Հր. Բեգլարյանի «Վերջին մարտը» պատմվածքը հայոց պատմության քաջարի էջերից մեկի ` Արցախյան պատերազմի մասին է։ Հեղինակը ցույց է տալիս հայ մարտիկին, ով իր կյանքն է զոհաբերում հանուն հայրենիքի ու միաժամանակ օրինակ ծառայում գալիք սերունդներին։ Պատմվածքը ներկայացնում է Արցախյան լայնածավալ պատերազմից ընդամենը մի դրվագ, բայց իր մեջ ամփոփում է մի ամբողջ պատմություն: Այն ունի շատ խորը դաստիարակչական և խրատական ընկալում: Ոչ մեկը չի ցանկանում պատերազմել, բայց պատերազմը պարտադիր էր, չհանձնվելը, չնահանջելը,անգամ մեռնելու գնով պայքարելը` նույնպես։ Այս պատմությունը պատերազմ կոչվող չարիքի ռեալիստական նկարգրությունն է: Ցանկացած պատերազմ դժբախտություն է բերում թե՛ հաղթողին, թե՛ պարտվողին։ Պատերազմը ոչ մեկին երջանկություն չի կարող բերել. դա հնարավորի սահմաններից դուրս է։ Հաղթանակն էլ անգամ թերի է, եթե մեռնողդ հաղթող զինվորդ ու մարտիկդ է. սա է ցավը, բայց և կյանքն առաջ շարժող ուժը։ Սա պատերազմ է, և թշնամու զինվորը այլևս չի դիտվում իբրև մարդ։ Թշնամի է քո առաջ, ուրեմն պետք է սպանես։ Ահա թշնամու զինվորին սպանելուց հետո Մեխոն այս բառերն է ասում նորաթուխ երիտասարդին. «Ես չսպանեի, ինձ կսպանեին». Սա արդեն իսկ կյանքի և մահվան ճամփաբաժանն է, մի վայրկյան հապաղելը արժենում է մարդկային կյանք, և զրոյի է հավասարեցվում մարդկային կյանքի գինը։
Պատերազմի դաշտում վիրավորվել է Մեխոն, և նրան պարուրել է ոչ այնքան ֆիզիկական, որքան հոգեկան ցավը։ Նա գերադասում է մնալ և կռվել, այլ ոչ թե թողնել և գնալ։ Հեռանալը նրա համար ամենածանրն է։ Ինչպես Հր. Բեգլարյանի «Ցավը» պատմվածքում, այնպես էլ այստեղ հեղինակը ցավի փիլիսոփայությունն է ներկայացնում. Հոգեկան ցավը ետին պլան է մղում ֆիզիկական ցավը։ Ակամա հիշում ես հեղինակի «Երկիր» բանաստեղծության մեջ առկա այս ձևակերպումը.
Ես թիկունքիս մրմուռն ու ամեն օր տանջող ցավը
Կախում եմ ամենամոտիկ ծառից և
Քայլում եմ հեռու:
…Երկիր…
Ես ցավս ետ եմ առնում ծառից.
Ցավը լվացք չէ, որ չորանա ու թեթևանա:
Ահա հենց այս նույն մորմոքն է զգում վիրավոր Մեխոն, «ցավ, որ իր թիկունքի համար է պահված, ցավ, որ երիտասարդ սերունդը դեռ պատրաստ չէ տանելու, բայց հարկադրված է»։ Պատմվածքում առկա են որոշ հետաքրքիր գծեր, որոնք կփորձենք վեր հանել և մեկնաբանել։
Առաջինն ուշադրության է արժանի պատմվածքում առկա սերունդների բախումը` Դերո-Մեխո. Չորս տառ և հնչյունների որոշակի նմանություն։ Թշնամու ահ ու սարսափ Մեխոյին ուղեկից օգնական են նշանակել նորաթուխ «կանաչ» (գույնը երիտասարդության, մատաղաշի խորհրդանիշն է պատմվածքում) երիտասարդի` Դերոյին, ով կամավոր է գրվում, կյանքում ավելի քաջ դառնալու, պատմության մեջ մի որևէ բանով արժևորվելու համար։ Հնի ու նորի հավերժական պայքարը այս պատմվածքում ստացել է հետաքրքիր լուծում . Այն ավարտվում է լուռ հաշտությամբ։ Մեխոյի սկզբի հեգնանքը երիտասարդի նկատմամբ վերջում փոխվում է հարգանքի։ Հնի ու նորի բախումը երկուսի համար էլ դառնում է օգտակար և ապրեցնող կյանքի ու մահվան սահմանագծում` ի բարօրության ազգին հայոց։
Հաճախ հանդիպում են դրվագներ, երբ տիրում է լռություն, որն ավելի իմաստալից է դարձնում և հաճախ նաև փոխարինում է հազարավոր բառերի։ Հայրենիքի ընկալումը յուրաքանչյուրիս մոտ տարբեր է, բայց բոլորս ունենք «Հայրենիք» բառի մեր մեկնաբանությունը։ Գործում շատ տպավորիչ են ներկայացված տղայի պատկերացումները հայենիքի մասին. «Շատ ենք խոսում հայրենիքի մասին ու չենք հասկանում, որ հայրենիքն էս ցեխոտ ճանապարհն է, էս սար ու քարը, մայրս նաև…»։ Նաև այն, ինչ մեր սրտում է։ Քանի՜ ու քանի՜ երիտասարդներ, թողած իրենց սիրելի աղջիկներին, ծնողներին, կանանց ու երեխաներին, գնացին` իրենց արյունը խառնելու մայր հողին ու իրենց արյամբ ջրելու հայոց դաշտերի ծաղիկները։
Կռիվ գնալիս զինվորի համար դժվար է ընդունել, որ հնարավոր է վերջին անգամ է հանդիպում հարազատ դեմքերի, սիրելի մարդկանց։ Ահա տղայի ինքնախոստովանանք և ինքնաերդում պարունակող տողերը. «Մահից շատ եմ վախենում,փափուկ եմ, նվազ, ասֆալտի վրա եմ մեծացել, բայց տանը նստել չէի կարողանում։ Դրա համար էլ փախա»։ Տղան դիմում է գիտակցված փախուստի, բայց փախուստը գիտակցված փախուստ էր, ճանապարհ դեպի պատերազմի դաշտ։
Պատմվածքում հետաքրքիր է նաև հայ երգի արժևորումը։ Հայոց երգն ու երաժշտությունն է, որ հույզ ու եռանդ է տվել կյանքի դժվարին և ուրախ պահերին։ Հայը պատերազմի դաշտում, եղեռնի տարիներին սոսափել է հայ երգը, որ գալիս է դեռևս բակունցյան Հազրոյից ։ Հայ հարսները իրենց մանկիկներին դեռ օրորոցից են արյան ու պատերազմի նախապատրաստել, ինչպես Մ. Պեշիկթաշլյանի «Զեյթունի երգեր»-ում էր, ինչպես Ռ. Պատկանյանի «Օրորոցի երգ»-ում էր։ Հայը իր ուրախության պահերին է երգել, նվագել ու ծափ զարկել ` ի լուր իր ուրախության։ Հայ գյուղացին իր աշխատանքի ընթացքում ապավինել է հորովելի երգին։ Այս պատմվածքում էլ անուժ, բարակ մարմնով տղան նույնիսկ իր ծանր բեռի տակ ճկռած՝ իր ցավը հաղթահարում է երգով. «Քայլի՜ր, քայլի՜ր դեպի վեր»… և երգի երկրորդ քառյակից նրան է միանում վիրավոր Մեխոն, և նորից նրանք հոգեպես ձուլվում են իրար ` ապավեն դառնալով մեկմեկու։
Պատմվածքում հանդիպում է ծառը` կաղնին, որպես անցյալի, ներկայի և ապագայի հանրագումար։ Կաղնու ստվերի տակ է նստած տղան և նայում է պառկած ընկերոջը։ Իսկ ինչպես գիտենք, ծառն ունի եռամաս կառուցվածք, որի յուրաքանչյուր մաս ունի իր նշանակությունը։ Արմատները նախնիներիի առարկայացումն են, բունը` ներկա սերնդի, իսկ ճյուղերը` գալիք սերնդի։ Ահա երիտասարդ սերունդը նայում է մարտերում մաշված Մեխոյին։ Ներկայում հանդիպում են անցյալն ու ապագան, որի լուռ վկան դառնում է կաղնին։
Պատմվածքում երկու անգամ խոսք է գնում արյան մասին։ Մի դեպքում Մեխոն հիշում է, թե ինչպես տանել չի կարողացել արյունը, և արյունից միշտ մթագնել է ուղեղը։ Եվ պատմվածքի վերջում ճանճերը նստում են Մեխոյի լերդացած արյան վրա։ Արյունն է, որ մարդու երակներով հոսում է ու ապրեցնում, և ահա չորացած արյունն էլ գետնի վրա դառնում է մահն ամփոփող պատկեր։
Հաջորդը, որ հանդիպում է պատմվածքում, արահետն է. «Արահետը հարցականի նման ոլորվում ու միանգամից բացվում է ձորի վրա»,- գրում է հեղինակը, և այդ ճանապարհը նման է ծերունու կնճռոտ ճակատի։ Այո՛, հարցականի նմանվող ճանապարհը կարծես հարցական նշան է դնում պատերազմի ընթացքի, ավարտի, մարդկային ճակատագրերի վրա։ Ճանապարհը բնորոշում է կյանքի հավերժական ընթացքը, շարժումը, մարդկային ընթացքը։ Կա ճանապարհ, հետևաբար կա և նպատակ` հասնելու մի կետի։ Բայց չմոռանանք, որ երբեմն ճանապարհի վերջն անորոշ է , մութ ու խավար, ասել է թե ապագան չգիտես ` ինչպիսին կլինի։ Ահա այստեղ էլ հարցական հետագիծ ունեցող արահետը տանում է Մեխոյին ու Դերոյին, ու արդյունքում ոմանք մնում են ճամփի կեսին։
Պատմվածքում հետաքրքիր է մեռնող մարդու պատկերացումը ապագայի վերաբերյալ և ցանկությունը. «Միայն թե մեռնելուցս հետո էրեխեքս քիչ զգան կարիքս, և կինս չդավաճանի հիշատակս»։ Մի նախադասության մեջ խոսեց սիրող հայրը և պատվախնդիր ամուսինը, ով իր պատվի մասին անգամ մարտի դաշտում է մտածում։ Հայր, ով հանուն երեխաների է եկել կռվի ու ցանկանում է, որ երեխաները անհոգ ապրեն. սա անանձնական զգացում է և ցանկություն։ Հենց այսպես հազարավոր երիտասարդներ գնացին կռիվ ` մոռանալով անձնականը և նվիրվելով ընդհանուրի շահին։
Պատմավածքի ավարտին Մեխոն մեռնում է, և նրա լերդացած արյունն է մնում դաշտերին կիզիչ արևի տակ։ Սա Արցախյան, նաև Ապրիլյան պատերազմում զոհվածների ճակատագիրն է, բայց այդ արյունը, որ թափվել ու ողողել է հայոց պատմության էջերը, փրկել է հազարավոր կյանքեր։ Մեկը զոհվում էր` հույսով, որ իրենով փրկում է մի ողջ ժողովուրդ։ Սա հայի հոգեբանությունն է, որ արթնանում է ազգի համար վճռորոշ պահերին։
Այսպիսով` ամփոփելով ասենք, որ պատմվածքը, չնայած փոքր ծավալին, տեղ է հասցնում պատերազմի ողջ ողբերգականությունը և միաժամանակ հայ ազգի հերոսականությունը։ Հեղինակն ` իր ոճին հավատարիմ, ստեղծում է մարդկային կյանքը պարուրող երկու ցավերի պատկեր, որոնք տանջում են մարդուն, բայց մարդը մեռնում է միայն այն ժամանակ, երբ հոգնում է կամ իր միսիան կարծես թե ավարտված է։