Փակ սահմանի անցուդարձը
Հայերի ու թուրքերի միջեւ գոյություն ունեցող հարյուրամյա պաշտոնական ու համառ լռության խորքերից ոչ պաշտոնական շշուկներ են հնչում, որոնց վերջապես ականջալուր լինելու համար հայերն ու թուրքերը որոշել են մարդկային շփումներ կազմակերպել: Ավելի ստույգ` այդ շփումները կազմակերպում է Եվրոպական Միությունը, որոնցից մեկն էլ Հայաստանում հայտնի ու ազդեցիկ` Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի ծրագրով հայ եւ թուրք լրագրողների ու բլոգերների ավտոբուսային շրջագայությունն էր Արեւմտյան Թուրքիայում ու հետսովետական Հայաստանում, 2014-ի հոկտեմբերին:
Գաղափարն այն էր, որ հայ լրագրողներն իրենց գործընկերների ուղեկցությամբ այցելեն Թուրքիայի այն հատվածը, որն, ըստ ծրագրի հեղինակների` այնքան էլ կապ չունի հայկականության հետ, այլ հզոր երկրի հատկապես զարգացած հատվածն է, որը հյուրընկալ է, շփման համար բաց եւ հեռանկարային:
Մեր ճամփորդությունը սկսվեց Երեւանի միջազգային օդանավակայանից` Երեւան-Ստամբուլ չվերթով: Հենց այստեղ է հասկանալի դառնում, որ հայ-թուրքական հարաբերությունները հնարավորինս վատթարացնելու նպատակով գլոբալ քաղաքականության ասպարեզում ջանք թափողներն, ընդամենը շարքային քաղաքացիների կաշին քերթելու տարրական հնարք են բանեցնում: Ու սկսում ես մտածել, որ Հայաստան-Թուրքիա սահմանը փակ է, որովհետեւ օդային ճանապարհն է խոշոր եկամուտի աղբյուրը: Չէ՞ որ ցամաքային ճանապարհով Հայաստանից- Թուրքիա, այնտեղից էլ դեպի Եվրոպա անցնելու հնարավորությունը ձեռնտու կլիներ շարքային քաղաքացիներին, իսկ ահա կղզիացած, փոքրիկ երկրից դուրս գալու միակ ճանապարհը օդայինը թողնելով, մասնավոր ավիաընկերություններն ուղեւորներին «օդում թափ տալու» միջոցով գործի են գցել միլիոններ գռփելու հիանալի ու անխափան մեխանիզմ: Այդ մեխանիզմը հայ-թուրքական ոչ պաշտոնական կապերի շրջանակում կրում է «nothing personal, it’s business» ունիվերսալ սկզբունքը, որն ազատ է կյանքի այլ իրավիճակներում գործող լալահառաչ հայրենասիրությունից, թրքատյատությունից, հայատյացությունից եւ մարդկանց վերահսկողության տակ պահելու նպատակ հետապնդող այլ «սկզբունքային ու թեւավոր» արտահայտությունների ազդեցությունից:
Գնալն էլի ոչինչ, որովհետեւ նոր ես ճամփա ընկնում ու աներեւակայելի ձգողականություն ունեցող Ստամբուլի մասին մտքերդ շեղում են Երեւան-Ստամբուլ չվերթի գրանցասեղանի մոտ գոյացած հերթի մեջ իրար ոտքեր տրորող հասարակության առանձին անդամների գրոտեսկային կերպարներից, բայց ետդարձի տեսարանն ուղղակի սրտակեղեք է: Երեւան-Ստամբուլ-Երեւան չվերթն իրականացնող Atlasjet ընկերության հնամաշ ու, սպասարկման ցածրորակ մակարդակով ինքնաթիռի ուղեւորները Թուրքիայից տուն եկող այն հայերն են, որոնք Հայաստանում պաշտոնապես թշնամական հայտարարված ու պաշտոնական շրջանակների քաղաքական շահը սպասարկող հասարակության առանձին խմբերի կողմից ատելի հայտարարված երկրում իրենց հանապազորյա հացն են վաստակում: Դրանք հիմնականում մանր առեւտրականներ են, միջին բիզնեսի ոլորտի գործարարներ, բայց մեծամասամբ` համբալներ. թուրքերի տներում աշխատող սպասուհիներ, ծերերի ու հիվանդների խնամքով զբաղվող միջին ու միջինից բարձր տարիքի կանայք, որպես կանոն, Հայաստանի շրջաններից ու Ղարաբաղից: Ինքնաթիռում տեղավորվելիս այդ մարդիկ մի տեսակ ատելությամբ ու չարությամբ էին լցված շրջապատի նկատմամբ. վերնազգեստների ու ձեռքի ճամպրուկների համար նախատեսված տեղերը բառացիորեն նվաճում էին, խեթելով ու բոթելով բոլորին անխտիր: Հետո երբ հանդարտվել էին, նկատվեց, որ ընկղմվել են տանջող մտքերի հորձանուտն ու վերացել ինքնաթիռից:
Ամրագոտիներով տեղներին գամված, մտասեւեռված ու տանջված դեմքերով հայ կանանց ու տղամարդկանց մեջ անհնար էր չնկատել փարթամ բարեմասնություններով, պլպլան, կամ ինչպես իրենք են ասում` փուլերով զարդարված շորերով, ոսկեզոծ դետալներով մեծ պայուսակներով, ժամանակից մի քիչ շուտ ճերմակած մազերը քողարկելու նպատակով դրանք գունաթափած, որ ուշ-ուշ էլ ներկեն, շատ աչքի չզարնվի, հոգնած, կարմրած աչքերը թունդ ներկած, աջ ու ձախ խոլըրտալով, արհեստական ինքնավստահություն ու մի քիչ էլ լկտիություն ցուցադրող, երեսունը վաղուց անցած երկու ընկերուհիների, որոնց զրույցից. «ախչի, Մեհմետիդ բիզնեսը ո՞նց ա…գիտե՞ս իմ Իսմայիլը էս անգամ ինձ ինչ շիկառնի մատնիք ա նվիրել…հլը նայի~»,- ականջիս հասնող շշուկը ծանր մտքեր էին հուշում Թուրքիան ու Թուրքիայում «դրսեւորվող» հայերին բացահայտելու առաքելությամբ Atlasjet-ի փնթի ինքնաթիռը նստած լրագրողին: Ու փարթամ բարեմասնություններով տիկնանց զրույցի շարունակությունը բացահայտում էր, որ նրանց նման կանայք շատ են, ու որ նրանցից ամեն մեկը մի ջարդված ընտանիքի բեռ է կրում` հիվանդ մոր, ուսանող քրոջ, հոգեկան խնդիր ունեցող եղբոր, ու նրանց խնամքին թողած անչափահաս երեխային կերակրելու համար հասել են Ստամբուլ՝ «թուրքի դռներին մի երկու կոպեկ փող աշխատելու»:
Թուրքիայում արտագնա աշխատանքների գնացած ու անլեգալ կարգավիճակում գտնվող Հայաստանի քաղաքացիներն, առհասարակ, մեծ թիվ են կազմում ու ինչպես մեզ հետ հանդիպման ժամանակ նշեց Ստամբուլում լույս տեսնող «Ագոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը, այդ կատեգորիայի մարդկանց թուրքական կառավարությունը չտեսնելու է տալիս` չի անհանգստացնում, չի վտարում, բացառությամբ այն դեպքերի, երբ ինչ-որ դժբախտ կամ արտակարգ պատահար է տեղի ունենում: Բայց որքան էլ թուրքական կառավարությունը հանդուրժող գտնվի Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, որքան էլ ՀՀ ցանկացած քաղաքացի հնարավորություն ունենա գնելու Atlasjet-ի տոմսն ու ընդամենը 25 ԱՄՆ դոլարով ստանալու երկիր մտնելու թույլտվություն, այնտեղ հայտնված հայն Աստված է կանչում, որ իր հետ ոչ մի արտակարգ բան չպատահի, նույնիսկ գլխացավ, որովհետեւ որպես քաղաքացի, որի անձնագրի վրա գրված է՝ «Անձնագիրը կրողի հովանավորն է Հայաստանի Հանրապետությունը», Թուրքիայում դառնում է առոչինչ: Իսկ մնացած դեպքերում ամեն ինչ կարգին է` կարող ես շրջագայել, առեւտուր անել, ամենուր ասել, որ հայ ես ու հանդիպել գրկաբաց ընդունելության, ժպիտների եւ հարգանքի, բայց անպայման հետեւյալ մեկնաբանությամբ. «Եկեք անցյալը թողնենք անցյալում»: Կարծես այդ նույն նախադասությունը պատվաստած լինեն բոլոր տարիքի ու սեռի թուրքերին` չնչին բացառությամբ:
Գյավուր Իզմիր
Իզմիրը երեւաց առավոտյան, երկնաքեր Wyndham Grand Izmir հյուրանոցի իմ համարի` մինչեւ հատակն ապակեպատ, հսկայական պատուհանից, իր ցնցող գեղեցկությամբ ու մասշտաբով: Սա մեծությամբ Թուրքիայի երրորդ քաղաքն է ու Ստամբուլից հետո երկրորդ նավահանգստային քաղաքը: Իզմիրը կամ անտիկ Զմյուռնիան, լինելով միջերկրական ավազանի ամենահին քաղաքներից մեկը, այսօր ժամանակակից մեգապոլիս է` 4 միլիոն բնակչությամբ: Այստեղ մենք իմացանք, որ Թուրքիայի ազատատենչ եւ ըմբոստ հասարակությունը կենտրոնացած է հենց Իզմիրում, որտեղ կա ոչ միայն բազմահազարանոց ձախական շարժում, այլեւ մեծ քրդական համայնք: Իզմիրում են ծայր առնում բոլոր հակակառավարական բողոքի ցույցերը: Մեր գործընկերները մեզ ասացին, որ հենց այդ պատճառով քաղաքը ստացել է «Գյավուր Իզմիր» անվանումը: Սակայն պիտի նշեմ, որ «Գյավուր Իզմիր» անվանումն ունի շատ ավելի հին` պատմական պատճառներ:
Մինչեւ 20-րդ դարի սկիզբը Զմյուռնիայում ապրել են մեծամասամբ հույներ եւ հայեր, ըստ պաշտոնական տվյալների` 251.507 քրիստոնյա հույներ եւ հայեր, թուրքերի թվաքանակը չի գերազանցել 96 հազարը: Քաղաքում ապրել են հրեաներ եւ այլազգիներ, մոտ 68.322 մարդ, այդ պատճառով էլ Օսմանյան կայսրության Այդին վիլայեթի մայրաքաղաք Զմյուռնիային քաղաքի մուսուլմանները (1864 թվականին) տվել են «Գյավուր Իզմիր» անվանումը, որն այսօր էլ գործածվում է, բայց արդեն այլ իմաստով:
Առաջին համաշխարհային պատերազմից հետո, 1920 թվականին կնքված Սեվրի պայմանագրով Զմյուռնիան կամ Սմիռնան պիտի անցներ Հունաստանի տիրապետության տակ, բայց թուրք ազգայնակաները հրաժարվում են ընդունել պայմանագիրն, ու 1922 թվականի օգոստոսի 26-ին թուրքական բանակը Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ մտնում է Զմյուռնիա, կոտորում բոլոր քրիստոնյաներին ու հրդեհում քաղաքը: Զմյուռնիան ամբողջությամբ վերածվում է մուսուլմանական քաղաքի եւ դառնում թուրքական:
Ժամանակակից Իզմիրն ամբողջությամբ ու հավասարապես է զարգացած: Մտածելով, որ քաղաքի կենտրոնը հատուկ է խնամվում ու պահպանվում տուրիստների համար, որոշեցի ուշադիր լինել արվարձաններով անցնելիս, փնտրելով կենցաղմշակութային ընդհանրություններ. տարբեր գույնի ու ճաշակի նյութերով փակված ու առաջ տված պատշգամբներ, կամ եթե առաջ չտված, գոնե տան անպետք իրերով ու ապակյա տարաներով լցված հին պահարանով, «պոլի փեդ»-ով ու այլ հնոտիքով ծանրաբեռնված, հին նեյլոնե գուլպաների մեջ լցված ձմեռային սոխի կապոցներ` պատերից կախած, կամ 30-նն անց թոռնիկի մանկական սահնակը, որ ժամանակին ЦУМ-ից են առել, հիմա ոչ ЦУМ-ը կա, ոչ թոռնիկն է երկրում, բայց սահնակը մնացել է պատշգամբի պատից կախ, որպես տան պետքական իր: Չէ, բացի ծաղկանոցների վերածված պատշգամբներից ոչինչ այդպես էլ չհայտնաբերեցի: Այնպիսի տպավորություն էր, որ Իզմիրի շենքերն ամեն օր ներկում են, այնքան թարմ ու խնամված տեսք ունեյին դրանք: Ի դեպ, մեր ճամփորդության ողջ ընթացքում, ինչպես մեծ քաղաքներում, այնպես էլ փոքր բնակավայրերում ու անգամ գյուղերում փնթիություն ոչ մի հետք չնկատվեց: Ամենուր տեսանելի էր պետական հոգածություն` աղբահանությունից մինչեւ մայթերի ու ցանկապատերի նորոգում: Ոչ մի տեղ չնկատեցի նաեւ ադմինիստրատիվ ու բնակելի շենքերի տանիքներին ցցված բջջային օպերատորների ալեհավաքներ: Դրանք քաղաքների ու գյուղերի շրջակա բլուրներին ու սարերին ամրացված բարձր աշտարակների վրա էին, ինչպեսեւ հարկն է` բնակչության առողջությանը վնաս չհասցնելու նպատակով: Իսկ եթե բնակավայրը հարթավայրային էր, միեւնույն է, այդ ալեհավաքները շենքերից ու կառույցներից շատ անգամ բարձր աշտարակների վրա էին տեղադրված:
Քաղաքից`քաղաք
Թուրքիայում կան մեռած քաղաքներ ու ապրող` մեծ քաղաքներ: Ապրող քաղաքները սնվում են մեռած քաղաքների երակներից: Մեռած քաղաքներն աննկարագրելի գեղեցիկ են իրենց անշարժության, իրենց փխրունության, իրենց լռության մեջ: Մեռյալ քաղաքներն այցելելու համար պիտի անցնես ապրող քաղաքների միջով, որովհետեւ այնտեղ են տուրիստական կանգառները` հյուրանոցները, սննդի օբյեկտները, առեւտրի կետերը, հանգստի ու զվարճանքի վայրերը: Ապրող քաղաքների միջով անցնող ամենօրյա մարդկային հոսքերը հսկայական գումարներ են ծախսում անցյալին հպանցիկ առնչվելու հնարավորության համար: Հունահռոմեական, բյուզանդական ու անտիկ աշխարհի ժողովուրդների մշակույթի ու պատմության հուշարձանները` որպես ժամանակակից Թուրքիայի ունեցած հարստություն, գալիս են սպառելու Աշխարհի տարբեր երկրներից: Ամենուր շրջում են հատկապես չինացիների ու ճապոնացիների մեծ խմբեր՝ զինված գերժամանակակից, համարյա միկրոտեխնիկայով, որոնք ամրացված են երկար ձողերի վրա ու որոնց միջոցով ամեն անկյունում նրան իրենք իրենց անընդհատ լուսանկարում ու տեսաձայնագրում են, եւ դա կոչվում է selfy: Մեռյալ քաղաքներից դեպի ապրող քաղաքները տանող ճանապարհներն այնքան հարմարավետ ու հրապուրիչ են, որ անվերջ ճամփորդելու ցանկություն են առաջացնում: Ապրողները մեռյալ քաղաքների ճանապարհների երկայնքով շարված իրենց թեյարաններում, ռեստորաններում ու առեւտրի կետերում, ինչպես նաեւ քաղաքների դարպասների մոտ համբերատար ու բարեհամբույր դիմավորում են այցելուներին ու ամեն ինչ անում, որ նրանք գոհ ու երջանիկ հեռանան: Արեւելքի մարդիկ բնատուր տաղանդ ունեն հյուրերին գոհացնելու, ու մեռյալ քաղաքների երակներից սնվող մեծ քաղաքներում ապրող թուրքերը մեծ վարպետությամբ են հյուրընկալում աշխարհի մարդկանց ու մեծ զեղչեր են անում իրենց ապրանքը նրանց վաճառելիս: Այդ պատճառով էլ ամեն մի այցելու իր հետ իր երկիրն է տանում այդ հյուրընկալության ջերմությունն ու տարածում Թուրքիայի նշանի տակ:
Ի տարբերություն մեռյալ քաղաքների, որոնք թվագրվում են անտիկ դարաշրջաններից ու կրում են հին աշխարհի չքնաղ ու յուրօրինակ ճարտարապետության, մշակույթի ու ոճերի քարացած դրոշմները, ապրողների մեծ քաղաքներն ուսումնասիրելիս նկատում ես, որ դրանք հայտնվել են դատարկ տեղերում, միանգամից, սնկի պես: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կազմակերպված Օսմանյան կայսրությունը` մինչեւ աշխարհում տեղի ունեցող հանրույթների վերաիմաստավորման շրջանը, մինչեւ ծաղիկների ու մշակութային հեղափոխությունների 70-ականներ, ըստ էության, զբաղված է եղել դարասկզբին միլիոնների հեղած արյունն իր դեմքից, իր ձեռքերից, իր վրայից մաքրելու եւ դիակները թաքցնելու ու միլիոնավոր սպանվածների եւ բռնի տեղահանվածների բանկային հաշիվները, շարժական ու անշարժ գույքը յուրացնելու գործով: Իսկ դրանից հետո արդեն հայտնվել են թուրք վաթանդաշների համար խնամքով ու պատասխանատվությամբ կառուցված մեծ քաղաքների կոկիկ թաղամասերի տիպային շենքերը, փողոցները, հյուրանոցներն ու դեպի մեռյալ քաղաքները տանող զարգացած ենթակառուցվածքները:
Թուրքերը մեծ պատասխանատվությամբ ու սիրով են կառուցում ու խնամում իրենց երկիրը: Քաղաքից քաղաք տանող ճանապարհներին լանդշաֆտը ձեռակերտ է: Աչքերիս չէի հավատում, չէի պատկերացնում, որ քարքարոտ զառիթափերին, բլուրներին ու նույնիսկ քարափներին աճող, հազարավոր հեկտար մակերեսներ ունեցող եղեւնուտներն ու ձիթապտղի պուրակները կարող են կանաչապտման արդյունք լինել, քանի որ շատ կոնկրետ շարքերով էին աճում, մինչեւ չտեսա, որ այդ բլուրների վրա փոքրիկ, ամենագնաց տրակտորներ են աշխատում` ծառերի համար փոսեր են փորում:
Շշնջացող ավերակներ
Ժամանակակից Թուրքիան Արեւմուտքից կառուցված է հունահռոմեական, Արեւելքից` հայկական մշակույթի ոսկյա հիմքերի վրա եւ ըստ էության արտահայտում է գլոբալ քաղաքականության ֆիզիկական քարտեզը: Զարգացած ենթակառուցվածքներով, գեղեցիկ ու հզոր Թուրքիան Արեւմուտքում է, որտեղից եվրոպական քաղաքակրթության շունչն է տարածվում` անտիկ ժամանակներից մինչեւ ժամանակակից ՆԱՏՕ-ի անվտանգության սահմանները: Այդ շորշոփը հստակ տեսանելի է դառնում, երբ շրջագայում ես Թուրքիայի Արեւմտյան հատվածում, որտեղ, հատկապես հունահռոմեական մշակույթն ունենալով Արեւմտյան քաղաքական ուղղության երաշխիքը, խնամքով է պահպանվում ու չի ոչնչացվում, չի յուրացվում կամ քողարկվում: Հակառակը`հպարտությամբ ներկայացվում է որպես այսօրվա Թուրքիայի մշակութային արժեք ու հսկայական եկամուտ է բերում երկրին, լինելով համաշխարհային տուրիզմի առանցքային գոտիներից մեկը: Հողի հաստ շերտերի տակից պեղած ու բնության միջամտությամբ պահպանված անտիկ քաղաքները` Եփեսոս, Կապադոկիա, Փամուկկալե (Իերապոլիս) որոնք այցելուների աչքերի առաջ հառնում են իբրեւ անցյալից երեւացող պատրանքներ, պահպանվում են աչքի լույսի պես` ամեն քարը մի առանձնահատուկ խնամքով է շրջապատված ու ամենուր տվյալ մշակութային հուշարձանի մասին պատմող հուշատախտակ կա հունարեն, անգլերեն, թուրքերեն եւ գերմաներեն լեզուներով: Բայց մինչ ժամանակակից Թուրքիայի իշխանությունները կհասնեին քաղաքակրթության եւ երկրի մշակութային ժառանգության օգտակարության գործակիցը հասկանալու ներկա աստիճանին, խաշնարած ու վայրագ ցեղերի բնավորությունը հասցրել էր ոչ միայն նկատելի ավերածություններ հարուցել, այլեւ յուրացնել ու ձեւախեղել որոշ հուշարձաններ: Վերակառուցված Անկարայի ամրոցի պատերի մեջ, օրինակ, լատիներեն եւ հուներեն գրություններով սրբատաշ քարեր ու զարդանախշերով ինչ-որ շինությունների առանձին դետալներ ու քանդակներ կային` որպես սովորական քարեր թարս ու շիտակ տեղադրված պարսպի պատերի մեջ: Կեսարներից հալածված քրիստոնյաների հսկայական ժայռաքաղաքում (Կապադոկիա, նշանակում է Գեղեցիկ ձիերի երկիր, պատմական երկրամաս Փոքր Ասիայի արևելքում) վիմափոր եկեղեցիների պատերին արված գրեթե բոլոր սրբապատկերների աչքերը փորած էին, դեմքներն այլանդակած, բացառությամբ մեկ-երկու ժայռափոր եկեղեցիների որմնանկարների, որոնք, ըստ երեւույթին, ավելի ուշ են հայտնաբերվել: Սակայն այսօր ժայռափոր այդ հրաշքը գտնվում է ոչ միայն ՅՈՒՆԵՍԿՈ-ի, այլեւ Թուրքիայի իշխանությունների ուշադրության եւ խնամքի ներքո: Ի դեպ, Կապադոկիայում, բացի հույներից, ապրել եւ ուսանել են բազմաթիվ այլազգի քրիստոնյաներ, որոնք քրիստոնեությունը տարածել են աշխարհով մեկ: Ըստ լեգենդի, Գրիգոր Լուսավորիչը նունպես ուսանել եւ ճգնել է Կապադոկիայում եւ այնտեղից է քրիստոնեական ուսմունքը բերել արեւելյան Հայաստան:
Ոքան էլ ծրագրով նախատեսված լիներ մեզ ներկայացնելու հայկականության հետ կապ չունեցող Թուրքիան, հայկական հետքն, այնուամենայնիվ, շատ թույլ, բայց նշմարվում էր: Բայց ի տարբերություն հունահռոմեական մշակույթի կոթողների, այդ հատվածի հայկական կոթողները նույնպես ուշադրության կենտրոնում չէին, եթե չասենք` քողարկված: Օրինակ` Լեւոնի ամրոցը, որը մեզ ներկայացրին իբրեւ «Իլան կալե» (Օձերի ամրոց): Ամրոցն իշխում էր պատմական Կիլիկիայի հարթավայրային հատվածի վրա` անառիկ բարձունքից: Եթե մեր այցելած Կապադոկիան, Եփեսոսը կամ Փամուկկալեն տուրիստական հոսքերի «մետաքսե ճանապարհին» էին` խնամված ու պահպանվող, հատուկ կառուցված տախտակամած արահետներով, որ ամեն մի անկյունը հասանելի ու տեսանելի լինի այցելուին, ապա «Իլան կալեն» լքված էր: Ոչ ոք չգիտեր, թե ինչո՞ւ է ամրոցը կոչվում հենց օձերի, չգիտեր, առհասարակ, թե ի՞նչ ամրոց է: Մենք հազիվ հաղթահարեցինք դեպի ամրոցի դուռը տանող բարձունքը, բայց ներս չմտանք, քանի որ դարպասը փայտե տախտակներով մեխված էր: Ինչպես մյուս վայրերում, այստեղ էլ էր ամրոցի վրա ծածանվում թուրքական դրոշը: Մեր թուրք գործընկերները քաղաքավարի լսեցին մեր պատմությունն առ այն, որ ամրոցը պատկանել է Կիլիկիայի հայկական թագավորներին, որ այս տեղանքը հայտնի է նաև որպես Կիլիկյան Հայաստան կամ Փոքր Հայք, որը եղել է միջնադարյան հայկական անկախ պետություն, որը ստեղծել են սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով Կիլիկիա գաղթած հայերը, որր, գտնվելով Մեծ Հայքից դուրս, զբաղեցնում էր պատմական Կիլիկիա շրջանը։
Սելֆիների եւ ընկերախմբով ու մենակ լուսանկարվելու` ժամանակակից տուրիստական ծեսին զուգահեռ, ես իմ կողքին հայտնված մեր թուրք գործընկերներից յուրաքանչյուրին փորձում էի հասցնել, որ 1080 թվականին Կիլիկյան իշխանության հիմքը դրել են Բագրատունիների շառավիղը հանդիսացող Ռուբինյանները, որ մայրաքաղաքը սկզբնապես Տարսոնն է եղել, հետագայում Ադանան եւ ի վերջո Սիսը, որ Լևոն Գ-ին հաջորդել է որդին՝ Հեթում Բ-ն, որը 1281 թվականին Հոմսի Երկրորդ ճակատամարտում մամլուքներից կրած պարտությունից հետո ստիպված է եղել հաշտություն կնքել, որ 1285-ին բազմաթիվ ամրոցներ եւ բերդեր անցել են մամլուքներին, միգուցե նաեւ այս մի բերդը, որ հայերին դեռ այն ժամանակ արգելվում էր վերանորոգել ավերված բերդերը: Ու ամեն անգամ, իմ ամեն պատմությունից հետո երբ լսում էի նույն` «ա~, հետաքրքիր է, ես չգիտեի»-ն, ինձ թվում էր, թե թուրքերն ինձ ձեռ են առնում, բայց այնքան քաղաքավարի են, որ ես չեմ կարողանում հաստատել իմ այդ զգացողությունը: Հետո մտածում էի` բայց չէ՞ որ այս երկրում գործում է մի այնպիսի հզոր պետական մեքենա, որն իր քաղաքացիների ուղեղներն իսկապես վերահսկում է, այնտեղից մաքրած լինելով հայկական հարցն ու հայ հասկացությունն առհասարակ, էլ ուր մնաց` պատմությունը: Եվ միայն մասնավոր շփումների շրջանակում է հնարավոր դառնում մարդկային հարաբերությունը, որը շատ դեպքերում վեր է ածվում մտերմության կամ ընկերության, բայց պիտի ասեմ` շատ նուրբ ու խոցելի հեռանկարով:
Եթե մեր թուրքիացի գործընկերներն, օրինակ, ինչպես իրենք էին խոստովանում` տեղյակ չէին որ Իզմիրը պատմական Զմյուռնիան է, որտեղ հայերը հույներից հետո երկրորդ մեծ համայնքն են ներկայացրել, ապա մենք` մեր շրջագայության ողջ ընթացքում դպրոցական դասագրքերից մեր զգայարանները ցավացնող հիշողությունն էինք փորձում քողարկել՝ որոշած, որ քաղաքավարի ու արժանապատիվ լինենք, դեպի ապագան միտված հայացքով ու տրամադրությամբ:
Ադանայում, սակայն, չդիմացանք, որովհետեւ կանգ առանք քաղաքի հայկական` աղջկանաց վարժարանից քիչ հեռու: Հայաստանից մեզ ուղեկցող` տուրիստական գործակալության ներկայացուցիչները տեղեկացրին, որ գտնվում ենք հին հայկական թաղամասում: Չգիտեմ մեր խմբի անդամներն ինչպես, ես շատ վատ զգացի: Չնայած քաղաքի հանդարտ ու կոկիկ տեսքին, շունչս սկսեց կտրվել: Ես չգիտեմ, թե ի՞նչ հիշողություն եւ կամ մթնոլորտում առկա ի՞նչ անտեսանելի էներգիա է ուղեկցում հայ մարդուն, որ կոտորածների տեղերում իր բոլոր բջջիջներով մի անասելի ցավ է զգում: «Դու գիտե՞ս, որ այստեղ հայեր են ապրել»,- հարցնում եմ թուրք լրագրողին` բարեկիրթ, չափազանց զուսպ ու քաղաքավարի մի երիտասարդի, ազգանունը` Հայաթսեվեր, որ իմ իմացած ադրբեջաներենից թարգմանաբար նշանակում է հայրենասեր: Իմ ջարդած, ու այդ պահի հուզմունքից ամբողջությամբ խեղճացած անգլերենով փորձում եմ հասկացնել` սա Կիլիկյան Հայաստանն է, պատմական Կիլիկիան, այստեղ Աբդուլ Համիդը հայերի ջարդեր է կազմակերպել դեռեւս 1890-ին, հետո կոտորածներ են եղել 1909-ին, Ադանայում ու ամբողջ վիլայեթում կոտորել են ավելի քան 30 հազար հայերի… Ու թիվը նորից կրկնում եմ, ուշադիր նայում դեմքին, որ տեսնեմ` հասկացա՞վ:
Հայաթսեվերն ասաց, որ հասկանում է ինձ, ասաց, որ շատ ցավալի է, ասաց, որ իրենք չգիտեն այդ մասին, ասաց, որ պատմությունը մութ է ու պետք է ուսումնասիրել եւ առաջ անցավ: Երբ հավասարվեցի Օսմանին, որը մինչ այդ Հուստինիանոսի կամրջի վրա կանգնած` վիճում էր մեր խմբի անդամներից մեկի հետ, փորձելով ապացուցել, որ դաշնակներն են հրահրել ընդհարումները եւ որ հայերն են մեղավոր կատարվածի մեջ, հարցրի նրան` դու գիտե՞ս, Օսման, որ այս կամրջից հազարավոր հայ երեխաների ու կանանց են շպրտել Սարոս գետը: Օսմանը` նույնպես կրթված, զուսպ ու կենտրոնացած երիտասարդ լրագրող «Today Zaman» թերթից, կրկին վկայակոչեց պատմությունը, իրենց պատմությունը, նշելով, որ պատմական անցքերը սխալ ենք մեկնաբանում: Հետո իհարկե, մեր շրջագայության հայկական հատվածում, երբ նրանք կայցելեն Երեւանում գործող հայերի ցեղասպանության թանգարանը, մեզ հետ զրույցներում կխոստովանեն, որ ցեղասպանություն է եղել ու նույնիսկ Օսմանն իր հոդվածում կօգտագործի «ցեղասպանություն» բառը: Ու ես այդպես էլ չեմ հասկանա, թե ինչո՞ւ ուղիղ հարյուր տարի անց, մենք դեռ պիտի ապացուցենք աշխարհին ու թուրքերին, որ հարյուր տարի առաջ հայերի մեծ կոտորած է եղել ու կուրախանանք, երբ մի, կամ մի քանի թուրք մի կերպ համոզվելով կասեն. «Հա, եղել է…կներեք…»: Իսկ մինչ այդ, Ադանայում, Հուստինիանոսի կամրջի վրա կանգնած, ես մտածում էի` մի՞թե մեր հարաբերությունները դահճի ու զոհի հարաբերություններ են, հոգեբանական փոխհարաբերության մի վիճակ, որը հաղթահարելու համար երկու երկրներում որեւէ ջանք չի գործադրվում, որեւէ մասնագիտացված ինստիտուցիա չի գործում: Ավելին` Հայաստանում ամեն ինչ արվում է, որ սերունդը բառացիորեն կրի ցեղասպանության ենթարկվածի բոլոր զգացմունքները՝ դրանից բխող սոցիալհոգեբանական բոլոր բացասական հետեւանքներով: Թուրքիայում` որ սերունդներն իրենց ինքնավստահ զգան, ոչինչ չիմանան, իսկ իմանալու դեպքում էլ իմանան, թե հայերն են մարդասպան ու կոտորել են թուրք ժողովրդին, բայց իրենք իրենց այդպես էլ չհարցնեն` այդ դեպքում ո՞ւր են նրանք, ինչո՞ւ են անհետացել, մի՞թե մարդասպան ժողովուրդն է անհետանում, իսկ սպանվողը` շատանում: Երկու դեպքում էլ արդյունքն ատելությունն է, որն առօրյա հարաբերություններում (եթե հայ-թուրքական անլեգալ, ոչ պաշտոնական շփումները կարելի է հարաբերություններ անվանել) ճնշվում ու գիտակցությունից դեպի ենթագիտակցություն է դուրս մղվում, բայց ցանկացած պահի կարող է սրվել, եթե լինեն համապատասխան ազդակներ, եթե լինի պետական պահանջ:
Մինչ ես մոլորվել էի Հուստինիանոսի կամրջի մոտակայքում, թուրք լրագրողները հայ լրագրողներին օգնում էին փողոցում հարցումներ անել` թարգմանում էին: Իմ գործընկերները պատմեցին, որ բոլորը խուսափում էին ուղղակի հարցից` այստեղ հայեր ապրե՞լ են: Տարեցները խուսանավել են՝ կմկմալով, թե լսել են իրենց ծնողներից, որ Ադանայում հայեր ապրել են, բայց պատերազմից հետո հեռացել են, չմոռանալով շեշտել, որ այդ ընթացքում էլ կոտորել են թուրքերին: Երիտասարդներն ընդհանրապես միաբերան ասել են, որ չեն լսել, չգիտեն ոչինչ: Իսկ հայկական աղջկանաց վարժարանն, այնուամենայնիվ, կանգուն էր ու պահպանվում էր պետության կողմից, միայն թե, որպես թանգարան, որի վրա կրկին ծածանվում էր Թուրքիայի դրոշը, իսկ ներսում փակցված էր Աթաթուրքի դիմանակարը: Ի դեպ, Աթաթուրքի դիմանկարը, արձաններն ու բարելիեֆ քանդակներն ամենուր են, Թուրքիայի բոլոր մեծ ու փոքր քաղաքներում եւ գյուղերում, ադմինիստրատիվ բոլոր շենքերի բոլոր գրասենյակներում, շենքերի վրա, հրապարակներում, կենտրոնական փողոցներում, մի խոսքով, ամեն քայլափոխի, ինչպես ժամանակին Լենինը` ԽՍՀՄ-ում:
Նվաճած դրախտավայրեր
Ծովից-ծով Թուրքիայի հարավարեւմտյան ափը դրախտավայր է, շատ նման հին Հունաստանի առասպելներում նկարագրված վայրերին ու միջավայրերին, որտեղ հերոսներ են ծնվել, աստվածներ ու աստվածուհիներ են այցելել մահկանացուներին, եւ լեգենդներ են հյուսվել: Անգամ նորակառույց հյուրանոցներն էին անտիկ աշխարհի մշակույթի ոճով, որովհետեւ ժամանակակից Թուրքիան, որի բնակչության նախահայրը կամ նախահայրերը մի հարյուր տարվա վաղեմության պատմական դեմքեր են` «կարակոյունլու» եւ «աղկոյունլու» խաշնարած ցեղերի առաջնորդներ, որեւէ մշակույթ կամ ոճ չեն ունեցել: Իսկ ահա նրանց ժամանակից ժառանգները կատարելապես են տիրապետում հին աշխարհի հիմքերի վրա կառուցած արդի գործարարության ու հատկապես տուրիզմի զարգացման բոլոր կանոններին եւ նրբություններին: Նույնիսկ կարծիքներ կան, որ Թուրքիայի սպասարկման ձեւը լավագույնն է աշխարհում, քանի որ արեւմտյան խստապահանջ բարքի ու արեւելյան հյուրընկալության համադրությունն է: Ավտոբուսային շրջագայության մեր ճանապարհին թուրքական հանգստյան գոտիներից առաջին քաղաքը Ֆեթհիյեն էր: Այն հիմնվել է Մենդոս Սարի լանջին գտնվող անտիկ Թելեմեսոս քաղաքի տեղում, որը հայտնի է եղել Ապոլոն աստծուն նվիրված տաճարներով եւ համարվել է գուշակների քաղաք: Մինչ օրս պահպանվել են հռոմեկան ամֆիթատրոնը, Հռոդոսի ասպետ Սուրբ Հովհաննեսի կառուցած միջնադարյան ամրոցի փլատակները` Մինդոս սարի գագաթին, մեր թվարկության չորրոդ դարի վիմափոր դամբարաններ, որոնցից ամենախոշորը քաղաքի պատվելի բնակիչ Ամինթասի դամբարանն է: Քաղաքում կա պատմության թանգարան, որտեղ ցուցադրված են վաղ լիկկիացիների, հույների, հռոմեացիների, բյուզանդացիների, պարսիկների եւ օսմանների մշակույթի ու կենցաղի նմուշներ: Քաղաքը Ֆեթհիյե անունը ստացել է 1914-ին, տեղում զոհված զինվորական ինքնաթիռի օդաչու Ֆեթիհ բեյի պատվին: Ֆեթհիյեն այսօր գտնվում է ՅՈՒՆԵՍԿO-ի հովանավորության տակ:
Ուշ երեկո էր, երբ հասանք «Լեթունիա» հյուրանոցը, որը տեղակայված էր մի քանի հեկտար տարածություն զբաղեցնող թերակղզու վրա, բյուրեղյա մաքրությամբ Օլուդենիզի կամ Կապույտ ծովածոցի ափին: Չնայած ուշ ժամին, տարածքն այնպես էր լուսավորված, կարծես հեքիաթային աշխարհ լիներ, թաղված արեւադարձային ծաղկած ծառերի ու ծաղիկների մեջ: Սեզոնը մեռյալ էր համարվում, բայց հյուրանոցում հանգստացողների քչություն չէր նկատվում: Հոկտեմբերի երկրորդ կեսն էր` եղանակը մեղմ էր ու տաք, ջրի ջերմաստիծանը` +22 +26:
Հաջորդ օրը Ֆեթհիյեի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ, պարոն Ակիֆ Արըջի ու նրա աշխատակազմի հետ հանդիպման ընթացքում պետք է տեղեկանայինք, որ Անատոլիայի այս հատվածը հանգստյան էլիտար գոտի է, ու որ այցելուները հիմնականում Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Գերմանիայի, Ավստրիայի եւ Ֆրանսիայի միջին ու բարձր խավի ներկայացուցիչներն են:
Ֆեթհիեյի առեւտրաարդյունաբերական պալատը հիմնադրվել է 1901 թվականին: Ակիֆ Արըջի խոսքերով` հիմնադրել են հույներն ու թուրքերը: Քաղաքում հայեր նույնպես ապրել են, բայց համեմատաբար շատ ավելի քիչ թվաքանակով, քան հույները: Այժմ քաղաքում ոչ հայ կա, ոչ հույն, միայն եթե գալիս են հանգստանալու, իսկ առեւտրաարդյունաբերական պալատում` առավելեւս: Առեւտրաարդյունաբերական պալատն ունի 3400 անդամ, բոլորը` թուրք: Ակիֆ Արըջն աում էր. «Ինչ-որ մի թվականի պալատը վառվել է, ու արխիվները ոչնչացել են»։ Եւ հիմա ոչ ոք չգիտի պալատի հույն հիմնադիրների ու նրանց ունեցվածքի մասին որեւէ տեղեկություն: Որքան հիշում եմ մեր հանդիպման ընթացքում տեղի ունեցած զրույցից, այդ հրդեհը տեղի է ունեցել 1968-ին: Ըստ Ակիֆ Արըջի` Մուղլայի համալսարանում կատարվում են ուսումնասիրություններ «անցյալի փաստաթղթերը վերականգնելու նպատակով», բայց մինչ օրս Ֆեթհիեյի առեւտրաարդյունաբերական պալատի հիմնադիրների ժառանգներից ոչ ոք չի հայտնվել ու չի հետաքրքրվել իր նախնու ունեցվածքով:
Տուրիզմը Ֆեթհիեյում սկսել է զարգանալ 1980-ից ու այս ընթացքում գրանցել է մի այնպիսի արդյունք, ըստ որի` քաղաքի ամեն մի բնակչի կենսամակարդակը բարձրացրել է տասնյակ անգամներ: Քաղաքի բնակչության թիվը կազմում է 181.415 մարդ, որոնք ամեն տարի ընդունում եւ ճանապարհում են մոտավորապես մեկ, մեկուկես միլիոն տուրիստի, աշխարհի եւրոպական հատվածից եւ Ռուսաստանից: Բացի տուրիզմից, Ֆեթհիեն հարակից Մուղլայի շրջանով հանդերձ համարվում է գյուղատնտեսական բարենպաստ գոտի, որը առեւտրաարդյունաբերական պալատի գործունեության ճյուղերից մեկն է: Այստեղից դեպի աշխարհի տարբեր երկրներ են արտահանվում տարեկան 131.542.327 կիլոգրամ միրգ ու բանջարեղեն: Զարգացած է մեղվաբուծությունը: «Հայերն ու թուրքերը ողջ Թուրքիայում եւ այս տարածքում ապրել են միասին: Հույների հետ էլ մի որոշ ժամանակ ապրել ենք այստեղ: Առաջին համաշխարհային պատերազմից հետո նրանք գնացել են այստեղից: Մեր երկրների միջեւ ծագած խնդիրները լուծելի են եւ ես հույս ունեմ, որ սահմանները կբացվեն, ու մեր առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ համագործակցությունը հնարավոր կդառնա»,-մեզ հետ հանդիպման ընթացքում նշեց պարոն Ակիֆ Արըջը: Նա նաեւ շեշտեց, որ անցյալում տեղի ունեցածը պետք է թողնել անցյալում: «Մենք անցյալին քննադատությամբ չենք վերաբերվում, անցյալի խնդիրները պատմաբանների խնդիրներն են, մեր գործը առեւտրային հարաբերություններն են: Եթե մեր գործունեությանն աջակցեն մեր կառավարությունները…Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, ինչ ուղղություն մեզ տալիս է մեր կառավարությունը»,-նշեց Ակիֆ Արըջը:
Ֆեթհիեյի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահի ու նրա աշխատակազմի հետ հանդիպման ընթացքում, մինչ իմ գործընկերները հարցեր էին պարզում, ես չէի կարողանում թոթափել ինձ անհանգստացնող միտքը` ի՞նչ պարադոքս է այս…Օսմանյան կայսրությունը: Մարդկության պատմության մեջ գոյություն ունեցող բոլոր կայսրություններն իրենց տարածքներում ապրող ժողովուրդներին փորձել են ինտեգրել ու համարել են կայսրության լիիրավ քաղաքացիներ, իսկ Օսմանյան կայսրությունը կազմակերպվել է իր տարածքի տեղաբնիկներին բնաջնջելով` մինչեւ վերջին մարդը: Եվ այդ կայսրության քաղաքակրթված, բարեհամբույր ու գիտակ պաշտոնյայի հետ հանդիպման ժամանակ ի՞նչ կարող է մտածել այն ժողովրդի ներկայացուցիչը, որն ուղղակի այդ կայսրության դաժան ու անմարդկային քաղաքականության հետեւանքով բնաջնջված ազգի մի բեկորն է, եւ որն ուղղակի կարծում է, որ այդ կայսրությունը, նախորդների օրինակով` պիտի փլուզվի:
Իսկ կայսրությունը ծաղկում է ու Ֆեթհիեյի առեւտրաարդյունաբերական պալատի տնօրեն պարոն Ակիֆ Արըջի խոսքերով, ամեն տարի հանգստյան սեզոնին իր քաղաք է այցելում մեկ միլիոն երեք հարյուր հազար մարդ: ԵՄ-ից հետո այցելուների թվաքանակով երկրորդ տեղում Ռուսաստանն է: Բայց Ֆեթհիեյի էլիտար հանգստի վայրերից օգտվում են միայն շատ հարուստ ռուսները, իսկ ահա միջին ու ցածր խավը մշտապես այցելում է Անթալիա:
All inclusive- танцуй-танцуй
Մտար հյուրանոցի տարածք, իմացիր, որ ամեն ինչ ձրի է, ավելի ստույգ` all inclusive,այսինքնհյուրանոցի տարածքում գործող սննդի բոլոր օբյեկտների սպասարկումը ներառված է ուղեգրի մեջ: Իսկ վճարը ավելի քան մատչելի է, հատկապես թավշյա սեզոնին ու առավելեւս դրա ավարտին` 500 ԱՄՆ դոլար (մի քիչ ավելի, մի քիչ պակաս) մեկ անձի համար, չորս ու կեսից հինգ աստղանի հյուրանոցներում` յոթ օր: Միանգամից ասեմ, որ ալկոհոլային խմիչքը, ի տարբերություն Թուրքիայի ոչ ծովափնյա քաղաքների հյուրանոցների, ծովափնյա հատվածում ոչ միայն թույլատրված է, այլ ծով է: Տագիլի, Պսկովի ու անծայրածիր Ռուսաստանի բոլոր մանր ու մեծ քաղաքների եւ գյուղերի բնակչության համար Անթալիան պարզապես տասնամյակներով երազած կոմունիզմի դրվագ է` հյուրանոցի տարածքում գործող բոլոր «բարերը», սրճարանները, ռեստորանները, դիսկոտեկները, ճաշարաններն ու սննդի օբյեկտները, որոնք շատ են ու բազմազան, այցելուին սպասարկում են առավոտից մինչեւ ուշ գիշեր:
Majesty Club La Mer հյուրանոցային համալիրում գրանցվելիս հետազոտության տակ հայտնված երամի թռչունի պես թեւիդ ռետինե օղակ են հագցնում, որ հյուրանոցի տարածքում բոլորին ճանաչելի լինես ու որ քեզ սպասարկեն` սուրճ եփեն, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային կոկտեյլներ սարքեն, խմիչքներ եւ ուտելիք մատուցեն: Հյուրանոցը ինտերնետով ուսումնասիրելիս շատ գեղեցիկ ու հարմարավետ է, մակարդակը` հինգ աստղանի: Բայց հենց ներս մտանք, անմիջապես նկատվեց ռուսական ասպատակության հետքը: Քանի որ հյուրանոցի տարածքը շատ մեծ էր ու իմ համարը գտնվում էր երկհարկանի քոթեջների թաղամասում, սպասավորն ինձ ուղեկցեց երկար, ու ճանապարհին անընդհատ հանդիպում էին հարբած ռուսներ` տարեց կանայք ու տղամարդիկ, ջահել աղջիկներ` երիտասարդ, սեւաթույր թրքերի թեւերին ընկած: Սպասավորը ամեն մի նման հանդիպումից հետո նայում էր ինձ ու մեղավոր ժպտալով ասում. «Sorry, it is russian»: Ես ճամփորդությունից այնքան հոգնած էի, որ հազիվ էի ոտքի վրա կանգնում ու աշխատում էի իմ ընդգծված ուշադրությամբ չնեղեմ հյուրընկալ տանտիրոջը: Երբ հասանք իմ քոթեջին ու աստիճաններով պիտի բարձրանայի համար, աստիճանների տակ փսխած էր: Այստեղ արդեն ես դժգոհություն հայտնեցի ու նորից լսեցի. «Sorry, it is Russian», հետո հավաստիացում, որ հենց հիմա կգան ու կմաքրեն: Անմիջապես հասկացա, որ իմ ներքեւի հարկում նույնպես ռուսներ են ապրում: Ընտանիք էր` կին, ամուսին ու աղջիկ երեխա, որովհետեւ սենյակից դուրս էին եկել ու տարածվել` դռան մոտի ծառից մինչեւ բազրիքը թել էին կապել ու վրան փռել օդապարիկի չափ կանացի լողազգեստ, փոքրիկ, վարդագույն լողազգեստ ու ավելի մեծ օդապարիկի չափ տղամարդու «շորթեր»: Տեղում գնած` «Անթալիա» վերտառությամբ մեծ սրբիչը բազրիքին էր փռած, աստիճանի տակ էլ գցած էր երեխայի փրկօղակը` դեղին բադիկ:
Մինչեւ ես դուռը բացեցի, ներս մտա ու ճամպրուկս տեղավորեցի, ներքեւի աստիճանահարթակն արդեն մաքուր էր: Բայց սենյակը~… Թուրքիայում տասնօրյա ճամփորդության ընթացքում առաջին անգամ էի նման տեսարանի հանդիպում, երբ հյուրանոցի սենյակը, այն էլ` չորսուկեսաստղանի հյուրանոցի, այդքան փնթի լիներ: Լույսերը չէին աշխատում, միայն սեղանի լամպը եւ զուգարանի հայելու լամպը, տեղաշորի մեջ երկար մազեր հայտնաբերեցի, լոգարանի անկյուններում` սեւ բորբոս, հատակը նույնպես մաքուր չէր, տեղաշորից տհաճ հոտ էր գալիս, հեռուստացույցի վահանակը չէր աշխատում իսկ սառնարանում անգամ ջուր չկար: Վարթակները նույնպես փչացած էին իսկ մահճակալի երկու կողմերում ամրացված լուսամփոփներից մեկը չկար: Որեւէ երաշխիք չկար, որ այդ համարում մի գիշեր քնելուց հետո որեւէ վարակ չէր քաշվի վրեդ: Լավ էր, հեռախոսն էր աշխատում`Reception-ից մարդ կանչեցի: Հյուրանոցի աշխատակիցը`երիտասարդ մի թուրք, անընդհատ ներողություն էր խնդրում, երբ նրան մատնացույց էի անում համարի հերթական թերությունը, կրկնում էր` «sorry, it is Russian»: Ասում եմ` լավ, ռուսները լկտի են իրենց պահում, հասկացանք, բայց նրանց հետեւից մաքրել է պետք, չէ՞: Հյուրանոցի աշխատողը մեղավոր ժպիտով համաձայնում էր ու ասում, որ չեն հասցնում, քանի որ այցելուները շատ են ու նրանց հետեւից անընդհատ մաքրել է պետք: Լավ, ասում եմ, էս պատի լա՞մպն ինչու չկա ու նորից լսում եմ նույն պատասխանը` «sorry, it is Russian», հետո տեսնելով իմ կլորացած աչքերը, հավելում է` «գողանում են, մադամ»: Մի խոսքով, ռուսները Անթալիայի հյուրանոցների աշխատակիցներին շան օրը գցած`քարշ են տալիս իրենց հետեւից, ու խեղճերը չեն հասցնում մաքրել ամեն քայլափոխի հանդիպող հարբած ռսի փսխածը, ջարդածն ու լրացնել փչացրածն ու գողացածը: Իսկ Majesty Club La Merհյուրանոցի հսկա տարածքում՝ թե շենքերի ներսում եւ թե դրսում, եթե հանկարծ ձեռքիցդ թաշկինակդ էլ ընկներ գետնին, վայրկենական հայտնվում էր մի ժպտադեմ աշխատող ու բարձրացնում: Եվ եթե այն քեզ պետք էր, քեզ էր տալիս, եթե ոչ, տանում էր իր հետ որպես աղբ: Ինչպես բոլոր այցելուներին, ռուսներին էլ են համբերատար ու սրտաբաց ընդունում, որովհետեւ հաճախորդ են ու մեծ հոսքերով են գալիս: Այդ իսկ պատճառով Անթալիայի հյուրանոցների ու ափամերձ առեւտրի կենտրոնների ու սրճարանների գրեթե բոլոր աշխատողները ռուսերեն խոսում էին: Մեր հյուրանոցում կային տարաբնույթ խանութներ ու կրպակներ, որտեղ վաճառվում էին տուրիստին անհրաժեշտ ապրանքներ` ճամպրուկներից մինչեւ լողազգեստներ ու հիգիենայի պարագաներ: Ահա այդ խանութներում աշխատում էին ռուս կանայք: Խանութների վրա ռուսերեն լեզվով փակցված հայտարարություններ ու տարաբնույթ տեղեկություններ կային: Մի կրպակի վրա ձեռագիր գրված էր. «Акция-три купальника за одну цену» ու նման այլ գայթակղեցնող գրառումներ: Բայց ամենատհաճը մարդկային կուտակումների վայրերն էին` ճաշարանն առավոտյան նախաճաշի ժամին ու դիսկոտեկները` երեկոյան:
Սա մեր կանգ առած հյուրանոցներից միակն էր, որտեղ ռուսների մեծ թվաքանակի էինք հանդիպել ու որտեղ նախաճաշի ժամին անտանելի աղմուկ էր: Ռուսական գլուբինկայից էժան ուղեգրերով մեռյալ սեզոնին տաք ադրիատիկայի ափերը հասած ու սպասարկման All inclusive ձեւից հուշտ եղած ռուս հասարակությունը շուրջօրյա էքստազի մեջ էր: Բոլորը գոռգոռում էին իրար հետ հաղորդակցվելիս: Ճաշարանի մի ծայրում նստած իր զուգընկերոջը, ընկերուհուն, թոռանը կամ զավակին ռուս տուրիստը մյուս ծայրից գոռալով է հարցնում թե բլինչիկ կամ ձվածեղ կուտի՞, վերցնի՞:
Հերթ ասվածն այստեղ խիստ պայմանական էր, որովհետեւ եթե, օրինակ՝ կանգնած սպասում ես, որ քո դիմացի ռուսը բութ մատով հատ-հատ մրգերը փոս գցելուց հետո մեկն ընտրի վերջապես, որ տեղ ազատվի, դու էլ մի բան վերցնես, ու լարված հետեւում ես, թե. ո՞ր մի մրգին ձեռք չտվեց, որ հենց դա վերցնես, մեկ էլ երեկվանից լակած, «змей-горынеч»-ի շնչառությամբ մի մուժիկ կարող է ուսով քեզ քսվելով խցկվել եւ ուղիղ դեմքիդ շնչելով ասել. «Կներեք, շտապում եմ, մի հատ օմլետ վերցնեմ, գնամ», ու մինչեւ ուշքի գաս, նոսր վարսերը նախորդ դարի տեխնոլոգիայով`պերմանենտով խիստ գանգրացրած, առավոտլուսո շրթունքները տրամվայի կոնդուկտորի ոճով մուգ ներկած, ինքն իր տարիքից իսպառ հրաժարված, մինի յուբկայով 65-ն անց մի տիկին ուղիղ ականջիդ տակ իր ընկերուհուն ուղղված հոգատարություն կճչա` «Марусь, я тебе тоже возьму аладушки» ու ծծերով քեզ բուլդոզերային հրման կենթարկի, ձեռքով մի երկու բլիթ կվերցնի, ձեթը բլուզիդ կաթացնելով կդնի սինու չափ ափսեյի վրա կուտակած ուտելիքների բլրի գագաթին եւ լաստերը քստքստացնելով կգնա: Հետո մինչ կհասնես ուտելիքին, կտեսնես, որ տվյալ ուտելիքի համար նախատեսված ունելին` կեղծ «adidas» ֆիրմայի սպորտային տաբատով ու անթեւ շապիկով, մերձմոսկովյան Մըտիշչիից մի թոշակառու տղամարդու ձեռքում է, որն ունելին փողքերքին քսելով, մի երկու սկուտեղ այն կողմ կանգնած մտմտում է, թե. հավի տապակայի ո՞ր մի կտորը վերցնի, չնայած որ այդ տապակայի ափսեյի վրա ունելի կա դրված: Բայց ճաշարանից ավելի աղմկաշատ ու մղձավանջային` երեկոյան դիսկոտեկներն էին:
Մեղավոր հայացքով հավաքարարուհին իմ ներկայությամբ փոխել էր տեղաշորս, խոստացել մարդ ուղարկել, որ գոնե մի լամպ ավելացնի իմ խավար համարում ու խոստումն այդպես էլ իրականություն չէր դարձրել, բայց քանի որ. ոչ տրամադրություն ունեի մի երեկոյի լուսավորության համար թուրքական հյուրանոցում էլ պայքարել, ոչ էլ ցանկություն` լույսի տակ նստել-մնալու, որոշել էի շուտ պառկել ու հոգնածությունից աչքս կպել էր, երբ թվաց, թե մղձավանջային երազում եմ լսում. «..Уже зовет, меня в полет, мой дельтаплан, мой дельтаплаааан»… Վալերի Լեոնտեւի ձայնը… Վեր թռա ու դուրս եկա փայտաշեն, կարծես ասեղնագործած պատշգամբը, որի սյուներին աննկարագրելի գեղեցկության ու բույրով ծաղիկներ էին փաթաթված ու լիմոնի ծառը բարձրացել, ճյուղերի հասած, խոշոր պտուղները մեկնել էր դեպի համարի պատուհանը: Բայց ծովի ալիքների ձայնն էլ, քոթեջի կոկիկ այգու ծառերին ոստոստացող շատ սիրունիկ թռչունների ձայներն էլ խլացան ու զրոյացան կողքի դիսկոտեկում տժժացող ռսների «մատպերեմատից»: Այլ ելք չունեի, պիտի գնայի դիսկոտեկ` հեռուստացույցս չէր աշխատում, քնելու փորձերն անիմաստ էին, համարում ի դեպ ինտերնետ կապ չկար, չնայած որ հյուրանոցի կայքում նշված էր, որ կա, լույս էլ չունեի, որ մի բան կարդամ:
Ռուսական «попса»-ն բռնել էր թուրքական ափը` «дискотека -80-х», հարբած տժժում էր նիժնի Տագիլը: «Բարում» խմիչքը ծով էր ու ռուսների տղամարդիկ վաղուց իրենց կանանցից շեղվել, երազանքների գիրկն էին ընկել: Կանայք էլ աչքները չորս արած՝ արտասահմանցի էին կապում: Խորը հետկլիմաքսային տարիքի մի տիկին պատկառելի տարիքի մի գերմանացու էր հասցրել քյանդրել` ոտ-ոտ պարում էին: Ի դեպ` տարվա այդ սեզոնին Majesty Club La Mer-ում գերմանացի տարեց զույգեր էլ կային, որոնք աշխատում էին հնարավորինս հեռու պահել իրենց ռուսական ասպատակության երթուղիներից` ճաշարան գալիս էին շատ վաղ, մինչ երեկվա օր ու գիշերից հարբած ռուսական զանգվածը կարթնանար, ճաշելիս նախընտրում էին զբաղեցնել ճաշարանի բացօթյա հատվածի հեռավոր սեղանները, սուրճը խմում էին այգիների գողտրիկ անկյուններում հարմարեցված տաղավարներում ու զբոսնում էին հեռու լողափին: Հանգստյան գոտու արահետներին էլ ռսից բացի այլ մարդ հանդիպելիս, մի պահ ուշադիր նայում էին դեմքին, հետո նոր ժպտում: