Մարտի 8–ը պայքարի օր է
Մարտի 8–ը պայքարո՛ղ, ոչ հարմարվող
կնոջ տոնն է,
Մարտի 8–ը երթում, այլ ոչ պոդիումի վրա քայլող
կնոջ տոնն է,
Մարտի 8–ը իր կյանքը կառուցող, այլ ոչ
ուրիշի մատուցած բարիքներից օգտվող
կնոջ տոնն է,
Մարտի 8–ը տղամարդուն՝ անկախ նրա
ֆինանսական հնարավորություններից սիրող,
այլ ոչ որպես փողի տոպրակ դիտարկող
կնոջ տոնն է,
Մարտի 8–ը ընտրող, այլ ոչ հնազանդվող
կնոջ տոնն է,
Մարտի 8–ը իր ժամանակը գիտելիքի, աշխատանքի,
այլ ոչ շպարի ու վարսահարդարի մոտ ծախսող
կնոջ տոնն է,
Մարտի 8–ը իր խնդիրները բարձրաձայնող,
այլ ոչ դրանցից փախչող, խուսափող և ամաչող
կնոջ տոնն է,
Մարտի 8–ը կանանց դեմ բռնության,
հանուն իրավահավասարության
պայքարի օրն է…
Ափսոս քանդակագործ չեմ
Սիրում եմ քեզ իմ լվացքի մեքենա,
Սիրում եմ քեզ, իմ կոմպիկ,
Մեկը՝ ժամանակս խլող,
Մյուսը՝ խնայող։
Ու ափսոս, քանդակագործ չեմ,
Թե չէ միայն երկու արձան կտեղադրեի
Քաղաքիս փողոցներում…
Հոգնել եմ մեր քաղաքի արձաններից,
Տղամարդիկ են…
Կամ ձիու վրա նստած,
Կամ էլ դրա մասին երազող….
Ու համոզված եմ, որ Էդ երկու արձանն
իմ քաղաքին պակասում է,
Ու ափսոսում եմ,
որ քանդակագործ չեմ…
Ոչ մի կին
Ոչ մի կին չարժանացավ,
ունենալ մեկ կիսանդրի
կամ էլ արձան
էս քաղաքում։
Բայց մանկուց հիշում եմ մեկին`
միայն Նադեժդա Կրուպսկայային,
որն ամեն առավոտ, դպրոց գնալիս,
ողջունում էր ինձ,
բայց հույս չէր տալիս,
թե կանայք սիրված են էս քաղաքում։
Նադեժդան գնաց՝ ժամանակի հետ,
Ու կնոջ միակ կիսանդրին չկա,
Դպրոցն էլ արդեն տղամարդացավ՝
Նիկոլ Աղբալյանի անունով դարձավ։
Ու անմահացած,
քարացած,
հերոսացած
տղամարդկանց աստղաբույլը,
պահպանում է քաղաքը այս
կանանց խելքից,
կանանց տեսքից,
կանանց սիրուց
ու պայքարից:
«Տղամարդիկ» են տիրում
«Տղամարդկանց» աշխարհ է սա,
միայն նրանք են իշխում,՛
միայն նրանք են տիրում,
Տիրում, բայց չեն սիրում։
Նրանք չեն սիրում ոչ մեկին,
Ոչ ծնող,
Ոչ զավակ,
Ոչ կին։
Չեն սիրում ծնողներին
Ու սուտ են երդվում նրանց անունով,
Չեն սիրում կանանց
Եվ արժեվորում են միայն զարդերով,
Չեն սիրում զավակներին,
Արդարանում են նրանց ծնունդով։
«Ընտանիք պահող»
բռնակալները,
Կառուցում են ոչ թե տներ,
այլ զնդաններ,
գրավելով ազատ տարածքներ։
Ավերում են զբոսայգիներ,
Որ հանկարծ կինը
շնիկի կամ փոքրիկի հետ չզբոսնի,
հսկողության տակից հանկարծ
դուրս չպոկվի,
ու խորհել չփորձի իր՝
դատարկ ու սին
կյանքի մասին։
Եվ զնդաններ կառուցող
տղամարդիկ
վերածել են այս երկիրն էլ
մի մեծ բանտի,
Ազատության դահիճները…
Կինը անտեր է
Կինն անտեր է,
ու դա շատ լավ տեղ է,
անտերը՝
սահմանից այնկողմ է
պատրիարխալ աշխարհի:
անտերն այնտեղ է,
ուր չկա տեր ու ծառա,
ուր մարդիկ կապված չէն,
կապերն արձակել են՝
սանձարձակվել են.
դա ուրիշ տեղ է,
ուր սերն ապրում է,
ազատագրում է՝
մարդուն դարձնում է
ստեղծագործ,
ազատ,
դա էն տարածքն է,
որ նվաճելն անհնար է,
էդտեղ հասնում ես՝
ազատագրվելով:
Պերֆորմանս. Ես պայքարող արձան եմ
Ես պայքարում եմ.
լուռ, համր,
առանց խոսքի.
Խոսքերը գրված են
թղթի վրա՝ իմ ձեռքում.
ես կանգնած եմ
քաղաքի տարբեր մասերում,
քարացած,
լռելյայն,
մարդիկ մոտենում,
ու ինձ վրա են փակցնում
իրենց ասելիքը,
բողոքը,պայքարը,
ընդվզումը ձևակերպող
պլակատներ.
ես կին եմ,
կնոջ պատկերը քաղաքում
միշտ գովազդում է
ինչ–որ թեթևամիտ բաներ,
իսկ ես՝ պայքարում եմ.
ես պայքարի արձանն եմ։
Սև Վալենտին, կարմիր տրուսիկ
Մարմինս
այսուայնկողմ քարշ տալուց
հոգնել եմ,
նայում եմ
դիմացս նստած տղամարդուն,
ով մանրամասն կարդում է
մարմնիս բոլոր հատվածներն ու
մտածում
դրանց հպվելու մասին,
տեսնես գիտի՞,
թե մեջս ինչ
Ազատագրում է.
Հիշում եմ բոլոր սիրածներիս,
նրանք բոլորն ինձ թողեցին,
երբ կշտացան մարմնիցս
ու նոր մարմին տիրելու
հնարավորություն ստացան՝
սրտիս վրա
խոր հետքեր թողնելով.
Հիշում եմ բոլոր ոստիկաններին,
որոնք ազատատենչ ոգիս կոտրելու համար
էս կանացի մարմնին
կապույտ հետքեր թողեցին.
Ու ես էդ
կեղեքված,
խոշտանգված,
բայց
նուրբ ու կանացի
մարմնիս
տերն եմ։