Լեյտենանտն ասաց, որ մենք պետք է պառկենք, եւ մենք պառկեցինք: Մենք գտնվում էինք անտառեզրին, արեւը շողում էր, գարուն էր, ամեն ինչ խաղաղ էր, եւ մենք գիտեինք, որ պատերազմն արդեն ավարտվել է: Նրանք, ովքեր սիգարետ ունեին, սկսեցին ծխել, իսկ մենք փնտրում էինք մյուս քնածներին, քանի որ հոգնած էինք, երեք օր ոչինչ չէինք կերել եւ շատ հակահարվածներ էինք ստացել: Հիանալի խաղաղություն էր տիրում, ինչ-որ տեղ երգում էին թռչունները, եւ ամբողջ օդը լցված էր խոնավ ու խաղաղ քնքշությամբ…
Հանկարծ լեյտենանտը սկսեց բղավել: Նա աղաղակում էր. «Էհե՜յ»: Հետո նա կատաղեց եւ բացականչեց. «Հեյ, Դուք այստեղ եք»: Նա ամբողջովին մոլեգնում էր, ինչից նրա ձայնը կտրտվում էր. «Է՜հեյ, Դո՛ւք, հե՜յ, Դո՛ւք, Դո՛ւք»: Մենք տեսանք նաեւ, թե ինչպիսի տեսք էր ընդունել նա: Այնտեղ, անտառի ճանապարհի մյուս կողմում ինչ-որ մեկը նստել էր եւ քնել: Նա շարքային ու գորշ մի զինվոր էր, որը, հենվելով ծառին, քնել էր: Այդ զինվորը քաղցրաձայն ծիծաղում էր՝ իր պեպենոտ դեմքով, եւ մենք մտածեցինք, որ լեյտենանտը ցնորվել է: Մենք մտածում էինք նաեւ, որ քնածն է ցնորվել, քանի որ լեյտենանտն ավելի ու ավելի շատ էր աղաղակում, եւ քնածն ավելի ու ավելի շատ էր ծիծաղում…
Նորեկները ծխում էին, լսում էին ծխողներին, եւ նրանք, ովքեր ցանկանում էին քնել, այժմ շատ առույգ էին, եւ երբեմն նաեւ ծիծաղում էին մեզ վրա:
Գարուն էր, փափուկ եւ քաղցր, եւ մենք գիտեինք, որ պատերազմը շուտ է ավարտվել:
Հանկարծ լեյտենանտը ոչ այնքան բարձր ճչաց, ցատկ կատարեց, նստեց անտառի ճանապարհից երկու քայլ այն կողմ եւ հարվածեց քնածի դեմքին:
Այնժամ մենք նկատեցինք, որ քնածը մահացել է: Առանց մի բառ ասելու՝ նա ընկել էր եւ այլեւս չէր ծիծաղում: Նրա դեմքին կար սարսափելի մի քմծիծաղ, եւ լեյտենանտը, որը վերադարձավ գունատված, մեզ չցավակցեց: Արեւի մեջ չկար ուրախություն, խոնավ, խաղաղ, քնքուշ գարնանային օդում չկար ոչ մի լավ տրամադրություն, տիրում էր անտարբերություն, չնայած պատերազմը դեռ չէր ավարտվել: Հանկարծ մենք զգացինք, որ բոլորս մահացած ենք, լեյտենանտը՝ նույնպես, քանի որ նա այժմ քմծիծաղում էր եւ չուներ ոչ մի համազգեստ…
Գերմաներենից թարգմանեց Թագուհի Հակոբյանը