Սլավոյ Ժիժեկ

Սլավոյ Ժիժեկ / Գոյատեւման ուղեցույց Covid 19-ի օրերին

Կորոնավիրուսի համաճարակի ընթացքում  հոգեբանական ճնշմանը դիմանալու իմ առաջին  կանոնն այն է, որ հիմա հոգեւոր փնտրտուքների համար լավագույն ժամանակը չէ։ Առանց ամոթի զգացման կատարեք բոլոր այն փոքիկ ծեսերը, որ ձեր առօրյա կյանքին կայունություն են հաղորդում։

Թույլ տվեք սկսել անձնական խոստովանությամբ։ Ինձ դուր է գալիս բնակարանի տարածքով սահմանափակվելու միտքը, որտեղ կարելի է անընդհատ կարդալ ու աշխատել։  Նույնիսկ ճանապարհորդելիս ես գերադասում եմ մնալ հյուրանոցի հարմարավետ սենյակում, քան այցելել հայտնի տեսարժան վայրերը: Հանրահայտ որեւէ նկարի մասին էսսեն ինձ համար ավելի կարեւոր է, քան մարդաշատ թանգարանում այդ նկարը իմ աչքով տեսնելը։ Բայց ես նկատեցի, որ արգելափակման պարտադրանքը չի հեշտացնում տանը նստելը, այլ բարդացնում է։ Ինչո՞ւ։

Թույլ տվեք ինձ կրկնել հայտնի կատակը Էռնստ Լյուբիչի «Նինոչկայից»․««Մատուցող, խնդրում եմ, ինձ՝ մի բաժակ սուրճ առանց սերուցքի»։ «Ներեցեք, պարոն, մենք սերուցք չունենք, միայն կաթ է, բերեմ առանց կաթի՞»։

Փաստացի սուրճը նույն սուրճն է, բայց մենք կարող ենք փոփոխել այն՝ անսերուցք սուրճը դարձնելով սուրճ առանց կաթի։ Կամ նույնիսկ էլ ավելի պարզ՝ բացասման միջոցով սովորական սուրճը դարձնել սուրճ առանց կաթի։

Մի՞թե սա նույնը չէ, ինչ եղավ իմ մեկուսացման հետ։ Մինչեւ ճգնաժամն այն մեկուսացում էր «առանց կաթի»՝ ես կարող էի գնալ դուրս, պարզապես նախընտրում էի դուրս չգալ։ Հիմա այն ընդամենը սովորական  սուրճն է մեկուսացման մեջ՝ առանց որեւէ բացասման։

 

Անտեսանելի վտանգներն ամենասարսափելին են

Իմ ընկեր Գաբրիել Թուփինամբան, որ Ռիո դե Ժանեյրոյում աշխատող լականյան հոգեվերլուծող է,  այս պարադոքսը բացատրել է ինձ էլեկտրոնային նամակով․ «Մարդիկ, որ արդեն իսկ աշխատում էին տնից, ամենատագնապածն են եւ բոլորից ավելի են հակված սեփական անկարողության մասին մռայլ մտքերի, քանի որ նույնիսկ սովորությունների փոփոխությունը չի կարող սահմանազատել բնույթով արտակարգ իրավիճակը իրենց ամենօրյա կյանքից։

Նրա տեսակետը բարդ է, բայց հասկանալի․ եթե մեր ամենօրյա կյանքի իրականության մեջ մեծ փոփոխություն չկա, վտանգն ընկալվում է որպես գերբնական եւ երեւակայական, որը ոչ մի կերպ չի երեւում, հետեւաբար ավելի հզոր է։ Հիշում ենք, որ նացիստական Գերմանիայում հակասեմականությունն ավելի ուժեղ էր այն վայրերում, որտեղ հրեաների քանակը նվազագույնն էր․ անտեսանելիությունը սարսափազդու ուրվական էր դարձնում նրանց։

Թուփինամբան այնուհետ նշում է, որ նույն պարադոքսն էր նաեւ ՄԻԱՎի վարակի տարածման ժամանակ․«ՄԻԱՎ վարակի անտեսանելի տարածումը խնդրրի ահռելիությունը ճիշտ գնահատելու անկարողության հետ մարդկանց հասցրել էր նրան, որ անձնագրի մեջ ՄԻԱՎի մասին հուշող կնիք ունենալը ոմանց շատ բարձր գին չէր թվում իրավիճակին որոշ սիմվոլիկ ուրվապատկեր տալու համար։ Դա գոնե պատկերացում կտար վիրուսի ուժի մասին եւ մեզ կդներ մի վիճակում, երբ կհասկանայինք, թե ինչ կարգի ազատության կարող էինք հավակնել վարակվելուց հետո»։

Այն պահին, երբ ուրվական ագենտը դառնում է մեր իրականության մասը (եթե անգամ դա նշանակում է, որ մենք բռնել ենք վարակը), նրա հզորությունը տեղայնանում է, նա դառնում է այն, ինչի հետ մենք կարող ենք հարաբերվել (եթե նույնիսկ մենք պարտվենք մենամարտում)։ Քանի դեռ այդ տեղափոխումը դեպի իրականություն տեղի չի ունեցել,«մենք հայտնվում ենք կամ պարանոյայի տագնապային ծուղակում (գլոբալ), կամ դիմում ենք անարդյունավետ սիմվոլիզացիայի հակասոցիալական գործողությունների միջոցով, որոնք մեզ ենթարկում են անցանկալի վտանգների (լոկալ)»։

Այդ «անարդյունավետ սիմվոլիզացիան» արդեն տարբեր ձեւեր է ընդունել, դրանցից ամենահայտնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի կոչն է՝ անտեսելու վտանգը եւ Ամերիկան վերադարձնելու աշխատանքի»։ Նման գործողությունները ավելի վատ են, քան ֆուտբոլի խաղի ընթացքում տանը, հեռուստացույցի առաջ գոռալն ու ծափ տալը։ Այդպիսով դուք ձեզ պահում եք այնպես, ասես կարող եք ազդել արդյունքի վրա։ Բայց դա չի նշանակում, որ մենք անօգնական ենք․ մենք կարող ենք դուրս գալ այս փակուղուց նախքան գիտությունը կգտնի վարակը զսպելու տեխնիկական միջոցները։

 

Ինչպես չընկնել պարանոյայի գիրկը

Ահա թե ինչ է ասում Թուփինամբան․ «Փաստը, որ համաճարակի առաջնագծում կռվող բժիշկները, ինչպես եւ հեռավոր շրջաններում փոխօգնություն կազմակերպող մարդիկ առավել քիչ են հակված խելագար կասկածամտության, ինձ թույլ է տալիս մտածել, որ  այսօր քաղաքական գործունեության որոշակի ձեւերի համար առկա է «կողմնակի», սուբյեկտիվ շահույթ։ Կարծես թե քաղաքականությունը, որ իրականացվում է որոշակի միջնորդությամբ (պետությունն այստեղ հաճախ միակ միջնորդն է, բայց ես կարծում եմ, որ դա կարող է պայմանական լինել), ոչ միայն միջոցներ է տրամադրում իրավիճակի փոփոխության համար, այլեւ ձեւ է հաղորդում բաներին, որ մենք կորցրել ենք։

Մեծ Բրիտանիայում ավելի քան 400 000 երիտասարդ եւ առողջ մարդ անդամագրվել է կարիքավորներին օգնության հասնելու համար, սա լավ քայլ է այդ ուղղությամբ։

 

Ինչպես խուսափելի հոգեկան խանգարումից

Իսկ ինչպես վարվեն նրանք, որ ի վիճակի չեն ցրվելու այս ձեւով։ Ի՞նչ կարող ենք մենք անել գոյատեւելու համար համաճարակի օրերին՝ այն ճնշման տակ, որ զգում ենք մեր հոգեկանի վրա։ Առաջինը՝ պետք չէ հոգեւոր փնտրտուքի մեջ ընկնել՝ փորձելով դիմակայել մեր գոյության վերջնական անդունդին։ Մի ամաչեք կատարել բոլոր փոքրիկ ծեսերը, տարօրինակությունները, որ վարժվել եք կատարել ձեր առօրյայում։

Հոգեկան խանգարումից խուսափելու համար թույլատրեք ձեզ ցանկացած բան, որ կարող է օգնել։ Շատ մի մտածեք ապագայի մասին, մտածեք այսօրվա մասին, թե ինչ եք անելու նախքան քնելը։ Եթե կօգնի, խաղացեք «Կյանքը հրաշք է» (այդպիսի կինոնկար կա)։ Ձեւացրեք, որ կարանտինն ընդամենը խաղ է, որին դուք եւ ձեր ընտանիքը մասնակցում եք սեփական կամքով հանուն մեծ պարգեւատրման, որ սպասվում է ձեզ հաղթանակի դեպքում։  

Եվ եթե խոսում ենք կինոյից (եթե ունեք դրա ժամանակը), ապա տրվեք բոլոր ամոթալի հաճույքներին՝ աղետ, դիստոպիա, հեռուստատեսային սերիալներ ամենօրյա կյանքի մասին, սիթքոմներ՝ կադրին կցված ծիծաղի պոռթկումներով, ինչպես «Ուիլը եւ Գրեյսը», փոդքասթներ Յութուբում անցյալի մեծ ճակատամարտերի մասին։ Ես նախընտրում եմ սկանդինավյան (հատկապես իսլանդական) մռայլ, կրիմինալ սերիալները՝ «Թակարդը» եւ «Սպանություններ Վալհալլայում» սերիալների կարգի։

Սակայն սա ամենը չէ։ Հիմնական խնդիրը ձեր առօրյան կազմակերպելն է հաստատուն ու իմաստալից կերպով։ Ահա թե ինչպես է ինձ գրած  էլեկտրոնային նամակում առօրյայի նկատմամբ իր նոր դիրքորոշումը նկարագրում իմ մեկ այլ ընկերը՝ գերմանական Die Welt պարբերականի թղթակից Անդրեաս Ռոզենֆելդերը. «Ես իսկապես ինչ-որ հերոսական բան եմ տեսնում այս նոր բարոյականության մեջ, այդ թվում՝ լրագրության։ Բոլորը գիշեր-ցերեկ աշխատում են տնից՝ կազմակերպելով տեսակոնֆերանսներ՝ միաժամանակ հոգ տանելով երեխաների մասին կամ կրթելով նրանց, բայց ոչ ոք չի հարցնում, թե ինչու են նրանք դա անում, որովհետեւ այլեւս չկան «ես փող եմ ստանում, կարող եմ արձակուրդ գնալ» ու այս կարգի բացատրությունները, որովհետեւ ոչ ոք չգիտի՝ կլինի՞ երբեւէ նորից արձակուրդ եւ կլինի՞ արդյոք փող։ Սա նոր աշխարհի գաղափարն է, որում դու ունես բնակարան, ինչ-որ հիմնական բաներ՝ սնունդ եւ այլն, այլոց սերը եւ մի խնդիր, որ հիմա կարեւոր է ավելի, քան երբեւէ։ Գաղափարը, թե մարդուն պետք է «ավելին», հիմա անիրական է թվում»։

Չեմ կարող պատկերացնել՝ ինչպես կարելի է ավելի լավ նկարագրել այն, ինչ առանց ամաչելու կարելի է անվանել արժանապատիվ կյանք առանց օտարացման, եւ ես հույս ունեմ, որ սրանից ինչ-որ բան կպահպանվի նաեւ այնժամ, երբ համաճարակը (հուսանք) կավարտվի։

 

Թարգմանեց Արփի Ոսկանյանը

 

Աղբյուրը՝ տես այստեղ։

Please follow and like us: