Լուսինե Շահնազարյանի պատմվածքներից երկուսն եմ կարդացել: Առաջինը «Բաքվցի Լենան» է: Բաքվեցի Լենան ՛«Տապոռ Ռաֆոյենց ու Միլիցա Գագոյենց արանքի մի սենյականոցում էր ապրում` փոքր քրոջ ու տատի հետ։ Մեր չունեին։ Հերը գժանոցում էր»։
«Բաքվցի Լենան» ուրբանիստական պատմվածք է: Այն պահից հետո, երբ Երևանը դարձավ կապիտալիստական, հնարավոր դարձավ ուրբանիստական գրական տեքստը: Դա չի նշանակում, որ Լուսինե Շահնազարյանը տալիս է քաղաքային կյանքի համայնապատկերը: Այնքան բարձր խավից չէ, որ Երևանը տեսնի քաղաքապետարանական բարձունքից: Ավելի շուտ՝ քաղաքային կյանքի սովորական, չերևացող դիտանկյունից: Լուսինեն տեսնում է քաղաքային կյանքի դետալները: Ու նաև քաղաքային ռիթմի զգացողությունը ունի:
Սկսեցի բանասեր երաշտահավերի հնազանդ հոսքի մեջ թպրտալեն հեղձվել, մինչև ԵՊՀ-ի գլխավոր մասնաշենքի աստիճաններին փառակալած ջակի-ջուկիներին գտա ու ինձ սողնակեցի իրենց։ Միասին մայր բուհի ստորոտներին աշխարհում չլսված ու չտեսնված եզակի ենթամշակութային ռնգեղջյուր էինք ձևավորելու. ռոքի ու ռեպի վաղամեռիկ հայ հակաբոհեմն էր։ Քնարականի ու պոեզիայի, էլէկտրականի ու ռիթմի պրոլետար-ազատագրական շարժման պղերգ պատասխանը՝ նորանկախ Հայաստանի քյարթու ծիծակներին, թաղի տոկուն լավերին։
Ակնհայտ է հեղինակային հայացքի դիտակետը: Հերոսուհին նայում է միջին խավի ներքևի ստորաբաժանումից և հաճախ կարեկցանքով է վերաբերվում զրկվածներին և անարդարության զոհերին: Մարյաշի և Լիաննայի բախման ժամանակ նա միարժեք ընտրություն է կատարում.
Բակը բաժանվեց երկու թիմի՝ Լիաննայինինի ու Մարգարինինի։ Ես երկրորդի կողմից էի, որովհետև Լիաննային ատում էի։
Կամ Ժենիկ տտաի և Նունե ծյոծյայի վեճը բաքվեցիների մասին: Կամ հերոսուհու տատը, որը պատերնալիստական բարի կերպար է, որ փորձում է օգնել բաքվեցի Լենային: Հեղինակը կարողանում է ներկայացնել քաղաքը, նրա բնակիչներին կեղեքող անարդարությունը հասարակ և դիպուկ գրական միջոցներով, պարզապես պատմելով դիպվածներ երևանյան թաղամասերից մեկի միջին խավի կյանքից:
Բայց անարդարությունը միայն սոցիալականացված չէ: Պատմվածքում այն ավելի շուտ արմատացած է մարդկային սուբյեկտիվության մեջ: Հերոսուհին դժգոհ է, նրան թվում է, թե Լենան իր կյանքն է գողանում, իր վերաբերմունքը սուբյեկտիվ է: Լենան բոյով է, ինքը՝ ոչ, Լենան նիհար է, ինքը 12 կիլո լցվել է, Լենան խաղում է տղաների հետ, իրեն մերժում են …
Հերոսուհին սիրահարված է Վլաձիկին, իսկ Վլաձիկը զգացումներ է տածում բաքվեցի Լենայի հանդեպ: Ու երբ Վլաձիկը հարցնում է Լենայի մասին, հերոսուհին ստում է: Հերոսուհին մերժում է օգնել բաքվեցի Լենային:
Բաքվեցի Լենան ինքնասպան է լինում: Հերոսուհին նրա մասին հուզիչ պոեմ է գրում, որ շատ եմ հավանում: Նրա առաջին տողերն են.
ու վերջապես
արցունքների տակից ուրիշ աչքերով կնայեն իրեն,
ու վերջապես մերը չի մեռնի, հերը չի գժվի,
Լիաննան էլ «քոսիկ» չի գոռա, Վլաձիկը չի թքի վրան,
ու վերջապես տատը չի ստիպի փող բերել տուն,
չեն խփի, չեն թողնի իրեն մեն-մենակ, բոլորով…
Հենց այստեղ է էությունը. չեն թողնի իրեն մեն-մենակ, բոլորով…
Լենան բաքվեցի լինելու, ինքնազոհության, բոյով լինելու, անմիջականության պատճառով բոլորովին միայնակ է, բոլորովին մերժված: Բոլոր այս պատճառները պատահական են թվում, ուրեմն՝ ողբերգական:
Լենան դառնում է պոեմ–ռեքվիեմ, չգիտեմ՝ ավետում Երկրորդ գալստյա՞ն, թե՞ նշում Ապոկալիպսիսի մերձությունը: Կարելի է ավելի որոշակի:
Այն, որ ժամանակակից աշխարհում, որի հիմքը չար նախանձի վրա հիմնված կապիտալիստական մրցակցությունն է, մարդիկ դառնում են անթափանց, ինչպես կողպված դարակներով պահարաններ: Հարցը այն չէ, որ Բաքվեցի Լենան զրկված է, անարդարության զոհ է, անթափանց է, ինչպես կողպված դարակներով պահարանը, այլ որ պատմվածքի շնորհիվ տեսնում ենք՝ այդ փակված հոգին միստիկական գաղտնիքներ կրող է: Առարկայնացված անթափանցիկությունը աշխարհի խավարի մեջ լույս է տալիս, դառնում էպիֆանիա: Այստեղ պատմվածքը զուգահեռներ ունի Ջ. Ջոյսի «Դուբլինցիների» հետ: Այդ պատճառով էլ՝ Լուսինե Շահնազարյանի երևանցիները: