ինչ-որ անբարոյականի զավակ քեզ քծնեց ու պարծեցավ, երեւա՛ն, աղջի՛կս,
ինչ-որ անբարոյականի զավակ խաղաց գրկումդ ու ցամաքեցրեց քեզ՝
մեռնելիս փողի թեմայով կարկամելու համար,
քանզի իր միակ ունեցածը որձությունն ու դժկամությունն է, մի՛ վհատվիր, երեւա՛ն, աղջի՛կս։
եւ հիմա ես այլ բառամթերք եմ հավաքել քեզ համար, երեւա՛ն, գունավո՛րս,
թող ցամաքային նավեր լողան քո լեռնային շնչափողում,
ու տգեղ խեղկատակներ՝ մերկ ու թշվառ, այլեւս չվազվզեն քո երակներում թող՝
զգալու համար բազմաչարչար իղձդ՝ սիրվելու ու շահարկվելու ամենքի բերանով։
եւ իսկապես ավելորդ է տվայտանքդ՝ էս խոր լարումը կլլելու,
քանի որ փողոցներդ անաղբաման են, ծառերդ`անջուր, սրճարաններդ՝ էժան,
դո՛ւ, երեւա՛ն, անասելի դեռատի մարմնով ու անասելի մեծ փորձով,
էս ծամոնները մի կերպ պոկի՛ր մաշկիցդ, երեւա՛ն, սիրելի՛ս։
իմ կորսված ու սիրուն․ թող տեսանելի լինեն կապտուկներն ու շրթներկը,
հրճվի՛ր, որ խնամված ես՝ զբոսաշրջիկների քսմռտոցը տանելու համար,
ու բա՛ց արա մեզ՝ ներսումդ ճեմողներին՝ աշխարհը տեսնել ցանկացողներին,
բայց սովետական մատրասին քնողներին,
քանզի դու իրապես շահավետ ես մեզ նման հեղհեղուկների համար։
ես խաղաղ եմ գրել քո մասին՝ իբրեւ վաղեմի սիրեցյալի,
որ իր աղքատությունը, դժկամությունը դիզել է իմ առաջ և ասում է՝ վայելի՛ր,
երեւա՛ն, աղջի՛կս, ես սիրում եմ քեզ,
եւ այդ սերը թող բավարար լինի այս բանաստեղծության համար։
․․