Մտորումներ Լուսինե Շահնազարյանի «Գլազուր» պատմվածքի շուրջ և մասին
Երեխեքը տնակին մոտենում են, տեսնում են՝ ինքը՝ տունը, ամբողջովին հացից է շինած, կտուրը՝ գաթից, իսկ լուսամուտները՝ թափանցիկ շաքարից։
– Ահա՛, հենց սրանից էլ կսկսենք,- ասում է Հենզելը,- մի լավ քեֆ անենք։ Ես տանիքից մի կտոր կուտեմ, դու էլ լուսամուտից կեր, Գրետել. ով գիտի ինչ անուշ է, չէ՞։
Գրիմ եղբայրներ, «Հենզելն ու Գրետելը»
Այս հեքիաթը բոլորը գիտեն: Քաղցր տնակը գաղթակղում է Հենզելին և Գրետելին, և նրանք ընկնում են չար կախարդի ճանկերը: Պառավը ուզում է չաղացնել Հենզելին, որ հետո ուտի:
Եթե սիմվոլիկ մեկնաբանենք, ապա քաղցրը գայթակղում է երեխաներին, բայց այդ քաղցրի ներսում չար ուժեր են բնակվում: Չափահասների համար կա ալկոհոլ կամ ծխախոտ, գայթակղության այս նյութերի վնասակար հատկությունը բոլորը գիտեն, բայց քաղցրավենիքի մեջ չարիքը այնքան խորն է թաքնված, որ այն համարյա անտեսանելի է: Չնայած բոլորն էլ գիտեն, որ քաղցրավենիքը չաղացնում է, փչացնում ատամները և այլն: Բայց շոկոլադի մեջ չարիքը ավելի խորն է թաքնված: Հայտնի է, թե կապիտալի նախնական կուտակման համար որքան կարևոր են եղել գաղութային ապրանքները՝ համեմունքները, ծխախոտը, թեյը, սուրճը կակաոն և այլն: Կապիտալիզմի ժամանակ թունդ խմիչքները՝ օղին, վիսկին, կոնյակը, դուրս մղեցին հետամնաց միջնադարում տարածված գինին և գարեջուրը: Իմիջիայլոց, Հենզելը և Գրետելը երևի չէին էլ լսել շոկոլադի մասին:
Քանզի շոկոլադի մեջ չարիքը խոր է թաքնված, ապա հարկավոր է դիմել հոգեվերլուծական մեթոդին, վեր հանելու շոկոլադից ստացված հաճույքի անգիտակցական շերտը: Խոսքը տանք մասնագետին.
«Այսպիսով, օգտագործելով կակաո պարունակող նյութեր մարդը սկսում է հաշտվել «ցավի», շուրջբոլորը տեղի ունեցող ողջ նեգատիվի հետ, որպես ինչ-որ անխուսափելի երևույթի և պակաս հիվանդագին է դրանք ընկալում: Եվ փոխանակ չհամաձայնելու ու պայքարելու իր ցանկությունների համար, մարդը ծալում է ձեռքերը, իրեն պահում այնպես, ասես «բոլորն էլ այսպես են ապրում, բայց կարող էր լինել ավելի վատ»:
Շաքարը, որը կակաոյից պատրաստված տարբեր արտադրանքի բաղկացուցիչ մասն է, էլ ավելի է ուժեղացնում մարդու պասիվությունը: Ի վերջո, շաքարավազը, որպես սիրո փոխարինիչ, արհեստականորեն լրացնում է ներքին դատարկությունը, կամ այլ կերպ ասած ՝ էկզիստենցիալ վակուումը, որն առաջանում է կյանքում ուրախության բացակայության պատճառով (ինչը երբեմն բերում է շաքարային դիաբետի):
Բժշկական տեսանկյունից դա հաստատվում է նաև այն փաստով, որ կակաոն խանգարում է մարմնում կալցիումի կլանմանը: Բժիշկները խորհուրդ չեն տալիս հղի կանանց այն օգտագործել: Հոգեբանական ախտորոշման այնպիսի մեթոդի համաձայն, ինչպիսին է հիվանդությունների հոգեվերլուծությունը, մարմնում կալցիումը պատասխանատու է դիրքորոշումը հստակ պահելու, սեփական կարծիքը պնդելու և հանուն իր ցանկության պայքարելու համար: Կալցիումը ուժ է տալիս ատամներին և ոսկորներին:
Այսպիսով, ստացվում է, որ օգտագործելով կակաո պարունակող արտադրանք՝ մարդը շրջապատող նեգատիվը ընդունում է որպես փաստ՝ դադարելով պայքարել և միաժամանակ դառնալով թույլ:
Համաձայնեք, շոկոլադը և շաքարը բավականին լավ գործիքներ են իշխանություն ունեցող մարդկանց համար՝ վերահսկելու հսկայական թվով մարդկանց: Բոլոր դժվարությունները կընկալվեն որպես փաստ և կբացառվի ավելի լավ կյանքի համար պայքարը: Եվ սրա համար ստեղծված են բոլոր պայմանները: Լավագույն կոնֆետները շոկոլադից են, տարատեսակ քաղցրավենիքները, լավագույն տորթերը շոկոլադ են պարունակում:
Եվ այս ապրանքի հանդեպ սերը մանկուց սերմանվում է բոլոր տեսակի կակաոյի ըմպելիքներով կամ «սիրող» տատիկ-պապիկներից բաժանվող կոնֆետներով, որպեսզի երեխան չպայքարի իր ուզածի համար, այլ ընդունի իր ծնողների ու պապերի կողմից իրեն թելադրված պայմանները»։
Կարող ենք ասել, որ շոկոլադ արտադրելը կամ շաքարավազ ներկրելը ոչ միայն ստեղծում են օլիգարխներ, այլ նաև պաշտպանում օլիգարխիական իշխանությունը:
Այժմ, երբ ընթերցողը ունի բավարար քաղտնտեսական և հոգեվերուծական գիտելիքներ, կարելի է անցնել Լուսինե Շահհնազարյանի «Գլազուր» պատմվածքի ընթերցմանը/ վերընթերցմանը: Երևի ընթերցանություն պետք է անվանել նաիվ ընթերցանությունը, երբ կարդում ես հավեսի համար, բաց ես թողնում օտարալեզու կամ անհասկանալի տեղերը, որ շուտ իմանաս վերջում ինչ է լինելու: Եթե պատմվածքը դուր է եկել, կարող ես մտածել, թե ինչը գրավեց պատմվածքում, չնայած դա պարտադիր չէ:
Առաջին մոտեցմամբ սովորական պատմվածք է, հիշողություն դպրոցական տարիների մասին: Հասարակ, առանց հավակնությունների պատմվածք, բայց զվարճալի և հյութեղ: Ամեն մեկը դպրոց է գնացել և ամեն մեկն էլ հետաքրքիր բան ունի պատմելու: Այս պատմությունը երկու առանձնահատկություն ունի: Այն տեղի է ունենում «ցուրտ ու մութ տարիներին», դա ավելի դրամատիկ երանգ է տալիս, բայց որ ավելի կարևոր է, այն գլազուրի, ավելի ճշգրիտ՝ շոկոլադե գլազուրի մասին է: Գլազուրը սուբյեկտիվացնում է հերոսուհուն, դարձնում եզակի, միայն նա է դպրոցում ամեն օր ճաշակում այն:
Շոկոլադե, փայլուն խեժն իմ ցոփ ու շվայտ կյանքի վկայությունն էր էն օրերին, երբ միջինում ամեն քիչ թե շատ տեսած հայ երեխա մի սնիկերսը կիսում էր հինգից-ութ տաշեղների՝ ընտանիքի ամեն անդամի համար։
Պատմվածքը առաջ է գնում երկու գծով. մեկը հայ դասական գրականության ընթերցանության՝ Չարենցի «Եսիմանուշհայաստանի»-ի դպրոցական արտասանությունն է:
Գերմանացի փիլիսոփա Պետեր Սլոթերդայքը իր «Կանոններ մարդկային գազանանոցի» համար հոդվածում գրում է, որ ազգը ձևավորում են ընթերցասեր հասարակությունը և պարտադիր զինվորական ծառայությունը: Բայց եթե վերջինը պարտադիր է արական սեռի երիտասարդների համար, ապա ազգային դասականների պարտադիր ընթերցանությունը երկու սեռերի պատանիների համար է: Երկրորդը, այսպիսով կրկնակի պարտադիր է, բանակ կարող ես չգնալ, բայց դպրոցից խուսափելը անհնար է:
Դպրոցը բանակից էլ կարևոր կարգապահական հաստատություն է: Դպրոցում գիտելիքը երկրորդական է, առաջնայինը ազգային, և ընդհանրապես դաստիարակություն ստանալն է: Կամ ինչպես ասվում է պատմվածքում.
– Վա՜յ, նստի՛ Գայանե՛։ Նստի՛։ Ողբա՜մ ըզքեզ, հայոց աշխարհ, – ու էլի ընկեր Աղաջանյանը սգաց մեր սերունդը, մեր՝ Չարենցից հեռացած, գրականության հետ կապը կորցրած, ազգային ինքնությունից զուրկ, մի քիչ էլ ոջլոտ չորսի Բ-ն …
Երեխայի դաստիարակության համար դպրոցի նշանակությունը ակնհայտ է, այն հայտնի ասվածքի մտրակն է: Իսկ քաղցրաբլիթը …քաղցրաբլիթն է, ավելի կոնկրետ՝ շոկոլադը: Որպես ռեպրեսիվ ապարատ նրանք համեմատելի են:
Խորհրդածելով մանկավարժության մասին՝ հոգեվերլուծող Աննա ֆրեյդը առանձնացնում է դաստիարակության երկու ոճ:
Առաջին դեպքը կապված է մեծահասակների կողմից արտահայտված պահանջկոտության հետ, երբ առկա են բազմաթիվ արգելքներ և երեխայի բնազդները չափազանց ճնշվում են, ինչը, ի վերջո, բերում է երեխայի անհատականության խեղման: Օրինակ՝ մանկությունից քաղցրավենիք սիրող մի տղա ստիպված էր հրաժարվել իր ցանկությունից՝ մոր արգելքի ու նրան նվիրված լինելու պատճառով: Այնուամենայնիվ, որպես մեծահասակ նա չէր կարող իրեն թույլ տալ ուտել նույնիսկ շոկոլադե մի կտոր՝ առանց ամաչելու ու շփոթվելու: Նրան թվում էր, թե նա անում է բոլորի կողմից բացարձակապես արգելված և դատապարտված մի բան:
Հիմնվելով այս և բազմաթիվ այլ օրինակների վրա, Ա. Ֆրեյդը հարցնում է. «… ավելի լավ չէ՞ ինչ-որ բան զոհաբերել վարվելակարգի և պարկեշտության կանոնների մեջ և թույլ տալ, որ … երեխան ուտի քաղցր այնքան, որքան ցանկանում է»: (Фрейд А., 1999, т. 1, с. 50—51): Եվ հետո գրում. «… այսպիսի դաստիարակությունը ոչնչացրեց երեխայի անհատականությունը, նրա մեջ զարգացան ներքին հակասություններ, սահմանափակեցին սիրելու ունակությունը, զերծ պահեցին զվարճանքներից և սահմանափակումներ դրեցին աշխատանքի վրա»: Այս իմաստով նա կարծում է, որ «ավելի լավ է զոհաբերել երեխայի հնազանդությունը, քան խեղել նրա անհատականությունը»:
Իհարկե, կասեք, որ պատմվածքում միանգամայն այլ դեպք է, բացի հերոսուհուց, մյուս երեխաները տնտեսական պատճառներով զրկված են շոկոլադ ճաշակելու հնարավորությունից.
Մեկ-մեկ դասամիջոցներին Շուշանիկն ու Գագուլիկը երկու գիտակ նարկոմանի պես կուչ էին գալիս ճռճռան թղթերի շուրջ ու հերթով շոկոլադի թղթերով անցնում՝ ամեն մեկի համուհոտն իրար պատմելու, իբր իրենք էին կերել, ու մինչև հետ դարսելը հերթով, փոխեփոխ մարդ ա մի արտաշունչ էր ֆսսցնում ճռճռան թղթի միջից քթով ներս։
Բայց այս դեպքում էլ շոկոլադը պահպանում է իր ռեպրեսիվ ուժը՝ արդեն …իր բացակայությամբ:
Եթե չլինեին այս դառը պահերը, ես կասեի Լուսինե Շահհնազարյանի «Գլազուր» պատմվածքի մասին, որ այն … ոնց որ «շակալադնի բատոնչիկ» լինի…