Արդեն մեկ ամիս կլիներ, եթե ոչ ավել, տեղյակ չէինք՝ ուր է հայրս։ Զարմանալի հանգիստ էր մայրս, բոլոր հիվանդանոցներն ու բարեկամներին զանգահարել էր՝ հայրս չկա՛ր, բայց մայրս հանգիստ էր։ Գուցե պարզապես մեզ ցույց չէր տալիս ներքին անհանգստությունը։ Հայրս անգլերենի ուսուցիչ էր, մեկ ամիս կլիներ՝ դասերը բաց էր թողել…
Դասարանի տղաներից մեկը մարտական «դիմշաշկա» էր բերել դպրոց, տղաներով իջել էին դպրոցի նկուղ ու վառել։ Ահավոր ծուխ էր կապել երկու մասնաշենքն էլ, բայց փոքրերի մասնաշենքը լրիվ ծխի մեջ էր։ Երեխաներն ու ուսուցիչները վախեցած դուրս էին վազել դպրոցից։ Առաջին դասարանցիների դասվարը փակել էր դասարանի դուռը երեխաների վրա, ասել՝ խելոք նստեք, հիմա տեսնեմ՝ ինչ է կատարվում, գամ: Ընդհանուր իրարանցման մեջ մոռացել էր երեխաներին, էդպես փակված թողել դասարանում։ Երբ դուռը բացել էին, երեխաները շատ վախեցած էին եղել։
Ուսմասվարը թունավորվել էր ծխից… Շտապօգնություն, իրարանցում, աղմուկ-աղաղակ․․․ Կռիվ-կինո էր հիշեցնում դպրոցի բակը, իսկ ինչ-որ տեղ, ոչ շատ հեռու Երևանից, զուգահեռ իրականության մեջ իրական պատերազմն էր։
Մի օր մեր դուռը թակեցին, զինվորական հագուստով անծանոթ երիտասարդ էր, մոտ քսան տարեկան։ Պարզվեց՝ հայրիկիցս նամակ է բերել։ Կարծես հարյուր տարվա ծանոթ լիներ, բոլորիս անգիր գիտեր, հայրս շատ էր պատմել մեր մասին, գիտեր՝ մեզնից ով ինչ նախասիրություններ ունի։ Այդ օրն իմացանք, որ հայրս կամավոր մեկնել է սահման։
Յոթերորդ դասարան էինք: Ես ու ընկերուհիս քիմիայի դասից փախանք: Չէինք սիրում ուսուցչուհուն, դասի փոխարեն ինչից ասես կխոսեր՝ աղջկա օժիտից մինչև հարսի գիշերանոցը։ Էդպես էլ քիմիա չսովորեցինք, գնահատականները կարող էր երգացնելով նշանակել։ Մի խոսքով, ընկերուհուս հետ դասից փախել էինք ու եկել դպրոցի կողքի՝ Երկրորդ մասիվի այգին, որտեղ մանկական սրճարան, պեռաշկիանոց ու կարուսելներ կային, իսկ ծառերն արդեն կտրվել էին, արդեն այգի չկար, մերկ արահետներ ու նստարաններ էին:
Զբոսնում էինք, մեզնի քիչ հեռու կանգառն էր։ Մոտակա նստարանին երեք աղջիկ էին նստած, կարծում եմ՝ արդեն ուսանողուհի, գուցե տասներորդցիներ: Մի երիտասարդ կանգառի կողմից շնչակտուր վազեց դեպի այդ աղջիկները, հետևից երկու հոգի՝ ավտոմատներով.․․ Կրակահերթ… Տղան փլվեց բառացիորեն աղջիկների վրա․․․ Հետևից վազելով եկան, թևերն ընկան ու քարշ տվեցին կանգառ, որտեղ մի «06» մակնիշի, առանց համարանիշերի մեքենա էր կանգնած: Աղջիկները շոկի մեջ գոռում էին։ Մենք սառած կանգնել էինք… Այյդ օրը որոշեցինք այլևս դասից չփախչել։
Վեց ամիս անց հայրս եկավ արձակուրդ… Պատմեց՝ ինչու չէր զգուշացրել։ Լսել էր, որ կամավորագրվում են՝ Արցախ մեկնելու, գնացել էր, գրանցվել, հերթագրել ու ասել էին՝ մեկնելուց առաջ կթողնենք, կգնաք տուն, տնեցիներին հրաժեշտ կտաք։ Տանը բան չէր ասել, մտածել էր՝ գնալուց առաջ կասի, որ մորս անհանգիստ սպասման մեջ չպահի, բայց կանչել էին այլ հարցով ու էլ տուն չէին ուղարկել, հագուստ ու զենք էին տվել, ասել էին, որ ուշ է, չեն կարող տուն գնալ, պետք է մեկնեն, ու երեք տանկով քշել էին Ղազախի «պոստեր»։
Էնտեղ ջրային տնտեսություն կար, հենց այդ տնտեսության շենքում էին տեղակայվել իրենց ջոկատով։ Ջրային տնտեսության շենքի դիմաց, մոտ հիսուն մետր հեռավորությամբ ադրբեջանական ոստիկանության շենքն էր, որն արդեն հենակետ էր դարձել։ Հայրս պատմում էր, որ հենց հաջորդ օրն իսկ Իջևանի մարզային քարտուղարը՝ Ջեմմա Անանյանը, եկել էր խնդրանքով, որ չկրակեն, ադրբեջանցիների հետ կռվի չբռնվեն, իրենց համար խնդիրներ չստեղծեն, իրենք խնդիրներ չունեն հարևանների հետ…
Իսկ զուգահեռ իրականության մեջ երեւանյան իննսնականներն էին․․․ Հեռուստացույցով շատ քիչ էին խոսում պատերազմից ու Արցախից, շուրջս քչերը գիտեին՝ ինչ է կատարվում երկրում։ Փոխարենը մեր հարևան բժշկին ցույց տվեցին՝ կապված, ծեծված, որն այդ օրը երրորդ մասիվի հիվանդանոցում հերթապահ էր եղել: Մի թմրամոլ թմրանյութ էր գողացել․ զենքի սպառնալիքով կապել էր բժշկին և ստիպել իրեն մեծ քանակով մորֆին տալ: Հետո հարեւանները խոսում էին, որ բժշկի կազմակերպածն էր, իրականում վաճառել էր հիվանդանոցին հասանելիք մորֆինը:
Անցավ մեկ, գուցե երկու տարի: Շենքում հայտնվեց մի աղջնակ, ինձ տարեկից, Օֆելի անունով: Շատ արագ մտերմացավ բակի երեխաների հետ։ Հիշողությանս մեջ մխրճվել է իր հնդկական երգով ու պարով․ 90-ականներին շատ մոդա էր հնդկական երգ ու պարը: Օֆելին քույրիկ ուներ՝ Ռուզաննան, շքեղ, գանգուր մազերով, մոտ 13 տարեկան աղջնակ։ Իսկ մայրը՝ Ջեմման, վաճառական էր, ով արդեն շենքի որոշ կանանց գումարներ էր պարտք՝ տարբեր չափերի: Սկսվեցին խոսակցությունները, թե ում տուն է գալիս և ինչպես հայտնվեց մեր շենքում այդ Ջեմման… Իմացանք, որ մեր վերևի՝ կապկպված ու թմրանյութ վաճառած բժշկի սիրուհին էր։ Ասում էին, որ բժշկին շանտաժի է ենթարկում եւ շանտաժով շարունակում է մնալ թե սիրուհին, թե փող կորզել։
Մի ուրիշ գեղեցիկ օր, իսկ էդ տարիքում ամեն ապուշ օր գեղեցիկ է, ես ու ընկերուհիս բակում խաղում էինք, երբ փողոցից դեպի մեր շենք թեքվեց մի սև 24/10 մեքենա, մեջից դուրս եկան երկու հաղթանդամ տղամարդ, երկուսն էլ երկար, սև վերարկուով, նրանցից մեկը դեպի շենք բարձրացող Ռուզաննայի երկար, գանգուր հյուսքից բռնեց, գետնով քարշ տվեց ու մտցրեց մեքենան։ Սև մեքենան սլացավ արագ ու անհետացավ, ոնց հայտնվել էր, կարծես չէր էլ եղել:
Հաջորդ օրը շենքում լուրեր տարածվեցին, պարզվեց, որ այդ մարդիկ Ջեմմայի պարտատերերից էին, գումարի փոխարեն «զալոգ» էին տարել աղջկան…
Մի օր Օֆելին կորավ մեր շենքից, ինչպես հայտնվել էր: Հետո լսեցինք, որ Ջեմմային նստացրել են․ պարտատուները դատի էին տվել:
Շատ տարիներ անց, բժշկի անունն էլի դատական գործով հնչեղություն ստացավ, արդեն 2000-ականներին: Սխալ դեղատոմս էր նշանակել, մահացությամբ ելք էր եղել, երկար դատեր, կաշառքով փակված գործ… Սե լյա վի…
Հորս ջոկատի, ՀԱԲ-ի (Հայոց Ազգային Բանակ) տղաները հաճախ էին գալիս մեր տուն այդ մութ ու ցուրտ օրերին: Նստում էի նրանց կողքն ու այնքան էի հարցեր տալիս պատերազմից, մինչև մերոնք տղաներին փրկելու համար ինձ ուղարկում էին քնելու: Մրոն Աղվանստանում էր ծառայել, հումորի կտոր էր, գալիս էր, նստում կողքս, հետս մյուս տղաների հոգին ուտում:
Արմենն ու Կարենը գերի էին ընկել, Արմենին հրամանատարը կարողացավ փոխանակել ադրբեջանցի գերիների հետ, իսկ Կարենին տարել էին Բաքվի բանտ արդեն: Տղաներն ամեն ինչ անում էին, բայց երկու տարի տևեցին նրան գերությունից ազատելու ջանքերը:
Պատերազմն ավարտվեց, տղաները չդիմացան ՀՀՇ-ական ճնշումներին ու անարդարությանը եւ մեկնեցին երկրից՝ ով ՌԴ, ով Եվրոպա։