Ա. Գյուլբանգյանի ստեղծագործություններում նկատելի է Ջ. Օրուելի թողած անառարկելի ազդեցությունը, ով էլ իր հերթին խոստովանել է, որ «1984»-ը գրելիս ազդվել է Զամյատինից:
Գյուլբանգյանի «Պատերազմի քմահաճույքներ» ժողովածուի «Ինկվիզիցիայի սարսափները» պատմվածքը «301 գրամ» ժողովածուում տեղ է գտել «1948» վերնագրային փոփոխակով: Պատմվածքը 1948 թվականին ընդունված մարդու իրավունքների կոնվենցիայի համատեքստի և Ջ. Օրուելի «1984» վեպի գաղափարախոսության հակադրամիասնություն է: Ինտերտեքստի դրսևորման կերպի առումով այն միջանկյալ դիրք է գրավում Աստվածաշնչյան և Համաշխարհային գրականության ինտերտեքստի արանքում: Այստեղ քննության են դրվում աստվածաբանական, փիլիսոփայական, հասարակական, քաղաքական կարևոր հարցեր, որոնք փոխկապակցված են իրար հետ և ներկայացվում են կառավարելիության գործոնների համատեքստում (Գյուլբանգյանի ստեղծագործություններում մեծ տեղ է հատկացվում կառավարող գործոնների և կառավարմանը չենթարկվող սուբյեկտների հարաբերության հարցին, ինչին ընդգրկուն հոդվածով անդրադարձել է Կ. Մանուչարյանը(1)): Սա այն դեպքն է, երբ ինտերտեքստը ճանաչելի է դառնում ենթատեքստից: Մենք գործ ունենք ռեմինիսցենցիայի հետ՝ ընդհանուր մոտիվներ, միանման ֆաբուլային տարրեր:
Վերափոխված, վերաշարադրված նախատեքստն ակտիվանում է միայն այն ճանաչելուց հետո: Միայն այս դեպքում է գործում ինտերտեքստի կարևոր հատկանիշներից, գործառույթներից մեկը՝ հակազդեցությունը նախատեքստին, որի գաղափարն առաջ են քաշել Ն. Ֆատեևան և Պ. Պարշինը (2):
Պատմվածքի հենց սկզբից և հետագա շարադրանքի ողջ ընթացքում հետևողական կերպով շեշտվում է «Փրկել մարմինը վերահաս կործանումից» գաղափարի կարևորությունը:
«Ինձ համար այնքան էլ հաճելի չէ շարադրել այս պատմությունը՝ թողնելով իմ հիմնական զբաղմունքը, այն է՝ փրկել մարմինս վերահաս կործանումից: Բայց եկավ մի պահ, երբ պարզվեց, ավելին՝ դարձավ օրախնդիր, որ փողի խրոնիկական սղությունն ինձ ուղղակի չի թողնում ամբողջ էությամբ նվիրվելու անձնական գերխնդրիս»։(3)
Այս հատվածով հեղինակը երկխոսության, բանավեճի մեջ է մտնում մի կողմից Աստվածաշնչյան հայտնի «մարմինը պետք է հոգու փրկության համար ծառայեցնել» մտքի հետ, մյուս կողմից՝ Ջ. Օրուելի «1984» հայտնի վեպի գաղափարի:
Առանցքային հերոսը ժամանակակից լրագրող է, ով կանգնած է մարմինը փրկելու գերնպատակի առաջ. «Եթե կարողանամ կարգավորել ֆինանսական դրությունս և առավել շատ ժամանակ տրամադրել իմ գործին, կարծում եմ, որ պետք է իրականացնել գերնպատակս »:(5) Իսկ այդ ի՞նչ վերահաս կործանում էր: Եթե հիշենք պատմվածքի նախնական վերնագիրը՝ «Ինկվիզիցիայի սարսափները» և Օրուելի վեպի տեսարանները, որտեղ ներկայացվում է, թե ինչ մեթոդներով են մարդկանց գաղափարներ պարտադրում, հասկանալի է դառնում, որ խոսքն այստեղ ֆիզիկական գոյության, անվտանգության մասին է: Բայց ոչ միայն: Հեղինակը հիշեցնում է նաև 1948 թվականին ընդունված ընդդեմ խոշտանգումների Կոնվենցիան, որը Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին միջազգային օրենք է:
Ստեղծագործության մեջ կառավարման գործառույթ իրականացնող հերոսը՝ պ. Անդրեն, փորձելով ձևային առումով տեղավորվել 1948 թվականի Կոնվենցիայի պահանջների շրջանակներում՝ միաժամանակ ինկվիզիցիայի է ենթարկում վերացարկված հերոսներին՝ կենդանիներին և բույսերին, որոնք պատմվածքի մեջ հարցաքննվում են որոշակի նպատակներով՝ դառնալով կառավարելի սուբյեկտներ և գոյատևելու, ապրելու բնական պահանջի (բնազդի) թելադրանքով փորձում են փրկել սեփական մարմինները կործանումից:
Գործի պատվիրատուն պետական հիմնարկ է, իսկ կատարողը՝ պարոն Անդրեն: Պ. Անդրեն օրուելյան Օ’Բրայենի նման հոգեբանական թերապիաների է ենթարկում առանցքային հերոս Ար-ին: Ստեղծագրծությունների երկու հերոսներին էլ (պ. Անդրե, Օ’Բրայեն) միավորում է սադրանքի շարժառիթը: Սադրանքի էությունը մարդկային անհատականության ոչնչացումն էր: Օրուելի Սմիթը և Գյուլբանգյանի Ար-ը միաժամանակ և՛ միջոց էին, և՛ զոհեր, ինչպես Օ’ Բրայենի և պ. Անդրեի հետ նախկինում գործ ունեցած մյուս մարդիկ: Պատումի շրջանակներում իր պատմած պատմությունների մեջ պ. Անդրեն խոսում է մարդկանց կամ կենդանիների մասին, ովքեր իր հետ որոշակի շփումից հետո անհասկանալի հանգամանքներում հանգուցյալ են դարձել՝ այդպիսով ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի որոշակի ազդակներ փոխանցելով լսողին՝ Ար.-ին: Այսպիսով՝ ֆիզիկական ոչնչացման սպառնալիքը դառնում է կառավարման գործոն:
Օրուելն ուղիղ կապ էր տեսնում մարմնի ու մտքի միջև. «Մենք ծեծել ենք ձեզ, Ուի՛նսթըն։ Մենք կոտրել ենք ձեզ։ Տեսաք, թե ինչպիսին է ձեր մարմինը։ Ձեր միտքը նույն վիճակում է։ Չեմ կարծում, թե ձեր մեջ հպարտություն է մնացել։ Ձեզ տրորել են ոտքերով, մտրակել ու վիրավորել, դուք ճչացել եք ցավից, թավալվել եք հատակին՝ ձեր իսկ արյան ու փսխուքի մեջ։ Գութ եք աղերսել, դավաճանել եք բոլորին և ամեն ինչի։ Մտածե՞լ եք ձեր անկման մասին, որի հավասարը չկա»: (Օ՚ Բրայըն)
Պ. Անդրեի կողմից Ար-ին առաջադրված հիմնական հանձնարարությունը, այն է՝ հետևել հարցաքննվողների դիմախաղին, ժեստերին, հոգեկան ապրումներին և դրանք գրանցել թղթի վրա սպանության բացահայտման նպատակով («սպանության բացահայտումը զուտ քրեական օպերատիվ խնդիր է»), ստեղծագործության շարադրանքի ընթացքում աստիճանաբար հետ է մղվում: Կառավարման գործառույթ իրականացնող պ. Անդրեն իր կենսափիլիսոփայությունն ու գործունեությունը փորձում է հիմնավորել աստվածաբանական գաղափարների համատեքստում՝ քննելով այդ գաղափարները կառավարման դիտանկյունից: Առաջ է գալիս աստվածաբանական թեմաների, փիլիսոփայական հիմնադրույթների գաղափարաբանական քննություն: Պ. Անդրեն, հիշատակելով Տիրոջ խաչվելու փաստը, առաջ է քաշում այն գաղափարը, թե Նա այդ քայլը նախապես պլանավորել էր, քանզի աշխարհում ոչինչ առանց լուրջ փոխզիջման չի կարող լինել: Պ. Անդրեն այդ իրողությունը բնորոշում է որպես իսկական Արարք, Գործ, իսկ նպատակը եսապաշտական է համարում, այն է՝ «Փրկել սեփական մարմինը»: Մարմնի ու հոգու փրկության երկընտրանքում առավելությունը տրվում է մարմնին. հոգին զուտ խորհրդանշական ներկայություն է ապահովում, իսկ մարմնի փրկությունը համարվում է աստվածային ու անիրագործելի:
Մարմինը փրկելու մղումը դառնում է կառավարելիության գործոն՝ հակառակ դիրքերից ձայնակցելով Աստվածաշնչյան հոգու ու մարմնի գաղափարին: Պ. Անդրեն համարում է, որ միայն Բանաստեղծն է իր բանաստեղծությամբ մոտենում այդ աստվածային կարողությանը, քանզի նա էլ է եսասեր, բայց միայն մոտենում է, չի աստվածանում:
Ի հակադրություն պ. Անդրեի կենսափիլիսոփայության՝ Ար.-ը մեջբերում է հայտնի ասացվածքի փոփոխված տարբերակը՝ Աստծունը՝ Աստծուն՝ չխորանալով աստվածաբանական հարցերի քննության մեջ: Նրան հետաքրքրում է հասարակության բջիջը՝ անհատը: Ար.-ը օրուելյան «Պատերազմը խաղաղություն է» լոզունգային արտահայտությունը, վերաձևակերպում է այլ կերպ. «Պատերազմը բանաստեղծության մահն է», իսկ բանաստեղծության մահը վրա է հասնում Բանաստեղծի մահով, որը պատմվածքում ներկայացված է արդեն որպես փաստ:
Այստեղ հարկ է նշել մի կարևոր հանգամանք. սպանված բանաստեղծը, որ «բնակվում էր մի անտառապատ քաղաքում», ունի իր նախատիպը: Հեղինակը անուն չի տալիս, բայց խմբագրված բանաստեղծական տողերից ճանաչում ենք Սամվել Զուլոյանին:
Ես հուսահատ, ինչպես որդին Դեդալոսի (6),
Շրմփում եմ նորից թախծի ջրափոսում,
Եվ մաս առ մաս, անէ, անձև ու մեկուսի,
Կավս խառնած ցեխաջրին՝ ցած եմ հոսում…
Սամվել Զուլոյան
«Եվ ես մոլորված շրջապտույտում,
Հոսում եմ ցած`
Կավս խառնած ջրերի Տիղմ ու ցեխի հետ»
Արարատ Գյուլբանգյան
Ժամանակակիցների և անձամբ Ա. Գյուլբանգյանի բնորոշմամբ(7) էքսցենտրիկ ու տաղանդավոր անհատականություն Ս. Զուլոյանի կյանքն ու ստեղծագործությունը մեծ դրոշմ է թողել իր սերնդակիցների վրա: Գյուլբանդյանն իր գործում Ս. Զուլոյանին համարում է սպանված անհայտ, բայց ոջլոտ մեկի կողմից՝ ակնարկելով, որ հենց իր կյանքը, հայացքներն ու կենսակերպն է նրան քայքայել, սպանել8: Խմբագրված մեջբերելով Ս. Զուլոյանի՝ էքսզիստենցիալ մտորումներն արտահայտող բանաստեղծությունը, հերոսը՝ Ար-ը հանգում է հետևյալ եզրակացության. «Չէ, եղբայր, լավ է, որ մեռել ես, միևնույն է, տառապելու էիր վախից, օր օրի չորանալու, դու երբեք ի վիճակի չէիր լինի փրկել մարմինդ»: [էջ 89]
Ար-ն առաջ է քաշում պայքարող, երջանիկ անհատի գաղափարը՝ հակադարձելով Օրուելի հերոսին:
-Դուք մտածում եք,- ասաց նա,- որ իմ դեմքը ծեր է ու հոգնած։ Մտածում եք, որ խոսում եմ իշխանության մասին, մինչդեռ ի վիճակի չեմ կանխել իմ սեփական մարմնի քայքայումը։ Չե՞ք հասկանում, Ուի՛նսթըն, որ անհատն ընդամենը բջիջ է։ Բջջի հոգնածությունն օրգանիգմի ուժն է։ Դուք մեռնո՞ւմ եք, երբ կտրում եք ձեր եղունգները։ (Օ՚ Բրայըն)
Դոկտրինան առաջարկում է անհատի փրկության և գոյատևման փրկարար ծրագիր: Անհատը հասարակության զարդն է, հիմնարար բջիջը. «1 երջանիկ անհատ + N թվով երջանիկ անհատներ»` Դոկտրինայի սփոփիչ բանաձևը: (Ար.)
Օ՚ Բրայըն-պ. Անդրե բևեռն, ըստ երևույթին, սատանայական գաղափարների կրող է հանդիսանում, որ շարունակաբար փորձում է ճնշման ու կառավարման տակ պահել Ուինսթոն Սմիթ-Ար բևեռին:
Գյուլբանգյանին հետաքրքրում ու մտահոգում է հասարակությունը ձևավորող անհատի ճակատագիրը: Հասարակության հիմնարար բջիջը երջանիկ անհատն է, ով կարող է ազատ մնալ կառավարման նյութական ու ֆիզիկական գործոնների ազդեցությունից: Պատմվածքի տարածքում Գյուլբանգյանը փորձում է ներկայացնել փակ կենսատարածքում անհատին կառավարելի դարձնելու գործոնների համալիրը, որի տրամագծից ամեն կերպ փորձում է դուրս գալ հերոսը: Վեպի տարածքում Օրուելի հերոսը ենթարկվում է համակարգին, պարտվում է կառավարելի գործոնների ճնշմանը: Պարտվում է նրա գիտակցությունը. նա սկսում է ապրել և գործել իր նախկին սկզբունքներին հակառակ՝ առանց գիտակցելու այդ մասին: Անհատն իրեն երջանիկ է համարում, բայց դա կառավարելի գործոնների, համակարգի պարտադրած երջանկությունն է, որը նույնիսկ ինքը չի զգում:
Օրուելի հերոսը՝ Ուինսթոն Սմիթը, պարտվում է համակարգին, Գյուլբանգյանի հերոսը փորձում է խույս տալ, դուրս մնալ այդ ճնշումների ազդեցությունից՝ շարունակելով իր պայքարը: Գյուլբանգյանը Օրուելի տեքստին դիմել է՝ Օ՚ Բրայընի գաղափարներին հակադրվելու, ղեկավարության ճնշումների, մշտական հսկողության տակ գտնվող անհատի ճակատագրի խնդիրը քննելու, կառավարման գործոնները ներկայացնելու նպատակով:
Հղումներ եւ ծանոթագրություններ
- Տե՛ս Մանուչարյան Կ., «PARACETAMOL» երկը Արարատ Գյուլբանգյանի ստեղծագործության համատեքստում (Կառավարող գործոնների և կառավարմանը չենթարկվող սուբյեկտների հարաբերության հարցը), Գրական թերթ, 29/12/2019. http://www.grakantert.am/archives/13230
- Տե՛ս Н. Фатеева, П. Паршин, «Интертекстуальность» https://repozytorium.uwb.edu.pl/jspui/bitstream/11320/7733/1/SW_18_2018.pdf
- Գյուլբանգյան Ա., «301 գրամ», պատմվածքներ, 2011թ., էջ 63:
- Օրուել Ջ., «1984» (վեպ): Անգլերենից թարգմանեց՝ Ա. Աթաբեկյանը, Երևան, «Անտարես», 2012, 336 էջ:
- Գյուլբանգյան Ա., «301 գրամ», պատմվածքներ, 2011թ., էջ 63:
- Աթենացի ավանդական ճարտարապետ Դեդալոսը, իբր, նախանձից սպանելով իր աշակերտին, փախել է Կրետե, որտեղ Մինոս թագավորի հրամանով Մինոտավրոս հրեշի համար կառուցել է Լաբիրինթոս։ Բայց երբ Մինոսի դուստր Արիադային սովորեցրել է հրեշին սպանած Թեսևսին Լաբիրինթոսից ազատելու հնարը, Իկարոս որդու հետ բանտարկվել է Լաբիրինթոսում։ Այնտեղից փախել են Դեդալոսի պատրաստած արհեստական թևերով։ Պատանի Իկարոսը շատ է մոտեցել արևին, հալվել են թևերի փետուրներն ամրացող մոմերը, և նա ընկել է Էգեյան ծով։ Հայրը որդուն թաղել է մերձակա կղզում, որն այնուհետև կոչվել է Իկարիա։
- Տե՛ս «Երկունք» գրական ամսաթերթ, 2020 թ., փետրվար, թիվ 2 (219), էջ 2:
- Ժամանակակիցների վկայությամբ՝ Ս. Զուլոյանն ինքնասպան է եղել: