Նարինե Կռոյան/Սքանչելի մի տեղ գիտեմ ես Գանգեսի ափերին

Վիզը ծուռ էր: Մի խոսքով՝ մոզի էր ու կուրծք էր ուտում: Չգիտեր՝ դրախտն ինչ է, բայց եթե իմանար, կհասկանար, որ այն երևի հենց մոր լիքն ու ծանրացած կուրծքն է. կաթը կրծքից հոսում էր, և նրա անմահական համից չէր կշտանում: Անմահականը դեռ նոր-նոր քիմքին առած, երկոտանի մեկը հանկարծ գալիս, բերանից պտուկը ուժով հանում էր, իրեն էլ՝ քշում: Այդքանով օրվա իր բաժին դրախտն ավարտվում էր: Հետո եկող-գնացող օրերն իրենց հերթին էին կրճատում դրախտը ծծելու իր ժամանակը, և մի օր էլ եդեմական դռները վերջնականապես փակվեցին: Մոզին հասկացավ, որ դրախտը տեր ունի, և այս աշխարհի ու դրախտի տերը մարդն է. երկոտանին կեղտոտ տաշտի մեջ եփած ինչ-որ գարշահոտություն լցրեց, դրեց առաջն ու գնաց: Սովից մեջքին կպչող փորը շուտով հասկացրեց, որ դրախտ այլևս չի լինելու, որ ինքն է ու իր բաժին լափը, մինչև կանաչը, խղճալով աշխարհի վիզը ծուռ բոլոր մոզիներին, ծածկեց հողի երեսն ու աչքով արեց, թե՝ արի, ինձ կեր. մորդ կրծքի կաթն էլ է ինձանից:

Այդպես մոզին մեծացավ, սիրունացավ, բայց մոզի էլ մնաց:

Մի օր էլ քաղաքից տարիքով մի մարդ եկավ, վճարեց մոզու սիրունության համար ու տարավ: Բեռնատարի թափքում, քամուն հանդիման, նրան թվաց, թե դրախտի նախկին հոտն առավ. ռունգերը թրթռացին, արյունը եռացող գինու պես փրփրեց: Թևեր ունենար, կթռչեր:

Չուներ:

Կարևոր չէր. անիվների վրա քար ու փոսի մեջ ջարդուխուրդ լինող բեռնատարի թևերն էին թռցնում իրեն, և մոզին ճանաչեց երջանկությունը:

Քաղաքը մեծ էր, թե փոքր, չգիտեր. քաղաք չէր տեսել, բայց երբ մի ոտքն օղակեցին ու կապեցին փոքրիկ առանձնատանը կից այգու անխնամ ծայրին, որտեղ խոտը դեռ առատ էր ու ամառվա շոգի համար՝ անսովոր կանաչ, հասկացավ, որ քաղաքում պատ ու պարիսպն է շատ, դաշտն ու երկինքը՝ սակավ:

Արևը փակող բազմահարկերի մի այդպիսի բացատում, հրաշքով փրկվելով խորհրդային տարիներին «պլանի տակ» ընկնելուց, կուռկուռի ձագի պես մի երեք տուն էին ծվարել: Դրանցից մեկն էլ ատամնատեխնիկ Կարապետի տունն էր, ում իր արած-չարածի պատկերով ու նմանությամբ նաև «չափար» էին ասում: Պալատ ու ապարանք չէր, բայց դե որ բազմաբնակարան շենք էլ չէր, թղթով-կնիքով առանձնատուն էր ձևակերպված:

Տան կողքին, այգուն գրեթե կից, նույնքան անխնամ հինգհարականի մի հին շենք կար՝ մուտքի վերևում «Հանրակացարան» խունացած ցուցանակով:

Մոզին կարդալ չգիտեր: Ընձուղտի նման երկար վիզ էլ չուներ, որ տեսներ շենքի վերջին հարկի փոքրիկ մեկսենյականոցի պատուհանից իրե՞ն, թե՞ պարզապես Կարապետի այգին ուսումնասիրող Սանամի հետաքրքրված հայացքը:

Սանամը, տուն-տեղ թողած, վաղուց էր մազապուրծ փախել հարևան նավթահոտ երկրից, որտեղ մեկ օրում ամուսնուն ու եղբորը կորցրեց. գազազած ամբոխը իր աչքի առջև մահակներով ու քարերով ծեծելով՝ սպանեց նրանց, հետո խոշտանգված մարմինների վրա բենզին լցրեց և այրեց այն ամենը, ինչն իր համար ապրելու իմաստ էր:

Փախավ և թվաց՝ փրկվեց տանհինգամյա որդու հետ:

Հենց այդ հանրակացարանում էլ տեղավորեցին, և քաղաքի պարապ բերանները մանվածքային ֆաբրիկայի բազմազգ ու բազմալեզու կացարանը կնքեցին նոր՝ «Գաղթականի պուճախ» տխուր անունով, ինչն առավել քան ճիշտ էր արտացոլում մի քանի քառակուսի մետրի վրա պարզապես անկյուն մղված ընչազուրկ մարդկանց կեցությունը: Սանամը, սակայն, չէր դժգոհում. դժգոհեր էլ, ի՞նչ էր փոխելու: Նրա համար կյանքի ամբողջ իմաստից մնացածը որդին էր՝ Սայադը, և ինքը պարզապես պիտի ապրեր որդուն արժանապատիվ մեծացնելու, մարդամեջ գցելու առաքելությամբ ու վերջ: Հենց նրա համար Սանամը սկսեց այդ նույն ֆաբրիկայում, մինչև փակվելը, աշխատել, հետո հավաքարարություն ու պահակություն արեց՝ հայերեն գրել-կարդալ սովորելով և զարմանալով իր ժողովրդի պատմության, չմեռնելու կորովի ու հաստակողության վրա:

Մի օր էլ Սայադն ամուսնացավ ու գնաց իր կորսված մանկության ու պատանեկության պուճախից:

Երկու աղջիկ թոռներից հետո, երբ պապի անվանակիր Արշալույսը ծնվեց, Սանամին թվաց, թե մի նոր արև հայտնվեց երկնակամարում, և աշխարհում Աստծո լույսը շատացավ: Չհավատաց. գիտեր, իր ու իր ժողովրդի գենետիկ ճակատագիրը. այս վերջին պատերազմում նավթահոտ երկրի արյունարբու գազանը իր վերջին արշալույսն էլ մթնեցրեց:

Հիմա փոքրիկ սենյակում, ուր դեռ շնչում էր՝ հարամ համարելով իր շնչածն ու կերածը, միակ լուսավոր կետը սրբատեղի դարձած փոքրիկ խորանն էր՝ սեղանը ծածկող եռագույնով, Արշալույսի՝ զինվորական համազգեստի միջից ժպտացող ծուռվիզ լուսանկարով և ամեն առավոտ ու իրիկուն վառվող մոմով.

– Բալես ունի հնդու – մաթա,

Ոսկի օրոցք, ատլաս ծածկոցք,

Պուպո՛ւշ դարդար, նըխշուն բալա,

Պաճիկ կենես… օր – որ, լա, լա,

Նանիկ կենես, նանի՛, դա՛ր – դա՛ր.

Աչքդ ու ունքըդ – աստղ ու կամար:

Ցորեկ եղավ, ոչխարն եկավ,

Ազիզ բալես քընած մընաց.

Վեր ել, բալա, անուշ ճըղա …

Սանամն ամեն օր, փոքրացած, փոս ընկած աչքերը սրբելով, բանաստեղծի խոսքերն անգիր արած, օրորոցային էր երգում երկար թերթերունքներով իր սևաչք, նիհարիկ թոռան համար, հետո նույն լաթի կտորը ձեռքին լուսանկարի վրայի եղած-չեղած փոշին էր մաքրում, համբուրում ապակեպատ պատկերն ու պտտվում, պտտվում, պտտվում …. մինչև հարևաններից անկոչ մեկը բացում էր իր անփակ դուռը.

– Բարի լույս, Սանամ քույրիկ, հացի եմ գնում: Բերե՞մ քեզ համար:

Ամեն օր նույն հարցին միևնույն պատասխանն էր հնչում.

– Դե որ ուզում ես, բեր….

Հարևանուհին՝ խոշորամարմին, կուզիկ Ռոզիկը, որ Սանամի դրամապանակի տեղը լավ գիտեր, փողը վերցնում էր և հեռանում: Հացից բացի՝ Ռոզիկը ձու կամ գոնե կարտոֆիլ էր բերում: Սակայն այսօր Սանամին պատուհանի մոտ տեսնելով՝ Ռոզիկը ոտքը կախ գցեց.

– Տեսել ե՞ս չափար Կարապետի մոզուն:

– Տեսել եմ,- անտարբեր արձագանքեց Սանամը:

– Թոռն է բանակից գալիս՝ ողջ-առողջ: Մատաղ է խոստացել:

– Բա ինչի՞ չէր գառ խոստանում:

– Ո՞ւմ,- հենց այնպես արձագանքեց Ռոզիկը:

– Հայի Աստծուն:

– Եսի՞մ…. Ասում են մեծ քեֆ է անելու, մատաղն էլ պիտի ոչ թե գառ, այլ հորթ լինի,- Ռոզիկը որոշեց նստել:- Ասել է՝ ես յոթ տեղ մատաղ բաժանող չեմ: Թոռս պատերազմից, զոհվելուց է պրծել, ինչ գառ, ինչ բան, չէ, չէ մի՝ աքլոր:

Սանամը չարձագանքեց: Նստեց սեղանի մոտ, վերցրեց մաշված խաղաքարտերի տրցակն ու սկսեց շարել:

– Էլի բախտ ես բացու՞մ,- հետաքրքրվեց Ռոզիկը:

– Չէ, փակում եմ:

Հարևանուհին սպասեց, սպասեց և տեսնելով, որ բախտ բացողն իր կողմն ընդհանրապես չի նայում, գնաց:

– Հացդ երեխու ձեռքը կտամ, կուղարկեմ,- ասաց ու ետևից դուռը կամացուկ ծածկեց:

Իրիկնանում էր:

Սեղանի վրա հաց ու երկու հատիկ դեղձ կար:

Զարմացավ: Փաստորեն Ռոզիկի կամ նրա թոռան ներս մտնելը չէր նկատել: Սանամը դեղձերից հոտ քաշեց, ձեռքով սրբեց ու կրկին սեղանի վրա դրեց: Հետո կարծես ինչ-որ բան հիշեց, հացից մի կտոր պոկեց ու դուրս եկավ:

Մոզին իսկապես սիրուն էր: Նրա շեղ, երկար թարթիչներով երիզված աչքերը հավանել էին նաև մլակներն ու խեղճին հանգիստ չէին տալիս:

Սանամը, մի կերպ իրար կցած ցանկապատի տախտակները այս ու այն կողմ տանելով, գաղտագողի մտավ չափար Կարապետի բակը: Գրպանից հանեց չբացակայող լաթի կտորը, թրջեց մոզու դիմաց դրված դույլի ջրի մեջ ու սկսեց կենդանու աչքերը լվանալ:

– Մաաա….,- կանչեց մոզին:

– Ջան…,- արձագանքեց Սանամը:

Հանկարծ նա գրկեց մոզու պարանոցն ու փակեց աչքերը:

Առանձնատան կողմից լսվող աղմուկը, սակայն, ստիպեց թաքնվել, ապա հեռանալ:

Հանցանքի վայրից փախչողի նման հևասպառ վերև բարձրացավ: Հարևանի կիսաբաց դռան մոտ միայն կանգ առավ, որ շունչը տեղը բերի: Լսողությունը լարվեց. Ռոզիկի թոռնուհին էր վանկատելով ինչ-որ բան կարդում.

– … սքանչելի մի տեղ գիտեմ

ես Գանգեսի ափերին ….

Վերադարավ իր անկյունն ու վարագույրի ետևից զգուշավոր ներքև նայեց:

– Ո՞ւր էիր, Սանամ քույրիկ,- Ռոզիկն էր:- Եկա, չկայիր: Ո՞նց է, որ դուրս ես եկել:

Տանտերը չպատասխանեց:

Երկինքն անսպասելի դղրդաց ու լուսավորվեց.

– Թորքը, Ռոզիկ, թորքը… Երեխեքը, հասիր….,- Սանամը լեղապատառ վազեց հարևանուհու կողմը, սակայն բախվելով նրա կարծես ուղղված կուզին՝ կագ առավ:

– Սանամ, Սանամ քույրիկ, Չափարն է սալյուտ տալիս, Չափարը: Ի՞նչ թուրք, ինչ բան…

Սանամը բռնվեց կողքի աթոռի թիկնակից ու դանդաղ նստեց:

– Մոռացե՞լ ես, Կարապետի թոռին են զորացրել: Քեֆ են անում: Էսօր քեֆ, էգուց՝ մատաղ,- շարունակեց հարևանը:

Սանամը նայեց դիմացի դատարկ պատին, մտաբերեց փոքրիկ աղջնակի հնչեցրած տողերն ու անսպասելի հարցրեց.

– Գիտե՞ս՝ Հնդկաստանում միս չեն ուտում՝ ոչ մարդի, ոչ անասունի…. Ուրեմն՝ մատաղ էլ չեն անում, չէ՞: Ուրեմն՝ չեն ասում, չէ՞՝ ընդունելի լինի….

Մի պահ ընդհատված հրավառությունը վերսկսվեց, և լսելի լինելու համար Ռոզիկը բարձր ծիծաղեց ու գոռաց.

– Կինո մենք էլ ենք նայում, գիտենք: Դրանք հազար Աստված ունեն, էդքանի համար մատաղ անել կլինի՞… Համ էլ՝ մարդու միսը ո՞րն է, այ կնիկ: Հո խելքդ հացի հետ չես կերե՞լ:

Սանամը միայն ձեռքը թափ տվեց:

Ռոզիկը կարծես նեղսրտեց. էլի ինչ-որ բան ասաց քթի տակ ու հեռացավ:

Պառկել էր ուզում: Կուչ եկավ չբացված անկողնու վրա ու ափերով սեղմեց ականջները. աչքերն իրենք փակվեցին: Գիշերվա մի պահի Սանամն արթնացավ. գրպանում ասես քար լիներ: Ստուգեց: Հացի կտորն էր, որ մոզու համար էր վերցրել ու մոռացել: Սիրտը ցավեց: Վեր կացավ, պահարանից հանեց զինվոր թոռան՝ իրեն նվիրած նախշուն շալը, գցեց ուսերին ու սենյակի դատարկության միջով գնաց դեպի դուռը:

Մոզին երևի երազ էր տեսնում: Քնի մեջ հանկարծ վեր էր թռչում, թափահարում էր գլուխն ու դարձյալ մրփում:

Սանամը մանրաքյայլ մոտեցավ նրան ու կողքին նստեց: Հետո ուսերից իջեցրեց գործվածքն ու սկսեց խնամքով այն պտտել կենդանու գլխի շուրջը: Քիչ անց հնդու ո՞վ գիտի՝ ո՞ր Աստծո փառահեղ փաթաթանը պատրաստ էր:

Սանամը կրկին գրկեց մոզու ծուռ վիզն ու լաց եղավ.

– Բալես չունի հնդու-մաթա,

Ոսկի օրոցք, ատլաս ծածկոցք,

Պուպու՛շ  դարդար, նըխշուն բալա,

Պաճիկ կենես… օր-որ, լա, լա,

Նանիկ կենես, նանի՛, դա՛ր-դա՛ր.

Աչքդ ու ունքըդ- աստղ ու կամար:    

Ցորեկ եղավ, ոչխարն եկավ,

Ազիզ բալես քընած մընաց.

Վեր ել, բալա, անուշ ճըղա,

Տիտիկ արա, ծիծիկ մամա՛,

Պիծիկ-միծիկ տոտիկ արա՛.

Հո՛պպա, բալիկ, քունդ անուշ.

Շաքար ու նու՛շ, թուշդ անուշ:

Արշալույսը փոքրիկ քաղաքում խաղաղ չէր. մատաղացու մոզին էր կորել:

Սանամի չլինելը, կուզիկ Ռոզիկից բացի, ոչ ոք չնկատեց: Միայն երկրի վրա ծագող արևը գիտեր, արևը տեսավ քաղաքից դուրս եկող տարօրինակ զույգին՝ նախշուն գլխանոցով վիզը ծուռ մի աստծո և մի ծեր կնոջ: Նրանք զրուցելով՝ անշտապ քայլում էին փոշոտ մի փողոցով, որի վրայի բոլոր ցուցանակները բոլորին դեպի դրախտ՝ դեպի Հնդկաստան էին տանում:

Please follow and like us: