Կոմիտաս Հակոբյան/Խրամատներում

Կոմիտաս Հակոբյանը Արցախյան առաջին ազատամարտի հերոսներից է։ Լինեով արցախցի՝ դեռ մինչեւ կանոնավոր բանակի կազմակերպումը մասնակցել է պաշտպանական ու ազատագրական բազմաթիվ մարտերի։ 1994 թ ապրիլի 27-ին, անձնազոհության անկրկնելի օրինակ էր նրա կատարած սխրանքը․ Կոմիտասը միայնակ եւ առաջինը մտավ ադրբեջանցիների կողմից գրավված խրամատը: Նա զոհվել է Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի ազատագրական մարտում մայիսի 5-ին՝ 22 տարին չբոլորած։ Մի քանի օր էր մնում հաղթանակին եւ նրա ու սիրած աղջկա` Նունեի հարսանիքին: Կոմիտաս Հակոբյանի ազնիվ, կենսահյութով լի բանաստեղծությունները նրա կյանքի շարունակությունն են։ Դրանք թանկ վկայություններ են՝ վճարված կյանքով։


ՊԱՐԵՏԱՅԻՆ ԺԱՄ
Օրը վերջանում է իրիկնամուտին,
անկյանք փողոցներում
վխտող զինվորները
ստվերներ են փնտրում`
պարետատուն տանելու համար:
Թափառական շներն անգամ,
խույս են տալիս
երկաթե մահակներից,
հաչելով նրանց
ուղեղի մեջ սսկված
հիստերիկ գաղափարների վրա:
…Օրը այստեղ
կարող է վերջանալ իրիկնամուտին,
իսկ գիշերը առանց զոհի
չի վերջանում:

ԳԻՇԵՐԸ ԳՅՈՒՂՈՒՄ
Ծառերի վրա
լույսն է ուշաթափվել:
Քամին բերում է
Գիշերահավի ձայնը:
Կտուրների վրա
Հավաքված մարդիկ
ասում-խոսում են.
– Բարեբախտաբար, այսօր
կրակոցներ չեղան,-
քնում են:
Գյուղը հառաչում է երազի մեջ
-Օրեր են, կանցնեն…
Արևածագին զարթնում են բոլորը,
իսկ տղերքը
սարից դառնում են տուն:


ԽՐԱՄԱՏՆԵՐՈՒՄ
Արևածագին խաղաղ էր օրը,
Ջերմ էին շնչում շնչավորները արևածագին,
Իսկ իրիկնացող օրվա անդորրը
Հեղեղվեց հեղձուկ հոտով վառոդի:
Մռայլվեց օրը ու փնչաց դաժան,
Ռումբ ու հրթիռներ պայթեցին ահեղ,
Դիրքերում տղերքն իրարով անցան,
Սև ծխի որոտ՝ աղաղակի մեջ:
Մարտն ընթանում է Դավալու խութում՝
Արյուն ու քրտինք խառնելով իրար.
Տղերքը մահվան սարսափ–երախում
Հերոսանում են՝ ի սեր հայրենյաց:
– Տղերք, պինդ կացեք, եղեք անսասան,
Մեկը՝ քսանին, հարյուրին ի դեմ…
Հրամանատարը ոգի է տալիս,
Տղերքն աներեր դիմակայում են…
Իրիկնանում էր: Ու մարտադաշտում
Ծխում են խփված հրասայլերը,
Վանք իմ, թշնամուն ի տես կարկառվիր,
Որ ննջեն հաղթած նահատակներդ:

***
Արցունքներիդ նման
Կսայթաքի ժամանակը, մայրիկ,
Ու կհասունանան սպասումներդ:
Բայց ես նորից մանուկ,
Նորից այնպես անհոգ
Կդնեմ գլուխս ծնկներիդ
Եվ կասեմ.
-Մամ, պատմիր
Այն հեքիաթը կրկին,
Երբ չարքերը թաքուն
Տանում են փոքրիկին:
Ու կշոյես, մայրի՛կ,
Մազերն իմ նորից
Եվ կասես.
-Լսիր, լինում է, չի լինում…
Ու ես նորից մանուկ,
Նորից այնպես անհոգ,
Լաց կլինեմ կրկին
Եվ կասեմ.
— Մամ, այսօր ինձ հետ քնիր։

***
Աչքերիս մեջ` անձրև։
Արև` իմ աչքերում։
Շփոթվել է ժամանակը։
Շփոթվել է այնպես, ինչպես
Եղանակը իմ աչքերում։
…Ես կռվում եմ,
Ու կը-րա-կում եմ չափածո.
Տեղը պահում հանգն ու վանկը:
Տեր իմ Աստված,
Այս ի՞նչ եղավ.
Շփոթվել են իմ գրիչն ու ավտոմատը:

ԳՐՈՀ
Բոլոր տեսակի հրանոթներով՝
Ճերմակ բլրին, երկուական զարկ:
Ծանր սոսկումով արկեր են սուրում,
Ու հետևակը շարժվում է առաջ:
Գրոհի ժամին՝ տղերք, անվարան,
Գոյատենչ հողը նեցուկ ձեր բազկին,
Ճերմակ բլրին՝ անընդմեջ կրակ,
Օրհասն է ապրում արդեն թշնամին:
…Ահա վերելքի տատասկոտ ճամփան
Հորիզոնի հետ հատվում է այստեղ,
Ու երկնքին մերձ, բարձրության վրա,
Զինվորի ոգին ճախրում է արդեն:


***
Մենք ճամփա ելանք առավոտ ծեգին…
Ե. Չարենց

Ճանապարհներին մեզ ուղեկցել են
Կանչերը օտար աքաղաղների.
Տեսե՞լ եք, արդյոք,
Ո՞նց է սպանում
Մարդն իր նմանին:
Տեսե՞լ եք ոնց են
Մարդուց վախենում
Անտեր շները:
…Իսկ այս մեկն, ահա,
Գերի է: Լուռ է:
Նրա ինչի՞ն էր,
Ախ, այս կռիվը:
– Վալահ, մի սպանեք,-
Ուշքի է գալիս
Ու հայհոյում է մայրերին
Իրենց «հրամանատար-գեներալների»:
Թող թագավորե լռություն մի պահ,
Արկ ու հրթիռներ, լռեցե՛ք, բավ է:
Պետական այրեր միլի-մեջլիսի
Հասկացեք, բավ է: Իզուր է: Զուր է:

***
…Սև անգղերը շանթահարում են
քո կապույտ լռությունը,
դարավերջի արկ ու հրթիռները
քրքրում են քեզ.
Բայց, երկիր իմ,
խրամատում համառ է զինվորդ։

ԱԶԱՏԱՄԱՐՏ
Տանկերը հռնդում են
Բիրտ կուսակցությունների
Մեղքերը քավելու համար:
Հայ կարոտ ձեռքը
Կիսալուսնաձև կեռերն է ջնջում
Հայոց հայատառ-հայ-խաչքարերից:

ՔԵԶ
Փողոցների մութ հիշողությունը
Օտարել է քո անունը:
Իսկ քո մասին գրած
Բանաստեղծության ձեռագիրը
Ակվարիումի ձկները կերան:
… Իմ լուսե երազները
Հանգչում են մոմե լրջությամբ,
Ու քո անունը ծերանում է իմ մեջ:
Քեզ հիշելուց արյունս ցավում է:
Այլևս… արի՛…


***
Մենք աղջիկների մասին
գրում ենք ներշնչանքով,
իսկ նրանք`
միշտ ցավով են
երկրպագում մեզ:


***
Աստղերը մրսում էին երկնքում
(փետրվարյան ցուրտ գիշեր էր):
Իսկ բառընդերքում
մեր սերն էր տաքանում:
Սակայն մենք փոքր էինք
Շփոթվելու չափ:
Եվ հեռու չէր նաև… բաժանումը:
Ուր է,
Թե մենք կարողանայինք
Գեթ մի անգամ ետ բերել
Այն լուսնյակ գիշերը:
– Ամեն ինչ մնաց
Հիշողության ընդերքում,
Եվ մի պառավ տատիկ
Մեր հուշերն է վաղուց ավլել
Այն փողոցից:
Իսկ գիշերային կատուները մռլտալով,
լիասուսինն են գլորում մայթեզրով…


***
Երեկոն գեղեցկագույն տիկնոջ
պարանոցի զարդ է,
ու ես ուզում եմ…
հարյուր տարի ապրել:


***
Ախ, աղջկայք–դիցուհիներ,
Չի համբուրել ձեզնից ոչ ոք
Ցեխոտ շուրթս խրամատում,
Չի ջերմացել սառցակալած օրերի մեջ
Դեմքս երբեք ձեր տաք շնչից:
Ձեր անունն եմ կրել ինձ հետ
Ու ջերմացել լուսնի արծաթ հիշողությամբ՝
Խրամատի զարկող ու բութ սառնության մեջ:
Ախ, աղջկայք–դիցուհիներ,
Դուք՝ մեր վերքին սպեղանի,
Դուք՝ մեր ցավին ճար ու դարման,
Դուք՝ գրոհի օրհասական վայրկյաններին
Հավատ ու հույս,
Եվ հաղթության սեղաններին
Ճրագված լույս:
Ախ, աղջկայք–դիցուհիներ…
Դուք մարտերում նահատակված
Հերոսների շիրիմներին
Լացո՜ղ, լացո՜ղ, լացո՜ղ աչքեր…

Please follow and like us: