Քլոե Քունի / Ծնողների վիճակը բարդ է

Քլոե Քունին ամերիկացի գրող է (հետաքրքրության շրջանակը՝ ֆեմինիստական շարժում, գլոբալ առողջապահություն, մարդու իրավունքներ)։ «Parent 24/7» ծնողական ռեսուրսի ստեղծողներից է։ Ներկայացնում ենք նրա մտորումները համավարակի ընթացքում ծնողական եւ աշխատայնքային պարտականությունները համատեղելու բարդության, ծագող խնդիրների մասին՝ Արփի Մախսուդյանի թարգմանությամբ։

 

«Ուզում եմ լաց լինել»,- ուրբաթ առավոտ ասացի կնոջս։

Հենց նոր աշխատանքային զանգ էի ստացել, և ուղեղս փորձում էր ընթացիկ հարցերն ավելացնել տևական ժամանակ անտեսված անելիքների ցուցակին։ Այդ ընթացքում կինս, աշխատանքային տարաբնույթ հարցերը կարգավորելուն զուգահեռ, փորձում էր նաև հաջողացնել ու ժամանակ գտնել մեր որդու հեռավար կրթության համար, բայց մեր տղան չի ցանկանում մասնակցել, փոխարենն ավելի խորն է թաքնվում իր բազմոց-ամրոցում՝ հրաժարվելով որևէ բան անել՝ նկարել, կարդալ, գնալ զբոսնելու կամ խոսել ուսուցչի հետ։ Այս ամենից բացի նա գերադսում է լուռ նստել մութ սենյակում կամ նայել իր iPad-ը (այսօր նա գերադասեց լուռ նստել մութ սենյակում)։

«Արդյո՞ք մենք չենք վնասում ու ընդմիշտ ավերում նրա հոգեկան աշխարհը»,- ինձ է հարցնում կինս։

Մենք երկուսով մեզ մեղավոր ենք զգում մի բանում, ինչը չենք արել և ցավով նայում ենք, թե ինչպես է մեր որդին  պայքարում ու ուզում, որ մենք իր կողքին լինենք առանց իրեն բզելու։ Սա, սակայն, հենց այն անհնարն է, որը չի տեղավորվում մեր՝ աշխատողի ու ծնողի օրակարգի մեջ։

(Ավելի ուշ, երբ ես ընդունեցի հեռավար ուսուցման իմ հերթափոխը, տղաս բարձրացավ վերև, որպեսզի լացի, քանի որ իր ասելով՝ ես դադարել էի իրեն ժպտալ։ Սա դանակով հարված էր ուղիղ սրտիս)։ Սա իսկապես ծանր է։

Զարմանալին ինձ համար այն է, որ այս տևական պայքարը նույնն է բոլոր ծնողների համար, որոնց հետ ես խոսել եմ։ Մենք հասկանում ենք, որ ձախողել ենք․ մեր երեխաների ակնկալիքը մեզնից ավելին է, քան զուտ մեր ներկայությունը։  Մեր երեխաները ձևացնում են, թե քնատ են, քիչ են քնում, ծնողների գլխին թռչկոտելուց զատ ամեն ինչ հրաժարվում են հավուր պատշաճի անել։

Մենք նրանց թույլ ենք տալիս նստած մնալ էկրանների առաջ նախկինում մեզ համար ընդունելի ժամանակից շատ ավելի։ Ավելին, մեզանից շատերը մոռացել են հաջող հեռավար ուսուցումն ու մաքառում են հասնել այն բանին, որ երեխան գոնե անի այն նվազագույնը, որն այդպիսին կհամարվեր մինչ այն շաբաթ առավոտը, երբ հայտարարվեց պանդեմիա․․․․․

Վիրուսները կամ այս դեպքում գլոբալ համավարակը/պանդեմիան մերկացնում ու խորացնում են հանրության մեջ առկա լավ ու վատ զարգացումները, դրանց դինամիկան։ Դրանք նման են ծուռ հայելիների, որոնք մեզ են վերադարձնում մեր խոշորացված արտացոլանքը։ Այդ զարգացումներից մեկն էլ այն բեռն է, որը մենք դնում ենք առանձին ծնողների և ընտանիքների վրա: Մենք անհատներին խնդրում ենք լուծել համակարգի ստեղծած խնդիրները: Գիտեք, կա այսպիսի մի տեսակետ, որ ծնողները պետք է ստեղծագործական ձև գտնեն և ինքնուրույն գլուխ հանեն ստեղծված խնդիրներից․․․․ 

Անկեղծ, ես ահավոր հոգնել եմ հանձնարարությունները կարդալուց, էլ չեմ խոսում դրանք կատարելու մասին։  Էլ չեմ ասում, որ այս ամենի իմ նվազագույն փորձերը բախվել են որդուս զարմանալի ու կտրուկ մերժմանը։ Հստակ լինելու համար ասեմ, որ այս իրավիճակում իմ ընտանեկան չափորոշիչները պարզեցված են։ Մեր խնդիրը օրը հաղթահարելն է և այն համարում ենք գերազանց լուծված, եթե տնից արվող օֆիսային աշխատանքը մասամբ սաբոտաժի ենթարկելով՝ հաջողում եմ տղայիս հետ որեւէ այլլ բան անել հեռուստացույց դիտելուց բացի։ 

Ես կարծում էի, որ սոցիալական հեռավորության չորրորդ շաբաթում արդեն  մենք քիչ թե շատ հարմարված կլինեինք մեր նոր իրավիճակին: Բայց այդպես չէ ոչ իմ ընտանիքի, ոչ էլ նրանց համար, ում հետ ես խոսել եմ։ Գնալով ամեն բան ավելի է բարդանում: Եղած դժվարությունները սրվում են նաև առկա իրավիճակից բխող մեր անհանգստությունից, սթրեսից և տխրությունից: Իմ անելիքների ցուցակն ավելի է երկարում ու մնում անկատար, ավելի է  մեծանում իմ մեղքի զգացումն ու անհանգստությունը նրանից, որ որդիս բավարար զբաղված չէ (անելիք չունի)։ Նրա ակնհայտ տխրությունն իր փոփոխվող աշխարհի հանդեպ ավելի է ուժեղանում, երբ նա պարբերաբար կորցնում է իրեն, անկարգություններ անում, և մեր հավաքական հյուծվածությունն ավելի ու ավելի է խորանում․․․․:

 Ներկայիս այս իրավիճակը գրեթե մարգարեական նախագծումն է՝ ցույց տալու աշխատանքն ու ընտանեկան կյանքը տարանջատելու մեր մոտեցման անհեթեթությունը: Մեզնից ակնկալվում է տնից աշխատել ամբողջական դրույք և նույնքան ամբողջական դրույքով խնամել սեփական երեխաներին։ Մենք չենք կարող ակնկալել, որ մեկը դրսից կօգնի մեզ մեր տնային գործերում։  Աշխատանքն ու ընտանեկան կյանքը տարանջատելու մեր փորձառությունը պատրանք էր, որը չի գործում և որից մենք տառապում ենք։

Թվում է, թե ծնողները հարմարվել են իրավիճակին, և ամեն բան կարգին է։ Անկեղծ, այդպես չէ։ Ծնողների վիճակն ամենեւին էլ լավ չէ․․․ Մեր երեխաները կորցնում են իրենց հանգիստը, կրթությունը, զբաղված լինելու ու սոցիալիզացվելու հնարավորությունը՝ այն ամենն, ինչի համար ստեղծված են։ Մեր գործատուները նույնպես կանգնած են ֆինանսական վնասներ կրելու առաջ: 

Անկեղծ ասած` համոզված չեմ, թե լուծում կա։ Սակայն, եթե մենք  կանգ չառնենք ու չվերաձևակերպենք, թե ամենախոցելի անձանց նկատմամբ խնամքի ինչպիսի պատասխանատվություն պետք է ստանձնենք, եթե  աշխատանքի կարևորության առաջնահերթություններ չվերասահմանենք, ապա մենք, եթե անգամ մեր ուժերի գերլարմամբ դուրս գանք այս համավարակից, ի վիճակի չենք լինի ավելի լավ ապագա վերակառուցել։

Նյութի սկզբնաղբյուրը՝ այստեղ։

 

Please follow and like us: