Նարինե Կռոյան / Ապացիցը

«Թվում էր` հայրն այնտեղ գործիք է պահում` խարտոց, աքցան  կամ մուրճ. տղան չէր կարողանում հայացքը երկար բարձր պահել`նայել հոր աչքերին, հայացքը սայթաքում, ընկնում էր այնտեղ, ուր տաբատը վրանի պես միշտ ուռած էր, ուր գաղտնիքն էր տաբատի ետևում. հայրը մի կողմ, ամեն ինչ մի կողմ, գաղտնիքն` ուրիշ, կարծես հոր տաբատի տակ չլիներ, կարծես հոր վրա չլիներ, իսկապես` ո՞նց կարող է Նա ապրել այս գունաթափ, մաշված տաբատի մեջ, այս փրչոտ, քրտնած, փոքր-մոքր մարմնի վրա»:

Գուրգեն Խանջյան «Հայրը»

 

Ամբողջ կյանքը կռացած ապրեց` հայացքը գետնին: Մտածում էր, թե դիմացից ամեն եկողի աչքերում իր անժամկետ թշվառության արտացոլքն է տեսնելու:

Կարծես հրաշքով ծնված զավակները, որ անկասկած իրենն էին խարխուլ գենոտիպի արտաքին և բացահայտ դրսևորումներով, բացառություն էին կյանք կոչված գետնահայաց ճանապարհի միապաղաղ ընթացքի մեջ, ուր ամեն անցորդ իրեն իրավունք էր վերապահում երեսով տալ տղամարդու մարմնում ծվարած բացակա տղամարդու ներկայությունը: Մեղավորն, իհարկե, տեստոստերոնն էր, որ, չգիտես ինչու, ավելի էր (գոնե փաստաթղթերով) սեփական, ավելի շուտ` օրինական կնոջ մարմնում, ինչի առհավատչյան կանացի մաշկի անթաքցնելի մասերում փթթող թավ ու անբացատ մազածածկույթն էր:

Ճակատագիրը, որ երբեմն-երբեմն ձանձրանում էր իր իսկ սահմանած կանոններից կամ օրինաչափություններից, գրագրի իր միապաղաղ առօրյան թափ տալու, բազմազան դարձնելու ակնկալությամբ, հավանաբար, մի հսկայական քար էր գլորել տղամարդկային այդ հորմոնի ակունքին, կամ էլ ընդհանրապես այն ի սկզբանե անակունք էր և անաղբյուր:

Կլորավուն, նեղլիկ ուսերը ստիպում էին պիջակի թևագլխի փորվածքի մեջ լաթեր խցկել` գոնե տնից դուրս փոքր-ինչ մարմնեղ երևալու անիրականանալի մարմաջը փարատելու համար:

Մի օր էլ Լենդրոշը հասկացավ, որ գնալու տեղ չունի, որ իր բաժին տառապանքն այս կյանքում այլևս հասել է իր դժգույն կամ գուցե ուրախալի վերջնակետին: Հենց այդպես էլ մեռավ` բակի խարխուլ նստարանին` կորամեջք ու հայացքը գետնի քարացած ցեխակույտին, որից, միևնույն է, «բուրում» էր հավերի առատ արտաթորանքի ամոնիակախեղդ գոլորշին:

Ձվերի ետևից եկած հարևանի հաստագլուխ կատուն, երևի չզգալով ծերունու կենդանի ներկայությունը, թռավ նստարանի ծայրին և իր թափից, թե տախտակների փտած ծակոտկենությունից վախեցած` ետ ցատկեց: Նստարանը ծառս եղավ: Լենդրոշի անկենդան մարմինը գլորվեց գետնին ու խորդուբորդ ցեխի նման սառավ:

Բակում անցուդարձ չկար. ցուրտը եղած շնչավորին հավաքել էր աթարի վառարանի շուրջը: Անգամ շունն էր ձգել  փշածաղկի սերմերով պատված իր քրջոտ բուրդը կենարար ջերմության կողքին ու երանությունից թմրած հորանջելով` մերթընդմերթ տրորում էր հարևանի կատվի հետ հերթական ծեծկռտուքի ժամանակ կենդանի մնացած միակ աչքը:

Լենդրոշի դին հավանաբար երկար մնաց փետրվարյան սառնամանիքի աքցաններում` դառնալով անձև մի ոսկրակույտ` դես ու դեն փռված վերջույթներով:

Երբ եկավ վառարանում կուտակված մոխիրը դատարկելու անցանկալի պահը, դուռը բացվեց` հարսի գոռոցից դուրս հանելով տան ամբողջ շնչավոր պարունակությունը:

Քաղաքային դիարանում վրան լավ էին աշխատել, և Լենդրոշը կոկիկ ու ըստ կանոնակարգի  պառկած էր իր վերջին, փայտյա նեղլիկ կացարանում: Շուտով գյուղը պիտի գար:

– Վա~յ, հորս չոր սեղանին ե՞ք դրել,- իր գալուստը ազդարարելով` դռների մեջ ճչաց Սուսանը` հանգուցյալի քաղաքաբնակ դուստրն ու ներս մտավ:

Ննջեցյալի հետ կապված պարզունակ ու անտրամաբանական, բայց պարտադիր արարողակարգի ղեկն արագ անցավ եկվորի ձեռքը: Շուտով պատից պոկեցին Լենդրոշի`արդեն որբևայրու օժիտի փոշոտ գորգն ու փռեցին դագաղի տակ: Սակայն միջոցառման կազմակերպումն այնքան էլ հարթ չընթացավ: Ապաշնորհ հարևանը, մինչ կանայք կփռեին գորգը, այլևս չկարողանալով տանել թե՛ տանուտեր շան սեռական ոտնձգությունը սեփական ոտքի վրա, թե՛ գորգից բարձրացող փոշին, ուժգին փռշտաց և ձեռքից բաց թողեց դագաղի ծայրը: Թաթը տրորած փոցխի նման հանգուցյալը լքեց իր կացարանն ու առաջացավ նրա վրա:

Սարսափից խեղճը գոռաց ու ննջեցյալի հետ տապալվեց գետնին: Ստիպված էին ամեն ինչ սկսել զրոյից. Լենդրոշի վերջույթները մի անգամ ևս ստանալով կյանքում չտեսած ազատությունը` դարձյալ այս ու այն կողմ էին ցցվել: Այդ վերջույթների մեջ առավել ակնառուն գլուխն էր, որ կարողացել էր ետ շրջվել` ասես արհամարհելով անպիտան մարմինը:

Դուռը պետք էր կողպել:

Գյուղի բուժակն ուշանում էր, և ստիպված էին սպասել: Անհարմար էր շրջված գլխի պատճառով` դիակը հետույքը վեր դագաղում պառկեցնել, առավել ևս, որ ոտքերն ու ձեռքերը չէին ցանկանում վերադառնալ իրենց նախկին, հավաք տեսքին:

Բակում կուտակվող ցավակցողների ժամ առ ժամ մեծացող ամբոխը, դուռը կաղպված գտնելով, անցավ գուշակությունների` տան ճեղքերից ներս լցնելով ուժգնացող աղմուկը:

Վերջապես բուժակը եկավ: Ճեղքելով հավաքվածների հետաքրքրասեր հայացքների պատը` հասավ անառիկ դռանն ու ներս սողոսկեց: Քիչ անց Լաուրը` Լենդրոշի հարսը, դուրս եկավ և հայացքը սկեսրայրի նման կախ ու անխոս շտապեց խորդանոց: Ետդարձի ճանապարհին կրծքին սեղմված մուրճն ու կացինը նրա ծպտյալ կերպարանքն ավելի խորհրդավոր դարձրին, և բակի փսփսոցների ալիքը բարձրացավ` սպառնալով կործանել պատշաճության վերջին պատնեշը:

– Կարո՞ղ է էդ խեղճին եք քելեխ տալու,- բարձրաձայնեց մեկն, ու բակը պայթեց սեղմված քրքիջից:

Վերջապես «սիմ-սիմ»-ը բացվեց, և հավաքվածներն իրար հրմշտելով խցկվեցին ներս` սպասված արտառոց տեսարանն առաջինը տեսնելու ակնկալությամբ:

Ներսում հանգիստ էր ու ցուրտ:

– Նստարանի ոտքն էր ջարդվել, լավ էր` սարքեցինք,- ասես հենց այնպես հայտարարեց Սուսանն ու գնաց կողքի սենյակը:

Սակայն ականջին հասնող տարօրինակ բառերի պատառիկները նրան ստիպեցին վերադառնալ: Առաջինը, որ տեսավ, կատվատեր հարևանուհու ցուցամատն էր: Ներկաների հայացքները ցուցամատի նման կենտրոնացել էին հանգուցյալի վրա, ավելի շուտ` դիակը կիսով չափ ծածկող գազարագույն կտորի, որը պառկածի տղամարդկային ողջ էությունն ամփոփող մասում անհասկանալի կերպով բարձրացել էր` խախտելով դիակի մակերևույթի ցանկալի հարթությունը :

Ցավակցողները փսփսոցներից արագ անցան թաքուն ժպիտների` մինչև ինչ-որ մեկը չդիմացավ և փռթկացրեց.

– Դագաղի մեջ էլ է անտերը ցից արել…

– Տղամարդկությունը բռնել է,- արձագանքեցին սենյակի մյուս ծայրից:

Մթնոլորտը շիկանում էր: Ժամանակ չկար: Սուսանը, պարսատիկից շպրտված քարի նման, թռավ տեղից ու ընկավ հոր վրա: Ստիպված էր սգալ սիրելի հոր անժամանակ մահը: Կարևորը դագաղում պառկածի ցցված անպատեհությունն էր, որ այլևս չկար, ավելի շուտ` չէր երևում:

