Ամի Չիչակյան / Ինքնամեկուսացում

Ես ինքնամեկուսացել էի կես տարի ավելի շուտ, քան ինքնամեկուսացումը դարձավ ֆեյսբուքյան թրենդ, հետո՝ նաև պարտադիր պայման։ Իմ ինքնամեկուսացման համար հարկավոր չէր որևէ պանդեմիա, նույնիսկ՝ որևէ խելամիտ պատճառ։ Մի պայծառ կամ մռայլ օր որոշեցի, որ վերջ, պետք է գործից դուրս գամ։ Այդպես սկսվեց ինքնամեկուսացումը, և աշխատանքը տնից։ Ու քանի որ մեր տան անդամները առավոտից մինչև երեկո սովորում և աշխատում էին, ինքնամեկուսացման համար ստեղծվել էին իդեալական պայմաններ։ 

Առաջին մի քանի օրը կամ շաբաթը ինձ համար ամենահաճելի ժամանակահատվածն էր, երբ առանց դադարի աշխատանքից հետո կարողանում ես անկողնում մնալ այնքան, ինչքան ցանկանաս, արթնանաս, երբ ուզես, քնես, երբ հարկ համարես, և գլխավորը՝ առավոտյան ստիպված չլինես արթնանալ անմարդկային ժամերի։ Ինքնամեկուսացման ժամանակ ինձ համար առավոտը սկսվում էր ձեր կեսօրից հետո՝ ժամը մեկից, երեկոն՝ հաջորդ օրը ժամը երկուսից։ Իրականում, շատ դժվար է ունենալ սեփական օրվա ժամերը, երբ ամբողջ աշխարհը այլ գրաֆիկով է ապրում և հրաժարվում է հարմարվել քո ժամերին։ 

Ինքնամեկուսացման բացասական կողմերից մեկն էլ օրերով արևի լույս չտեսնելն է։ Այստեղ օգնության է գալիս շունը, որը ժամանակ առ ժամանակ ստիպում է քեզ դուրս գալ տնից ու բախվել արևի լույսի հետ, որը երկար ժամանակ չտեսնելուց հետո այնքան անսովոր է դարձել, որ աչքերդ սկսում են ցավել։ 

Առաջին մի քանի շաբաթը անցնելուց հետո սկսում է էքզիստենցիալ ճգնաժամը։ Իմ դեպքում՝ ոչ միայն ապագայի հարցերի և հիմնական աշխատանք չունենալու վերաբերյալ, այլ նաև՝ սնվելու։ Քանի որ կյանքիս մեծ մասն անցել է սնվելով արագ սննդի պատրաստման կետերում, հարց առաջացավ, թե որտեղի՞ց եմ պատրաստվում հայթհայթել սնունդ։ Արագ սննդի կետեր գնալ չէի պատրաստվում, նաև չէի պատրաստվում նյարդերս վատնել սնունդ պատվիրելու երկար ու ժամանակատար գործի վրա։ Իսկ եթե Մուհամեդը չի գնում սարի մոտ, ապա արագ սննդի կետը գալիս է մեր տուն։ Եվ այդպես սկսվեց իմ խոհարարի կարճ և ոչ այնքան փառահեղ կարիերան։ Գիշերը գնում էի սուպերմարկետ առևտրի, երեկոյան սկսում էի խոհարարական վարպետությունս ցուցադրել։ Այս ընթացքում հասցրեցի սպանել մի քանի հազար խմորիչ և հետևել նույնքան էլ խմորիչի զարգացմանը և բարգավաճմանը։ 

Բայց խոհարար լինելը չէր իմ ապագան։ Չգիտեմ՝ այդ մտքից, թե՞ ամբողջ օրը տանը փակվելու և շատ քիչ մարդկանց հետ շփվելու պատճառով ինձ հյուր եկավ ինքնամեկուսացման լավագույն ընկերը՝ դեպրեսիան։ Դեպրեսիան շատ ծանր չվարվեց ինձ հետ, թերևս մի քանի սկանդալ, մի քանի հարյուր կաթիլ արցունք և տխուր երգերի հավաքածու։ Դեպրեսիայի դեղ ու դարման հանդիսացավ աշխատանքը և գործուղումը Ստեփանակերտ։ Չգիտեմ՝ Արցա՞խն էր, թե՞ այլ մարդկանց հետ շփումը, բայց երբ արդեն Երևանում էի, դեպրեսիայի հետքն էլ չկար։ Նույնիսկ երկտող չէր թողել։ 

Ու երբ տանը փակված ես, արդեն հասցրել ես դիվանագիտության մեջ հմտանալ, կարդացել ես բոլոր գրքերդ և նայել ես ֆիլմերը, մնում է մի բան՝ փախչել տնից։ Տան չորս պատերին փոխարինում էին չորս դռները։ Քանի որ ինքնամեկուսացման պատճառով շատ քիչ էի մեքենա վարում, ժամանակ առ ժամանակ ստիպված էի պարզապես շարժիչը միացնել և սպասել։ Առաջին անգամից հետո ինձ այս զբաղմունքը այնքա՜ն դուր եկավ, որ իմ այցելությունները հաճախակիացան։ Թվում էր, որ ֆիլմ կնայեմ, երգ կլսեմ, վերջիվերջո գիրք կկարդամ, բայց ոչ՝ ես պարզապես նստում ու նայում էի, թե ինչպես է մեքենայի դիմապակու վրա հալվում ձյունը։ Այդ պահին, բացի իմ մեքենայից, այլ վայրում ընդհանրապես չէի ուզում լինել։ Այս սեանսները կարող էին տևել մեկից մինչև չորս ժամ, մինչև ինչ-որ մեկին չհետաքրքրեր իմ որպիսությունը։ Մեքենայում ինքնամեկուսացումից ինքնամեկուսանալը հետո դարձավ սովորություն, և հիմա էլ կարող եմ ժամերով նստել մեքենայում ու բան չանել։

Ինքնամեկուսացումը ոչ միայն աշխատանքից էր, այլ նաև ամբողջ աշխարհից՝ լուրերից, սոցիալական ցանցերից, մարդկանցից։ Ֆեյսբուքը հեռախոսիցս ջնջելուց հետո իմ կյանքից գրեթե ջնջվեց նեգատիվը, կամաց-կամաց ապաքինվեցի կախվածությունից ու ձեռք բերեցի նորերը՝ մինչև լուսաբաց գիրք կարդալը կամ մինչև մայրամուտ ֆիլմ նայելը ու նամակագրական ընկերոջս էջերով նամակներ գրելը իմ ինքնամեկուսացման փորձի մասին։ 

Եվ միգուցե այսպես էլ շարունակվեր իմ կյանքը, եթե պանդեմիան չորոշեր խառնել իմ բոլոր ծրագրերը։ Ինձնից բացի սկսեցին ինքնամեկուսանալ լայն զանգվածները, մեր հարևանները, նույնիսկ՝ մեր տան անդամները։ Ինքնամեկուսացումը դարձավ թրենդային, ավելի ուշ՝ պարտադիր, որը ոնց հասկանում եմ՝ ոչ բոլորի համար է պարտադիր։ Ինքնամեկուսացումը երբեք այսքան անհետաքրքիր և անհրապույր չէր եղել։ 

Ինքնամեկուսացման տարածքը, եթե առաջին վեց ամիսներին միայն իմն էր, այս պահին բաժանվել է երեքիս մեջ։ Ինչը սահմանափակել է իմ տեղաշարժը։ Ամեն օր ես նոր տարածքներ եմ զիջում։ Լավագույն դեպքում ինձ հասնում է սենյակը, որտեղ եթե առանձնապես ոչնչով զբաղված չեմ, ապա վերածվում եմ վանդակում պահվող բորենու՝ «վանդակում» նյարդային այս ու այն կողմ եմ գնում։ Եթե քույրս էլ սկսում է հեռավար դասերն անել, ապա իմ անձնական տարածքն ավելի է նեղանում՝ ընդհուպ մինչև զուգարան, որը, բնականաբար, սենյակից փոքր է, և բորենին չի կարող այս ու այն կողմ շարժվել։ Բայց քանի որ կա վարդակ, այն շատ հարմար է աշխատելու համար, և այդպես զուգարանը վերածվում է օֆիսի, ինչը տան մյուս անդամներին, մեղմ ասած, ձեռք չի տալիս, ու սկսվում են կռիվներ՝ զուգարանը գրավելու համար։ Ինձ այստեղից էլ են վռնդում։ Ի՞նչ ասեմ, կարող եմ զուգարանի իմ գրասենյակը զիջել ձեզնից մեկն ու մեկին ու շարունակել իմ՝ բորենու կյանքը սենյակում կամ հյուրասենյակում էլ դեմ չեմ լինի զբաղվել դիվանագիտությամբ։ 

Բացի տարածքներից զիջում եմ նաև իմ գրաֆիկը. ստիպված եմ համակերպվել մնացածի՝ առավոտը շուտ արթնանալուն, ֆիլմ նայելուն, շուտ քնելուն, կամաց երաժշտություն լսելուն, հարևանների կռիվ անելուն։ Ու սկսում եմ հասկանալ Ֆեյսբուքի մարդկանց, որոնք անընդհատ բողոքում են ինքնամեկուսացումից կամ տնից դուրս են գալիս։

Մեր ինքնամեկուսացման դեպքում հաղթելու է ուժեղը, իսկ ոնց արդեն հասկացաք, ես հեչ էլ ուժեղը չեմ։ Ու եթե էսպես շարունակվի, ինձ հարկավոր կլինի նոր ապաստարան։ 

 

Please follow and like us: