանում ոչ ոքի և իրենց սրտում փայփայում են ատելությունը: Թվում է, որ նրանց անհատականությունը ներծծված է ատելությամբ: Այն տպավորությունն է ստեղծվում, որ նրանք պատրաստ են անհաշտ վեճի առանց պատճառի: Նրանք ոչ միայն համառում են իրենց ատելության մեջ, այլ նաև խնամում են այն՝ մերժելով բոլոր բանական փաստարկները: Զայրույթից կուրացած, նրանք համառորեն հետապնդում են հակառակորդին, բայց հենց կարողանում են ստորացնել նրան, իրենց զայրույթը ուղղում են մեկ այլ մարդու վրա: Թաքցված զայրույթը հաճախ հանդիսանում է զրպարտության, խարդավանքների և դավաճանության պատճառ: Ուխտադրժությունը և հուսալիության բացակայությունը կարող են համարվել ծածուկ ատելության արտահայտություն»[4]:

Այս վերլուծությունների համար հիմք են ծառայում պոեմի տառն ու բառը: Իսկ եթե դիմենք իրականությա՞նը և դուրս գանք տեքստային տարածությունի՞ց: Դա թվում է անհնար «Թմկաբերդի առումը» պոեմի համար. չէ՞ որ այն գրական ստեղծագործություն է՝ հիմնված երևակայական, թափառող սյուժեի վրա: Բայց իրականի ատյանին մոտենալու համար կարելի է օգտագործել մյուս Մեծ դավաճանությունը՝ Վասակ Սյունու դեպքը: Ալմաստի և Վասակ Սյունու դավաճանության միջև զուգահեռները ինձ ակնհայտ են թվում: Ինչպես ասացինք, միջնադարում միակ իսկական դավաճանությունը հավատուրացությունն էր, իսկ Վասակը հենց այդպիսին է ներկայացվում հայկական կղերական պատմագրությունում:

Վասակը հայ կղերական պատմաբանների կողմից մեղադրվում էր սասանյանների դեմ սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ ապստամբած հայ իշխաններին դավաճանելու մեջ: Ավելին, նա 451թ. Ավարայրի վճռական ճակատամարտում կռվեց պարսիկների կողմից: Ապստամբությունը ճնշելուց հետո նա ներկայացավ Տիզբոն, Հազկերտ արքային, ինչպես վեցերորդ դարի պատմիչ Ղազար Փարպեցին է գրում, «Հայոց թագավորությունը ստանալու ցնորական երազանքով»: Սա նման է Հ. Թումանյանի մեղադրանքին. Ալմաստը կուրացած է թագուհի դառնալու մարմաջով: Հինգերորդ դարի դեպքերի ժամանակագիր Եղիշեն, ով վավերագրել է Վարդանանց ապստամբությունը, գրում է. «Այս հիշատակարանը գրվեց նրա մասին՝ նրա հանցանքները կշտամբելու և նրան մեղադրելու համար, որպեսզի ամեն մարդ, որ լսի և իմանա այս բանը, նզովք կարդա նրա հետևից և նրա գործերին ցանկացող չլինի»: Այնինչ, Հ. Թումանյանը, ակնարկելով իր հերոսուհուն, գրում է. «Չարն էլ է միշտ ապրում հավերժ/ Անեծք նրա չար գործին»:

Ժամանակակից հայ պատմաբան Համլետ Դավթյանը իր  «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը» գրքում լիովին արդարացնում է դարեր շարունակ դավաճան համարված Վասակ Սյունուն՝ համոզիչ կերպով ցույց տալով, որ նրա ջանքերը ուղղված էին Հայոց թագավորությունը վերականգնելուն, քաղաքացիական պատերազմը դադարեցնելուն, իսկ մեղադրանքները գաղափարախոսական հակառակորդների կողմից հերյուրված են: Նա, հղվելով Ստեփանոս Օրբելյանին, գրում է Վասակ Սյունու մասին. «Եվ այս մարդը պետք է անցներ նաև Հայոց պետականության գլուխ, քանզի նա հիրավի «շքեղ և բարձր էր մեր Հայոց աշխարհում, չափազանց հարգված և երևելի՝ արքունիքում»:  Ըստ պատմաբան  Նիկողայոս Ադոնցի՝ «Նրա մարզպանության տարիներին Հայաստանը ծաղկուն և առաջնակարգ երկիր էր: Նրան ունկնդիր էին և՛ արյունակիցները, և՛ այլազգիները: Առնվազն երկու անգամ նա փրկեց Հայոց աշխարհն արհավիրքից, մեկ, որ հաջողվեց Միհրներսեսին, ինչպես նշել ենք, իր բանակով հետ դարձնել Փայտակարանից (իսկ նա Հայաստան մտնելու էր Շապուհ Բ-ի պես՝ գազազած զորությամբ ամեն ինչ ավերակելու համար), և երկրորդ, որ կանխեց սարսափելի սպանդը երկրում: Սակայն փոխարենը «այս աշխարհը նա թողեց ապերախտության դառնությունը ճաշակած»:[5]

Համլետ Դավթյանը ճիշտ է. միջնադարում, երբ դավաճանություն համարվում էր միայն եկեղեցիական շահերի դեմ դուրս գալը, Վասակ Սյունին անկասկած դավաճան պետք է համարվեր: Բայց մենք՝ աշխարհիկ հասարակությունում ապրողներս, վերարժևորում ենք դավաճանությունը՝ կարևորելով  հայրենիքի և ազգի շահը: Արդյո՞ք այս շահը դեր է խաղում Ալմաստի դեպքում: Փորձենք պատասխանել մի պարզ հարցի. ո՞ւմ դեմ էր կռվում հայ իշխան Թաթուլը: Պատասխանը թվում է ակնհայտ՝ Նադիր շահի զորքերի: Իսկ ի՞նչ էր իրենից  ներկայացնում այդ զորքը:  Հայ ժողովրդի պատմության ակադեմիական մեկնաբանությունը վկայում է. «Պատմիչ Աբրահամ Կրետացու վկայությամբ, դեռևս Թոփալ-Օսման փաշայի դեմ, Համադանի և Պարսկական Իրաքի սահմաններում մղվող կռիվներում, պարսկական բանակում մարտնչում էին վեց հայազգի զորախմբեր…

Նադիրի բանակում գործող հայկական զորախմբերը ավելի բազմացան հատկապես 1735 թ. Գանձակի պաշարման ամիսներին, իսկ երբ նա շարժվեց Կարս՝ ճակատելու Աբդուլլա փաշայի դեմ, Արցախի և Սյունաց հայ զինվորությունը մելիքների գլխավորությամբ ուղեկցում էր նրան ամենուրեք…

Հավատարմություն հայտնելով Նադիրին՝  հայ մելիքները ոչ միայն զորքերով էին մասնակցում թուրքերի դեմ կռիվներին, այլև միաժամանակ ապահովում էին ռազմական հարկերի և տուրքերի գանձումը իրենց իշխանության տակ գտնվող շրջաններում»[6]: Հնարավոր է, որ հայ իշխան Թաթուլը օսմանների դաշնակիցն էր և պատերազմում էր իր հայրենակից մյուս իշխանների դեմ: Այս դեպքում՝ արարքը այլ կերպ չի կարող գնահատվել, քան դավաճանություն ազգային գործին:

Այս լույսի տակ Գոհար/ Ալմաստի դավաճանությունը բոլորովին էլ դավաճանություն չի երևում: Եվ իր «դավաճանական» արարքով մի՞թե Ալմաստը  չկանգնեցրեց եղբայրասպան պատերազմը: Եվ եթե իսկապես ցանկանում էր թագուհի դառնալ, ինչո՞ւ այդքան հեշտությամբ հրաժարվեց դրանից և ընտրեց մահը, ինչո՞ւ չուրացավ Թաթուլի քաջ և ազնիվ լինելը: Եթե մեր վարկածը տեղ ունի, ապա Ալմաստը սուրբ նահատակ է, այլ ոչ թե դավաճան, մեծ հայրենասեր և ողբերգական էակ:

Այսպիսով, ունենք Ալմաստի դավաճանության երեք այլընտրանքային վարկածները. ա) իրապես դավաճանը աշուղն է, բ)Ալմաստը այդպես է վարվել իբրև ամազոնուհիների հետնորդ և հայկական ֆեմինիզմի հիմնադիր, և գ) իսկական դավաճանը Թաթուլն է: Բայց ինչ էլ լինի` նրա Մեծ դավաճանությունը մնում է ռոմանտիկական սիրո մեծ վերածնության խորհրդանիշ:


[1] В.В.Розанов. Мысли о литературе. М., 1989, с. 348. Թարգմանությունը՝ Վ.Ջ.–ի։ 

[2] Anthony Giddens, The Transformation Of IntimacySexuality, Love And Eroticism In Modern Societies. Sranford University Press, 1993:  Ռուսերեն հրատարակությունը, որից մենք օգտվել ենք՝ Гидденс Э. Трансформация Интимности— Спб.: Питер, 2004. — 208 С.

[3] Гидденс Э.  Трансформация интимностис. 82.Куттер Петер «Любовь, ненависть, зависть, ревность. Психоанализ страстей». Перевод с немецкого. С. С. Панкова. — СПб.: Б.С.К., 2004. Էլ. Ռեսուրս` http://www.psychol-ok.ru/lib/kutter_p/lnzr/lnzr_07.htm

l[5] Համլետ Դավթյան, Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը։ Երկրորդ հրատարակություն, Երևան, 2007, էջ 145։

[6] «Հայ ժողովրդի պատմություն», չորրորդ հատոր, Եր., 1981թ., էջ 181-182 

Please follow and like us: