Հովիկն այդպես էլ Հովհաննես չդարձավ, գոնե Հովո չդարձավ։ Կինը կարճ էր հագնում` տղամարդ չդարձավ, կնոջը դավաճանում էր` մարդ չդարձավ։ Ոչ մի բան էլ չդարձավ։ Մի օր կինը մեռավ, թաղմանը արցունք թափելով փոս փորելու տեղ գնաց էնքան խմեց, որ `
– Թու՜ քո մարդ ասողի, ըսկի կնգադ մեռնելուց հետո գլխին մարդ չդարձար։
Այդպես էլ մնաց Հովիկ` վերջին իկ-ից ամբողջ կյանքում բռնված։ Մի օր էլ, կնոջ մահից հետո անտեր ու անտիրական մնացած, որոշեց դառնալ մուրացկան։ Անվասայլակ գնեց պարտքով, նստեց վրան, իբր թե չի քայլում։
Այսպես Հովիկը նստում էր ողջ ցերեկը, իսկ գիշերը, երբ քաղաքը քիչ թե շատ քնում էր, սեփական անվասայլակը քշելով գնում էր տուն։
– Խեղճ է։
Մարդիկ նրան խղճում էին տարբեր պատճառներով։ Մեկը` կյանքը չստացվեց, կինը շուտ մեռավ, մյուսը ` մարդ չդարձավ, խաբեց ամենքին, աշխարհին, իր սեփական ոտքերին։
Իսկ Հովիկը նստում էր անվասայլակին` մի աման ոտքերի տակ դրած, ու սպասում էր օրվա ավարտին, թե երբ է տեղից շարժվելու ու թմրած ոտքերը ետ բերելու։ Եվ մարդիկ, ամենևին միամիտ ու բարեսիրտ, կոպեկներ էին նետում քայլել չկարողացող մուրացկանի առաջ ու կարեկցանքն աչքերում` հեռանում։ Հովիկը չէր նայում ոչ մեկի աչքերին։
– Դերի մեջ է մտել,- հանկարծ ծանոթ հարևանները բռնացնում էին կարծեցյալ հաշմանդամին։
– Իր հիմար հալով խաբում է հիմարներին ու փող կորզում։
– Աննամու՛ս։
Եվ ատելությամբ ու քննադատությամբ լցված աչքերով` ծանոթները շրջանցում էին Հովիկին։
Մթնելուն պես Հովիկը զննում էր շուրջբոլորը, վեր կենում, վերցնում գլխարկն ու հաշվում կոպեկները.
– էս քեզ հարյուր, էս քեզ հիսուն, երկու հարյուր… էսօր երեք հազար չորս հարյուր, մնա՜ց …,- ու մտքում հաշվում էր, թե ինչքան մնաց։
Ինչի՞ց։ Դե, իհարկե, անվասայլակը պարտքով էր վերցրել։ Հովիկն ամեն օր հաշվում էր , թե ինչքան մնաց պարտքը մարելուն, հավաքած փողը տանում, դնում էր ծաղկամանի մեջ, միայն հացի ու օղու փող էր թողնում իր համար։
– Տեսնես ի՞նչ է անում էդ հավաքած փողը։
– Խաբեությա՜մբ հավաքած։
– Անամո՛թը։ Երևի արդեն միլիոններ է կուտակել,- այսպես, Հովիկի դատն ամեն օր շարունակվում էր հարևանների սուրճի սեղանին։ Իսկ օրերն անցնում էին, ծաղկամանը չէր լցվում։ Կոպեկ առ կոպեկ խնայում էր Հովիկը` հույսով, որ մի օր վերջապես սայլակի փողը կտա ու իր մուրած փողն իրեն կմնա։
-Երանի էդ օրը, Սաթի՜կ։
Սաթիկը մեռած կինն էր, որ երևի էն աշխարհից նայում էր ծիծաղի առարկա դարձած, կամ էլ ոչ մի բան չդարձած Հովիկին ու պատասխանում.
– Գրո՜ղ։
Քաղաքն արդեն ճանաչում էր քայլել չկարողացող, մուրացկան Հովիկին։ Իհարկե, որոշները տեսել էին նրան ` գիշերն իր անվասայլակը քշելիս, բայց բանից անտեղյակ մարդկանց կոպեկները շարունակում էին զրնգալ Հովիկի ամանի մեջ։ Ծաղկամանը օր օրի ծանրանում էր, և երբ ձմեռը անցավ` հասցնելով լավ տանջել ու փողոցներում ցրտահարել խեղճ Հովիկին, լցվեց։ Կես տարի հաշմանդամ ձևանալով` վերջապես անվասայլակի փողը հավաքեց։ Հովիկը երջանիկ էր ու հպարտ։ Իրեն չմատնելու համար գիշերը վերցրեց ծաղկամանն ու ուղևորվեց պարտատիրոջ տուն։
– Ահա՛ անվասայլակի փողը։
Դատարկ ծաղկամանով, առանց մի կոպեկի տուն էր գալիս Հովիկը, երբ մի մեքենա իր չորս անիվներով անցավ վրայով։
Հովիկը ո՛չ Հովհաննես դարձավ, ո՛չ Հովո, ո՛չ կարգին մարդ դարձավ, ո՛չ կնգա մարդ, Հովիկն ըսկի կարգին մուրացկան չդարձավ. այսպիսի զրույցներ էին պտտվում Հովիկի դագաղի շուրջը։