Երեկույթն ուշ ավարտվեց։
Վասյա Չեսնոկովը՝ հոգնած ու քրտնած, գիմնաստյորկայի վրա զորակոչիկի բանտը կպցրած, կանգնած էր Մաշենկայի առջեւ եւ թախանձագին խնդրում էր․
– Սպասե՛ք, արե՛ւս․․․ Սպասե՛ք առաջին տրամվային։ Չէ, բայց իրոք, ո՞ւր եք գնում այս ժամին․․․ Այտսեղ եւ նստել կարելի է, եւ սպասել, եւ էդ կարգի բաներ, իսկ դուք գնում եք․․․ Սպասե՛ք առաջին տրամվային, աստծու սիրուն։ Թե չէ համ դուք եք քրտնած, համ ես եմ քրտնած․․․ Էս ցրտին կմրսենք, կհիվանդանանք․․․
– Ոչ,- ասաց Մաշենկան՝ հագնելով կրկնակոշիկները,- դուք ի՞նչ կավալեր եք, որ չեք կարողանում կնոջը ճանապարհել ցրտին։
– Բայց ես քրտնած եմ,- ասում էր Վասյան՝ լացակումած։
– Դե՛, հագնվեք։
Վասյա Չեսնոկովը հնազանդվելով հագավ մուշտակն ու Մաշենկայի հետ դուրս եկավ փողոց՝ թեւը մտած։
Ցուրտ էր։ Լուսինը շողում էր։ Եվ ոտքերի տակ խրթխրթում էր ձյունը։
Ի՜նչ անհանգիստ օրիորդ եք,- ասաց Վասյա Չեսնոկովը՝ հիացմունքով զննելով Մաշենկայի կիսադեմը։ Դուք չլինեիք, այլ մեկ ուրիշը, ոչ մի դեպքում չէի գա ճանապարհելու։ Լուրջ եմ ասում, իսկապես։ Միայն սիրո պատճառով եմ համաձայնվել։
Մաշենկան ծիծաղեց։
– Ահա, դուք ծիծաղում եք եւ ատամիկները ի ցույց դնում,- ասաց Վասյան,- իսկ ես իսկապես, Մարյա Վասիլեւնա, ձեզ ջերմորեն սիրում եմ ու պաշտում։ Այ, ասեք՝ Վասյա Չեսնոկո՛վ, պառկե՛ք տրամվայի գծերին եւ մնացեք պառկած, մինչեւ առաջին տրամվայը կգա, եւ կպառկեմ, Աստված է վկա․․․
– Դե լավ, մոռացե՛ք այդ բաները,- ասաց Մաշենկան,- ավելի լավ է նայեք՝ ինչ չնաշխարհիկ գեղեցկություն է մեր շուրջը, երբ լուսինն է շողում։ Ի՜նչ գեղեցիկ է քաղաքը գիշերը։ Ի՜նչ ապշեցուցիչ գեղեցկություն է։
– Այո, լավ գեղեցկություն է,- ասաց Վասյան՝ որոշ զարմանքով նայելով շենքի պլոկված սվաղին,- իսկապես շշմելու գեղեցկություն է․․․ Բա գեղեցկությունն էլ է ազդում, եթե իսկապես զգացմունք ունես․․․ Շատ գիտնականներ ու կուսակցական գործիչներ ժխտում են սիրո զգացմունքը, իսկ ես, Մարյա Վասիլեւնա, չեմ ժխտում։ Ես կարող եմ ձեր հանդեպ զգացմունքներ տածել մինչեւ իմ մահը եւ ինքնազոհաբերումը։ Լուրջ եմ ասում։ Ասեք՝ Վասյա Չեսնոկո՛վ, գլխով հարվածի՛ր այ էս պատին, ու կանեմ։
– Դե լա՜վ,- ասաց Մաշենկան ոչ առանց հաճույքի։
– Լուրջ եմ ասում, կխփեմ, կուզե՞ք։
Զույգը հասավ Կրյուկով ջրանցքին։
– Աստված վկա,- նորից ասաց Վասյան,- կուզե՞ք հենց հիմա ջուրը նետվեմ։ Հը՞, Մարյա Վասիլեւնա։ Դուք ինձ չեք հավատում, բայց ես կարող եմ ապացուցել․․․
Վասյա Չեսնոկովը բռնեց բազրիքից եւ ձեւ արեց, թե բարձրանում է վրան։
– Ա՜խ,- ճչաց Մաշենկան,- Վասյա՛, ի՞նչ եք անում։
Հանկարծ անկյունից մի մութ կերպարանք դուրս լողաց ու կանգ առավ լապտերի մոտ։
– Ի՞նչ եք ձեններդ գլուխներդ գցել,- ցածրաձայն ասաց տղամարդը՝ ոտից գլուխ չափելով զույգին։
Մաշենկան ճչաց սարսափած ու կպավ բազրիքին։ Մարդը մոտեցավ ու քաշեց Վասյա Չեսնոկովի թեւքից։
-Լսի՛, համբա՛լ,- ասաց մարդը ցածր ձայնով,- քուրքդ հանի՛։ Ու արագ․․․ Ծպտուն հանես, քյալլիդ կտամ, ու էլ չկաս։ Ջոգի՞ր, հայվան։ Հանի՛։
– Նե՛-նե՛-նե՛,- արտաբերեց Վասյան՝ ցանկանալով ասել՝ ներեցեք, ի՞նչ է նշանակում՝ հանի։
– Արագացրո՛ւ,- մարդը քաշեց մուշտակի օձիքից։ Վասյան դողացող ձեռքերով քանդեց կոճակները եւ մուշտակը տվեց նրան։
– Կոշիկներդ էլ հանի,- ասաց մարդը,- տաք կոշիկ էլ չունեմ։
– Նե՛-նե՛-նե՛,- ասաց Վասյան,- ներեցեք, բայց սառնամանիք է․․․
– Արագացրո՛ւ․․․
– Աղջկան բան չեք ասում, իսկ ինձ կոշիկներս հանել եք տալիս,- արտաբերեց Վասյան նեղացած,- նա եւ մուշտակ ունի, եւ կրկնակոշիկ, բայց ե՛ս պիտի անկոշիկ մնամ։
Մարդը հանգիստ նայեց Մաշենկային եւ ասաց․
– Սրա վրից հանես, ձեռիդ տանես, կբռնվես։ Գիտեմ՝ ինչ եմ անում։ Հանեցի՞ր։
Մաշենկան սարսափած նայում էր մարդուն ու չէր շարժվում։ Վասյա Չերնոկովը նստեց ձյան վրա ու սկսեց արձակել երկարաճիտ կոշիկի քուղերը։
– Նա եւ մուշտակ ունի, եւ կրկնակոշիկներ,- քրթմնջում էր Վասյան,- բայց ես եմ բոլորի տեղը պատասխան տալիս․․․
Մարդը Վասյայի մուշտակը իր վրա քաշեց, կոշիկները խոթեց գրպանները եւ ասաց․
– Նստի ու տեղիցդ չշարժես։ Ու ատամներդ չկրճտացնես։ Իսկ եթե ճվաս կամ շարժվես, հաշվի կորած ես։ Հասկացա՞ր, հայվան։ Դու էլ, աղջի․․․
Մարդն արագ վրա բերեց մուշտակի կոճակափեշերը եւ անմիջապես անհետացավ։ Վասյան կակղել էր, թթվել եւ, պարկի պես նստած ձյան վրա, կասկածանքով նայում էր իր ոտքերի սպիտակ գուլպաներին։
– Ստացա՛ք ձեր ուզածը,- ասաց նա՝ ջղային նայելով Մաշենկային,- ես նրան ուղեկցեմ, ես էլ ունեցածս կորցնեմ, հա՞։
Երբ գողի քայլերը բոլորովին լռեցին, Վասյա Չեսնոկովը սկսեց ոտքերով անկանոն շարժումներ անել ձյան վրա եւ բղավեց բարակ, ականջ ծակող ձայնով․
– Օգնությո՜ւն, թալանո՜ւմ են․․․
Այնուհետեւ տեղից պոկվեց ու վազեց ձյան վրայով՝ ոտքերը կտրուկ վեր բարձրացնելով ու ցատկոտելով։
Մաշենկան մնաց բազրիքի մոտ։
Թարգմանությունը ռուսերենից՝ Արփի Ոսկանյանի