Նրանք իսկական իդեալիստներ էին, երկուսն էլ` Նոր Անգլիայից, բայց ճիշտ կլինի պատմությունը սկսենք սկզբից՝ պատերազմից առաջ։ Պատերազմից մի քանի տարի առաջ նրանք հանդիպեցին և ամուսնացան։ Տղան բարձրահասակ, խորաթափանց հայացքով երիտասարդ էր Քոնեքթիքութից, իսկ աղջիկը փոքր-մոքր, համեստ, պուրիտանական կերպար՝ Մասաչուսեթսից։ Նրանցից ոչ մեկն էլ առանձնապես շատ փող չուներ՝ միասին հազիվ երեք հազար դոլար կազմեր, բայց դա կարևոր չէր, կարևորն այն էր, որ նրանք ազատ էին։ ԱԶԱՏ…
Օ՜, ազատություն, ասել է թե լինել ինքդ քո գլխի տերն ու ապրել անկախ։ Ահա ազատություն սիրող իդեալիստ մի զույգ ծաղկուն տարիքում (աղջիկը՝ քսանհինգ, տղան՝ քսանյոթ), գեղեցկության հանդեպ սիրով լցված, բուդդայական փիլիսոփայությամբ տարված, սակայն միայն երեք հազար դոլար տարեկան եկամուտով։ Բայց դե փողը ձեռքի կեղտ է, այնպես չէ՞, տիկի՛ն Բեզանդ1: Մարդու ուզածը լոկ «ճիշտ ու գեղեցիկ» ապրելն է և, իհարկե, դա հնարավոր է միայն Եվրոպայում՝ քաղաքակրթության բնօրրանում։ Հնարավոր կլիներ նաև Ամերիկայում, օրինակ՝ հենց Նոր Անգլիայում, բայց «գեղեցիկի» չափաբաժինը անհամեմատ ավելի քիչ կլիներ այս դեպքում։ Իրական «գեղեցիկին» հասնելու համար բավական երկար ժամանակ է պետք։ Բարոկոն թվում է, թե գտնվում է դեռևս ամբողջովին չհասունացած գեղեցիկի խաչմերուկում։ Բայց ո՛չ, նրա՝ գեղեցիկի պատկերում երևացող արծաթավուն ծաղկման ու ոսկեփայլ փնջի արմատները գալիս էին Վերածննդից և ոչ թե «գեղեցիկի» սաղմնային ժամանակներից։
Եվ այսպիսով՝ մեր իդեալիստները Նոր Հեվընում ամուսնանալուց հետո նավով միանգամից ուղևորվեցին Փարիզ՝ հին ու գեղեցիկ ժամանակների շնչով լցված քաղաք։ Նրանք Մոնպառնասի պողոտայում վարձակալեցին մեկ սենյականոց բնակարան-արվեստանոց և դարձան իսկական փարիզեցիներ, բայց ոչ թե ժամանակակից՝ գռեհիկ, այլ հին՝ բարձրաշխարհիկ իմաստով։ Ինչքա՜ն գեղեցիկ, ինչքա՜ն հմայիչ և ինչքա՜ն թովիչ են այստեղի գիշերները, այս գետը և առավոտները հին փողոցներում, ծաղիկների ու գրքերի տաղավարները, զբոսանքը հետկեսօրյա Մոնմարտրում ու Թուիլերիում և երեկոները պողոտաներում։ Դա Մոնեի ու նրա հետևորդների իմպրեսիոնիստական զարթոնքն էր, որի շնորհիվ աշխարհն երևաց մաքուր լույսի ներքո, լույսի, որ և՛ բեկվում էր, և՛ ուղղաձիգ էր։
Նրանք երկուսն էլ նկարում էին, բայց ոչ մեկը մոլի նկարիչ չէր։ Արվեստն ամբողջովին չէր կլանել նրանց, և ոչ էլ նրանք էին ծայրաստիճան տարված արվեստով։ Նրանք պարզապես նկարում էին։ Ծանոթանում էին նոր, լավ մարդկանց հետ։ Ոչ միայն լավերի, սակայն ամեն դեպքում ուրախ էին։
Թերևս թվում է, որ նույնիսկ «ազատ լինելու», «ճիշտ ու գեղեցիկ ապրելու համար» մարդ արարածը պետք է միշտ ինչ-որ բանից կառչի։ Մանավանդ իդեալիստների ընկալմամբ` գեղեցիկ ապրելու համար որևէ բանից կախում ունենալը կարծես նախապայման է, այլապես նրանց կպատի ձանձրույթը և օդում կախված պարանի պես կօրորի, ինչպես որթատունկի վեր ձգվող բեղիկները, որ արևին հասնելու համար միշտ որևէ հարմար բան են փնտրում, որպեսզի կարողանան փաթաթվել ու բարձրանալ։ Եվ որթատունկը, եթե կառչելու հարմար բան չգտնի, կարող է միայն, ճանապարհի կեսն անցած՝ տապալվել գետնին։ Ահա սա է ազատությունը՝ կարողանալ փաթաթվել ճիշտ հենասյան։ Մարդիկ էլ կարծես որթատունկ լինեն, իսկ իդեալիստները՝ հատկապես։ Իդեալիստների համար մագլցելով վեր բարձրանալը արժանապատիվ բան է թվում, և միշտ արհամարհանքով են վերաբերվում նրանց, ովքեր ծնված են կարտոֆիլ, շաղգամ կամ փայտի կույտ լինելու համար։
Մեր իդեալիստները չափազանց երջանիկ էին, բայց չէին դադարում փնտրել հենման իրենց կետը։ Փարիզը սկզբի համար լավ էր։ Նրանք մանրամասն ուսումնասիրեցին քաղաքը, սովորեցին ֆրանսերեն և այնքան սահուն էին խոսում, ասես իսկական ֆրանսիացիներ լինեին, բայց ամեն դեպքում անհնար էր ինքդ քեզ հետ օտար լեզվով խոսել։ Բացի այդ՝ միշտ լարվում ես ֆրանսիացու հետ ֆրանսերեն խոսելիս։ Այնպիսի տհաճ զգացողություն ես ունենում, կարծես քեզնից խելացի են։ Ֆրանսիացիների անվերջանալի սառը նյութապաշտությունը, նորանգլիացուն բնորոշ նրանց խորության հետ անհամատեղելի էր և ստիպում էր անպիտան զգալ։ Ահա թե ինչերի միջով էին անցնում մեր իդեալիստները։
Այս ամենը ստիպեց նրանց վերջնականապես թիկունք դարձնել Ֆրանսիայից, բայց դա արեցին աներևակայելի զգուշությամբ։ Այս երկիրը հիասթափեցրեց նրանց։
-Մենք սիրեցինք Փարիզը։ Այն մեզ շատ բան տվեց։ Բայց որոշ ժամանակ հետո՝ տարիներ անց, մի տեսակ հիասթափությամբ ես համակվում ու հասկանում, որ քաղաքն ամենևին էլ այն չէր, ինչ ակնկալում էիր։
– Բայց Ֆրանսիան չի սահմանափակվում Փարիզով։
– Երևի չէ։ Ֆրանսիան տարբերվում է Փարիզից։ Այն շատ ավելի գեղեցիկ է, բայց ինչքան էլ գեղեցիկ լինի, միևնույն է մեր երկխոսությունը նրա հետ ավարտված է։
Երբ պատերազմը սկսվեց, նրանք տեղափոխվեցին Իտալիա։ Շատ սիրեցին Իտալիան։ Այն շատ ավելի սքանչելի էր, քան Ֆրանսիան ու կարծես ավելի մոտ էր նորանգլիական «գեղեցիկի» ընկալմանը՝ մաքրությամբ ու ջերմությամբ լի, զուրկ ֆրանսիական նյութապաշտությունից և ցինիզմից։ Այստեղ մեր իդեալիստները կարծես խորը շունչ քաշեցին։
Եվ հենց այստեղ էր, որ նրանք կարողացան ուսումնասիրել Բուդդայի ուսմունքն ու անմոռաց տրվել ժամանակակից բուդդայական հույզերի փոթորկվող հոսանքին։ Կարդում էին նմանատիպ գրքեր, մեդիտացիա անում և իրենց առջև նպատակ դրեցին սեփական հոգուց վանել եսասիրությունը, ցավն ու վիշտը, սակայն թերևս չէին գիտակցում, որ Բուդդայի՝ ցավից ու վշտից ազատվելու ջանքերը ինքնին եսասիրություն էին ենթադրում։ Ո՛չ, նրանք երազում էին իդեալական աշխարհի մասին, որտեղ ցավը տեղ չունի, և վիշտն անհետացել է։
Հետո Ամերիկան մտավ պատերազմի մեջ, և մեր իդեալիստները ստիպված աշխատանքի անցան հիվանդանոցում։ Այս փորձը նրանց ստիպեց հասկանալ, որ ավելի քան երբևէ եսասիրությունը, ցավն ու վիշտը պետք է բացառել այս աշխարհից, այլապես բուդդայականությունը կամ աստվածաբանությունը չեն կարող հաղթանակած դուրս գալ այս երկարատև ճգնաժամից։ Բայց իրենք էլ հոգու խորքում հասկանում էին, որ անհնար բան են ցանկանում, քանի որ մարդկանց մեծամասնությունը չէր էլ պատկերացնում կյանքն առանց եսասիրության, ցավի ու վշտի։ Թվում էր՝ իրենց պետքն էլ չէր դրանք վերացնելը։ Մեր իդեալիստների մտածելակերպը չափազանց մոտ էր Արևմուտքի պատկերացումներին, որպեսզի իրենց փրկելու համար լքեին այս նզովյալ աշխարհը։ Նրանք չափազանց անշահախնդիր էին երկուսով բո ծառի տակ նստելու և Նիրվանա մեկնելու համար։
Ավելին՝ նրանք պարզապես չունեին այնպիսի Sitzfleish (գերմ․ նստատեղ), որ նստեին բո ծառի տակ և գնային Նիրվանա՝ առանց որևէ բանի մասին մտածելու, գոնե իրենց ծնողների։ Եթե ամբողջ աշխարհը պիտի կործանվեր, նրանք անձնապես այդքան էլ հակված չէին երկուսով փրկվելու։ Չէ՞ որ դա շատ տխուր կլիներ։ Նրանք նորանգլիացիներ էին․ ընտրում են ամեն ինչը կամ ոչինչ։ Եսասիրությունը, ցավն ու վիշտը պետք է բացառել ամբողջ աշխարհում, այլապես ի՞նչ իմաստ կա, եթե այն վերանա միայն մեկի մեջ։ Անօգուտ է. այդ մեկը պարզապես զոհ կլինի։
Թեև նրանք դեռ շարունակում էին հավատարիմ մնալ «հնդկական փիլիսոփայությանը», մենք վերադառնանք մեր այլաբանությանը։ Այն հենասյունը, որի վրայով կանաչ, ուժեղ որթատունկերը մագլցում էին և այդչափ բարձրացել էին վեր, այժմ պարզվեց չորանում է՝ դանդաղ սողալով հավասարվում գետնին։
Որթատունկերը մի որոշ ժամանակ՝ առանց որևէ բանից կառչելու, իրենք իրենց պահեցին, բայց վերջում տապալվեցին։ «Հնդկական փիլիսոփայությունը»՝ որպես հենասյուն, փլուզվեց մինչ նրանք կհասցնեին բարձրանալ գագաթն ու տեսնել անհասանելի, նոր աշխարհը։ Կոտրվելով նրանք նորից հայտնվեցին հողի վրա, բայց չվրդովվեցին։ Նորից վրա հասավ «հիասթափությունը»։ Բայց նրանք բացեիբաց չընդունեցին այդ հիասթափությունը, չբողոքեցին, անգամ իրար ոչ մի բառ չասացին։ Ամեն դեպքում հիասթափությունն ակնհայտ էր, պատկերացումներն արդարացված չէին, և նրանք շատ լավ հասկացան դա, հասկացան առանց ավելորդ բառերի։
Ինչևէ, նրանք կյանքում այնքա՜ն բան ունեին։ Կար դեռ Իտալիան, սիրելի Իտալիան, դեռ կար ազատությունը՝ որպես անգնահատելի գանձ և, փառք Աստծո, գեղեցիկն էլ դեռ իր տեղում էր։ Բայց այս ամեն ինչի տեղը տեղին լինելը կյանքն ավելի էր դժվարացնում։ Բացի այդ, նրանք արդեն որդի ունեին, ում պետք է ծնողական սեր տային, սակայն հմտորեն խուսափում էին իրենց կյանքը կառուցել որդու շուրջ։ Նրանք քաջ գիտակցում էին, որ դեռ իրենք իրենց համար պիտի ապրեին։
Բայց երիտասարդ կյանքն անցյալում էր, քասնհինգն ու քսանյոթը դարձել էին երեսունհինգ ու երեսունյոթ: Այդ ժամանակահատվածը, որ Եվրոպայում էին, հիասքանչ էր, սակայն Իտալիան, սիրելի Իտալիան ևս հիասթափեցրեց։ Եվրոպան նրանց շատ բան տվեց, բայց ոչ այն, ինչ նրանք էին ակնկալում։ Եվրոպան գեղեցիկ էր, բայց նրանից մահվան հոտ էր փչում։ Այստեղ ապրելով՝ կարծես անցյալում ապրես, իսկ եվրոպացիները իրենց ողջ արտաքին հմայքով բնավ էլ հմայիչ չէին։ Նրանք նյութապաշտ էին և չունեին իրական հոգի, կարծես հոգևորի ներքին պահանջ անգամ չունեին։ Նրանց ներսում ամեն ինչ փոշիացել էր, նրանց ապրելը նման էր ուղղակի գոյատևման, այո՛, հենց գոյատևում էին, ուրիշ ոչինչ։ Սա է եվրոպացիների մասին ճշմարտությունը։ Նրանց մեջ նույնիսկ առաջ գնալու ձգտում չկար։
Եվս մեկ հենասյուն կոտրվեց, ևս մեկ պատվար փլուզվեց վեր ձգվող որթատունկերի ծանրությունից։ Այս անգամ ամեն ինչ շատ ավելի ցավոտ էր։ Ավելի քան տասը տարի, տասը երկար, կարևոր ու ծաղկուն տարիներ որթատունկերը լուռ մագլցում էին եվրոպական հին ծառաբնի շուրջ։
Այս երկու իդեալիստներն ապրեցին Եվրոպայով, Եվրոպայում, եվրոպացու պես և եվրոպական հավերժական այգու հողում աճեցրին իրենց որթատունկերը։
Նրանք այստեղ ունեին իրենց տունը, այնպիսի մի տուն, որ երբեք չէին կարող ունենալ Ամերիկայում։ Նրանց նշանաբառը «գեղեցիկն» էր։ Վերջին չորս տարում նրանք վարձակալել էին Առնո գետին հարող պալատի 2-րդ հարկը և իրենց «իրերը» խնամքով դասավորել այստեղ։ Բնակարանից կարելի էր միայն հաճույք ստանալ՝ լայնարձակ, խաղաղ ու հին սենյակներ՝ դեպի գետ նայող պատուհաններով, մուգ կարմիր փայլուն հատակով և այն գեղեցիկ կահույքով, որ հասցրել էին ձեռք բերել։
Այո՛, իրենցից անկախ այս իդեալիստների կյանքը կատաղի առաջ էր սլանում հորիզոնական ուղղությամբ։ Նրանք դարձել էին իրենց տան կահավորման համար իրերի իսկական որսորդներ։ Մինչ նրանց հոգիները հնդկական փիլիսոփայության և եվրոպական մշակույթի տենչով ուղղահայաց էին մագլցում, նրանց կրքերը վազում էին հորիզոնական՝ կառչելով «իրերից»։ Իհարկե այդ ամենն անում էին ոչ թե ուղղակի իրեր գնելու, այլ գեղեցկության համար։ Նրանց համար իրենց բնակարանը կահավորված էր սիրով և ոչ թե պարզապես ինչ-որ «իրերով»։ Հյուրասենյակի՝ գետի կողմ նայող պատուհաններին Վալերին կախել էր շատ գեղեցիկ վարագույրներ, որոնց արտասովոր հին կտորը ասես նուրբ գործված թափանցիկ մեղմ փայլով մետաքս լիներ՝ վերևից ներքև փոփոխվող ալ կարմիր, նարնջագույն, ոսկեգույն և սև երանգներով։
Վալերին հազիվ թե մի անգամ մտներ հյուրասենյակ՝ առանց մտքում վարագույրի առջև ծնկի իջնելու։
– Շարտր,- ասում էր նա,- կարծես Շարտրի ամրոցում լինեմ։
Մելվիլները մինչև ոսկորները ցնցվում էին 16-րդ դարի վենետիկյան գրապահարանին նայելիս, որտեղ խնամքով դասավորված էին 2 կամ 3 տասնյակ հատընտիր գրքեր՝ որպես սրբության սրբոց։ Իսկ տղան միշտ լուռ խուսափում էր տան հին հուշարձանային կահույքից՝ ասես դրանք քնած օձերի բույն լինեին կամ Ուխտի տապանակ․ «իրեր», որոնց ձեռք տալն անգամ շատ վտանգավոր էր։ Լուռ ու ինքնամփոփ տղայի մեջ վերջնականապես ձևավորվել էր մանկական վախ այս ամենի հանդեպ։
Սակայն նորանգլիացի մեր զույգը չէր կարող բավարարվել միայն կահույքի ժամանակավոր շքեղությամբ։ Նրանք սովորել էին իրենց բոլոնեական պահարանին, շքեղ վենետիկյան գրապահարանին ու գրքերին, սիենական վարագույրներին և բրոնզե լամպերին, սիրելի բազմոցներին, կցասեղաններին և աթոռներին, որոնք «հայթայթել» էին Փարիզում։ Ի դեպ, նրանք իրեր էին գնում Եվրոպա գալու հենց առաջին օրվանից սկսած։ Դա այն վերջին բանն է, որ Եվրոպան կարող էր առաջարկել օտարերկրացուն՝ չնայած տեղացուն ևս։
Երբ Մերվիլների հյուրերը շփոթվում էին նրանց տան ինտերիերից, այդժամ Վալերին ու Էրազմուսը զգում էին, որ նրանք իզուր չէին ապրել և ապրում։ Բայց հին պալատում այն երկարուձիգ առավոտները, երբ Էրազմուսն անփութորեն աշխատում էր Վերածննդի ժամանակաշրջանի ֆլորենտական գրականության վրա, իսկ Վալերին կարգի էր բերում բնակարանը և ճաշից հետո դանդաղ առաջ գնացող ժամերի ու սովորաբար շատ ցուրտ ու ճնշող երեկոների ընթացքում կահույքի փայլը խամրում էր, և «իրերը» դառնում էին պարզապես ինչ-որ տեղ ad infinitum (լատ․ միշտ) դրված կամ պատից կախված իրերի մի կույտ, որ ոչինչ չէին նշանակում։ Եվ երբեմն Վալերիին ու Էրազմուսին թվում էր, թե ատում էին այդ ամենը։ Գեղեցիկի փայլը, ինչպես ցանկացած բանի փայլ, խամրում է, երբ այն անուշադրության ես մատնում։ Մեր իդեալիստները դեռ սիրով էին վերաբերվում իրենց իրերին, բայց ոչ առաջվա նման։ Փայլը տեղն է, երբ իրերը նոր են, սակայն ժամանակի ընթացքում այն խամրում է, մինչ այն պահը, երբ նկատում ես, որ մարդիկ նման կահույք ունենալու համար քեզ նախանձում են կամ էլ թանգարաներն են ուզում դրանք ձեռք բերել։ Իսկ Մելվիլների «իրերը» ինչքան էլ լավը լինեին, միևնույնն է՝ լավագույնը չէին։
Այսպիսով՝ աստիճանաբար ամեն ինչ կորցրեց իր փայլը՝ Եվրոպան, Իտալիան, նույնիսկ Առնո գետի ափին գտնվող հրաշալի բնակարանը, թեև ուրիշներից շատ հաճախ լսում էին լրիվ այլ բան.
– Եթե ես նման բնակարան ունենայի, նույնիսկ երբեք դուրս չէի գա այստեղից։
Մինչդեռ Վալերին ու Էրազմուսը ոչ թե դուրս էին գալիս, այլ փախչում էին տան հնություններից, սառը հատակից, քարի պես ծանր լռությունից և մահացու ճոխությունից։
– Մենք կարծես անցյալում ապրելիս լինենք, Դի՛ք,-ասում էր Վալերին ամուսնուն։ Նա ամուսնուն Դիք էր անվանում։
Նրանք իրենց վերջին ուժերով մագլցում էին, քանի որ չէին ուզում հանձնվել։ Պարզապես չէին ուզում ընդունել, որ տանուլ էին տվել։ Ավելի քան 12 տարի նրանք «ազատ» էին և ապրում էին «ճիշտ ու գեղեցիկ» կյանքով։ Եվ այդ անիծյալ Ամերիկան 12 տարի նրանց համար շարունակում էր մնալ արդյունաբերական նյութապաշտության սոդոմ-գոմորը։
Դժվար էր ընդունել այն փաստը, որ տանուլ ես տվել։ Նրանք ատում էին միտքը, որ ի վերջո ստիպված են լինելու վերադառնալ։ Բայց ի վերջո դժվարությամբ որոշեցին վերադառնալ՝ «հանուն որդու»։
– Մեզ համար անտանելի է լքել Եվրոպան, բայց Փիթերն ամերիկացի է և քանի դեռ երիտասարդ է, նրա համար Ամերիկայում ավելի լավ կլինի։
Մելվիլներն ունեին մաքուր անգլիական արտասանություն և վարվելաձև՝ շաղախված մի քիչ իտալականով և շատ քիչ ֆրանսիականով։
Եվրոպան այլևս անցյալում էր, բայց նրանք այնտեղից վերցրին ամեն հնարավորը և կարևորն՝ իրենց պաշտելի ու անփոխարինելի «իրերը», որոնք տեղավորվեցին մի քանի բեռնախցիկում։ Եվ շուտով մեր իդեալիստ զույգը, իրենց որդին և մի հսկայական կտոր Եվրոպա, որ քարշ էին տվել իրենց հետ, ժամանեցին Նյու Յորք։
Վալերին երազում էր գեղեցիկ տան մասին, հնարավորության դեպքում Րիվերսայդ Դրայվում, որտեղ այդքան էլ թանկ չէր, ինչպես 5-րդ ավենյուի արևելքում, ուր իրենց յուրօրինակ «իրերը» հրաշալի կնայվեին։ Նա և Էրազմուսը սկսեցին տան փնտրտուքը, սակայն, ցավոք, նրանց եկամուտն արդեն տարեկան երեք հազար դոլարից քիչ էր։ Ի վերջո, նրանք գտան, բայց թե ինչ գտան, երանի չիմանայիք։ Երկու փոքր սենյակ՝ իր փոքր խոհանոցով։ Այստեղ իրենց «իրերից» մի կտոր անգան չէր կարող հայտնվել։
Այն մի կտոր Եվրոպան, որ նրանք բերել էին իրենց հետ, գնաց պահեստ՝ ամսական հիսուն դոլար վարձով։ Նրանք հայտնվեցին երկու փոքր սենյակում և իրենք իրենց հարց էին տալիս, թե ինչու այդպես վարվեցին։
Հաջորդ քայլն այն էր, որ Էրազմուսը պետք է աշխատանք գտներ։ Դա պարզ ճշմարտություն էր, բայց նրանք պարզապես անտեսում էին։ Ազատության արձանը միշտ իր մեջ թաքցրել է տարօրինակ ու անհասկանալի այդ սպառնալիքը՝ «Մա՛րդ, աշխատի՛ր»։ Էրազմուսի միակ հնարավորությունը կարծես թե գիտական կարիերա սկսելն էր։ Նա գերազանց ավարտել էր Յեյլի համալսարանը և բացի այդ իր գիտահետազոտական աշխատանքները շարունակել էր նաև Եվրոպայում։
Նրանք երկուսն էլ առանց սարսուռի չէին կարող մտածել այս ամենի մասին։ Կյանքն ամերիկյան գիտական աշխարհում նրանց հաստատ կզրկի ազատությունից, բայց գեղեցիկ կյանքից՝ երբեք։ Առավել ևս այն դեպքում, երբ Էրազմուսը հաջորդ տարի կդառնար քառասուն տարեկան։
Իսկ «իրերը» շարունակում էին մնալ պահեստում։ Վալերին մի անգամ գնաց նրանց «տեսակցելու»։ Այն արժեցավ ժամը 1 դոլար, իսկ «իրերը», խեղճ «իրերը» պահեստում խարխուլ և խղճուկ տեսք ունեին։
Բայց դե Ամերիկան Նյու Յորքով չէր սահմանափակվում։ Դեռ կար հսկայական ու ազնիվ արևմուտքը։ Այսպիսով՝ Մելվիլները իրենց որդու հետ տեղափոխվեցին արևմուտք, բայց նորից առանց «իրերի»։ Նրանք փորձեցին լեռներում ապրել հասարակ կյանքով, բայց տանն ամեն ինչ սեփական ձեռքերով անելն անտանելի էր։ Շատ բաների միայն նայելն է հաճելի, իսկ հոգ տանելն ու խնամելն ահավոր է, անգամ եթե դրանք գեղեցիկ են։ Զզվելի է լինել իրերի ստրուկը՝ վառարանը տաքացնել, հաց պատրաստել, աման լվանալ, ջուր կրել, մաքրել հատակը։ Այս ամենի հետ ապրելը սարսափելի էր ու անհնար։ Լեռնային իր տնակում նստած՝ Վալերին երազում էր Ֆլորենցիայի, կորցրած բնակարանի, բոլոնիական պահարանի, «Լուի Քուիզ» աթոռների և ամենաշատը «Շարտրի» վարագույրների մասին, որոնք անտեր- անտիրական մնացել էին Նյու Յորքի պահեստում։
Նրանց միլիոնատեր ընկերը ռիսկի դիմեց և առաջարկեց նրանց տնակ Կալիֆորնիայի ափին։ Կալիֆորնիա՝ վայր, որտեղ մարդու հոգին նոր շունչ է առնում։ Բնականաբար իդեալիստ զույգը մեծ սիրով տեղափոխվեց մի փոքր ավելի հյուսիս՝ հույսի նոր հենասյուն տանելով։ Իսկ այդ հենասյունն ավելի թույլ էր։ Միլիոնատիրոջ տնակն ամեն հարմարությունով հագեցած էր։ Ամեն ինչ հնարավորինս կատարյալ էր՝ էլեկտրական ջեռուցում, վառարան, սպիտակ և մարգարտագույն փայլուն խոհանոց։ Ոչ մի այլ բան՝ բացի մարդուց, չէր կարող կեղտոտել միջավայրը։ Անհրաժեշտ էր միայն մեկ ու կես ժամ ամեն ինչ կարգի բերելու համար և արդեն «ազատ» էին լսելու Խաղաղ օվկիանոսի ջրերի կռիվը ափերի հետ և իրենց հոգին լցնող նոր շունչ զգալու։
Սակայն օվկիանոսի ջրերը այնպիսի կատաղությամբ էին նետվում ափին, այնպիսի անտանելի դաժան հոսքով, որ նոր հոգին փոխանակ մեղմորեն թափանցի մարմինների մեջ, ընդհակառակը մի բան էլ քայքայում էր եղած հինը։ Այնքան էլ հաճելի չէր զգալ, որ դու ինչ-որ կույր և ավերիչ ուժի ազդեցության տակ ես, և որ քո՝ այդքան փայփայած իդեալիստ հոգին ներսումդ քայքայվում է՝ թողնելով միայն բարկություն, ուրիշ ոչինչ։
Մոտ 9 ամիս անց նրանք Կալիֆորնիան էլ լքեցին։ Սա ևս լավ փորձ էր, և նրանք ուրախ էին, որ անցան դրա միջով։ Բայց մեծ հաշվով արևմուտքը նրանց տեղը չէր։ Դա լավ գիտեին։ Նրանց նոր հոգի պետք չէր, քանզի նախընտրում էին սնել իրենց մեջ եղածը։ Իսկ Կալիֆորնիայի ափին նրանք ոչ մի նոր շունչ չզգացին, այլ ընդհակառակը։
Այսպիսով՝ նյութական բավական մեծ վնաս կրած՝ նրանք վերադարձան Մասաչուսեթս և որդու հետ այցելեցին Վալերիի ծնողներին։ Տատիկ-պապիկը սիրով ընդունեցին իրենց տարագիր թոռանը, բայց շատ սառն էին Վալերիի և ավելի սառը՝ Էրազմուսի նկատմամբ։ Մի օր մայրը հստակ ասաց Վալերիին, որ Էրազմուսը պետք է աշխատանք գտնի, որ կարողանան նորմալ ապրել։ Վալերին մեծամտորեն հիշեցրեց մորը Առնոյի ափի իրենց գեղեցիկ բնակարանի մասին, այն «հիասքանչ իրերի» մասին, որոնք գտնվում էին Նյու Յորքում և այն «յուրահատուկ ու հագեցած կյանքի» մասին, որ վարում էին ինքն ու Էրազմուսը։ Վալերիի մայրն ակնարկեց, որ այդ ամենն այլևս անցյալ է, և հիմա նա այդքան էլ լավ վիճակում չէ՝ անտուն, անգործ, 40-ամյա ամուսին, երեխա, ում պետք է կրթության տալ և նվազող եկամուտ, այս ամենը նրա պատմած հիասքանչ կյանքի լրիվ հակառակ պատկերն է։ Եվ լավ կլինի, որ Էրազմուսը գտնի հարմար համալսարանական աշխատանք։
– Ի՞նչ համալսարան,- ընդհատեց Վալերին,- ինչպիսի՞ աշխատանք։
– Հաշվի առնելով Էրազմուսի որակավորումը՝ հորդ կապերի միջոցով մի հարմար բան կարելի է գտնել,- պատասխանեց Վալերիի մայրը,- և գոնե այդ ժամանակ ձեռք կբերես մի գեղեցիկ տուն, հնարավորություն կունենաս քո արժեքավոր «իրերը» հանել պահեստից և տեղ կունենաս՝ հյուրեր ընդունելու։ Թե չէ այսպես ձեր գումարը ծախսում եք կահույքը այստեղ-այնտեղ պահելու համար, իսկ դուք առնետի պես մտել եք ինչ-որ մի ծակ և անգամ տեղ չունեք գնալու։
Եվ իրոք, ամեն ինչ հենց այդպես էր, որ կար։ Վալերին տանջվում էր իր սեփական տունն ունենալու և «իրերը» վերջապես տեղավորելու համար։ Դե, իհարկե, մի կլորիկ գումարի դիմաց նա կարող էր նաև վաճառել իր կահույքը, բայց դրա համար պատճառ չկար։ Պարզվեց, որ ամեն ինչ՝ կրոնները, մշակույթները, մայրցամաքները, հույսը, անցողիկ են, և միայն «իրերն» են մնայուն, «իրեր», որ նա և Էրազմուսը գնել էին այդքան մեծ սիրով, որոնց նա այնքան էր կապված, որոնցից երբեք չէր բաժանվի։ Եվ այսքանից հետո նա և Էրազմուսը դեռևս չէին ուզում իրենց զրկել ազատությունից և այն գեղեցիկ կյանքից, որին այդքան տարի հավատացել էին։ Էրազմուսը հայհոյում էր Ամերիկան ու կարոտում էր Եվրոպան։
Նրանք թողեցին իրենց որդուն Վալերիի ծնողների մոտ և կրկին մեկնեցին Եվրոպա։ Նյու Յորքում վճարեցին երկու դոլար, և անցկացրեցին կարճ ու դառը մեկ ժամ իրենց իրերի հետ։ Եվրոպա մեկնեցին 3-րդ կարգով։ Նրանց եկամուտը հիմա երեք հազարի փոխարեն երկու հազար դոլարից էլ քիչ էր։ Եվ նրանք ուղղություն վերցրեցին ուղիղ Փարիզ՝ էժան Փարիզ։
Բայց Եվրոպան էլ առաջվանը չէր։
– Մեր վերադարձը նման է այն շանը, որ վերադառնում է սեփական փսխածն ուտելու,- ասաց Էրազմուսը,- բայց այն ժամանակի հետ արդեն փչացել է։
Էրազմուսի համար Եվրոպան անտանելի թվաց․ այն ազդում էր մարմնի ամեն մի նյարդի վրա։ Ամերիկան էլ էր ատում, բայց Եվրոպայի համեմատությամբ Ամերիկան մի բան էլ լավ էր՝ այս թշվառ, կեղտոտ մայրցամաքից, որտեղ այս անգամ նույնիսկ ապրելն առաջվա պես էժան չէր։
Իսկ Վալերիի ուշքն ու միտքը իր «իրերն» էին, որ վերջապես կարողանա դուրս բերել պահեստից։ Դրանք այնտեղ մնացին երեք տարի և մոտ երկու հազար դոլար գումար ծախսվեց նրանց ուղղակի պահեստում պահելու համար։ Նա նամակ գրեց մորը, որ կարծում էր, եթե հարմար աշխատանք լինի, Էրազմուսը հետ կվերադառնա։ Էրազմուսը հիասթափված, զայրույթի և խելագարության սահմանագծին, խղճուկ տեսքով, վերարկուի թևքերը մաշված ՝ պարզապես թափառում էր Իտալիայում։ Նա իր ողջ էությամբ ամեն ինչ ատում էր։ Եվ երբ Քլիվլենդի համալսարանից նամակ եկավ նրա համար, առ այն, որ նա հնարավորություն ունի այնտեղ ֆրանսիական, իտալական և իսպանական գրականություն դասավանդելու, նրա աչքերը ավելի պայծառացան և նրա երկար, ծերացած դեմքը ավելի սրվեց՝ նմանվելով առնետի դեմքի։ Քառասուն տարեկանում աշխատանք գտնել, այնուամենայնիվ հնարավոր էր։
– Կարծում եմ լավ կլինի՝ ընդունես առաջարկը։ Եվրոպան քեզ այլևս չի գրավում։ Այն մեռած է արդեն։ Նրանք մեզ առաջարկում են տուն համալսարանի հանրակացարանների տարածքում, իսկ մայրս ասում է, որ մեր բոլոր իրերը կտեղավորվեն այնտեղ։ Կարծում եմ՝ պետք է հեռագրենք, որ ընդունում ենք առաջարկը։
Էրազմուսը ջղային հայացք նետեց Վալերիի վրա, ինչպես պատին դեմ տված առնետ։ Թվում էր, թե նա սպասում էր՝ հիմա իր շարժվող բեղիկները պիտի քաշքշեն։
– Ուղարկե՞մ հեռագիրը,- հարցրեց Վալերին։
– Ուղարկի՛ր,- միանգամից ասաց Էրազմուսը։
Եվ Վալերին գնաց հեռագրելու։
Էրազմուսը այդ պահից սկսած կարծես ուրիշ մարդ լիներ՝ ավելի հանգիստ։ Այլևս տեղի-անտեղի չէր բորբոքվում։ Կարծես ուսերից մեծ բեռ ընկավ։ Նա հայտնվեց վանդակի մեջ։
Բայց երբ նրա առջև բացվեցին Քլիվլինդի մեծ, լայնարձակ, սև անտառի նմանվող վառարաններն՝ իրենց՝ կարմիր ու սպիտակ շիկացած կասկադի պես թափվող մետաղներով և փոքրիկ մարդ-թզուկները՝ իրենց հսկայական աղմուկով, Էրազմուսն ասաց Վալերիին.
– Ինչ ուզում ես ասա, Վալերի՛, սա «լավագույնն» է, որ մենք կարող ենք ցույց տալ ժամանակակից աշխարհին։
Եվ երբ նրանք մտան համալսարանի տարածքում իրենց տրամադրված փոքրիկ, ժամանակակից տունը, տեսան Եվրոպայից բերված իրենց խղճուկ բեկորները՝ բոլոնիական պահարանը, վենետիկյան գրապահարանը, Ռավեննայի եպիսկոպոսի աթոռը, «Լուի Քուիզի» կցասեղանիկները, «Շարտրի» վարագույրը, սիենական բրոնզե լամպերը, որոնք կոկիկ դասավորված էին, բայց արդեն անպետք իրերի տեսք ունեին։ Սակայն այցի եկած հյուրերի համար կահույքը, ինչ խոսք, տպավորիչ էր։ Էրազմուսը նրանց ներկայացավ իր լավագույն եվրոպական վարվելաձևով, բայց ամերիկյան սիրալիրությամբ, իսկ Վալերին չափազանց կիրթ, բայց միևնույն ժամանակ «մենք նախընտրում ենք Ամերիկան» կեցվածքով։ Հյուրերի գնալուց հետո Էրազմուսը, առնետի անսովոր հայացքով նայելով կնոջը, ասաց.
– Եվրոպան ծովախեցգետնին համ ու հոտ տվող սոուսն է, բայց Ամերիկան հենց ծովախեցգետինն է, չէ՞։
Էրազմուսն անթարթ նայում էր Վալերիին։ Նա իրեն վերջնականապես զգում էր վանդակում, բայց ներսում ապահով էր։ Իսկ Վալերին ակնհայտորեն զգում էր, ինչպես տանը. նրա շուրջ իր «իրերն» էին։ Եվ թեև Էրազմուսի դեմքի արտահայտության մեջ բացահայտ թերահավատություն էր նկատվում, բայց դե նա ծովախեցգետնի մեծ սիրահար էր։
Անգլերենից թարգմանեց՝ Արմինե Մուրադյանը