Նվիրվում է Շառլ Կենին
– Այո՛, տիկին Ալեքսանդրիան կարող է նույնիսկ հպարտանալ իր առաքինությամբ։ Միայն պատկերացրե՛ք։ Երեք տարի նա ստիպված էր հանդուրժել այդ ծեր ստահակին, այդ փտած մսագնդին, որն անարգել է իր տունը։ Եթե նա իր հայրը չլիներ, վաղուց կփակեր դուռը այդ անպիտանի դեմքին և կուղարկեր հիվանդանոցում փտելու:
Եվ ի՞նչ։ Ստիպված պետք է քաղաքավարի ձևանալ ու հոգ տանել մեր գոյության հեղինակների մասին, եթե, իհարկե, վայրի շան ծնունդ չենք և եթե, հատկապես, բիզնեսով ենք զբաղվում։
Օ՜, իսկ ընտանիքը․․․ ա՜յ քեզ փորձանք, ու դեռ կան մարդիկ, որ ասում են, թե բարեգութ Աստված գոյություն ունի։ Ուրեմն ուղտն էլ ոչ մի անգամ չի՞ թքելու։
Դստեր մենախոսության չափազանց հաճախակի կրկնությունը, ցավոք, պատճառ դարձավ, որ այն կորցներ իր ուժը։ Օր չկար, որ տիկին Ալեքսանդրիան չբողոքեր իր դաժան ճակատագրից։
Երբեմն, սակայն, նա քնքուշ էր դառնում, երբ բանը հասնում էր երիտասարդ հաճախորդների մոտ սիրտը բացելուն, որոնք թերևս ի վիճակի չէին հասկանալու նրա տրտմության ազնվությունը։
– Սիրելի՛, անուշի՛կ հայրիկ,- հեգնում էր նա,- եթե միայն իմանայի՜ք՝ ինչքան ենք սիրում նրան: Այստեղ ամբողջ սրտով սիրում են նրան։ Ինչպես տեսնում եք, բիզնեսն այստեղ նշանակություն չունի։ Մենք կարող ենք լինել անհաջողակ, եթե կուզեք՝ անգամ դժբախտ, բայց անհնար է լռեցնել սրտին։ Մանկության հիշողություններ, ընտանեկան անկեղծ ուրախություններ․․․ ես ինքս իմ աչքին բարձրանում եմ նորից, երբ տեսնում եմ, թե ինչպես է այդ պատվելի ծերուկը գնում-գալիս իմ տան մեջ, և նրա ալեխառն մազերով թագադրված գլուխն ինձ ստիպում է մտածել երկնային արքայության մասին։ Եվ այլն, և այլն․․․
Անկասկած, մասնագիտական անողոքությունը թույլ էր տալիս, որ սուտը հաստատապես ազդի տարբեր իրավիճակներում, մինչդեռ տասներկուերորդ սենյակի յոթանասունամյա կենվորը՝ փառքի և անպատվության պսակով, կյանքի մայրամուտին փտում էր իր աղջկա կողքին, ինչպես բժշկական թափոնը կոյուղու մեջ։
⁂
Անկեղծ ասած, այս երկու անձանց պատմությունը պոեմին հատուկ որևէ բանով աչքի չի ընկնում։
Բարեսիրտ Ֆերդինանդ Բուտոնը, որին ընկերաբար հայրիկ Ֆերդինանդ կամ Ծերուկ էին անվանում, Ֆլանդեր փողոցի հին սրիկաներից էր, որտեղ ոչ վաղ անցյալում զբաղվում էր երեսուն տարբեր աշխատանքներով, որոնցից ամենաանպատվաբերի պատճառով նվազագույնը մի քանի անգամ վտանգել է իր ազատությունը:
Օրիորդ Լեոնտինա Բուտոնը, որ մի օր դառնալու էր տիկին Ալեքսանդրիա, և որի մայրը մահացել էր անմիջապես նրա լույս աշխարհ գալուց հետո, դաստիարակվել էր պարկեշտության լիակատար բացակայության պայմաններում վերոնշյալ տղամարդու կողմից։
Դեռահաս տարիքից պատրաստվելով՝ տասներեք տարեկանում նա իր առաքինությամբ հայտնի Ժնևի միլիոնատիրոջ տանը նշանավոր դիրք զբաղեցրեց՝ իբրև աշխարհիկ կույս, որը նրան անվանում էր իր «լույսի հրեշտակ»՝ այդպես ավելի արագացնելով աղջկա կործանումը: Երկու տարին բավական էր, որպեսզի սկսնակ աղջնակն այս կալվինիստի վերջը տար:
Ու դեռ քանի՜սը պիտի ծուղակն ընկնեին։ Նրան խորհուրդ էին տալիս հատկապես հոգատար պարոններին։ Այսպիսով՝ կալվածատերերի համար նա կարծես թե դարձել էր ներդրումի նման մի բան և դեռ տասնութը չբոլորած՝ փայլում էր արդեն խայտառակության պսակով։
Հենց այդ ժամանակ էլ գործնական մարդկանց հետ շփումը ստիպեց նրան լրջանալ․ նա լքեց հորը, որի հարբեցողությունը, թեթևամտությունն ու արդեն նաև անգործությունը զայրացնում էին նրան։
Այսպես անցավ տասնհինգ տարի, որի ընթացքում այս լքված մարդն անընդհատ դժբախտությունների մեջ էր։
Նա աշխատանքի սովոր չէր, հին հնարքներին էլ հետ էր վարժվել, ասես մի ծեր ճանճ լիներ, որն ուժ չուներ կանգնելու արտաթորանքի վրա, նույնիսկ սարդերը չէին ցանկանում նրան բռնել:
Լեոնտինան ավելի հաջողակ էր․ նա առաջադիմեց։ Առանց բարեհաճ հասարակության վերին շերտերը բարձրանալու (նրա անուղղելի վարքն անընդունելի էր վերնախավի կողմից) նա, այնուամենայնիվ, գիտեր հմտությամբ ու պատրաստակամությամբ մանևրել ենթակա պաշտոններում և հեշտությամբ հարթել իր ուղին։ Հաստատվեց ու դիրքերն առավել ամրապնդեց երեկույթների ժամանակ՝ չմոռանալով նախքան շիշը պտտեցնելը այն ամբողջովին դատարկել իր բաժակի մեջ։ Նա այնքան արատավոր էր Աստծո ու մարդկանց առջև, որ կարողացավ դիմակայել դժբախտությանը:
⁂
Այդժամ դժբախտությունը նրան այցի եկավ հոր դժգույն ուրվականի կերպարանքով։
Այն պահին, երբ այս ծեր սրիկան պիտի մեկընդմիշտ անհատակ անդունդը գլորվեր, հանկարծակի իմացավ, որ իր դուստրը՝ իր Թիթինը՝ այժմ հայտնի իբրև տիկին Ալեքսանդրիա, վարպետորեն կառավարում է մի հայտնի հյուրատուն, որտեղ գալիս էին Հեռավոր Արևելքի իշխանները՝ իրենց հետ բերելով ոսկիներ:
Ոջլոտ ու կեղտոտ լաթերով ծածկված, ծակ գրպանով ու խելապակաս՝ նա մի գեղեցիկ օր նետվեց աղջկա մոտ, և այս հարցում բախտը նրա հանդեպ բարեհաճ գտնվեց։ Թեև ամբարտավան տիրուհին զայրացել էր նրա հայտնությունից, բայց ստիպված էր ընդունել նրան սիրո՝ առավել աչքի ընկնող դրսևորումներով։
Դժբախտությունն այն էր, որ հենց այն պահին, երբ նա անցավ պահակախմբի մոտով ու նետվեց դստեր գիրկը, վերջինս խորհրդակցում էր խստաբարո հոգևորականների հետ, որոնք չէին կարող անտեսել աստվածային օրենքների չորրորդ պատվիրանը: Նույնիսկ նրանցից մեկը, հուզված այս սրտաճմլիկ տեսարանից, չէր կարող չօրհնել տիկին Ալեքսաանդրային՝ մաղթելով նրան հավերժական կյանք։
Նման ցնցող տեսարանից հետո հայրիկ Ֆերդինանդին անհնար էր անգամ տեղաշարժել, ուր մնաց թե արմատախիլ անել։ Ազնիվ մարդկանց վրդովմունքը չհարուցելու և չինացի բարձրաստիճան պաշտոնյաների հարգանքը չկորցնելու համար նրան ստիպված պետք էր բնակեցնել, լողացնել, հագցնել և ամեն օր կերակրել։
Տիկին Ալեքանդրիայի՝ մինչ այդ մեղրի պես քաղցր կյանքը թունավորվեց։ Հայրն ասես իր անցյալի կեղտոտ լվացքը լիներ, իր հոգու խառնաշփոթը, մարսողական համակարգը դատարկելու ժամատախտակը և ի տարբերություն Կալիպսոյի՝ Ոդիսևսի վերադարձը նրան բացարձակ չմխիթարեց։
Այնուամենայնիվ, հայրը նրան անհարմարություն չէր պատճառում։ Առաջին իսկ օրվանից նրան տեղավորեցին ամենահեռավոր, ամենաանհարմար և, ենթադրվում է՝ առողջության համար վնասակար ձեղնահարկում։ Հազիվ թե որևէ մեկը տեսներ նրան։ Նա խստորեն պահպանում էր սենյակից դուրս չգալու, տանը չթափառելու և, իհարկե, ոտքը երբեք սրահ չդնելու հրահանգը, հատկապես այն ժամանակ, երբ հաճախորդներն այնտեղ էին։
Այս խիստ կանոնը խախտվում էր միայն ժամանակ առ ժամանակ, երբ մի օտարերկրացի այցելու խնդրում էր ցույց տալ Ծերուկին, քանի որ կանայք նրա մասին խոսում էին վախով ու հիացմունքով, ինչպես կխոսեին Երկաթե Դիմակով մարդու մասին։
Նման իրավիճակների համար նա դեկորատիվ երիզակներով մի ալ կարմիր տրիկո և տարբերվող մակեդոնական գլխարկ ուներ, որը նրան հունգարացու կամ դժբախտության մեջ հայտնված լեհի տեսք էր տալիս։ Դրանից հետո նրան շնորհեցին կոմսի տիտղոս՝ կոմս Բուտոնսկի, և նա անցավ փառքով զարդարված, բայց կործանման համար նախատեսված վերջին ավերակների վրայով։
Մեկը մյուսի հետևից Ծերուկը մաքրում էր լոգարանները, աստիճանները, սրբում ամաններն ու սպասքը, իսկ տիկին Ալեքսանդրիան զայրացած նշում էր, որ այդ ամենն անում է միևնույն սրբիչով։ Ի վերջո, նա սկսեց առևտուր անել հյուրանոցի այն հյուրերի համար, որոնք նրան վստահում էին ու նույնիսկ լավ թեյավճար տալիս։
Հանգստի ժամերին երջանիկ Ծերուկը փակվում էր իր սենյակում և ջանասիրաբար կարդում Փոլ դը Կոկի ստեղծագործությունները կամ Էուժեն Տրանսփիրի1 մարդկային երևակայական մտորումները, ինչպես նա անվանում էր «Փարիզի առեղծվածները» և «Թափառող հրեան» գրքերի հեղինակին, որոնք ըստ նրա՝ աշխարհի երկու լավագույն գրքերն էին։
⁂
Պատերազմի ընթացքում տունն ավերվեց։ Այցելուները գտնվում էին քաղաքից դուրս կամ ապաստարաններում, իսկ պաշարված քաղաքի փողոցներն անանցանելի էին դարձել։
Տիկին Ալեքսանդրիայի զայրույթը հասել էր գագաթնակետին։ Առավոտից իրիկուն չէր դադարում բարկությունը թափել Ծերուկի վրա, որը գնալով ավելի ու ավելի էր ընկճվում, իսկ նա շարունակում էր լուտանքներ տեղալ նրա գլխին։
Կատաղությունից նա այնպես կորցրեց իրեն, որ Ծերուկին մեղադրեց իր խարդախությունների պատճառով միջազգային կոնֆլիկտ հրահրելու մեջ։ Երբ բանը հասավ հինգ միլիոն դրամ տուգանք վճարելուն, նա ձևացրեց, թե մոլեգնած է՝ աղմուկ բարձրացնելով, որ դա հենց այնքան է, որքան իր բիզնեսը կորցրել է, պետք է գնդակահարել բոլոր այն հին սրիկաներին, որոնք այդպիսի դժբախտություն են բերում։
Նա պարզապես խելագարվեց, և կյանքը դարձավ անհեթեթ:
Կարիք չկա ասելու, որ հասարակությունն անկարող էր աշխուժացնել նրա խայտառակ բիզնեսը։ Հաճախորդները, սակայն, ձեռքերը ծալած չէին նստում։ Այցելություններն անգամ մեկ րոպեով չէին դադարում։ Ասես եկեղեցի լիներ։
Բայց ի՜նչ հաճախորդներ։ Աստված հեռու պահի։ Հարբեցողներ, մարդասպաններ, ոտից գլուխ պճնված տխրահռչակ սրիկաներ, որոնք զինված էին, ամենուրեք ավերում էին և պատրաստ էին ամեն ինչ կրակի մատնել, եթե մեկը համարձակվեր հակառակվել իրենց։
Բայց այժմ տանտիրուհին այլևս ձայնը գլուխը չէր գցում։ Վերևներից օգնության սպասելով՝ նա լուռ քայքայվում էր վախից։
Իսկ օգնությունը երկար սպասել չտվեց։ Անսպասելի լուր հասավ, որ վերսալյան զորքերը մտել են Փարիզ։ Ազատագրո՛ւմ։ Բայց անհաջողությունը սև ամպերի պես կուտակվել էր խեղճի գլխին։
Պատահեց այնպես, որ փողոցի վերջնամասում բարիկադ կառուցվեց: Հիմա ժամանակն էր փակել դուռը, կողպել բոլոր պտուտակները և մեռած ձևանալ: Հայրիկ Ֆերդինանդին բոլորովին մոռացել էին:
Բարիկադը հեռացվեց կեսօրից հետո՝ ժամը երկուսին, իսկ ֆեդերալները փախուստի դիմեցին՝ լքելով թաղամասը։ Ոչ մի կենդանի շունչ չկար այլևս, միայն հեռվում մի լղար ծերուկ էր նշմարվում, որի քայլերն արձագանքում էին քար լռության մեջ։
Անհնար էր նրան չճանաչելը։ Զառամյալ տարիքն ու հետաքրքրասիրությունը առավոտյան նրան ստիպել էին դուրս գալ փողոց և ապա հանցագործի պես փախչել կարմիրտաբատավոր զորքից։
Վերջիններս անմիջապես չհետապնդեցին նրան, անգամ վարանեցին կրակել մեծահասակ մարդու ուղղությամբ։ Բայց նրանք անմիջապես վազեցին ընդառաջ, երբ Ծերուկը կանգ առավ համար տասներկու դռան դիմաց։
– Ասե՛ք գաղտնաբառը կամ էլ՝ ձեռքե՛րը վեր։
Ծերունին, վախից շնչակտուր լինելով, նետվեց դեպի զանգի կոճակը և սեղմեց այն։
– Թիթի՛ն, ի՛մ Թիթին, այդ ես եմ։ Բացի՛ր դուռը քո ծեր հոր առջև։
Այդ անպարկեշտ հաստատության պատուհանը հանկարծակի բացվեց և ուրախությունից իրեն կորցրած՝ տիկին Ալեքսանդրիան, զինվորներին մատնացույց անելով հորը, գոռաց․
– Դե՛, կրակե՛ք նրան, գրո՛ղը տանի։ Նա դրանցից մեկն է։ Նա կեղտոտ սրիկա է, նավթագործ, որ փորձում էր հրկիզել ողջ թաղամասը:
Այս անկառավարելի օրերին այլևս ոչինչ չպահանջվեց, և հայրիկ Ֆերդինանդը, փամփուշտներով լցված, տապալվեց շեմքին։
Այդ օրվանից սկսած՝ տիկին Ալեսանդրիան չի աշխատում և չի ապրում Բորսայի թաղամասում, որտեղ այդքան երկար վայելում էր իր փառքը։ Նա ունի երեսուն հազար ֆրանկ եկամուտ, կշռում է չորս հարյուր կիլոգրամ և հուզվում է Փոլ Բուրժեի վեպերն ընթերցելիս:
Ֆրանսերենից թարգմանեց Արմինե Մուրադյանը
1Էուժեն Տրանսփիր – Eugène Transpire իրական ազգանունը Sue։ Հեղինակն օգտագործում է sue հասարակ գոյականի հոմանիշ հանդիսացող transpire բառը։