Գևորգ Թումանյան/հիվանդասենյակ 1008

***

չնայած ցավերին
ինձ լավ եմ զգում
ախորժակս տեղն է
փսխումներ չունեմ
սրտխառնոց չկա
նույնիսկ մի քանի օր առաջ
հեծանիվ էի քշում
հիմա էլ կքշեի
բայց հեծանիվս տանն է մնացել
համ էլ հիվանդանոցում
երևի թույլ չտան
բայց թե հարմարցրինք
մի քանի բաժակ օղի թալեցինք
բժիշկն ասաց
որովայնի խոռոչի ամենածանր
վիրահատություններից է լինելու
հետվիրահատական հավանական բարդություններով
կտևի յոթից ութ ժամ
քերելու-հանելու են անհարմար դիրքում
բուսնած բոբոլին
նոր արահետներ
ճանապարհներ են գցելու
որոշ բաներ ձգելու են
որոշ բաներ կտրելու
ափսոս
երազներ չեմ տեսնելու
և չեմ միջամտելու ընթացքին
ինչ ստեղծագործական
պահեր եմ բաց թողնելու

***

էս ինչ
աններդաշնակ ու անարվեստ են խռմփացնում
հիվանդասենյակի ընկերներս
հեչ չեն մտահոգվում
որ դիմացի պառկածը
կարող է իր վերջին գործերն է գրում


***

մայրս
ութսուն տարեկանում մահացավ
գիշերը քնեց
և չզարթնեց
քույրերս մեծ էին
լաց էին լինում զուսպ և հավասարակշռված
զոքանչս ջահել մահացավ
քսան տարի միայն տանջվեց
վերջին ամսում
վիրահատություն տարավ
ընթացքում վարակվեց քովիդով
կինս և քույրերը
լաց էին լինում ինքնամոռաց
սրտակեղեք
կինս շարունակ էր ողբում
առանց ինքն իրեն կառավարելու էր սգում
ուշագնաց լինելու աստիճան
գլուխը ցավից բռնելով
դագաղը գրկելով էր լալիս
հիմա
էդ պատկերից սարսափած
հեչ չգիտեմ անելիքս
հաստատ ելնելու է դագաղիս վրա
դոշերս հավաքելու է
ու կողկողագին բղավելու
ինչու ինչու
ախ ինչու

***

հարկի
պատերին փակցված
անարվեստ բոլոր լուսանկարները
մի քանի անգամ նայեցի
վերելակով զվռնելու
տեղական բոլոր ռեկորդները խփեցի
հոգնա անող
մայրապետերին սիրաշահեցի
քույրերի հետ բարիդրացիական կապեր հաստատեցի
վաղը
կպառկեցնեն վիրահատական սեղանին
ձեռքերս կխաչեն
ոտքերս փաթաթաններով ամուր կկապեն
գլխիս գլխանոց կանցկանեն
կանզգայացնեն
ու նշտարով աստվածային մարմինս կբացեն

***

վիրահատարանում
աշխատանքային եռուզեռ էր
բուժքույրերը գործիքներն էին նախապատրաստում
բժիշկները հանդերձավորվել
հեռախոսներն էին քչփորում
ոչ մի հարց չտվեցին
գոտեպնդող խոսքեր չասացին
ողջությունս չհարցրին 
իրենց համար մարմինս
սովորական 
շատ սովորական միս էր
դեղերի 
արյան անդուր հոտերով
սառը սառը վիրահատարան
ինձ դիմավորելու համար
ոչ մի նախապատրաստական ճիգուջանք
թափված չէր
ոչ մի գնով
ստեղծագործական խթանիչներ
ստանալու համար նույնիակ
այստեղ այլևս չեմ վերադառնա

***

վիրահատությունից հետո
որոշեցի թողնել ծխելը
ահավոր հազում էի
բժիշկս վախեցավ
թե մոտս թոքաբորբ կսկսվի
այնինչ պատճառը
հետո հասկացա
քիթ-կոկորդովս մինչև ստամոքսս տարած
փողրակն էր
կնոջս ասել էր
խորխից ազատվելու համար
ինձ անվասայլակ նստեցնի
և իջեցնի ներքև ծխելու
վիրահատության ժամանակ
ստիպված լեղապարկս էլ էին հանել
ու մարմնիցս երեք պարկեր կախված
փողրակը քթիս որպես կնճիթ սերտաճ
կինս անվասայլակը պատեպատ խփելով
ինձ իջեցրեց ծխելու
թութը
թութը
իմ սիրած թութն էր արդեն հասել
և ճնճղակաչափ ինչ-որ թռչուններ
աղմուկ-աղաղակով գզում էին
հիվանադանոցի դիմացի թթենին
և ես չէի կարող
և ես գոհ էի

***

սննդակարգ
կյանքիս մեջ էի ես էսքան սպանախ կերել
կյանքիս մեջ էի ես էսքան բլղուր կերել
կյանքիս մեջ էի ես էսքան յոգուրտ կերել
կյանքիս մեջ էի ես էսքան կաթնաշոռ կերել
կյանքիս մեջ էի ես էսքան հնդկաձավար կերել
չէ կերել էի
թթվասեր էլ բրինձ էլ
կարտոշկա էլ հավ էլ կերել էի
կյանքիս մեջ էի ես էսքան ուտելուց խոսել
ու շարունակ սոված մնացել
կյանքիս մեջ էի ես էսքան չխմել

Please follow and like us: