Առավոտյան ժամը 6-ից 15 պակասը իմ ամենասիրելի երթեւեկության ժամն է, երբ տրանսպորտում հատուկենտ մարդկանց կարելի է հանդիպել։
Ալարկոտ բացվող օրվա թարմ ու մի քիչ էլ պաղ օդի մի հսկա պաշար թոքերս ներբեռնելով ու արմունկների հմուտ գործադրմամբ մտա տրամվայ։ Նայեցի շուրջբոլորս, մտքով հաշվեցի ներսում եղած մի քանի ուղեւորներից հինգ մետր սոցիալական հեռավորություն ու հարմարավետ նստեցի։ Ուզեցի գլուխս հենեմ պատուհանին ու հանկարծ, ճիշտ ժամանակին հիշեցի, որ գլուխս արմունկ չունի, ու քանի որ նախորդ օրը նույն տրամվայում մի չքնաղ գերմանական ձայն հորդորել էր գործածել միայն արմունկները, քոռ ու փոշման գլուխս մնաց վզիցս կախված։
Հանեցի հեռախոսս ու մտքով, խախտելով օդային ու ցամաքային հակահամաճարակային միջոցառումների շրջանակում փակված բոլոր սահմանները, շնորհքով ներխուժեցի Հայաստան։
Չգիտեմ՝ քանի կանգառ ապահով երթեւեկելուց հետո ահաբեկված վեր թռա, քանի որ ամենայն հավանականությամբ ռիսկային խմբում եղած մի կին շատ անշնորհք ներխուժեց իմ հինգ մետրանոց բուֆերային գոտի ու նստեց ինձնից մոտավոր մեկ ու կես մետր հեռավորությունից մի 5սմ մոտ։ Հերիք չի նստեց, մի հատ էլ անամոթ հազաց։ Շատ արագ վեր թռա, որ տեղափոխվեմ հետ։ Գրող, թե կտեղափոխվեմ. ինձնից հետո ու ինձնից առաջ ամեն 1,5 մետրը մեկ մի կորոնառումբ է նստած։ Ես շրջափակման մեջ եմ։
-Պանիկա չենք անում,- ներսից խրոխտ հորդորեց քնից դեռ ամբողջովին չարթնացած Արփին։
-Բա ի՞նչ անեմ,-հարցրի ես:
-Ի՞նչ պիտի անես, քեզ մնացել է ինը կանգառ, շունչդ պահի, չշնչես։
-Բա որ շնչահե՞ղձ լինեմ,-արդեն շունչս պահած հարցրեցի ես։
-Ոչինչ, մեծ բան չի, կարեւորը կորոնայով չես վարակվի:
– Թու քո երեսին,-մտածեցի ես, մի օր չեղավ մի կարգին բան խորհուրդ տաս։
Հանկարծ հիշեցի, որ ես լավ տեսողություն ունեմ, շատ մանր տառերով տեքստեր կարող եմ կարդալ։ Ուրեմն, եթե հիմա մի քիչ լարեմ տեսողությունս, կարող է պատահի տեսնեմ նաեւ օդով դեպի ինձ թռչկոտող COVID-19 անդաստիարակ վիրուսներին, որ առանց հրավեր ինչ անցք տեսան, մտնում են։
Աչքերս ճպճպացնելով՝ գլուխս մի քանի անգամ աջուձախ պտտելուց հետո, հասկացա, որ աչքերս դեռ էդքան չեն վարժվել, որ վիրուս տեսնեն։ Չնայած, էդ անտերն էլ էնքան փոքր է, ո՞նց տեսնեմ, կամ որ տեսա, ո՞նց ճանաչեմ, ախր կյանքում դրան դեմքով տեսած չկամ։ Հա, ճիշտ է, ամբողջ համացանցն իր նկարներն են, բայց քի՞չ կան նկարներ, որոնք ֆոտոշոփով դզած-փչած են, որոնց տերերին կյանքում հանդիպելիս ինֆարկտից հազիվ ես մազապուրծ լինում։
Միակ հույսը եւ փրկության ուղին մնում է չշնչելը, լավ, հա, գոնե խնայողաբար ու զգուշորեն շնչելը։ Պետք չի գյորմամիշի նման ամբողջ քթով օդ կուլ տալ։
Էս միտքը դուրս շատ եկավ, գրպանիցս հանեցի անձեռոցիկն ու որքան ուժ ունեի փորձեցի փակեմ դավադիր վիրուսի մուտքի դռները։ Բայց արի ու տես, որ արմունկով քիթ- բերան փակելը ահավոր դժվար գործ է։
Էս ընթացքում հասցրի շատ ափսոսել, որ կատու չեմ ծնվել։ Հա, ի՞նչ, կատու ծնված լինեի, հիմա մի պոտենցիալ կորոնառումբի բազմոցին քնած կլինեի կամ էլ կարթնանայի ու մուննաթով կնվայի, որ կաթս ափսեի մեջ հնացել է, իսկ իմ պետքարանի ավազը չորս օր է չեն փոխել։ Ու վերջ։ Այո, վերջ։ Թե չէ անձեռոցիկ, արմունկ, դիստանցիա, ձեռք լվալ, օճառ, զուգարանի թուղթ, գրող ու ցավ․․․ Բա սա կյա՞նք է։
Չէ, չէ, չեղավ, բախտս այդտեղ էլ չբերեց, հերս, մերս չգիտեմ ինչ հաշվարկով ինձ մարդ են ծնել։ Լավ է էլի, դե հիմա արի ու հաջողացրու կորոնայից պլստա։
Սենց հուսահատ, կատվի ու մարդու ճակատագրերի անհավասարության մասին մտքերի մեջ խորասուզված ու հայ-հայ է՝ չշնչելուց ուշագնաց լինելու ընթացքում հանկարծ հիշեցի, որ, արաաաա, ախր էս ի՞նչ մի պանիկա ես անում, ախր դու կիրթ մարդ, չգիտե՞ս, որ ռիսկային խմբում հայտնվելու համար դեռ երկու տարի ունես։
Ֆու, լավ է հիշեցի ու թեթեւացած շունչ քաշելով աջ արմունկով շատ էլեգանտ բացեցի տրամվայի դուռը, իջա ու հայտնվեցի հայ-հայ է փռշտալու պատրաստ մեկ այլ գերմանացու քթից 5 սմ հեռու մահվան գոտում։
Հաջորդ կյանքում հաստատ կատու եմ ծնվելու կամ չկա-չկա՝ չղջիկ։