1.
Ընդերքից եկող
դղրդոցը ճռնչյունը
նմանեցրինք
հրասայլերի հռնդյունի
ֆիզիկայի ուսուցչուհին
թե երկրաշարժ է
փախեք
մի կերպ
դասասենյակից
դուրս հորդեցինք
հրճվանքներիս չափ չկար
ճոճվող նավի մեջ էինք
ձայներս գլուխներս գցած
գլորվում
իրար հրմշտում
իրար վրա էինք ընկնում
աստիճաններով
չկարողացանք իջնել
գնդակի պես
պատից պատ էինք զարկվում
դպրոցը չփլվեց
ճողոպրեցինք
ցնցումներից հետո
արևոտ
տաք
դեկտեմբերյան առավոտ էր
ֆիզիկայից
երկու էի ստացել
և դասերի տապալումը
մխիթարում էր ինձ
2.
Նախորդող օրերը
դեկտեմբերին անհարիր
օրեր էին
ձյուն չկար
մեկ անձրև էր
մեկ արև
առավոտները
թանձր-թանձր մշուշներ
3.
Մեծ քույրս
ինստիտուտի փլատակներում էր
մայրս մորաքույրս
ողբը սկսում
ուշագնաց էին լինում
մի քանի քար
ճանկռում
դեն էի նետում
ձեռքերս թուլանում
դառնում էին լաթ
4.
Նախորդող օրերին
տանը
անբացատրելի մկներ էին հայտնվել
շլմոր-շլմոր
ոտքերի տակ էին ընկնում
5.
Մարմինների մեջ
քրոջս էի փնտրում
մի ուսանող
զառանցում էր
գլուխը փշրվել
ուղեղը երևում էր
նորից
և նորից
նրան էի վերադառնում
6.
Երեկոյան
աննշան քերծվածքներով
քույրս հառնեց
7.
Գիշերը
հարևաններով
շատրվանի մոտ էինք
խարույկի շուրջը նստոտած
մեջքս շարունակ մրսում էր
զգացինք
որ սոված ենք
տղամարդիկ գնացին
և վերադարձան
գաթաներով փախլավաներով
լիմոնադներով գարեջրերով
լիքը-լիքը պաղպաղակներով
գրպանները
ծխախոտատուփերից ուռած
8.
Կարծում եմ
բակի տղաներից
միայն ես չէ
որ հրապուրված էի Հերմինեով
ամենագեղեցիկն էր
ժիրը խելացին
նրա մարմինը գտել էին
չորս օր հետո
ձեռքին կավիճ
էլ ոչ մի մանրամասն
չիմացա
9.
Վախ
զգոն լինել
փախչել
թաքնվել
գիշեր- ցերեկ
գիշեր- ցերեկ
«Գևորիկներ» գրքից