Ինչեւէ, չերկարացնեմ, խոսեք երբեմն լատինաբարով, չեք իմանա կյանքը ուր կգցի ու ինչ լեզվով կստիպի շարունակել ապրել: Շեղվեցի թեմայիցս, չգիտեմ, կարծում եմ էս տիպի գիրը շեղվել չունի: Համենայն դեպս շարունակեմ: Եկա տուն, հանեցի կաղապարող ու անհանգստացնող ամեն ինչ, ու ստեղ մանրամասն, որովհետեւ պետք ա. հանեցի կոշիկներս, որ երբեք իմ՝ 35 չափսով չեմ գտնում, կյանքիս ընթացքում կրած մեծ կոշիկները մոտս առաջացրել են բազմաթիվ պրոբլեմներ, աշխատեք ձեր չափսով կոշիկ հագնել: Հանեցի լիֆս՝ ձեռքերս սկզբից, հետո մեջտեղից ձգեցի, հանեցի: Տանը մարդ չկա, մենակ եմ, ուրեմն հանեցի նաեւ ատամներս: Հա,հա ատամներս: Ու ոչ ոք թող չասի, որ կարելի էր մի սիրուն բանի մասին գրել, կներեք՝ սիրուն բանի մասին եմ գրում, ու ես սիրուն եմ: Ես սիրուն եմ ու պրոտեզ եմ կրում, ինչպես դուք՝ ոչ հավերժ, առանց ամեն երեկո հանելու կրում եք ձեր ատամները, ես էլ իմ ատամները հանեցի, պոկեցի վրայի էլի կոշիկիս չափսի չափ մեծ՝ մոտ մի սանտիմետր սոսինձը՝ զզվելի կպչան լպրծուն, բայց գոնե համը տհաճ չի, ու բերանում տհաճ հոտ չի առաջացնում, լվացի, սիրուն դրեցի իրա տեղը՝ կոկիկ, հատուկ տուփի մեջ: Վրեն՝ գրած մարկայի անունը: Ու նայեցի հայելու մեջ, որտեղից ինձ էր նայում իմ փոքր ժամանակվա դեմքը՝ մի քիչ ժամանակից բաներ հավաքած:
Բերանս էլ ստերիլ մաքուր ա, ատամներ ունեցած վախտս լինում էր որ անդուր կարիես էր լինում, կամ բորբոքում, որ հոտ էր գալիս, ու ես հա ատամ էի լվանում որտեւ մտածում էի որ բերանիցս հոտ ա գալիս, բայց իրականում չէր գալիս, գուցե առավոտները ու էն ընթացքում, երբ բորբոքված են եղել: Բայց ցավել են միշտ էլ, ու ես միշտ էլ հետեւել եմ, երեւի ինչ-որ Ղափանի ջրից ա, որ մանուկ վախտս խմել եմ ու շատ, կիրը շատ ա, ասում են որ կիրը շատ ա լինում ջրի մեջ, քարեր ա հավաքում ատամներին ու կարիես ա սկսվում: Բայց դե կարիեսն էլ եմ բուժել, փոքր հասակից տատս ինձ միշտ տարել ա ատամի, հետո էլ ես ինքս եմ գնացել ամեն փչակի համար: Տեսնես ես ատամնահատիկին ի՞նչ եմ հանել, տատս կամ ասել ա, մոռացել եմ կամ չի ասել, երեւի ինչ որ բժշկական բան եմ վերցրել, որտեւ տատս անպայման ուզում էր ինձ բժշկուհի տեսած լիներ, կամ էլ կարող ա ինքը տենց ա ուզել, որովհետեւ իմ մանկության բժշկուհի ժենյա տյոտյան ահավոր լավ մարդ էր, կամ էլ համարել ա, որ պրեստիժնի ա, չգիտեմ.. Համենայն դեպս տատս ա ինձ ներշնչել էդ միտքը, որ ես ինչքան հիշում եմ ինձ, բժիշկ-բժիշկ եմ խաղում՝ կամ ինձ համար, կամ ուրիշներին եմ ներառում: Էլ փոքր ժամանակվա նման գյոլի ջրով կլիզմաներ չեմ անում գյուղի երեխեքին, սովորել եմ իմ հիվանդությունների վրա, ընկերներիս ու մոտիկների պատմություններից նաեւ, հիմա ես եթե բան եմ ասում, միայն՝ մեջով անցած: Բայց դեղեր երբեք խորհուրդ չեմ տա խմել առանց բժիշկ տեսնելու: Դա իմ կողմից անբարոյական կլինի էս տարիքում ու էս գիտակցությամբ: Առաջ՝ կարող ա, հիմար էր, մարդը կյանքում պետք ա սովորի իրա սխալների վրա, եթե նույնիսկ չի հայտարարում որ սխալն ընդունել ա, պարտադիր չի, կարեւորը որ երեւա դա ուրիշներին, ու ինքդ քեզ իհարկե առաջինը: Կարեւորը ինչ ես անում նույն դեժավյուի մեջ ընկնելով, նույն քարին ես գլուխդ տալի՞ս, թե՞ քարը տեսնում, շրջանցում ես, թե՞ քարը կողք ես դնում, կամ էլ քարը կարող ես անհետացնել արդեն… Նայած մարդ, նայած դեժավյու, նայած քար… ամենքին իրանն ա: հիմա իմը ատամներն են՝ էդ քարերը, էդ փորձը, ամենը իմ ատամներն են ինձ բերել:
Էդ թվում նաեւ հեպատիտս, որն էլ ինձ բերեց ֆրանսիա, թե չէ ես իմ՝ ինձ թվացող ինֆանտիլությանս պատճառով դժվար մեր բանջարանոցի թաղից շատ հեռու գնայի, ես իմ տանը ինձ լավ էի զգում, իմ կոկոնի մեջ իմ մոտիկներով: Ոնց որ բոլորը, էլի, որ կարողանում են դեռ ապրել Հայաստանում:
Ավելի շուտ մենակ ատամները չեն, կա նաեւ գլուխս՝ ամբողջությամբ տարբեր տեղեր տրավմաների ենթարկված, ավտոնոմ ու բռնի, քիթս, որ ջարդվել ա՝ արդեն քանի անգամ, կոնկրետ չեմ հիշում, բայց ամեն ջարդվելու դասը լավ եմ հիշում… Պարտադիր չի՝ ես կիսվեմ դրանով, ամեն մեկը թող իրա քիթը ջարդի, գլուխը խփի ու ատամներով կյանքից կտորներ ուզի պոկել էն դեպքում, երբ պարզից պարզ ա, որ ատամներով կապանքներ չես կարա կրծես միանգամից, դրանք պիտի կամաց-կամաց թուլացնել, մաշել եթե մենակ ես… Իսկ ես միշտ մենակ եմ եղել, նույնիսկ ամենամոտ սիրածիս հետ եղած ժամանակ: Չնայած իրանց որ հարցնես՝ սիրածներիս, կասեն՝ Լուսը շատ ա, Լուսը… Լուսը հա, շատ ա, շատն ու մենակը իրար հեչ հակասող բաներ չեն, ինչպես եւ սիրալիրն ու դիլխորը, կարող ա մեր մենթալիտետում դա չի ընկալվում՝ ոնց կարա մեկը, որ հա խոսում ա, լինի մենակ կամ միայնակ, չգիտեմ ոնց ա ճիշտ ավելի, երեւի թե մենակ, որովհետեւ միայնակ չեմ զգում ինձ բարոյապես, ավելի զգում եմ՝ իմ կյանքի հետ մենակ եմ… Առանց կյանքի ընկեր էլի, էն որ մենակ ես ճամփա ընկնում, կամ ընկերոջ հետ, ես ճամփա եմ ընկել ընկերոջ հետ, բայց էդ ընկերը ինձ որպես ընկեր չի ընդունել, նկատի ունեմ՝ որպես կյանքի ընկեր: Ու ես դա միշտ զգացել եմ, որ ոչ մեկի համար ժամանաման կետը չեմ, վերջնական հանգրվանն ու խաղաղ ափը… Եսիմ ինչ եմ եղել, բայց էդ եմ ուզել լինել, ու չեմ եղել, ասում են՝ որովհետեւ շատ ես, շատ ես ամեն ինչում, շատ ես հոգատար, շատ ես ինիցիատիվան քեզ վերցնում, շատ ես խոսում մանր բաների վրա, շատ ես ծախսում, շատ ես բարձր խոսում, շատ ես սրան-նրան հավատում, շատ ես սրան-նրան նվիրվում, շատ ես անտակտ, շատ ես անամոթ, շատ ես անկապ խոսում, շատ ես վեր-վեր թռնում, շատ ես մոռանում ինչ ես խոստացել, շատ ես քեզանով տարված կամ հակառակը՝ շատ ես ուրիշներով տարված, մոռացել ես քեզ, շատ ես, շատ ես, շատ ես ու նույն պահին քիչ ես, քիչ ես, քիչ ես…
Ես ոչ շատ եմ, ոչ էլ քիչ եմ, ես էնքան եմ, ինչքան ես կամ ու վերջ: Ու մենակ եմ: Ու անատամ: Ու ուզում եմ, որ ինձ սենց սիրեն անատամ, որովհետեւ սաղ սուտ ա: Մարմինը սուտ ա, մարմինը կաղապար ա: Երբ մնում ես անատամ, ու ատամներդ դնովի են, հասկանում ես սա:
Ո՞նց մնացի անատամ բա:
Դե ոնց բոլորը երեւի: Սկզբում կարիեսներ, բուժում, հետո հղիություն, ավելի շատ կարիեսներ, էլի բուժում, հետո էքստրակցիոն՝ հեռացում, հետո՝ էլի, հետո դադար ատամնաբուժի գնալուց, որովհետեւ մեր կյանք եկավ սպիդի ահը: Ու սպիդի ահից ես վարակվեցի հեպատիտով: Դանտիստի մոտ: Հարեւանիս, որի մասին արդեն պատմել եմ, բայց կարող ա մարդ կա, չգիտի: Իմ հարեւանուհին էր, վստահում էի, գնացի մոտը, պարզվեց քույրերը խմած են, օրվա վերջ էր, մեկ ասին գործիք չկա, մեկ էլ բերին ու հեռացրեց երկու ատամ, որի տակ պրոցես կար: Մեկուկես ամսից ես դեղնեցի: Չեմ շարունակում, որովհետեւ հեսա կսկսեմ վերապատմել նորովի, իսկ դա բարդ կլինի կանգնացնելը ու չգիտեմ թե ինչի նման կլինի՝ վերապատմել սեփական վեպը՝ փոխադրություն «Բալագոյե»-ից:
Հետո սկսվեց ատամներ քցելը, այսինքն մոստեր: Ատամ քցելը, ոչ թե գցելը, որովհետեւ դա քցել էր՝ քցոցի:
Ֆու, կատուներն էլի մուկ են բերել, կռիվ են տալիս, իրար բերանից խլում, որ տեսնում եմ էդ ամենը, հիասթափվում եմ իրանցից, հասկանում եմ, որ մենք նույն բանն ենք անում կովերի, խոզերի, ոչխարների, հավերի ու այլ սնեց ասած ուտելի անասունների հետ, բայց կատուները… Մենք իրանց չենք ուտում, բայց իրանք մկներ են ուտում: Նայում եմ, զզվում եմ. բերում են, գցում են տուն, խաղում են, երբեմն սատկում ա, մնում ա մեբելի տակ, ընկնում ման եմ գալիս… Ուֆ,ուֆ… Լավ բան են փիսոները բայց…. Իմ փիսոներն են, հանուն որոնց ես տանից դուրս եմ գալիս՝ անփույթ կատվի մազերը վրես… Թքած…
Ատամներս որ քցեցի, առաջին անգամ վատ չէր, ծառայեց ինչքան իրա վախտն էր՝ յոթ տարի: Հետո փոխեցի՝ Հովոն արեց: Հովոն մասիվում էր նստում կաբինետը վախենալու էր. առաջին անգամ որ գնացի, սովետի հոտ էր գալիս, բայց ինքը կայֆն էր: Ու կայֆ էլ քցեց: Նենց քցեց, որ երկորդ անգամ գնացի մոտը, երբ որ ատամիս հետ մոստը ուզում էր դուս գա: Գնացի, հանեցին ահավոր զզվելի ձեւ, մի ռուս կին էր՝ սադիստ հավանաբար: Տանջեց ինձ ու չկարաց հանի, հետո գնացի քաղաք, մեկի մոտ թանկ հանեցի: Ըտեղից սկսեցի թունդ խմել, որտեւ սաղ լնդոսկրերս ջարդել էր ռուս կինը: Ոչ մի բան չէր օգնում: Համ էլ ահավոր դժբախտ էի էդ ընթացքը՝ շատ բարդ ընթացք էր, անհաջող սիրածների շարան, չորսը մի տարվա կտրվածքով, ու էդ պահին եկել հասել ու երկու սիրած ունեի, մեկը՝ առկան, որը իսկական սիրած չէր ու պիտի պրծներ, մյուսն էլ՝ ապագան, որը էլի իսկական սիրած չէր ու չէր կարա լինի, ու ես, իմանալով էդ մասին, գնում էի դեպի նույնը: Ինչի՞: Որտեւ ուրիշ բան չկար: Ու էդ հալին ես մնացի միկողմանի անատամ ու ահավոր դժբախտ: Ոնց որ Լուսն ա ասում, մյուս Լուսը, իմ Լուսը՝ ինքնախարազանումների, ինքնախոշտանգումների մեջ ընկած էի, ու էդ հալիս մենակ խմելն էր ինձ հետ պահում մեռնելուս ցանկությանը հագուրդ տալուց՝ որ ոչ մեկին իսկականից պետք չեմ, դրա համար: Դա 2008 թվի նոր տարուց հետո էր: Որից հետո սկսվեց իմ արդիական կյանքը, որի մեջ էլ ես կայացա, բայց միայն խմելս թարգելուց հետո: 2008-ից մինչեւ 2014 ես կորցրեցի իմ ողջ վերեւի ատամնաշարը ու վերջում՝ հիմա հայելուց ինձ ա նայում իմ մանուկ մաշված կրկնօրինակը, ու ես հասկանում եմ, որ ամեն ինչ կաղապար ա:
Մազերս էլ էր կաղապար: Քաչալացա առաջին անգամ, երբ որ սկսեցի բուժել հեպատիտս, ու մազերս սկսեցին թափվել բուռ բուռ: Հայաստանում երբեք չէի պատկերացնի որ կարամ լինեմ քաչալ: Կգժվեի, որտեւ անատամ եղել էի… Հիմա, ստեղ, էս կյանքում, ես ուրախ էի ազատվել էդ կաղապարից, որ ինձ ստիպում էր իմ անկանոն կյանքի մեջ հիշել սանրի կամ ֆենի մասին, նայել թե ոնցա ընկած ճակատիս մազափունջը, դարձնել ինձ ռեպրեզենտատիվ, տավառնի վիդ տալ…. Մանկացա, ազատվեցի իմ խուճուճներից, որ արդեն իմ տեղն էին գրավում, ու եղա մորեմերկ գանգով: Ոչինչ՝ կերվավ:
Անատամ էլ կերվավ: Կամ էլ ստեղի մարդիկ են շատ տակտով ու շնորքին, որտեւ ես ինձ ամեն տեղ մարդ եմ զգացել, թող անատամ՝ բայց հարգելի մարդ, նույնիսկ ասում էին թե չի զգացվում, բայց կարծում եմ ասել են որ ինձ վատ չզգամ…
Սենց… Անկապ, չգիտեմ ինչի, ատամների, մազերի, լիֆերի ու մնացած ամեն ինչի մասին, որ երկար գրեցի սկզբում:
Ատամնահատիկից մինչեւ ատամնաթափում՝ մարդկության պատմությունը: Ատամանահատիկից հետո սկսում ենք ապրել, բայց ատամնաթափումից հետո կյանքը չի ավարտվում, այլ նոր սկսվում ա: Քանի որ մարմինը, որ մենք կրում ենք, նույն ձեւի ժամանակավոր հագուստ ա, ոնց որ ատամները, մազերը եւ այլն…
Էս ամենը ինձ դրդեց մտածել, որ կորցնել կարողանալ կարելի ա սովորել, եթե ընդունես, որ ոչինչ քոնը չի, քանի որ չես կարող ոչինչ ունենալ հավերժ՝ ոչ սեր, ոչ մարմին, ոչ մազ, ոչ ատամ, ոչ մի բան…
Ու էդ վախտ դու ազատագրվում ես, երբ ընդունում ու սիրում ես քեզ անմազ ու անատամ, ոնց որ ծնվել ես: մնում ա մեկն էլ սիրի քեզ տենց գոնե:
Հ.Գ. մկանը փորձեցի փրկել, արդեն մորթել էին, կարողացա մենակ պոկեմ ձեռներից, կապեմ տոպրակի մեջ ու դեն գցեմ: ինչ անես՝ կենդանի են, ապրում են ազատ ու անկաշկանդ՝ ըստ բնության օրենքների. այ իրանց մեկ ա՝ դեմը անատամ ա, թե անմազ ա: