Անահիտ Կարապետյան/Լևոն Խեչոյանի «Շաբաթ, կիրակի» պատվածքը

Լևոն Խեչոյանի «Շաբաթ,կիրակի» պատմվածքը վերստին ապացուցուցում է հեղինակի գրողական տարբերվող ու միաժամանակ բարդ ոճ ունենալու հանգամանքը։ Պատմվածքում դժվար է ամեն ինչ ուղիղ իմաստով հասկանալը։ Այս պատմվածքն էլ հանելուկ է հանելուկի մեջ։

Պատմվածքի վերլուծությունը կարելի է սկսել հենց վերնագրից` «Շաբաթ,կիրակի». Ասել է թե հանգստյան օրեր, հանգիստ կյանքից, և կյանք` հանուն հանգստի։ Բացի այդ, աստվածաշնչյան արձագանքն ակնհայտ է։ Աստված վեցերորդ օրն ավարտում է արարչագործությունը, իսկ յոթերորդ օրը` հանգստանում։ Այլմոլորակայինն էլ պատմվածքում վեցերորդ օրն է հայտնվում, իսկ յոթերորդ օրը` կիրակի,Հարութը «մահանում» է։

Գլխավոր հերոսը Հարութն է, որը պառկած է հիվանդասենյակում ` շրջապատված ընկերներով և բուժքրոջով, որոնք նրան չեն ուզում մենակ թողնել, և այդտեղ է Այլամոլորակայինը, որը ունի բազմակի էություն։ Վերջինիս կարող ենք տարբեր կերպ ընկալել` որպես Հարութի էության արտացոլում, որպես հրեշտակ, որ փորձում է վճռել նրա ապագա կյանքը և Սատանա, որ Ֆաուստյան Մեֆիստոֆելի պես փորձում է ընտրության առաջ կանգնեցնել Հարութին` նրան կտրելով հողից և տարբեր երևույթների առաջ կանգնեցնելով։ Հարութ անվան ընտրությունը նույնպես ուշադրություն է գրավում։ Հեղինակին ոչ բացահայտ կերպով հաջողվում է ընթերցողին տեղափոխել աստվածաշնչյան տիրույթ և մասամբ պատմվածքում նկարագրվող դեպքերն ընկալել աստվածաշնչյան ենթատեսքտով։ Ահա Հարութ անունը, որը Հարություն1 անվան կրճատ տարբերակն է։ Ժողովրդական ձևերն են՝ Արութին, Արթին, Արութ, Հարութ, Հարո, Արթո, Արթաքի։ Գլխավոր հերոսն էլ կարծես հարություն է առնելու ֆիզիկապես կամ գաղափարապես։ Վեպում երկրորդն ավելի ակնհայտ է։ Հերոսը ողջ պատմվածքի արդյունքում, բացասելով ինքն իրեն, վերափոխվում է` հայտնվելով անհայտ լեռան շրջակայքում։ Այս անհայտ լեռը կարող է դիտարկվել Աստվածաշնչյան լեռներից ցանկացածը։ Բայց մինչ վերջին հասնելը ընթացքն ընկալենք։ Ինչպես նշեցինք, Հարութը հիվանդասենյակում է, վիրավոր է։ Պատմվածքի տողատակերից հասկանալի է, որ Հարութը վիրավորվել է մարտադաշտում․ «Այստեղ համատարած ձյուն է: Մեր շրջանակաձև ակոսով օղակած դիրքերից և խորը ձյան միջից հղի կնոջ մերկ փորի նման դուրս է ցցվել վերցված քաղաքը»,- գրում է նա նամակում։ Հիվանդասենյակը չի լքում բուժքույրը, ընկերները նույնպես այնտեղ են։ Հետևաբար սա սենյակ չէ նախատեսված մեկ հոգու համար։ Այստեղ ոչ ոք պատահական չէ։ Եվ այս ամենին գումարած այն, որ նրան տեղափոխել են ուղղաթիռով։ Պատահական չէ, որ Հարութը ամաչում է ընկերների և բուժքրոջ առաջ Այմոլորակայինին պատասխանելուց։ Նա չի ցանկանում, որ ընկերներն իմանան, որ ինքը դեռ ցանկանում է ապրել։ Ըստ էության, նա ամաչում է բոլոր այն մեռած կամ մեռնող տղանների առաջ, որոնք գնացել են հանուն հայրենիքի, իսկ ինքը ինչպե՞ս ապրի այդքանից հետո։

Հստակ այն տպավորությունն ենք ստանում, որ կատարվածի մեծ մասը կարող է լինել երազային։ Հերոսը թմբիրում է, այն ամենին, ինչին իրականում ձգտել է հասնել և այն ամենից, ինչից ցանկացել է ձերբազատվել հերոսը, անում է երազում (ահա ընդհատվող նամակը իր սիրուհուն)։ Մի փոքր մեջբերում, որը կհաստատի վերը ասվածը և երազային հանգամանքը. «Այստեղ հարցերը, պատասխանները նույնն են, անգամ ` դեմքերը, թռչունների չուն,բնության բոլոր անցքերով…»։ Կամ այս հատվածը. «Զարմանալի բան էր, կորցրեց որևէ մեկի դեմքը պատկերացնելու կամ բառերով արտահայտվելու ունակությունը: Նրանց հիշելու համար ինչքան էլ դեմքերն օժտում էր իրեն հայտնի` արևահար, քամուց դաբաղված` սև նշաններով` ձգտելով այդպիսի հատկանիշներով տեղը բերել տղաներին, միևնույն է, ոչ մեկին չպատկերացրեց: Մտքում չէր կարողանում ճանաչել անգամ, ամենավերջում տեսած դեմքը, նույնիսկ` բժշկին, որ հենց նոր սենյակ էր մտել, դաստակը բռնել` անհանգստացած զարկերակն էր որոնում: Ոչ մեկի վրա դեմք չկար»: Մի՞թե մենք երազում նույնպիսի տպավորություն չենք ստանում։

Առանձնակի հիացմունքի է արժանի խորհրդանիշների ու փոխաբերությունների օգտագործման ունակությունը Խեչոյանի մոտ: Ներսումդ աստիճանաբար գլուխ են բարձրացնում խորհրդանիշների կիրառումից առաջացող հետևությունները, տպավորություններն ու կասկածները: Ակնհայտ է, որ Խեչոյանն այնքան ճկուն է օգտագործում խորհրդանիշները, որ յուրաքանչյուր ընթերցող անսահման ազատ է ասվածը իր ձևով հասկանալու և դրանց նշանակությունը մեկնաբանելու կամ հարցականով թողնելու հարցում: Ուշագրավ է՝ որքան թեթև ու մեկ շնչով են ընթերցվում խեչոյանական պատմվածքները, նույնքան դժվարությամբ են մարսվում դրանցում փայլող խորհրդանիշները՝ երբեմն ստիպելով ընթերցողին վերընթերցել ողջ գրվածքը կամ առնվազն տվյալ հատվածը՝ խորհրդանիշները մեկնելու, դրանց տողատակը հասկանալու համար: Ահա պատմվածքում կա ձյան խորհրդանշանը, որը ինչպես մաքրությունն է ներկայացնում, այնպես էլ զուգորդվում է մոտալուտ մահվան և դրանից բխող սառնության հետ։ Կամ ձայնի խորհրդանիշը պատմվածքում, որը սթափեցնող իմաստ ունի, բայց նաև պատերազմի թնդյունն է, որ խլացնում է ու ցավ պատճառում. «Հարութը հանկարծ դռան սաստկացող թակոց լսեց: Անտանելի աղմուկի պատճառով դադարեցրեց գրելը: Ուզում էր հասկանալ` այդ ինչ բան էր` ո՛չ ժամանակ առ ժամանակ քաղաքի տակ արթնացող երկրաշարժը, ո՛չ էլ անձրևաջրերի հետ խոնավ լեռներից պարբերաբար գլորվող քարերն էին ունակ այդ ուժով երերացնել իր մահճակալը, կարծես` դաշտային խորդուբորդ ճանապարհով մեքենան հատակը քարերին քսելով գնար»։

Խեչոյանը իր պատմվածքները մեծ մասամբ ավարտում է հոռետեսական վերջաբանով։ Կարդալիս պատմվածքը ակամա Մահվան տագնապ ես զգում , որ բառերով աննկարագրելի է, կարծես ցանկանաս, որ պատմվածքը չավարտվի քո մտածածի պես։ Բազմաթիվ ուղիղ ակնարկների վերջում ընթերցողն առերեսվում է գոյության պայքարի տրամաբանական ավարտին. «Արդեն տասնհինգ րոպե էր` Հարութը լքված, կողքի վրա դարձած, ընկած էր խոշոր լեռան տակ, ոչ ոք չկար. տասնհինգ րոպեում մարմինը ցամաքել, մինչև վերջին կաթիլն արտահոսել էր, չորս կողմը լճակ էր գոյացել»: Կիսաստվածաշնչյան, կիսամոգական և լիարյուն այս հատվածն ընթերցողին նորից պահում է լարվածության գագաթին` ստիպելով մնալ հարց ու պատասխանների անվերջ ձգձգվող շղթայի ու անորոշության լաբիրինթոսի ներսում, ինչը խիստ խեչոյանական է և արդիական։

Խեչոյանի գրիչը գիտե բառերի, միֆերի, այլաբբանությունների, խորհրդանշանների, փոխաբերությունների ներգործող ուժը։ Նա ընթերցողին գցում է հոգեպարար բավիղի մեջ և թողնում, որ ընթերցողը վերլուծի, գուշակի, ենթադրի այս կամ այն փաստը և գտնի հնարավոր ելքը, որը երբեմն անկախ հանգամանքներից հոռետեսական է։

1 Հարություն, հայկական ծագմամբ արական անձնանուն։ Ծագել է հայերեն հարություն բառից, ակնարկությամբ Քրիստոսի հարության։ Հունարեն Αναστάσιος անվան թարգմանությունն է

Please follow and like us: