Մհեր Իսրայելյան/Սև թե կարմիր պղպեղ

Մարդու ճանապարհներն անիմանալի են։ Ապրում ես, ապրում ու մի օր դուրս գալիս մեծ աշխարհ։ Նույն օրը օվկիանոսի տարբեր կողմերում ծնված երկու տղա՝ մեկը հեռավոր Կանադայից, մյուսը մերձավոր Արցախից, կամ մեկը՝ հեռավոր Արցախից, մյուսը մերձավոր Կանադայից, մեկը նետուաղեղով, մյուսը ինքնաձիգով իրար ընդառաջ գալիս հանդիպում են միջազգային պատկառելի կազմակերպության մեծադիր էկրանին։ Ճիշտ է, երկուսի հայտնվելու նպատակը այնքան էլ չի բռնում իրար, բայց համայն մարդկությանը հղված ուղերձը նույնն է՝ սթափվեք, էս ու՞ր եք գնում։ Միայն թե այդ ուղերձը քչերի սրտերին է հասնում, սոսկ մերձավորների, միայն նրանց, որ բաց վերքի տաք շնչառությունը մոտիկից են զգում։ Պղպեղը սև կլինի թե կարմիր, կծու կլինի թե քաղցր, էական չէ, ում քիմքը ոնց ուզում, այնպես էլ համտեսում է։

– Եկել ծով, խիղճներս հանգիստ վայելում ենք,- ասում է որդիս ու զզվանքով նայում ծովի ալիքների անհոգ ու անկապ ճոճքին,- իբր ոչ մի բան էլ չի եղել։

– Նույնիսկ ճայը աչքիս անօդաչու է թվում,-ասում է նրա մայրը ու նայում կապուտակ երկնքին,- իբր չորս հազար ընկերներդ դեռ ապրում են։

– Կյանքը շարունակվում է,- հուշում է մի պատահական անցորդ,-պետք չէ վերքին պղպեղ ցանել։

Ոտքերս խրվում են ավազի եռքի մեջ, ինն ամսական հեղձուկը կանգնում է կոկորդիս, աչքս դուրս է գալիս ակնախոռոչից ու գնում խառնվում ծովի ալիքներին։ Ծովն էլ մեծահոգի է լինում, ու Ադրիատիկի տաք ափերից ինձ տանում, Ատլանտյան օվկիանոսի հորձանուտով հասցնում է Կանադայի սառնաշունչ խութերին։ Այդ խութերից անդին է ապրում այս պատմվածքի տարօրինակ անունով հերոսը, ում դժվար էլ հիշեի, թե չլինեին օվկիանոսն ու որդուս սառը ցնցուղը։

Օգիչիդա անունով տղան, որ ինյուիտների լեզվով զինվոր էր նշանակում, չէր էլ պատկերացնում, որ ժամանակին իր լեզվին սև թե կարմիր պղպեղ ցփնած երկրի դեսպանը քսանհինգ տարի անց միջազգային պատկառելի կառույցի բարձր ամբիոնից արցունք է ցողելու իր և Նիշիմե տատի չստացված զրույցի առիթով։ Այն ժամանակ տատի անունը, որ օվկիանոս էր նշանակում, ալեբախվել էր թոռան ներբաններին ու հետ քաշվել իր գոցված եզերքը։ Կոտրած նետուաղեղն էլ որպես անցյալի վաղանցիկ հուշ կամ անպիտան հնոտիք հալվել-փոշիացել էր ու դարձել պատմության աղբանոցի հասարակ ցուցանմուշ։

Ռազմիկն էլ, երբ պապը խաղալիք ինքնաթիռ նվիրեց, գաղափար չուներ, որ քսանհինգ տարի հետո նման մի խաղալիքի զոհ է դառնալու, ու իր լեզվին շաքար դրած երկրի դեսպանի՝ աշխարհին ուղղված հուսահատ կոչերը բախվելու են բետոնե պատերին ու փշուր փշուր լինեն։

Ոչ Օգիչիդան, ոչ Ռազմիկը, ոչ էլ օվկիանոսի երկու կողմերում ծնված մյուս տղաներն ու աղջիկները մտքի ծայրով էլ չէին անցկացնում, որ չստացված զրույցի առթիվ բողբոջած արցունքը ցողվելու է ճիշտ այն օրերին, երբ մոլեգնում էր հայ-թուրքական վերջին պատերազմը։ Ճիշտ այն օրը, երբ միջազգային կառույցի ամենամեծ սրահի ամենամեծ էկրանին փայլող աչքերով երկոտանիներ ռազմատեխնիկական վերջին ճիչին հարիր ճշգրտությամբ ցույց տվեցին, թե ինչպես է անօդաչու ինքնաթիռը անխնա ոչնչացնում տասնութ տարեկան երեխաների մի խումբ։ Ի պատիվ հեռավոր երկրի դեսպանի, նա արտաքուստ չհուզվեց, ինքն իրեն տիրապետեց հավուր պատշաճի, դիվանագիտության երբեմնի դասախոսը տեսներ՝ կհպարտանար իր սանի դրսևորած կամքի բացառիկ ուժով։ Եվ հետո, քառորդդարյա վաղեմության Օգիչիդայի պատմությունը, որ հիշել էր մինչ այդ, չորացրել էր արցունքաբեր գեղձի ակունքը, ասել է թե քամել էր արցունքի վերջին կաթիլը, էլ չասած, որ այսպես կոչված երեխաների խմբի ոչնչացումը իրականացվել էր, ըստ իր մասնագիտական գնահատականի՝ միջազգային իրավունքի տառին ու ոգուն համահունչ։ Հենց նոր թափած օտարի արյունը ավելի սառն էր, քան վաղեմի ցավը, որ ժամանակին ճմլել էր սիրտը։

– Կոչ ենք անում կողմերին դրսևորել զսպվածություն, վերադառնալ բանակցություննրի սեղանի շուրջ,- հենց այնպես զգուշացրել էր դեսպանը,- մեր երկիրն էլ դժվար պահեր է ունեցել ու կարողացել ենք հաղթահարել։

Ճիշտ է, անունը զինվոր էր նշանակում, բայց Օգիչիդային զրկել էին զինվոր դառնալու հեռանկարից, օրենքի տառին համապատասխան խլել ծնողներից ու տարել դպրոց, ուր ամեն ինչ միայն անգլերեն էր։ Բախտն, իհարկե, մի քիչ բերել էր, երբ կարողացել էին անունը անգլերեն գրել։ Այլապես մյուսների պես անվանազրկելու էին, ինչպես ճակատագրի հեգնանքով իր նախնիների ամենախիստ պատժամիջոցն էր նախատեսում, ու քառորդ դար անց ստիպված էր լինելու դատարանների դռներով քարշ գալ անունը հետ բերելու համար։ Նետուաղեղն էլ մի կողմ էին շպրտել ու ինյուիտների լեզվով բառ արտաբերելու վերջին փորձը կանխել պարզ և հասարակ եղանակով՝ լեզվին լցված սև թե կարմիր պղպեղը արել էր իր մոգական գործը, տղան աղիողորմ լաց էր եղել, ոչ թե ֆիզիկական, այլ նետուաղեղի կորստյան ցավից ու հեծկլտոցի հևքը դադարելուն պես վերածնվել որպես Կանադայի բարեպաշտ ու կիրթ քաղաքացի։ Եթե չունի նետուաղեղ, լեզուն էլ հեշտ կմոռանա՝ այն ժամանակ պատեհ խորհուրդ էր տվել տեղաբնիկների իրավունքների պաշտպանության գործակալը։ Այդ նույն պահին հեռավոր Արցախում դպրոց էր գնացել Ռազմիկը, ում անունը նույնպես զինվոր էր նշանակում, բայց ուզեր-չուզեր զինվոր էլ դառնալու էր։ Ոչ չեղած նետուաղեղն էին խլել ձեռքից, ոչ էլ լեզվին պղպեղ էին լցրել։ Միևնույնն է, զինվոր էր դառնալու ու մի չարաբաստիկ օր հայտնվելու միջազգային պատկառելի կազմակերպության մեծադիր էկրանին, ճիշտ այն խմբի մեջ, որ դարձավ անօդաչու ինքնաթիռի որսացուն ու կամա թե ակամա, մեռած թե ողջ, դուրս եկավ մեծ աշխարհ։

Ուստի զարմանալի չէ, որ դպրոցն ավարտելուց հետո, երբ Օգիչիդան ընկերուհուն տարավ տատի հետ ծանոթացնելու, իրարից բան չհասկացան։ Ոչ տատը մի բառ անգլերեն գիտեր, ոչ ինքը՝ մայրենիի մի նշույլ։ Հիշեց դպրոցում խաղացած խաղը, երբ պիտի մնջախաղի հնարքներով բացատրես բառի իմաստը ու փորձեց բան հասկացնել, տատն էլ ծամածռեց դեմքը, կնճիռներն ավելի պրկվեցին, ծուխ ծխացրեց, փորձեց օտար չարքերին քշել ու ինչ-որ բան բարբառեց, բայց ներկաներից ոչ ոք գլուխ չհանեց օրհնանք էր, թե անեծք։

– Այ տղա, քեզ ով սպանեց,-իրականում ասել էր տատը։

– Կանադան,- իրականում մտածել, բայց չէր արտաբերել Օգիչիդան,- ինքս ինձ սպանեցի։

– Որ մեծանաս, Կանադայի հախից կգաս,-իրականում ասել էր տատը։

– Այլևս նետուաղեղ չունեմ,- իրականում մտածել, բայց այդպես էլ չէր ասել Օգիչիդան։

– Գոնե անունդ փոխեին, Բինեշի դնեին, որ թռչուն է նշանակում,-իրականում մտածել, բայց չէր ասել տատը,- որ մեծանաս, կբարձրանաս երկինք ու քեզ հասնել չի լինի։

Սրտաճմլիկ դեպքը այնքան էր ազդել խեղճ աղջկա վրա, որ դառնալով դեսպան՝ երեսուն տարի հետո դեռ հիշում էր տատի ու թոռան շփոթված դեմքերն ու փղձկում։ Այնքան էր ազդել, որ հիշեց լուսանկարը, որ չխկացրել էր այդ օրը ու որոշեց ցույց տալ միջազգային հանրությանը՝ ապացուցելով, թե ինչքան է իր երկիրը փոխվել վերջին քառորդ դարում։ Որ փոխվել եք, ի՜նչ օգուտ, հո տղան ինյուիտների լեզուն չի սովորել կամ տատը՝ անգլերեն, ծաղրել էր հակառակորդ երկրի դեսպանը։ Ամեն դեպքում, առավել հուզառատ մի քանի կին դեսպան, ի համերաշխություն գործընկերոջ, պայուսակներից հանել էին թաշկինակները ու իբր թաքուն, որ չերևա, թաշկինակի ճոթով սրբել եղած կամ չեղած արցունքի կաթիլը։ Նույնը չէիր ասի երեխաների ոչնչացման դեպքի առթիվ, դե գիտեք, նրանք անմեղ ու անզեն քաղաքացիներ չեն եղել, այլ զինված մարտիկներ, ոմանց համար էլ նույնիսկ զավթիչներ, ահաբեկիչներ, հետևաբար նրանց խմբակային ոչնչացման ահասարսուռ տեսարանը անցել էր առանց էական հուզական զեղումների։ Եվ հետո, ինչ եղել եղել է, հո անցածը հետ չես բերի, մեռել-գնացել են ի վերջո, պատերազմի օրենքին հլու։

Երբ Ռազմիկը փոքր էր, Արցախի իրենց գյուղում չգիտես ոնց մնացած մի թուրք պառավ, որ հայերեն քիչումիչ խոսում էր, հարցրել էր, թե ինչ է դառնալու, որ մեծանա։

– Որ մեծանամ, զինվոր եմ դառնալու,- ասել էր տղան, ինչպես բոլոր հնգամյա տղաներն են ասում Արցախում։

– Որ զինվոր դառնաս, ի՞նչ ես անելու,- հարցրել էր պառավը։

– Թուրք եմ սպանելու,- մտածել, բայց չէր ասել Ռազմիկը,- երկինք եմ թռչելու։

– Եթե թուրքին չսպանես, ինքը քեզ կսպանի,- մտածել, բայց չէր ասել պառավը,- կապույտ ամպերին կհասնես ու կանցնես։

Ռազմիկը միշտ մտածել էր թուրք պառավի հարցի ու լեզվի տակ զսպված մտածածի մասին, երբեմն երազում պառավին տեսել, որ ինչ֊որ կախարդանքով իբր լսել է կոծկածը ու պղպեղ ցանել լեզվին, սև թե կարմիր, հիմա չի հիշում։ Ասել է՝ մոտ արի շաքար տամ, գայթակղել ու մոլորեցրել միամիտ տղային։ Այդ պառավի ասած-չասածը, իր պատասխանածն ու կուլ տվածը միայն այն օրը հասկացավ, երբ վերջին անգամ կապույտ երկնքին նայեց ու տեսավ պապի նվիրած խաղալիք ինքնաթիռը, որ շուտով իրեն մեծ աշխարհ էր դուրս բերելու։

Թե ով ինչ էր ասել, թե ով ինչ էր լեզվի տակ զսպել, այլևս կարևոր չէ։ Կյանքը այսպես, թե այնպես շարունակվում է՝ պատահական անցորդի շպրտածի հանգույն։ Ես ու որդիս որքան էլ զզվանքով նայենք ծովին, ալիքները շարունակելու են անհոգ ալեբախվել, իբր ոչինչ էլ չի եղել։ Իսկ արցունքները զսպած դեսպանները, երեկոյան հասնելով տուն, արտասվել են, թե չեն արտասվել, չգիտեմ։ Բայց մի բան հաստատ գիտեմ։ Այդ հիշարժան օրը, երբ միջազգային պատկառելի կազմակերպության հանդիպումն ավարտվել է, երկու տղա՝ մեկը հեռավոր Կանադայից, մյուսը մերձավոր Արցախից, կամ մեկը հեռավոր Արցախից, մյուսը մերձավոր Կանադայից, ձեռք֊ձեռքի տված իջել են միջազգային պատկառելի կազմակերպության մեծադիր էկրանից ու, նավակ նստած, ալիքների վրա ճոճվելով, խռոված անհետացել օվկիանոսի անհուն երկնակամարում։ Մեկ այլ վարկածով էլ ձգել են աղեղը, քաշել են ձգանը ու սև թե կարմիր պղպեղի փամփուշտը կամ գուցե նետը ուղարկել միևնույն թիրախի ուղղությամբ` ճիշտ աշխարհի խնձորակին։

Please follow and like us: