Արա Նազարեթյան/Հետախուզում մարտով

Ուշ աշնան արև օր էր, վերջին արևներից: Կամավորների նոր ժամանած ջոկատը դեմ էր ընկել հարձակման գլխավոր ուղղության վրա իշխող մի բարձունքի, մինչդեռ աջ թևն առաջ էր գնացել բավականին: Հակառակորդը մի դիրք որ մեկ կորցնում ու նորից է տիրանում, երկրորդ անգամ խլելն անհամեմատ դժվար է: Այդպիսի մի բարձունքի, ահա, թշնամին ամուր նստել էր: Ճակատային գրոհը շատ զոհեր էր տանելու: Նաև զինամթերքի պակաս էր զգացվում: Մյուս կողմից էլ տանկերի համար ճանապարհը բացել էր պետք: Հակառակորդի ուժերը շոշափելու նպատակով վճռվել էր նախ կեղծ գրոհ կազմակերպել՝ հետախուզում մարտով: Սպասում էին արդյունքներին:
– Մահն ի՜նչ,- փիլիսոփայորեն ասաց ոտքից թեթև վիրավոր զինվորը,- մահը կա ու կա, պատերազմում, թե խաղաղ ժամանակ:
– Քիթդ մի կախիր, էդ ոտքով Ճուտոյի հարսանիքին դեռ պարելու ես,- կապավորին ակնարկելով՝ ասաց բուժակը:
– Ուրիշ բան եմ ասում,­- շարունակեց զինվորը,- պատերազմի անատոմիան, ասում եմ, բարդ է: Պատերազմ բառում մահը վերջին իմաստն է, վերջին տառը՝ Մ-ն: Մինչ էդ ուրիշ շատ տառեր կան: Օրինակ Պ-ն՝ պոռնկությունը: Հետո գալիս են մնացածը։ Ա-ն՝ անտերությունը, Տ-ն՝ տառապանքը, եղեռնագործությունը, մյուսները:
– Պոռնկությունն ի՞նչ ­կապ ունի:
– Ունի: Որովհետև ես կամավոր եկել եմ գնդակի բերանը, երրորդ գումարտակն առաջ է գնացել, ես կանգնել եմ, նրա թիկունքն եմ վտանգում, այնինչ ապահով մի պոռնիկի վաստակ փամփուշտ բերող մեքենան, ինչ իմանաս, ինչ գործի է քշել տվել հիմա…
– Որ չգիտես, պարապ մի խոսի,- ասաց բուժակը:
– Որովհետև չգիտեմ, բայց պիտի իմանամ: Բայց, -անմիջապեսշարունակեց զինվորը, -մենք էս պատերազմը պիտի հաղթահարենք ու հաղթենք հենց էսպես, իր ամեն ինչով: Պիտի հաղթահարենք մեզ, իսկ հաղթենք մեր թշնամուն: Ուրիշ ելք չկա, էդ բոլորը մեր բեռն է…
Հետո դարձավ կապավորին.
– Ռացիան դեսը բեր:
Եթերում, զրուցակից փնտրելով, մեկը միալար ռուսերենի հերն անիծում էր:
– Լսում եմ, լսում, ես քո…-արձագանքեց զինվորը՝ ալիքն աղմուկից կարելվույն չափ մաքրելով:
– Ես էլ… -ձայնն աշխուժացավ:
– Ախմախ:
– …Ես էլ քո,- արագ շտկեց մյուս կողմը:
-Ի՞նչ եք անում:
– Քեֆ-ուրախություն: Դո՞ւք ինչ գործի եք:
– Ուտելու ի՞նչ ունեք:
– Խոզ ենք մորթել:
– Ափսոս…
– Խի՞ որ:
– Առավոտից բան չեմ կերել:
– Դա ինչ խոսք էր: Հարևան չե՞նք, արի:
– Գա՞մ որ:
– Հա: Կյանքդ երաշխավորում եմ: Անունդ ասա:
– Կգայի, բայց դե գիտես, խոզի միս մենք չենք ուտում:
– Ուրիշ բան էլ կա..­
– Էդ էլ եք ուտո՞ւմ…- անսպասելի դրեց թուրքը:
– Ձեզ համար ենք պահում,- համարժեք չէր, բայց, այնուամենայնիվ, պատասխան էր:
– Խմելու ի՞նչ ունեք:
– Լավ օղի կա:­
– Թթի՞։
– Հա, թունդ: Պղպջակները երեսին կոճակ-կոճակ լողում են:
– Վախ-վախ-վախ…
– Ուզո՞ւմ ես:
– Շա՜տ:
– Դե էլ ինչ ես սպասում, արի:
Մյուս կողմը մտածեց:
-Լսիր,- հանկարծ աշխուժացավ,- գետափի տանկը գիտես:
– Խփված:
– Հա, էլի:
-Ասենք թե: Հետո:
– Եկ բարտեր անենք:
– Ի՞նչն ինչի հետ:
– Դու արաղը բերում, դնում ես տանկի վրա, ես գալիս, տանում եմ…
– Անո՜ւշ:
– …Ես փոխարենը անաշա եմ դնում: Հետո դու գալիս ես, անաշան տանում ես:
– Առաջ դու բեր: Թե՞ վախենում ես:
– Ձերոնք հաստատ կխփեն,- ցավով ասաց մյուս կողմը:- Դուք անհավատ շանորդի եք:
– Դուք չեք խփի:
– Մուսուլմանը որ խոսք տվեց՝ խոսքի տերն է: Ադրբեջանական առած կա՝ եղիր քաղցած, բայց ազնիվ:
– Դե էդպես սոված էլ մնա, ազնիվ իշի քուռակ:
Թուրքը քմծիծաղեց:­
– Ներվերդ չեն դիմանում, էրմենի:
Ապա լուրջ հարցրեց.­
– Ինչի՞ չեք հարձակվում:
– Համբերեք:
– Դե, ժամանակին եկեք, մենք էլ գնանք մեր բանին, զահլաներս գնաց… Հազար գործ կա տանը։
– Բա գնացեք, ո՞ւմ եք սպասում:
– Բաքվից գալիս, ստիպում են… Բայց դե որ հարձակվեք, փախչելու պատճառ կլինի, թե չէ էսպես անառիթ մի տեսակ ամոթ է…
– Ուրեմն, ասում ես, Բաքվից են ստիպում:
– Բաքվից: Լսիր ձեզանում դատախազի կամ ուրիշ նաչալնիկի տղա կա՞:
– Չէ:
– Ուրեմն դուք էլ մեզ նման հարիֆներ եք հավաքվել:
– Համարյա: Բայց մի տարբերություն կա:
– Ի՞նչ տարբերություն:
– Ձեզ բերել են, իսկ մենք եկել ենք:
– Կնշանակի դուք կրկնակի հարիֆ եք… Անունդ չասեցիր, բախտակից, ինչ իմանաս, մեկ էլ տեսար հանդիպեցինք:
– Անունս, դե գիտես, Վազգեն է, բայց, որ տղերքը ուշունց տալիս են լինում, ասում են Էլչիբեյ:
– Ասում են՝ Էլչիբեյ, ես քու մերը՞…
– Հա:
– Բա դու ի՞նչ ես ասում:
– Ասում եմ՝ ես էլ:
Թուրքն ուշացած ասաց.
– Ես էլ ձեր թագավորի…
– …Ես էլ ձեր ազգի գեղեցկուհու։
– Ես էլ: Ձեր Քաջ Նազարի էլ նանը:
– Ես էլ:
– Իյա՜… Հեչ սրբություն չունեք, անհավատներ:
– …Ձեր մոլլի էլ թրաշած քյալլեն,- եզրափակեց զինվորը: Այնուհետև ձանձրալի սպասում էր: Առաջապահ խմբից լուր տակավին չկար: Ապաքինվող զինվորը թուլացած վիրակապն էր ամրացնում,բուժակն աշխարհընկալման իր մոդելն էր շարադրում, տասնութ տարեկան կապավորը նայում էր բուժակի աչքերին-բերանին, բերանին-աչքերին:
– Երեխան, մարդը, երբ ծնվում է,- ասում էր բուժակը, տնկած մատի ուղղությամբ ականջը սրած, ասես ձայնի,- միտքը դեռ խոսքի ձև չի առնում, բայց հարցն աչքերի մեջ է. ինչու՞ հենց այսպես: Ասես հետախուզության է եկել: Լավն ու վատը չի հետաքրքրում կամ շատն ու քիչը, այլ ինչու հենց այսպես: Դե, արարիչն էլ ամբողջ կյանքում հասկացնում է, թե ինչու հենց այդպես: Դրա համար ժամանակ է պետք, և հնարել է ժամանակը, որ մարդն այդ ճանապարհն անցնի: Իսկ ճանապարհ գնալու համար նաև տարածություն է պետք: Արդյունքում՝ ապրում ենք Ժամանակի ու Տարածության մեջ: Աստված ինքնաշխատ այս համակարգն ստեղծել է ու կանգնել մի կողմ: Չի միջամտում, քանի դեռ մարդը վճռում է՝ որ մարդն ինքնուրույն համոզվի ու մեր կյանքը համոզվելու հենց այդ ընթացքն է… Մի տեսակ հետախուզում՝ մարտով:
Բուժակն այսպես կառուցեց աշխարհընկալման իր մոդելը, և ջահել կապավորն ուշադիր հետևում էր գետնին չոր ճյուղով նկարած նրա խորհրդավոր գծերին. երևի այդ անհասկանալի պատկերն էլ մի բան պիտի նշանակեր: Երրորդը, միջին տարիքի, ոտքից թեթև վիրավոր զինվորը թերահավատ նայում էր:
– Ինքը մեր մարսելու կարողության չափ գաղտնիք անընդհատ բացում է, կարևորը՝ մնանք հավասարակշռության մեջ, չստացվի, որ ուժից վեր բեռ միանգամից շալակենք, տակը մնանք: Երբ սովորենք… երբ մեր խռովված հոգին սովորի հարցեր չտալ, կգա Հավերժ Անդորրը: Այստեղ ճիշտ ու սխալի խնդիրը չէ, լինելու ձևի հարցն է: Պիտի կողմնորոշվենք մեր ուզածն ինչ է: Բոլոր փորձանքները դրանից են… Զինվորն ակամա ծիծաղեց, վիրակապը շոյելով ասաց.
– Պարապ ես մնացել­:
– Հա, նեղ առումով։ Իսկ լայն իմաստով շարժման մեջ ենք: Աստված միջամտում է, երբ կանգնում ենք, երբ անելիքը չենք իմանում: Ինքը նշանը տվել է՝ խաչը, մատը մատի վրա, այսինքն մատդ մատիդ տուր,մի բան արա, որ մի բան լինի, եթե անդորրը չի բավարարում,- ասաց բուժակը:
– Ի՞նչ, եղած բացատրություններից ինչո՞վ է պակաս:
Հեռախոսը խզզաց, կապավորը մտավ վրան: Խոսակցությունն սկսել էր զինվորին զվարճացնել, չթողեց բուժակն իր «մոդելից» դուրս գա.
– Հիմա կանգնա՞ծ ենք, թե՞ ոնց:
– Իմ գործը սպասելն է, մինչև վիրավորների հոսքը կսկսվի:
– Այսինքն, ինչ լինելու է՝ կլինի: Դու էլ ես աստված, չես միջամտում:
– Հրամանատարն էլ ռոստովցուն ուղարկեց առաջապահ խմբի հետ, ինչ լինելու է, թող լինի: Բոլորս էլ աստված ենք: -Խոսակիցը խաբուսիկ, ինչ-որ աղավաղում էր, միտքը չէր բռնվում, սրված, բուժակն ականջի ծայրով փորձեց որսալ, պահը փախավ: Ասաց, – Հրամանատարն էր զանգում: Ուղարկել է, բայց անհանգիստ է:
– Կասկածելի տիպ էր,- ասաց զինվորը:- Եկել է՝ ուզում եմ հայերի կողմից կռվեմ… Ոչ այն է հետ ուղարկես, ոչ այն է…
– Առաջադրանքի, բայց, ուղարկեց,- զրույցին խառնվեց կապավորը:
-Ուղարկեց: Ամենահավաստի տեղամասը:
Կապավորի տարակուսած հայացքին ի պատասխան բուժակը շարունակեց. -Ամենաստույգ լուծումն էր, ստույգ մահվան գնացին: Ամեն դեպքում կասկածն արանքից դուրս կգա՝ ոչ աչք, ոչ աչքացավ։ Հնում Եվրոպա վհուկության մեջ մեկին որ կասկածում էին, ձեռուոտը կապում, գցում էին գետը. թե չխեղդվեց՝ հանում, այրում էին որպես կախարդի…
-Իսկ եթե խեղդվեր…
-Ուրեմն անմեղ էր:
-…Բա մյուսնե՞րը,- ­խոսքն առաջադրանքի գնացած մյուս տղաների մասին էր:
– Մյուսները գիտենալով գնացին:
-Այդպես է,- նստելու դիրքը փոխեց զինվորը:- Կամ պիտի խումբը զոհես՝ ընդհանուր գիծը փրկես, կամ կույր գործողության գնաս: Առաջին տարբերակով զոհերի թիվը կանխատեսելի է, նվազագույնը: Սառը հաշվարկ է:
– Բայց ամեն մարդ ­իր կյանքն է ապրում,- լուծումը կապավորի սրտով չէր:
-Բոլորս Աստծո համար տարբերակներ ենք, իսկ Ինքը միակ է ու համատարած: Չի միջամտում, որովհետև դեռ մարդը վճռելու դժվար գործին է:
-Վճռում է… թողնել Աստծո հույսին,- ծիծաղեց զինվորը: Հետո ասաց,- Ֆագոտների հետ էր ուզում գնալ, ապահով լինելուն էնքան էլ դեմ չէր կարծես…
– Հա,- ասաց կապավորը,- բայց մյուս կողմից ֆագոտները հսկվող դիրք են, մերոնց աչքի առաջ կլիներ:
Զինվորը հայացքը պահեց կապավորի անհասկացող դեմքին, ասաց.
-Մի ֆագոտը մեկ տանկ արժե:
-Կարող է դրա մասնագետն էր, դրա համար:
– Կարող է: Բայց ընդամենը երկու ֆագոտ ունենք:
-Ռիսկ կար,- նկատեց բուժակը:
– Իսկ հրամանատարը կասկածի տակ հաղթանակը չի դնում: Դրա համար էլ հրամանատար է:
-Ինչ ճիշտ է՝ ճիշտ: Պիտի վճռական լինես: Հրապարակ ես ելել, պարիր, -ասաց զինվորը:
-«Պուշկի յոլում» մի թուրք վիրավոր նստած ալլահ-ալլահ էր անում: Ասի, տղերք չխփեք:Մի ջերմուկցի կար, խփեց: Մոտ գնացինք: Երկու ավտոմատ ուներ, մեկը թիվլիզեցի Գոգան վերցրեց, մյուսը՝ ջերմուկցին: Գրպանի փողը Սերգոն վերցրեց, ծխելիքը՝ Գրիշը: Ես բանի ձեռք չտվեցի: Ջերմուկցին հետո խփվեց, Գոգան կոնտուզիա ստացավ, Սերգոն էլ կոնտուզիա ստացավ, իսկ Գրիշն ընկավ ավտովթարի տակ…
– Դու էլ երևի սպիդից մեռնես…հարյուր տարեկանում,- բուժակն ու կապավորը ծիծաղեցին:
-Դրանից հետո գերի չեմ վերցրել, խփել-անցել եմ: Վճռական պիտի լինես: Դա կիթառ նվագել չի, որ լարերի վրա քուջուջ անես…
Քիչ անց, շարունակեց.
-Ասում է՝ Ռոստովից եկել եմ ձեզ համար կռվեմ:Կազակ չի, կազակները մենակ չեն գալիս: Ոչ էլ անտերուդուս հացփորի տեսք ունի… Ոչ մի ծանոթ չուներ: Առաջին անգամ Գորիսի ավտոկայանում են տեսել, սրան-նրան հարցուփորձելիս…
-Աղջիկ խոսացնելիս:
-Ռուսերենով՝ հայ աղջիկ: Կարծես Ռոստովում ռուսերեն խոսացնելու աղջիկ չկար: – Հայ երևի չկար:
– Հայ ու զինվորական համազգեստով… -զինվորը ձեռքը թափ տվեց, կաղալով գնաց ճամփադարձի կողմը:
Ուշացումով կապավորը հանկարծ հիշեց.
– Տղաները մարտ են տվել, կես ժամ առաջ: Հրամանատարն ասաց՝ ուշադիր եղեք, կարող է գան: Վիրավոր հաստատ կունենան:
-Մեր գո՞րծն ինչ է… Չեն ունենա՝ ավելի լավ:
-Իսկ եթե չգա՞ն:
-Եթե չգան…
Անցել էին այն ժամանակները, երբ մի և նույն ջոկատը և՛ հետախուզությունն էր անում, և՛ գրոհը, և՛ կանգնում էր նվաճած դիրքը պահելու: Տղաները հետախուզության էին գնացել: Չէր բացառվում հարկադիր մարտը: Բայց դիրք պահելու խնդիր նրանք չունեին և չվերադառնալը միակ բացատրություն ուներ, ավելի ճիշտ, բացատրելու հարկ չկար… Ճանապարհից զինվորը ձեռքով էր անում:
– Գալիս են,- ենթադրեց բուժակը: …Երկուսին թևերն ընկած էին բերում: Երրորդը պադգարակի վրա էր: Վիրավորներից մեկը, առաջապահ խմբի ջոկապետը, բուժակին առողջ ուսով կոպիտ հրեց ընկերոջ կողմը, առաջ անցավ.
– Ռացիան դեսը տվեք:­- Կապավորն արդեն բերում էր: -Միացրու “Առաջինին” :- Արդեն միացնում էր: -Ձորը բացել ենք, -ասաց, թիկնաթոռին փլվելով: -Ընդամենը հերթապահ-հսկիչ դիտակետ էր, պարզվում է, հինգ-վեց հոգի: Առանց հարց տալու, “Առաջինն” սպասեց: -…Երկու վիրավոր, մեկ զոհ,- ասաց ջոկապետը: Կռացել, վիրավոր արմունկը սեղմում էր փորին, ձայնը փորից եկավ:
-Ո՞վ,- կարճ, հարցրեց “Առաջինը”:
-Իգորյոկը:
-Ով-ո՞վ…
-Ռոստովցին:
-“Շպիո՞նը” :
– Իգորը, -կրկնեց ջոկապետը, բուժակին իրենից վանելով: Հետո հայացքը թեքեց, թեպետ հեռախոսով հո չեր երևում: -Որ իրեն հասանք, վերջին շնչում էր։ Ասաց՝ մայրս չգիտի, որ եկել եմ… Ասաց՝ մայրս հայ է…
Ընդհանուր հրամանատարը լսում էր: Հետո ասաց.
-Ուրեմն սխալը մենք էինք:
Ու ընկալուչը դրեց: Քիչ անց, անորոշ ինչ-որ դղիրդ սկսեց ահագնանալ:
-Տանկերը դուրս եկան…
Բուժակն, այլևս անարգել, վերքը զննելու իր գործին էր։ Մտացիր, ջոկապետն ասաց.
– Հենց դիրքը երևաց, առաջ պոկվեց…էլ ես չհասցրեցի, թուրքերը խփեցին… Մեղքի տակ էի ընկնելու։
Պատգարակի վրա շեկ մազերով գլուխը կողքի էր ընկած: Աչքերը փակել էին արդեն, չէր երևում, կարող է կապույտ էին, կարող է սև, կարող է կանաչ: Բայց քթի տակ երեք օրվա բեղ կար, բեղերը սև էին: Բուժակից բացի, բոլորը երկար, անորոշ նայում էին: Հետո կապավորը հարցրեց.
– Հիմա ի՞նչ…
Բուժակը վիրակապելն ավարտեց, վիրակապի վրա հանգույցը պինդ ձգեց, ասաց. -Ի՞նչ իմանաս: Ոչ հարազատ ունի, ոչ գյուղ:
– Երևի Եռաբլուրի պանթեոնում հողավորեն,- ասաց կապավորը:

«Ռազմավար պատմվածքներ» գրքից, Երևան, 2001

Please follow and like us: