Հրապարակախոսականի, էպիկականի և քնարականի միասնությունը Կոմիտաս Հակոբյանի պոեզիայում/Հասմիկ Հակոբյան

Ինչպես համաշխարհային, այնպես էլ հայ գրականության վրա իր անխուսափելի կնքին է թողել ազատագրական պայքարն ու այդ պայքարի ոգին, ինչը հիմնավորված է նրանով, որ այն ձևավորվել է էմոցիոնալ, էքզիստենցիալ իրավիճակներում, երբ անհատն իր ողջ ներուժն ուղղել է առավել բարձր նպատակների իրագործման համար, քան սոցիալ-հասարակական խնդիրներն են: Արցախյան վերջին պատերազմը նոր իրականություն, հետևաբար նաև նոր գրական միջավայր ձևավորելու նախադրյալներ է ստեղծել, իսկ մինչ այդ հարկ է ըստ արժանվույն քննել և գնահատել Արցախյան առաջին պատերազմի արդյունքում ձևավորված գրականությունն ու գրական դաշտը:

20-րդ դարի վերջին տասնամյակի Արցախյան ազատամարտի բովում ձևավորված հայ պոեզիան ունի իր յուրօրինակ դեմքն ու առանձնահատկությունը: Պատերզամների ժամանակահատվածում ստեղծված գրականության մեջ արտացոլվում է մի գոյավիճակ, որտեղ մի կողմից անհատի շահը համընկնում է ազգային շահի հետ, և գեղարվեստական դաշտում վերարտադրվում է ազգի հոգևոր միասնությունը, անհատը՝ ես-ը, միախառնվում է ազգային ամբողջությանը՝ մենք-ին, մյուս կողմից արտահայտվում են անհատի հոգեկան ապրումները՝ որպես պատերազմական աղմուկի բաղկացուցիչ տարր, որ համատարած խառնաշփոթի մեջ մնում է ստվերում, լուսանցքում: Այս գրականությունն իր մեջ ամփոփում է ժամանակի ընթացքը, ռիթմն ու հոգեբանությունը՝ ստեղծելով յուրօրինակ նորի ու ավանդականի միավորմամբ ձևավորված կոլորիտ ու վավերագրություն: Այս առումով ուշագրավ է հատկապես պայքարի «էպիկենտրոնում»՝ Արցախում ստեղծված պոեզիան: Ժամանակի ականավոր ստեղծագործողներից են Հրաչյա Բեգլարյանը, Ռոբերտ Եսայանը, Վարդան Հակոբյանը, Գուրգեն Գաբրիելյանը, Սոկրատ Խանյանը, Բոգդան Ջանյանը, Կոմիտաս Հակոբյանը և այլք:

Այստեղ անդրադառնալու ենք Արցախյան ազատամարտի մասնակիցներից մեկի՝ Կոմիտաս Հակոբյանի պոեզիային՝ այն քննելով հրապարակախոսականի, էպիկականի և քնարականի միասնականության համապատկերում: Կոմիտաս Հակոբյանի անձին ու բանարվեստին անդրադարձել են շատերը: Բանաստեղծ Վարդան Հակոբյանը ոչ միայն բարձր է գնահատել Կ. Հակոբյանի անձնային և ստեղծագործական որակները («Խոսք առ Կոմիտաս Հակոբյան»), այլ նաև նրան է ձոնել գողտրիկ բանաստեղծություն («Ընթացք հողի համար հեղված արյան»): Սիլվա Մինասյանն անդրադարձել է Կ. Հակոբյանի ստեղծագործությունների լեզվին՝ առանձնացնելով շրջասույթի կիրառության առանձնահատկությունները նրա գործերում: Մելինե Պետրոսյանն ընդհանուր անդրադարձ է կատարել Կ. Հակոբյանի անձին ու գործին «Կոմիտաս Հակոբյանի պոեզիան» հոդվածում1: Նա բանաստեղծությունների թեմատիկ բաժանում է արել՝ ստեղծագործություններում առանձնացնելով հայրենասիրական, սիրային և խոհափիլիսոփայական թեմաներ: Վարդուհի Սահակյանն ու Նարինե Հովհաննիսյանն անդրադարձել են Կ. Հակոբյանի ստեղծագործությունների լեզվաոճական առանձնահատկություններին: Վարդուհի Սահակյանն անդրադարձել է Կ. Հակոբյանի ստեղծագործություններում պատկերավորման միջոցների կիրառության առանձնահատկություններին2: Ն. Հովհաննիսյանն անդրադարձել է հեղինակի «Գոյության պատրանք» ժողովածուին՝ վեր հանելով այնտեղ տեղ գտած ստեղծագործությունների գեղարվեստական արժեքը:

Կոմիտաս Հակոբյանը, այսպես ասած, «առաջնագծի սերնդի» պոետներից էր: Այս ստեղծագործողներին անվանում են «առաջնագծի սերունդ», քանի որ նրանց ստեղծագործական ուղին սկսվել է պատերազմի տարիներին, նրանց երիտասարդությունը համընկել է պատերազմի սկզբի հետ: Նրանց կյանքը ամենօրյա հանդիպում էր մահվան հետ, ուստի պոեզիայի հիմնական իրադարձությունը մահն է: Նրանց պոեզիան ներկայացնում է պատերազմի բոլորովին այլ ընկալում. այն առանձնանում է խնդիրների մեջ նոր շեշտադրումներով, անձի վերաբերյալ գաղափարների խորացմամբ, բանաստեղծությունների առանձնահատկություններով (փոխաբերական կառուցվածքի փոփոխությամբ, տեքստի կառուցվածքով, հեղինակի գիտակցության մարմնավորման ձևերով):

Կ. Հակոբյանի գործերում քնարական հերոսը ինքը՝ հեղինակն է: Երիտասրդ ստեղծագործողը, հայտնվելով «շփոթված ժամանակի» մեջ և առերեսվելով պատերազմական իրականության հետ, ոչ թե գրիչը փոխարինում է զենքով, այլ կարողանում է համատեղել գրիչն ու զենքը՝ կռվելով ու կրակելով չափածո:

Աչքերիս մեջ` անձրև։
Արև` իմ աչքերում։
Շփոթվել է ժամանակը։
Շփոթվել է այնպես, ինչպես
Եղանակը իմ աչքերում։
…Ես կռվում եմ,
Ու կը-րա-կում եմ չափածո.
Տեղը պահում հանգն ու վանկը:
Տեր իմ Աստված,
Այս ի՞նչ եղավ.
Շփոթվել են իմ գրիչն ու ավտոմատը:

Որպեսզի առավել ճանաչելի լինի Կոմիտաս Հակոբյանի մարդկային ու պոետական համաձուլվածքի ընդհանուր նկարագիրը, այստեղ հարկ ենք համարում մեջբերել մի հատված՝ պատերազմի ընթացքում արված նրա օրագրային գրառումներից. «Ես կռվում եմ: Պայքարում եմ: Պատերազմում եմ: Սա ճակատագիր է, որ բաժին է ընկած ի վերուստ: Մեր սերնդին բաժին հասավ, ուրեմն մենք պետք է դիմանանք:

…Դեռ շատ բաներ ունեմ ասելու: Հիմա վերջ կտամ այս աբսուրդ փիլիսոփայությանը և կպատմեմ. ես իմ բաժին պայքարն ունեմ այս պատերազմում: Այս ապրումն ինձ համակել է 19 տարեկանում, երբ առաջին անգամ ավտոմատը վերցրի ձեռքս, ու սկսվեց մարտական իմ կենսագրությունը: Այն ժամանակ ես կյանքին ու գեղեցկությանը սիրահարված մի հոգի էի ու գիշերները բանաստեղծություններ էի գրում: Սակայն այս երեք տարում այնքան մեծացա, այնպես արագորեն փոխվեցին իմ հայացքները: Ես զարմանում եմ» («Մարտիկ» թերթ, 1993 թ., 41):

Կոմիտաս Հակոբյանի ստեղծագործությունները լայն առումով մի կողմից զրույցներ են սեփական ես-ի հետ, մյուս կողմից՝ պատերազմներից ածանցվող համամարդկային խնդիրների ու մտորումների արտահայտություններ: Ըստ ժանրաոճային միտումների յուրահատկությունների՝ Կ. Հակոբյանի գործերում կարելի է նկատել պատմողական (էպիկական), հրապարակախոսական ոճերին, «խոստովանական» (անհատական ապրումների լիրիկա) լիրիկային բնորոշ տարրեր3, որոնք միասին արտացոլում են պատերազմի տարբեր կողմերը, տալիս են պատմական դարաշրջանի և պատերազմող անձնավորության բազմաբնույթ ու ամբողջական պատկերը՝ կատարելով տարբեր գործառույթներ:

Հեղինակը մարտի դաշտում թևածող ոգին և հրամանատարական խոսքը ներկայացնելիս դիմում է հրապարակախոսական ոճին՝ քնարականին նրբորեն ներհյուսելով հրապարակախոսությունը.

-Տղե՛րք, պի՛նդ կացեք, եղե՛ք անսասան,
Մեկը՝ քսանին, հարյուրին ի դեմ…
Հրամանատարը ոգի է տալիս,
Տղերքն աներեր դիմակայում են…
Իրիկնանում էր: Ու մարտադաշտում
Ծխում են խփված հրասայլերը,
Վանք իմ, թշնամուն ի տես կարկառվիր,
Որ ննջեն հաղթած նահատակներդ:

Ուշագրավ է Չարենցի «Մենք ճամփա ելանք առավոտ ծեգին» բնաբանով սկսվող բանաստեղծությունը: «Ճանապարհներին մեզ ուղեկցել են / Կանչերը օտար աքաղաղների». օտարի խոսքին առավել ականջալուր ու դյուրահավատ լինելու փաստը բազմանշանակ ու նրբորեն հանդիմանող մեկնարկը շարունակվում է հռետորական հարցումներով.

Տեսե՞լ եք, արդյոք,
Ո՞նց է սպանում
Մարդն իր նմանին:
Տեսե՞լ եք ոնց են
Մարդուց վախենում
Անտեր շները:

Քանի որ պատերազմները համամարդկային ողբերգական իրողություններ են և միայն հաղթական պատմությունների շարքեր չեն, ուստի հեղինակը վեր է բարձրանում ազգային տեսադաշտից, իրողությունը ներկայացնում է առավել լայն դիտանկյունից: Եթե մի դեպքում ներհայեցման ձգտող, ինքն իրեն ժխտող, պայքարող անհատի հոգեվիճակն է ներկայացվում, ապա մեկ այլ դեպքում պատկերվում է հակառակորդի գերի ընկած զինվորի մտորումներն ու զգացողությունները, ով մարտի դաշտում՝ ճակատի հակառակ կողմից, հետևում է իրադարձությունների ընթացքին՝ դրանց արձագանքելով հետևյալ կերպ.

…Իսկ այս մեկն, ահա,
Գերի է: Լուռ է:
Նրա ինչի՞ն էր,
Ախ, այս կռիվը:
-Վալահ, մի սպանեք,-
Ուշքի է գալիս
Ու հայհոյում է մայրերին
Իրենց «հրամանատար-գեներալների»:
Թող թագավորե լռություն մի պահ,
Արկ ու հրթիռներ, լռեցե՛ք, բավ է:
Պետական այրեր միլի-մեջլիսի
Հասկացեք, բավ է: Իզուր է: Զուր է:

Կոմպոզիցիոն ազատության և ոճական բազմազանության միջոցով հեղինակը ներկայացրել է իր նմանին ոչնչացնող, սպանող մարդուն, մարդ արարածի հոգեվիճակը էքսզիստենցիալ իրավիճակում: Գերի ընկած հակառակորդի բերանով խաղաղության կոչն առավել ազդեցիկ ու տպավորիչ է հնչում՝ ցույց տալով հասարակ մարդու հոգեվիճակն ու ապրումները կռվի դաշտում: Այն հնչում է իրական (նաև պայմանական) հասցեատերերին (այստեղ՝ միլի-մեջլիսի պետական այրերին) հասցեագրված ուղերձի պես:

Հեղինակն օգտագործում է ինքնակենսագրական փաստեր՝ օրագրային, հաճախ նաև լրագրային ճշգրտությամբ ներկայացնելով պատերազմի դաշտի` այդ պահի իրադրությունն ու զինվորի հոգեվիճակը: Ինչպես նկատելի է, նա դիմում է նաև պատմողական ոճին՝ ներկայացնելով որևէ օրվա կամ պահի իրադարձությունը ֆոլկլորային ժանրին բնորոշ նկարագրություններով և միաժամանակ վավերագրելով տվյալ ժամանակահատվածը:

Արևածագին խաղաղ էր օրը,
Ջերմ էին շնչում շնչավորները արևածագին,
Իսկ իրիկնացող օրվա անդորրը
Հեղեղվեց հեղձուկ հոտով վառոդի:
Մռայլվեց օրը ու փնչաց դաժան,
Ռումբ ու հրթիռներ պայթեցին ահեղ,
Դիրքերում տղերքն իրարով անցան,
Սև ծխի որոտ՝ աղաղակի մեջ:
Մարտն ընթանում է Դավալու խութում՝
Արյուն ու քրտինք խառնելով իրար.
Տղերքը մահվան սարսափ–երախում
Հերոսանում են՝ ի սեր հայրենյաց:

Հեղինակը պատերազմը դիտում է՝ որպես բիրտ կուսակցությունների, քաղաքական սխալ գործընթացների արդյունք, իսկ հայը շարունակ ջնջել է փորձում օտար բռնակալների թողած հետքերն իր մշակութային արժեքների վրայից:

Տանկերը հռնդում են
Բիրտ կուսակցությունների
Մեղքերը քավելու համար:
Հայ կարոտ ձեռքը
Կիսալուսնաձև կեռերն է ջնջում
Հայոց հայատառ-հայ-խաչքարերից:

Հայրենիքին նվիրված գործերում հեղինակը չարենցյան ոճով կարճառոտ կամ ընդարձակ պատկերներով տալիս է մասնավոր ժամանակահատվածի կամ մի ամբողջ դարաշրջանի նկարագրություն ու բնութագիր:

…Սև անգղերը շանթահարում են
քո կապույտ լռությունը,
դարավերջի արկ ու հրթիռները
քրքրում են քեզ.
Բայց, երկիր իմ,
խրամատում համառ է զինվորդ։Առանձնահատուկ ուշադրության է արժանի այլաբանությունների միջոցով հեղինակի պատկերակառուցման վարպետությունը:

Հայրենիք իմ,
քո առավոտվող օրվա ձայները
ինձ վանք են տանում,
ուր տամկացած քարերի վրա
մեղրամոմերն են հառաչում:
Ես քո խաչքարերի
կնճռոտված հայացքներում
կարդում եմ պատմությունդ կարմիր,
որ լոկ քոնն է:
… Դեռ պիտի աղոթենք,
հայրենիք իմ,
դեռ պիտի աղոթենք
մեր ծերացող հավատի մեջ խրված
փուշը հանելու համար,
ու պիտի մաքառենք
եղեռնաշունչ օրվա երախում,
որ դարերի հետ
կարողանաս խոսել
լեզվով քո նահատակների…

Ընդ որում, այլաբանական պատկերներում հանդիպում ենք նաև այնպիսի պատկերային կառույցների, որոնք ոչ միայն հեղինակային նորաբանությունների արժեք ունեն և հարստացնում են հայերենի բառապաշարը, այլ նաև նոր, յուրօրինակ ու ինքնատիպ պատկերային համակարգ են ձևավորում գրական դաշտում (օրինակ՝ (տարիները իմ) անդրսերյան, բառընդերք, “ինձ կձեռնադրեն անդրերկրային առասպելների քահանա”, “կերոնների պես հեքիաթային տենդից հալվում էին քո մարմնին”, “հոգիս արձակություն է տենչում” , “երանգափոխ իմ ինքնության հիմնաքարերը շրջելու” և այլն):

Կ. Հակոբյանի ստեղծագործություններում ռազմական կյանքը, մարտական գործողությունները ներկայացված են առանց ավելորդ հավելումների ու պաթոսի, վրեժի ու վրիժառության կոչերի, ամենայն անկեղծությամբ, ազատորեն ու գեղաձևումների նուրբ համադրություններով՝ առանց տրվելու ներբողական կաղապարներին և հերոսականության պատկերներ ստեղծելու գայթակղությանը, ինչն այս պարագայում ավելի է բարձրացնում ստեղծագործությունների գեղարվեստական արժեքը: Ընդ որում, հեղինակն անկեղծ ու ազատ է “վարվել” ոչ միայն իր ստեղծագործության թեմայի, այլև բանաստեղծական կառույցի հետ՝ լքելով հանգավորման դասական օրինաչափությունները և առաջնությունը տալով ազատ բանաստեղծությանը, երբեմն՝ նաև արձակայնությանը:

Արցունքներիդ նման
Կսայթաքի ժամանակը, մայրիկ,
Ու կհասունանան սպասումներդ:
Բայց ես նորից մանուկ,
Նորից այնպես անհոգ
Կդնեմ գլուխս ծնկներիդ
Եվ կասեմ.
-Մամ, պատմիր
Այն հեքիաթը կրկին,
Երբ չարքերը թաքուն
Տանում են փոքրիկին:
Ու կշոյես, մայրի՛կ,
Մազերն իմ նորից
Եվ կասես.
-Լսիր, լինում է, չի լինում…
Ու ես նորից մանուկ,
Նորից այնպես անհոգ,
Լաց կլինեմ կրկին
Եվ կասեմ.
– Մամ, այսօր ինձ հետ քնիր:

Պատմողական ժանրին բնորոշ նկարագրական տարրերով է կառուցված «Գիշերը գյուղում» ստեղծագործությունը.

Ծառերի վրա
լույսն է ուշաթափվել:
Քամին բերում է
Գիշերահավի ձայնը:
Կտուրների վրա
Հավաքված մարդիկ
ասում-խոսում են.
-Բարեբախտաբար, այսօր
կրակոցներ չեղան,-
քնում են:
Գյուղը հառաչում է երազի մեջ․
-Օրեր են, կանցնեն…
Արևածագին զարթնում են բոլորը,
իսկ տղերքը
սարից դառնում են տուն:

Ըստ էության, սրանք բալլադային բնույթի փոքրիկ պատկեր-նկարագրություններ են, որոնք պատմվում են երրորդ դեմքի կողմից, երբեմն ընդմիջարկվում են երկխոսություններով, զրույցներով և ի տարբերություն բալլադի՝ չունեն պատմական սյուժետային հիմք և դինամիկ զարգացումներ, համառոտ են և նկարագրում են ժամանակակից կյանքի որևէ տեսարան կամ դրվագ: Այդպիսի գործ է նաև «Պարետային ժամ» ստեղծագործությունը, որտեղ իրիկնային պատկերներ են և ցավալի իրականության փաստացի արձանագրում, որին առերեսվել է ժամանակի մարդը: Այստեղ կենտրոնականը մահն է՝ դրամատիկ վերջաբանով: Հեղինակն ընթերցողին թույլ է տալիս ըստ էության զգալու պատերազմն իր ողջ ծանրությամբ ու ցավով:

Օրը վերջանում է իրիկնամուտին,
անկյանք փողոցներում
վխտող զինվորները
ստվերներ են փնտրում`
պարետատուն տանելու համար:
Թափառական շներն անգամ
խույս են տալիս
երկաթե մահակներից,
հաչելով նրանց
ուղեղի մեջ սսկված
հիստերիկ գաղափարների վրա:
…Օրը այստեղ
կարող է վերջանալ իրիկնամուտին,
իսկ գիշերը առանց զոհի
չի վերջանում:

Կոմիտաս Հակոբյանի պոեզիայում ընդգծված է նաև սիրային թեմատիկան: Հեղինակի սիրային բանաստեղծությունները հիմնականում նամակային, ուղերձային բնույթ ունեն, որոնք ուղարկվում են սիրելիին առաջնագծից: Սիրո վերաբերյալ բանաստեղծ-ազատամարտիկն ուներ սեփական փիլիսոփայությունը, որը բխում է ժամանակի հանգամանքներից՝ ստորադասվելով հայրենիքի համար պայքարելու գաղափարին. անձնականը զիջում է անանձնականին: Կ. Հակոբյանը սիրո մասին իր մտորումներն արտահայտել է ոչ միայն չափածո գործերում, այլ նաև օրագրային գրառումներում: Այստեղ մեջբերենք մի հատված հեղինակի օրագրային գրառումներից.
«Դե արի ու, Կոմիտաս Հակոբյան, սիրիր այնպես, որ քո Նունեն չվշտանա, նրան մի կոպտիր, որ չասի, թե դու ինձ չես սիրում, միշտ նստիր մոտը ու «սիրեմ-սիրեմ» խաղա: Չէ՞ որ ուրիշ տեղեր այդպես են սիրում:
Ուրիշ տեղեր այդպես են սիրում, այո: Բայց ուրիշ տեղեր ինձ պես չեն սիրում: Սա, իհարկե, վիճելի հարց է, բայց մի բան ակնհայտ է՝ պատերազմ է, ու մենք էլ՝ ԶԻՆՎՈՐ:
Մի օր կվերջանա ամեն ինչ, ու հոգնած մարմինս հան գիստ կվայելի (եթե կամենա Աստված): Ու դու կնայես մազերիս ճերմակին ու կհարցնես` այդ ե՞րբ ճերմակեցիր, ինչու՞ ճերմակեցիր…»:

Նա մշտական երկխոսության, զրույցի մեջ է սիրելիի հետ: Այդպիսի օրինակ է «Նունեին» վերնագրով ստեղծագործությունը:

Գուցե չե՞ս հիշում,
բայց լուսնի հիշողության մեջ
կա մի խոնավ գիշեր:
Ամեն ինչ խաղաղ էր
ու սեր էր կաթում աստղերից:
Այդ ժամ…
մենք սիրահարվեցինք,
ու ես մեծացա տարիներով:
Մեր սկիզբը կարծես
այդ անզուսպ գիշերն էր,
որ եթե վերածնվի`
ապա միայն
մատներիս հիշողությամբ,
որոնք կերոնների պես
հեքիաթային տենդից հալվում էին
քո մարմնին:
Դու ինձ այդ գիշեր
այն աշխարհը տարար,
ու մշտագո է սերը
ու դեռ գոյություն ունի
հորդաբուխ սիրելու
տառապանքն անուշ:
Հիմա ես այնքան եմ մեծացել,
որ հազիվ թե հիշեմ
տարիները իմ անդրսերյան,
ու… այնտեղ է իմ սկիզբը,
այն անզուսպ գիշերվա
և լուսնի կաթնագույն
հիշողության մեջ:

Կենտրոնական են դառնում հերոսի գտնվելու վայրը և այն իրականությունը, որի մեջ գտնվում է քնարական հերոսը սիրելիի մասին մտածելիս, սիրելիին հիշելիս, կարոտելիս:

Փողոցների մութ հիշողությունը
Օտարել է քո անունը:
Իսկ քո մասին գրած
Բանաստեղծության ձեռագիրը
Ակվարիումի ձկները կերան:
… Իմ լուսե երազները
Հանգչում են մոմե լրջությամբ,
Ու քո անունը ծերանում է իմ մեջ:
Քեզ հիշելուց արյունս ցավում է:
Այլևս… արի՛…

Ընդ որում, սիրելի պատկերը տարբեր գործերում տարբեր դրսևորումներ ունի: Մի դեպքում նա շոշափելի է, իրական, մեկ այլ դեպքում՝ վերացական, երազային, իսկ երբեմն՝ նաև ընդհանրական:

Ախ, աղջկայք–դիցուհիներ,
Չի համբուրել ձեզնից ոչ ոք
Ցեխոտ շուրթս խրամատում,
Չի ջերմացել սառցակալած օրերի մեջ
Դեմքս երբեք ձեր տաք շնչից:
Ձեր անունն եմ կրել ինձ հետ
Ու ջերմացել լուսնի արծաթ հիշողությամբ՝
Խրամատի զարկող ու բութ սառնության մեջ:
Ախ, աղջկայք–դիցուհիներ,
Դուք՝ մեր վերքին սպեղանի,
Դուք՝ մեր ցավին ճար ու դարման,
Դուք՝ գրոհի օրհասական վայրկյաններին
Հավատ ու հույս,
Եվ հաղթության սեղաններին
Ճրագված լույս:
Ախ, աղջկայք–դիցուհիներ…
Դուք մարտերում նահատակված
Հերոսների շիրիմներին
Լացո՜ղ, լացո՜ղ, լացո՜ղ աչքեր…

Պատկերները երբեմն հստակ են, երբեմն՝ անորոշ, մշուշոտ: Խրամատում գտնվող զինվորի համար մխիթարող և ուժ տվող է սիրելիի կերպարը, ուստի նա երազում է Նրա՝ իր ցավը կիսողի ներկայության մասին:

Այս գիշեր դարձիր անքնությունս,
Մի բան կպատմեմ
Խրամատային իմ առօրյայից:
Արի մեկտեղվենք
Ու կռվենք մեկտեղ,
Դու ես զիվորիս
Կիսողը ցավի:

Այսպիսով՝ սերն իմաստավորում է պատերազմը. այն դառնում է կյանքի շարժիչ ուժը, հիմքն ու էությունը: Սահմանային իրավիճակը բացահայտում է սիրո իրական նշանակությունը: Այստեղ է, որ քննության է ենթարկվում մարդկային փոխհարաբերությունների հուսալիությունն ու խորությունը, զգացմունքների հաստատունությունն ու ամրությունը:

Մեկը սիրել է ինձ: Այդ նա էր:
Ու աշունը տրորվել է ոտքերիս տակ:
Ու ես չէի խոսում արդեն,
Ու չէր պայթում բառը,
Ու ես փախչում էի ինձնից,
Ու անձրև էր, ցեխ էր…
Ու թաց շուրթերն էին նրա
Դողում աշնան հևքով,
Իսկ հետո էլ արդեն՝
Լաց էր,
Թախիծ,
Արցունք…

Ու ես չէի կարող
Զսպել նրան արդեն,
Ու ես չէի կարող
Նրան բերել դարձի:
Ու ես սիրում էի արդեն խելագարի պես:
Ու ես փախչում էի ինձնից, որ ինձ նրան տանեմ:

Բանաստեղծն իր սիրուն երբեմն օժտում է գերիրական հատկություններով, երբեմն՝ երազայնությամբ, երբեմն էլ միստիցիզմով՝ ներկայացնելով որպես պահպանող էներգետիկ ուժ, ում մասին մտքերը, հիշողությունները մի կողմից անցյալի քաղցր հուշ են արթնացնում, մյուս կողմից քնարական հերոսին պաշտպանում են մահից:

Աստղերը մրսում էին երկնքում
(փետրվարյան ցուրտ գիշեր էր):
Իսկ բառընդերքում
մեր սերն էր տաքանում:
Սակայն մենք փոքր էինք
Շփոթվելու չափ:
Եվ հեռու չէր նաև… բաժանումը:

Հեղինակը ներանձնային ապրումներ, զգացողություններ արտահայտելիս հաճախ է կարևորում ժամանակային չափումների մոտիվը (տարվա եղանակներ, օրվա ժամեր): Նրա գործերում առանցքային տեղ են գրավում ժամանականիշ բառերի և արտահայտությունների կիրարկումները (անցյալ, գալիք օր, աշուն, փետրվարյան ցուրտ գիշեր, ծխահամ օր և այլն):

Ուր է,
Թե մենք կարողանայինք
Գեթ մի անգամ ետ բերել
Այն լուսնյակ գիշերը:
– Ամեն ինչ մնաց
Հիշողության ընդերքում,
Եվ մի պառավ տատիկ
Մեր հուշերն է վաղուց ավլել
Այն փողոցից:
Իսկ գիշերային կատուները մռլտալով,
Լիասուսինն են գլորում մայթեզրով…

Իր ներքին ապրումները, քնարական հույզերը պատկերելու համար հեղինակը դիմում է «խոստովանական լիրիկային»:

Գիշեր իմ…
ես անվարժ թռչունի նման
թպրտում եմ քո վանդակում:
Այս մինչև ե՞րբ պիտի
կոխկրտեմ իմ բնությունը,
ես ո՞ւր կհասնեմ
ժխտելով ինքս ինձ:
Հարբած եմ, գիշեր,
Թող քեզ խոստովանեմ
իմ մեղքերը,
ես դեռ քավելու
մեղքեր ունեմ:
Ես հարբել եմ
խոստովանության համար,
ու… իմ գիշեր,
հոգիս արձակություն է տենչում,
և ես գնում եմ,
ես սլանում եմ,
իսկ դու,
դու, իմ գիշեր,
հետևիր իմ ընթացքին,
իմ թռիչքի հետագծին
կարող ես տեսնել ամեն ինչ:
Կարդա, խնդրում եմ,
ցավերս կարդա:
Եթե ցավում եմ`
լոկ իմ մեղքերի,
մեղքերի համար:
Կարդա՛ մեղքերս:

Խոստովանական լիրիկային բնորոշ տարրերով է ներհյուսված «Գոյության պատրանք» բանաստեղծական շարքը, որտեղ հեղինակը ներհայեցողությամբ փորձում է բացահայտել գոյության իմաստն ու կեցության բովանդակությունը՝ էքզիստենցիալ մտորումների միջոցով ներկայացնելով հոգու «թաքնագրային» շերտերը:

Հնի ու նորի առեղծվածներում
զննել եմ ձևեր,
ինչ – որ մի անհող
տարածության մեջ
ես որսացել եմ
պատրանքն ապրելու
ու հիշողության աստիճաններում
դեռ մի օր պիտի
իմ տողերի տակ
ընկած անցյալի
վերհուշը ապրեմ,
հիշեմ իմ անցած
սերերին բոլոր
ու կորուստներս
հաշվեմ մեկ առ մեկ:

Ցավոք, հեղինակին վիճակված չէր ապրել և «գալիքաեռ երազով օծուն
գավաթը պարպել» սիրելիի հետ: Իր գալիք օրվա կաղապարն անհայտության բկին թողած բանաստեղծը խոստովանում է.

Ես ուրիշ կյանքով
ապրել չեմ կարող,
զի Աստված մի օր
այս ճանապարհն է
իմ դեմ երկարել,
որ տառապանքով
պիտի վերծանվի:

Ես կտառապեմ:
Ու մատույցներում
իմ վերջնագծի
թագը կկռեմ
ես տառապանքի:
Իսկ ինքնությունս
զննելու համար
տողերս պիտի
վկայակոչվեն:

Եվ ինչպես հաճախ է լինում տաղանդավոր ստեղծագործողների դեպքում, այս դեպքում ևս բազմաշնորհ պոետն ու հայրենիքի զինվորը մարգարեանում է իր բանաստեղծական կանխատեսումներով.

Մի օր կծրարեն
իմ վարքը`
որպես հիշողություն…
Ես չեմ լինի:
Ես ուրվականների ուղեկցությամբ
կհասնեմ հրեշտակների մոտ,
նրանք իմ մարմնից
կհառնեն ոգին
ու ինձ կձեռնադրեն
անդրերկրային առասպելների քահանա:
Ես կողջագուրվեմ
Իմ խորանի պատերի հետ
ու կաղոթեմ այնտեղ,
ու կաղոթեմ:
Հետո… իմ մարմինը,
որպես ընծա,
կառնեն աստվածները
ու ինձ կկտակեն
գահավիժման ընթացքին:

Այսպիսով՝ Կոմիտաս Հակոբյանի պոեզիայում հրապարակախոսական, էպիկական և քնարական ոճերին բնորոշ տարրերի միաձուլման արդյունքում վավերագրված է մի որոշակի ժամանակահատված, որտեղ երևում է ժամանակի թելադրանքով պայքարի մեջ մտած մարդը՝ իր ճակատագրի ողջ ողբերգականությամբ: Ընդ որում, հեղինակի մոտ քնարականը դրսևորվում է մի դեպքում առանց սեփական ես-ի, մեկ այլ դեպքում՝ ես-ի միջոցով կյանքի պայքարի արտահայտմամբ:

Կոմիտաս Հակոբյանի ստեղծագործության առանցքում մարդու հոգևոր աշխարհն է, մարդ, ով որպես ռազմիկ, մտածող անձնավորություն և խոր զգացմունքների ունակ անհատ, հայտնվել է դժվարին վիճակում, մարդկային բարձրագույն դրսևորումներում, որոնք պարտադրված են դարաշրջանի պահանջներով: Արյունալի մարտերին մասնակցող անձնավորությանը հաջողվել է պահպանել հումանիստական ​​բարձր ներուժը: Առկա իրավիճակը քնարական հերոսին մղում է ազատ ինքնագիտակցության և ինքնարտահայտման, որտեղ էական է, թե նա որքանով կկարողանա պահպանել մարդկային դիմագիծը էքզիստենցիալ վտանգի պայմաններում:

Օգտագործվածգրականությանցանկ

  1. Գիտական ընթերցումներ: Հոդվածների ժողովածու.- Գ 602 Ստեփանակերտ: ԱրՊ Հհրատ., 2017. 340 էջ:
  2. Абрамов А. В огне великой войны. Воронеж, 1987.

Համացանցային աղբյուրներ՝

  1. https://hy.wikisource.org/wiki/%D4%BD%D5%B8%D5%BD%D6%84_%D5%A1%D5%BC_%D4%BF%D5%B8%D5%B4%D5%AB%D5%BF%D5%A1%D5%BD_%D5%80%D5%A1%D5%AF%D5%B8%D5%A2%D5%B5%D5%A1%D5%B6
  2. https://hy.wikisource.org/wiki/%D4%B8%D5%B6%D5%A9%D5%A1%D6%81%D6%84_%D5%B0%D5%B8%D5%B2%D5%AB_%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80_%D5%B0%D5%A5%D5%B2%D5%BE%D5%A1%D5%AE_%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6
  3. https://granish.org/meky-sirel-e-indz/
  4. https://artsakhlib.am/wp-content/uploads/2018/06/Minasyan-Silva-Shrjasuyty-Komitas-Hakobyani-stexcagorcutyunnerum.pdf
  5. https://aparaj.am/%D5%AF%D5%B8%D5%B4%D5%AB%D5%BF%D5%A1%D5%BD-%D5%B0%D5%A1%D5%AF%D5%B8%D5%A2%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BD%D5%AF%D5%AB%D5%A6%D5%A2/?fbclid=IwAR2sj5CuCKq7_4xlJuY-nimzyTIJnJfgzvkwhRdxT_HLiItn_y7zfTlUcWY

1 Գիտական ընթերցումներ: Հոդվածների ժողովածու, Ստեփանակերտ, 2017, էջ 72-75:
2 Նույն տեղում, էջ 105-109:
3 Տե՛ս՝ Абрамов А. В огне великой войны. Воронеж, 1987. С. 24 – 38.

Please follow and like us: