Լուրն անցավ խրամատից խրամատ։ Գյուղում թուրքի պառավ էր մնացել։ Զինվորները կատակում էին, միմյանց խորհուրդ տալիս՝ գիշերը ծոցը մտնել տաքանալ։ Անձրևները զզվեցրել էին։ Խրամատում ցուրտ էր։ Ջրախառն ցեխը կոշիկների մեջ լփլփում էր։ Գրաված գյուղի տներից վերմակ, դոշակ էին բերում, գցում խրամատների հատակին, որ գոնե մի քանի ժամ ցեխաջրից պաշտպանվեն։ Պառավի տուն մտած զինվորը պատմում էր, թե ինչպես տեղաշորը վերցնելիս ձեռնափայտով խփեց ձեռքին։ «Հետը ծանոթացել եմ, – ծիծաղից խեղդվելով ասում էր, – կարող եմ խոսել գիշերվա համար»։ Յուրաքանչյուր պահի կարող էին զոհվել, ցրտից ատամն ատամի վրա չէր ընկնում, օրերով հացի երես չէին տեսնում, բայց չնչին բանից, փորները բռնած, ծիծաղում էին։
Հրամանատարը կարգադրեց մի հարմար տուն գտնել վառարան դնելու, մշտապես թաց գուլպաներն ու հագուստը չորացնելու, մինչև խրամատ հասնելը, սառած ճաշը տաքացնելու համար։ Դիրքերին ամենամոտիկը պառավի տունն էր։ Հրամանատարը, երկու զինվորների հետ, գնաց տեսնելու։ Անընդհատ հրաձգություն էր գնում։ Ականանետերը խփում էին խրամատներին։
– Զգույշ եղեք, պարոն հրամանատար, – խրամատներից գլուխները դուրս հանելով, կանչում էին զինվորները, – ասում են էդ տանը մի պառավ կա, տղամարդկանց բռնաբարում է։
Երբ ներս մտան, պառավը դեռ նստած էր անկողնում։ Սկսեց փայտը ճոճել ու հայհոյել։
– Քեզ ոչ ոք ձեռ չի տա, – ասաց հրամանատարը։
– Տարիների քրտինքով արած– դրած տեղաշորս տարաք, անիծվեք դուք։ Գյուլլի բաժին դառնաք։
– Ձայնդ, այ պառավ, – սաստեց զինվորներից մեկը։
– Չգիտե՞ս, որ պատերազմ է, – ծիծաղելով ասաց մյուս զինվորը, – եթե քեզ լավ չպահես, կպատժենք։
–Պատերազմն ինձ հետ գործ չունի, – չէր հանգստանում պառավը, – ես վաղուց իմ հաշիվները փակել եմ բոլոր պատերազմների հետ։
Մինչ զինվորները վառարանն էին վառում՝ պառավն անընդհատ անիծում էր։
– Ա՛յ պառավ, – չհամբերեց առաջին զինվորը, – ձենդ կտրելու ե՞ս, թե չէ։ Ի՞նչ ես անելու տեղաշորը։ Քեզ մի անկողին է պետք, ունես։ Դու արդեն ոչ մեկի պետք չես։ Նույնիսկ հարազատներդ թողել փախել են։
– Ոչ ոք էլ ինձ չի թողել, – բարկացավ պառավը, – ես եմ մնացել։ Ես իմ տնից ոչ մի տեղ չեմ գնա։ Չեմ լքի իմ տունը։
Անձրևները չէին կտրվում։ Զինվորները հերթով գալիս էին, չորացնում հագուստը, տաքանում։ Պառավն անընդհատ փնթփնթում էր, աչք պահում ամանեղենի, գդալների ու մնացած իրերի վրա։ Այնուամենայնիվ զինվորներից մի քանիսը հայտնաբերել էին նրա սննդի պահուստը։ Մի քանի օրից ստիպված էին իրենց օրապահիկից բաժին հանել։ Հրամանատարն ավագին կարգադրեց՝ հենց անձրևները մի քիչ դադարեն՝ պառավին ուղարկել թուրքերի մոտ։ Սակայն ոչ մի կերպ չկարողացան համոզել։ Տանում հասցնում էին դիրքերը, քշում, որ գնա, բայց, ձեռնափայտին հենվելով, տնքտնքալով, առանց շտապելու, ուշադրություն չդարձնելով գնդակոծությանը, նա նորից վերադառնում էր իր տուն։
– Գլխին խելք չի մնացել, – կատակում էին զինվորները։ Երբեմն կոպիտ կատակներ էին անում։ Պառավն այդ ամենին ընտելացել էր, չէր նեղանում։ Հերթական կատակից հետո սկսում էր անիծել, ապա ժպտում էր։ Նույնիսկ, երբ չէին գալիս, սպասում էր։ Զինվորների ներկայությունը լցնում էր տան դատարկությունը, վանում մենակության վախը։
Զինվորներն սկսել էին սիրել նրան։ Դիրքեր գնալ– վերադառնալուց պառավը մրսել էր։ Հիվանդացավ։ «Բաբուլյան հիվանդացել է», – ծիծաղում էին։ Բայց տաք թեյ էին տալիս։ Բուժակի մոտից հաբեր վերցրին։ Արդեն ողջ գունդը, նույնիսկ հարևան գնդերն ու թուրքերը գիտեին նրա մասին։ Ռադիոկապով հարցնում էին. «Ինչպե՞ս է մայրիկի առողջությունը»։ Պառավը հայտնի դեմք էր դարձել։ Հարևան ստորաբաժանումներից գալիս էին տեսնելու։ Հետները ռազմավար մուրաբա ու շաքար էին բերում։ Գնդի կապավորը կապվեց թուրքերի կապավորի հետ. «Բաջին հիվանդացել է։ Եկեք տարեք»։ «Ձեզ է բաժին ընկել, դուք էլ նազը տարեք, – հռհռում է թուրք կապավորը։ – Համա չխախտեք ռազմագերիների վերաբերյալ միջազգային օրենքը»։
Դիրքային մարտեր էին ընթանում։ Իսկ անձրևները, կարծես, կտրվելու միտք չունեին։ Պառավը վաղուց ընտելացել էր թշնամի զինվորների անընդհատ ներկայությանը։
Իսկ առողջությունն օր– օրի վատանում էր։ Խիստ անհրաժեշտության դեպքում, թուլացած ոտքերը հազիվ քարշ տալով, մի կերպ դուրս ու ներս էր անում։
Վերջապես անձրևների շրջանը վերջացավ։ Երկու կողմն էլ պատրաստվում էին հարձակման։ Զինվորները, լարված, հարձակման հրամանի էին սպասում։ Պառավին մոռացել էին։ Երբ հիշում էին, հաց էին տանում, շաքար՝ զինվորական օրապահիկից նրա բաժինը։
Թուրքերն սկսեցին հրետակոծել։ Տանկերը, հրանոթները, ականանետերը, ինքնաթիռները արկեր ու ռումբեր էին թափում դիրքերի և գյուղի վրա։ «Խեղճ պառավին չխփե՞ն», – ասում էին զինվորներն ու փորները բռնած ծիծաղում։ Իսկ հրետակոծությունը շարունակվում էր։ Այդ դժոխային աղմուկի մեջ հանկարծ մեկը կանչեց.
– Տղերք, պառավի տունը վառվում է։
Մի ակնթարթում բոլորը գլուխները խրամատից դուրս հանեցին։ Տանիքը բոցերի մեջ էր։ Իսկ պառավը, վերջին օրերին, արդեն չէր կարողանում ոտքի վրա կանգնել։
–Բաջիի տունը վառվում է, պարոն հրամանատար։ – Այն զինվորն էր, ում մեջքին, տեղաշորը վերցնելիս, պառավը փայտով խփել էր։
–Խրամատից դուրս գալ արգելում եմ, – ռադիոկապով կարգադրեց հրամանատարը, – չարժե թուրքի պառավի համար կյանքը վտանգել։
– Կվառվի ախր, մեր բաջին է։ Զգույշ կլինեմ, – խնդրեց զինվորը։
–Դե լավ, – տեղի տվեց հրամանատարը, – մեկին էլ հետդ վերցրու։ Միայն զգույշ։ Վազքով։
– Շնորհակալություն, պարոն հրամանատար։
Երկուսով վազեցին դեպի պառավի տունը։ Տանիքն արդեն բոցերի մեջ էր։
Երբ ներս մտան, ծխից ոչինչ չէր երևում։ Պառավը, նվաղած ձայնով, օգնություն էր կանչում։ Արագորեն փաթաթեցին վերմակի մեջ, դուրս բերեցին։ Մինչև մոտակա տուն վազքով անցան։ Արկերն ընկնում էին գյուղի վրա։
– Եթե զոհվենք, հերոսի կոչում են տալու, – շնչակտուր ծիծաղում էին զինվորները։
Հարևան տան մեջ անկողին պատրաստեցին։ Երբ դուրս էին գալիս, պառավը ձեռքով նշան անելով, մոտ կանչեց։ Զինվորը, որի մեջքին առաջին օրը խփել էր փայտով, մոտեցավ։ Պառավը համբուրեց ճակատը.
–Շնորհակալություն, տղաս… Աստված թող քեզ պահապան լինի։ Հրետակոծությունը հանկարծակի դադարեց։ Թուրքերը, աղմուկ– աղաղակով, հարձակման անցան։ Զինվորները վազեցին դեպի խրամատները։