1.Ֆեյսբուքյան օրագրություն
Հիմա քեֆ անելն ավելի ազնիվ է թվում, քան կիսատ բան ասելը։ Ավելի լավ է հատուկ ձև անել ու վրան գրել «Ձև», հատուկ միմոսի դիմակ դնել… Թե չէ բոլոր խոսքերը տարբեր քիմքերի հարմար PR-ային դյուրամարս ուղերձների ՉԱՓի են թվում ամենաշատը, թեկուզ անզորությունից, թեկուզ ծանր հաշտեցումից կամ վստահությունից, թեկուզ հնարավոր առավելագույն ջանքից, թեկուզ խորը կատաղությունից բխեն։ Իսկ քաղաքական գործչի «Չգիտեմ»-ի նման հանձնառո(՞)ւ «Չգիտեմ» ասել չես կարող…
Հունիսի 9
-Մա՛մ, ես առաջ չգիտեի, որ ՍՊայդԸՌ մեն չկա, որ ՍՊայդԸՌ մենի դերասան կա, որ Լեզվավոր չկա, որ Լեզվավորի դերասան կա, որ Խալկ չկա, որ Խալկի դերասան կա, որ ՍուպեՌ մեն չկա, որ Սուպեռմենի դերասան կա… #Միհրաներեն
Հ.Գ. Որ տղայիս հերոսներն իրական չեն, իրական են միայն նրանց դերասանները, ես էի մի անգամ ասել։ Տպավորիչը երկար ու սահուն հակադրությունների շարքն էր, որ մի շնչով ասաց, ոնց որ լուրերի թողարկում… #ԳրեթեՔաղաքական #Քաղաքականությանէսթետիկան
Հունիսի 9
Եթե իմանայի, որ կարող եմ հիմա ինչ-որ քիչ թե շատ իմաստալից բան ասել, գուցե ամեն ինչ էսքան պարզունակ ձևով չհանգեր ուղղակի ինչ-որ բան ասելու փուչ ցանկությանը։
Մայիսի 27
Պե՞տք է արդյոք հայտարարել, որ ամեն օր որոշում ես լռել։ Մի կողմից` էլ ինչ լռել, եթե խոսում ես, մյուս կողմից` եթե չհայտարարես, լռությունդ սոցիալական իմաստ չի ստանա։ Ուրեմն` հայտարարելով լռել, երբ «բայց»-եր շատ ես տեսնում, հետն էլ գիտես, որ չտեսածդ «բայց»-երն էլ ավելի շատ են… Խոսքն իմաստ ունի, եթե լռությունն էլ իմաստ ունի։ Ուրեմն` երևի հայտարարելով լռել։
Մայիսի 20
Երբ ոչ մի լուրջ բան ասել չես կարող, մի բան, որ ծաղրածուական-ցուցադրական ու մանիպուլյատիվ կամ առնվազն կիսատ չլինի, որ հեշտությամբ չպարզեցնի, որ համարժեք լինի իրավիճակի բարդությանն ու միևնույն ժամանակ ինչ-որ արժեքավոր պարզաբանում պարունակի․․.
Մայիսի 13
Շուշիի մասին հեշտ բան ասել չեմ կարող…
Մայիսի 8
2․ Էսթետիկա, (և) որ խոսքն իմաստ ունենա
Ինչո՞ւ էսթետիկա։ Շրջանակային թե զուգահեռ ըմբռնում, որ զուգահեռությամբ դաշտի պատկեր կստեղծեր։ Էսթետիկա համատարած քաղաքականության ժամանակ։
Բայց
Բայց ես գուցե միայն առիթի էի սպասում, և դա ինձ ազնիվ չի թվում։ Նաև ոչ ճշգրիտ է թվում։
Գրելու ինձ մղում է ինչ-որ ուժգին էսթետիկ ապրում այս ամբողջ ընթացքում։
Բայց գուցե հենց այդ էսթետիկ լարումս եմ տարածում այս իրավիճակի վրա։
Մեր իրականության (առանձնա)հատկությունը․ համատարած աննշանակյալ նշանակիչներ, հետևաբար նաև մետաֆորի հեշտություն։ Հակառակը հաջող մետաֆորի՞ էսթետիկան է։
էսթետիկան, որ հաջող մետաֆորի չի՛ հանգում։ Ինքն իրեն մտածելը՝ որպես մետաֆորի հետհամ։ Հետհամի էսթետիկան։ Էսթետիկան՝ որպես մնացորդ․ այն, ինչ մնում է պակաս կամ ավելանում է։
Բոլորը մեկնաբանում են։ Երբ իսպառ բացակայում է մեկնաբանության բացակայության էսթետիկան, այլասերվում է քաղաքացիականության պաթոսը։
Բայց
Բայց ես այստեղ դիմեցի այս հասկացություններին այնպես, կարծես դրանք չափելի լինեին։
Ես չքննարկեցի դրանց գործնական դիրքավորման հարցը։
Ֆեյսբուքյան որևէ բանավեճի մասնակցելիս սարսափելի դատարկության զգացողություն է մնում միայն, որովհետև դրանք գրեթե միշտ առնվազն անհետևողական են։ Ես այսօր ջնջեցի իմ մասնակցությունն այդպիսի մի բանավեճից։
Բայց
Բայց էսթետիկան բացարձակ չէ։ Մի շարք կարևոր առումներով լավ է, որ էսթետիկան միայն իմ գայթակղությունն է։
Բայց
Բայց ես հավակնում եմ կարևոր բան ասած լինել։
Ոչ մի համակարգ չեմ փնտել, որի մեջ տեղադրեմ իմ ոչ բացարձակ մտահանգումը։
Բայց
Ես սկեպտիկ (չ)եմ։
Նման դատողությունները կլրջացնեին մեզ։
Բայց
Բայց մենք հիմա ժամանակ չունենք։
Իմ դատողություններում չի քննարկվում ազնիվ ցասումների հարցը։
Բայց
Բայց ես հարցերի աստիճանակարգ չեմ կազմել և գոնե առայժմ խորությամբ չեմ մտածել նման աստիճանակարգի անհրաժեշտության/կարելիության հարցը։
Ես ազատ չեմ այստեղ էսթետիկ լինելու հոգսից։
Բայց
Էսթետիկայի մասին հոգսն այստեղ տեղին չէ։
Բայց
Իմ գրածն էսթետիկայի մասին հիմնավոր մտահոգություն չէ։
Ես շատ ցավոտ եմ զգում իմ գրածի բազմաթիվ սահմանափակություններ, բայց այդուհանդերձ գրում եմ։
Բայց
Այդուամենայնիվ, հավանաբար իմաստ չունի գրելու ցանկությանս հակադրվելը։
Իմ մտադրությունն անորոշ սոցիալական նպատակ ունի։
Բայց սոցիալապես կոնկրետ չէ։
Բայց ես հավանաբար հենց այստե՛ղ կուզեի դնել սոցիալապես կոնկրետի հարցը։
Ես ուզում եմ «Ո՛չ» ասել բոլոր տեսակի կարգախոսներին։
Բայց սա հավանաբար այս պահին սոցիալական դիրք չէ։
Բայց
Հաջորդ (այսինքն՝ այս) հակաճառությունս չի վերաբերում դիրքի՝ ոչ անհրաժեշտաբար սոցիալական լինելուն կամ պասիվ սոցիալականության հնարավորությանը։ Ավելի հավանական է այն, որ ես չգիտեմ՝ ինչպես հակաճառել սոցիալականության բացակայության իմ քննադատությանը, և չգիտեմ էլ՝ ցանկանում եմ դա, թե ոչ։
Սա գուցե ելման դիրքին անուն տալու քայլ է։ Հուսահատության դրսևորում է կամ հույսի։ Միշտ դրական կամ բացասական նշան ունի։ Առավել կարևորը վերջինն է։ Այսպես գրելը բոլոր պահերին կիսատ է թվում, բայց սա հավանաբար իսկապես վերականգնելու ժեստ է։
Այսօր շրջող քաղաքականությանը հետևում եմ մինչև այն պահերը, երբ այն հուսահատեցնելու ու կատաղեցնելու չափ տափակ է դառնում։ Իսկ այն բոլոր կողմերից այդպիսին է դառնում։ Ինչ-որ բաներ խելամիտ են թվում երբեմն, բայց ես կարծում եմ, որ առնվազն բավարար չափով հասկանում եմ միայն այն ժամանակ, երբ կարող եմ տվյալ բանի մասին հոդված գրել։ Ես չեմ կարող հոդված գրել քաղաքական թնջուկների առարկա հարցերի մասին։ Ես համակարգ եմ ուզում։
Բայց
Ես համակարգ եմ ուզում։