Երազիս մեջ ինձ ու Մեսրոպին նստացրել էին։
Հա, հա, Մեսրոպ ջան, ինձ ու քեզ փակել էին։ Սկզբում միայն ինձ էին ուզում տանել, բայց հետո երկուսիս էլ տարան։ Գիտես էլի, ընկերովի հարսանիքից մինչև մեկուսարան մի վիրուսաչափ բան է։ Չնայած ո՜ւր էլ տանում էին, ազգովի մեկուսարանում ենք, էլի՜։ Արփին իբրև հրատարակիչ թեթև տուգանքով ազատվեց, բայց ինձ ու քեզ նստացրին…
Պատմեմ երազս։
Դռան զանգը տվեցին։ Բացեցի թե չէ՝ սովետական ՕԶԿ-ներով ոստիկանններն, առանց ներկայանալու, վրաս աչքեր կծմծացնող ինչ-որ բան փչեցին ու հրելով, շա՜տ-շա՜տ քաղաքավարի ներխուժեցին՝ հընթացս հարցնելով, թե երեխան հո չի՞ վախեցել։ Ասացի՝ չէ, մի վախեցեք, ես երեխային իմ երազներ մտնել չեմ թողնում, ամոթ է… Սրանց ավագը ասաց, որ ինձ բերման են ենթարկում միանգամից մի քանի օրինախախտման կասկածանքով։ Հատկապես՝ խուճապ տարածելու։
Ասացին որ Արայիկ Հրությունյանը ՈւԵՖԱ-ից «նոտա» է ստացել, որ «կարանտյայի» ժամանակ ոչ մի բան տշել ու «պաս» տալ չի կարելի, նույնիսկ պատմվածք։ Իրենք անգամ Եվրոպայի առաջնությունն են փակել… Այդ մասին ոստիկանների ձեռքի սև թղթերի մեջ սպիտակով գրված էր։ Նեղսրտեցի. ախր այ ընկեր ջան, այ ընկեր «դիրեկտոր» ջան, հազիվ համազգային ծնողական ժողով անես, մի հատ քո էդ «ուսմասվարին» հարցրու, թե ինչի՞ մինչև հիմա մատը մատին չի տվել, որ իմ ու Մեսրոպի նման անբանները վեպ գրելու տեղակ իրար կոռոնապատմվածքներ «պաս» չտան… Բայց թղթերը հետաքրքրեցին։ Ավագին ասացի.
– Բա ինչո՞ւ եք սև թղթի վրա գրել։
– Շատ բան իմանաս՝ վիրուս կկպնես։ Էդ վախտ իսկական սև թուղթ կբերեն։
– Տեսա՜ր դու, պա, պա, պա, պա,- ասացի ես,- հրեդ, սեղանին լիքը սպիտակ թուղթ կա…
Ավագը խոսքս կտրեց.
– Նոր կարգի համաձայն խուճապ տարածելը քրեորեն պատժելի է։ Քանի որ նոր կարգավորումները վերին աստիճանի տրամաբանական ու հասկանալի են միայն պարետի ու պարետատան համար, ապա ես «պա» և «րետ» վանկերի համադրումը կարող եմ իբրև խուճապ դիտարկել։
Ասացի.
– Տղերք, մի տեսակ վատ երազի նման է, սպասեք զարթնեմ, գնամ ջուր խմեմ, գամ ու շարունակենք։
Ավագը շարքային ոստիկանին գլխով արեց՝ թե դու էլ գնա։ Ասացի.
– Ես ջրի տեղը գիտեմ, երազից փախչելն էլ խուճապ տարածելու նման մի բան է, խելքս հացի հետ չեմ կերել։
– Գնա, գնա,- ասաց ավագը,- ջուր խմելու համար պիտի ծորակը բացես, չէ՞։- Գլխով արեցի։- Հենց ծորակին կպար՝ վիրուսն էլ քեզ կկպնի, մոտդ էլ հեռախոս չկա, որ Արսեն Թորոսյանի ինստրուկտաժով լվացվես։ Իսկ եթե «ինստրուկտաժը» խախտելով լվացվեցիր՝ արդեն մեզ խուճապի կմատնես… Ջոկի՞ր, Ջորջ։
– Լավ, ասացի, ջուր խմելուց հրաժարվում եմ։ Համ էլ ես, Ջորջը չեմ, Ռուդոն եմ, Գիլանցը, Գիլու ձագը, չի ասել մեր Մեսրոպը։
– Է՜ն Մեսրոպը՞, որ հետդ պասերո՜վ, պասերո՜վ խաղում է։
– Հա,- ասացի,- ինքը։
– Կասենք մի խուճուճ դիմում էլ ինքը գրի։ Բայց ինքը բիձա է, մենակ քեզ ենք փակելու։ Վերջ, հավաքվի, տանում ենք աէրոպորտ, Էջմիածին, արտադրամաս… Չէ, ռադ կանենք՝ Իտալիա։
Քեզպեսներին հարկավոր է հասարակությունից մեկուսացնել,- ասաց ու տարօրինակ կերպով կերպարանափոխվեց, դարձավ ամեն ինչով Ռիշելյեի կրկնօրինակ մեր պարետը,- ու եթե ամբողջ ազգը հիմա մեկուսացած է, ուրեմն քեզպեսները պիտի ազատ ֆռֆռան վիրուսառատ երկրներում։ Իզուր չէր, որ Պլատոնն իր պետությունից վռնդում էր…
– Պլատոնը հույն էր, իսկ դուք ինձ Իտալիա եք ուղարկում։
– Նույն կորոնացված զիբիլն է էլի։
– Բա դա արդարություն է՞,- ասացի ես, – ես իմ համար իտալիաներում ու չինաստաններում ազատ ֆռֆռամ, Մեսրոպը մնա «կարանտյայի» մեջ, ինքն էլ է մեղավոր, հետս ճամփեք։
– Մեսրոպից մի քիչ վախենում են, մեդիափորձագետ է։
– Տատաս ասում էր, որ վախենալու դեմ ամենալավ միջոցը չիշիկ խմելն է։
Էս խոսքիս վրա Ռիշելյեն նորից կերպափոխվեց, դարձավ ոստիկանության ՕԶԿ-ով ավագը։
– Չիշիկս չի գալիս։
Ուսերս վեր քաշեցի.
– Ես ինչ անեմ։ Տղերքիդ հարցրու, կարող է իրենցն է գալիս։
Ավագը նայեց սարսափազդու, «դուբիկնի» բռնակը շոշափելով՝ վեր կացավ.
– Ինչ ասի՜ր, հլա արի ստեղ….
– Էդտեղ ինչ վատ բան կա,- չքմեղանալով ասացի՝ մեջքիս իջած «դուբինկեքի» ցավը վերհիշելով,- հեղափոխությունից առաջ ինչ քաք ասես՝ իրար հետ կերել եք, պաշտոնանկ արված ու փախածները վկա, համ էլ էդ չիշիկ խմելը անմեղ բան ա, էլի։
– Էդ հեղափոխությունից առաջ էր, հիմա մենք ոչ քաք ենք ուտում, ոչ էլ չիշիկ ենք խմում, լսի՞ր, արա…
– Հա,- ասացի,- լսեցի, բայց Մեսրոպին էլ… Համ էլ ինչի՞ եք վատ զգում, չիշիկ է էլի, չիշիկ…
Էստեղ զարթնեցի։ Անիչոկը նեղացած ասեց.
– Պապա, մի ժամ ա ասում եմ չիշիկ ունեմ, բայց դու քնած ես, մաման էլ ա քնած, ես էլ որ բոբոիկ ոտներով գնամ՝ կջղայնանաս։
Երեխու հարցերը լուծեցի։ Բայց հո երազս կիսատ չէի թողնելու, նորից քնեցի, որ Մեսրոպն իմանա, թե ինչ դաժան վերջ ունեցավ այս պատմությունը։
Մի խոսքով մեզ փակեցին նեղլիկ խցում ու մեջը վիրուս բրախեցին։ Քանի որ Արսեն Թոոսյանն ասել էր, որ դա ծանր վիրուս է, ապա ենթադրաբար էդ անտերը գետնի մոտ պիտի լիներ, հետո էր սողեսող վեր բարձրանալու։ Ձգվեցինք դեպի ահագին բարձրադիր օդանցքը, բայց բոյներս հերիք չարեց։
– Բա մի բոյլուխ ընկեր չլիներ, որ օդանցքը բացեր։
– Էդքան բոյ մենակ Արքոն ունի,- ասաց Մեսրոպը,- բայց երեկ նեղացրել ես, հաստատ օդանցքը չի բացի։
– «Խասյաթ մուխաննաթ»,- ասացի ես։ Չգիտե՞ս, որ տաքարյուն եմ։
Երևի արդեն գլխի ընկար, որ երազը պատմել ավարտել եմ, ու մենք էդպես էլ բանտարկված մնացինք։ Էնպես որ, Մեսրոպ ջան բանտից ազատելը քո վրա, թե չէ օդանցքը դեռ փակ է, Արքոն դեկամերոն.ամ-ի գործերով է, իսկ վիրուսը սողեսող բարձրանում է վեր։ Խցում լվացարան կար, բայց Արսեն Թորոսյանի լվացվելու ինստուկտաժի վիդեոն չկար, որ կարողանայինք փոքր ինչ ապահով շնչել։
Նախորդը՝ այստեղ
Հաջորդը՝ այստեղ
Սկիզբը՝ այստեղ
1 thought on “ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ 4 / «Կառոննի» երազ / Գևորգ Գիլանց”
Comments are closed.