Ստ. Զորյանի «Հայոց բերդը» պատմավեպի կերպարային համակարգը/Անահիտ Կարապետյան

Ստեփան Զորյանն իր ստեղծագործության նյութ դարձրեց 20-րդ դարի առաջին կեսին սոցիալական ու քաղաքական բարդ իրադարձությունների ոլորտում հայտնված հայ մարդու հոգեբանությունն ու ճակատագիրը։ Ազգային գրականության հարուստ ավանդների հիման վրա, յուրացնելով եվրոպական ու ռուսական նորագույն գրականության սկզբունքներն ու մեթոդները, Ստ. Զորյանն ստեղծեց նոր ժամանակների գեղարվեստական պահանջներին համապատասխան արձակ` պատվավոր տեղ նվաճելով 20-րդ դարի հայ գրականության մեծերի շարքում։

Պատմության նկատմամբ Զորյանի հետաքրքրությունը մեծացավ 1930-ական թ.թ., երբ նա գրեց «Սմբատ Բագրատունի» պատմվածքը և սկսեց աշխատանքը «Պապ թագավորի» վրա։ Ստեփան Զորյանը նախ հրատարակեց «Պապ թագավոր» (1944), ապա` «Հայոց բերդը» (1959) և «Վարազդատ» (1967) պատմավեպերը1։

Հայոց պատմության թեմայով Զորյանի գրած առաջին պատմվածքը «Սմբատ Բագրատունին» է, որն ինչ-որ չափով արդեն նախանշում է գրողին առավել հետաքրքրող հարցերի շրջանակը` հայ-բյուզանդական հարաբերությունները։ Նրա պատմավեպերը ևս, հատկապես «Պապ թագավորն» ու «Վարազդատը», արտացոլում են Հայաստանի նկատմամբ Բյուզանդիայի վարած քաղաքականության իսկական էությունը։ Զորյանի երեք պատմավեպերն էլ ներառում են 4-րդ դարը` հայ ժողովրդի պատմության ողբերգական ու դրամատիկ շրջաններից մեկը, երբ Հայաստանը շրջապատված էր ինչպես արտաքին, այնպես էլ ներքին թշնամիններով, որոնք մեծ վտանգ էին հայոց պետականության պահպանման համար։ Պատմավեպերը, լինելով մեկը մյուսի շարունակությունը , ներկայացնում են պատմական դարաշրջանի ամբողջական պատկերը։ Իրականում եռագրության մեջ պատկերված ժամանակը պատմության մեջ սկսվում է Արշակ Բ թագավորից («Հայոց բերդը»),բայց Զորյանը նախ գրեց «Պապ թագավորը»։

Զորյանը պատմությանը մոտեցել է իբրև ռեալիստ գրող, որը գեղարվեստորեն մեկնաբանում է պատմական իրադարձությունները և անում հետևություններ։ Նա ռոմանտիկների նման իր գաղափարների հաստատումը չի փնտրել պատմության մեջ, այլ պատմությունից դասեր է քաղել իր ժողովրդի ճակատագիրը բացատրելու համար։

«Հայոց բերդը» պատմավեպում Զորյանը բացահայտում է Արշակ Բ թագավորի վարած քաղաքականության էությունը։ Հավատարիմ մնալով Փավստոս Բուզանդի և Մովսես Խորենացու հայտնած փաստերին ` Զորյանը բոլորովին նոր` պատմիչների հակառակ տեսանկյունից է մեկնաբանում Արշակի քաղաքականությունը։ Պատմիչները պարսավել են Արշակին չար գործեր կատարելու, ամբարտավանության համար։ Վեպում Զորյանը ցույց է տալիս, որ Արշակը ձգտում էր Հայաստանը դուրս բերել օտարների նվաստացուցիչ ենթակայությունից և դարձնել իսկապես ինքնուրույն ու անկախ մի երկիր։ Բայց ինչպես ցույց է տալիս օրինաչափությունը, նման նախաձեռնության տերերը կործանվում են իրենց իսկ ձգտումների չհասկացվածությունից։

Ստ. Զորյանը «Հայոց բերդը» պատմավեպում հասել է հերոսների կերպավորման արվեստի բացառիկ աստիճանի: Որքան էլ հերոսները գաղափարական են, նույնքան էլ առարկայական ու կենսական են` անկախ տվյալ տեսարանում նրանց գործողությունների ֆակտորի շատ կամ քիչ լինելուց: Նրանք հակադիր հոգեբանական դիրքերում գործող հերոսներ են:

«Կերպարը գրական-գեղարվեստական երկի մեջ հանդես եկող անձնավորություն է, որն ունի բնավորության և վարքագծի որոշակի հատկանիշներ»2 : Կերպարը ենթադրում է մարդկային բնավորության գծերի խտացում, որոնք բացահայտում են նրա անհատականությունը և տիպական նշանակությունը: Գրական երկերում տվյալ կերպարները կերտվում են հեղինակի խոսքի, այլ անձանց բնութագրումների, մենախոսությունների կամ ներքին խոսքի, երկխոսությունների, ինչպես նաև տվյալ հերոսի կատարած գործողությունների միջոցով3 : Այս հնարքների միջոցով էլ կերպարը կերտվում և ամբողջանում է: Հեղինակի խոսքի միջոցով, օրինակ, նկատելի է դառնում վերջինիս վերաբերմունքը իր կերտած հերոսի նկատմամբ, որը երբեմն փոխանցվում է ընթերցողին:

Կերպարը լիարժեք բացահայտվում է նաև ներքին խոսքի կամ մենախոսության ընթացքում, որի դեպքում հերոսը մենակ է իր անձի հետ և լիարժեքորեն անկեղծ: Այս ամենը բնորոշ է գեղարվեստական երկերին առհասարակ:

Ստ. Զորյանի «Հայոց բերդը» պատմավեպի համար առանձնացրել ենք կերպարների հետևյալ բաժանումը. 1) Արշակունիներ (Տիրան, Արշակ Երկրորդ, Տիրիթ, Գնել, Պապ), 2) Նախարարական տան ներկայացուցիչներ (Ներսեհ Կամսարական, Դավիթ Համհունի, Վանանդա տեր Զաքար, Սահակ իշխան, Անգեղյաց իշխանիկ, Մեհրուժան Արծրունի), 3) Մամիկոնյաններ (Վասակ Մամիկոնյան, Մուշեղ Մամիկոնյան, Վարդ իշան Մամիկոնյան), 4) հոգևորականներ (Ներսես Մեծ, Խալդ), 4) Կանանց կերպարներ (Փառանձեմ, Ոլիմպիա), 5) գյուղացիներ (Թորգոմ, Վարազ, Հուսիկ)։

Վեպի կերպարաների բացահայտման գլխավոր ճանապարհը դառնում է նրանց առնչությունը վեպի առանցքային կերպարի` Արշակի հետ։ Վերջինս դառնում է միջոց մյուսների գաղափարներին ու էությանը ծանոթանալու համար։

Վեպի կերպարների քննությունը կատարենք Արշակի հետ ունեցած-չունեցած կապերի առանցքում։ Բացահայտելով Արշակի կերպարակերտման առանձնահատկությունները զուգահեռաբար կներկայացնենք մյուս հերոսների կերպակերտման սկզբունքները։

Արշակ արքայի կերպարը ընթերցողի առաջ բացվում է վեպի հենց սկզբում, երբ Ներսեհ Կամսարական իշխանը իր տանը հրավերք է կազմակերպել հայոց երկրի մեծ թվով իշխանների մասնակցությամբ։ Ահա սկզբից պարզ է դառնում, որ Արշակը կառուցում է մի բերդ, որը բնակեցնելու համար նախարարներից պահանջել է իրենց հողերից մարդիկ տրամադրել։ Նախարարները վրդովված են, որովհետև իրենց հողը, ասել է թե «երկիրը» ժողովրդաթափ է լինում։ Պատճառը մեկն է. Արշակի հրամանը` նախարարների կամոք ժողովուրդ տալու, չի կատարվել, և արքան թույլատրել է բոլոր ցանկացողներին (անհնազանդ ծառաներ, օրինազանցներ, աղանդավորներ, ամուսնալուծվածներ, պոռնիկներ…) գալ, բնակվել Արշակավանում։ Ահա այստեղ է, որ աշխատում է կերպարակերտման սկզբունքներից մեկը` այլ անձանց բնութագրումները տվյալ հերոսի մասին։ Ահա վրդովված Սահակ իշխանը այսպես է բնութագրում արքային. «Ինչքան հեռու արքայից, այդքան լավ։ Արքային մոտ, կնշանակե մահին մոտ»4։ Այստեղ խոսում է ընդգված բացասական վերաբերմունքը արքայի նկատմամբ։ Վեպի սկզբում է, որ տեղի է ունենում հետաքրքիր մի դիպված. Ժողովից հետո Դավիթ Համհունի իշխանը շտապում է իր ամրոց և ճանապարհին նկատում է Կամսարականի ամրոցից փախչող ծառաների երկու խումբ։ Ահա առաջին խմբի մարդիկ վախվորած այն սաստիկ բարկությունից, որ բանեցնում է Համհունին, փախչում են ետ դեպի ամրոց։ Եվ երկրորդ խումբը` երիտասարդ Թորգոմի գլխավորությամբ, չի նահանջում և սպանում է Համհունուն ու սուրում դեպի Կոգովիտ՝ պայծառ ապագայի հեռանկարով։ Ըստ էության խախտվում է դասակարգային պատնեշը` ծառան դառնում է տիրասպան։ Թորգոմն է, որ ցանկանում է իր իսկ ձեռքերով շինած տանը երջանիկ ապրել ապագա կնոջ հետ, բայց և պայքարում է հանուն իր ապագայի։ Առհասարակ վեպի էջերում մերթընդմերթ երևում է ժողովրդական պայքարող տարրը, որի մարմնացումը Թորգոմն է ու նաև պատանի Հուսիկը, որը սպանվածի կողքից վերցնում է սուրը և բաց չի թողնում մինչև վերջ. Այս դրվագով Զորյանը հավատ է ներշնչում մատղաշ սերնդի պայքարող ոգու նկատմամբ (այն, ինչին չեն հասնում ավագները, կփորձեն հասնել նոր սերնդի ներկայացուցիչները)։ Բայց պետք է խոստովանենք, որ Զորյանի վեպերում ժողովուրդն այնքան էլ անսանձ ու ամպագորգոռ չէ, ինչքան Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքում» է։ Այնտեղ ժողովրդի դերը գերագնահատված է։ Ի տարբերություն սրան` Զորյանը գիտի ընտրել ոսկե միջինը։

Բայց Զորյանը հաջորդ էջերում փորձում է ընթերցողի առաջ բացել այս ամենի պատճառահետևանքային կապը և Արշակի կերպարը ներկայացնել առավել կարևոր տեսանկյունից` «Արշակ»-«միաբանության գաղափարի մունետիկ» հասկացությունները դարձնելով հոմանիշներ։

Հաջորդիվ Արշակի կերպարի բացահայտմանը նպաստում է հեղինակային խոսքը, որը Աբովյանական ոճով զրուցելով ընթերցողի հետ, դեպքերի կծիկը ետ է պտտում դեպի անցյալ` մեծամասամբ տալով Արշակ արքայի և Արշակ-մարդու բացահայտումները։

Գործողությունների հետընթացը ապահովելով` Զորյանը Արշակին դնում է ԳնելՓառանձեմՏիրիթ, ապա Տիրիթ-Փառանձեմ-Արշակ եռանկյունուշրջանակում։ Արշակը արտաքուստ ցույց է տալիս, թե դյուրահավատ է. Անսալով Տիրիթի սուտ հավաստիացումներին, թե Գնելը ցանկանում է զավթել հայոց գահը՝ նա սպանել է տալիս վերջինիս։ Արշակը բանեցնում է իր նախընտրած ոճը` հրավիրում է Գնելին իր ապարանք` խնջույքին ու որսախաղերին մասնակցելու համար և դավադրաբար սպանել տալիս նրան։ Ապա իմանալով, որ դա զուտ խարդավանք է` սպանել է տալիս նաև մյուս Արշակունուն` Տիրիթին։ Որոշ ժամանակ անց Արշակը, որ արդեն տարվել էր Փառանձեմով և դարձել էր նրա մխիթարողը, իր կնոջ` Ոլիմպիայի ինքնասպանությունից հետո կնության է առնում իր եղբոր կնոջը՝ երիցս բորբոքելով Ներսես Մեծ կաթողիկոսին իր դեմ։ Բայց Արշակն ավելի քան հաշվենկատ էր, իրեն ձեռնտու էր Գնելի՝ հանգամանքների բերումով մահը։ Արշակը քաջ գիտակցում էր, որ անկախ այն բանից Գնելն իրապես ցանկանում էր զավթել գահը, թե ոչ, գահի իրական տերը կարող էր լինել հենց Գնելը, որովհետև իր մեռած եղբոր որդին էր և Տիրան արքայի սիրելին։ Ահա այստեղ մեր առջև երեք Արշակունի են գծվում. Ասպետական Գնելը՝ երիտասարդ, առույգ, ուժեղ, միշտ ձիու վրա (անգամ մահվան պահին), այս Գնելն էլ հոմերոսյան հերոսների պես ուժ և զորություն է ստանում իր կնոջ` Փառանձեմի հիացմունքից և սիրուց, Խաբեբա և սադրիչ Տիրիթը, որ կուրացել էր Փառանձեմի սիրուց։ Եվ ահա Կուրացած Տիրան արքան , որը առավել լուսանցքային է, նրան հանդիպում ենք երկու դեպքում. մեկ նա Վարդ իշխան Մամիկոնյանին հանգստացնում է , որ նախարարները իր ամրոցում պարզապես հյուր են, և , երբ Գնելն այլևս չկա, և արքան ցանկանում է Գնելի կարոտն առնել Փառանձեմից, բայց Արշակը մերժում է այդ ցանկությունը` այլևայլ պատճառներ բերելով։

Իր թերություններով ու մարդկային թուլություններով հանդերձ` Արշակը հզոր քաղաքական գործիչ ու դիվանագետ էր։ Ստ. Զորյանը ձգտում է տեսանելի և ըմբռնելի դարձնել Արշակի ծավալած գործունեության տրամաբանությունը: Հայոց թագավորը միակն է, որ երազում է ունենալ ազատ ու անկախ, օտարների բռնություններից ու լծից զերծ, նրանց կամքից ու ցանկություններից անկախ ինքնուրույն մի պետություն: Արշակը գիտակցում էր, որ արտաքին թշնամուց բացի կա մի այլ չարիք ևս` հայ ժողովրդի անմիաբանությունը։ Վերջինիս քննադատող նախարարներն ու իշխանները, արքայահայր Տիրանը այս ձեռնարկումը համարում են սնափառության, ինքնիշխանության հաստատման ձգտում, սակայն, ինչպես նկատելի է վեպում, Արշակի երազանքը մեկն է`ստեղծել մի բերդ, որն իր հզորությամբ կմիավորի հայոց նախարարներին և կլինի անխորտակ: «Ապավեն փնտրում են անկարներն ու հիվանդները, բայց ոչ քաջառողջ մարդիկ»5,- ասում է նա և անհրաժեշտություն համարում Կոգովիտում ունենալ մի բազմամարդ քաղաք, որ արևելքից պաշտպանի երկիրը պարսից ոտնձգություններից: Արշակ արքայի համար բերդը իր իսկ արժանապատվությունն է. նա հայրենիքի հզորության գրավականը համարում է միասնականությունը և դրան փորձում է հասնել իր իսկ ստեղծած բերդում։ Եվ ահա բերդի նկատմամբ նախարարների ոտնձգությունը ընկալում է որպես հարված իր դեմ, իր արժանապատվության դեմ ու, քարը քարին չթողնելով, սկսում է պատասխան հարվածները վերջիններիս դեմ։ Սկսվում է այն, ինչից խուսափում, բայց միաժամանակ ակամա ձգտում էին բոլորը` պատերազմ` հայը հայի դեմ բանձևով։ Եթե արյուն, ապա հայի…։ Ցավալի իրականությունը ծանրանում էր Արշակի ու նախարարների ուսերին։ Այս դրվագում է, որ վերստին տեսնում ենք հայոց կաթողիկոս Ներսես Մեծին։ Կաթողիկոսի մասին մենք իմանում ենք թռուցիկ, երբ ներկայացվում է նրա անհաշտությունը արքայի հետ. Ներսեսը չի ընդունում եղբայրասպանությունը, սեփական եղբոր կնոջ հետ ամուսնությունը, քաղաք-անեծքի կառուցումը, և այս ամենին էլ գումարվում է հայասպանությունը։ Փառանձեմի խնդրանքով` Ներսեսը գնում է Արշակ արքայի ամրոցը և հորդորում ավարտել այդ արյունալիճ պատերազմը։ Արշակը, կրկին բանեցնելով դերասանի ու դիվանագետի հմտություններ, ներկայացնում է, որ «համաձայն է հաշտության,եթե նախարարները նույնպես համաձայն են»6։ Եվ Ներսեսը, գոհ ինքն իրենից և համոզված, որ եթե արքան կողմ է, ուրեմն նախարարները կհամաձայնվեն, հաշտեցման մտքին է մղում Կամսարական նախարարներին և մյուսներին։ Պետք է խոստովանենք, որ «Հայոց բերդը» վեպում նախարարների երկու ընդգծված տիպ կա՝ Կամսարականն ու մյուսները, որոնք դժգոհ են արքայից ու նրա վարած քաղաքականությունից, բայց դավաճան չեն։ Եվ մյուս տիպը` Մերուժան Արծրունին, որը ընտրել է բացահայտ դավաճանության ուղին և ետդարձի ճամփա չունի։ Սա այն կերպարն է, որ չկա գործողություններում, ում սակայն սպասում է Ներսեհ Կամսարականը և նրա նամակը կարևորում, և ով մինչև վերջ մնում է բացասականի բարձունքում։ Կարելի է առանձնացնել նաև Անգեղյաց իշխանիկի կերպարը, որ չի բռնում ավագ նախարաների ճամփան, չի մնում նրանց խնջույքին, այլ վերադառնում է` չդառնալով արքայադեմ դավերի մասնակիցը։

Վերադառնանք նախարարներ-արքա հաշտեցմանը։ Նախարարները ի վերջո համաձայնում են ներկայանալ խնջույքին և գտնել հաշտության եզրեր։ Արքայի ամրոցում կազմակերպվում է խնջույք։ Արշակը նախ անում է հետևյալ քայլը. հեռացնում է Վասակ Մամիկոնյանին խնջույքի տիրույթից` ժամանակավոր հանգստի ուղարկելու պատրվակով։ Իսկ Վասակը հեղինակությունն էր հայերի համար, սիրված զորավար, ում կարծիքի հետ հաշվի էր նստում անգամ Արշակը։ Նա ասպետ էր, ինչպես պատմիչների աշխատություններում, այնպես էլ գրական-գեղարվեստական անդրադարձումներում, Վասակը, ըստ Բուզանդի կերտած Արշակի, «ինքը Հայաստանն էր»։ Վասակն է, որ չէր ընդունում հայը հայի դեմ պատերազմը, Արշակին հորդորում դուրս չգալ նախարարների դեմ։ Ու հանկարծ հաշտության պահին արքան հրամայում-հորդորում է գնալ հանգստի։ Հեռատես Վասակը սկսում է կասկածել։ Խնջույքը սկսվել է, բոլոր նախարարները տեղում են, բայց արքան չկա….։ Անհանգստությունը սկսում է պատել նախարարներին, և գինարբուքի ընթացքում մտնում են արքունի զինվորները և կատարում արքայի հրամանը. կոտորում են նախարարներին։ Կոտորածը դադարեցնում է դռների մոտ հայտնված սպարապետ Վասակ Մամիկոնյանը, որը խորապես ցնցված էր իր տեսածից։ Այս ամենի մասին իմանալով` Ներսես Մեծը այս անգամ լիուլի կատաղած հայտնվում է Արշակի մոտ, մեղադրում նրան իրեն անիծյալ դարձնելու համար և վերջնակապես կտրում կապը արքայի հետ։ Արշակը չի ընկճվում կատարվածից, այլ ընդհակառակը՝ հրամայում շարունակել իր բերդի հետ կապված աշխատանքները։ Արշակի դժբախտությունների, նպատակների անիրականանալի լինելու հիմնական պատճառներից է նաև իր չհասկացվածությունը շրջապատի կողմից։ Ահա նա համախոհներ ու վստահելի մարդիկ չունի նախարարների շրջանում, նրան չի հասկանում Ներսես Մեծը, հայրը` Տիրանը, հեգնում է` նշելով, որ Արշակը փորձում է նմանվել Տիգրան Մեծին և մոռանում է, որ Տիգրան Մեծը ուրիշ երկրներից բերված գերիներով էր բնակեցնում Տիգրանակերտը։ Արշակի չհասկացված լինելը շարունակվում է նաև Պապ թագավորի կողմից։ Վերջինս միշտ մտովի կռվի մեջ է հոր քաղաքականության հետ («Պապ թագավոր» 1944)։

Կերպարի ողբերգական ուղին ներկայացնելիս Զորյանը հավատարիմ է մնում պատմական սկզբնաղբյուրներին, ըստ որոնց` Արշակը Շապուհ Երկարակյացի կողմից հրավիրվում է Տիզբոն, բանտարկվում ու անտեղ էլ մահանում։ Վեպում Արշակը թվում է `դյուրահավատ է, հեշտ հավատում է Շապուհի ուղարկած նամակին և մեկնում Տիզբոն, բայց դա քաղաքական անհրաժեշտություն էր` ի նպաստ հայրենիքի և ժողովրդի բարօրության։ Գործում է «մեկը բոլորի համար» սկզբունքը, բայց ավաղ այդ «բոլորը» չեն գնահատում ո՛չ Արշակին, ո՛չ նրա անձանզոհությունները։ Արշակը բացի այս ամենը մի նպատակ ևս ուներ. Մեկնել և վերադարձին իր հետ բերել դավաճան Արծրունուն։ Սակայն իր դրական ձգտումները, որոշ հանգամանքներով պայմանավորված, ունենում են բացասական հետևանքներ։ Վեպում Արշակի կերպարը առավելաբար բացահայտվում է գործողությունների և հեղինակային խոսքի միջոցով։ Վերջինիս չենք տեսնում մենախոսության կամ ներքին խոսքի շրջանակներում, ինչը կերպարի բացահայտումը դարձնում է միակողմանի։ Բայց սա էլ հասկանալի է. Զորյանը խնդիր չի ունեցել պատկերել Արշակի զգացմունքները, ներքին կոնֆլիկտները և առավել ևս պատկերել միմիայն Արշակին։ Նրա խնդիրը «հայոց բերդի» գաղափարը տեղ հասցնելն է, և Արշակը լրացնում է այդ գաղափարը։ Դրանով է պայմանավորված, որ վեպի գործողությունները շարունակվում են նաև Արշակի բանտարկությունից հետո։ Գործողությունների տարածական շրջանը նեղանում է, ներկայացվում են դեպքերը Արտագերս ամրոցում, և կերպավորվում է հայկական «Հեղինեն»7 ` Փառանձեմը։

Փառանձեմի կերպարին (նշենք, որ Զորյանը ի սկզբանե մտադրված էր վեպը կոչել ի պատիվ Փառանձեմի, բայց մտադրությունը չի իրագործվել) ծանոթանում ենք նրա գեղեցկության թողած տպավորություններով։ Վարդ իշխանը, որ մեկնել էր Գնելին այցի, տեսնում է Փառանձեմին ճերմակ հագուստի մեջ և իրեն կորցնում։ Թեպետ բացահայտ ցույց չի տալիս, բայց մտովի ապրում է նրա գեղեցկությամբ։ Փառանձեմն այն աստիճան գրավիչ է, որ եղբորը եղբոր դեմ է հանում` Տիրիթին դարձնելով եղբայրադավ։ Փառանձեմն կախարդիչ է անգամ ողբի ժամանակ, սգահանության 40 օրվա ընթացքում նա դառնում է Արշակի ապավենն ու զորավիգը. նրա խոսքերը, խելացի դատողությունները թև են տալիս Արշակին։ Վերջինս համեմատում է Օլիմպիային ու Փառանձեմին։ Օլիմպիան սառն է իր շուրջը կատարված դեպքերի հանդեպ։ Արշակն իր մտքում աստվածացնում է Փառնձեմին։ Հետաքրքիր է, որ Զորյանը Փառանձեմին ազատել է պատմիչների կողմից ստեղծած բացասական փոշուց։ Հիշենք, որ Բուզանդը իր «Պատմության» մեջ ներկայացնում է, թե ինչպես է Փառանձեմը իրեն մրցակից Ոլիմպիսյին թունավորում։ Իսկ ահա Զորյանը փոխում է եղածը. Փառանձեմը հայտնվում է Արշակի կյանքում Օլիմպիայից հետո, և վերջինս ինքն է թույն խմում և ինքնասպանություն գործում։ Վեպի ողջ ընթացքում նկատելի է, որ Փառանձեմն է Արշակի միակ ապավենը։ Նա է, որ զգում է մոտակա վտանգը և չի մեկնում Տիզբոն։ Բայց դա միայն չի վերագրվի կանացի ինտուիցիային միանշանակ։ Շապուհը հրավիրում է, և հայոց թագուհին իրավունք չուներ չգնալու։ Պետք է չմոռանանք մի փաստ, որ Փառանձեմի և Արշակի միասնությունը հայոց եկեղեցին չէր օրհնել, հետևաբար Փառանձեմը ուներ իրավունք չգնալու։

Հայոց թագուհին մնում է հայոց աշխարհում և ամրացնում իր ամրոցը։ Նա է, որ Վասակի փոխարեն հայոց սպարապետությունը հանձնում է նրա որդուն` Մուշեղ Մամիկոնյանին։ Վերջինիս հետ կապված չմոռանանք հիշել այն դիպվածը, որ նա ազատ է արձակում Շապուհի կանանոցը, որովհետև իրեն իսկական տղամարդ համարելով, չի ցանկանում քենը լուծել կանանց հետ։ Մուշեղը Բուզանդ պատմիչի սիրելի սպարապետներից էր` միշտ մարտի դաշտում և զենքը ձեռքին։ Փառանձեմը, զգալով մոտալուտ վտանգը, ուղարկում է Մուշեղին Բյուզանդիա, որպեսզի Պապին ուղեկցի, և վերջինս դառնա հայոց թագավոր։ Փառանձեմը դառնում է հայ կնոջ իդեալ` պայքարող, քաջ, հավատարիմ, չընկճվող։ Նա կնոջ այն տեսակն է, որը անհրաժեշտ էր հայ ազգին իր գոյության բոլոր ժամանակներում, կին, որ սովոր չէր խեղճության։ Պատվով ու մեծ հմտությամբ նա պահում է իր Արտագերսը, և մինչև վերջ էլ դա կշարունակվեր, եթե դավաճան Հայր Մարդպետը գաղտնի ելքի գտնվելու վայրը չհայտներ պարսիկներին։ Եվ հայոց թագուհին հայտնվում է պարսիկների ձեռքում։ Ու ի՞նչ պետք է աներ նա՝ կամ բռնել անպատվության ուղին, կամ…. Եվ նա ընտրում է պատվաբեր ուղին ու ինքնասպան է լինում` իրեն ժայռից ցած նետելով։ Կերպարի քննության համար չմոռանանք նաև ներկայացնել այն փոքրիկ հատվածը, որտեղ Փառանձեմը, խոսելով արքայի հետ, խնդրում է իրենից հեռու մնալ, քանզի փոքր հասակից իրեն ասել են, որ նա չարիք է բերելու շրջապատին ու իր կողակցին։ Փառանձեմը գլխավոր միջոցն էր վեպում հետևելու Արշակի հույզերի զարգացմանը։ Նա օգնում էր բացահայտելու Արշակ մարդ-տղամարդուն:

Իսկ ի՞նչ է լինում գաղափար-կերպարի` Հայոց բերդի հետ. Պատմավեպի վերջնամասում կարդում ենք. «Իսկ ի՞նչ եղավ հայոց բերդը: Պարսիկները նահանջի ճանապարհին իրենց ողջ կատաղությունը թափեցին Արշակավանի վրա և ավերեցին այն հիմնահատակ»8: Արշակի բոլոր ջանքերն ու գաղափարները կլանած ավանը անխնա քանդվում ու ոչնչացվում է թշնամի պարսիկի ձեռքով: Այն, ինչ ամիսներ առաջ չհաջողվեց արքայի դեմ թշնամացած հայերին, իրագործեց արտաքին թշնամին` առանց որևէ դժվարության ու խոչընդոտի, քանի որ ներքին թշնամանքից ծնված աղետներն արդեն հարթել էին պարսիկի ճամփան:

Որքա՜ն խոսուն է պատմավեպի ամփոփիչ միտքը. «Եվ այդ օրվանից հայոց բերդը մնաց անավարտ»9: Սա պարզապես վիպական գործողությունների ընթացքն ամփոփող հասարակ միտք չէ, այլ անասելի ցավով, ափսոսանքով ներծծված ողբերգական ճշմարտություն: Հայոց բերդի անավարտությունը անխախտ վկան է մեր ազգային միասնական կամքի, հայրենյաց շահի գիտակցման և թշնամու դեմ համախմբման անավարտության: Սա այն կտակն է,որ Արշակը թողնում է Պապին, բայց արդյունքում Հայոց բերդը` հայ ազգի միաբանությունն ու ինքնուրույնությունը, մնում է ավերակ նաև Պապի գահակալության շրջանում և նրանից հետո եկած ժամանակներում։

Այսպիսով` Հայոց բերդի կառուցմամբ Արշակը փորձում էր կառուցել իր ինքնուրույն ճանապարհը` հրաժարվելով ընտրել ավանդական դարձած պարսկական կամ բյուզանդական ուղիներից որևէ մեկը: Բայց կրկնենք, որ այդպիսի անհատները դառնում են չգնահատվածության զոհ։

1 Տե՛ս Ս. Աղաբաբյան, Սովետահայ գրականության պատմություն, հատոր 3, Եր., 1986, էջ 439։

2 Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, Գրականագիտական բառարան, Եր., 1972, էջ 142:

3 Տե´ս Նույնտեղում, էջ 143:

4 Ստ. Զորյան, Հայոց բերդը, Եր., 1982, էջ 22։

5 Ստ. Զորյան, Հայոց բերդը, Եր.,, 1982, էջ 231:

6 Տե՛ս նույն տեղում…. էջ 346։

7 Հեղինե- հոմերոսի «Իլիականի» գեղեցկուհի հերոսուհին, ում պատճառով ազգերի միջև պատերազմ բռնկվեց և կործանվեց Տրոյան։

8 Ստ. Զորյան, Հայոց բերդը, Եր.,, 1982, էջ 541:

9 Տե՛ս նույն տեղում, էջ 541։

Please follow and like us: