Հովիկ Վարդումյան / Ռազմավար

Քաղցած ու մրսող զինվորների փնթփնթոցից ազատվելու համար հրամանատարը մի բեռնատար տրամադրեց, որ գրաված շրջկենտրոնից սննդամթերք հայթայթենք: Այդ քաղաքի հեքիաթային հարստությունների մասին, արդեն մեկ ամիս էր, անհավատալի պատմություններ էին շրջում: Մենք չափազանց ոգեւորված էինք եւ մտածում էինք, որ դրա իրավունքն ունենք` որպես հաղթանակած բանակի զինվորներ:
-Գրաված քաղաքից վերցնելը միջազգային գրված ու չգրված բոլոր օրենքներով ոչ թե թալան կամ գողություն, այլ` ռազմավար է համարվում: Նույնիսկ Մեծ Հայրենականի ժամանակ, երբ գրավեցին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինը, մարշալ Ժուկովը թույլատրեց երեք օր ռազմավար վերցնել: Այն էլ Եվրոպայի կենտրոնում ,- ոգեւորված ասում էր Հետախույզը:
Նրա տունը թուրքերը վառել էին: Հայրենի գյուղը ետ վերցնելուց հետո կամաց տուն-տեղ էր դնում: Մի հիանալի նժույգ էր բռնել, իրենով արել, հիմա էլ ուզում էր թամբ ճարել: Եւ հույս ուներ, որ այդ հսկա քաղաքում, ինչքան էլ թալանված լինի, գոնե մի թամբ անպայման կգտնի: Այդքանից հետո հարակովկասյան այս ետ ընկած ու աշխարհին միանգամայն անհայտ շրջկենտրոնում ռազմավար վերցնել կարելի էր ու կարելի: Ոչ ոք բարձրաձայն չէր ասում այդ մասին, բայց մեզնից յուրաքանչյուրը մտքով թանկարժեք սափորներ ու խալիներ էր վերցնում, որպեսզի տուն վերադառնալուց հետո կարողանար գոնե մի որոշ ժամանակ միքիչ մարդավարի ապրել:
Սակայն, երբ տեղ հասանք, երազային պատկերները միանգամից թառամեցին: Քաղաքը, որ ավելի շատ գերեզմանոց էր հիշեցնում, նման էր տկլորված պոռնիկի: Մեկ ամիս շարունակ, գիշեր-ցերեկ բռնաբարվող պոռնիկի, որը, չնայած բոլորովին էլ դեմ չէր ու չէր էլ դիմադրում, այնուամենայնիվ, փոխարեն որ սիրով կենակցեն հետը, գերադասում էին բռնաբարել: Պոռնիկը, ինչպես Բուդդայի մարմարյա արձան, սառն ու անտարբեր նստած, լռությամբ, առանց դիմադրելու, բռնաբարվում էր:
Չնայած մեկ ամիս էր արդեն, ինչ թալանում էին, դեռ ռազմավարը չէր վերջացել: Տարել էին այն բոլորը, ինչ ծավալով փոքր էր ու թանկարժեք: Եվ մոտակա գյուղերից ու քաղաքներից, լեռնային ճանապարհներով, ինչպես մրջյունների շարասույններ, երկու շարքով դեռ ինջնում ու բարձրանում էին, ինջնողները` դատարկ ձեռքերով, բարձրացողները` բեռնավորված:
Խրամատներից հետո քաղաքի գերեզմանային լռությունը ճնշող էր: Մեկ ամիս առաջ մեռած աղմուկը սեւ ամպի նման ճոճվում էր քաղաքի գլխավերեւում: Ցանկանում էինք անմիջապես ետ դառնալ: Դաժան, անբնական լռությունը ամայացած բակերից ու բաց դռներից ճչում էր: Լռությունից շփոթահար մարդիկ տնետուն էին թափառում, արագ-արագ ստուգում արդեն հազար անգամ ստուգված անկյուններն ու նկուղները, ինչ-որ բան փնտրում: Բոլորի մեջ անհասկանալի վախ կար: Ուրիշինը վերցնելու բարոյական վախը, ինչը հնարավոր չէր հաղթահարել: Թանձր ու կպչուն լռություն էր: Չգիտես ինչու, նույնիսկ թռչուններն էին հեռացել: Միակ կենդանի բանը բակերում եւ փակ գոմերի մեջ անտերությունից կամ մի անբանի գնդակից սատկած, ուռած-փքված անասունների նեխահոտն էր, որ այցելուներին ստիպում էր հապճեպորեն նայել տան ծակուծուկերն ու դուրս նետվել:
Մենք տարածվեցինք բռնաբարվող պոռնիկի մերկ, բազմաթիվ անգամ տրվելուց անտարբեր դարձած անդամների վրա: Չնայած գիտեինք, որ մեկ ամիս շարունակ մարդիկ շրջում են քաղաքում, հազար անգամ մտել-դուրս են եկել յուրաքանչյուր տուն, բայց դժվարանում էինք ներս մտնել: Զգուշությամբ դռնից ներս էինք նայում, զգուշորեն խախտում մորմոքող լռությունը: Ամեն անգամ այնպիսի տպավորություն էր, կարծես տանտերը, մի անկյունում թաքնված, գաղտագողի հետեւում է քո գործողություններին:
Երբ այդպիսի մի տան դռնից ներս նայեցի, աչքիս ընկավ փայտյա մահճակալին գցված գեղեցիկ նախշերով գորգը: Զարմացած եւ զգուշանալով կանգ առա: Որպես խրամատից նոր դուրս եկած զինվոր, անմիջապես մտածեցի խնամքով սարքված ծուղակի մասին: Այդպիսի դեպքեր շատ էին պատահել, երբ անփորձ զինվորները զոհվել էին տան դուռը բացելիս կամ անփութորեն որեւէ իր վերցնելիս: Լռությունն ավելի խտացավ` ականջներիս մեջ էր ճչում: Այնուամենայնիվ մարդկային հետաքրքրասիրությունն ու ընչաքաղցությունն առաջ մղեցին: Սակայն մի քանի քայլ անելուց հետո, վերջնականապես կանգ առա եւ երկար ժամանակ չէի իմանում անելիքս:
Մահճակալին փռած գորգի վրա նոր ծնված հորթի դիակ էր: Տան տերերը, ընդունելով ծննունդը, չիմանալով ինչ անել, դրել էին մահճակալին ու փախել… Հորթը, չարչարվելով, մահացել էր: Փոքրիկ, անմեղ աղջնակի էր նման: Մեծ, սեւ, կլոր, վախեցած աչքերով նայում էր դեպի դուռը… Այդ հայացքը պարզապես շանթահար էր անում: Այդ անմեղ, աշխարհի չարից ու բարուց անտեղյակ, փոքրիկ աղջնակի վախվորած հայացքը… Վերջապես սթափվեցի: Երեւի երկար էի կանգնել: Ավտոմատս թաքցրել էի զիվորական համազգեստիս տակ: Լռությունը եւ լքվածությունը լաց էին լինում:
Տունը դատարկ էր: Տարել էին ամեն ինչ: Սակայն մահճակալին գցված գեղեցիկ նախշերով, թանկագին գորգին ձեռք չէին տվել: Վերցրի անկյունում ընկած լաթի կտորը, մոտեցա, որ ծածկեմ աչքերը, ձեռքս չգնաց: Ցած գցեցի ու դուրս եկա:
Գերեզմանոցը ճնշում էր: Մեռյալ քաղաքը կուլ էր տալիս անգամ բռնաբարված պոռնիկի մարմնի վրա մրջյունների նման տնից-տուն թափառող մարդկանց կանչերը: Տխուր, շփոթահար վերդարձա հավաքատեղի: Զիվորները աղմկելով ինչ-որ պարկեր էին բարձում: Հետախույզն արագաքայլ մոտենում էր բեռնատարին: Նրա ուսին մի հիանալի թամբ էր դրված: Երջանիկ ժպտում էր: Երբ մոտեցանք, հարցրեց.
-Հը՞… Ինչ-որ բան գտա՞ր…
-Հա, գտա…Շա՜տ մեծ մի բան…
Նա զարմացած նայեց դատարկ ձոեռքերիս: Լռության խորքից ծանր տնքոց էր լսվում: Մերկացած, բռնաբարվող պոռնիկը հոգնել էր:

Please follow and like us: