Վեր կաց, վեր կաց անկողնուցդ, թամբալացել ես արդեն, քո սովորական ժամին՝ 6-ին արթնանալու փոխարեն՝ մինչեւ ժամը 9-ը ալարում ես դուրս գաս տեղի տակից:
Ա, դե վեր կենամ ի՞նչ անեմ: Ոչ վեպն է առաջ գնում, ոչ էն բանակային վիպակը: Ոչ դաս կա, ոչ էլ քաղաք գնալու անհրաժեշտություն: Վեր կենամ, էլի պիտի վազեմ կայքերով՝ տեսնեմ նոր հիվանդ-բան չկա՞, կամ էլ էն Սֆաթագրքի ամենագետ վարակաբանների խորհուրդները կարդամ, կամ չկարդամ, կամ գուցե ընենց՝ մի թեթեւ կարդամ, կամ նույնիսկ էդ մի թեթեւը չկարդամ…
Ո՞նց թե վեր կենաս ինչ անես. նստիր պատմվածք գրելու, հենա՝ Արփին «Գրողուցավի» համար պատմվածք է ուզում, չես կարա՞ մի հատ կայֆ, իրա ուզած պատմվածք գրես:
Արփին լավ կանի ինքը գրի, թե չէ սաղ օրը պանիկայի մեջ՝ սֆաթագրքային ստատուսներ է գրում: Այ աղջիկ, ասա, մի քիչ հանգիստ եղիր, էլի: Էդ վիրուսը քեզ չի սպառնում, ջահել աղջիկ ես, ի՞նչ ես մազերդ բոքս կտրել…. էէէէէ… Դա ուրիշ կինոյից էր: Ջահել աղջիկ ես, քեզ ի՞նչ է եղել, էդ թագաժահրը (կորոնավիրուս բառը մի սփյուռքահայ գիտնական է սենց թարգմանել) թե կպնի՝ ինձ նման բիձուն է կպնելու: Ինձ նման բիձեքի համար էլ մի անհանգստանա: Ու էդ պանիկադ թարգիր: Որ նախարարությունից չկանչեին, պիտի ասեիր՝ «էս խի՞ չեն կանչում»: Որ կանչում են՝ հարայ-հրոցդ դրել ես, թե «խի՞ հենց հիմա կանչեցին»: Ո՞ւր էր, թե ինձ ու Ռուդոյին էլ կանչեին, մեռանք սպասելով: Արդեն երեք ամիս եղավ, տնաշենները երկու անգամ արդեն անձնագրային տվյալներ են ուզել, որ պայմանագիր անեն, բայց տենց էլ չեն կանչում, որ մարդ իմանա՝ փողին սպասի՞, թե՞ հույսն իր վրա դնելով գրի էդ անտեր վեպը: Ռուդոն, ասում եք, ո՞վ ա: Գիլանցը, չե՞ք ճանաչում: Երանի ձեզ, որ նոր պիտի ճանաչեք:Հա, որ նախարարություն գնալիս փողոցներում մարդ չլիներ, կգրեր (Արփին, ոչ թե Ռուդոն… դե, Գիլանցն, էլի), թե «էս ի՞նչ մեռած քաղաք ա»: Որ մի երեք-չորս մարդ է տեսնում, գրում է, թե «սաղ քաղաքը դուրսն ա»: Զանգում եմ իմ ընկեր Կարենին: Կարենին է՞լ չեք ճանաչում: Ո՞նց: Էն բոյով սիրուն տղան, որ աշխարհի ամենաօրիգինալ գրախանութում է աշխատում՝ Մաշտոցի պողոտայի վրա, Մատենադարանից մի քիչ ներքեւ: Հարցնում եմ՝ «հը՞, մարդ կա՞», պատասխանում է, թե հատուկենտ մեքենաներ են անցնում, իսկ կես ժամը մեկ էլ կարող ա մի երկու մարդ անցնի: Հիմա Կարենի՞ն հավատամ, թե՞ Արփիին: Կարող է՞ իրենք երկու տարբեր Մաշտոցի պողոտաներ են տեսնում: Եսի՞մ:
Մի խոսքով՝ ում ինչ պետք է, նա էլ տեսնում է կամ լսում: Օրինակ՝ էն օրը մեկը զանգել էր իմ բարեկամ մի մարդու.
– Լսիր, դու էն Պողոսի հետ վերջին անգամ ե՞րբ ես շփվել:
– Դե, մի 5 օր առաջ:
– Պահոոոոոոոոո…
– Ի՞նչ կա…
– Բա չե՞ս լսել, իրա հորեղբոր տղի բաջանաղի աղջիկը հարեւանուհու հետ գնացած ա եղել էս հարեւանուհու հարսի հորանց տուն, ընդեղ մի էջմիածնեցի ա եղել… Ընենց որ շտապ ինքնամեկուսացիր, մեր տուն էլ չգաս մի տասնչորս օր…
Իսկ ես արդեն զզվել եմ տանը մնալուց: Տենց էլ պիտի լիներ. ինձ նման սնդիկը կարա՞ սաղ օրը նստի տանը: Լավ է, Ավանում լիքը տեղ կա, որ իսկի շեն օրերին մարդաշատ չի լինում, ու կարելի է դուրս գալ զբոսնելու՝ չվախենալով, որ կողքովդ մարդ կանցնի:
Դասերի ընդմիջումներին էլ… Ինչ դա՞ս: Ոնց թե՝ ի՞նչ դաս: Էդ էլ հո Ռուդոն չի՞, որ չեք իմանում: Արա, դուք կարող ա՞ էս աշխարհից չեք: Հեռավար դաս, էլի, էն որ ինտերնետով ես անում, ու մի խումբ ծնողներ ասում են «հեռահար»: Ֆեյսը լիներ, ստեղ մի հատ ծիծաղի նշան դնեի: Ես մինչեւ էս վարակն էլ հարյուր անգամ հեռավար դաս արել եմ: Հարյուրը շատ ասացի: Մի հիսուն: Լավ-լավ՝ մոտ տասը: Կարող է իմ արածը էն չի, ինչ դուք եք պատկերացնում, բայց էլի հեռավար է: Ու ոչ մի բացակա չի լինում: Մանավանդ էդ էրեխեքը հեռախոսով են գալիս դասի, ու չգիտես՝ տանն ե՞ն էդ պահին, թե՞ կարող է ընկերների հետ դուրս են եկել զբոսանքի:
Ո՞նց զբոսանքի: Կարանտինի էս օրերին ի՞նչ զբոսանք: Էլի ուզում ես Արփին անհանգստանա՞: Ի՞նչ կարեւոր է, որ էդ էրեխեքին չի ճանաչում: Կարեւորը անհանգստանալու պատճառն է:
Հա, մոռացա, Արփիին էի ուզում մի բան պատմեմ: Դե, առիթը էն էր, որ չնայած կառավարության բազմաթիվ հորդորներին, որ սահմանափակեն տնից դուրս գալը, լիքը մարդ էր տեսել փողոցում:
Ուրեմն, Արփիիս ասեմ, դու ջահել ես, չես հիշի. 1988 թվականի հունիսի կողմերն էր, Ղարաբաղյան շարժումը՝ թեժ էր, Ազատության հրապարակում ամենօրյա միտինգներ էին լինում: Էդ միտինգներից մեկի ժամանակ Աշոտ Մանուչարյանը՝ փրփուրն ի բերան հայտարարեց. «Վաղը Երեւանը պիտի դառնա մեռած քաղաք: Ոչ մեկը տնից պիտի դուրս չգա: Սա բողոքի մի ձեւ է: Հասկացա՞ք, ոչ մեկը տնից դուրս չի գալիս: Երեւանը մեռած քաղաք պիտի լինի»: Հաջորդ օրը սաղ քաղաքը (նաեւ ես, որ էդ օրերին Երեւանում հեռակայի դասերի էի), թափվել էր կենտրոն՝ տեսնելու իսկապե՞ս մարդ դուրս չի եկել…
«ՎարաՔուր», ինչպես կասեր իմ ընկեր Լեւոնը:
Ուրեմն իսկի Աշոտ Մանուչարյանը չկարողացավ երեւանցիներին պահի տանը, հիմա դու ուզում ես, որ Արսեն Թորոսյանը կարողանա՞: Կամ էլ՝ հիմա նույնն է. բոլորը դուրս են գալիս՝ տեսնելու հո մարդ դուրս չի՞ եկել:
Մի խոսքով, ես էլ եմ արդեն զզվել անշարժությունից, ու վաղվանից դուրս եմ գալու: Հերիք եղավ, բոլ եղավ: Տանձիս, ձեր էդ կորոնավիրուս է, թագաժահր է, ինչ է…
Այ տղա էս ի՞նչ ես ասում: Ո՞նց թե տանձիս էդ վիրուսը: Բա որ վարակվի…
Չի վարակվի, որովհետեւ էդ վիրուսը ձեռքից-ձեռք, դեմքից-դեմք, օդից՝ թոք կարա անցնի, բայց ասում են սեռական օրգաններով չի անցնում: Այսինքն, եթե հաջողացնես հեռահար (էս դեպքում հենց հեռահար, ոչ թե հեռավար) սեքս անես, հաստատ չես վարակվի: Կամ էլ ոչ հեռահար, սովորական՝ մոտահար, բայց առանց դեմք-դեմքի կպնելու: Ստացվում է՝ ձեռքով բարեւել չի կարելի, գրկվել չի կարելի, համբուրվել չի կարելի, թուշ-թշի չի կարելի, իսկ սեքս կարելի է…
Դե արի էս բժիշկներից գլուխ հանիր…
Ճիշտ էն անեկդոտի ռաբիի նման: Չեք իմանո՞ւմ: Էն որ ջահել նշանված տղան գնում է ռաբիի մոտ, թե.
– Ռաբի, ես մինչեւ ամուսնանալը կարող ե՞մ նշանածիս հետ պարել:
– Չէ, զավակս, դա արգելված է:
– Իսկ սեքս՝ կարո՞ղ եմ:
– Սեքս կարող ես, բայց նայած ինչ դիրքով:
– Դե կլասիկ դիրքով:
– Կարող ես:
– Կողք-կողքի պառկած:
– Կարող ես:
– Իսկ կանգնա՞ծ:
– Չէ, կանգնած չես կարող:
– Ինչո՞ւ:
– Որովհետեւ դա արդեն պարի է նման, իսկ նշանվածներին միասին պարելն արգելված է:
Այ սենց, տափակ-մափակ անեկդոտներով էլ փորձում ենք օրներս լցնել էս թագաժահրային կարանտինում:
Հիմա նայում եմ պատուհանից դուրս: Մեր շենքի Կարինեն ինչ-որ տեղ է գնում: Էս տնաշենն էլ ժամանակ գտավ վերելակի փողը հավաքելու: Էդ երեկ էր: Դուռը բացեցի… Ես չէի էլ պատկերացնում, թե ձեռքս կարա էդքան երկար լինի. իրենից մեկուկես մետր հեռավորությունից ձեռքս երկարացրի եւ վերեւից մետաղադրամները գցեցի ափի մեջ: Կոնտակտ չեղավ, բայց վազեցի՝ ձեռքերս առնվազն 20 վայրկյան օճառով լվացի, ինչպես խորհուրդ են տալիս բժիշկները, առողջապահության նախարարությունն ու Հենրիխ Մխիթարյանը: Ճիշտն ասած, որ Հենոն էդ խորհուրդը տված ու նաեւ տեսանյութով ցուցադրած չլիներ, ես բժիշկներին լսողը չէի: Իսկ վերելակի մասին անկեղծորեն պիտի ասեմ, որ էս քանի օրը ախտահանում են: Մտնում ես ու ժավելի հոտ է գալիս:
Այ սենց. էս կորոնավիրուսային կարանտինը ոնց որ Չեխովի պիես լինի, ոչ մի բան չի կատարվում, բայց ամեն դեպքում հետաքրքիր է:
Հիմա էս պատմվածք է՞ր:
Արփին կարող է՞ չուզենա հրապարակել:
Արի մի հատ կայֆ վերջ մտածեմ, կարող է հրապարակի: Կայֆ վերջը ո՞րն է. էն դպրոցում որ էքսկուրսիա էին տանում, հետո դրա մասին շարադրություն էինք գրում ու վերջում անպայման ավարտում «Երեկոյան ուրախ-զվարթ վերադարձանք տուն» նախադասությամբ:
Բայց էստեղ աչքիս ուրախ-զվարթ չի ստացվի. «վերջըվերջով», ինչպես ասում են իմ հայրենի Մեղրիում, վարակ է, որը կարող է քո տանձին չի, բայց լիքը մարդ «քաշքով է ընկնում»: Էս էլ էր մեղրիերեն:
1 thought on “ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ 1 / Ա՜, դե տանձիս ձեր վիրուսը, հա՞… / Մեսրոպ Հարությունյան”
Comments are closed.