Օգտագործելով սգակրի իր ողջ բառապաշարը` Սուսանը մի պահ դադար տվեց ու հասկացավ, որ այլևս ասելիք չունի: Հոր վրա այդպես անխոս երկար փռված չէր կարող մնալ: Մարդիկ էլ չէին շտապում: Երևի նրանց հոգնած շնչից սենյակը ջերմացել էր` թմրեցնելով ներկաների ցրտից ետ եկած անդամները:

Վերջապես հարսը երևաց: Սուսանը գլխով նրան մոտ կանչեց ու ինչ-որ բան ասաց ականջին: Կարճատև դադարից հետո Սուսանին փոխարինեց Լաուրը: Անցումը բավականին սահուն էր. Սուսանն ուղղեց ծռված մեջքն ու հարսն ընկավ սիրելի սկեսրայրի վրա:

Սկզբում հեկեկանքն ակնհայտ արհեստական էր ստացվում, բայց հետո լացն այնքան բնական էր, որ ցավակիցներից ոմանք ևս սկսեցին սրբել կարմրած քթերն ու աչքերը: Սուսանը մտածեց, որ հարսին փոխարինելու ժամանակն է, որ խեղճը գոտկատեղի կամ մի ուրիշ տեղի ցավից է հեկեկում:

Այդպես հերթափոխելով  կարողացան մթնեցնել ձմեռային կարճ օրը, մինչև ցավակցողները ցրվեցին: Սակայն մինչև հուղարկավորություն առջևում դեռ մի օր էլ կար:

Ո՞վ էր ուղղելու Լենդրոշի անամոթ ցիցը: Այս էր խնդիրը:

Հարազատները փսփսում էին, սակայն ոչ ոք հանգուցյալին մերկացնելու և անառիկ ուղղահայացը հորիզոնական դարձնելու «զանգ»-ը իր ձեռքով չէր ուզում կախել: Կանայք ծանրակշիռ փաստարկ ունեին, քանի որ ի վերջո կին էին ծնվել: Մնացել էին տղամարդիկ` Լենդրոշի զառամյալ եղբայրը, հարևանը և կիսահարբած որդին` Սաքոն, ում, որոշում կայացնելու համար, հանել էին անկողնուց:

– Չէ, ժողովուրդ ջան, ես մի անգամ էդ հացը կերա,- հրաժարվեց հարևանը:

Ի պատասխան` վշտակիր ծերունին տնքաց, և բոլորը հասկացան, որ նա էլ է խաղից դուրս: Երբ ներկաների հայացքներն ուղղվեցին Սաքոյի կողմը, նա ծխախոտ վառեց, երկար ու խորհրդավոր ներս քաշեց ծուխը, դանդաղ պտտվեց սենյակում ու վերջապես արտաբերեց.

– Դզել-մզել չկա: Իմ հերը սաղ կյանքը տղամարդ է եղել, տղամարդ էլ մեռել է: Ես իմ հոր պատիվը գետնով չեմ տա:

Հայացքը խրոխտ պտտեց ներկաների պաղած դեմքերի վրայով, հետո խոսքն ավելի տպավորիչ դարձնելու համար` հազաց ու դուրս եկավ:

– Ջհանդամը,- նրա ետևից պոռթկաց Սուսանը,- ես էգուց-մյուս օրը կգնամ, դուք մտածեք:

Նա ցուցադրաբար ձգեց ընդդիմադրի իր ծնոտը, մտավ կողքի սենյակն ու ետևից շրխկացրեց դուռը:

Շուտով անխոս ցրվեցին նաև մյուսները: Լենդրոշը մնաց պատի տակ կծկված ավագ եղբոր հետ` մենակ ու մոռացված:

Հաջարդ օրն էլ անցավ նախորդի նման` ծպտյալ քրքիջից ու ճնշվող ծիծաղից ելևէջող որովայնների ուղեկցությամբ, միայն մի տարբերությամբ. մինչև դիակը տնից դուրս հանելը Սուսանը կազմել և ճշգրտել  էր ննջեցյալի վրա սրտակեղեք պառկող-վերկացողների հերթացուցակը: Մարդկային հոսանքն անհատնում էր: Ով ասես չկար:  Հարևան գյուղերից էլ էին եկել` հավանաբար Լենդրոշի անկոտրում շնորհքը սեփական աչքերով տեսնելու հասկանալի ցանկությամբ:

Արդեն բակում, ցերեկվա մոխրագույն լույսի տակ, Լենդրոշի ընդգծված ռելիեֆը երեք անգամ պտտեցին, վերև-ներքև արեցին ու տարան:

Երեք օր մեռելատանը զսպանակի նման սեղմված և իրենց տներում հորդող ծիծաղի պոռթկումներից նվաղած գյուղը հոգնած էր ու անհույզ: Միայն վերջին հրաժեշտի ժամանակ ընդարմացած լռությունը խախտվեց.

– Տղամարդ էր, տղամարդ էլ մեռավ հերս…. Չուզողի աչքը կոխեց…

Ի տես աշխարհի հպարտությունից դողացող ձայնով հայտարարեց Սաքոն, մատը հոր ցցի նման վեր տնկեց  ու ամփոփեց գյուղի խախտված եռօրյա անդորրը:

Please follow and like us: